Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.04.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.06.24-2024.07.07 Պաշտոնական հրապարակման օրը 11.06.2024
Ընդունող մարմին
Վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչություն
Ընդունման ամսաթիվ
18.04.2024
Ստորագրող մարմին
Նախագահի տեղակալ
Ստորագրման ամսաթիվ
18.04.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.04.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ վարչական

դատարանի որոշում

Վարչական գործ թիվ ՎԴ/0982/05/22

2024 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/0982/05/22

 

Նախագահող դատավոր՝  Ս. Հովակիմյան

Դատավորներ՝

 Ա. Առաքելյան

 Կ. Գևորգյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող

Հ. Բեդևյան

զեկուցող

Ա. Թովմասյան

ԼՀակոբյան

ռ. Հակոբյան

քՄԿՈՅԱՆ

 

2024 թվականի ապրիլի 18-ին

գրավոր ընթացակարգով քննելով Գայանե Մինասյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 03.02.2023 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Գայանե Մինասյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի՝ Երևանի քաղաքապետարանի 04.02.2022 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ ՎՏ-0130385 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան՝ Գայանե Մինասյանը պահանջել է անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետարանի 04.022022 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ ՎՏ-0130385 որոշումը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Հ. Այվազյան) (այսուհետ՝ Դատարան) 11.03.2022 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 03.02.2023 թվականի որոշմամբ Գայանե Մինասյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 11.03.2022 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Գայանե Մինասյանը (ներկայացուցիչ` Վարդևան Պետրոսյան)։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 26-րդ հոդվածի 2-րդ մասը, 27-րդ հոդվածի 1-ին մասը, 114-րդ հոդվածի 5-րդ մասը, «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի և այդ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների» մասին ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը, 11-րդ և 16.2-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

«Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի և վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի 16.2-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով՝ համայնքային վճարովի ավտոկայանատեղում ավտոմեքենայի կայանման և դրա համար սահմանված չափով ավտոկայանատեղի վճարը չվճարելու փաստը հաստատող ապացույցներ են հանդիսանում ամրագրած տեսանյութը և տվյալ տրանսպորտային միջոցի մասով կայանման օրվա, ժամի դրությամբ գանձապետական հաշվի դրամական մուտքերի առկա տվյալները, հետևաբար այլ ապացույցներ չեն կարող դրվել դատական ակտի հիմքում: Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը գտել է, որ «Փարկինգ Սիթի Սերվիս» փակ բաժնետիրական ընկերության կողմից Երևանի քաղաքապետարանին ուղղված 31.01.2022 թվականի գրությամբ և դրան կից «Երևան քաղաքի ավտոկայանատեղերի կահավորում» վերտառությամբ փաստաթղթով ևս հաստատված է համարվում, որ ք. Երևան, Կորյուն փողոց, հատված CAM 16/6/2-ը հանդիսանում է վճարովի ավտոկայանատեղի, բացի այդ նշված ապացույցները համարվում են նաև վերաբերելի ապացույցներ։

Ակնհայտ է, որ Վերաքննիչ դատարանը նման եզրահանգմամբ խեղաթյուրել է «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի և վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի 16.2-րդ հոդվածի 1-ին մասի կարգավորումը, քանի որ նորմը հստակ սահմանում է, որ համայնքային վճարովի ավտոկայանատեղում ավտոմեքենայի կայանման և դրա համար սահմանված չափով ավտոկայանատեղի վճարը չվճարելու փաստը կարող է հաստատել ամրագրած տեսանյութը և տվյալ տրանսպորտային միջոցի մասով կայանման օրվա, ժամի դրությամբ գանձապետական հաշվի դրամական մուտքերի առկա տվյալները, իսկ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 26-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ գործի հանգամանքները, որոնք, օրենքի կամ այլ իրավական ակտի համաձայն, պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով։ Հետևաբար «Փարկինգ Սիթի Սերվիս» փակ բաժնետիրական ընկերության կողմից Երևանի քաղաքապետարանին ուղղված 31.01.2022 թվականի գրությունը և դրան կից «Երևան քաղաքի ավտոկայանատեղերի կահավորում» վերտառությամբ փաստաթուղթը սույն գործով չեն կարող հանդիսանալ թույլատրելի ապացույցներ։

Բացի այդ, մեկ այլ գործով ստորադաս դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտում «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի և վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի 16.2-րդ հոդվածի 1-ին մասը կիրառվել է հակասող մեկնաբանությամբ:

Այսպես, թիվ ՎԴ/3890/05/22 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի կողմից 31082022 թվականին կայացված և օրինական ուժի մեջ մտած վճռով «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի և վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի 16.2-րդ հոդվածի 1-ին մասը կիրառվել է հակասող մեկնաբանությամբ։ Նշված վճռով ՀՀ վարչական դատարանը բավարարել է հայցվոր Գայանե Մինասյանի ներկայացրած հայցը՝ հայտնելով հետևյալ դիրքորոշումը «(․․․) ինչ վերաբերում է պատասխանողի ներկայացուցչի կողմից ներկայացված՝ «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲ ընկերության 18.04.2022 թվականի գրությանը և դրան կից՝ Երևան քաղաքի ավտոկայանատեղերի կահավորման մասին տեղեկությանը, ապա Դատարանն արձանագրում է, որ համաձայն «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի և վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի 16.2-րդ հոդվածի 1-ին մասի՝ նույն օրենքով ավտոկայանատեղի վճարը չվճարելու փաստի պարզման փուլում ավտոկայանատեղի վճարը չվճարելու փաստի ապացույցները ավտոկայանատեղում տրանսպորտային միջոցի կայանումը ամրագրած տեսանյութը և տվյալ տրանսպորտային միջոցի մասով կայանման օրվա, ժամի դրությամբ գանձապետական հաշվի դրամական մուտքերի առկա տվյալներն են, ուստի նշված գրությունը և դրան կից տեղեկությունները որևէ կերպ չեն կարող գնահատման առարկա դառնալ սույն գործով քննարկման առարկա վեճի լուծման դեպքով՝ վիճարկվող վարչական ակտի իրավաչափության վիճարկման հայցով (․․․)»։

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 03.02.2023 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան՝ ամբողջ ծավալով նոր քննության։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Երևանի քաղաքապետարանի կողմից 04.02.2022 թվականին կայացված «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ ՎՏ-0130385 որոշմամբ Գայանե Մինասյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.7-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ նշանակվել է տուգանք՝ 5.000 ՀՀ դրամի չափով, այն բանի համար, որ վերջինիս պատկանող «33DG303» պետհամարանիշով «LEXUS RX 300» մակնիշի տրանսպորտային միջոցը 26.01.2022 թվականին, ժամը՝ 19:24-ից մինչև 19:44-ը, 15 րոպեից ավելի ժամանակահատվածով կայանված է եղել Երևան քաղաքի Կորյուն փողոց, հատված CAM 16/6/2 տարածքում գտնվող համայնքային վճարովի ավտոկայանատեղիում՝ առանց վճարելու տրանսպորտային միջոցի կայանատեղիի համար սահմանված պարտադիր գանձույթը (գ.թ. 20)

2) «Փարկինգ Սիթի Սերվիս» փակ բաժնետիրական ընկերության 31.01.2022 թվականի գրության համաձայն՝ նշված գրության տրման ամսաթվին նախորդող շաբաթվա ընթացում կից ներկայացված ցանկում համայնքային վճարովի ավտոկայանատեղերի հատվածում առկա կահավորանքն ամբողջությամբ համապատասխանել է ՀՀ կառավարության 10.10.2012 թվականի թիվ 1293-Ն և թիվ 1281-Ն որոշումներով սահմանված կարգով նախատեսված պատշաճ կահավորանքի չափանիշներին (գ.թ. 24):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, քանի որ այլ գործով ստորադաս դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտում «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի և վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի 16.2-րդ հոդվածի 1-ին մասը կիրառվել է հակասող մեկնաբանությամբ, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումը՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.7-րդ հոդվածով նախատեսված իրավախախտման փաստի ապացուցման առանձնահատկությունների վերաբերյալ, կարող է էական նշանակություն ունենալ նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար, ինչպես նաև, սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ ստորադաս դատարանների կողմից թույլ են տրվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 26-րդ հոդվածի 2-րդ մասի, «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի և վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի 16.2-րդ հոդվածի այնպիսի խախտումներ, որոնք խաթարել են արդարադատության բուն էությունը, և որը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.

 

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. արդյո՞ք «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի և վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի 16.2-րդ հոդվածի կարգավորման շրջանակում համայնքային վճարովի ավտոկայանատեղի կահավորանքի վերաբերյալ «Փարկինգ Սիթի Սերվիս» փակ բաժնետիրական ընկերության կողմից տրամադրված գրությունը հանդիսանում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.7-րդ հոդվածի դիսպոզիցիայում նկարագրված իրավախախտման փաստը հաստատված համարելու և նույն հոդվածի սանկցիայի կիրառմամբ վարչական պատասխանատվություն կիրառելու համար թույլատրելի ապացույց այն պայմաններում, երբ համայնքային վճարովի ավտոկայանատեղ կազմակերպելու իրավասությունը վերապահված է նշված իրավաբանական անձին։

 

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ առանձին տեսակի վարչական վարույթների առանձնահատկությունները սահմանվում են օրենքներով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

20.01.2021 թվականին ընդունված և 26.02.2021 թվականին ուժի մեջ մտած ՀՕ-38-Ն օրենքով «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» ՀՀ օրենքում կատարված լրացումների և փոփոխությունների համաձայն՝ 26.02.2021 թվականից գործում է «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի և վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքը (այսուհետ՝ Օրենք):

Օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նույն օրենքով կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում ավտոկայանատեղերի համար տեղական վճարի (այսուհետ` վճար) վճարման հետ կապված հարաբերությունները, սահմանվում են վճար վճարողները, վճար վճարողների իրավունքներն ու պարտականությունները, վճարի դրույքաչափերը, վճարի սահմանման, գանձման կարգը և պայմանները, վճար չվճարելու համար պատասխանատվությունը, ինչպես նաև վարչական վարույթի առանձնահատկությունները:

Վերոգրյալով պայմանավորված Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ էլեկտրոնային համակարգերով և տեխնիկական միջոցներով հայտնաբերված խախտումների արձանագրման որոշ առանձնահատկություններին` վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:

Այսպես՝ Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ավտոկայանատեղի համար գանձվող վճարը ավտոտրանսպորտային միջոցը ավտոկայանատեղում կայանելու համար նույն օրենքով սահմանված դրույքաչափերի սահմաններում համայնքի ավագանու կողմից հաստատված չափով և նույն օրենքով սահմանված կարգով համայնքի բյուջե գանձվող պարտադիր գանձույթ է:

Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա կցորդը ավտոկայանատեղում կայանելու դեպքում ավտոկայանատեղի վճար վճարող է հանդիսանում ավտոտրանսպորտային միջոցի սեփականատերը:

Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ավտոկայանատեղի վճարը գանձվում է բոլոր տեսակի ավտոտրանսպորտային միջոցները կամ դրանց կցորդներն ավտոկայանատեղում կայանելու համար:

Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ավտոկայանատեղի վճարի վճարման պարտավորությունը ծագում է ավտոտրանսպորտային միջոցը ավտոկայանատեղում կայանելու պահից։

Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ավտոկայանատեղի վճարների դրույքաչափերը նույն օրենքով նախատեսված դրույքաչափերի սահմաններում սահմանում է համայնքի ավագանին` համայնքի ղեկավարի ներկայացմամբ` համայնքի տարեկան բյուջեն հաստատելուց առաջ:

Երևան քաղաքի ավագանու 28.12.2021 թվականի «Երևան համայնքում տեղական վճարների 2022 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» թիվ 493-Ն որոշման հավելվածի 14-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն՝ Երևանի սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման փողոցներում և հրապարակներում (բացառությամբ բակային տարածքների, ուսումնական, կրթական, մշակութային և առողջապահական հաստատությունների, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերի հարակից տարածքների) ավտոտրանսպորտային միջոցն ավտոկայանատեղում կայանելու համար՝ այլ վճարովի ավտոկայանատեղում մեկ ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա կցորդը ավտոկայանատեղում ժամը 09:00-ից մինչև 24:00-ն կայանելու համար`

ա. յուրաքանչյուր մեկ ժամվա համար` 100 /մեկ հարյուր/ դրամ, որի դեպքում փաստացի կայանման ժամանակի րոպեներով հաշվարկն իրականացվում է հետևյալ կերպ՝ ավտոկայանատեղում կայանելու պահից մինչև 15 րոպե վճար կարող է չվճարվել, իսկ 15 րոպեից ավելի կայանելու համար մեկ ժամվա համար սահմանված վճարի դրույքաչափը պետք է վճարվի նախապես` կայանելու պահից 15 րոպեի ընթացքում, ընդ որում՝ կայանումը 1 ժամից ավելի տևելու դեպքում յուրաքանչյուր հաջորդ մեկ ժամի համար վճարումը պետք է կատարվի մինչև նախորդ ժամի համար կատարված վճարման ժամանակահատվածի լրանալը.

բ. յուրաքանչյուր մեկ օրվա համար` 500 /հինգ հարյուր/ դրամ.

գ. մեկ շաբաթվա համար` 1000 /մեկ հազար/ դրամ.

դ. մեկ ամսվա համար` 2000 /երկու հազար/ դրամ.

ե. մեկ տարվա համար (մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ)` 12000 /տասներկու հազար/ դրամ:

Օրենքի 16-րդ հոդվածի համաձայն՝ ավտոկայանատեղի վճար չվճարելն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.7-րդ հոդվածի համաձայն` ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա կցորդը համայնքային վճարովի ավտոկայանատեղում կայանելու համար օրենքով սահմանված տեղական վճարը չվճարելը կամ առանց հաշվառման համարանիշի կամ հաշվառման համարանիշի առնվազն մեկ նիշը փակված վիճակում կայանելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:

Վերոնշյալ իրավանորմերի համակարգային վերլուծությունից հետևում է, որ ավտոկայանատեղի համար գանձվող գումարն Օրենքով նախատեսված դրույքաչափերի սահմաններում համայնքի ավագանու կողմից հաստատված չափով համայնքի բյուջե գանձվող տեղական վճար է, որի վճարման պարտավորությունն ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ համար ծագում է ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա կցորդը համայնքային վճարովի ավտոկայանատեղում որոշակի ժամանակահատվածից՝ (Երևան համայնքում՝ 15 րոպեից) ավելի կայանելու դեպքում։ Ընդ որում՝ սահմանված ժամանակահատվածից (Երևան համայնքում՝ 15 րոպեից) ավելի կայանելու պարագայում ավտոկայանատեղի վճարումն իրականացվում է նախապես՝ կայանելու պահից։ Իր հերթին՝ ավտոկայանատեղի վճար չվճարելն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն, այն է՝ տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկում գտել է, որ «(․․․) Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.7-րդ հոդվածի դիսպոզիցիայում նկարագրված իրավախախտման դեպքի (զանցանքի) առկայության համար այն դեպքում, երբ համայնքի ավագանու որոշմամբ նախատեսված է համայնքային վճարովի ավտոկայանատեղում որոշակի ժամանակահատված անվճար կայանելու հնարավորություն, անհրաժեշտ է ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա կցորդը սահմանված անվճար ժամանակահատվածից ավելի ժամանակով համայնքային վճարովի ավտոկայանատեղում կայանելու և համայնքի ավագանու կողմից հաստատված չափով տեղական տուրք չվճարելու փաստերի միաժամանակյա առկայությունը (․․․)» (տե՛ս, Գեղամ Սիմոնյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/5084/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.12.2016 թվականի որոշումը)։

Օրենքի 16.1-րդ հոդված 1-ին մասի համաձայն՝ էլեկտրոնային համակարգերով և տեխնիկական միջոցներով հայտնաբերված խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունները սահմանվում են նույն օրենքի 16.2-16.4-րդ հոդվածներով:

Օրենքի 16.2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ավտոկայանատեղի վճարը չվճարելու փաստի պարզման փուլում ավտոկայանատեղի վճարը չվճարելու փաստի ապացույցները ավտոկայանատեղում տրանսպորտային միջոցի կայանումը ամրագրած տեսանյութը և տվյալ տրանսպորտային միջոցի մասով կայանման օրվա, ժամի դրությամբ գանձապետական հաշվի դրամական մուտքերի առկա տվյալներն են:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վարչական վարույթը բաղկացած է ավտոկայանատեղի վճարը չվճարելու փաստի պարզման և վարչական ակտի ընդունման փուլերից:

Օրենքի 16.3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նույն օրենքով նախատեսված ավտոկայանատեղի վճարը չվճարելու փաստի պարզումը վարչական մարմնի կողմից ավտոկայանատեղում ավտոտրանսպորտային միջոցի կայանումը ամրագրած տեսանյութի համադրումն է տվյալ ավտոտրանսպորտային միջոցի մասով կայանման օրվա, ժամի դրությամբ գանձապետական հաշվի դրամական մուտքերի առկա տվյալների հետ կայանման օրվանից ոչ ուշ, քան 15 օրվա ընթացքում:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նույն օրենքով նախատեսված ավտոկայանատեղի վճարը չվճարելու փաստը համարվում է պարզված, եթե էլեկտրոնային համակարգերով և տեխնիկական միջոցներով ավտոկայանատեղում ավտոտրանսպորտային միջոցի կայանումը ամրագրած տեսանյութը տվյալ ավտոտրանսպորտային միջոցի մասով կայանման օրվա, ժամի դրությամբ գանձապետական հաշվի դրամական մուտքերի առկա տվյալների հետ համադրելուց պարզ է դառնում, որ տվյալ ավտոտրանսպորտային միջոցի մասով կայանման օրվա դրությամբ չի վճարվել նույն օրենքով նախատեսված ավտոկայանատեղի վճարը:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքում վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չի կազմվում:

Վերոգրյալ դրույթների վերլուծությունից հետևում է, որ էլեկտրոնային համակարգերով և տեխնիկական միջոցներով հայտնաբերված խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթում բացակայում է ընթացիկ փուլը։ Այսպես, նկատի ունենալով, որ էլեկտրոնային համակարգերով և տեխնիկական միջոցներով հայտնաբերված խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթը դասվում է առանձին տեսակի վարչական վարույթի շարքին՝ օրենսդիրը վերջինիս համար սահմանել է միայն երկու փուլ՝ ավտոկայանատեղի վճարը չվճարելու փաստի պարզման (հարուցման) և վարչական ակտի ընդունման (եզրափակիչ) փուլերը: Նշված վարչական վարույթում ընթացիկ փուլի բացառումը, ի թիվս այլնի, պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ ավտոկայանատեղում ավտոտրանսպորտային միջոցի կայանումն ամրագրած տեսանյութից, լուսանկարից և տվյալ ավտոտրանսպորտային միջոցի մասով կայանման օրվա, ժամի դրությամբ գանձապետական հաշվի դրամական մուտքերի առկա տվյալներից ստացված տեղեկատվությունների զուգորդված համեմատության արդյունքում հաստատվում է համայնքային վճարովի ավտոկայանատեղի վճարը չվճարելու իրավախախտման փաստը, որպիսի հանգամանքով պայմանավորված՝ բացակայում է վարչական գործի քննարկման հետ կապված և վարչական վարույթի ընթացիկ փուլում սովորաբար կատարվող գործողությունների իրականացման անհրաժեշտությունը։

Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ավտոկայանատեղի գործունեությունը կազմակերպում է համայնքի ղեկավարը կամ համայնքային ենթակայության կազմակերպությունը:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ համայնքի ավագանու որոշմամբ ավտոկայանատեղ կազմակերպելու իրավասությունը կարող է վերապահվել նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց, որոնք իրականացնում են վճարի գանձումը` համայնքի ղեկավարի հետ կնքված պայմանագրին համապատասխան:

Զուգահեռաբար՝ ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետության տարածքում ավտոկայանատեղի կազմակերպման կարգը սահմանելու մասին» 29.10.2012 թվականի թիվ 1293-Ն որոշման կարգի (այսուհետ՝ Կարգ) 4-րդ կետի համաձայն՝ ավտոկայանատեղի գործունեությունը կազմակերպվում է համայնքի ղեկավարի կամ համայնքային ենթակայության կազմակերպության կողմից: Համայնքի ավագանու որոշմամբ ավտոկայանատեղ կազմակերպելու իրավասությունը կարող է վերապահվել նաև «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով իրականացված մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված ֆիզիկական կամ իրավաբանական անձանց, որոնք գանձում են վճար` համայնքի ղեկավարի հետ կնքված պայմանագրին համապատասխան:

Օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ այն ավտոկայանատեղը, որի համար նախատեսվում է վճարի գանձում, պետք է առանձնացված լինի ցուցանակներով և կարմիր գույնի գետնանշումով, որի ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության տարածքում ավտոկայանատեղի կազմակերպման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ավտոկայանատեղում պետք է փակցված լինի համապատասխան ցուցանակ` վճարովի ավտոկայանատեղի, դրա տարածքի, ավտոկայանատեղի համար վճարի վճարման պարտականության չափի, պայմանների և պատասխանատվության մասին հայերեն պարզ և ընթեռնելի նշումներով, ինչպես նաև` ավտոկայանատեղ կազմակերպող մարմնի հայեցողությամբ` այլ տեղեկատվությամբ: Ընդ որում` ցուցանակը կարող է ներառել նաև օտար լեզուներով տեղեկատվություն:

Կարգի 2-րդ կետի համաձայն՝ ավտոկայանատեղն ավտոտրանսպորտային միջոցների կայանման համար առանձնացված` նույն Կարգով սահմանված պահանջներին համապատասխան կահավորված բաց հարթակ (փողոցի մաս, հրապարակ) է, որտեղ ավտոտրանսպորտային միջոցների կայանումը կազմակերպվում է առանց պահպանման ծառայություն մատուցելու:

Կարգի 7-րդ կետի համաձայն՝ ավտոկայանատեղերը պետք է ունենան հետևյալ կահավորումը`

1) տարածքի մակերեսի կոշտ պատվածք, ավտոկայանատեղի սահմանների սահմանազատում փողոցի երթևեկելի մասում, վճարի գանձման, տարածքի վերահսկման և երթևեկության կազմակերպման այլ տեխնիկական միջոցների առկայություն (հնարավորության դեպքում), կառուցվածքային տարրերով տարանջատում.

2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված համապատասխան ձևի գետնանշում.

3) ավտոկայանատեղի տարածք ավտոտրանսպորտային միջոցների մուտք գործելու, տարածքից դուրս գալու մատչելի և անվտանգ ուղիներ.

4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի N 955-Ն որոշմամբ հաստատված պահանջներին համապատասխան` «Կայանման տեղ» և «Տրանսպորտային միջոցների կանգնեցման ձևը կայանման տեղերում», իսկ վճարովի ավտոկայանատեղերի համար՝ նաև «Վճարովի ծառայություններ» ճանապարհային նշաններ.

5) վճարովի ավտոկայանատեղի համար տեղեկատվական ցուցանակ, որը պետք է պարունակի ավտոկայանատեղի կազմակերպչի լրիվ անվանումը կամ անունը և ազգանունը, գտնվելու վայրը, հեռախոսահամարը, ավտոկայանատեղի աշխատանքային ռեժիմը, ավտոկայանման ծառայության մատուցման դիմաց սահմանված վճարի չափերը, ծառայողական ավտոկայանատեղի համար` նաև «Ծառայողական» ցուցանակ:

Կարգի 9-րդ կետի համաձայն՝ ավտոկայանատեղի ծառայությունից օգտվողների համար ներկայացվող տեղեկատվությունը, ավտոկայանատեղից օգտվելու պայմանների վերաբերյալ ցուցանակները պետք է տեղադրվեն մատչելի և տեսանելի վայրերում:

ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետության տարածքում ավտոկայանատեղի (որի համար նախատեսվում է տեղական վճարի գանձում) գետնանշման ձևը սահմանելու մասին» 29.10.2012 թվականի թիվ 1281-Ն որոշմամբ սահմանվել է Հայաստանի Հանրապետության տարածքում ավտոկայանատեղի (որի համար նախատեսվում է տեղական վճարի գանձում) գետնանշման ձևը (այսուհետ՝ Ձև):

Այսպես

Ձևի 1-ին կետի համաձայն՝ փողոցի երթևեկելի մասում կազմակերպված վճարովի ավտոկայանատեղի զբաղեցրած տարածքն առանձնացվում է փողոցի երթևեկելի հարևան գոտուց` ավտոկայանատեղի երկայնական սահմանագծի կարմիր գույնի խզվածքներով գետնանշմամբ: Եթե փողոցի երթևեկելի մասում կազմակերպված վճարովի ավտոկայանատեղում թույլատրվում է ավտոտրանսպորտային միջոցների՝ միմյանց նկատմամբ զուգահեռ տեղաբաշխմամբ կայանում, ապա ավտոկայանատեղի տարածքն առանձնացվում է նաև լայնակի սահմանագծով` կարմիր գույնի հոծ գետնանշմամբ։

Վերոգրյալ իրավական նորմերի բովանդակությունից բխում է, որ ավտոկայանատեղի գործունեության կազմակերպման իրավասությունը վերապահված է համայնքի ղեկավարին կամ համայնքային ենթակայության կազմակերպությանը։ Միևնույն ժամանակ՝ տվյալ համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման փողոցներում և հրապարակներում ավտոկայանատեղերի ցանկին համապատասխան վայրերում վճարովի ավտոկայանատեղ կազմակերպելու իրավասությունը տվյալ համայնքի ավագանու որոշմամբ կարող է վերապահվել նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց՝ վերջիններս հետ կնքված պայմանագրին համապատասխան։ Ընդ որում, ՀՀ տարածքում համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման որևէ բաց տարածք (բացառությամբ բակային տարածքների, ուսումնական, կրթական, մշակութային և առողջապահական հաստատությունների, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերի հարակից տարածքների) հանդիսանում է համայնքի ավագանու կողմից սահմանված վճարովի ավտոկայանատեղ, եթե վերջինս ունի ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա կցորդը կայանելու և կայանումից հանելու համար հարմարեցված անվտանգ ելքեր, ապահովված է Կարգով սահմանված պատշաճ կահավորանքի բոլոր բաղադրիչներով և այդ տարածքի սահմանները հարակից մյուս տարածքների սահմաններից զատված են երանգավոր գետնանշմամբ եզրագծերով։ Այլ կերպ ասած՝ համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման որոշակի բաց տարածք համայնքային վճարովի ավտոկայանատեղ կարող է համարվել, եթե այն ունի՝

ա հարակից գոտուց կարմիր գույնի գետնանշումներով առանձնացվածություն,

բ մուտքի և ելքի մատչելի ու անվտանգ անցամասեր,

գ ավտոտրանսպորտային միջոցը կայանողի համար մատչելի և տեսանելի վայրերում տեղադրվածությամբ «Կայանման տեղ», «Տրանսպորտային միջոցների կանգնեցման ձևը կայանման տեղերում», «Վճարովի ծառայություններ» ճանապարհային նշանների կահավորվածություն,

դ ավտոտրանսպորտային միջոցը կայանողի համար մատչելի և տեսանելի վայրերում տեղադրվածությամբ ավտոկայանատեղի վճարովի լինելու, ավտոկայանատեղի տարածքի, ավտոկայանատեղի կազմակերպչի լրիվ անվանման կամ անվան և ազգանվան, գտնվելու վայրի, հեռախոսահամարի, ավտոկայանատեղի աշխատանքային ռեժիմի, սահմանված վճարի չափերի, պայմանների և պատասխանատվության մասին հայերեն պարզ և ընթեռնելի նշումներով տվյալներն ընդգրկող տեղեկատվական ցուցանակի կահավորվածություն։

Ընդ որում, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ՝ թվարկված պայմաններից յուրաքանչյուրի առկայությունը պարտադիր է ՀՀ տարածքում համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման որևէ բաց տարածք (բացառությամբ բակային տարածքների, ուսումնական, կրթական, մշակութային և առողջապահական հաստատությունների, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերի հարակից տարածքների) համայնքային վճարովի ավտոկայանատեղ որակելու համար. այդ պայմաններից որևէ մեկի բացակայության դեպքում տարածքը չի կարող դիտարկվել որպես վճարովի ավտոկայանատեղ։

ՀՀ վճռաբեկ դատարանն անդրադառնալով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.7-րդ հոդվածով նախատեսված իրավախախտման դեպքը հիմնավորող ապացուցման միջոցների կիրառման առանձնահատկություններին` արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ «(․․․) այն պայմաններում, երբ համայնքի ավագանու որոշմամբ նախատեսված է համայնքային վճարովի ավտոկայանատեղում որոշակի ժամանակահատված անվճար կայանելու հնարավորություն, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.7-րդ հոդվածով նախատեսված իրավախախտման դեպքի առկայության համար անհրաժեշտ՝ ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա կցորդը սահմանված անվճար ժամանակահատվածից ավելի ժամանակով համայնքային վճարովի ավտոկայանատեղում կայանելու փաստը կարող է հաստատվել տեսանյութով կամ այնպիսի լուսանկարներով, որոնց քանակությունը և դրանց լուսանկարահանման հաճախականությունը հնարավորություն կտան հաշվարկելու անընդմեջ կայանման տևողությունը:

(․․․) տեսանյութն ու լուսանկարները միակ ապացույցները չեն, որոնք կարող են հաստատել տրանսպորտային միջոցի կայանման տևողությունը: (․․․) չի բացառում վճարովի ավտոկայանատեղերն այնպիսի տեխնիկական միջոցներով համալրելու կամ ավտոկայանատեղերն այնպես կազմակերպելու հնարավորությունը, որը թույլ կտա այլ կերպ հաշվառել յուրաքանչյուր տրանսպորտային միջոցի կայանման տևողությունը (․․․ (տե՛ս, Գեղամ Սիմոնյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/5084/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.12.2016 թվականի որոշումը)։

Միաժամանակ նկատի ունենալով իրավակիրառ պրակտիկայում տեսանյութի, որպես Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.7-րդ հոդվածով նախատեսված իրավախախտման դեպքը հիմնավորող ապացուցման միջոցի, օգտագործման հաճախակիությունը՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ ավտոկայանատեղում ավտոտրանսպորտային միջոցի կամ դրա կցորդի կայանումն ամրագրած տեսանյութը ևս երբեմն, օբյեկտիվորեն, կարող է չընդգրկել Կարգով և Ձևով սահմանված համայնքային վճարովի ավտոկայանատեղի կահավորանքի որոշ տարրերը։

Այսպես, Վճռաբեկ դատարանը չի բացառում վճարովի ավտոկայանատեղում կայանված ավտոտրանսպորտային միջոցների քանակով, կայանման դիրքով, տեղով կամ այլ օբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված տվյալ տեսանկարահանման տևողության ընթացքում վճարովի ավտոկայանատեղի կահավորանքի բոլոր տարրերի համաժամանակյա առկայության բացահայտման անհնարինությունը՝ հաշվի առնելով տեսանկարահանող սարքավորումների սահմանափակ ծավալի տարածություն տեսագրելու կարողությունը, ինչպես նաև կահավորանքի առանձին տարրերի որոշակի կոնկրետ հատվածում տեղադրվածությունը (օրինակ՝ ճանապարհային նշանները և տեղեկատվական ցուցանակ, որպես կանոն, տեղադրվում են համայնքային վճարովի ավտոկայանատեղի սկզբնամասում՝ ապահովելու համար մինչև ավտոտրանսպորտային միջոցի կայանումը վարորդների համար դրանց տեսանելիությունը)։

Հետևաբար, Վճռաբեկ դատարանի դիտարկմամբ՝ էլեկտրոնային համակարգերով և տեխնիկական միջոցներով հայտնաբերված խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի ընթացքում, ի թիվս Օրենքով նախատեսված ապացույցների, այլ ապացույցը ևս կարող է դրվել վարչական պատասխանատվության հիմքում, եթե այն բովանդակում է կոնկրետ ժամանակահատվածի միջակայքում կահավորանքի տարրերից յուրաքանչյուրի առկայության մասին առանձին և հստակ նշումներ, անհատականացնում է վճարովի ավտոկայանատեղի վայրը, ինչպես նաև, եթե այն տրամադրվել է իրավասու սուբյեկտի կողմից։ Այլ կերպ ասած՝ վարչական վարույթի ընթացքում ձեռք բերված այլ թույլատրելի ապացույցները կարող են միայն լրացնել, և ոչ թե փոխարինել ավտոտրանսպորտային միջոցի կայանումն ամրագրած տեսանյութին և տվյալ տրանսպորտային միջոցի մասով կայանման օրվա, ժամի դրությամբ գանձապետական հաշվի դրամական մուտքերի առկա տվյալներին։

Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում հավելել, որ վերոնշյալ դատողությունը բխում է օրենսդրի կողմից սահմանված այն կարգավորումից, ըստ որի՝ Օրենքի 3-րդ հոդվածի իմաստով համայնքի ավագանու որոշմամբ ավտոկայանատեղ կազմակերպելու իրավասությունը կարող է վերապահվել նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց, որոնք իրականացնում են վճարի գանձումը` համայնքի ղեկավարի հետ կնքված պայմանագրին համապատասխան: Հետևապես, բոլոր այն դեպքերում, երբ համայնքային վճարովի ավտոկայանատեղերի կազմակերպումը հանձված է ֆիզիկական կամ իրավաբանական անձի, ապա վերջիններս համայնքի ղեկավարի հետ կնքված պայմանագրի շրջանակում կրում են համայնքային վճարովի ավտոկայանատեղը Կարգի և Ձևի պահանջներով սահմանված ամբողջական ձևավորելու պարտականությունը։

Վերոգրյալից ակներև է, որ ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից համայնքային վճարովի ավտոկայանատեղի կազմակերպման պարագայում, հենց այդ սուբյեկտներն են իրականացնում համայնքային վճարովի կոնկրետ ավտոկայանատեղը տեսանկարահանող սարքավորումներով, ճանապարհային նշաններով, տեղեկատվական ցուցանակներով և համապատասխան գծանշումներով կահավորած լինելու հանգամանքները ստուգելու վերաբերյալ համապատասխան ուսումնասիրությունները, ըստ այդմ՝ տիրապետում կահավորանքի բաղադրիչներից յուրաքանչյուրի առկայության կամ բացակայության մասին տեղեկատվությանը։

Վկայակոչված իրավանորմերի և նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումների համադրված վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը, հաշվի առնելով, որ 26022021 թվականին ուժի մեջ մտած ՀՕ-38-Ն օրենքով սահմանվել են էլեկտրոնային համակարգերով և տեխնիկական միջոցներով հայտնաբերված խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունները, հանգում է այն եզրակացության, որ էլեկտրոնային համակարգերով և տեխնիկական միջոցներով հայտնաբերված խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի արդյունքում ընդունված վարչական ակտով անձը կարող է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 1247-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով ենթարկվել վարչական պատասխանատվության ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա կցորդը համայնքային վճարովի ավտոկայանատեղում կայանելու համար օրենքով սահմանված տեղական վճարը չվճարելու համար, եթե այդ վարչական վարույթում ձեռք բերված թույլատրելի ապացույցները՝ տրանսպորտային միջոցի կայանումն ամրագրած տեսանյութը և (կամ) լուսանկարը, տվյալ տրանսպորտային միջոցի մասով կայանման օրվա, ժամի դրությամբ գանձապետական հաշվի դրամական մուտքերի առկա տվյալները, տվյալ համայնքային վճարովի ավտոկայանատեղում իրավախախտման ամրագրման օրվա դրությամբ կահավորանքի տարրերի առկայության մասին վկայող այլ ապացույցներն իրենց համակցության մեջ փոխանցում են տվյալ ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա կցորդը համայնքային վճարովի ավտոկայանատեղում կայանելու վերաբերյալ այնպիսի բովանդակությամբ տեղեկատվություն, որը հստակ պատկերացում է տալիս այդ ավտոտրանսպորտային միջոցի կամ դրա կցորդի մակնիշի և պետհամարանիշի, համայնքային վճարովի ավտոկայանատեղիի վայրի, կահավորանքի տարրերից յուրաքանչյուրի, տվյալ ավտոտրանսպորտային միջոցի մասով կայանման օրվա, ժամի դրությամբ կատարված վճարումների մասին, և որոնց զուգորդված համադրման միջոցով հնարավոր է հանգել անկասկած հետևության՝ ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա կցորդը համայնքային վճարովի ավտոկայանատեղում սահմանված անվճար ժամանակահատվածից ավելի ժամանակով կայանված լինելու և սահմանված չափով տեղական վճարը վճարված չլինելու փաստերի միաժամանակյա առկայության մասին:

Ամբողջ վերոգրյալի հիման վրա անդրադառնալով սույն գործով բարձրացրած իրավական հարցադրմանը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բոլոր այն դեպքերում, երբ Օրենքի իրավակարգավորումների շրջանակում համայնքային վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու իրավասությունը վերապահված է մասնավոր սուբյեկտի, ապա ավտոկայանատեղի վայրի և կահավորանքի առանձին տարրերի առկայության վերաբերյալ վերջինիս տրամադրած գրությունը (տեղեկանքը կամ այլ փաստաթուղթը), կարող է հանդիսանալ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.7-րդ հոդվածի դիսպոզիցիայում նկարագրված իրավախախտման փաստը հաստատված համարելու և նույն հոդվածի սանկցիայի կիրառմամբ վարչական պատասխանատվություն կիրառելու համար թույլատրելի ապացույց, եթե դրանում նշված տեղեկատվությունները հնարավորություն են տալիս գնահատելու կոնկրետ ավտոկայանատեղի վայրում ավտոկայանատեղի կահավորանքի տարրերից յուրաքանչյուրի առկայությունը, այն պայմանով, որ վերջինիս բովանդակությունը չի հակասում ավտոկայանատեղում տրանսպորտային միջոցի կայանումն ամրագրած տեսանյութից և տվյալ տրանսպորտային միջոցի մասով կայանման օրվա, ժամի դրությամբ գանձապետական հաշվի դրամական մուտքերի առկա տվյալներից ստացված տեղեկատվությանը։

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Գայանե Մինասյանը դատարան ներկայացրած հայցադիմումով պահանջել է անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետարանի 04.02.2022 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ ՎՏ-0130385 որոշումը:

Դատարանը 11.03.2022 թվականի վճռով հայցը մերժել է՝ հետևյալ պատճառաբանությամբ. «()տվյալ դեպքում տեսանյութի, լուսանկարի և դրանցում պատկերված տրանսպորտային միջոցների և տեղանքում գտնվող այլ առարկաների համալիր ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ «33DG303» պետհամարանիշով «LEXUS RX 300» մակնիշի տրանսպորտային միջոցը 26.01.2022թ. ժամը 19:24-ից 26.01.2022թ. ժամը 19:44-ը 15 րոպեից ավելի ժամանակահատվածով կայանված է եղել ՀՀ, Երևան, Կորյուն փող., հատված CAM 16/6/2 հասցեում գտնվող համայնքային վճարովի ավտոկայանատեղում: Ինչ վերաբերում է հայցվորի ներկայացուցչի այն փաստարկին, որ կայանատեղը կահավորված չի եղել որպես վճարովի ավտոկայանատեղի, ապա Դատարանն գտնում է, որ հայցվորի նշված փաստարկը ևս անհիմն է, քանի որ վիճարկվող որոշման կայացման համար հիմք հանդիսացած տեսանյութի ուսումնասիրության արդյունքում տեսանելի է, որ «33DG303» պետհամարանիշով «LEXUS RX 300» մակնիշի տրանսպորտային միջոցը 26.01.2022թ. ժամը 19:24-ից կայանված է եղել ՀՀ, Երևան, Կորյուն փող., հատված CAM 16/6/2 հասցեում գտնվող համայնքային վճարովի ավտոկայանատեղում, ընդ որում տեսանյութում տեսանելի է կարմիր գույնի գետնանշումը: Բացի այդ, վարչական գործում առկա ՀՀ, Երևան, Կորյուն փող., հատված CAM 16/6/2 հասցեն վճարովի ավտոկայանատեղի հանդիսանալու փաստը հաստատվում է նաև «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ի կողմից Երևանի քաղաքապետարանի վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության բաժնի պետին ուղղված 31.01.2022 թվականի գրությամբ և դրան կից «Երևան քաղաքի ավտոկայանատեղերի կահավորում» վերտառությամբ փաստաթղթով ()»:

Վերաքննիչ դատարանը 03022023 թվականի որոշմամբ մերժել է Գայանե Մինասյանի վերաքննիչ բողոքը՝ որոշման պատճառաբանությունում նշելով հետևյալը. «սույն գործով վիճարկվող վարչական ակտի կայացման համար հիմք հանդիսացած տեսանյութում ք. Երևան, Կորյուն փող., հատված CAM 16/6/2-ը համայնքի ավագանու կողմից կազմակերպված վճարովի ավտոկայանատեղ որակելու համար անհրաժեշտ տարրերից տեսանելի է կարմիր գույնի գետնանշումը։ (…) «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ի կողմից Երևանի քաղաքապետարանին ուղղված 31.01.2022 թվականի գրությունից և դրան կից «Երևան քաղաքի ավտոկայանատեղերի կահավորում» վերտառությամբ փաստաթղթից հետևում է, որ 31.01.2022 թվականի նախորդող շաբաթվա ընթացքում նույն գրությանը կից ներկայացված ցանկում նշված համայնքային վճարովի ավտոկայանատեղերի հատվածներում առկա կահավորանքն ամբողջությամբ համապատասխանում է ՀՀ կառավարության 10.10.2012 թվականի թիվ 1293-Ն և թիվ 1281-Ն որոշումներով սահմանված կարգով նախատեսված պատշաճ կահավորանքի չափանիշներին, քանի որ սույն գործով վիճարկվող որոշմամբ որպես իրավախախտման օր նշված է 26.01.2022 թվականը, ինչը վկայում է այն մասին, որ ենթադրյալ իրավախախտումը տեղի է ունեցել 31.01.2022 թվականին նախորդող շաբաթվա ընթացքում, ուստի հիշյալ գրությունը և դրան կից փաստաթուղթը կարող են վկայել 26.01.2022 թվականի դրությամբ համայնքային վճարովի ավտոկայանատեղերի հատվածներում առկա կահավորանքը Կառավարության 10.10.2012 թվականի թիվ 1293-Ն և թիվ 1281-Ն որոշումներով սահմանված կարգով նախատեսված պատշաճ կահավորանքի չափանիշներին համապատասխանելու մասին()»:

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Սույն վարչական գործով վիճարկվող վարչական ակտով՝ Երևանի քաղաքապետարանի 04.02.2022 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ ՎՏ-0130385 որոշմամբ, Գայանե Մինասյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.7-րդ հոդվածով և նրա նկատմամբ նշանակվել է տուգանք՝ 5.000 ՀՀ դրամի չափով, այն բանի համար, որ վերջինիս պատկանող «33DG303» պետհամարանիշով «LEXUS RX 300» մակնիշի տրանսպորտային միջոցը 26.01.2022 թվականին, ժամը՝ 19:24-ից մինչև 19:44-ը, 15 րոպեից ավելի ժամանակահատվածով կայանված է եղել Երևան քաղաքի Կորյուն փողոց, հատված CAM 16/6/2 տարածքում գտնվող համայնքային վճարովի ավտոկայանատեղում՝ առանց վճարելու տրանսպորտային միջոցի կայանատեղիի համար սահմանված պարտադիր գանձույթը:

Նշված վարչական ակտի ընդունմանն ուղղված վարչական վարույթի ընթացքում Երևանի քաղաքապետարանի վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության բաժնի պետին ուղղված 31012022 թվականի թվագրմամբ գրությամբ «Փարկինգ Սիթի Սերվիս» փակ բաժնետիրական ընկերությունը հայտնել է, որ գրության տրման ամսաթվին նախորդող շաբաթվա ընթացում՝ որպես Երևան քաղաքում համայնքային վճարովի ավտոկայանատեղեր կազմակերպելու իրավասությամբ օժտված սուբյեկտ, «Փարկինգ Սիթի Սերվիս» փակ բաժնետիրական ընկերության կողմից կատարված համապատասխան տեղազննությունների և ուսումնասիրությունների արդյունքում հաստատվել է, որ գրությանը կից ներկայացված ցանկում համայնքային վճարովի ավտոկայանատեղերի հատվածում առկա կահավորանքն ամբողջությամբ համապատասխանել է ՀՀ կառավարության 10.10.2012 թվականի թիվ 1293-Ն և թիվ 1281-Ն որոշումներով սահմանված կարգով նախատեսված պատշաճ կահավորանքի չափանիշներին:

Այսպիսով, Երևանի քաղաքապետարանի 04.02.2022 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ ՎՏ-0130385 որոշման կայացման համար հիմք են հանդիսացել՝

ա. երկու լուսանկարները,

բ. տվյալ ավտոտրանսպորտային միջոցի մասով կայանման օրվա և ժամի դրությամբ համայնքային գանձապետական հաշվի դրամական մուտքերի տվյալները,

գ տվյալ ավտոտրանսպորտային միջոցը 15 րոպեից ավելի ժամանակով անընդմեջ կայանված վիճակում գտնվելու վերաբերյալ տեսանյութը,

դ «Փարկինգ Սիթի Սերվիս» փակ բաժնետիրական ընկերության 31012022 թվականի գրությունը, ըստ որի՝ 31012022 թվականին նախորդող շաբաթվա ընթացում կից ներկայացված ցանկում համայնքային վճարովի ավտոկայանատեղերի հատվածում առկա կահավորանքն ամբողջությամբ համապատասխանել է ՀՀ կառավարության 10.10.2012 թվականի թիվ 1293-Ն և թիվ 1281-Ն որոշումներով սահմանված կարգով նախատեսված պատշաճ կահավորանքի չափանիշներին։

Վերոշարադրյալի կապակցությամբ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ նախ վարչական վարույթի նյութ հանդիսացող թվով երկու լուսանկարներում արտացոլված է «33DG303» պետհամարանիշով «LEXUS RX 300» մակնիշի տրանսպորտային միջոցը՝ առաջինում կայանման սկզբի (ժամը՝ 19:24։18-ին) դրությամբ, իսկ երկրորդում՝ 15 րոպեից ավելի ժամանակ անց (ժամը՝ 19:44։26-ին)։ Միևնույն ժամանակ համայնքային գանձապետական հաշվի դրամական մուտքերի տվյալների վճարումների դաշտից կատարված քաղվածքից պարզ է դառնում, որ «33DG303» պետհամարանիշով ավտոտրանսպորտային միջոցի մասով որևէ վճարում երբևէ կատարված չի եղել, այդ թվում՝ 26.01.2022 թվականին ժամը՝ 19:24-ից մինչև 19:40-ն ընկած ժամանակահատվածում:

Անդրադառնալով վարչական վարույթի նյութ հանդիսացող տեսանյութին և դրանում կահավորանքի տարրերից յուրաքանչյուրի տեսանելիության հարցին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տեսանյութի ուսումնասիրությունից ակներև է, որ 26.01.2022 թվականին, ժամը՝ 19:24։17-ից, «33DG303» պետհամարանիշով «LEXUS RX 300» մակնիշի տրանսպորտային միջոցը հետընթաց շարժմամբ սկսում է կայանել երթևեկելի մասին սահմանակից մայթեզրին։ Ընդ որում՝ Վճռաբեկ դատարանը նկատում է, որ տեսանկարահանման ողջ ընթացում տեսանելի չէ կարմիր գույնի գետնանշումը։ Մինչդեռ, 26.01.2022 թվականին, ժամը՝ 19:24։17-ից (տրանսպորտային միջոցի հետընթաց շարժմամբ կայանման սկիզբ) մինչև նույն թվականի ժամը՝ 19։24։31-ը (տրանսպորտային միջոցի տեղակայման ավարտ) ընկած ժամանակահատվածում, երբ տեսանյութում հստակ երևում է ճանապարհի տվյալ հատվածը, առնվազն պետք է նշմարելի լիներ նաև կարմիր գույնի գետնանշումը։

Ինչ վերաբերում է տեսանյութում կահավորանքի մյուս տարրերի երևալուն, ապա Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ տեսանյութում նկատելի է, որ մինչ «33DG303» պետհամարանիշով «LEXUS RX 300» մակնիշի տրանսպորտային միջոցի կայանումը՝ երթևեկելի մասին սահմանակից մայթեզրին արդեն իսկ կայանված են այլ տրանսպորտային միջոցներ, ուստի հաշվի առնելով «33DG303» պետհամարանիշով «LEXUS RX 300» մակնիշի տրանսպորտային միջոցի առջևից և հետևից կայանված այլ տրանսպորտային միջոցների առկայությունը և դրանով պայմանավորված՝ «33DG303» պետհամարանիշով «LEXUS RX 300» մակնիշի տրանսպորտային միջոցի կայանման տեղը, ինչպես նաև տեսանկարահանող սարքավորումների սահմանափակ ծավալի տարածություն տեսագրելու կարողությունը՝ տվյալ տեսանկարահանման տևողության ընթացքում վճարովի ավտոկայանատեղի կահավորանքի բոլոր տարրերի համաժամանակյա առկայության բացահայտումն օբյեկտիվորեն հնարավոր չէ։

Անդրադառնալով «Փարկինգ Սիթի Սերվիս» փակ բաժնետիրական ընկերության 31012022 թվականի գրությանը և վերջինիս բովանդակությունն ավտոկայանատեղում տրանսպորտային միջոցի կայանումն ամրագրած տեսանյութից և տվյալ տրանսպորտային միջոցի մասով կայանման օրվա, ժամի դրությամբ գանձապետական հաշվի դրամական մուտքերի առկա տվյալներից ստացված տեղեկատվությանը համապատասխանելու հարցին՝ Վճռաբեկ դատարանը նախ արձանագրում է, որ գրության ամսաթվին նախորդող շաբաթն ընդգրկում է 24.01.2022 թվականից 31.01.2022 թվականն ընկած օրերը, ինչն իր հերթին վկայում է այն մասին, որ 26.01.2022 թվականը, որպես իրավախախտման կատարման օր, ներառվում է նշված ժամանակահատվածում, բացի այդ գրությանը կից «Երևան քաղաքի ավտոկայանատեղերի կահավորում» վերտառությունը կրող փաստաթղթի «Փողոցների անվանում» սյունակի 19-րդ համարի ներքո նշված է՝ «Կորյուն փողոց», որը «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ ՎՏ-0130385 որոշմամբ որպես իրավախախտման վայր բնորոշված տարածքն է, իսկ «Տեսախցիկի հսկողություն», «Ճանապարհային նշան և տեղեկատվական ցուցանակ», «Գծանշումներ» սյունակների 19-րդ համարի ներքո նշված է՝ «առկա է» գրառումը, որը ներառում է Կարգով և Ձևով սահմանված պատշաճ կահավորանքի բոլոր տարրերը:

Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը նկատում է, որ «Փարկինգ Սիթի Սերվիս» փակ բաժնետիրական ընկերության 31012022 թվականի գրությունից և տեսանյութից ստացված տեղեկատվությունները, առնվազն կարմիր գույնի գծանշումների առկայության մասով, միմյանց հակասող են, հետևաբար սույն գործով «Փարկինգ Սիթի Սերվիս» փակ բաժնետիրական ընկերության 31012022 թվականի գրությունը չի կարող հանդիսանալ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.7-րդ հոդվածի դիսպոզիցիայում նկարագրված իրավախախտման փաստը հաստատված համարելու և նույն հոդվածի սանկցիայի կիրառմամբ վարչական պատասխանատվություն կիրառելու համար թույլատրելի ապացույց։

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարչական վարույթի ընթացքում ձեռք բերված ապացույցներից յուրաքանչյուրի առանձին-առանձին, ապա դրանց համադրված հետազոտության և գնահատման արդյունքում չի հաստատվում «33DG303» պետհամարանիշով «LEXUS RX 300» մակնիշի տրանսպորտային միջոցի 26.01.2022 թվականին, ժամը՝ 19:24-ից մինչև 19:44-ը, 15 րոպեից ավելի ժամանակահատվածով Երևան քաղաքի Կորյուն փողոց, հատված CAM 16/6/2 տարածքում գտնվող համայնքային վճարովի ավտոկայանատեղում առանց տրանսպորտային միջոցի կայանատեղի համար սահմանված պարտադիր գանձույթը վճարելու կայանված լինելու և ըստ այդմ՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.7-րդ հոդվածով նախատեսված իրավախախտման փաստը, որն անտեսվել է ստորադաս դատարանների կողմից։

Վերոհիշյալ պատճառաբանությամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վիճարկվող վարչական ակտը վարչական մարմինն ընդունել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.7-րդ հոդվածի 1-ին մասի խախտմամբ, որպիսի հանգամանքն այդ վարչական ակտն անվավեր ճանաչելու հիմք է, հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով վիճարկվող վարչական ակտի իրավաչափության վերաբերյալ Դատարանի և Վերաքննիչ դատարանի եզրահանգումներն անհիմն են:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել նաև հետևյալը.

ՀՀ Սահմանադրության 171-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ Վճռաբեկ դատարանը դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում վերանայելու միջոցով ապահովում է օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը։

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ Վճռաբեկ դատարանը դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում վերանայելու միջոցով ապահովում է օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը։

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը Վճռաբեկ դատարանն ապահովում է, եթե առկա է իրավունքի զարգացման խնդիր, կամ տարբեր գործերով դատարանների կողմից նորմատիվ իրավական ակտը տարաբնույթ է կիրառվել կամ չի կիրառվել տարաբնույթ իրավաընկալման հետևանքով:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք իր գործի քննության ժամանակ որպես իրավական փաստարկ իրավունք ունի վկայակոչելու նույնանման փաստերով այլ գործով Հայաստանի Հանրապետության դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատական ակտում առկա օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտի մեկնաբանությունները: Դատարանն անդրադառնում է նման իրավական փաստարկներին:

Տվյալ դեպքում բողոք բերած անձի կողմից, որպես իրավական փաստարկ, վկայակոչվել է թիվ ՎԴ/3890/05/22 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի կողմից կայացված դատական ակտը, որով ՀՀ վարչական դատարանը վերլուծության ենթարկելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.7-րդ և «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի և վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի 16.2-րդ հոդվածները եզրահանգում է արել այն մասին, որ «Փարկինգ Սիթի Սերվիս» փակ բաժնետիրական ընկերության գրությունը և դրան կից՝ Երևան քաղաքի ավտոկայանատեղերի կահավորման մասին տեղեկությունը որևէ կերպ չեն կարող գնահատման առարկա դառնալ վարչական գործով քննարկման առարկա վեճի լուծման դեպքով՝ վիճարկվող վարչական ակտի իրավաչափության վիճարկման հայցով:

Վճռաբեկ դատարանը, արժևորելով օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունն ապահովելու իր սահմանադրական առաքելությունը, անհրաժեշտ է համարում նշել, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.7-րդ և «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի և վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի 16.2-րդ հոդվածները ենթակա են կիրառման սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ, ինչն էական նշանակություն կունենա էլեկտրոնային համակարգերով և տեխնիկական միջոցներով հայտնաբերված ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի խախտումների վերաբերյալ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:

 

Ամփոփելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները, ինչպես նաև հաշվի առնելով սույն որոշման մեջ վկայակոչված ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումներով արտահայտված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 151-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և փոփոխելու համար:

 

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի վերոգրյալ հոդվածով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ նաև սույն գործով դատական ծախսերի բաշխման հարցին:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախuերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախuերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 58-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` գործի քննության հետ կապված այլ ծախսերն են` դատավարության մասնակիցների ներկայացուցիչների վճարները։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ պետական տուրքը ենթակա է վերադարձման մասնակի կամ լրիվ, եթե պետական տուրքը վճարվել է ավելի, քան պահանջվում է գործող օրենսդրությամբ:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով հայցվոր՝ Գայանե Մինասյանի կողմից հայցադիմումի, վերաքննիչ բողոքի և վճռաբեկ բողոքի համար արդեն վճարվել է համապատասխանաբար 4.000 ՀՀ դրամ, 14.000 ՀՀ դրամ, 24.000 ՀՀ դրամ, և քանի որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, այսինքն` այդ ծավալով վճարված պետական տուրքն անհրաժեշտ է եղել վճռաբեկ բողոք բերած անձի դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար, ուստի, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Գայանե Մինասյանի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումարը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի հիմքով ենթակա է հատուցման Երևանի քաղաքապետարանի կողմից:Բացի այդ, Երևանի քաղաքապետարանից հօգուտ Գայանե Մինասյանի, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ, 58-րդ և 60-րդ հոդվածների համաձայն, ենթակա է բռնագանձման գործի քննության հետ կապված այլ ծախսի՝ Գայանե Մինասյանի ներկայացուցչի վճարի հատուցման գումարը։ Ընդ որում, հատուցման չափը որոշելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում ծախսերի ողջամիտ չափը, որը Անի Դավթյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության թիվ ՎԴ/6377/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 20.07.2017 թվականի որոշմամբ արտահայտված դիրքորոշումների համաձայն, տվյալ դեպքում հիմք ընդունելով սույն գործի բարդությունը, ներկայացուցչի կատարած աշխատանքի ծավալը (հայցադիմումի, վերաքննիչ և վճռաբեկ բողոքների ներկայացում), Գայանե Մինասյանի և անհատ ձեռնարկատեր Վարդևան Պետրոսյանի միջև 05.02.2022 թվականին և 29032022 թվականին կնքված փաստաբանական ծառայությունների մատուցման պայմանագրերով սահմանված՝ ներկայացուցչին վճարման ենթակա գումարի չափի և վիճարկվող վարչական ակտով առաջադրված տուգանքի գումարի չափի հարաբերակցությունը՝ կարող է կազմել հենց պայմանագրերում նշված՝ ընդհանուր 40.000 ՀՀ դրամը: Հետևաբար Երևանի քաղաքապետարանից հօգուտ Գայանե Մինասյանի անհրաժեշտ է բռնագանձել 40.000 ՀՀ դրամ` որպես ներկայացուցչի վճարի գծով դատական ծախսի հատուցման գումար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 03.02.2023 թվականի որոշումը և փոփոխել այն. Գայանե Մինասյանի հայցը բավարարել` Երևանի քաղաքապետարանի 04.02.2022 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ ՎՏ-0130385 որոշումը ճանաչել անվավեր։

2. Երևանի քաղաքապետարանից հօգուտ Գայանե Մինասյանի բռնագանձել 4.000 ՀՀ դրամ` որպես հայցադիմումի համար նախապես վճարված պետական տուրքի գումար, 14.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար, 24.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:

Երևանի քաղաքապետարանից հօգուտ Գայանե Մինասյանի բռնագանձել 40.000 ՀՀ դրամ` որպես ներկայացուցչի վճարի գծով դատական ծախսի հատուցման գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող

Հ. Բեդևյան

Զեկուցող

ա. Թովմասյան

Լ. Հակոբյան

ռ. Հակոբյան

քՄԿՈՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 հունիսի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան