ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչ ականդատարանի որոշում |
Վարչական գործ թիվ ՎԴ/6209/05/23 | ||
Վարչական գործ թիվ ՎԴ/6209/05/23 |
|||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող |
Հ. Բեդևյան | |
զեկուցող |
Ռ. Հակոբյան | |
Ա. Թովմասյան Լ. Հակոբյան | ||
ք․ ՄԿՈՅԱՆ |
2024 թվականի մայիսի 24-ին
գրավոր ընթացակարգով քննելով Ապրես Գրիգորյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 11․10․2023 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ վարչական գործով ըստ հայցի Ապրես Գրիգորյանի ընդդեմ ՀՀ գլխավոր դատախազի՝ ՀՀ գլխավոր դատախազի 13.07.2023 թվականի «Կոտայքի մարզի դատախազության դատախազ Ապրես Գրիգորյանի նկատմամբ կարգապահական տույժ նշանակելու մասին» որոշումը և 14.07.2023 թվականի «Կոտայքի մարզի դատախազության դատախազ Ապրես Գրիգորյանին պաշտոնից ազատելու մասին» թիվ 313-Ա հրամանն անվավեր ճանաչելու պահանջների մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Ապրես Գրիգորյանը պահանջել է անվավեր ճանաչել ՀՀ գլխավոր դատախազի 13.07.2023 թվականի «Կոտայքի մարզի դատախազության դատախազ Ապրես Գրիգորյանի նկատմամբ կարգապահական տույժ նշանակելու մասին» որոշումը և 14.07.2023 թվականի «Կոտայքի մարզի դատախազության դատախազ Ապրես Գրիգորյանին պաշտոնից ազատելու մասին» թիվ 313-Ա հրամանը։ Միաժամանակ հայցվորը ներկայացրել է միջնորդություն` ՀՀ գլխավոր դատախազի 13.07.2023 թվականի «Կոտայքի մարզի դատախազության դատախազ Ապրես Գրիգորյանի նկատմամբ կարգապահական տույժ նշանակելու մասին» որոշման և 14.07.2023 թվականի «Կոտայքի մարզի դատախազության դատախազ Ապրես Գրիգորյանին պաշտոնից ազատելու մասին» թիվ 313-Ա հրամանի կատարումը կասեցնելու վերաբերյալ:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Լ. Բոյաջյան) (այսուհետ` Դատարան) 17․08․2023 թվականի որոշմամբ Ապրես Գրիգորյանի միջնորդությունը՝ ՀՀ գլխավոր դատախազի 13.07.2023 թվականի «Կոտայքի մարզի դատախազության դատախազ Ապրես Գրիգորյանի նկատմամբ կարգապահական տույժ նշանակելու մասին» որոշման և 14.07.2023 թվականի «Կոտայքի մարզի դատախազության դատախազ Ապրես Գրիգորյանին պաշտոնից ազատելու մասին» թիվ 313-Ա հրամանի կատարումը կասեցնելու վերաբերյալ, մերժվել են:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 11․10․2023 թվականի որոշմամբ Ապրես Գրիգորյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 17․08․2023 թվականի «Վարչական ակտերի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունները մերժելու մասին» որոշումը թողնվել է անփոփոխ։
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ապրես Գրիգորյանը։
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազությունը (ներկայացուցիչներ՝ Դավիթ Գրիգորյան, Քրիստինե Մանուկյան):
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածը։
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել և սխալ մեկնաբանության արդյունքում չի կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածը, ինչը դատավարական իրավունքի էական խախտում է, որն էլ հանդիսանում է դատական սխալ։
Վերաքննիչ դատարանը չի կիրառել նույն դատական ատյանի կողմից նույն փաստական հանգամանքներով մեկ այլ դատական գործով կիրառված ՀՀ վճռաբեկ դատարանի դատական ակտով արտահայտված նախադեպային դիրքորոշումները։ Այս ամենը հանգեցրել է իրավունքի հիմնարար խախտումներ պարունակող դատական սխալի, ինչն էլ իր հերթին բերել է թե՛ նյութական, թե՛ դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտումների, որոնք ունեն հիմնարար նշանակություն, խաթարում են արդարադատության բուն էությունը, ուստի և դատական ակտի անվերապահ բեկանման հիմք են հանդիսանում։
Վերաքննիչ դատարանը որևէ կերպ չի անդրադարձել հայցվորի` ՀՀ Սահմանադրությամբ, օրենքներով և այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքների ու ազատությունների հնարավոր խախտման հանգամանքներին, դատական ակտը կայացրել է հակիրճ հիմնավորմամբ՝ այդպես էլ չանդրադառնալով նաև այն հարցին, թե արդյոք անհատական ակտում վարչական ակտին բնորոշ՝ անհապաղ կատարման պահանջ ներկայացնելը իրավաչափ է, թե՝ ոչ։ ՀՀ գլխավոր դատախազի կողմից կայացված ակտը որպես անհատական իրավական ակտ համարելուց հետո Վերաքննիչ դատարանը նախ պետք է անդրադառնար այն հարցին, թե արդյոք այդ անհատական ակտում նման պահանջ ներառելը իրավաչափ է եղել, թե՝ ոչ և նոր միայն փաստարկեր ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի կիրառելիությունը։
Բացի այդ, մեկ այլ գործով ստորադաս դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածը կիրառվել է հակասող մեկնաբանությամբ:
Այսպես՝ թիվ ՎԴ/2468/05/22 վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը 30․06․2022 թվականի որոշմամբ կատարել է հետևյալ մեկնաբանությունը․ «Վերաքննիչ դատարանը գտնում է, որ հանրային ծառայողի իրավունքներին միջամտող անհատական իրավական ակտերի նկատմամբ վարչադատավարական կարգով դատական վերահսկողությունը պետք է իրականացվի վիճարկման հայցի շրջանակներում՝ անկախ այդ իրավական ակտերի՝ վարչական ակտ չհանդիսանալու հանգամանքից: Ըստ այդմ՝ նաև հանրային ծառայողի իրավունքներին միջամտող անհատական իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու գործերով կիրառելի են վիճարկման հայցատեսակին առնչվող բոլոր դատավարական կանոնները, այդ թվում՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածով սահմանված՝ վարչական ակտի կասեցման ինստիտուտի կարգավորումները։ (․․․) Նման պայմաններում, Վերաքննիչ դատարանը թեև հիմնավոր է համարում բողոքաբերի դիրքորոշումը՝ վիճարկվող ակտերի վարչական ակտ չհանդիսանալու վերաբերյալ, այնուամենայնիվ, գտնում է, որ ներկայացված պահանջի քննության նկատմամբ կիրառելի են վիճարկման հայցատեսակին վերաբերող դատավարական բոլոր կանոնները, այդ թվում՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածով նախատեսված կանոնները»։
Վերոգրյալի հիման վրա՝ բողոք բերած անձը պահանջել է «բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի թիվ ՎԴ/6209/05/23 վարչական գործով 2023 թվականի հոկտեմբերի 11-ին կայացրած որոշումը՝ կայացնելով նոր դատական ակտ»։
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.
Վերաքննիչ դատարանի այն եզրահանգումը, որ սույն գործի շրջանակներում վիճարկվող իրավական ակտերը վարչական ակտ չեն հանդիսանում և տվյալ պարագայում կիրառելի չեն վիճարկման հայցատեսակին առնչվող ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածով սահմանված՝ վարչական ակտի կասեցման ինստիտուտի կարգավորումները, օրինական է և հիմնավորված, և հետևաբար՝ նշվածով պայմանավորված վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման։
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, քանի որ թիվ ՎԴ/2468/05/22 վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած 30․06․2022 թվականի որոշման մեջ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածը կիրառվել է հակասող մեկնաբանությամբ, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները՝ հանրային ծառայողի իրավունքներին միջամտող անհատական իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու գործերով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածով սահմանված՝ վարչական ակտի կասեցման ինստիտուտի կիրառման առանձնահատկությունների վերաբերյալ, կարող են էական նշանակություն ունենալ նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:
Տվյալ դեպքում օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունն ապահովելու սահմանադրական իր առաքելությունն իրացնելու և ըստ այդմ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի միատեսակ կիրառությունն ապահովելու անհրաժեշտությունից ելնելով՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը․
- արդյո՞ք ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածով սահմանված՝ վարչական ակտի կատարման կասեցման վերաբերյալ իրավակարգավորումները կիրառելի են հանրային ծառայողի իրավունքներին միջամտող անհատական իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու գործերով։
Արդար դատաքննության իրավունքը ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է որպես յուրաքանչյուրի՝ իր իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք: Սահմանադրական այս դրույթից ակնհայտ է, որ արդար դատաքննության իրավունքը չի սահմանափակվում դատարան դիմելու իրավունքի պարզ ամրագրմամբ: ՀՀ Սահմանադրությունը նաև պարտավորեցնում է բավարարել դատական պաշտպանության միջոցի արդյունավետության իմպերատիվ պահանջը։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մի շարք վճիռներում հայտնել է դիրքորոշում առ այն, որ դատական պաշտպանության իրավունքը կլիներ անիրական, իսկ դատական պաշտպանության ընթացակարգը՝ անարդյունավետ, եթե ներպետական օրենսդրությունը թույլ տար վերջնական և պարտադիր բնույթ ունեցող դատական ակտերին մնալ չկատարված՝ ի վնաս մի կողմի: Ըստ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ եթե պետությունը չի երաշխավորում վերջնական դատական ակտերի ի կատար ածումը, դա հանգեցնում է այնպիսի իրողության, որն անհամատեղելի է իրավունքի գերակայության սկզբունքի հետ, որը պայմանավորվող պետությունները պարտավորվել են պահպանել «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիան երաշխավորելիս: Մեկնաբանելով «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի» 6-րդ հոդվածը՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իրավական դիրքորոշում է արտահայտել, որ արդար դատաքննության իրավունքը ներառում է ոչ միայն վեճն ըստ էության լուծող պատճառաբանված դատական ակտ կայացնելու, այլ նաև կայացված դատական ակտը կատարելուն ուղղված գործուն և արդյունավետ կառուցակարգեր կիրառելու անհրաժեշտություն (տե՛ս, Խաչատրյաններն ընդդեմ Հայաստանի Հանրապետության գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 01.03.2010 թվականի վճիռը, կետ 66, Բուրդովն ընդդեմ Ռուսաստանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 07.05.2002 թվականի վճիռը, կետ 34, Հորնսբին ընդդեմ Հունաստանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 19.03.1997 թվականի վճիռը, կետ 40):
Անձի դատական պաշտպանության իրավունքի արդյունավետությունն ապահովելուն ուղղված նախնական պաշտպանության միջոցներից է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված՝ վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու ինստիտուտը։ Նախնական պաշտպանության այս միջոցը հնարավորություն է տալիս պահպանել այն փաստական և/կամ իրավական վիճակը, որը գոյություն է ունեցել վիճարկվող վարչական ակտի բացակայության պայմաններում։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վիճարկման հայցի վարույթ ընդունելը կասեցնում է վիճարկվող վարչական ակտի կատարումը մինչև այդ գործով գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը, բացառությամբ՝
1) օրենքով նախատեսված այն դեպքերի, երբ վարչական ակտը ենթակա է անհապաղ կատարման.
2) այն դեպքերի, երբ վարչական մարմինը վարչական ակտ (ներառյալ՝ վարչական բողոքի վերաբերյալ ըստ էության որոշում) ընդունելիս գրավոր ձևով հիմնավորել է, որ անհապաղ կատարումն անհրաժեշտ է՝ ելնելով հանրային շահերից.
3) այն դեպքերի, երբ վիճարկվում է կատարողական վարույթի ընթացքում հարկադիր կատարողի կողմից կայացված վարչական ակտ.
4) այն դեպքերի, երբ վիճարկվում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցնելու կամ այդ իրավունքից զրկելու ձևով վարչական տույժ նշանակելու վերաբերյալ վարչական ակտ.
4․1) այն դեպքերի, երբ վիճարկվում է ընդերքօգտագործման իրավունքի դադարման կամ կասեցման վարչական ակտը.
5) այն դեպքերի, երբ վարչական ակտի հասցեատեր չհանդիսացող անձի կողմից վիճարկվում է վարչական ակտի հասցեատիրոջ համար բարենպաստ վարչական ակտ (ներառյալ՝ զուգորդվող վարչական ակտի դեպքում հասցեատիրոջ համար բարենպաստ դրույթները).
6) այն դեպքերի, երբ վիճարկվում է ռազմական դրության իրավական ռեժիմի կանոնների խախտման համար վարչական տույժ նշանակելու վերաբերյալ վարչական ակտ.
7) այն դեպքերի, երբ վիճարկվում է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում կամ համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողամասում գտնվող ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) մասին կայացված վարչական ակտ:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` հայցվորի միջնորդությամբ վարչական դատարանը կարող է գործի քննության ժամանակ նույն հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 4.1-ին, 5-րդ, 6-րդ և 7-րդ կետերով նախատեսված դեպքերում ամբողջությամբ կամ մասնակիորեն կասեցնել վարչական ակտի կատարումը։
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ միջնորդությունը բավարարվում է, եթե առկա է հիմնավոր կասկած, որ վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի կամ անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը։
Վարչական ակտի կատարումը կասեցնելու ինստիտուտի նպատակը ու գործառույթը բացահայտված են ՀՀ վճռաբեկ դատարանի առանձին որոշումներում։ Մասնավորապես, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածը որպես վիճարկման հայցերով հայցվորի իրավունքների նախնական պաշտպանության եղանակ՝ սահմանել է վիճարկվող վարչական ակտի կատարման կասեցման ինստիտուտը, որը նպատակ է հետապնդում ապահովել հայցվորի դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրացումը՝ դատական պաշտպանությունը չդարձնելով ինքնանպատակ (տե՛ս, «Երևանի Կենցաղային քիմիայի գործարան» ԲԲԸ-ն ընդդեմ ՀՀ կադաստրի կոմիտեի թիվ ՎԴ/2643/05/22 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.09.2023 թվականի որոշումը)։
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրվել է վարչական դատարանի հայեցողական լիազորություն՝ նույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված դեպքում ևս ամբողջությամբ կամ մասնակիորեն կասեցնելու վարչական ակտի կատարումը։ Ընդ որում, վարչական ակտի կատարումը կարող է կասեցվել համապատասխան հիմքերի առկայության պարագայում միայն, հետևաբար, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 2-րդ մասի կիրառմամբ վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին հայցվորի միջնորդությունը պետք է պարունակի այնպիսի փաստարկներ և դրանք հիմնավորող ապացույցներ, որոնց հիման վրա դատարանի մոտ կարող է ձևավորվել հիմնավոր կասկած առ այն, որ վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի կամ անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը։ Ըստ այդմ, ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ միջնորդությամբ ներկայացված փաստարկները և դրանք հիմնավորող ապացույցները պետք է վերաբերեն վարչական ակտի կատարման հետևանքով հայցվորին զգալի վնաս պատճառելու կամ նրա իրավունքների պաշտպանությունն անհնարին դարձնելու հավանականությանը (տե՛ս, Երևան համայնքն ընդդեմ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/0850/05/19 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.12.2020 թվականի որոշումը)։
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենսդիրը վարչական ակտի կատարումը կասեցնելու դատարանի լիազորության կիրառման համար սահմանել է երկու վավերապայման, որոնցից առնվազն մեկի առկայությունը պարտադիր է վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ որոշում կայացնելու համար։ Վարչական ակտի կատարումը կասեցվում է, եթե.
- առկա է հիմնավոր կասկած, որ վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի, կամ
- անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը։
ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ վերոնշյալ պայմանների առկայությունը կամ բացակայությունը կարող է հաստատվել հայցվորի ներկայացրած այնպիսի փաստարկներով, որոնք իր իրավունքի պաշտպանությունը և կարգավիճակը վատթարացնում են։ Դատարանը վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ որոշում կայացնում է այն դեպքում, երբ դատավարության որևէ փուլում ի հայտ են գալիս հիմքեր, որոնք առաջացնում են հայցվորին զգալի վնաս պատճառվելու կամ հայցվորի իրավունքների պաշտպանությունն անհնարին դառնալու վերաբերյալ հիմնավոր կասկած։ Վերոնշյալ հիմքերից որևէ մեկի հնարավոր առկայությունը բավարար հիմք է դատարանի կողմից վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին որոշում ընդունելու համար։
Դրանից ելնելով՝ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ հիմնավոր կասկածի հարցը քննարկելիս դատարանը, ելնելով մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությունն ապահովելու պարտականությունից, պետք է քննարկման առարկա դարձնի երկու հիմնական փոխկապակցված հարցեր: Առաջին` առկա է հիմնավոր կասկած, որ վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի, և երկրորդ` անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը։ Մասնավորապես՝ «վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի» եզրույթի բովանդակությունը հանգում է այնպիսի իրավիճակի, երբ տվյալ գործով հայցի առարկայի շրջանակներում մինչև գործով վերջնական որոշում կայացնելը վիճարկվող վարչական ակտի կատարումը հայցվոր կողմի համար կստեղծի այնպիսի բացասական (վնաս պատճառող) հետևանքներ, որոնք նյութական իմաստով անհամեմատ կծանրացնեն հայցվորի վիճակը: Իսկ «վարչական ակտի կատարումն անհնարին կդարձնի հայցվորի իրավունքների պաշտպանությունը» եզրույթի բովանդակությունը հանգում է այնպիսի իրողության, երբ մինչև գործով վերջնական որոշում կայացնելը վիճարկվող վարչական ակտի կատարման պայմաններում այլևս անհնարին կարող է դառնալ հայցվորի իրավունքի (իրավունքների) պաշտպանությունը: Այս դեպքում, «անհնարին» եզրույթը վերաբերում է բացառապես տվյալ գործով ներկայացված և քննության առնված հայցի առարկայի շրջանակներում հայցվորի իրավունքների դատական պաշտպանությանը, և ոչ թե հայցվորի իրավունքների պաշտպանությանն ընդհանրապես: Դատարանի կողմից վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու միջնորդությունը չբավարարելը և գործի քննության արդյունքում նույն վարչական ակտն անվավեր ճանաչելը միանշանակորեն չի հանգեցնում հայցվորի իրավունքների պաշտպանության անհնարինության:
Օրենսդիրը նախատեսել է հիմնավոր կասկածի ենթադրությամբ վարչական ակտի կատարումը կասեցնելու հնարավորություն, եթե այն հայցվորին զգալի վնաս կհասցնի, կամ անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը (տե՛ս, Սոֆիա և Սիրվարդ Խաչատրյաններն ընդդեմ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/5599/05/20 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25.06.2021 թվականի որոշումը)։
Վերահաստատելով վերը նշված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը, որպես ընդհանուր կանոն, սահմանել է, որ վիճարկման հայցը վարույթ ընդունելու փաստի ուժով կասեցվում է վիճարկվող վարչական ակտի կատարումը։ Միաժամանակ օրենսդիրը, որպես բացառություն, նախատեսել է օրենքով սահմանված դեպքերում հայցվորի միջնորդությամբ վիճարկվող վարչական ակտի կատարման կասեցման հնարավորությունն այն պարագայում, երբ առկա է հիմնավոր կասկած, որ վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի, կամ անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը։
Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ սույն գործով վիճարկվող անհատական ակտերի նկատմամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածով սահմանված դրույթների կիրառելիությանը՝ դրանց վարչական ակտ չհանդիսանալու առանձնահատկությամբ պայմանավորված։
Այսպես․
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ հանրային ծառայության հետ կապված իրավահարաբերություններն ունեն աշխատանքային բնույթ, սակայն հաշվի առնելով դրանց առանձնահատկությունները՝ օրենսդիրն այլ իրավական կարգավորումների նախատեսման հնարավորություն է ընձեռել: Այդ հանգամանքը պայմանավորված է մի կողմից հանրային ծառայության առանձնահատկություններով, հանրային ծառայության մեջ ներգրավված ծառայողների կարգավիճակի առանձնահատկություններով, մյուս կողմից` դրա բազմաբնույթ և բազմաֆունկցիոնալ նշանակությամբ, և հետևաբար` հանրային ծառայության տարբեր տեսակների գործառութային առանձնահատկություններով, որոնք իրենց ազդեցությունն են ունենում նաև դրանց աշխատանքային իրավակարգավորման վրա: Արդյունքում գործող օրենսդրական զարգացումները նման իրավահարաբերությունները դարձրել են որոշակիորեն երկակի իրավակարգավորման ազդեցություն ունեցող օբյեկտ, և վերջինս կարելի է դիտարկել որպես աշխատանքային իրավունք հանրային իրավունքի ոլորտում (տե՛ս, Գայանե Շալունցն ընդդեմ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության և ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի թիվ ՎԴ/6966/05/16 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 16․11․2021 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենսդիրը հանրային կամ այլընտրանքային ծառայության անցնելու, այն իրականացնելու, ծառայությունից ազատելու հետ կապված վեճերը դիտարկում է որպես հանրային իրավահարաբերություններից ծագող գործեր, որոնք ընդդատյա են ՀՀ վարչական դատարանին: Այսինքն՝ օրենսդրի մոտեցման համաձայն՝ հանրային կամ այլընտրանքային ծառայության անցնելու, այն իրականացնելու և ծառայությունից ազատելու հետ կապված վեճերի դեպքում առկա են իրավահարաբերությունը հանրային որակելու համար անհրաժեշտ պայմանները (տե՛ս, Նելլի Գալստյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության թիվ ՎԴ/7029/05/11 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2016 թվականի որոշումը):
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի համաձայն՝ վարչական դատարանին ընդդատյա են հանրային իրավահարաբերություններից ծագող բոլոր գործերը, ներառյալ`
1) հանրային կամ այլընտրանքային ծառայության անցնելու, այն իրականացնելու, ծառայությունից ազատելու հետ կապված վեճերը.
(․․․):
Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը, հանրային ծառայության ոլորտում ծագող վեճերը՝ որպես հանրային իրավահարաբերություններից ծագող վեճեր, հանձնել է ՀՀ վարչական դատարանի ընդդատությանը: Միաժամանակ օրենսդիրը սահմանել է, որ հանրային իրավահարաբերություններից ծագող բոլոր վեճերը քննության են առնվում կոնկրետ հայցատեսակների շրջանակներում: Ընդ որում, հայցատեսակների տարբերակումը կարևոր նշանակություն ունի վարչական դատավարության կարգով իրավունքների պաշտպանությունն իրականացնելիս՝ հաշվի առնելով, որ հայցատեսակի ընտրությունը կանխորոշում է տվյալ հայցի քննության դատավարական կանոնները, մասնավորապես, հայցի քննության համար անհրաժեշտ պայմանները, այդ թվում՝ հայցի ներկայացման ժամկետները, ապացուցման բեռի բաշխման կանոնները, դատարանի կողմից գործն ըստ էության լուծող դատական ակտի տեսակը:
Օրենսդիրը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով ամրագրելով, որ վարչական դատարանում գործ հարուցելու հիմքը հայցն է, նույն օրենսգրքի մյուս հոդվածներում սահմանել է հանրային իրավահարաբերություններից ծագող գործերով իրավասու սուբյեկտների կողմից վարչական դատարան դիմելու հայցատեսակները՝ որպես վարչական գործի հարուցման հիմքեր: Վարչական դատարանում գործի հարուցման հիմք հանդիսացող առանձին հայցատեսակներից է նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածով սահմանված վիճարկման հայցը։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի համաձայն՝ վիճարկման հայցով հայցվորը կարող է պահանջել ամբողջությամբ կամ մասնակիորեն վերացնել միջամտող վարչական ակտը (ներառյալ՝ զուգորդվող վարչական ակտի միջամտող դրույթները):
Վերոնշյալ նորմի բովանդակությունից հետևում է, որ վիճարկման հայցի նյութական օբյեկտը վարչական ակտն է։ ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ որպես վարչական ակտին բնորոշող հատկանիշներ անհրաժեշտ է դիտարկել հետևյալները.
1) վարչական ակտն անհատական իրավական ակտ է. այն պաշտոնական գրավոր փաստաթուղթ է (բացառությամբ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածով նախատեսված բանավոր և այլ ձևի վարչական ակտերի), որը չի պարունակում իրավական նորմեր և սահմանում է պարտադիր ճանաչման, պահպանության, պաշտպանության, կատարման կամ կիրառման ենթակա իրավունքներ, պարտականություններ, սահմանափակումներ կամ այլ վարքագծի կանոններ միայն դրանում ուղղակիորեն անհատապես նշված կամ նախատեսված ֆիզիկական կամ իրավաբանական անձանց համար, այսինքն՝ ունի հստակորեն որոշված հասցեատեր,
2) վարչական ակտն ընդունվում է վարչական մարմինների՝ ՀՀ գործադիր իշխանության հանրապետական, տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև վարչարարություն իրականացնող այլ պետական մարմինների կողմից,
3) վարչական ակտն ունի արտաքին ներգործություն. նրա հասցեատերն այնպիսի ֆիզիկական կամ իրավաբանական անձ է, որը կազմակերպական, աշխատանքային, ներքին ենթակայական կամ որևէ այլ ուղղակի կապի մեջ չի գտնվում այն ընդունած մարմնի հետ,
4) վարչական ակտն ընդունվում է հանրային իրավունքի բնագավառում. այն հանրային իշխանությամբ օժտված մարմնի՝ համապատասխան ֆիզիկական կամ իրավաբանական անձին ուղղված միակողմանի կարգադրություն է, որը հիմնված է ի սկզբանե հանրային իշխանությամբ օժտված մարմնի կողմից իրագործվելու նպատակով ընդունված իրավական նորմերի վրա,
5) վարչական ակտն ընդունվում է կոնկրետ գործի կարգավորման նպատակով. այն ուղղված է հանրային իշխանությամբ օժտված մարմնի կողմից հանրային իրավունքի ոլորտում կոնկրետ անձին առնչվող կոնկրետ հարցի կարգավորմանը,
6) վարչական ակտն առաջացնում է ուղղակի իրավական հետևանքներ կամ ուղղված (միտված) է այդ հետևանքների առաջացմանը վարչական մարմնի հետ կազմակերպական, աշխատանքային, ներքին ենթակայական կամ որևէ այլ ուղղակի կապի մեջ չգտնվող համապատասխան ֆիզիկական կամ իրավաբանական անձանց համար, դրանով վարչական մարմինը վերջիններիս համար սահմանում, փոփոխում, վերացնում կամ ճանաչում է իրավունքներ և պարտականություններ, ինչպես նաև նրանց տրամադրում է իրավունքներ կամ ստեղծում է այդ անձանց իրավական կամ փաստացի դրությունը բարելավող ցանկացած այլ պայման, կամ մերժում, միջամտում, ընդհուպ սահմանափակում է նրանց իրավունքների իրականացումը, որևէ պարտականություն է դնում նրանց վրա կամ ցանկացած այլ եղանակով վատթարացնում է նրանց իրավական կամ փաստացի դրությունը:
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վարչական վարույթը եզրափակող փաստաթուղթը, ի թիվս այլ հատկանիշների, վարչական ակտ պետք է որակվի ոչ միայն այն պարագայում, երբ դրանով ֆիզիկական կամ իրավաբանական անձանց համար ուղղակի իրավական հետևանքներ են առաջանում, այլ նաև այն դեպքում, երբ տվյալ վարչական ակտն ուղղված է իրավական հետևանքներ առաջացնելուն և ակներև է, որ դրանում արձանագրվածն ինքնին բավարար է վերջիններիս իրավական կամ փաստացի դրությունը վատթարացնելու համար։ Ընդ որում, թվարկված որակական հատկանիշներից յուրաքանչյուրն անհրաժեշտ է, իսկ դրանց համակցությունը՝ բավարար` գրավոր փաստաթուղթը վարչական ակտ որակելու համար. այդ հատկանիշներից որևէ մեկի բացակայության դեպքում փաստաթուղթը չի կարող դիտարկվել որպես վարչական ակտ (տե՛ս, «Էյ Քեյ Էյ Ջի» ՍՊԸ-ի տնօրեն Արբեն Ղուլյանն ընդդեմ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի թիվ ՎԴ/11082/05/20 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.12.2021 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հանրային ծառայության անցնելու, այն իրականացնելու, ծառայությունից ազատելու գործընթացում հանրային ծառայողի վերաբերյալ ընդունվող անհատական իրավական ակտը չի հանդիսանում վարչական ակտ՝ առնվազն վարչական ակտին բնորոշ արտաքին ներգործության հանգամանքի բացակայությամբ պայմանավորված։ Մասնավորապես՝ նշված հարաբերություններում գործատուն աշխատողի նկատմամբ հանդես չի գալիս որպես վարչական մարմին, հետևապես աշխատողի նկատմամբ չի իրականացնում վարչարարություն, որպիսի իրողությունից էլ օբյեկտիվորեն բխում է, որ հանրային ծառայությունից ազատելու կամ հանրային ծառայության ընդունելու, ինչպես նաև հանրային ծառայության իրականացման ընթացքում համապատասխան աշխատողի իրավունքների և պարտականությունների վերաբերյալ գործատուի ընդունած իրավական ակտերը չեն կարող որակվել վարչական ակտեր:
Այնուհանդերձ ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներով բազմիցս նշել է, որ դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի լիարժեք և արդյունավետ իրացման հնարավորությունը, ուստի հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածին համապատասխան՝ հանրային կամ այլընտրանքային ծառայության անցնելու, այն իրականացնելու, ծառայությունից ազատելու հետ կապված վեճերն ընդդատյա են վարչական դատարանին, իսկ վարչական դատարանին ընդդատյա բոլոր գործերի քննությունն իրականացվում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված հայցատեսակների շրջանակներում՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հանրային ծառայողի վերաբերյալ միջամտող անհատական իրավական ակտի իրավաչափության վերաբերյալ վեճը քննության է ենթակա այն հայցատեսակի շրջանակներում, որի միջոցով առավել արդյունավետությամբ կապահովվի հանրային ծառայողի իրավունքների դատական պաշտպանությունը և իրավունքի վերականգնումը, կիրացվի դատական պաշտպանության դիմելու իրավական նպատակը:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հանրային ծառայողի դատական պաշտպանության դիմելու իրավական նպատակն իրավունքներին միջամտող անհատական իրավական ակտը վերացնելն է, հետևապես հանրային ծառայողի իրավունքներին միջամտող անհատական իրավական ակտը վերացնելու հայցապահանջի հիման վրա հարուցված գործերի քննության նկատմամբ առավել համահունչ է վիճարկման հայցի իրավակարգավորումների կիրառումը, իսկ նշված գործերով վարչադատավարական վերահսկողությունը՝ վիճարկման հայցին առնչվող դատավարական բոլոր իրավակարգավորումների կիրառմամբ, պետք է իրականացվի վիճարկման հայցի շրջանակներում՝ անկախ այդ իրավական ակտերի՝ վարչական ակտ չհանդիսանալու հանգամանքից:
Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ իրավակիրառ պրակտիկան պետք է զարգանա այն ուղղությամբ, որ անձի համար դատական պաշտպանության իրավունքի և դրա իրացման համար անհրաժեշտ դատավարական ընթացակարգերի կիրառման արդյունավետությունն ապահովելու նպատակով հանրային ծառայողի իրավունքներին միջամտող անհատական իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու գործերով պետք է կիրառվեն վիճարկման հայցատեսակին առնչվող դատավարական բոլոր կանոնները, այդ թվում՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածով սահմանված՝ վարչական ակտի կատարման կասեցման ինստիտուտի կարգավորումները։
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարչական գործը հարուցվել է Ապրես Գրիգորյանի կողմից ներկայացված հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է անվավեր ճանաչել ՀՀ գլխավոր դատախազի 13.07.2023 թվականի «Կոտայքի մարզի դատախազության դատախազ Ապրես Գրիգորյանի նկատմամբ կարգապահական տույժ նշանակելու մասին» որոշումը և 14.07.2023 թվականի «Կոտայքի մարզի դատախազության դատախազ Ապրես Գրիգորյանին պաշտոնից ազատելու մասին» թիվ 313-Ա հրամանը։ Միաժամանակ Ապրես Գրիգորյանը ներկայացրել է ՀՀ գլխավոր դատախազի 13.07.2023 թվականի «Կոտայքի մարզի դատախազության դատախազ Ապրես Գրիգորյանի նկատմամբ կարգապահական տույժ նշանակելու մասին» որոշման և 14.07.2023 թվականի «Կոտայքի մարզի դատախազության դատախազ Ապրես Գրիգորյանին պաշտոնից ազատելու մասին» թիվ 313-Ա հրամանի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդություններ:
Դատարանը 17․08․2023 թվականի որոշմամբ մերժել է վարչական ակտերի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդություններն այն հիմնավորումներով, որ «ներկայացված թվով երկու միջնորդություններով Հայցվորը վկայակոչել է իրեն զգալի վնաս պատճառելու միևնույն հանգամանքները։ Քննարկելով միջնորդություններով ներկայացված հիմնավորումները՝ Դատարանը գալիս է այն մտահանգման, որ Հայցվորի հիշյալ փաստարկներն ինքնին հիմք չեն հանդիսանում եզրակացնելու, որ տվյալ դեպքում վիճարկվող ակտերի կատարման պարագայում հայցվորին զգալի վնաս կպատճառվի, հատկապես այն դեպքում, երբ սույն գործում առկա չեն ապացույցներ, որոնք կփաստեն, որ Կոտայքի մարզի դատախազությունում որպես դատախազ պաշտոնավարումից ստացված աշխատավարձը Հայցվորի միակ եկամտի աղբյուրն է և Հայցվորը զրկված է այլ աշխատանք կատարելու հնարավորությունից:
Բացի այդ, Դատարանը անհիմն է համարում Հայցվորի փաստարկն առ այն, որ վիճարկվող ակտերի կատարումը չկասեցնելու պարագայում իր նախկին պաշտոնում վերականգնվելն անհնարին կլինի, քանի որ իր փոխարեն կարող է նշանակվել այլ անձ, իսկ «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածը չի նախատեսում անվավեր ճանաչված ակտի առկայության պայմաններում անձին իր պաշտոնում վերականգնելու հնարավորություն: (․․․) Դատարանը փաստում է, որ թեև «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածը չի նախատեսում դատախազին պաշտոնից ազատելու այնպիսի հիմք, ինչպիսին այդ պաշտոնից ազատված դատախազի վերականգնումն է նախկին պաշտոնում, այնուամենայնիվ, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 7-րդ հոդվածի 7-րդ մասի ուժով՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի կիրառելի իրավակարգավորումները երաշխավորում են վիճարկվող ակտերի անվավերության դեպքում Հայցվորի նախկին պաշտոնում վերականգնվելու հնարավորությունը: Ըստ այդմ՝ Դատարանը գտնում է, որ սույն դեպքում չի հիմնավորվում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված՝ Հայցվորի իրավունքների պաշտպանությունն անհնարին դառնալու առնչությամբ հիմնավոր կասկածի առկայությունը ևս:
Ամփոփելով վերոգրյալը՝ Դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում չեն հաստատվում այն փաստական հանգամանքները, որ սույն գործով հայցի առարկայի շրջանակներում մինչև գործով վերջնական որոշում կայացնելը վիճարկվող ակտերի կատարումը Հայցվորի համար կստեղծի այնպիսի բացասական (վնաս պատճառող) հետևանքներ, որոնք նյութական իմաստով անհամեմատ կծանրացնեն Հայցվորի վիճակը, ինչպես նաև մինչև գործով վերջնական որոշում կայացնելը վիճարկվող ակտերի կատարման պայմաններում այլևս անհնարին կարող է դառնալ Հայցվորի իրավունքի (իրավունքների) պաշտպանությունը: Վերոգրյալի հիման վրա՝ Դատարանը եզրակացնում է, որ միջնորդություններն անհիմն են և ենթակա են մերժման ամբողջությամբ»։
Վերաքննիչ դատարանը 11․10․2023 թվականի որոշմամբ Ապրես Գրիգորյանի վերաքննիչ բողոքը մերժել է, և Դատարանի 17․08․2023 թվականի «Վարչական ակտերի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունները մերժելու մասին» որոշումը թողել է անփոփոխ՝ արձանագրելով, որ «հանրային ծառայողի իրավունքներին միջամտող անհատական իրավական ակտերը վարչական ակտ չհանդիսանալու հիմքով կիրառելի չեն վիճարկման հայցատեսակին առնչվող ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածով սահմանված՝ վարչական ակտի կասեցման ինստիտուտի կարգավորումները»։
Վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի վերլուծությունները և դրանք համադրելով սույն գործի փաստերի հետ՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.
Հանրային կամ այլընտրանքային ծառայության անցնելու, այն իրականացնելու, ծառայությունից ազատելու հետ կապված վեճերը ընդդատյա են վարչական դատարանին, իսկ դատական պրակտիկան ընթացել է այն ուղղությամբ, որ նշված գործերով դատական վերահսկողությունը իրականացվել է վիճարկման հայցին առնչվող իրավակարգավորումներով, հետևաբար վիճարկման հայցին բնորոշ՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածով սահմանված՝ վարչական ակտի կասեցման իրավակարգավորումները հավասարապես կիրառելի են նաև հանրային ծառայողի իրավունքներին միջամտող անհատական իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու գործերով, ինչը համապատասխանում է արդարադատության արդյունավետության, անձի իրավունքների ու ազատությունների դատական պաշտպանության, ինչպես նաև դատարանի մատչելիության իրավունքի սահմանադրական և միջազգային իրավական չափանիշներին։
Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանն իրավաչափորեն նշել է, որ սույն գործով վիճարկվող անհատական իրավական ակտերը չեն հանդիսանում վարչական ակտեր, այնուհանդերձ հաշվի չի առել, որ սույն գործով վիճակվող ակտերի վարչական ակտ չհանդիսանալու հանգամանքն ինքնին անձին չի կարող զրկել դատավարական այնպիսի գործիքակազմից, ինչպիսին է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածով սահմանված՝ վարչական ակտի կատարման կասեցման ինստիտուտը, իր նկատմամբ կիրառելի լինելու հնարավորությունից։ Ավելին, հանրային կամ այլընտրանքային ծառայության անցնելու, այն իրականացնելու, ծառայությունից ազատելու հետ կապված վեճերը ՀՀ վարչական դատարանի կողմից քննելու և նշված գործերով դատական վերահսկողությունը վիճարկման հայցին առնչվող իրավակարգավորումներով իրականացվելու ձևավորված դատական պրակտիկայի պայմաններում հայցվորները կարող են ունենալ լեգիտիմ ակնկալիք առ այն, որ իրենց կողմից ներկայացված հայցերի պարագայում կիրառման է ենթակա ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածով ամրագրված իրավակարգավորումը։
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել նաև հետևյալը.
ՀՀ Սահմանադրության 171-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ Վճռաբեկ դատարանը դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում վերանայելու միջոցով ապահովում է օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը։
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ Վճռաբեկ դատարանը դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում վերանայելու միջոցով ապահովում է օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը։
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը Վճռաբեկ դատարանն ապահովում է, եթե առկա է իրավունքի զարգացման խնդիր, կամ տարբեր գործերով դատարանների կողմից նորմատիվ իրավական ակտը տարաբնույթ է կիրառվել կամ չի կիրառվել տարաբնույթ իրավաընկալման հետևանքով:
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք իր գործի քննության ժամանակ որպես իրավական փաստարկ իրավունք ունի վկայակոչելու նույնանման փաստերով այլ գործով Հայաստանի Հանրապետության դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատական ակտում առկա օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտի մեկնաբանությունները: Դատարանն անդրադառնում է նման իրավական փաստարկներին:
Տվյալ դեպքում բողոքաբերի կողմից, որպես իրավական փաստարկ, վկայակոչվել է թիվ ՎԴ/2468/05/22 վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 30․06․2022 թվականին կայացված դատական ակտը, որով արձանագրվել է հետևյալը․ «Վերաքննիչ դատարանը գտնում է, որ հանրային ծառայողի իրավունքներին միջամտող անհատական իրավական ակտերի նկատմամբ վարչադատավարական կարգով դատական վերահսկողությունը պետք է իրականացվի վիճարկման հայցի շրջանակներում՝ անկախ այդ իրավական ակտերի՝ վարչական ակտ չհանդիսանալու հանգամանքից: Ըստ այդմ՝ նաև հանրային ծառայողի իրավունքներին միջամտող անհատական իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու գործերով կիրառելի են վիճարկման հայցատեսակին առնչվող բոլոր դատավարական կանոնները, այդ թվում՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածով սահմանված՝ վարչական ակտի կասեցման ինստիտուտի կարգավորումները։ (․․․) Նման պայմաններում, Վերաքննիչ դատարանը թեև հիմնավոր է համարում բողոքաբերի դիրքորոշումը՝ վիճարկվող ակտերի վարչական ակտ չհանդիսանալու վերաբերյալ, այնուամենայնիվ, գտնում է, որ ներկայացված պահանջի քննության նկատմամբ կիրառելի են վիճարկման հայցատեսակին վերաբերող դատավարական բոլոր կանոնները, այդ թվում՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածով նախատեսված կանոնները»։
Մինչդեռ սույն գործով Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի կիրառելիությանը, արձանագրել է, որ «հանրային ծառայողի իրավունքներին միջամտող անհատական իրավական ակտերը վարչական ակտ չհանդիսանալու հիմքով կիրառելի չեն վիճարկման հայցատեսակին առնչվող ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածով սահմանված՝ վարչական ակտի կասեցման ինստիտուտի կարգավորումները»։
Իրացնելով օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունն ապահովելու լիազորությունը՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածը ենթակա է կիրառման սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ, ինչն էական նշանակություն կունենա վարչական ակտի կատարման կասեցման ինստիտուտը նաև վարչական ակտ չհանդիսացող, սակայն վիճարկման հայցին բնորոշ իրավակարգավորումներով քննվող անհատական իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:
Նշված պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:
Միևնույն ժամանակ հաշվի առնելով, որ Դատարանի 17․08․2023 թվականի «Վարչական ակտերի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունները մերժելու մասին» որոշման դեմ հայցվորի ներկայացրած վերաքննիչ բողոքը մերժելու և այն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի 11․10․2023 թվականի որոշման պատճառաբանությունն անհիմն գնահատելու և այդ որոշումը վերացման ենթակա լինելու պայմաններում Վճռաբեկ դատարանը սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ հարկ է համարում անդրադառնալ վիճարկման հայցի առարկաների՝ ՀՀ գլխավոր դատախազի 13.07.2023 թվականի «Կոտայքի մարզի դատախազության դատախազ Ապրես Գրիգորյանի նկատմամբ կարգապահական տույժ նշանակելու մասին» որոշումը և 14.07.2023 թվականի «Կոտայքի մարզի դատախազության դատախազ Ապրես Գրիգորյանին պաշտոնից ազատելու մասին» թիվ 313-Ա հրամանը կասեցնելու հայցվորի կողմից ներկայացված միջնորդությունների հիմնավորվածությանը՝ պարզելու համար այն բավարարելու իրավական նախադրյալների առկայությունը։
ՀՀ վարչական դատարան ներկայացրած միջնորդությամբ հայցվորը, մասնավորապես, փաստարկել է, որ համատեղ բնակվում է իր ծնողների հետ, հանդիսանում է ընտանիքի միակ աշխատողը, կինը՝ Նինել Ղազարյանը գտնվում է հղիության 14 շաբաթական փուլում, մայրը՝ Աննա Մարտիրոսյանն ունի առողջական խնդիրներ, որոնք պահանջում են դեղորայքային բուժում և բժշկական հսկողություն, հետևաբար նաև՝ համապատասխան ֆինանսական ծախսեր, 16.03.2022 թվականի «Կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքի առուվաճառքի և գրավի/հիփոթեքի և դրամական միջոցների հաջորդող գրավի խառը» թիվ SG50382 պայմանագրով «ԷՎՈԿԱԲԱՆԿ» ՓԲԸ-ի հանդեպ ստանձնել է 37.767.198,70 ՀՀ դրամի չափով պարտավորություն՝ մինչև 10.03.2042 թվականը յուրաքանչյուր ամիս 157.363,30 ՀՀ դրամի չափով:
Միաժամանակ հայցվորը հայտնել է, որ վիճարկվող ակտերի կատարումը չկասեցնելը իրեն զգալի վնաս է հասցնելու, մասնավորապես, ինքը, ում կնոջ մոտ առկա է հղիություն և ունի ընդհանուր 37.767.198,70 ՀՀ դրամի չափով վարկային պարտավորություններ, ինչպես նաև հանդիսանում է ընտանիքում միակ աշխատող անձը, կկրի զգալի վնասներ, եթե զրկվի ՀՀ դատախազությունից ստանալիք աշխատավարձից: Այդ ակտերի կասեցման դեպքում, ինքը գոնե չի կրի զգալի վնասներ, քանի որ մինչև այդ ակտերի դատական կարգով իրավաչափության պարզումը՝ կշարունակի գործել համապատասխան սոցիալական երաշխիքները, այդ թվում՝ կվճարվի աշխատավարձ:
Հայցվորը պնդել է, որ մինչև սույն գործով վերջնական դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը վիճարկվող ակտերի կատարումը կասեցվելու դեպքում՝ կկանխվի անվերապահորեն վրա հասանելիք իրեն զգալի վնասներ հասցվելը, որոնք կարող են դրսևորվել իր կողմից կնոջ համապատասխան կարգավիճակով պայմանավորված անհրաժեշտ ծախսերի կատարման անհնարինությամբ, վերը նշված վարկային պարտավորությունները չկատարելով և այլ նմանաբնույթ ծայրահեղ դրսևորումներով:
Միևնույն ժամանակ հայցվորը վկայակոչել է «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը՝ հայտնելով, որ վիճարկվող ակտերի կատարումը չկասեցնելու դեպքում առկա է իրական վտանգ, որ ինքը բավականին երկար ժամանակ կարող է զրկված լինել ոչ միայն դատախազության համակարգում, այլ նաև այլ պետական մարմիններում հանրային ծառայություն իրականացնելու հնարավորությունից՝ դրանից բխող բարոյական և նյութական հետևանքներով հանդերձ: Վիճարկվող վարչական ակտի չկասեցման պարագայում հնարավոր է, որ իր զբաղեցրած պաշտոնին նշանակվի այլ անձ, որը հետագայում նույնպես կարող է հանգեցնել հայցվորի իրավունքների իրականացման խոչընդոտմանը:
«Դատախազության մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածն իմպերատիվորեն սահմանում է այն հիմքերը, որոնց առկայության դեպքում կարող է դատախազը պաշտոնից ազատվել: (․․․) եթե վիճարկվող ակտերի կատարումը չկասեցվի և իր նախկին պաշտոնում նշանակվի այլ անձ, ապա սույն հայցի բավարարումը հիմք չի հանդիսանալու, որպեսզի ինքը վերականգնվի տվյալ դատախազության դատախազի պաշտոնում, քանի որ վերը նշված հոդվածում այդպիսի իրավական հիմք առկա չէ, ինչը նշանակում է, որ վիճարկվող ակտերի կատարումը չկասեցնելը հանգեցնելու է իր իրավունքների պաշտպանության անհնարինության:
Ի հիմնավորումն ներկայացված միջնորդության՝ հայցվորը, ի թիվս այլնի, ներկայացրել է նաև 25.02.2022 թվականի թիվ ԲԱ526688 ամուսնության վկայականը (հավելվածի հատոր 1-ին, գ․թ․ 15), որով հաստատվում է, որ հայցվորն օրինական ամուսնության մեջ է գտնվում Նինել Ղազարյանի հետ, Էրեբունի բժշկական կենտրոնի կողմից 26․07․2023 թվականին տրված տեղեկանքն (հավելվածի հատոր 1-ին, գ․թ․ 16) այն մասին, որ Նինել Ղազարյանն ունի 14 շաբաթական հղիություն, «Վ․ Ա․ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ի կողմից 22․02․2013 թվականին, 28․10․2021 թվականին և 09․11․2022 թվականին տրված սոնոգրաֆիաներ, ինչպես նաև էպիկրիզ (հավելվածի հատոր 1-ին, գ․թ․ 38-41, 43), Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի կողմից 12․02․2013 թվականին կատարված մամոգրաֆիայի վերաբերյալ եզրակացություն (հավելվածի հատոր 1-ին, գ․թ․ 42) Աննա Մարտիրոսյանի առողջական խնդիրների վերաբերյալ, հայցվորի և «ԷՎՈԿԱԲԱՆԿ» ՓԲԸ-ի միջև 16.03.2022 թվականին կնքված «Կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքի առուվաճառքի և գրավի/հիփոթեքի և դրամական միջոցների հաջորդող գրավի խառը» թիվ SG50382 պայմանագիրը, որի համաձայն՝ «ԷՎՈԿԱԲԱՆԿ» ՓԲԸ-ի հանդեպ հայցվորն ստանձնել է 37.767.198,70 ՀՀ դրամի չափով՝ ներառյալ տոկոսագումարները, պարտավորություն՝ մինչև 10.03.2042 թվականը՝ պարտավորվելով յուրաքանչյուր ամիս վճարել 157.363,30 ՀՀ դրամի չափով (հավելվածի հատոր 1-ին, գ․թ․ 17-35), անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 22032022-01-0044 վկայականը, որով հաստատվում է վերոգրյալ պայմանագրի հիմքով անշարժ գույքի գնելու իրավունքի գրանցման փաստը (հավելվածի հատոր 1-ին, գ․թ․ 36-37)։ Բացի այդ, հայցվորի կողմից վերաքննիչ բողոքին կից ներկայացվել է նաև ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 20․03․2018 թվականի թիվ 183-Ն հրամանի թիվ 3 հավելվածով հաստատված «Ֆիզիկական անձի անհատական հաշվի քաղվածքը», որով հաստատվում է, որ 06․07․2021 թվականից մինչև 14․07․2023 թվականը հայցվորն աշխատել է Հայաստանի Հանրապետության դատախազությունում և 2021 թվականի հուլիս ամսից մինչև 2023 թվականի հուլիս ամիսը նրա ստացած աշխատավարձն ու դրան հավասարեցված եկամուտները կազմել են 20․000․336 դրամ (հավելվածի հատոր 2-րդ, գ․թ․ 10-13), Կադաստրի կոմիտեի կողմից 21․08․2023 թվականին տրված «Գույքային իրավունքների առկայության և կազմի վերաբերյալ» թիվ ԱՏ-21082023-99-0237 տեղեկանքը, որի համաձայն՝ ըստ Կադաստրի կոմիտեի էլեկտրոնային արխիվի տվյալների՝ Հայաստանի Հանրապետության տարածքում հայցվորի անվամբ որևէ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցում կատարված չէ (հավելվածի հատոր 2-րդ, գ․թ․ 14), Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամորի համայնքապետարանի վարչական ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի կողմից 21․08․2023 թվականին տրված թիվ 5738 տեղեկանքը, որի համաձայն՝ Մեծամոր համայնքի Մրգաշատ բնակավայրի 2-րդ փողոց 36 տան հասցեում բնակվում են Անդրանիկ Ապրեսի Գրիգորյանը, Աննա Ժորժիկի Մարտիրոսյանը, Արմինե Անդրանիկի Գրիգորյանը և Ապրես Անդրանիկի Գրիգորյանը, ընտանիքում հիմնական աշխատանք ունի միայն Ապրես Անդրանիկի Գրիգորյանը, ով հոգում է ամբողջ ընտանիքի հոգսը (հավելվածի հատոր 2-րդ, գ․թ․ 15)։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է «ԷՎՈԿԱԲԱՆԿ» ՓԲԸ-ի հետ 16.03.2022 թվականին կնքված «Կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքի առուվաճառքի և գրավի/հիփոթեքի և դրամական միջոցների հաջորդող գրավի խառը» թիվ SG50382 պայմանագրով վարկային պարտավորությունները (ամսական 157.363,30 ՀՀ դրամ) հայցվորն ստանձնել է այն պայմաններում, երբ ունեցել է կայուն աշխատավարձ և իր սեփական վարկունակությունը գնահատել և ըստ այդմ՝ վարկային պարտավորություններ է ստանձնել՝ հիմք ընդունելով կայուն վարձատրություն ունենալու հանգամանքը: Ուստի, աշխատավարձից զրկվելը ողջամտորեն ազդում է վարկային պարտավորությունները պատշաճ կատարելու հնարավորության վրա:
Բացի այդ, գործում առկա են ապացույցներ այն մասին, որ հայցվորի ընտանիքում միայն նա է ունեցել հիմնական աշխատանք և վերջինիս հոգածության ներքո են գտնվել հղի կինն ու առողջական խնդիրներ ունեցող մայրը։
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերը նշված գործոններն իրենց համակցության մեջ ազդում են հայցվորի կողմից մշտական եկամուտների պայմաններում ստանձնած վարկային պարտավորությունների կատարման հնարավորության վրա: Հետևաբար Վճռաբեկ դատարանի գնահատմամբ՝ վիճարկվող ակտերի կատարումը չկասեցնելու պարագայում հայցվորի համար կառաջանան այնպիսի բացասական հետևանքներ, որոնք նյութական իմաստով անհամեմատ կծանրացնեն հայցվորի վիճակը: Վերոհիշյալ փաստական հանգամանքների համատեքստում Վերաքննիչ դատարանը եզրահանգում է, որ առկա է հիմնավոր կասկած առ այն, որ վիճարկվող ակտերի կատարումը չկասեցնելու պարագայում հայցվորին կպատճառվի զգալի վնաս:
Անդրադառնալով հայցվորի իրավունքների պաշտպանության անհնարին դառնալու վերաբերյալ վերջինիս միջնորդությամբ ներկայացված փաստարկին՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը․
Հայցվորը վիճարկվող ակտերի կատարումը չկասեցնելու պարագայում իր իրավունքների պաշտպանության անհնարինությունը փաստարկել է նրանով, որ հայցի բավարարման դեպքում իր նախկին պաշտոնում վերականգնվելն անհնարին կլինի, քանի որ «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածը չի նախատեսում անվավեր ճանաչված ակտի առկայության պայմաններում անձին իր պաշտոնում վերականգնելու հնարավորություն:
Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում հայցվորի նշված փաստարկը:
Այսպես՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ աշխատանքային հարաբերությունների առանձին բնագավառների կարգավորման առանձնահատկությունները կարող են սահմանվել օրենքով: ՀՀ աշխատանքային օրենսգրքի 7-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ հանրային պաշտոններ և հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի աշխատողների աշխատանքային (ծառայողական) հարաբերությունները կարգավորվում են նույն օրենսգրքով, եթե համապատասխան օրենքներով այլ բան նախատեսված չէ:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 7-րդ հոդվածի 7-րդ մասի ուժով՝ դատախազների աշխատանքային հարաբերությունները հատուկ օրենքով՝ «Դատախազության մասին» ՀՀ օրենքով կարգավորված չլինելու պարագայում կարգավորվում են ՀՀ աշխատանքային օրենսգրքով:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ գործատուն իրավունք ունի աշխատողի հետ լուծելու անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը աշխատողին նախկին աշխատանքում վերականգնելու դեպքում:
Վերոգրյալի հաշվառմամբ՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ թեև «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածը չի նախատեսում դատախազին պաշտոնից ազատելու այնպիսի հիմք, ինչպիսին այդ պաշտոնից ազատված դատախազի վերականգնումն է նախկին պաշտոնում, այնուամենայնիվ, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 7-րդ հոդվածի 7-րդ մասի ուժով՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի կիրառելի իրավակարգավորումները երաշխավորում են վիճարկվող ակտերի անվավերության դեպքում հայցվորի նախկին պաշտոնում վերականգնվելու հնարավորությունը:
Ըստ այդմ՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն դեպքում չի հիմնավորվում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված՝ հայցվորի իրավունքների պաշտպանությունն անհնարին դառնալու առնչությամբ հիմնավոր կասկածի առկայությունը:
Վերոհիշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ առկա է ՀՀ գլխավոր դատախազի 13.07.2023 թվականի «Կոտայքի մարզի դատախազության դատախազ Ապրես Գրիգորյանի նկատմամբ կարգապահական տույժ նշանակելու մասին» որոշման և 14.07.2023 թվականի «Կոտայքի մարզի դատախազության դատախազ Ապրես Գրիգորյանին պաշտոնից ազատելու մասին» թիվ 313-Ա հրամանի կատարումը կասեցնելու՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված պայմաններից մեկը՝ հայցվորին զգալի վնաս պատճառելու հիմնավոր կասկած, որպիսի պայմաններում հայցվորի միջնորդությունը ենթակա էր բավարարման, ինչն անտեսվել է ստորադաս դատարանների կողմից:
Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 169-րդ և 171-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 11․10․2023 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը, կայացնել նոր դատական ակտ՝ վերացնել ՀՀ վարչական դատարանի 17․08․2023 թվականի որոշումը, Ապրես Գրիգորյանի միջնորդությունը բավարարել՝ կասեցնել ՀՀ գլխավոր դատախազի 13.07.2023 թվականի «Կոտայքի մարզի դատախազության դատախազ Ապրես Գրիգորյանի նկատմամբ կարգապահական տույժ նշանակելու մասին» որոշման և 14.07.2023 թվականի «Կոտայքի մարզի դատախազության դատախազ Ապրես Գրիգորյանին պաշտոնից ազատելու մասին» թիվ 313-Ա հրամանի կատարումը:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
Նախագահող Հ. Բեդևյան Զեկուցող Ռ. Հակոբյան ա. Թովմասյան Լ. Հակոբյան ք․ ՄԿՈՅԱՆ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 հունիսի 2024 թվական: