ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի որոշում |
Վարչական գործ թիվ ՎԴ/2961/05/20 2024 թ. | ||||||
Վարչական գործ թիվ ՎԴ/2961/05/20 | |||||||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝
նախագահող |
Հ. Բեդևյան | |
զեկուցող |
Ռ. Հակոբյան | |
Ա. Թովմասյան Լ. Հակոբյան | ||
Ք. Մկոյան |
2024 թվականի մայիսի 29-ին
գրավոր ընթացակարգով քննելով «ՖԱՐՄՊԼԱՍՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 22․09․2023 թվականի որոշման դեմ` վարչական գործով ըստ հայցի Ընկերության ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե)` վերահաշվարկ կատարելուն և հարկային պարտավորությունների բացակայության պայմաններում փաստացի վճարված գումարը՝ 12.351.799 ՀՀ դրամը, և բռնագանձված 1.914.802 ՀՀ դրամ տույժի գումարը վերադարձնելուն պարտավորեցնելու պահանջների մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է պարտավորեցնել պատասխանողին կատարել վերահաշվարկ և վերադարձնել հարկային պարտավորությունների բացակայության պայմաններում փաստացի վճարված գումարը՝ 12.351.799 ՀՀ դրամը, և բռնագանձված 1.914.802 ՀՀ դրամ տույժի գումարը։
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Գ. Սոսյան) (այսուհետ` Դատարան) 01.06.2022 թվականի վճռով հայցը բավարարվել է։
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 22.09.2023 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքն ամբողջությամբ մերժվել է, իսկ Կոմիտեի վերաքննիչ բողոքն ամբողջությամբ բավարարվել է` Դատարանի 01.06.2022 թվականի վճիռն ամբողջությամբ բեկանվել է և գործն ուղարկվել է նույն դատարան՝ ամբողջ ծավալով նոր քննության:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչ՝ Վարդան Ալոյան)։
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ, 25-րդ, 27-րդ, 124-րդ, 144-րդ, 150-րդ և 151-րդ հոդվածները, չի կիրառել վիճելի իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ հարկային օրենսգրքի 4-րդ, 139-րդ, 141-րդ, 143-րդ և 147-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր և կիրառել է ՀՀ հարկային օրենսգրքի 327-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր։
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Ընկերության ներկայացրած բոլոր փաստերը Կոմիտեն ընդունել է, և դրանք հաստատվել են նաև Դատարանի վճռով։ Կոմիտեն անգամ իր վերաքննիչ բողոքում ևս մեկ անգամ ընդունել է Ընկերության վկայակոչած բոլոր փաստերը և դրանք չի բողոքարկել։ Այսինքն՝ գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերն անվիճելի են, և գործի լուծման համար դատարանի կողմից անհրաժեշտ է պարզել բացառապես իրավունքի հարցեր։
Որպես Դատարանի կողմից վճռում թույլ տված միակ խախտում Կոմիտեն բողոքում նշել էր այն, որ Դատարանը հաշվի չի առել, որ գրավատու Վառլամ Հակոբյանի մոտ եկամուտ ստանալը դրսևորվել է պարտավորությունների նվազեցումով։
Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը պետք է բողոքի շրջանակներում քննության առարկա դարձներ բողոքն ըստ էության և ի պաշտոնե պարզեր, թե Վառլամ Հակոբյանն արդյոք ստացել է որևէ եկամուտ, թե՝ ոչ, և որպես դրա հետևանք արդյոք Ընկերությունը, որպես հարկային գործակալ, ուներ եկամտային հարկ վճարելու պարտավորություն, թե՞ ոչ։ Մինչդեռ Վերաքննիչ դատարանը բողոքում բարձրացված հարցադրմանն անդրադառնալիս վկայակոչել է եկամտային հարկին և գրավին վերաբերող համապատասխան իրավական նորմերը, սակայն դրանց մասով որևէ վերլուծություն չի կատարել, դրանք չի համեմատել սույն գործի փաստական հիմքերի հետ և որևէ եզրահանգման չի եկել, այլ, լրիվ շեղվելով վերաքննիչ բողոքում ներկայացված պահանջի սահմաններից ու տրամաբանությունից, քննության առարկա է դարձրել հարկային միասնական հաշվից գումարների վերադարձման հարցը, որը որևէ կերպ քննարկման առարկա չի դարձրել ո՛չ Ընկերությունը, ո՛չ Կոմիտեն և ո՛չ էլ Դատարանը, քանի որ վերադարձման ենթակա գումարը չի գտնվում միասնական հաշվին։
Վերաքննիչ դատարանը վճիռը բեկանելու համար հիմք է ընդունել այն, որ գործում չի հայտնաբերել միասնական հաշվին առկա գումարների վերադարձման համար Ընկերության դիմումը՝ անտեսելով, որ սույն գործում բնականաբար առկա չէ, և չպետք է լիներ միասնական հաշվին առկա գումարը վերադարձնելու դիմում, քանի որ նման դիմում ներկայացվում է այն ժամանակ, երբ վերադարձման ենթակա գումարն արդեն իսկ միասնական հաշվին է։ Մինչդեռ, տվյալ դեպքում վերադարձման ենթակա գումարը դեռևս միասնական հաշվին չէ, որպեսզի Ընկերությունը դիմում գրեր և ստանար այդ գումարը։
Վերաքննիչ դատարանը դուրս է եկել վերաքննիչ բողոքի և առհասարակ գործի քննության շրջանակներից և գործում չհայտնաբերելով այնպիսի դիմում, որը չպետք է լիներ՝ կայացրել է ոչ իրավաչափ դատական ակտ։
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ սույն գործում քննության առարկա է մեկ հարց. արդյո՞ք գրավատու ֆիզիկական անձի գույքը վարկառու ընկերության սնանկության վարույթի շրջանակներում օտարվելու և օտարման արդյունքում բանկի հանդեպ վարկառու ընկերության ունեցած վարկային պարտավորությունները և այլ վճարումները կատարելու արդյունքում գրավատու ֆիզիկական անձին որևէ գումար վճարելու պարտավորություն չառաջանալու դեպքում, նա ստանում է որևէ եկամուտ, որի հիմքով վերջինիս մոտ ծագում է եկամտային հարկ վճարելու պարտավորություն։
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ նախ՝ հիմնավոր չէ Կոմիտեի այն պնդումը, որ գրավատու Վառլամ Հակոբյանի մոտ եկամուտ ստանալը դրսևորվել է պարտավորությունների նվազեցումով, երկրորդ՝ եթե անգամ նրա որևէ պարտավորության նվազեցում էլ տեղի ունենար, ապա դա ՀՀ հարկային օրենսգրքի տեսակետից չի հանդիսանում անձնական եկամուտ և չի կարող հանդիսանալ հարկման բազա։
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նաև, որ սույն գործով արդեն իսկ հաստատվել է այն փաստը, որ գույքի նախկին սեփականատեր Վառլամ Հակոբյանը որևէ դրամական միջոց կամ այլ ակտիվ չի ստացել։ Այս փաստն ընդունում է նաև պատասխանողը և այդ մասին նշել է նաև վերաքննիչ բողոքում։ Վառլամ Հակոբյանին գույքի արժեքի մնացորդը վճարելու պարտավորություն կառավարչի մոտ կառաջանար այն դեպքում, երբ գույքի արժեքից բանկի ապահովված ամբողջ պահանջը բավարարվելուց և սնանկության վարույթի ծախսերը բավարարվելուց հետո մնար ինչ-որ գումար։
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Վառլամ Հակոբյանը չի ստացել դրամական միջոց կամ այլ ակտիվ, այսինքն՝ չի ունեցել որևէ եկամուտ, այդ թվում պարտավորությունների նվազման տեսքով չի ստացել, հետևաբար չի կարող խոսք գնալ եկամտային հարկի մասին։
Վերոգրյալի հիման վրա՝ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 22․09․2023 թվականի որոշումը և փոփոխել այն՝ Ընկերության հայցն ամբողջությամբ բավարարել՝ լուծելով նաև պատասխանողից հօգուտ հայցվորի որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար 3․766․649 ՀՀ դրամ բռնագանձելու հարցը։
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի (գրավառու), «Գոլդ Վառ» ՍՊԸ-ի (վարկառու) և Վառլամ Հակոբյանի (գրավատու) միջև 02.07.2013 թվականին կնքվել է պարտապան չհանդիսացող անձին պատկանող անշարժ գույքի հաջորդող գրավի թիվ 225248 պայմանագիրը, որի 1.1 կետի համաձայն՝ վարկառուի և գրավառուի միջև 14.09.2011 թվականին կնքված թիվ VP007174 ՀՊ հիմնական պայմանագրով գրավառուի հանդեպ վարկառուի ստանձնած պարտավորությունները վերջինիս կողմից չկատարվելու դեպքում կամ ոչ պատշաճ կատարվելու դեպքում գրավառուն իրավունք ունի վարկառուի նկատմամբ իր պահանջները բավարարել պայմանագրի 1.2 կետում նշված անշարժ գույքի հաշվին, իսկ նույն պայմանագրի 1.2 կետի համաձայն՝ հաջորդող գրավի առարկա է հանդիսանում ՀՀ Կոտայքի մարզ, Աբովյան համայնք, 2-րդ արդյունաբերական գոտի թիվ 3/5 պահեստային տնտեսություն հասցեում գտնվող անշարժ գույքը, որը, ըստ նույն պայմանագրի 1.3 կետի համաձայն, սեփականության իրավունքով պատկանում է գրավատուին (անշարժ գույքի վկայական՝ թիվ 12022013-07-0573) (հատոր 1-ին, գ․թ․ 86-90)․
2) ՀՀ ինտերնետով ծանուցման պաշտոնական կայքում «Գոլդ Վառ» ՍՊԸ-ի «Գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին» 02.04.2019 թվականին տեղադրված հայտարարության համաձայն՝ 09.04.2019 թվականին ժամը 11:00-ին «Գոլդ Վառ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարչի կողմից ՀՀ սնանկության դատարանի կենտրոնական նստավայրում անցկացվելու է «Գոլդ Վառ» ՍՊԸ-ին պատկանող «Ամերիաբանկ» ՓԲԸ-ում վարկային պարտավորությունների ապահովման միջոց հանդիսացող գրավադրված գույքերի աճուրդը՝ ըստ հետևյալ խմբերի՝ խումբ 15՝ անշարժ գույք, բաղկացած 1 լոտից, լոտ 1, ք․ Աբովյան 2-րդ արդ. գոտի, պահեստային տնտեսություն – 61.728.997 ՀՀ դրամ, վճարված չէ հողամասի կադաստրային արժեքը, որը կազմում է 10.291.116 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ․թ․ 18)․
3) «Աճուրդի արդյունքների մասին» 19.04.2019 թվականի արձանագրության համաձայն՝ նույն օրը կայացած աճուրդում Ընկերության տնօրեն Արթուր Պողոսյանը, աճուրդային վաճառքի արդյունքում առաջարկելով 61.728.997 ՀՀ դրամ մեկնարկային գին ունեցող խումբ 15 թիվ 1 լոտի (ք. Աբովյան, 2-րդ արդյունաբերական գոտի, թիվ 3/5 պահեստային տնտեսություն հասցեում գտնվող անշարժ գույք) գնման ամենաբարձր գինը՝ 61.728.997 ՀՀ դրամ, ճանաչվել է աճուրդում հաղթող (հատոր 1-ին, գ․թ․ 19)․
4) «Գոլդ Վառ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Արտակ Մարտիրոսյանի (վաճառող) և Ընկերության (տնօրեն Արթուր Պողոսյան) (գնորդ) միջև 30.04.2019 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի 1-ին կետով վաճառողը վաճառել է անշարժ գույքը՝ համաձայն ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 14.12.2016 թվականի թիվ ԿԴ/0071/04/15 գործով որոշման և աճուրդի արդյունքների մասին 19.04.2019 թվականի արձանագրության, նույն պայմանագրի 2-րդ կետի համաձայն՝ անշարժ գույքը բաղկացած է ՀՀ Կոտայքի մարզ, Աբովյան համայնք, 2-րդ արդյունաբերական գոտի թիվ 3/5 պահեստային տնտեսություն հասցեում գտնվող անշարժ գույքից, նույն պայմանագրի 4-րդ կետի համաձայն՝ անշարժ գույքի վաճառքի գինը կազմում է 61.728.997 ՀՀ դրամ, իսկ 5-րդ կետի համաձայն՝ անշարժ գույքի վաճառքի գումարը փոխանցված է վաճառողի սնանկության հատուկ հաշվեհամարին, և 7.1 կետի համաձայն՝ անշարժ գույքը գրավի տակ է գտնվում «Ամերիաբանկ» ՓԲԸ-ում, առկա է արգելանք, համաձայն՝ ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման Արաբկիր սպասարկման գրասենյակի կողմից 25․04․2019 թվականի տրված՝ թիվ ՄՏ-25042019-07-0395 միասնական տեղեկանքի (հատոր 1-ին, գ․թ․ 20-21)․
5) «Գոլդ Վառ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարչի կողմից հաստատված «Գոլդ Վառ» ՍՊԸ-ի միջոցների բաշխման ծրագրի համաձայն՝ որպես ապահովված պահանջ նշվել է 56.085.745 ՀՀ դրամ, որպես կառավարչի վարձատրություն՝ 4.926.002 ՀՀ դրամ, վարչական ծախսեր, այդ թվում՝ գույքի գնահատման, պահպանման և տնօրինման համար անհրաժեշտ ծախսեր՝ 717.250 ՀՀ դրամ, ընդամենը՝ 61.728.997 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ․թ․ 22)․
6) Կոմիտեի կողմից 24.09.2019 թվականին Ընկերության վերաբերյալ կազմվել է թիվ Վ1/1447/2019/ՓԿ արձանագրությունը, ըստ որի՝ 2019 թվականի մայիս ամսվա եկամտային հարկի հաշվարկի «արտադրական, այլ առևտրային և հասարակական նշանակության գույքի, ներառյալ՝ շենքերի, շինությունների (այդ թվում՝ անավարտ, կիսակառույց), արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի կամ գույքի սեփականությունում անձին պատկանող բաժնեմասի օտարումից եկամուտ» տողում չի արտացոլվել 61.758.997 ՀՀ դրամ, որի արդյունքում եկամտային հարկի գումարը կկազմի 12.351.799 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ․թ․ 94)․
7) Ընկերությունը 24.03.2020 թվականին վարչական բողոք է ներկայացրել Կոմիտե՝ խնդրելով կատարել վերահաշվարկ և վերադարձնել հարկային պարտավորությունների բացակայության պայմաններում իր կողմից փաստացի վճարված գումարը։ Կոմիտեի հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի 14.04.2020 թվականի թիվ 23/9 որոշմամբ Ընկերության դիմում-բողոքի քննարկման վարույթը կարճվել է՝ այն պատճառաբանությամբ, որ Ընկերության բողոքը վերաբերում է իր իսկ կողմից ներկայացված հաշվարկի արդյունքում առաջացած պարտավորությանը (հատոր 1-ին, գ․թ․ 10-17)։
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, քանի որ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ ՀՀ հարկային օրենսգրքի 139-րդ հոդվածի 1-ին մասի, 141-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 145-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, 146-րդ հոդվածի 1-ին մասի և 147-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի «բ» ենթակետի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր, ինչպես նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս դատարանը թույլ է տվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը։
Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը․
- արդյո՞ք վարկային պարտավորությունների ապահովման համար վարկառու չհանդիսացող գրավատուի կողմից գրավադրված գույքը սնանկության վարույթի շրջանակներում հարկ վճարող կազմակերպությանն օտարվելու դեպքում, այդ կազմակերպությունը, որպես հարկային գործակալ, կրում է եկամտային հարկ վճարելու պարտավորություն:
ՀՀ Սահմանադրության 171-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Վճռաբեկ դատարանը դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում վերանայելու միջոցով`
1) ապահովում է օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը.
2) վերացնում է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտումները:
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ Վճռաբեկ դատարանը դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում վերանայելու միջոցով ապահովում է օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը։
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը Վճռաբեկ դատարանն ապահովում է, եթե առկա է իրավունքի զարգացման խնդիր, (...):
Վճռաբեկ դատարանը տվյալ դեպքում օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունն ապահովելու սահմանադրական իր առաքելությունն իրացնելու և ըստ այդմ սույն գործով իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ ՀՀ հարկային օրենսգրքի 139-րդ հոդվածի 1-ին մասի, 141-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 145-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, 146-րդ հոդվածի 1-ին մասի և 147-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի «բ» ենթակետի կիրառման կապակցությամբ իրավունքը զարգացնելու անհրաժեշտությունից ելնելով հարկ է համարում անդրադառնալ նշված իրավանորմերի բովանդակությանը և բացահայտել դրանով կարգավորվող հարաբերությունները:
ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ մասն ամրագրում է յուրաքանչյուրի՝ օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր մուծելու, պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ կատարելու պարտականությունը: «Օրենքին համապատասխան սահմանված» հասկացությունը բովանդակում է հարկերի, տուրքերի՝ բացառապես օրենքով սահմանված լինելու սահմանադրական պահանջ, որպիսի պահանջից բխում է, որ հարկերը, տուրքերը համարվում են սահմանված, եթե օրենքով սահմանվել են դրանց բաղկացությունը կազմող էական տարրերը։ Ընդ որում, այդ տարրերի՝ օրենքով պարտադիր ամրագրված լինելը դիտվում է որպես այս կամ այն հարկատեսակի էական պայման և այդ հարկատեսակի մասով պարտավորության առաջադրման հիմք։
Սահմանադրական այս նորմին համահունչ՝ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ ՀՀ հարկային օրենսգրքի (այսուհետ նաև՝ Օրենսգիրք) 9-րդ հոդվածով սահմանված են հարկի և վճարի սահմանման ընդհանուր պայմանները։ Համաձայն նշված հոդվածի 1-ին մասի՝ հարկը և վճարը համարվում են սահմանված միայն այն դեպքում, երբ սահմանված են հետևյալ տարրերը, բացառությամբ նույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերի.
1) հարկ վճարողների շրջանակը.
2) հարկման օբյեկտը.
3) հարկման բազան.
4) հարկի դրույքաչափը.
5) հարկի հաշվարկման կարգը.
6) հարկի վճարման կարգը և ժամկետները:
Նշված տարրերից յուրաքանչյուրի ընդհանուր բովանդակությունը բացահայտված է ՀՀ հարկային օրենսգրքի համապատասխանաբար 10-12-րդ, 14-րդ և 18-րդ հոդվածներում․ այդ տարրերից յուրաքանչյուրն ունի նաև իր կոնկրետ բովանդակությունը՝ պայմանավորված ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կոնկրետ հարկատեսակի բնույթով ու առանձնահատկությամբ։
Օրենսգրքով սահմանված պետական հարկի տեսակներից է եկամտային հարկը, որը ՀՀ հարկային օրենսգրքի 139-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Օրենսգրքի 141-րդ հոդվածով սահմանված հարկման օբյեկտի համար Օրենսգրքով սահմանված կարգով, չափով և ժամկետներում պետական բյուջե վճարվող պետական հարկ է:
ՀՀ հարկային օրենսգրքի 140-րդ հոդվածն ամրագրում է եկամտային հարկ վճարող անձանց շրջանակը, այն է՝ ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձինք, անհատ ձեռնարկատերերը և նոտարները՝ որպես ֆիզիկական անձինք՝ միայն անձնական եկամուտների մասով։
ՀՀ հարկային օրենսգրքի 141-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ եկամտային հարկով հարկման օբյեկտ է համարվում՝
1) ռեզիդենտ ֆիզիկական անձանց համար՝ Հայաստանի Հանրապետության աղբյուրներից և (կամ) Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող աղբյուրներից ստացվող համախառն եկամուտը, բացառությամբ Հայաստանի Հանրապետությունում հաշվառված անհատ ձեռնարկատերերի և նոտարների ձեռնարկատիրական եկամուտների.
2) ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց համար՝ Հայաստանի Հանրապետության աղբյուրներից ստացվող համախառն եկամուտը, բացառությամբ մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող և (կամ) մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետության աղբյուրներից եկամուտ ստացող ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց մշտական հաստատությանը վերագրվող եկամուտների, ինչպես նաև արտաքին տնտեսական գործունեությունից ստացվող եկամուտների: Սույն կետի կիրառության իմաստով՝ արտաքին տնտեսական գործունեությունն ընդունվում է Օրենսգրքի 108-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված նշանակությամբ:
ՀՀ հարկային օրենսգրքի 143-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ եկամտային հարկով հարկման բազա է համարվում՝
1) ռեզիդենտ ֆիզիկական անձանց համար՝ հարկվող եկամուտը, որը որոշվում է որպես Օրենսգրքի 141-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված համախառն եկամտի և Օրենսգրքի 147-րդ հոդվածով սահմանված նվազեցվող եկամուտների դրական տարբերություն.
2) ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց համար՝ հարկվող եկամուտը, որը որոշվում է որպես Օրենսգրքի 141-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված համախառն եկամտի և Օրենսգրքի 147-րդ հոդվածով սահմանված նվազեցվող եկամուտների դրական տարբերություն:
«Համախառն եկամուտ» հասկացության բովանդակությունը բացահայտված է ՀՀ հարկային օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 27-րդ կետում, այն է՝ համախառն եկամուտը հաշվետու ժամանակաշրջանում ստացված կամ ստացման ենթակա Օրենսգրքով սահմանված եկամուտների հանրագումարն է։
Օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետով առանձնացված են եկամտի հետևյալ տեսակները՝ ձեռնարկատիրական, անձնական և (կամ) պասիվ եկամուտներ, որոնցից յուրաքանչյուրի բովանդակությունը բացահայտված է նույն մասի 24-26-րդ կետերում։
Այսպես՝
- ձեռնարկատիրական եկամուտ է կազմակերպության, անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի կողմից իրականացվող գործունեությանը վերագրվող ակտիվի աճը կամ պարտավորության նվազումը, որը, առանձին վերցրած, հանգեցնում է կազմակերպության սեփական կապիտալի կամ անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի զուտ ակտիվների ավելացման, բացառությամբ Օրենսգրքի 108-րդ հոդվածով սահմանված եկամուտ չհամարվող տարրերի և նույն մասի 25-րդ կետի կիրառության իմաստով անձնական եկամուտ համարվող՝ անհատ ձեռնարկատեր կամ նոտար համարվող ռեզիդենտ ֆիզիկական անձի կողմից ստացվող շահաբաժինների: Նույն կետի կիրառության իմաստով՝ ձեռնարկատիրական եկամուտ է համարվում նաև անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձի կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեությունից ստացվող եկամուտը,
- անձնական եկամուտ է ֆիզիկական անձի կողմից աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում իրականացվող գործունեությանը վերագրվող կամ ցանկացած այլ հիմքով (բացառությամբ նույն մասի 24-րդ և 26-րդ կետերով սահմանված դեպքերի) ստացվող դրամական միջոցը կամ այլ ակտիվը (այդ թվում՝ բնամթերային ձևով): Նույն կետի կիրառության իմաստով՝ անհատ ձեռնարկատեր կամ նոտար համարվող ռեզիդենտ ֆիզիկական անձի կողմից ստացվող շահաբաժինը համարվում է անձնական եկամուտ՝ անկախ շահաբաժինը որպես անհատ ձեռնարկատեր կամ որպես նոտար ստանալու հանգամանքից և նույն մասի 26-րդ կետի դրույթներից.
- պասիվ եկամուտ է ֆիզիկական անձի կամ Օրենսգրքի 27-րդ հոդվածի համաձայն, Հայաստանի Հանրապետությունում հաշվառված մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից իր ակտիվների ներդրմամբ (տրամադրելով) բացառապես այլ անձանց գործունեությունից ստացվող եկամուտները, մասնավորապես՝ շահաբաժին, տոկոս, ռոյալթի, վարձակալական վճար, ակտիվների արժեքի հավելաճ (բացառությամբ սույն մասի 24-րդ կետով սահմանված դեպքերի և սույն մասի 25-րդ կետի կիրառության իմաստով անձնական եկամուտ համարվող՝ անհատ ձեռնարկատեր կամ նոտար համարվող ռեզիդենտ ֆիզիկական անձի կողմից ստացվող շահաբաժինների)։
Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Օրենսգրքի 6-րդ հոդվածով սահմանված պետական հարկի տեսակներից է եկամտային հարկը։ Վերջինիս հիմնական տարրերից են․
- եկամտային հարկ վճարողները՝ ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձինք, անհատ ձեռնարկատերերը և նոտարները՝ որպես ֆիզիկական անձինք (Օրենսգրքի 24-25-րդ հոդվածներ),
- եկամտային հարկով հարկման օբյեկտը՝ Հայաստանի Հանրապետության աղբյուրներից և (կամ) Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող աղբյուրներից ստացվող համախառն եկամուտը,
- եկամտային հարկով հարկման բազան՝ Օրենսգրքով սահմանված համախառն եկամտի և նվազեցվող եկամուտների դրական տարբերությունը,
- եկամտային հարկի դրույքաչափերը՝ Օրենսգրքի 150-րդ հոդվածով եկամտի առանձին տեսակների համար նախատեսված տոկոսային մեծություններն են, որոնք կիրառվում են հարկման բազայի նկատմամբ՝ եկամտային հարկի չափը որոշելու համար։
Վերոգրյալից հետևում է, որ եկամտային հարկը ՀՀ պետական բյուջե վճարվող հարկ է, որը վճարելու պարտականությունը ծագում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց մոտ Օրենսգրքի 141-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված համախառն եկամտի և Օրենսգրքի 147-րդ հոդվածով սահմանված նվազեցվող եկամուտների դրական տարբերության առկայության դեպքում՝ գոյացած հարկման բազայի նկատմամբ համապատասխան դրույքաչափի կիրառման միջոցով։ Այլ կերպ՝ հարկման բազան որոշելու գործընթացում համախառն եկամտից նվազեցվող եկամուտները, որոնց սպառիչ ցանկը սահմանված է Օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասով, հարկվող եկամուտ չեն հանդիսանում։
Օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ եկամտային հարկով հարկման բազայի որոշման նպատակով բանկում կամ վարկային կազմակերպությունում գրավ դրված գույքի օտարումից ստացվող եկամուտը հաշվարկվում է Օրենսգրքի 146-րդ հոդվածով սահմանված կարգով:
Օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ֆիզիկական անձի կողմից (այդ թվում՝ անհատ ձեռնարկատեր կամ նոտար հանդիսացող ֆիզիկական անձի կողմից, եթե վերջիններս որպես գրավատու հանդես են գալիս որպես անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձ) գրավ դրված գույքը բռնագանձման արդյունքում (այդ թվում՝ հարկադիր կամ սնանկության աճուրդից գնման կամ հանձնման դեպքում) սեփականության իրավունքով գրավառու բանկին կամ վարկային կազմակերպությանը անցնելու դեպքում գրավատու ֆիզիկական անձի՝ գույքն օտարելուց ստացվող եկամուտ է համարվում գրավ դրված գույքի օտարման գնի և վարկային պարտավորության դրական տարբերությունը, բացառությամբ նույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերի:
Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ Օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետը սահմանում է. «Հարկման բազան որոշելու նպատակով նվազեցվող եկամուտներ են համարվում՝ (…) սեփականության իրավունքով իրենց պատկանող գույքի (բացառությամբ ձեռնարկատիրական գործունեության առարկա համարվող գույքի) օտարումից անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանցից ստացվող եկամուտները (...)»:
Նշված նորմի բովանդակությունից բխում է, որ անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձը կրում է ձեռնարկատիրական գործունեության առարկա համարվող գույքի օտարումից ստացվող եկամտից եկամտային հարկ վճարելու պարտականություն։
«Օտարում» եզրույթի բովանդակությունը բացահայտված է ՀՀ հարկային օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 54-րդ կետում։ Ըստ «օտարում» եզրույթի սահմանման՝ օտարումը մեկ անձից մեկ այլ անձի ապրանքի և (կամ) աշխատանքի կատարման արդյունքի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումը կամ ծառայության մատուցումն է` որևէ ձևով կատարվող հատուցմամբ (այդ թվում՝ մասնակի) կամ անհատույց։
Հիմք ընդունելով վերը նշված իրավակարգավորումները, և մասնավորապես, ՀՀ հարկային օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի, ինչպես նաև «օտարում» եզրույթի բովանդակությունը՝ վերն առանձնացված իրավական հարցադրման առնչությամբ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ ներքոհիշյալ հարցերի պարզաբանմանը․
- չկատարված վարկային պարտավորությունների դիմաց վարկառու չհանդիսացող գրավատուի գույքի վրա արտադատական կարգով բռնագանձում տարածելու դեպքում արդյո՞ք տեղի է ունենում գրավատուի գույքի օտարում,
- չկատարված վարկային պարտավորությունների դիմաց վարկառու չհանդիսացող գրավատուի գույքի վրա արտադատական կարգով բռնագանձման արդյունքով վարկառու չհանդիսացող գրավատուն ստանում է արդյո՞ք եկամուտ և ի՞նչ տեսքով։
Այսպես․
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 228-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ գրավատու կարող է լինել ինչպես պարտապանը, այնպես էլ երրորդ անձը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 368-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ պարտավորությունների կատարումը կարող է ապահովվել գրավով (գլուխ 15), տուժանքով, պարտապանի գույքի պահումով, երաշխավորությամբ, երաշխիքով, նախավճարով և օրենքով կամ պայմանագրով նախատեսված այլ եղանակներով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 226-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գրավի իրավունքը (այսուհետ` գրավը) գրավատուի գույքի նկատմամբ գրավառուի գույքային իրավունքն է, որը միաժամանակ միջոց է գրավառուի հանդեպ պարտապանի ունեցած դրամական կամ այլ պարտավորության կատարման ապահովման համար:
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ գրավը լրացուցիչ (ակցեսոր) պարտավորություն է գրավառուի (պարտատիրոջ) հանդեպ գրավատուի (պարտապանի) հիմնական պարտավորության կատարման ապահովման համար:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 229-րդ հոդվածի համաձայն՝ գրավառուն այն անձն է, ով օրենքով կամ պայմանագրով սահմանված հիմքերով` գրավատուի գույքի նկատմամբ ունի գույքային իրավունք (գրավի իրավունք)` ի ապահովում իր հանդեպ պարտապանի դրամական կամ այլ պարտավորության կատարման:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է վերը նշված հոդվածի իրավական վերլուծությանը և նշել, որ գրավի իրավունքը կամ գրավը պարտավորությունների՝ իրային-իրավական ապահովման միջոց է, որը գրավառուին իրավունք է վերապահում հիմնական պարտավորության չկատարման դեպքում գրավատուի այլ պարտատերերի հանդեպ նախապատվության իրավունքով բավարարում ստանալու գրավի առարկայի արժեքից: Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ գրավի իրավունքն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում իրային իրավունքների շարքում: Ի տարբերություն այլ իրային իրավունքների՝ գրավն առաջանում և իրավական արժևորում է ստանում այնքանով, որքանով այն անհրաժեշտ է օգտագործել հիմնական պարտավորության կատարումն ապահովելու համար: Այդ իսկ պատճառով գրավը, որպես այդպիսին, ունի երկակի բնույթ. այն բնութագրվում է որպես պարտավորաիրավական բնույթի իրային-իրավական ապահովման միջոց (տե՛ս, «Սեյվր» ՍՊԸ-ն ընդդեմ Նշան Ալեքսանյանի թիվ ԵԿԴ/0169/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2016 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ գրավի իրավունքը գույքային իրավունք է, որն ուղղված է դրամական կամ այլ պարտավորության կատարմանը, ընդ որում՝ գրավատուի պարտապան լինելը կամ գրավով ապահովված պարտավորությանը չմասնակցելն արգելք չէ գրավի իրավունքի ծագման կամ դադարման համար: Այսինքն՝ գրավի իրավունքը պայմանավորված է իրական պարտավորության և գույքի սեփականատիրոջ՝ այդ պարտավորության կատարումը սեփական գույքով ապահովելու կամքի և կամահայտնության առկայությամբ (տե՛ս, «Արմօյլ» ՓԲԸ-ն ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ/1945/05/18 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.11.2021 թվականի որոշումը):
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 247-րդ հոդվածի 1-ին կետը գրավի դադարման հիմք է նախատեսում, ի թիվս այլնի, գրավ դրված գույքը օրենքով սահմանված կարգով իրացվելու (վաճառվելու) դեպքը։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 248-րդ հոդվածի համաձայն՝ գրավառուի (պարտատիրոջ) պահանջները բավարարելու համար գրավ դրված գույքի վրա կարող է բռնագանձում տարածվել պարտապանի կողմից գրավով ապահովված պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու այնպիսի հանգամանքներում, որոնց համար վերջինս պատասխանատվություն է կրում:
ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը նախատեսում է գրավառուի (պարտատիրոջ) պահանջները բավարարելու համար գրավ դրված գույքի վրա բռնագանձում տարածելու և այն իրացնելու, այդ թվում՝ գրավ դրված գույքը հիմնական պարտավորության համապատասխան չափի դիմաց գրավառուին կամ գրավառուի նշած երրորդ անձին ի սեփականություն հանձնելու հնարավորություն և՛ առանց դատարան դիմելու (249-րդ հոդված), և՛ դատական կարգով (249-րդ հոդված)։
Միաժամանակ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 251-րդ հոդվածով սահմանվել են գրավ դրված գույքի իրացումից ստացված գումարը բաշխելու կանոնները։ Համաձայն նշված հոդվածի 1-ին կետի՝ գրավ դրված անշարժ գույքի, տրանսպորտային միջոցի, բանկային հաշվի, դեպոզիտի (ավանդի), ինչպես նաև արժեթղթի իրացումից ստացված գումարից կամ գրավառուին կամ նրա նշած անձին ի սեփականություն անցած համապատասխան գույքի արժեքից այդ գույքի վրա բռնագանձում տարածելու և իրացնելու համար ծախսերը վճարելու համար անհրաժեշտ գումարներ պահելուց հետո բավարարվում են գրավառուի` գրավով ապահովված պահանջները, իսկ մնացած գումարը նույն օրենսգրքի 243.1-ին հոդվածի 3-րդ կետով սահմանված կարգով տասնօրյա ժամկետում փոխանցվում է գրավատուին, եթե գրավի պայմանագրով այդ գումարի փոխանցման այլ կարգ նախատեսված չէ: Գրավառուի` գրավով չապահովված պահանջները նույն կետով նախատեսված գումարից (արժեքից) բավարարվում են սույն օրենսգրքով և այլ օրենքներով սահմանված ընդհանուր կարգով:
ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներից մեկում արձանագրել է, որ խնդրո առարկա օտարման արդյունքում վարկառու-գրավատուն ստանում է անձնական եկամուտ՝ ՀՀ հարկային օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետի իմաստով, ըստ որի՝ անձնական եկամուտ է ֆիզիկական անձի կողմից աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում իրականացվող գործունեությանը վերագրվող կամ ցանկացած այլ հիմքով (բացառությամբ նույն մասի 24-րդ և 26-րդ կետերով սահմանված դեպքերի) ստացվող դրամական միջոցը կամ այլ ակտիվը (այդ թվում՝ բնամթերային ձևով): Սույն դեպքում վարկառու-գրավատուի ստացած եկամտի հիմքը հիփոթեքով ապահովված վարկային պայմանագիրն է, իսկ այդ հիմքով վարկառու-գրավատուի ստացած անձնական եկամուտը դրսևորվում է ստացված վարկային միջոցների տեսքով։
Այսպիսով, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վարկառու-գրավատուի համախառն եկամտի կազմում ներառվում է նաև վերջինիս վարկային պարտավորությունների դիմաց գրավադրված գույքի վրա արտադատական կարգով բռնագանձում տարածելու արդյունքում տեղի ունեցած օտարումից ստացված եկամուտը՝ չկատարված վարկային պարտավորությունների տեսքով (տե՛ս, Բորիս Ավագյանն ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ/1537/05/20 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01․09․2023 թվականի որոշումը)։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 228-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ գրավատու կարող է լինել ինչպես պարտապանը, այնպես էլ երրորդ անձը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 439-րդ հոդվածով սահմանված՝ հատուցելի գործարքի բովանդակությունից բխում է, որ վարկային պարտավորությունները չկատարելու դիմաց գրավի առարկան վարկային կազմակերպությանն ի սեփականություն հանձնելը հատուցելի գործարք է այն գրավատուի համար, ով ստանում է վարկային պարտավորությունների ամբողջությամբ կամ մասնակիորեն դադարելու ձևով դրսևորվող հանդիպական կատարումը։
Վերոգրյալ իրավանորմերի վերլուծության և ՀՀ վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը․
Սեփականության իրավունքով իրեն պատկանող՝ Օրենսգրքի կիրառության իմաստով, եկամտային հարկով հարկվող օբյեկտի գրավադրմամբ իր կամ այլ անձի պարտավորությունների կատարումը երաշխավորելով՝ գույքի սեփականատեր ֆիզիկական անձը կրում է բացառապես այդ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը կորցնելու ռիսկը, ինչը չի կարող մեկնաբանվել այնպես, որ նշված ռիսկով պայմանավորված բացասական իրավաբանական հետևանքների առաջացումը ենթադրում է նաև եկամտային հարկի վճարման պարտավորության ձևավորում:
Չկատարված վարկային պարտավորությունների դիմաց վարկառու չհանդիսացող գրավատուի գույքի վրա սնանկության վարույթի շրջանակներում արտադատական կարգով բռնագանձում տարածելու, մասնավորապես՝ աճուրդով իրացնելու դեպքում տեղի է ունենում գրավատուի գույքի օտարում, որի արդյունքում, սակայն, վարկառու չհանդիսացող գրավատուն որևէ տեսքով եկամուտ չի ստանում, նա չի ստանում որևէ հանդիպական կատարում, տեղի չի ունենում նրա պարտավորությունների նվազում։ Այսինքն՝ այն պարագայում, երբ վարկառուն և գրավատուն չեն նույնանում, ստացվում է, որ գրավի առարկայի օտարումից հատուցումը ստանում է վարկառուն, իսկ գրավատուն այս մասով որևէ հատուցում չի ստանում։
Ամփոփելով վերոգրյալը և իրացնելով ՀՀ Սահմանադրության 171-րդ հոդվածում ամրագրված օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունն ապահովելու վճռաբեկ դատարանի առաքելությունը և այդ առումով սույն գործով իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ ՀՀ հարկային օրենսգրքի 139-րդ հոդվածի 1-ին մասի, 141-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 145-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, 146-րդ հոդվածի 1-ին մասի և 147-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի «բ» ենթակետի կապակցությամբ իրավունքի զարգացումն ապահովելու անհրաժեշտությունից ելնելով Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ իրավակիրառ պրակտիկան պետք է զարգանա այն ուղղությամբ, որ Օրենսգրքի իմաստով «գրավատու» եզրույթն ընկալվի և կիրառվի «վարկառու-գրավատու» բովանդակությամբ, քանի որ գրավի առարկայի նկատմամբ վարկառու չհանդիսացող գրավատուի սեփականության իրավունքն այլ անձի փոխանցվելու դեպքում որևէ ձևով հատուցումը, այդ թվում՝ պարտավորությունների նվազումը, ստանում է վարկառուն, իսկ վարկառու չհանդիսացող գրավատուն հատուցում չի ստանում, ուստի խոսք չի կարող լինել չստացված եկամտի համար եկամտային հարկի գծով պարտավորությունների առաջացման մասին։
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է պարտավորեցնել Կոմիտեին կատարել վերահաշվարկ և վերադարձնել հարկային պարտավորությունների բացակայության պայմաններում փաստացի վճարված գումարը՝ 12.351.799 ՀՀ դրամը, և բռնագանձված 1.914.802 ՀՀ դրամ տույժի գումարը։
Դատարանը 01.06.2022 թվականի վճռով հայցը բավարարել է՝ պատճառաբանելով, որ «(․․․) Ընկերությունը ֆիզիկական անձին սեփականության իրավունքով պատկանող գույքը գնել է աճուրդի արդյունքով «Գոլդ Վառ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Արտակ Մարտիրոսյանի (վաճառող) հետ կնքած պայմանագրի հիման վրա և այդ գույքի սեփականատեր հանդիսացող ֆիզիկական անձին փաստացի որևէ դրամական միջոց կամ այլ եկամուտ չի վճարել, իսկ վերջինս էլ չի ստացել այդ գործարքից որևէ եկամուտ, ինչից հետևում է, որ հայցվորը հանդես չի եկել հիշյալ գործարքով նաև որպես հարկային գործակալ և, ըստ այդմ, նա եկամտային հարկի հաշվարկման և պահման պարտականություն ևս չի կրել:
(․․․) հայցվորը գույքի սեփականատեր հանդիսացող ֆիզիկական անձին փաստացի որևէ դրամական միջոց կամ այլ եկամուտ չի վճարել, և վերջինս էլ հայցվորից չի ստացել իր գույքի օտարումից որևէ եկամուտ, իսկ զուտ միայն այն փաստը, որ հայցվորի գնած գույքը սեփականության իրավունքով պատկանել է ֆիզիկական անձին, բավարար չէ՝ հաստատված համարելու, որ հայցվորն այդ ֆիզիկական անձին ՀՀ հարկային օրենսգրքի իմաստով վճարել է որևէ եկամուտ՝ նրա համար հանդիսանալով հարկային գործակալ, քանի որ նույն օրենսգրքի 29-րդ հոդվածի կանոնակարգմամբ հարկային գործակալը հարկ վճարողներին եկամուտներ վճարող (հատկացնող կամ բնամթերային ձևով տրամադրող)՝ հարկային մարմնում որպես հարկ վճարող հաշվառված կազմակերպությունն է, որի վրա էլ դրված է հարկ վճարողներին եկամուտներ վճարելիս նրանց եկամուտներից հարկերը կամ վճարները հաշվարկելու, պահելու և ՀՀ պետական բյուջե վճարելու պարտավորությունը, մինչդեռ սույն գործով հայցվորի կողմից ֆիզիկական անձին եկամտի՝ դրամական միջոցի կամ այլ ակտիվի (այդ թվում նաև՝ բնամթերային ձևով) վճարման փաստն ըստ էության հերքվում է: (․․․)»։
Վերաքննիչ դատարանը 22․09․2023 թվականի որոշմամբ ամբողջությամբ բավարարել է Կոմիտեի բողոքը, Դատարանի 01․06․2022 թվականի վճիռն ամբողջությամբ բեկանել է և գործն ուղարկել է նույն դատարան՝ ամբողջ ծավալով նոր քննության:
Վերաքննիչ դատարանն արձանագրել է հետևյալը․ «(․․․) օրենսդրի կողմից հստակ կարգավորվել է պարտավորության չափից ավել վճարված գումարը ետ ստանալու ընթացակարգը․ այն է՝ ՀՀ հարկային օրենսգրքի 327-րդ հոդվածի 2-րդ մասը հստակ ամրագրել է նման պահանջի համար անհրաժեշտ պայման հանդիսացող դիմումի առկայությունը, որը պետք է լրացվի հարկային մարմնի սահմանած ձևով և կարգով։ Մինչդեռ, (․․․) վարչական գործում բացակայում է «ՖԱՐՄՊԼԱՍՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ՀՀ հարկային օրենսգրքի 327-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին համապատասխան դիմում ներկայացրած լինելը հաստատող ապացույց։
(․․․) «ՖԱՐՄՊԼԱՍՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը 24.03.2020 թվականին վարչական բողոք է ներկայացրել ՀՀ պետական եկամուտների կոմիտե՝ խնդրելով կատարել վերահաշվարկ և վերադարձնել հարկային պարտավորությունների բացակայության պայմաններում իր կողմից փաստացի վճարված գումարը, սակայն ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի 14.04.2020 թվականի թիվ 23/9 որոշմամբ ընկերության բողոքի քննարկման վարույթը կարճվել է՝ այն պատճառաբանությամբ, որ «ՖԱՐՄՊԼԱՍՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության բողոքը վերաբերում է իր իսկ կողմից ներկայացված հաշվարկի արդյունքում առաջացած պարտավորությանը։
(․․․) Տվյալ պարագայում սույն վարչական գործի նոր քննության ընթացքում Վարչական դատարանը պետք է ի պաշտոնե պարզի այն էական նշանակություն ունեցող հանգամանքները, թե հայցվորի կողմից վճարված հարկի գումարները հատկապես ինչ փաստաթղթի հիման վրա են կատարվել, արդյոք հայցվորը ներկայացրել է համապատասխան հաշվարկ, այնուհետև՝ ճշտված հաշվարկ, եթե այո, ապա ինչ ընթացք է տրվել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից նշված հաշվարկներին»։
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով սույն վարչական գործի փաստերին և Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունների հիմնավորվածությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը․
Սույն գործի փաստերի համաձայն՝ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի (գրավառու), «Գոլդ Վառ» ՍՊԸ-ի (վարկառու) և Վառլամ Հակոբյանի (գրավատու) միջև 02.07.2013 թվականին կնքվել է պարտապան չհանդիսացող անձին պատկանող անշարժ գույքի հաջորդող գրավի թիվ 225248 պայմանագիրը, որի 1.1 կետի համաձայն՝ վարկառուի և գրավառուի միջև 14.09.2011 թվականին կնքված թիվ VP007174 ՀՊ հիմնական պայմանագրով գրավառուի հանդեպ վարկառուի ստանձնած պարտավորությունները վերջինիս կողմից չկատարվելու դեպքում կամ ոչ պատշաճ կատարվելու դեպքում գրավառուն իրավունք ունի վարկառուի նկատմամբ իր պահանջները բավարարել պայմանագրի 1.2 կետում նշված անշարժ գույքի հաշվին, իսկ նույն պայմանագրի 1.2 կետի համաձայն՝ հաջորդող գրավի առարկա է հանդիսանում ՀՀ Կոտայքի մարզ, Աբովյան համայնք, 2-րդ արդյունաբերական գոտի թիվ 3/5 պահեստային տնտեսություն հասցեում գտնվող անշարժ գույքը, որը, ըստ նույն պայմանագրի 1.3 կետի համաձայն, սեփականության իրավունքով պատկանում է գրավատուին (անշարժ գույքի վկայական՝ թիվ 12022013-07-0573)։
ՀՀ ինտերնետով ծանուցման պաշտոնական կայքում «Գոլդ Վառ» ՍՊԸ-ի «Գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին» 02.04.2019 թվականին տեղադրված հայտարարության համաձայն՝ 09.04.2019 թվականին ժամը 11:00-ին «Գոլդ Վառ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարչի կողմից ՀՀ սնանկության դատարանի կենտրոնական նստավայրում անցկացվելու է «Գոլդ Վառ» ՍՊԸ-ին պատկանող «Ամերիաբանկ» ՓԲԸ-ում վարկային պարտավորությունների ապահովման միջոց հանդիսացող գրավադրված գույքերի աճուրդը՝ ըստ հետևյալ խմբերի՝ խումբ 15՝ անշարժ գույք, բաղկացած 1 լոտից, լոտ 1, ք․ Աբովյան 2-րդ արդ. գոտի, պահեստային տնտեսություն – 61.728.997 ՀՀ դրամ, վճարված չէ հողամասի կադաստրային արժեքը, որը կազմում է 10.291.116 ՀՀ դրամ:
«Աճուրդի արդյունքների մասին» 19.04.2019 թվականի արձանագրության համաձայն՝ նույն օրը կայացած աճուրդում Ընկերության տնօրեն Արթուր Պողոսյանը, աճուրդային վաճառքի արդյունքում առաջարկելով 61.728.997 ՀՀ դրամ մեկնարկային գին ունեցող խումբ 15 թիվ 1 լոտի (ք. Աբովյան, 2-րդ արդյունաբերական գոտի, թիվ 3/5 պահեստային տնտեսություն հասցեում գտնվող անշարժ գույք) գնման ամենաբարձր գինը՝ 61.728.997 ՀՀ դրամ, ճանաչվել է աճուրդում հաղթող։
«Գոլդ Վառ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Արտակ Մարտիրոսյանի (վաճառող) և Ընկերության (տնօրեն Արթուր Պողոսյան) (գնորդ) միջև 30.04.2019 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի 1-ին կետով վաճառողը վաճառել է անշարժ գույքը՝ համաձայն ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 14.12.2016 թվականի թիվ ԿԴ/0071/04/15 գործով որոշման և աճուրդի արդյունքների մասին 19.04.2019 թվականի արձանագրության, նույն պայմանագրի 2-րդ կետի համաձայն՝ անշարժ գույքը բաղկացած է ՀՀ Կոտայքի մարզ, Աբովյան համայնք, 2-րդ արդյունաբերական գոտի թիվ 3/5 պահեստային տնտեսություն հասցեում գտնվող անշարժ գույքից, նույն պայմանագրի 4-րդ կետի համաձայն՝ անշարժ գույքի վաճառքի գինը կազմում է 61.728.997 ՀՀ դրամ, իսկ 5-րդ կետի համաձայն՝ անշարժ գույքի վաճառքի գումարը փոխանցված է վաճառողի սնանկության հատուկ հաշվեհամարին, և 7.1 կետի համաձայն՝ անշարժ գույքը գրավի տակ է գտնվում «Ամերիաբանկ» ՓԲԸ-ում, առկա է արգելանք, համաձայն՝ ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման Արաբկիր սպասարկման գրասենյակի կողմից 25․04․2019 թվականի տրված՝ թիվ ՄՏ-25042019-07-0395 միասնական տեղեկանքի։
«Գոլդ Վառ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարչի կողմից հաստատված «Գոլդ Վառ» ՍՊԸ-ի միջոցների բաշխման ծրագրի համաձայն՝ որպես ապահովված պահանջ նշվել է 56.085.745 ՀՀ դրամ, որպես կառավարչի վարձատրություն՝ 4.926.002 ՀՀ դրամ, վարչական ծախսեր, այդ թվում՝ գույքի գնահատման, պահպանման և տնօրինման համար անհրաժեշտ ծախսեր՝ 717.250 ՀՀ դրամ, ընդամենը՝ 61.728.997 ՀՀ դրամ։
Կոմիտեի կողմից 24.09.2019 թվականին Ընկերության վերաբերյալ կազմվել է թիվ Վ1/1447/2019/ՓԿ արձանագրությունը, ըստ որի՝ 2019 թվականի մայիս ամսվա եկամտային հարկի հաշվարկի «արտադրական, այլ առևտրային և հասարակական նշանակության գույքի, ներառյալ՝ շենքերի, շինությունների (այդ թվում՝ անավարտ, կիսակառույց), արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի կամ գույքի սեփականությունում անձին պատկանող բաժնեմասի օտարումից եկամուտ» տողում չի արտացոլվել 61.758.997 ՀՀ դրամ, որի արդյունքում եկամտային հարկի գումարը կկազմի 12.351.799 ՀՀ դրամ։
Ընկերությունը 24.03.2020 թվականին վարչական բողոք է ներկայացրել Կոմիտե՝ խնդրելով կատարել վերահաշվարկ և վերադարձնել հարկային պարտավորությունների բացակայության պայմաններում իր կողմից փաստացի վճարված գումարը։ Կոմիտեի հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի 14.04.2020 թվականի թիվ 23/9 որոշմամբ Ընկերության դիմում-բողոքի քննարկման վարույթը կարճվել է՝ այն պատճառաբանությամբ, որ Ընկերության բողոքը վերաբերում է իր իսկ կողմից ներկայացված հաշվարկի արդյունքում առաջացած պարտավորությանը։
Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում Վառլամ Հակոբյանն իրեն պատկանող՝ ՀՀ, Կոտայքի մարզ, քաղաք Աբովյան, 2-րդ արդյունաբերական գոտի, թիվ 3/5 պահեստային հասցեում գտնվող անշարժ գույքը գրավադրել է ի ապահովումն վարկառու` «Գոլդ Վառ» ՍՊԸ-ի պարտավորությունների կատարման, որը հետագայում, ի կատարումն «Գոլդ Վառ» ՍՊԸ-ի վարկային պարտավորությունների, սնանկության վարույթի շրջանակներում սնանկության կառավարչի կողմից օտարվել է, և այդ գույքի նկատմամբ գրանցվել է Ընկերության սեփականության իրավունքը: Այսինքն՝ սույն գործի փաստական հանգամանքների համաձայն՝ խնդրո առարկա գործընթացում գրավատուն չի նույնանում վարկառու-պարտապանի հետ։
Այսինքն՝ վարկառու-պարտապան չհանդիսացող ֆիզիկական անձ գրավատուին պատկանող անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը՝ Ընկերությանը փոխանցվելու արդյունքում մարվել են վարկառու-պարտապան «Գոլդ Վառ» ՍՊԸ-ի վարկային պարտավորությունները, և վերջինս է ստացել հատուցում՝ արտահայտված վարկային պարտավորությունների դադարման ձևով։ Վարկառու-պարտապան չհանդիսացող գրավատուն՝ Վառլամ Հակոբյանը, որպես գույքի սեփականատեր, «Գոլդ Վառ» ՍՊԸ-ի պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով իրեն սեփականության իրավունքով պատկանող գույքը՝ սնանկության վարույթի շրջանակներում սնանկության կառավարչի կողմից Ընկերությանը փոխանցվելու արդյունքում որևէ հատուցում, պարտավորությունների նվազում, այսինքն՝ եկամուտ չի ստացել, որպիսի պայմաններում Օրենսգրքի իմաստով այս պարագայում Ընկերությունը չի հանդիսանում հարկային գործակալ և չի կրում եկամտային հարկ վճարելու պարտավորություն։
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-151-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
Դատական ակտին օրինական ուժ տալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
Անդրադառնալով դատական ծախսերի, մասնավորապես՝ ներկայացուցչի վճարի մասով Դատարանի վճռի դեմ բերված Ընկերության վերաքննիչ բողոքը մերժելու Վերաքննիչ դատարանի որոշման հիմնավորումներին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը․
Վերաքննիչ դատարանը պատճառաբանել է, որ հայցվորի կողմից ներկայացված՝ ներկայացուցչին վճարման ենթակա գումարի չափի հետ կապված հարցը չի կարող քննարկման առարկա դառնալ, քանի որ սույն պարագայում վարչական գործը ենթակա է նոր քննության, ուստիև դատական ծախսերին առնչվող հարցերը նույնպես պետք է լուծվեն գործի նոր քննության արդյունքում։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ պետք է բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի վճռին, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ըստ այդմ լուծման է ենթակա նաև դատական ծախսերի հարցը։
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 58-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` գործի քննության հետ կապված այլ ծախսերն են` դատավարության մասնակիցների ներկայացուցիչների վճարները։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ընկերության կողմից վճռաբեկ բողոքի համար վճարվել է 30.000 ՀՀ դրամ, և քանի որ Ընկերության կողմից ներկայացված վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ընկերության կողմից նախապես վճարված պետական տուրքի գումարը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի հիմքով, ենթակա է հատուցման Կոմիտեի կողմից:
Միևնույն ժամանակ վկայակոչված իրավանորմերի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը դատական ծախսերի կազմում ներառել է նաև ներկայացուցիչների վճարները:
ՀՀ վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է փաստաբանի վարձատրության խելամտության և բռնագանձման հարցերին: Մասնավորապես, ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ փաստաբանի վարձատրության խելամտության հարցը որոշելիս անհրաժեշտ է ամբողջության մեջ հաշվի առնել գործով փաստաբանի կատարած աշխատանքի ծավալը (ապացույցներ հավաքելու և ներկայացնելու անհրաժեշտությունն ու այդ գործողությունները փաստացի կատարելու հանգամանքը, գործի քննությանը մասնակցության աստիճանը), գործի բարդությունը (վիճելի իրավահարաբերության բնույթը, գործի քննության տևողությունը), նմանատիպ գործերով պրակտիկայում ընդունված փաստաբանական ծառայության մատուցման դիմաց վճարվող գումարի չափը, ինչպես նաև դատական ակտով բռնագանձվող գումարի և պահանջվող փաստաբանական վճարի չափի հարաբերակցությունը (տե'ս, Ֆերդինանտ Առաքելյանն ընդդեմ Հարություն Պետրոսյանի թիվ ԵԿԴ/1587/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.06.2012 թվականի որոշումը):
Տվյալ դեպքում, սույն գործում առկա չէ Ընկերության և վերջինիս ներկայացուցիչ Վարդան Ալոյանի միջև կնքված պայմանագիր այն մասին, որ Վարդան Ալոյանը պարտավորվել է իրավաբանական ծառայություններ մատուցել Ընկերությանը, իսկ Ընկերությունը պարտավորվել է վճարել մատուցված ծառայությունների դիմաց։
Ինչ վերաբերում է «Թրասթ Գրուպ» ՍՊԸ-ի և Ընկերության միջև 09․12․2019 թվականին կնքված «Իրավաբանական ծառայությունների մատուցման» թիվ TGF-19/01 պայմանագրին (հատոր 2-րդ, գ․ թ․ 57-59), որի 1․1 կետով «Թրասթ Գրուպ» ՍՊԸ-ն պարտավորվել է Ընկերությանը մատուցել պայմանագրի 1․2 կետում նշված փաստաբանական ծառայությունները, իսկ Ընկերությունը պարտավորվել է իրավաբանական օգնության համար պայմանագրի 2․1 կետին համապատասխան վճարել «Թրասթ Գրուպ» ՍՊԸ-ին, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այդ պայմանագիրը չի կարող հիմք հանդիսանալ Ընկերության և Վարդան Ալոյանի միջև «Իրավաբանական ծառայությունների մատուցման» պայմանագիր կնքված լինելը հաստատելու համար, քանի որ սույն գործով որպես Ընկերության ներկայացուցիչ հանդես է եկել փաստաբան Վարդան Ալոյանը՝ Ընկերության կողմից 09․12․2019 թվականին, 26․06․2023 թվականին տրված լիազորագրերի հիման վրա (հատոր 1-ին, գ․թ․ 30, հատոր 3-րդ, գ․ թ․ 21), մինչդեռ Վարդան Ալոյանի «Թրասթ Գրուպ» ՍՊԸ-ի աշխատակից հանդիսանալու փաստը հաստատող որևէ գրավոր ապացույց վերը նշված պայմանագրին կամ լիազորագրերին կից չի ներկայացվել։
Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեև փաստաբան Վարդան Ալոյանը սույն գործով հանդես է եկել Ընկերության անունից՝ կատարելով վերջինս իրավունքների պաշտպանությանն ուղղված անհրաժեշտ դատավարական գործողություններ, այդուհանդերձ ներկայացուցչի վճարի գծով դատական ծախսի հատուցման հարցը պետք է համարել լուծված՝ Ընկերության և վերջինիս ներկայացուցիչ փաստաբան Վարդան Ալոյանի միջև իրավաբանական վճարովի ծառայություններ մատուցելու մասին պայմանագիր ներկայացված չլինելու հիմքով։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1․ Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 22․09․2023 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ վարչական դատարանի 01․06․2022 թվականի ՀՀ վարչական դատարանի վճռին՝ սույն որոշման պատճառաբանություններով:
2․ ՀՀ պետական եկամուտների կոմիտեից հօգուտ «ՖԱՐՄՊԼԱՍՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության բռնագանձել 30.000 ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոք բերելու համար նախապես վճարված պետական տուրքի փոխհատուցում։
Մնացած մասով դատական ծախսերի հարցը համարել լուծված։
3․ Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
Նախագահող |
Հ. Բեդևյան |
Զեկուցող |
Ռ. Հակոբյան |
Ա. Թովմասյան Լ. Հակոբյան | |
Ք. Մկոյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 հունիսի 2024 թվական: