Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 05-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (12.07.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2016.07.22/15(558).1 Հոդ.215.4
Ընդունող մարմին
Վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
20.06.2016
Ստորագրող մարմին
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
20.06.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.08.2016

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

11 հուլիսի 2016 թ.

Պետական գրանցման թիվ 60316246

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

20 հունիսի 2016 թ.

թիվ 05-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՎԱՔՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի ԹԻՎ 11-Ն ԵՎ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 12-Ի ԹԻՎ 12-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 01.06.18 թիվ 04-Ն)

 

Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 8-րդ կետերով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

(նախաբանը խմբ. 01.06.18 թիվ 04-Ն)

1. Հաստատել վիճակագրական տվյալների հավաքման կարգը` համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 01.06.18 թիվ 04-Ն)

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թ-ի հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» N 11-Ն որոշումը:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2010 թ-ի մայիսի 12-ի «Վիճակագրական տեղեկություններ տրամադրողների կողմից էլեկտրոնային փոստով վիճակագրական փաստաթղթերի Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայություն ներկայացման կարգը և համաձայնագրի օրինակելի ձևը հաստատելու մասին» թիվ 12-Ն որոշումը:

4. (կետն ուժը կորցրել է 10.07.24 թիվ 27-Ն)

Նախագահ

Ս. Մնացականյան

 

Հավելված
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2016 թվականի հունիսի 20-ի
թիվ 05-Ն որոշման

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿՈՂՄԻՑ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՎԱՔՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի (այսուհետ՝ Վիճակագրական կոմիտե) կողմից վիճակագրական տվյալների հավաքման հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգում օգտագործվող հասկացություններն ունեն «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքով (այսուհետ՝ Օրենք) սահմանված իմաստը:

3. Սույն կարգի իմաստով՝

1) վիճակագրական հետազոտությունը՝ Վիճակագրական կոմիտեի կողմից վիճակագրական մեթոդաբանության պարբերական կիրառման հիման վրա ռեսպոնդենտների որոշակի համակցությամբ անվանական տվյալների սկզբնական հավաքումն է` բացառապես վիճակագրական նպատակներով.

2) պաշտոնական վիճակագրական դիտարկումը՝ վիճակագրական ծրագրերով սահմանված վիճակագրական հետազոտությունների իրականացմանն ուղղված գործունեությունն է, որի նպատակը պաշտոնական վիճակագրության արտադրությունն է (այսուհետ՝ վիճակագրական դիտարկում).

3) ռեսպոնդենտները՝ Oրենքի իմաստով վիճակագրական միավոր հանդիսացող սույն կարգի 7-րդ կետով սահմանված սուբյեկտներն են, որոնք պաշտոնական վիճակագրություն արտադրողների կողմից տվյալների հավաքման շրջանակում տեղեկություններ են ներկայացնում իրենց և իրենց գործունեության մասին.

4) տնային տնտեսությունը՝ միայնակ ապրող անձն է կամ մի քանի անձանց խումբը, ովքեր միասին ապրում են միևնույն բնակելի կացարանում կամ բնակելի կացարանի մի մասում և վարում են միասնական տնտեսություն:

4. Վիճակագրական տվյալների հավաքումը ներառում է ռեսպոնդենտներին վիճակագրական դիտարկումներում ընդգրկումը և իրազեկումը, վիճակագրական տվյալների հավաքման մեթոդները, վիճակագրական տվյալների ներկայացման հնարավորության ապահովումը, ռեսպոնդենտների կողմից վիճակագրական տվյալների ներկայացումը, Վիճակագրական կոմիտեի կողմից՝ ներկայացված վիճակագրական տվյալների ընդունումը, վարչական ռեգիստրներից վիճակագրական տվյալների ստացումը և դրանց հետ կապված այլ գործողություններ:

5. Վիճակագրական տվյալների հավաքման մեթոդներն են՝

1) ընտրանքային, ներառյալ վիճակագրական հետազոտությունները՝ պարբերական և միանվագ.

2) համատարած:

6. Սույն կարգի դրույթները չեն տարածվում մարդահամարների, գյուղատնտեսական և տնտեսական համատարած հաշվառումների ընթացքում վիճակագրական տվյալների հավաքման վրա:

 

2. ՌԵՍՊՈՆԴԵՆՏՆԵՐԸ ԵՎ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

7. Սույն կարգի իմաստով ռեսպոնդենտներ են հանդիսանում`

1) իրավաբանական անձինք և դրանց առանձնացված ստորաբաժանումները, Հայաստանի Հանրապետության տարածքում գործող օտարերկրյա իրավաբանական անձինք, ինչպես նաև դրանց՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առանձնացված ստորաբաժանումները.

2) անհատ ձեռնարկատերերը.

3) պետական կառավարման համակարգի մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող պետական հիմնարկները.

4) Հայաստանի Հանրապետություն ժամանած կամ Հայաստանի Հանրապետությունում գտնվող ֆիզիկական անձինք` անկախ քաղաքացիությունից և քաղաքացիություն ունենալու հանգամանքից.

5) տնային տնտեսությունները:

8. Վիճակագրական դիտարկումների իրականացման համար անհրաժեշտ վիճակագրական տվյալները հավաքվում են համաձայն Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի (այսուհետ՝ Պետական խորհուրդ) կողմից հաստատված հետևյալ վիճակագրական փաստաթղթերի՝

1) վիճակագրական հաշվետվությունների.

2) հետազոտությունների հարցաթերթերի.

3) վիճակագրական դիտարկումներին վերաբերող այլ փաստաթղթերի:

 

3. ՌԵՍՊՈՆԴԵՆՏՆԵՐԻ ԻՐԱԶԵԿՈՒՄԸ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԵԼՈՒ ԿԱՄ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԻՑ ՀԱՆՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

9. Վիճակագրական հետազոտություններին մասնակցությունը պարտադիր է ռեսպոնդենտների համար, բացառությամբ սույն կարգի 7-րդ կետի 4-5-րդ ենթակետերով սահմանված ռեսպոնդենտների, որոնց մասնակցությունը վիճակագրական հետազոտություններին կրում է կամավոր բնույթ: Սույն կարգի 7-րդ կետի 4-5-րդ ենթակետերով սահմանված ռեսպոնդենտների ընդգրկումը կոնկրետ վիճակագրական հետազոտության մեջ կարող է որպես պարտադիր հայտարարվել տարեկան վիճակագրական ծրագրով բոլորի կամ մի մասի համար, բոլոր կամ որոշ հարցերի գծով:

10. Պարտադիր բնույթի վիճակագրական հետազոտություններին առաջին անգամ մասնակցության համար անհրաժեշտ պայման է հանդիսանում Վիճակագրական կոմիտեի կողմից ռեսպոնդենտների իրազեկումը վիճակագրական դիտարկումներում ընդգրկելու մասին:

11. Ռեսպոնդենտները Վիճակագրական կոմիտեի կողմից գրավոր իրազեկվում են՝

1) վիճակագրական հաշվետվությունների միջոցով վիճակագրական տվյալների հավաքման դեպքում՝ սույն կարգով սահմանված ռեսպոնդենտների վիճակագրական դիտարկումներում ընդգրկվելու իրազեկման ձևով (Ձև).

2) վիճակագրական այլ փաստաթղթերի միջոցով վիճակագրական տվյալների հավաքման դեպքում՝ սույն կարգի 12-րդ կետով սահմանված տվյալների մասին:

12. Իրազեկման մեջ պարտադիր նշվում են.

1) ռեսպոնդենտների՝

ա. լրիվ անվանումը, ղեկավարի անունը, ազգանունը, հայրանունը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ անունը, ազգանունը, հայրանունը.

բ. գտնվելու վայրը կամ ղեկավարի հաշվառման վայրը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ հաշվառման կամ բնակության վայրը.

գ. նշում այն մասին, որ ընդգրկվել են վիճակագրական դիտարկումներում.

դ. իրավունքներն ու պարտականությունները.

ե. վիճակագրական տվյալների չտրամադրման կամ սահմանված կարգի խախտմամբ տրամադրման համար օրենքով նախատեսված պատասխանատվության մասին.

2) նշում համապատասխան իրավական ակտերի մասին և հղում Վիճակագրական կոմիտեի պաշտոնական կայքին.

3) Վիճակագրական կոմիտեի համապատասխան ստորաբաժանման գտնվելու վայրը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն.

4) անհրաժեշտ այլ տեղեկություններ՝ կախված վիճակագրական հետազոտության առանձնահատկությունից:

13. Սույն կարգի իմաստով իրազեկված են համարվում այն ռեսպոնդենտները, որոնց առձեռն, փոստային առաքման միջոցով կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ծանուցման այլ եղանակներով ծանուցվել է իրազեկման Ձևով կամ սույն կարգի 11-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված դեպքում՝ սույն կարգի 12-րդ կետով սահմանված տվյալների մասին, և առկա է ծանուցումը հասցեատիրոջ կողմից ստանալու վերաբերյալ ապացույցը (հավաստումը):

14. Ռեսպոնդենտների իրազեկումն ուժի մեջ է այնքան ժամանակ, քանի դեռ նրանք գրավոր չեն իրազեկվել կամ Վիճակագրական կոմիտեի տվյալների հավաքման առցանց հարթակով (այսուհետ՝ ՀԱՐԹԱԿ), որի հասանելիությունն ապահովվում է www.e-reporting.armstat.am կայքի միջոցով, չեն տեղեկացվել վիճակագրական տվյալների տրամադրման դադարեցման մասին:

 15. Վիճակագրական դիտարկումներում առաջին անգամ ընդգրկվելու մասին իրազեկված ռեսպոնդենտները՝ սույն կարգի 28-րդ կետի դրույթների համաձայն, վիճակագրական տվյալները ներկայացնում են իրազեկումը ստանալուց հետո առաջին հաշվետու ժամանակաշրջանից սկսած, իսկ տարեկան վիճակագրական տվյալները՝ ընթացիկ տարվանից սկսած: Վիճակագրական դիտարկումներում ընդգրկվելու պահից ռեսպոնդենտները Վիճակագրական կոմիտեի պահանջով՝ համապատասխան տվյալների առկայության դեպքում, ներկայացնում են նաև հաշվետու տարվան վերաբերող՝ ընդգրկմանը նախորդող ամսվա կամ ամիսների մասով վիճակագրական տվյալներ:

16. Միանվագ հետազոտությունների դեպքում ռեսպոնդենտներն իրազեկվում են մինչև հետազոտությունը սկսվելը՝ առնվազն հինգ օր առաջ:

17. Եթե վիճակագրական դիտարկումներում ընդգրկված ռեսպոնդենտները սահմանված կարգով իրազեկվելուց հետո փոխում են իրենց տնտեսական գործունեությունը կամ սկսում են զբաղվել նաև այլ տնտեսական գործունեությամբ, ապա նոր տնտեսական գործունեությանը համապատասխան վիճակագրական տվյալները ներկայացնում են հաջորդող հաշվետու ժամանակաշրջանից սկսած` առանց լրացուցիչ իրազեկման:

18. Իրազեկված ռեսպոնդենտները ներկայացման ենթակա նոր տվյալների, ինչպես նաև վիճակագրական տվյալների ներկայացման պարբերականության փոփոխության մասին տեղեկացվում են ՀԱՐԹԱԿ-ի միջոցով:

19. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով միացման կամ վերակազմավորման ձևով վերակազմակերպվելիս իրավաբանական անձինք շարունակում են ներկայացնել համապատասխան վիճակագրական տվյալները՝ առանց սույն կարգով սահմանված իրազեկման:

20. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բաժանման, առանձնացման և միաձուլման ձևով վերակազմակերպվելիս նոր ստեղծված իրավաբանական անձինք վիճակագրական դիտարկումներում ընդգրկելու մասին իրազեկվում են սույն կարգով սահմանված ձևով:

 

4. ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԵՂԱՆԱԿՆԵՐԸ

 

21․ Ռեսպոնդենտները վիճակագրական տվյալները ներկայացնում են Վիճակագրական կոմիտե՝ ՀԱՐԹԱԿ-ի միջոցով, ինքնուրույնաբար, եթե այլ բան նախատեսված չէ այդ տվյալները նկարագրող վիճակագրական փաստաթղթերի լրացման հրահանգներում, ցուցումներում կամ ուղեցույցներում:

22. Ռեսպոնդենտները ՀԱՐԹԱԿ-ում նույնականացվում են սույն կարգի 32-րդ կետում նշված գործիքների միջոցով:

23. Ռեսպոնդենտներն իրենց գործունեության կամ տնտեսական գործունեության որևէ տեսակի դադարեցման դեպքում այդ մասին հնգօրյա ժամկետում տեղեկացնում են Վիճակագրական կոմիտեին՝ ՀԱՐԹԱԿ-ի միջոցով:

24. Գործունեության կամ տնտեսական գործունեության որևէ տեսակի դադարեցումը չի ազատում ռեսպոնդենտներին մինչ տնտեսական գործունեության դադարեցման օրն ընկած հաշվետու ժամանակաշրջանի վերաբերյալ վիճակագրական տվյալների ներկայացման պարտավորությունից: Այս դեպքում վիճակագրական տվյալները ներկայացվում են այդ տվյալների ներկայացման համար սահմանված ժամկետներում:

25. Տնտեսական գործունեության նոր տեսակով զբաղվելու, ինչպես նաև տնտեսական գործունեությունը կամ գործունեության որևէ տեսակով զբաղվելը վերսկսելու դեպքում ռեսպոնդենտներն այդ մասին ՀԱՐԹԱԿ-ի միջոցով տեղեկացնում են Վիճակագրական կոմիտեին հնգօրյա ժամկետում, որից հետո շարունակում են ներկայացնել համապատասխան վիճակագրական տվյալները:

26. Այն ռեսպոնդենտները, որոնք միաժամանակ տնտեսական գործունեություն են իրականացնում Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում, ներկայացնում են տվյալ տնտեսական գործունեության մասով վիճակագրական տվյալները` նաև մարզային բաշխվածությամբ: Այն դեպքում, երբ վիճակագրական փաստաթղթով պահանջվում է ըստ համայնքների կամ բնակավայրերի վիճակագրական տվյալների հավաքում, ապա համապատասխան տվյալները ներկայացվում են նաև ըստ այդ միավորների:

27. Տնտեսական գործունեության իրականացման վայրի փոփոխության դեպքում ռեսպոնդենտներն այդ մասին կատարում են համապատասխան փոփոխություն ՀԱՐԹԱԿ-ի՝ ռեսպոնդենտի անձնական էջում։

28. Վիճակագրական տվյալները ներկայացվում են վիճակագրական փաստաթղթերում նշված ժամկետներում և պարբերականությամբ:

29. Վիճակագրական տվյալները լրացվում են համաձայն այդ տվյալները սահմանող վիճակագրական փաստաթղթերի լրացման հրահանգների, ցուցումների կամ ուղեցույցների:

30. Վիճակագրական տվյալների ներկայացման համար սահմանված ժամկետի ավարտման օրվան հաջորդող հինգ օրացույցային օրվա ընթացքում տվյալները չներկայացնելու դեպքում ռեսպոնդենտները ենթարկվում են պատասխանատվության` օրենքով սահմանված կարգով:

31. Վիճակագրական տվյալների ներկայացման օր է համարվում ՀԱՐԹԱԿ-ում դրանց ներկայացման օրը:

32. Ռեսպոնդենտները ՀԱՐԹԱԿ-ում նույնականացվում են անհատի խիստ նույնականացման գործիքների միջոցով՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 25-ի N 572-Ն որոշման:

33. ՀԱՐԹԱԿ-ում վիճակագրական տվյալների ներկայացման ձևաչափը կարող է տարբերվել դրանք նկարագրող վիճակագրական փաստաթղթերի ձևաչափերից՝ բովանդակության պահպանմամբ:

 

5. ՎԱՐՉԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐՆԵՐԻՑ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏԱՑՈՒՄԸ

 

34. Վարչական ռեգիստրները պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից կամ նրանց անունից վարչական նպատակներով հավաքվող վարչական տվյալների շտեմարաններ են:

35. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները պարտավոր են Վիճակագրական կոմիտեին անհատույց տրամադրել իրենց տրամադրության տակ եղած տվյալները, պաշտոնական վիճակագրության արտադրման համար անհրաժեշտ մանրամասնությամբ, ինչպես նաև մեթատվյալները, որոնք թույլ են տալիս գնահատել տվյալների որակը:

36. Վիճակագրական կոմիտեն վիճակագրական ծրագրով նախատեսված տվյալները վարչական ռեգիստրներից ստանում է Օրենքով նախատեսված դեպքերում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների, կողմերի միջև կնքված համաձայնագրերի, փոխըմբռնման հուշագրերի, ինչպես նաև տարեկան վիճակագրական ծրագրով սահմանված այլ ձևաչափերի հիման վրա:

 

6. ՌԵՍՊՈՆԴԵՆՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐՈՒՄ ՃՇԳՐՏՈՒՄՆԵՐ ԵՎ ՍԽԱԼՆԵՐ ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՃՇԳՐՏՈՒՄՆԵՐ ԵՎ ՈՒՂՂՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԸ

 

37. Ներկայացված վիճակագրական տվյալներում ռեսպոնդենտների կամ Վիճակագրական կոմիտեի կողմից սխալների հայտնաբերման դեպքում դրանք ենթակա են ճշգրտման և ուղղման ռեսպոնդենտների կողմից, որի վերաբերյալ վերջիններս ծանուցվում են Համակարգի «Ծանուցումներ» բաժնի միջոցով: Համապատասխան ճշգրտված և ուղղված տվյալները ռեսպոնդենտների կողմից Վիճակագրական կոմիտեին ներկայացվում են 3 օրացույցային օրվա ընթացքում:

38. Եթե վիճակագրական տվյալների ճշգրտումը կամ ուղղումը պահանջում է հաշվապահական հաշվառման փաստաթղթերում գրանցումների փոփոխություն կամ որոշակի տևական ժամանակահատված, ապա ճշգրտված կամ ուղղված վիճակագրական տվյալը ներկայացվում է հաջորդ ժամանակաշրջանի վերաբերյալ ներկայացվող վիճակագրական տվյալների հետ միասին` բացառությամբ եռամսյակային և տարեկան պարբերականությամբ ներկայացվող վիճակագրական տվյալների:

39. Եռամսյակային և տարեկան պարբերականությամբ ճշգրտված կամ ուղղված վիճակագրական տվյալները ներկայացվում են սխալը հայտնաբերելուց հետո համապատասխանաբար տասնհինգ և երեսուն օրվա ընթացքում:

40. Ներկայացված վիճակագրական տվյալների ճշգրտման կամ ուղղման դեպքում՝ ՀԱՐԹԱԿ-ում ինքնաշխատ եղանակով ձևավորվում են ճշգրտմանը կամ ուղղմանը վերաբերող բոլոր անհրաժեշտ տվյալները:

 

Ձև

 

ՌԵՍՊՈՆԴԵՆՏՆԵՐԻ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԵԼՈՒ ԻՐԱԶԵԿՄԱՆ

 

______________________________________________________________

ռեսպոնդենտի լրիվ անվանումը, ղեկավարի անունը, ազգանունը, հայրանունը կամ

անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, հայրանունը

 ______________________________________________________________

 

ռեսպոնդենտի գտնվելու վայրը կամ ղեկավարի հաշվառման վայրը կամ

անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման կամ բնակության վայրը

 

Հարգելի՛ գործընկեր,

Սույն գրության նպատակն է իրազեկել, որ համաձայն «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի (այսուհետ` Օրենք) 5-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի դրույթների՝ Դուք հանդիսանում եք վիճակագրական տվյալներ տրամադրող (ռեսպոնդենտ) և ընդգրկվել եք վիճակագրական դիտարկումներում:

Վիճակագրական աշխատանքների արդյունավետ իրականացման նպատակով, Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի (այսուհետ՝ Վիճակագրական կոմիտե) համար կարևոր է Ձեր վստահությունն ու աջակցությունը:

Համաձայն Օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի՝ վիճակագրական հետազոտություններին մասնակցությունը պարտադիր է վիճակագրական միավորների (ռեսպոնդենտների) համար:

Վիճակագրական հետազոտության շրջանակում տվյալները պետք է լինեն ճշգրիտ և տրամադրվեն ժամանակին, պահանջվող ձևաչափով և անվճար:

Համաձայն Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, ինչպես նաև 23-25-րդ հոդվածներով սահմանված դրույթների՝ Ձեր կողմից ներկայացված վիճակագրական գաղտնիք համարվող տվյալները հրապարակման կամ այլ ձևով տարածման ենթակա չեն:

Հավաքված վիճակագրական տվյալների անանունությունը պահպանելը Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի պարտականությունն է:

Վիճակագրական տեղեկությունները ներկայացվում են՝ համաձայն Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից սահմանված ձևի վիճակագրական փաստաթղթերի՝ դրանցում նշված ժամկետներում ու պարբերականությամբ:

Ձեր կողմից ներկայացման ենթակա վիճակագրական տվյալների կազմին կարող եք ծանոթանալ և դրանք ներկայացնել՝ գրանցվելով Վիճակագրական կոմիտեի տվյալների հավաքման առցանց հարթակում (այսուհետ՝ ՀԱՐԹԱԿ)՝ https://e-reporting.armstat.am հղմամբ:

Վիճակագրական տվյալները պետք է ներկայացվեն ըստ Ձեր կողմից իրականացվող տնտեսական գործունեության տեսակ(ներ)ի` համաձայն տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի (NACE rev2) 2-րդ խմբագրության:

 Տնտեսական գործունեության տեսակի փոփոխության կամ նոր տնտեսական գործունեությամբ զբաղվելու դեպքում դրանց համապատասխան վիճակագրական տվյալները ևս պետք է ներկայացվեն` առանց լրացուցիչ իրազեկման:

Վիճակագրական տվյալների ներկայացման գործընթացին, ինչպես նաև Ձեզ հետաքրքրող մյուս հարցերին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ www.armstat.am պաշտոնական կայքի «Ռեսպոնդենտի համար» բաժնում կամ ՀԱՐԹԱԿ-ում:

Սույն իրազեկումից հետո այլ տեսակի վիճակագրական հետազոտությունում ընդգրկվելու, նոր տվյալների ներկայացման, ինչպես նաև վիճակագրական տվյալների ներկայացման պարբերականության փոփոխության մասին Վիճակագրական կոմիտեն կտեղեկացնի Ձեզ ՀԱՐԹԱԿ-ի միջոցով:

Ստորաբաժանման գտնվելու վայրն է _________________________________________:

Ստորաբաժանման էլեկտրոնային փոստի հասցեն է ____________________________:

Ստորաբաժանման հեռախոսահամարն է _______________________________:

Առանցքային իրավական ակտերն են.

«Պաշտոնական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենք,

Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշում,

Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրք։

Սույն իրազեկումն ուժի մեջ է այնքան ժամանակ, քանի դեռ Դուք գրավոր չեք իրազեկվել կամ ՀԱՐԹԱԿ-ի միջոցով չեք տեղեկացվել տվյալների ներկայացման դադարեցման մասին:

Պաշտոնական վիճակագրական դիտարկումների իրականացման համար անհրաժեշտ տվյալներ ներկայացնելու կարգը խախտելն առաջացնում է պատասխանատվություն Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 1692-րդ հոդվածով սահմանված կարգով:

 Շնորհակալություն համագործակցության համար։

 

Ստորաբաժանման ղեկավար՝

_________________

(ստորագրություն)

_________________________________

(անուն, ազգանուն)

(հավելվածը փոփ. 14.07.17 թիվ 07-Ն, խմբ. 01.06.18 թիվ 04-Ն, 14.04.23 թիվ 04-Ն, խմբ. 10.07.24 թիվ 27-Ն)