Գլխավոր տեղեկություն
Համար
N 870-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.06.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.06.24-2024.07.07 Պաշտոնական հրապարակման օրը 14.06.2024
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.06.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.06.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.06.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 հունիսի 2024 թվականի N 870-Ն

 

ԷԿՈՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԱՆՁՆԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԴՐԱՆՔ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ, ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԱՆԵԼՈՒ ԵՎ ՈՉՆՉԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էկոպարեկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 6-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել էկոպարեկային ծառայողի անձնական պաշտպանության և հատուկ միջոցների ցանկը՝ համաձայն N 1 հավելվածի:

2. Հաստատել էկոպարեկային ծառայության սպառազինության մեջ անձնական պաշտպանության և հատուկ միջոցների տեսակներն ընդգրկելու, դրանք սպառազինությունից հանելու և ոչնչացնելու կարգը` համաձայն N 2 հավելվածի:

3. Էկոպարեկային ծառայության սպառազինությունից հանված անձնական պաշտպանության միջոցները և հատուկ միջոցները փոխանցվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն ոչնչացնելու համար՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 5-ի «Սպառազինությունը, ռազմական տեխնիկան ու ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցները շահագործման համար ոչ պիտանի ճանաչելու և դրանց օտարման կամ ոչնչացման կարգը հաստատելու մասին» N 1698-Ն որոշման պահանջներին համապատասխան:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

14.06.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2024 թվականի

հունիսի 14-ի N 870-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԷԿՈՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԱՆՁՆԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ

 

Անձնական պաշտպանության միջոցներ

1.

Հակագազ

2.

Շնչադիմակ

3.

Սաղավարտ

4.

Հրակայուն բաճկոն

5.

Վերջույթների հրակայուն պաշտպանական միջոցներ

Հատուկ միջոցներ

1.

Ռետինե մահակներ

2.

Ձեռնաշղթաներ

3.

Մարդկանց և տրանսպորտային միջոցների հարկադիր կանգնեցման (արգելափակման) միջոցներ՝ փշալար-ժապավեն, շարժական արգելակիչ

4.

Մեխանիկական փոշեցրիչներ

5․

Աերոզոլային սարքեր

6.

Արգելանքներ քանդելու միջոցներ՝ փոքրածավալ պայթուցիկ սարքավորում, բենզասղոց

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

14.06.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2024 թվականի

հունիսի 14-ի N 870-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԷԿՈՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՆՁՆԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐՆ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ, ԴՐԱՆՔ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԱՆԵԼՈՒ ԵՎ ՈՉՆՉԱՑՆԵԼՈՒ

 

1. Էկոպարեկային ծառայության (այսուհետ՝ ծառայություն) սպառազինության մեջ էկոպարեկային ծառայողի (այսուհետ՝ ծառայող) անձնական պաշտպանության միջոցների և հատուկ միջոցների տեսակները (այսուհետ` տեսակներ) ընդգրկվում և դրանք սպառազինությունից հանվում են ծառայության գործունեության արդյունքում առաջացած կարիքների կամ դրանց օգտագործման արդյունքում առաջացած ոչ նպատակահարմարության հիմքով։

2. Սպառազինության մեջ տեսակներն ընդգրկվում և սպառազինությունից հանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ՝ ծառայության պետի հրամանով ստեղծված հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) եզրակացության հիման վրա: Հանձնաժողովը բաղկացած է առնվազն 5 անդամից: Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են ծառայության օպերատիվ գործառույթներ իրականացնող ստորաբաժանման համակարգումն իրականացնող ծառայության պետի տեղակալ(ներ)ը, ծառայության օպերատիվ գործառույթներ իրականացնող ստորաբաժանման աշխատակիցներից, ծառայության վարչատնտեսական և նյութատեխնիկական ապահովման ստորաբաժանման աշխատակիցներից, ծառայության տարածքային ստորաբաժանումներից մեկի ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը։ Հանձնաժողովում կարող է ընդգրկվել փորձագետ։

3. Սպառազինության մեջ նոր տեսակ ընդգրկելու կամ սպառազինությունից հանելու նպատակահարմարության համար ծառայության պետը հանձնաժողովին է ներկայացնում համապատասխան գրություն։

4. Հանձնաժողովը եզրակացություն է տալիս ծառայության սպառազինության մեջ նոր տեսակներ ընդգրկելու կամ սպառազինության մեջ առկա տեսակները հանելու նպատակահարմարության մասին սույն կարգի 3-րդ կետում նշված գրությունը ստանալուց հետո եռամսյա ժամկետում:

5. Հանձնաժողովը սույն կարգի 4-րդ կետում նշված եզրակացության մեջ նշում է դրանց հետագա պիտանիության կամ ոչնչացման ենթակա լինելու մասին։

6. Ծառայության սպառազինության մեջ տեսակներ ընդգրկելու նպատակով հրավիրվող նիստի ընթացքում հանձնաժողովն ուսումնասիրում է ներկայացված տեսակի տեխնիկական կանոնակարգերը, նկարագրությունները, շահագործման կանոնները, այլ պետություններում կատարված փորձարկումների (փորձաքննությունների) արդյունքների վերաբերյալ նյութերը, իրավապահ մարմինների կողմից դրանք օգտագործելու մասին տեղեկությունները, առկայության դեպքում` նաև տվյալ տեսակը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից տրված` տվյալ տեսակը մարդու նկատմամբ օգտագործելու թույլատրելիության մասին դիրքորոշումը (հատուկ միջոցների մասով):

7. Հանձնաժողովը ծառայության սպառազինության մեջ հատուկ միջոցի նոր տեսակներ ընդգրկելու հարցը քննարկելիս գրությամբ դիմում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն հատուկ միջոցի տվյալ տեսակը մարդու նկատմամբ օգտագործելու թույլատրելիության մասին դիրքորոշում ստանալու նպատակով:

8. Հանձնաժողովի կողմից ներկայացված գրությանը կցվում են հատուկ միջոցի տեխնիկական կանոնակարգը, նկարագրությունը, շահագործման կանոնները, այլ պետություններում կատարված փորձարկումների (փորձաքննությունների) արդյունքների վերաբերյալ նյութերը, իրավապահ մարմինների կողմից դրանք օգտագործվելու մասին տեղեկությունները, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև հատուկ միջոցի տվյալ տեսակը:

9. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը հատուկ միջոցի տվյալ տեսակը մարդու նկատմամբ օգտագործելու թույլատրելիության մասին դրական դիրքորոշում ընդունում է, եթե տվյալ տեսակը մարդու նկատմամբ ունի առողջության համար ժամանակավոր և անցողիկ, ոչ մահաբեր ազդեցություն և օրգանիզմում չի առաջացնում անդառնալի փոփոխություններ:

10. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը պահանջվող դիրքորոշումը հանձնաժողովին է ներկայացնում սույն կարգի 7-րդ կետով սահմանված գրությունը ստանալուց հետո 30-օրյա ժամկետում:

11. Եթե հանձնաժողովի կողմից եզրակացություն կայացնելու համար անհրաժեշտություն է առաջանում կատարելու փորձաքննություններ, ապա հանձնաժողովն իրավասու է որոշում ընդունելու փորձաքննություն նշանակելու մասին։ Փորձաքննական ծառայությունը ձեռք է բերվում տվյալ տարվա պետական բյուջեով ծառայությանը հատկացված ֆինանսական միջոցների շրջանակներում։

12. Եթե ծառայողի անձնական պաշտպանության միջոցները կամ ծառայության սպառազինության մեջ գտնվող հատուկ միջոցներն օգտագործման համար այլևս պիտանի չեն, ապա հանձնաժողովը եզրակացություն է ներկայացնում ծառայության պետին` դրանք ոչնչացնելու վերաբերյալ:

13․ Ծառայողի անձնական պաշտպանության միջոցները և հատուկ միջոցներն օգտագործման համար ճանաչվում են ոչ պիտանի, եթե՝

1) դրանք հետագա շահագործման համար ոչ պիտանի են դարձել լրիվ ֆիզիկական մաշվածության կամ վթարների կամ տարերային աղետների կամ ռազմական գործողությունների կամ շահագործման կանոնների խախտման հետևանքով կամ շահագործման և պահպանման ժամկետները լրանալու պատճառով․

2) դրանց հետագա օգտագործումն անհնար է կամ տնտեսապես աննպատակահարմար՝ վերականգնման համար անհրաժեշտ ծախսերը գերազանցում են դրանց իրական արժեքը կամ դրանցից ակնկալվող օգուտը․

3) դրանք ենթակա չեն նորոգման։

14. Օգտագործման համար ոչ պիտանի ճանաչված անձնական պաշտպանության միջոցները և հատուկ միջոցները ոչնչացման նպատակով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն են փոխանցվում հանձնման-ընդունման ակտով, որը ծառայության կողմից ստորագրում է ծառայության պետը կամ նրա կողմից լիազորված անձը, իսկ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից` լիազորված պաշտոնատար անձը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

14.06.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 հունիսի 2024 թվական: