Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.05.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.06.10-2024.06.23 Պաշտոնական հրապարակման օրը 11.06.2024
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
29.05.2024
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
29.05.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.05.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ վարչական

դատարանի որոշում

Վարչական գործ թիվ ՎԴ/2009/05/20

2024 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/2009/05/20

 

Նախագահող դատավոր՝  Է Նահապետյան

Դատավորներ՝

 Լ Հակոբյան

 Կ Գևորգյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող

Հ. Բեդևյան

զեկուցող

քՄԿՈՅԱՆ

Ա. Թովմասյան

ռ. Հակոբյան

 

2024 թվականի մայիսի 29-ին

գրավոր ընթացակարգով քննելով Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 29062022 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Սարգիս Աթասունցի ընդդեմ Կոմիտեի՝ 29.01.2020 թվականի թիվ 14 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան՝ Սարգիս Աթասունցը պահանջել է անվավեր ճանաչել 29.01.2020 թվականի թիվ 14 որոշումը։

ՀՀ վարչական դատարանի (դատավոր Մ Համբարձումյան) (այսուհետ` Դատարան) 03122020 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 29062022 թվականի որոշմամբ Սարգիս Աթասունցի վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Դատարանի 03122020 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է՝ հայցը բավարարվել է։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոմիտեն (ներկայացուցիչ Արման Մնացականյան)։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը չի կիրառել Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 331-րդ հոդվածը, ՀՀ կառավարության 24.03.2001 թվականի թիվ 236-Ն որոշմամբ (ուժը կորցրել է 01.01.2020 թվականին) հաստատված մաքսային հսկողության իրականացման մեթոդիկայի 15-րդ կետը, որոնք պետք է կիրառեր։

 

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ ապրանքները բաց են թողնվել «Կանաչ ուղի» ընթացակարգով՝ առանց որևէ հսկողության, իսկ ապրանքների ոչ ճշգրիտ դասակարգումը հայտնաբերվել է հետագայում՝ հետբացթողումային հսկողության շրջանակներում, որի արդյունքում էլ կայացվել է վիճարկվող վարչական ակտը:

 

Վերոգրյալի հիման վրա՝ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 29.06.2022 թվականի որոշումը և փոփոխել այն՝ Սարգիս Աթասունցի հայցը մերժել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Սույն վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Կոմիտեի Հետբացթողումային հսկողության վարչության 17.12.2019 թվականի «Կամերալ մաքսային ստուգման» թիվ 0072-Ա ակտի համաձայն՝ «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲԸ-ի կողմից 28.06.2017 թվականի թիվ 05100010/280617/0006213 ապրանքների հայտարարագրով (ԱՀ)՝ «GLOBAL GEOTECH LIMITED» ընկերության 25.05.2017 թվականի թիվ 349 հաշիվ-ապրանքագրով ՀՀ տարածք է ներմուծվել և հայտարարագրվել «Բացթողում ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով, ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8207 19 900 9 ծածկագրով (մաքսատուրքի դրույքաչափը 3%) 34.109.439 ՀՀ դրամ մաքսային արժեքով, 66.006 ԱՄՆ դոլար հաշիվ-ապրանքագրի արժեքով 12.111 կգ նետտո (12.111 կգ բրուտտո) քաշով «Հորատաձողեր» ապրանքը, որի համար ընտրվել է մաքսային հսկողության «Կանաչ ուղի» ընթացակարգը: Հաշիվ-ապրանքագրում, բեռնափոխադրման փաստաթղթում և փաթեթավորման թերթիկում տրված ապրանքի նկարագրության համաձայն՝ այն իրենից ներկայացնում է «HQ Drill Rod 3000mm» տեսակի հորատման ձողեր (խողովակներ): Կոմիտեի մաքսային հսկողության վարչության 16.12.2019 թվականի «Ապրանքի ոչ ճիշտ դասակարգում հայտնաբերելու դեպքում ապրանքի դասակարգման վերաբերյալ» թիվ ԱԴՈ-19-000085 որոշմամբ հաստատվել է, որ վերը նշված հայտարարագրով հայտարարագրված ապրանքը ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8207 19 900 9 ծածկագրի (մաքսատուրքի դրույթաչափը 3%) փոխարեն ենթակա է հայտարարագրման ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7304 90 000 9 ծածկագրով (մաքսատուրքի դրույթաչափը 7.5%), և առաջարկվել է կազմակերպությանը կատարել ՀՀ ներմուծված ապրանքների հայտարարագրի ճշգրտում ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ճշգրիտ ծածկագրին համապատասխան՝ վճարելով պակաս գանձված մաքսային վճարները (հատոր 1-ին, գթ 76-88)։

2) Կոմիտեի իրավաբանական վարչության մաքսային կանոնների խախտումների վերաբերյալ վարույթների իրականացման բաժնի տեսուչ Ա Վարդանյանի կողմից «Բրո Մաքս» ՍՊԸ-ի մաքսային ձևակերպումների մասնագետ Սարգիս Աթասունցի վերաբերյալ ՀՀ մաքսային օրենսգրքի 203-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով 20122019 թվականին կազմվել է «Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ» արձանագրություն (հատոր 1-ին գթ 123-124)։

3) Կոմիտեի իրավաբանական վարչության պետի 29.01.2020 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 14 որոշման համաձայն՝ «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲ ընկերության անվամբ 28.06.2017 թվականի թիվ 05100010/280617/0006213 ապրանքների հայտարարագրով ՀՀ տարածք է ներմուծվել փաստացի ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7304 19 900 9 (մաքսատուրքի դրույքաչափը 7.5%) ծածկագրով «սովորական հորատման խողովակ» ապրանքատեսակը, որը մաքսային ձևակերպումների մասնագետ Սարգիս Աթասունցը հայտարարագրել է ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8207 19 900 9 ծածկագրով (մաքսատուրքի դրույքաչափը 3%) «Հորատաձողեր» ապրանքատեսակ, ինչի հետևանքով առաջացել են 1.841.909 ՀՀ դրամի չափով պակաս հաշվարկված մաքսային վճարներ:

«Բրո մաքս» ՍՊԸ-ի մաքսային ձևակերպումների մասնագետ Սարգիս Աթասունցը ճանաչվել է զանցառու ՀՀ մաքսային օրենսգրքի 203-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերությամբ և տուգանվել է պակաս հաշվարկված մաքսային վճարների 50 տոկոսի չափով՝ 920.954 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գթ 40-43)։

4) «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲԸ-ի (Պատվիրատու) և «Բրո Մաքս» ՍՊԸ-ի (Միջնորդ) միջև 28.12.2016 թվականին կնքվել է «Մաքսային ծառայությունների մատուցման» պայմանագիրը, որի 1.1 կետի համաձայն՝ Միջնորդը պարտավորվել է Պատվիրատուին մատուցել պատվիրատուի անունով Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների և տրանսպորտային միջոցների Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով մաքսային ձևակերպումների իրականացման ծառայություններ (Ծառայություններ), իսկ Պատվիրատուն պարտավորվել է նույն պայմանագրով սահմանված կարգով ընդունել Միջնորդի կողմից մատուցված Ծառայությունները և վճարել դրանց դիմաց (հատոր 2-րդ, գթ 9-12)։

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 331-րդ հոդվածի խախտման հետևանքով առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.

Սույն բողոքի քննության շրջանակում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ մաքսային հսկողության «կանաչ ուղի» ընթացակարգի իրականացմամբ ապրանքի բացթողումից հետո հայտարարագրում ոչ ճշգրիտ տեղեկություն նշելու դեպք հայտնաբերելիս հայտարարատուի և(կամ) մաքսային ներկայացուցիչ իրավաբանական անձի աշխատակցի մեղքի գնահատմանը։

 

Մաքսային միության մաքսային օրենսգրքի (ուժի մեջ է մտել 02012015 թվականին, ուժը կորցրել է 01012018 թվականին) (այսուհետ նաև՝ Օրենսգիրք) 4-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետի համաձայն՝ հայտարարատուն անձ է, որը հայտարարագրում է ապրանքները կամ որի անունից հայտարարագրվում են ապրանքները:

Նույն հոդվածի 1-ին կետի 34-րդ ենթակետի համաձայն՝ մաքսային ներկայացուցիչը Մաքսային միության անդամ պետության իրավաբանական անձ է, որը հայտարարատուի կամ շահագրգիռ այլ անձի անունից և հանձնարարությամբ մաքսային գործառնություններ է իրականացնում Մաքսային միության մաքսային օրենսդրությանը համապատասխան:

Օրենսգրքի 12-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ մաքսային ներկայացուցիչը հայտարարատուի կամ այլ շահագրգիռ անձանց անունից և հանձնարարությամբ Մաքսային միության մաքսային օրենսդրությանը համապատասխան մաքսային գործառնություններ է իրականացնում Մաքսային միության այն անդամ պետության տարածքում, որի մաքսային մարմնի կողմից նա ընդգրկվել է մաքսային ներկայացուցիչների ռեեստրում:

Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ մաքսային ներկայացուցիչների և հայտարարատուների կամ այլ շահագրգիռ անձանց հարաբերությունները ձևավորվում են պայմանագրի հիման վրա:

Օրենսգրքի 15-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ մաքսային գործառնություններ իրականացնելիս մաքսային ներկայացուցիչն ունի նույն իրավունքները, որոնք ունի այն անձը, որը լիազորում է նրան ներկայացնելու իր շահերը մաքսային մարմինների հետ փոխհարաբերություններում:

Օրենսգրքի 16-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ մաքսային մարմինների առջև մաքսային ներկայացուցչի պարտականությունները չեն կարող սահմանափակվել միայն ներկայացվողի հետ պայմանագրով:

Օրենսգրքի 17-րդ հոդվածի համաձայն՝ մաքսային միության մաքսային օրենսդրության պահանջները չկատարելու համար մաքսային ներկայացուցիչը պատասխանատվություն է կրում Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան:

Վերոգրյալ իրավանորմերից հետևում է, որ մաքսային հայտարարագրման ժամանակ ապրանքները հայտարարատուի, ինչպես նաև մաքսային ներկայացուցչի կողմից ենթակա են դասակարգման՝ ըստ Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի, իսկ դրա ճշտությունը ենթակա է ստուգման մաքսային մարմինների կողմից։

Օրենսգրքի 52-րդ հոդվածի համաձայն՝

1) ապրանքները՝ դրանց մաքսային հայտարարագրման ժամանակ, ենթակա են դասակարգման ըստ Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի:

2) ապրանքների դասակարգման ճշտությունը ստուգվում է մաքսային մարմինների կողմից:

3) ապրանքների ոչ ճիշտ դասակարգման հայտնաբերման դեպքում մաքսային մարմինն ինքն է իրականացնում ապրանքների դասակարգումը և որոշում է ընդունում ապրանքների՝ այն ձևով դասակարգման վերաբերյալ, որը սահմանված է Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ:

Ապրանքների դասակարգման վերաբերյալ մաքսային մարմինների որոշումները կարող են բողոքարկվել նույն Օրենսգրքի 9-րդ հոդվածին համապատասխան:

4) ապրանքների դասակարգման համար պարտադիր չեն ապրանքների՝ ըստ Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի ծածկագրերը, որոնք նշված են առևտրային, տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերում և (կամ) այլ փաստաթղթերում, բացառությամբ նույն Օրենսգրքի 180-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված դեպքերի, ինչպես նաև եզրակացություններում, տեղեկանքներում, փորձաքննության արձանագրություններում, որոնք տրվում են փորձագիտական հիմնարկների կողմից:

Օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ ապրանքների մաքսային հայտարարագրումն իրականացվում է հայտարարատուների կամ մաքսային ներկայացուցիչների կողմից, որոնք գործում են հայտարարատուի անունից և նրա հանձնարարությամբ:

Օրենսգրքի 181-րդ հոդվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետի համաձայն՝ ապրանքների մասին հայտարարագրում նշվում են հետևյալ հիմնական տեղեկությունները, այդ թվում նաև կոդավորված ձևով՝ տեղեկություններ ապրանքների մասին, անվանումը, նկարագրությունը, ապրանքների ծածկագիրը՝ ըստ Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի, ծագման երկրի անվանումը, ուղարկող (նշանակման) երկրի անվանումը, փաթեթվածքների նկարագրությունը (քանակը, տեսակը, դրոշմավորումը և հերթական համարները), քանակը՝ արտահայտված կիլոգրամներով (համաքաշը և զտաքաշը) և չափման այլ միավորներով, մաքսային արժեքը, վիճակագրական արժեքը:

Օրենսգրքի 187-րդ հոդվածի համաձայն՝ ապրանքները մաքսային ընթացակարգով ձևակերպելու համար անհրաժեշտ ապրանքների մաքսային հայտարարագրման և մաքսային այլ գործառնություններ իրականացնելու ժամանակ հայտարարատուն իրավունք ունի՝

1) զննելու, չափելու մաքսային հսկողության տակ գտնվող ապրանքները և բեռնային գործողություններ կատարելու դրանց հետ.

2) մաքսային մարմնի թույլտվությամբ՝ փորձանմուշներ ու նմուշներ վերցնելու մաքսային հսկողության տակ գտնվող ապրանքներից՝ պահպանելով նույն Օրենսգրքի 155-րդ հոդվածով նախատեսված պայմանները.

3) ներկա գտնվելու մաքսային մարմինների պաշտոնատար անձանց կողմից ապրանքների մաքսային տեսազննում և մաքսային զննում անցկացնելու և այդ անձանց կողմից ապրանքներից փորձանմուշներ և նմուշներ վերցնելու ժամանակ.

4) ծանոթանալու իր կողմից հայտարարագրվող ապրանքների փորձանմուշների ու նմուշների ուսումնասիրության արդյունքներին, որոնք առկա են մաքսային մարմիններում.

5) նույն Օրենսգրքին համապատասխան՝ փաստաթղթերն ու տեղեկությունները ներկայացնելու էլեկտրոնային եղանակով.

6) բողոքարկելու մաքսային մարմինների որոշումները, մաքսային մարմինների կամ պաշտոնատար անձանց գործողությունները (անգործությունը).

7) ներգրավելու փորձագետներ իր կողմից հայտարարագրվող ապրանքների մասին տեղեկությունները հստակեցնելու համար.

8) օգտվելու նույն Օրենսգրքով նախատեսված այլ լիազորություններից և իրավունքներից:

Օրենսգրքի 189-րդ հոդվածի համաձայն՝ հայտարարատուն, Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան, պատասխանատվություն է կրում նույն Օրենսգրքի 188-րդ հոդվածով նախատեսված պարտականությունները չկատարելու, ինչպես նաև մաքսային հայտարարագրում ոչ հավաստի տեղեկություններ հայտարարագրելու համար, այդ թվում՝ ռիսկերի կառավարման համակարգերն օգտագործելու միջոցով մաքսային մարմինների կողմից ապրանքների բացթողման մասին որոշում ընդունելու դեպքում:

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 331-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն՝

1. Մաքսային ստուգումը մաքսային հսկողության ձև է, որն անցկացվում է մաքսային մարմնի կողմից ապրանքների բացթողումից հետո սույն Օրենսգրքով սահմանված՝ մաքսային հսկողության այլ ձևերի և սույն Օրենսգրքով նախատեսված՝ մաքսային հսկողության անցկացումն ապահովող միջոցների կիրառմամբ՝ անձանց կողմից անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման ոլորտի միջազգային պայմանագրերի և ակտերի և (կամ) անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրության պահանջների պահպանումն ստուգելու նպատակներով:

2. Մաքսային ստուգումը կայանում է մաքսային հայտարարագրում հայտագրված և (կամ) մաքսային մարմիններին ներկայացված փաստաթղթերում պարունակվող տեղեկությունները և (կամ) մաքսային մարմնին ներկայացված կամ սույն Օրենսգրքին կամ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան իր կողմից ստացված այլ տեղեկությունները հաշվապահական հաշվառման և հաշվետվության փաստաթղթերի և (կամ) տվյալների, հաշիվների և սույն Օրենսգրքով կամ անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով ստացած այլ տեղեկատվության հետ համադրելու մեջ:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ արձանագրել է, որ Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում վարչական պատասխանատվության ոլորտում գործում են «անձնական պատասխանատվության» և «ըստ մեղքի պատասխանատվության» կարևորագույն սկզբունքները: Անձնական պատասխանատվության սկզբունքը նշանակում է, որ անձը կարող է ենթարկվել վարչական պատասխանատվության միայն անձամբ իր կողմից կատարված զանցանքի համար: Իսկ ըստ մեղքի պատասխանատվության սկզբունքի էությունն այն է, որ անձը ենթակա է վարչական պատասխանատվության միայն այն դեպքում, երբ զանցանքի կատարման մեջ վերջինիս մեղավորությունը (դիտավորություն կամ անզգուշություն) հաստատված է իրավասու մարմնի կողմից, քանի որ անձի արարքում մեղքի բացակայությունը վկայում է վարչական իրավախախտման բացակայության մասին (տե՛ս, Արսեն Խաչատրյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության թիվ ՎԴ/4936/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2017 թվականի որոշումը):

Նմանատիպ իրավական դիրքորոշում արտահայտել է նաև ՀՀ սահմանադրական դատարանը՝ 12.10.2010 թվականի թիվ ՍԴՈ-920 որոշմամբ նշելով, որ վարչական պատասխանատվության սկզբունքներից է «պատասխանատվությունը մեղքի համար» սկզբունքը, ինչը նշանակում է, որ վարչական տույժը (պատասխանատվությունը) կարող է կիրառվել միայն վարչական իրավախախտում կատարելու մեջ մեղավոր անձի նկատմամբ: Հետևաբար մեղքը` որպես վարչական զանցակազմի սուբյեկտիվ կողմի պարտադիր տարր, հանդիսանում է վարչական պատասխանատվության իրավական միակ նախապայմանն ու նախադրյալը: Ըստ ՀՀ սահմանադրական դատարանի՝ նշված սկզբունքը սերտորեն առնչվում է նաև վարչական պատասխանատվության մեկ այլ սկզբունքի՝ անձնական պատասխանատվության սկզբունքին, որի համաձայն՝ անձը ենթակա է պատասխանատվության` միայն անձամբ կատարած իրավախախտման համար:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Օրենսգրքով հայտարարատուի համար պատասխանատվություն է նախատեսվել մաքսային հայտարարագրում ոչ հավաստի տեղեկություններ հայտարարագրելու համար նաև ռիսկերի կառավարման համակարգերն օգտագործելու միջոցով մաքսային մարմինների կողմից ապրանքների բացթողման մասին որոշում ընդունելու դեպքերում:

Այսինքն, մաքսային մարմինների կողմից ապրանքների բացթողման մասին որոշում կայացված լինելն ինքնին չի բացառում հետագայում մաքսային մարմնի կողմից ստուգումների անցկացման արդյունքում ապրանքների ոչ ճշգրիտ դասակարգման դեպքեր հայտնաբերելու պարագայում իրավախախտում թույլ տված անձին պատասխանատվության ենթարկելը։

Համապատասխան իրավակարգավորում է նախատեսված նաև ՀՀ մաքսային օրենսգրքի 203-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերությամբ, որի համաձայն՝ օրենսդիրը մաքսային կանոնների խախտում է համարում հայտարարագրման ժամանակ ոչ ճշգրիտ տեղեկություններ նշելը, և որի համար նույն օրենսգրքով նախատեսված է պատասխանատվություն:

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների հաշվառմամբ` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքները և տրանսպորտային միջոցները չհայտարարագրելու կամ հայտարարագրման ժամանակ ոչ ճշգրիտ տեղեկություններ նշելու համար հայտարարատուին և (կամ) մաքսային ներկայացուցիչ իրավաբանական անձի աշխատակցին վարչական պատասխանատվության սուբյեկտ դիտարկելու համար նախևառաջ ենթակա է պարզման վերոգրյալ արարքում վերջիններիս մեղավորությունը, քանի որ օրենսդիրը նաև դրանով է պայմանավորել անձին վարչական պատասխանատվության ենթարկելու իրավական հնարավորությունը, ուստի հայտարարատուն և (կամ) մաքսային ներկայացուցիչ իրավաբանական անձի աշխատակիցը կարող է վարչական պատասխանատվության սուբյեկտ հանդիսանալ և նրա նկատմամբ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքները և տրանսպորտային միջոցները չհայտարարագրելու կամ հայտարարագրման ժամանակ ոչ ճշգրիտ տեղեկություններ նշելու համար վարչական պատասխանատվություն կիրառվի այն պարագայում, եթե հաստատվի կատարված արարքում հայտարարատուի և (կամ) մաքսային ներկայացուցիչ իրավաբանական անձի աշխատակցի մեղավորությունը։

Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով «կանաչ ուղի» մաքսային հսկողության իրականացմամբ ապրանքների բացթողման դեպքում հայտարարագրում ոչ ճշգրիտ տեղեկություն նշելու դեպք հայտնաբերելու հիմքով հարուցված վարչական վարույթի ընթացքում հայտարարատուի և (կամ) մաքսային ներկայացուցիչ իրավաբանական անձի աշխատակցի մեղքի գնահատմանը, ընդգծում է, որ միայն խնդրո առարկա մաքսային հսկողության ընթացակարգի իրականացմամբ ապրանքների և/կամ տրանսպորտային միջոցների բացթողման հանգամանքը չի կարող վկայել հայտարարատուի և(կամ) մաքսային ներկայացուցիչ իրավաբանական անձի աշխատակցի մեղքի բացակայության մասին։ Այլ յուրաքանչյուր դեպքում կարևորվում է ապրանքների և/կամ տրանսպորտային միջոցների բացթողման ժամանակ մաքսային հսկողություն իրականացնող մարմինների կողմից ապրանքների և փաստաթղթերի զննման հանգամանքը, այլ խոսքով՝ առանց ապրանքների և փաստաթղթերի զննման ապրանքների բացթողման մասին որոշման փաստի ուժով միայն հայտարարատուն և/կամ մաքսային ներկայացուցիչը չեն կարող ունենալ ողջամիտ ակնկալիք՝ իրենց կողմից ապրանքների հայտարարագրում տեղեկությունները ճշգրիտ նշված լինելու վերաբերյալ։

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործը հարուցվել է Սարգիս Աթասունցի հայցի հիման վրա, որով վերջինս խնդրել է անվավեր ճանաչել Կոմիտեի 29.01.2020 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 14 որոշումը։

Դատարանը 03012020 թվականի վճռով մերժել է Սարգիս Աթասունցի հայցն այն պատճառաբանությամբ, որ ««Կանաչ ուղի» ընթացակարգի ընտրության դեպքում, որպես կանոն, ապրանքի զննում չի իրականացվում, և միայն այն դեպքում, երբ ապրանքների մաքսային ձևակերպումներն իրականացնող մաքսային մարմնի ղեկավարը (նրա տեղակալը) ընդունում է գրավոր որոշում ապրանքները և տրանսպորտային միջոցները զննումից հետո բաց թողնելու մասին, ապրանքները և տրանսպորտային միջոցները բաց են թողնվում նույն մեթոդիկայով՝ «Կարմիր ուղի» ընթացակարգով ապրանքները և տրանսպորտային միջոցները բաց թողնելու համար սահմանված կարգով:

Տվյալ դեպքում ընտրված է եղել «Կանաչ ուղի» ընթացակարգը, որի ժամանակ, վիճելի իրավահարաբերության պահին գործող ՀՀ կառավարության 24.03.2001 թվականի թիվ 236 որոշմամբ հաստատված մեթոդիկայի 14-րդ և 15-րդ կետերով սահմանված իրավակարգավորումների համաձայն, մաքսային ձևակերպումներ իրականացնող պաշտոնատար անձը, որպես կանոն, ապրանքների զննում չի իրականացնում, և միայն ապրանքները և տրանսպորտային միջոցները զննումից հետո բաց թողնելու մասին գրավոր որոշում ընդունված լինելու դեպքում ապրանքները և տրանսպորտային միջոցները բաց են թողնվում «Կարմիր ուղի» ընթացակարգով ապրանքները և տրանսպորտային միջոցները բաց թողնելու համար սահմանված կարգով:

Իսկ սույն գործի քննությամբ ձեռք չեն բերվել ապացույցներ վեճի առարկա ապրանքները մաքսային մարմնի կողմից վերոնշյալ ընթացակարգի համաձայն զննելու վերաբերյալ:

Հետևաբար, հայցվորի մոտ չէր կարող ձևավորվել համոզմունք, որ ապրանքները հայտարարագրվել են ճիշտ ծածկագրով:

Նման պայմաններում անհիմն են նաև հայցվորի փաստարկներն այն մասին, որ վարչական վարույթը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 247-րդ հոդվածի 7-րդ մասի հիման վրա ենթակա է եղել կարճման, քանի որ նույն օրենսգրքի 37-րդ հոդվածի երրորդ պարբերությամբ սահմանված երկամսյա ժամկետը ենթակա է եղել հաշվարկման ոչ թե 17.12.2019 թվականից, այլ 28.06.2017 թվականից»:

Վերաքննիչ դատարանը 29062022 թվականի որոշմամբ Սարգիս Աթասունցի վերաքննիչ բողոքը բավարարել է՝ Դատարանի 03122020 թվականի վճիռը բեկանել և փոփոխել՝ հայցը բավարարել է այն պատճառաբանությամբ, որ «Վերոգրյալ իրավական նորմերի համակարգային վերլուծությունից հետևում է, որ հայտարարատու է հանդիսանում անձը, ով հայտարարագրում է, կամ ում անունից հայտարարագրում են ապրանքներ:

Դրան զուգահեռ, իրավաբանական անձը, ով մաքսային գործառնություններ է կատարում հայտարարատուի կամ շահագրգիռ այլ անձի անունից և հանձնարարությամբ, հանդիսանում է մաքսային ներկայացուցիչ: Հարկ է արձանագրել նաև, որ ֆիզիկական անձը չի կարող հանդես գալ որպես մաքսային ներկայացուցիչ։ (․․․) Վերաքննիչ դատարանը փաստում է նաև, որ մաքսային ներկայացուցչին մաքսային պատասխանատվության ենթարկելիս պետք է հաշվի առնել, որ վերջինս հանդիսանում է իրավաբանական անձ և իր գործառույթներն իրականացնում է համապատասխան աշխատողների միջոցով՝ պահպանելով «ըստ մեղքի առկայության» և «անձնական պատասխանատվության» սկզբունքները։ (․․․) ՀՀ պետական եկամուտների կոմիտեի իրավաբանական վարչության մաքսային կանոնների խախտումների վերաբերյալ վարույթների իրականացման բաժնի մաքսային տեսուչի կողմից 09012020 թվականին Սարգիս Աթասունցից վերցվել է բացատրություն, որում վերջինս նշել է, որ նախկինում մաքսային մարմինների կողմից ապրանքները հայտարարագրելիս նման խախտում չի հայտնաբերվել, որպիսի փաստը Դատարանը հաշվի չի առել հայցվորի մեղքը գնահատելիս։

Այսպիսով, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ վերոշարադրյալ ծածկագրով ապրանքների հայտարարագրումն իրականացնելիս մաքսային մարմինների կողմից որևէ խախտում չի հայտնաբերվել, հետևաբար, Սարգիս Աթասունցն օբյեկտիվորեն չէր կարող կանխատեսել սխալ ծածկագրով հայտարարագրելու հանգամանքը։

Ամբողջ վերոգրյալի հիման վրա Վերաքննիչ դատարանը փաստում է, որ չի հիմնավորվում հայցվոր Սարգիս Աթասունցի կողմից ՀՀ մաքսային օրենսգրքի 203-րդ հոդվածով նախատեսված իրավախախտում կատարելու փաստը՝ մեղքի բացակայության հիմքով, հետևաբար, վերջինս չէր կարող ենթարկվել պատասխանատվության»։

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Սույն վարչական գործի փաստերի համաձայն՝

- Կոմիտեի Հետբացթողումային հսկողության վարչության 17.12.2019 թվականի «Կամերալ մաքսային ստուգման» թիվ 0072-Ա ակտի համաձայն՝ «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲԸ-ի կողմից 28.06.2017 թվականի թիվ 05100010/280617/0006213 ապրանքների հայտարարագրով (ԱՀ)՝ «GLOBAL GEOTECH LIMITED» ընկերության 25.05.2017 թվականի թիվ 349 հաշիվ-ապրանքագրով ՀՀ տարածք է ներմուծվել և հայտարարագրվել «Բացթողում ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով, ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8207 19 900 9 ծածկագրով (մաքսատուրքի դրույքաչափը 3%) 34.109.439 ՀՀ դրամ մաքսային արժեքով, 66.006 ԱՄՆ դոլար հաշիվ-ապրանքագրի արժեքով 12.111 կգ նետտո (12.111 կգ բրուտտո) քաշով «Հորատաձողեր» ապրանքը, որի համար ընտրվել է մաքսային հսկողության «Կանաչ ուղի» ընթացակարգը: Հաշիվ-ապրանքագրում, բեռնափոխադրման փաստաթղթում և փաթեթավորման թերթիկում տրված ապրանքի նկարագրության համաձայն՝ այն իրենից ներկայացնում է «HQ Drill Rod 3000mm» տեսակի հորատման ձողեր (խողովակներ): Կոմիտեի մաքսային հսկողության վարչության 16.12.2019 թվականի «Ապրանքի ոչ ճիշտ դասակարգում հայտնաբերելու դեպքում ապրանքի դասակարգման վերաբերյալ» թիվ ԱԴՈ-19-000085 որոշմամբ հաստատվել է, որ վերը նշված հայտարարագրով հայտարարագրված ապրանքը ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8207 19 900 9 ծածկագրի (մաքսատուրքի դրույթաչափը 3%) փոխարեն ենթակա է հայտարարագրման ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7304 90 000 9 ծածկագրով (մաքսատուրքի դրույթաչափը 7.5%), և առաջարկվել է կազմակերպությանը կատարել ՀՀ ներմուծված ապրանքների հայտարարագրի ճշգրտում ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ճշգրիտ ծածկագրին համապատասխան՝ վճարելով պակաս գանձված մաքսային վճարները (հատոր 1-ին, գթ 76-88)։

- Կոմիտեի իրավաբանական վարչության պետի 29.01.2020 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 14 որոշման համաձայն՝ «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲ ընկերության անվամբ 28.06.2017 թվականի թիվ 05100010/280617/0006213 ապրանքների հայտարարագրով ՀՀ տարածք է ներմուծվել փաստացի ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7304 19 900 9 (մաքսատուրքի դրույքաչափը 7.5%) ծածկագրով «սովորական հորատման խողովակ» ապրանքատեսակը, որը մաքսային ձևակերպումների մասնագետ Սարգիս Աթասունցը հայտարարագրել է ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8207 19 900 9 ծածկագրով (մաքսատուրքի դրույքաչափը 3%) «Հորատաձողեր» ապրանքատեսակ, ինչի հետևանքով առաջացել են 1.841.909 ՀՀ դրամի չափով պակաս հաշվարկված մաքսային վճարներ:

«Բրո մաքս» ՍՊԸ-ի մաքսային ձևակերպումների մասնագետ Սարգիս Սամվելի Աթասունցը ճանաչվել է զանցառու ՀՀ մաքսային օրենսգրքի 203-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերությամբ և տուգանվել է պակաս հաշվարկված մաքսային վճարների 50 տոկոսի չափով՝ 920.954 ՀՀ դրամ։

Վերոգրյալ փաստական հանգամանքներից հետևում է, որ Սարգիս Աթասունցը, որպես մաքսային ներկայացուցիչ, «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲ ընկերության անվամբ 28.06.2017 թվականին ներկայացրել է թիվ 05100010/280617/0006213 ապրանքների հայտարարագիր, ապրանքները բաց են թողնվել «Կանաչ ուղի» ընթացակարգով, որից հետո Կոմիտեի Հետբացթողումային հսկողության վարչության կողմից իրականացված կամերալ մաքսային ստուգման ընթացքում բացահայտվել է ապրանքների ոչ ճշգրիտ հայտարարագրում կատարված լինելու հանգամանքը։

Սույն որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշման հաշվառմամբ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, կատարելով եզրահանգում հայցվորին վերագրված իրավախախտման բացակայության վերաբերյալ՝ հիմք ընդունելով մեղքի բացակայությունը և պատճառաբանելով, որ ապրանքների հայտարարագրումն իրականացնելիս մաքսային մարմինների կողմից որևէ խախտում չի հայտնաբերվել, հետևաբար, Սարգիս Աթասունցն օբյեկտիվորեն չէր կարող կանխատեսել ապրանքները սխալ ծածկագրով հայտարարագրելու հանգամանքը, անտեսել է, որ մաքսային հայտարարագրում ոչ հավաստի/ոչ ճշգրիտ տեղեկություններ հայտարարագրելու համար հայտարարատուի պատասխանատվությունը վրա է հասնում նաև ռիսկերի կառավարման համակարգերն օգտագործելու միջոցով՝ մաքսային մարմինների կողմից ապրանքների բացթողման մասին որոշում ընդունելու դեպքում: Այսինքն, տվյալ դեպքում մաքսային մարմնի կողմից ապրանքների բացթողման մասին որոշում կայացված լինելն ինքնին չի բացառում հետագայում մաքսային մարմնի կողմից ստուգումների անցկացման արդյունքում ապրանքների ոչ ճշգրիտ դասակարգման դեպքեր հայտնաբերելու պարագայում իրավախախտում թույլ տված անձին պատասխանատվության ենթարկելը։

 Ավելին, վիճարկվող ստուգման ակտի կայացման հիմքում ընկած վարչական վարույթի նյութերի ուսումնասիրությունից հետևում է, որ տվյալ դեպքում մաքսային հսկողության «կանաչ ուղի» ընթացակարգ կիրառված լինելու պայմաններում հայտարարագրման ենթակա ապրանքները բաց են թողնվել առանց փաստաթղթային ստուգման և զննման, որպիսի պայմաններում Վճռաբեկ դատարանի գնահատմամբ, հայցվորն օբյեկտիվորեն չէր կարող ունենալ ողջամիտ ակնկալիք՝ իր կողմից հայտարարագրում ճշգրիտ տեղեկություն ներառված լինելու վերաբերյալ, ինչը սույն դեպքում անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից հայցվորին վերագրվող իրավախախտման կատարման մեջ վերջինիս մեղքի առկայության հարցը գնահատելիս։ Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը եկել է ոչ իրավաչափ եզրահանգման հայցվորին վերագրվող իրավախախտման կատարման մեջ վերջինիս մեղքի բացակայության, ըստ այդմ՝ վիճարկվող վարչական ակտի՝ նշված հիմքով ոչ իրավաչափության վերաբերյալ։

 

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտին օրինական ուժ տալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

Հայցվորի կողմից հայց ներկայացնելու համար նախապես վճարվել է 4000 ՀՀ դրամ՝ որպես պետական տուրքի գումար, վերաքննիչ բողոքի համար՝ 10.000 ՀՀ դրամ, իսկ Կոմիտեն վճռաբեկ բողոք ներկայացնելու համար վճարել է 20.000 ՀՀ դրամ։ Նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ վարչական դատարանում և ՀՀ վերաքննիչ վարչական դատարանում դատական ծախսերի հարցը պետք է համարել լուծված, իսկ Կոմիտեի կողմից վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումարը՝ 20000 ՀՀ դրամը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի հիման վրա, ենթակա է հատուցման Սարգիս Աթասունցի կողմից:

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պետական տուրքից բացի, այլ դատական ծախս կատարված լինելու վերաբերյալ որևէ ապացույց գործում առկա չէ։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1 Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 29062022 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ վարչական դատարանի 03122020 թվականի վճռին։

2. Սարգիս Աթասունցից հօգուտ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի բռնագանձել 20000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:

3 Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

Նախագահող

Հ. Բեդևյան

Զեկուցող

քՄԿՈՅԱՆ

ա. Թովմասյան

ռ. Հակոբյան

Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 հունիսի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան