Գլխավոր տեղեկություն
Համար
N 1562-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (10.07.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 06.10.2022
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.10.2022
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.10.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.10.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 հոկտեմբերի 2022 թվականի N 1562-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ 2022-2025 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 9-Ի N 842-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 15.02.24 N 219-Լ)

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2025 թվականների ծրագրի իրականացման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի։

(1-ին կետը փոփ. 15.02.24 N 219-Լ)

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2025 թվականների ծրագրի իրականացման շրջանակներում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության և առևտրային բանկերի կամ վարկային կազմակերպությունների միջև համագործակցության պայմանագրի օրինակելի ձևը՝ համաձայն N 2 հավելվածի։

(2-րդ կետը փոփ. 15.02.24 N 219-Լ)

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունիսի 9-ի «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2024 թվականների ծրագիրը հաստատելու մասին» N 842-Լ որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝

1) հավելվածի 2-րդ, 7-րդ և 15-րդ կետերը «կառուցելու» բառից հետո լրացնել «(կառուցապատումը շարունակելու)» բառերով.

2) հավելվածի 9-րդ կետը վերջին նախադասությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ․

«Հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարների չափով վճարված եկամտային հարկի գումարները ենթակա են վերադարձման բացառապես շահառուի կողմից վճարված տոկոսների գումարների չափով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1321-Ն որոշման հավելվածի 5.4-րդ կետով սահմանված ընթացակարգին համապատասխան։».

3) հավելվածի 10-րդ կետից հանել «, սակայն ոչ ուշ քան 2022 թվականի օգոստոսի 15-ից,» բառերը.

4) հավելվածի 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«11. Աջակցության չափը կազմում է հիփոթեքային վարկով անհատական բնակելի տուն կառուցելու (կառուցապատումը շարունակելու) դեպքում հիփոթեքային վարկի մայր գումարի ամսական վճարների մարման համար՝ հանրագումարային մինչև 16 մլն դրամ, բայց ոչ ավելի, քան ամսական 237 հազ. դրամ, իսկ տոկոսագումարների մարման համար՝ մինչև 13%, հանրագումարային մինչև 12.668 մլն դրամ, բայց ոչ ավելի, քան ամսական 174 հազ. դրամ։».

5) ուժը կորցրած ճանաչել հավելվածի 13-րդ կետի 3-րդ ենթակետը։

4. Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2025 թվականների ծրագրի իրականացման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությանը։

(4-րդ կետը փոփ. 15.02.24 N 219-Լ)

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Մ. Գրիգորյան

 

Երևան

 

06.10.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2022 թվականի

հոկտեմբերի 6-ի N 1562-Լ որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ 2022-2025 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

(վերնագիրը փոփ. 15.02.24 N 219-Լ)

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2025 թվականների ծրագրի շրջանակներում շահառուներին տրամադրվող հիփոթեքային վարկերի ամենամսյա վճարների (մայր գումարի և տոկոսագումարի) մարմանն ուղղված աջակցության գումարների տրամադրման և օգտագործման հետ կապված հարաբերությունները:

(1-ին կետը փոփ. 15.02.24 N 219-Լ)

2. Սույն կարգում կիրառվող հասկացություններն ունեն հետևյալ իմաստը՝

1) ծրագիր` Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունիսի 9-ի N 842-Լ որոշմամբ (այսուհետ՝ որոշում) հաստատված՝ Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2025 թվականների ծրագիր.

2) ծառայություն՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայություն.

3) հիփոթեքային վարկ` Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշման N 1 հավելվածով հաստատված` սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների բնակավայրերի ցանկում ընդգրկված գյուղական բնակավայրում անհատական բնակելի տուն կառուցելու կամ կառուցապատումը շարունակելու (ավարտին հասցնելու) նպատակով սույն կարգն ուժի մեջ մտնելուց հետո տրամադրված վարկ.

4) գործընկեր կազմակերպություն` Հայաստանի Հանրապետությունում գործող առևտրային բանկեր, վարկային կազմակերպություններ, որոնք ծրագրի շրջանակներում ծառայության հետ կնքել են համագործակցության պայմանագիր.

5) շահառու՝

ա. քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում գրանցված ամուսնության մեջ գտնվող, առնվազն մեկ անչափահաս երեխա և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող ամուսիններ, կամ

բ. քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում գրանցված ամուսնության մեջ գտնվող, անչափահաս երեխա չունեցող և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող ամուսիններ, որոնց տարիքների հանրագումարը չի գերազանցում 75-ը (ներառյալ), կամ

գ. առնվազն մեկ անչափահաս երեխա և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող միայնակ ծնող՝ այրի.

6) աջակցության գումար` հիփոթեքային վարկի ամենամսյա վճարների (մայր գումարի և տոկոսագումարի) մարմանն ուղղված գումարի սուբսիդավորում ծառայության կողմից՝ որոշմամբ հաստատված հավելվածի 11-րդ և 11.2-րդ կետերով սահմանված սահմանաչափերով.

7) հաշիվ՝ կազմակերպության բանկային հաշիվ, որին ծրագրի շրջանակներում ծառայությունը փոխանցում է աջակցության գումարը.

8) համագործակցության պայմանագիր՝ որոշմամբ սահմանված ծրագրի շրջանակներում ծառայության և գործընկեր կազմակերպության միջև կնքված պայմանագիր.

9) սահմանամերձ բնակավայր՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշման N 1 հավելվածով հաստատված` սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների բնակավայրերի ցանկում ընդգրկված գյուղական բնակավայր։

(2-րդ կետը փոփ. 15.02.24 N 219-Լ, փոփ., խմբ. 27.06.24 N 1065-Լ)

 

2. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

3. Պոտենցիալ շահառուին ծրագրում ընդգրկելու համար գործընկեր կազմակերպությունը, նախքան նրա հետ հիփոթեքային վարկի պայմանագիրը կնքելը, համապատասխան ծրագրային ապահովման միջոցով ծառայությանը տրամադրում է տեղեկանք, որում ներառվում է առնվազն հետևյալ տեղեկատվությունը՝

1) պոտենցիալ շահառուի և ամուսնու (առկայության դեպքում՝ երեխաների) անունը, ազգանունը, հայրանունը և անձը հաստատող փաստաթղթի տվյալները (սերիան, համարը), ամուսնության վկայականի համարը (ամուսնության վկայականի պատճենը կցվում է), միայնակ ծնողի դեպքում՝ մյուս ծնողի մահվան վկայականը (մահվան վկայականի պատճենը կցվում է).

2) կառուցվող բնակելի անշարժ գույքի գտնվելու վայրը (բնակավայրը, հասցեն).

3) հիփոթեքային վարկի գումարի չափը, վարկի ժամկետը, վարկի տրամադրման փուլերի համամասնությունը.

4) հավաստում այն մասին, որ կառուցապատվող անշարժ գույքի (բնակելի տան) նկատմամբ սեփականության իրավունքն օրենքով սահմանված կարգով պետք է գրանցվի շահառուի անվամբ.

5) հաշիվը.

6) պոտենցիալ շահառուի կողմից տրամադրված՝ հետադարձ կապի էլեկտրոնային փոստի հասցեն։

(3-րդ կետը լրաց. 27.06.24 N 1065-Լ)

4. Սույն կարգի 3-րդ կետով նախատեսված տեղեկանքն ստանալուց հետո 12 աշխատանքային օրվա ընթացքում որոշմամբ սահմանված ծրագրի պահանջները բավարարող պոտենցիալ շահառուն համապատասխան ծրագրային ապահովման միջոցով՝ ինքնաշխատ եղանակով ստանում է շահառուի կարգավիճակ։

(4-րդ կետը փոփ. 27.06.24 N 1065-Լ)

5. Շահառուի կարգավիճակ շնորհվում է՝ ծրագրի պայմաններին և պահանջներին համապատասխանությունն ստուգելու, ինչպես նաև քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններից ինքնաշխատ եղանակով շահառու ամուսինների ամուսնության պետական գրանցման, երեխաների առկայության դեպքում՝ երեխա-ծնող կապի, միայնակ ծնողի դեպքում՝ մյուս ծնողի մահվան վերաբերյալ տեղեկատվությունը 10 աշխատանքային օրվա ընթացքում ստանալու արդյունքում։

(5-րդ կետը լրաց., փոփ. 27.06.24 N 1065-Լ)

6. Շահառուի կարգավիճակ շնորհելու (կամ ծրագրի որևէ պայմանին չբավարարելու հիմքով մերժելու) դեպքում մեկօրյա ժամկետում ծառայությունը դրա մասին համապատասխան ծրագրային ապահովման միջոցով ծանուցում է ուղարկում շահառուին՝ վերջինիս տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեով, ինչպես նաև գործընկեր կազմակերպությանը։

7. Շահառուի՝ ծրագրում ընդգրկվելու վերաբերյալ էլեկտրոնային տեղեկացումն ստանալուց հետո գործընկեր կազմակերպությունը շահառուի հետ կնքում է հիփոթեքային վարկի պայմանագիրը, որից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան ծրագրային ապահովման միջոցով ծառայությանն է տրամադրում շահառուի հիփոթեքային վարկի պայմանագրի և վարկի գծով վճարման ժամանակացույցի էլեկտրոնային (բնօրինակից լուսապատճենված) տարբերակը, այդ թվում՝ վարկի փուլային ֆինանսավորման ժամկետներն ու համամասնությունը։ Ընդ որում, յուրաքանչյուր փուլը կարող է լինել առանձին վարկի տեսքով՝ տրամադրված նույն գլխավոր վարկային պայմանագրի շրջանակներում։

8. Ծառայությունն ամսական պարբերականությամբ կազմակերպության հաշվին է փոխանցում աջակցության գումարները՝ ըստ սույն կարգի 7-րդ կետի ստացված ժամանակացույցի։

9. Վարկի ֆինանսավորման 1-ին փուլի ավարտից հետո գործընկեր կազմակերպությունը, նախքան վարկի հաջորդ փուլի ֆինանսավորումը, համապատասխան ծրագրային ապահովման միջոցով ծառայությանն է տրամադրում նախորդ փուլով տրամադրված վարկի գումարի նպատակային օգտագործման մասին տեղեկատվություն։

(9-րդ կետը փոփ. 15.02.24 N 219-Լ)

10. (կետն ուժը կորցրել է 27.06.24 N 1065-Լ)

11. Ծառայությունը դադարեցնում է ժամանակացույցով նախատեսված հաջորդող ամիսների աջակցության գումարները նաև այն դեպքում, եթե ի հայտ են եկել ծրագրի 13-րդ կետի 1-6-րդ ենթակետերով սահմանված դեպքերը։

12. Ծառայության կողմից ժամանակացույցով նախատեսված վճարումները (աջակցության գումարի սահմանաչափին համապատասխան) չիրականացնելու դեպքում ժամկետանց պարտավորությունների համար տույժերը, տուգանքները վճարում է ծառայությունը։

13. Ծառայությունը յուրաքանչյուր շահառուի համար ամսական պարբերականությամբ հաշվին փոխանցում է միայն որոշման հավելվածի 11-րդ կետով նախատեսված սահմանաչափին համապատասխան աջակցության գումարը։ Եթե հիփոթեքային վարկի գծով ամսական վճարները (մայր գումար և տոկոսագումար) գերազանցում են աջակցության գումարի սահմանաչափերը, ապա սույն կարգի 7-րդ կետում նշված ժամանակացույցով սահմանված ամսական վճարների և աջակցության գումարի տարբերությունը վճարվում է շահառուի կողմից։

14. Գործընկեր կազմակերպության և ծառայության միջև տեղեկատվության փոխանակության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են համագործակցության պայմանագրով։

15. Ծրագրի իրականացման գործընթացի ուղեկցումն իրականացվում է համապատասխան ծրագրային ապահովման միջոցով։ Մինչև ծրագրային ապահովման ներդրումը գործընթացն իրականացվում է մեխանիկական եղանակով, իսկ ծրագրի իրականացման համար անհրաժեշտ տեղեկությունները ծառայության և գործընկեր կազմակերպությունների միջև փոխանակվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված միջոցներով (Սի-Բի-Էյ-Նեթ ֆինանսական կամ այլ բնույթի էլեկտրոնային տեղեկատվության փոխանակման համակարգ):

(հավելվածը փոփ. 15.02.24 N 219-Լ, փոփ., խմբ.,  լրաց. 27.06.24 N 1065-Լ)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

06.10.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2022 թվականի

հոկտեմբերի 6-ի N 1562-Լ որոշման

 

ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ 2022-2025 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԲԱՆԿԵՐԻ ԿԱՄ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ

(վերնագիրը փոփ. 15.02.24 N 219-Լ)

 

քաղ. Երևան

____ _____________ 2022 թ.

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությունը (այսուհետ՝ ծառայություն)՝ ի դեմս ծառայության պետ ______________________ -ի, որը գործում է ծառայության կանոնադրության հիման վրա, մի կողմից և _________________________ կազմակերպությունը (այսուհետ՝ կազմակերպություն)՝ ի դեմս գործադիր տնօրեն __________________, որը գործում է կազմակերպության կանոնադրության հիման վրա, մյուս կողմից (այսուհետ` միասին կողմեր), կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն պայմանագրով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2025 թվականների ծրագրի իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվության փոխանակության և դրամական միջոցների փոխանցման հետ կապված հարաբերությունները ծառայության և կազմակերպության միջև։

(1-ին կետը փոփ. 15.02.24 N 219-Լ)

2. Սույն պայմանագրում կիրառվող հասկացություններն ունեն հետևյալ իմաստը՝

1) ծրագիր` Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունիսի 9-ի N 842-Լ որոշմամբ (այսուհետ՝ որոշում) հաստատված՝ Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2025 թվականների ծրագիր.

2) հիփոթեքային վարկ` Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշման N 1 հավելվածով հաստատված` սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների բնակավայրերի ցանկում ընդգրկված գյուղական բնակավայրում անհատական բնակելի տուն կառուցելու կամ կառուցապատումը շարունակելու (ավարտին հասցնելու) նպատակով կարգն ուժի մեջ մտնելուց հետո տրամադրված վարկ.

3) կարգ՝ Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2025 թվականների ծրագրի իրականացման կարգ.

4) շահառու՝

ա. քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում գրանցված ամուսնության մեջ գտնվող, առնվազն մեկ անչափահաս երեխա և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող ամուսիններ, կամ

բ. քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում գրանցված ամուսնության մեջ գտնվող, անչափահաս երեխա չունեցող և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող ամուսիններ, որոնց տարիքների հանրագումարը չի գերազանցում 75-ը (ներառյալ), կամ

գ. առնվազն մեկ անչափահաս երեխա և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող միայնակ ծնող՝ այրի.

5) աջակցության գումար` հիփոթեքային վարկի ամենամսյա վճարների (մայր գումարի և տոկոսագումարի) մարմանն ուղղված գումարի սուբսիդավորում ծառայության կողմից՝ որոշմամբ հաստատված հավելվածի 11-րդ և 11.2-րդ կետերով սահմանված սահմանաչափերով.

6) հաշիվ՝ կազմակերպության բանկային հաշիվ, որին ծրագրի շրջանակներում ծառայությունը փոխանցում է աջակցության գումարը.

7) սահմանամերձ բնակավայր՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշման N 1 հավելվածով հաստատված` սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների բնակավայրերի ցանկում ընդգրկված գյուղական բնակավայր։

(2-րդ կետը փոփ. 15.02.24 N 219-Լ, փոփ., խմբ. 27.06.24 N 1065-Լ)

3. Ծառայությունը պարտավորվում է կազմակերպության հետ վարկային պայմանագիր կնքած շահառուների համար սույն պայմանագրով նախատեսված կարգով և ժամկետներում կազմակերպության հաշվին փոխանցել աջակցության գումարները։

4. Կողմերն անվերապահորեն ընդունում են, որ սույն պայմանագրի շրջանակներում կազմակերպության հաշվին փոխանցված աջակցության գումարները կարող են օգտագործվել բացառապես ծրագրին համապատասխան և չեն կարող արգելադրվել (դրվել արգելանքի տակ), բռնագանձվել կամ հաշվանցվել շահառուի պարտավորությունների դիմաց, կամ որևէ կերպ կանխիկացվել։

 

II. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

5. Կողմերն իրավունք ունեն՝

1) սույն պայմանագրով կամ օրենքով սահմանված կարգով դադարեցնելու պայմանագրի գործողությունը.

2) օրենքով սահմանված կարգով բողոքարկելու մյուս կողմի գործողությունները և (կամ) անգործությունը.

3) իրականացնելու օրենքներով նախատեսված այլ իրավունքներ:

6. Կազմակերպությունը պարտավոր է՝

1) նախքան պոտենցիալ շահառուի և գործընկեր կազմակերպության միջև վարկային պայմանագրի կնքումը ծառայություն ներկայացնել անհրաժեշտ տեղեկությունները՝ սույն պայմանագրին կից N 1 ձևին համապատասխան.

2) շահառուի հետ վարկային պայմանագիր կնքելուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան ծրագրային ապահովման միջոցով ծառայությանը տրամադրել շահառուի հիփոթեքային վարկի պայմանագրի և վարկի գծով վճարման ժամանակացույցի էլեկտրոնային (բնօրինակից լուսապատճենված) տարբերակը, այդ թվում՝ վարկի փուլային ֆինանսավորման ժամկետներն ու համամասնությունը.

3) շահառուի հետ վարկային պայմանագիր կնքելու դեպքում, վճարման ժամանակացույցի մեջ որպես վճարման օր սահմանել յուրաքանչյուր ամսվա 20-ը.

4) շահառուների՝ հիփոթեքային վարկի գծով վճարման ժամանակացույցերում ցանկացած փոփոխության (վաղաժամ մարում, աջակցության այլ ծրագրերի շրջանակներում ստացված աջակցություն և այլն) դեպքում 5 աշխատանքային օրվա ընթացքում ծառայությանը տրամադրել փոփոխված ժամանակացույցերը.

5) ժամանակացույցով նախատեսված վճարումները (աջակցության գումարների սահմանաչափերին համապատասխան) ծառայության կողմից չիրականացնելու դեպքում, ծառայությանը տրամադրել տեղեկատվություն ժամկետանց պարտավորությունների վերաբերյալ (վճարման ենթակա տույժեր, տուգանքներ)՝ դրանց ծագման պահից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում.

6) վարկի ֆինանսավորման 1-ին փուլի ավարտից հետո, նախքան վարկի հաջորդ փուլի ֆինանսավորումը, համապատասխան ծրագրային ապահովման միջոցով ծառայությանը տրամադրել նախորդ փուլով տրամադրված վարկի գումարի նպատակային օգտագործման մասին տեղեկատվություն.

7) (ենթակետն ուժը կորցրել է 15.02.24 N 219-Լ)

(6-րդ կետը փոփ. 15.02.24 N 219-Լ, 27.06.24 N 1065-Լ)

7. Ծառայությունը պարտավոր է`

1) սույն պայմանագրի 6-րդ կետի 1-ին ենթակետում նշված տեղեկություններն ստանալուց հետո 12 աշխատանքային օրվա ընթացքում որոշմամբ սահմանված ծրագրի պահանջները բավարարող պոտենցիալ շահառուին համապատասխան ծրագրային ապահովման միջոցով՝ ինքնաշխատ եղանակով շնորհել շահառուի կարգավիճակ և մեկօրյա ժամկետում դրա մասին տեղեկացնել կազմակերպությանը.

2) ամսական պարբերականությամբ (մինչև տվյալ շահառուի համար նախատեսված դրամական աջակցության սահմանաչափի լրանալը) կազմակերպության հաշվին փոխանցել աջակցության գումարները.

3) ժամանակացույցով նախատեսված վճարումները (աջակցության գումարների սահմանաչափերին համապատասխան) չիրականացնելու դեպքում, վճարել ժամկետանց պարտավորությունների համար նախատեսված տույժերն ու տուգանքները.

4) «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ապահովել սույն պայմանագրի շրջանակներում իրեն հայտնի դարձած` բանկային գաղտնիք համարվող տեղեկությունների գաղտնիությունը:

(7-րդ կետը փոփ. 27.06.24 N 1065-Լ)

 

III. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳԻՆԸ

 

8. Սույն պայմանագրով նախատեսված ծառայությունները կողմերը մատուցում են անհատույց (անվճար)։ Սույն պայմանագրով նախատեսված պարտականությունների կատարման հետ կապված ծախսերը չեն փոխհատուցվում:

 

IV. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

9. Սույն պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարվում են կողմերի փոխադարձ համաձայնությամբ և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` լրացուցիչ համաձայնագրեր կնքելու միջոցով, որոնք կհանդիսանան սույն պայմանագրի անբաժանելի մասը:

10. Սույն պայմանագիրը կազմված է հավասարազոր իրավաբանական ուժ ունեցող երկու օրինակից։ Յուրաքանչյուր կողմին տրվում է պայմանագրի մեկ օրինակ։

11. Սույն պայմանագիրը լուծվում է կողմերի փոխադարձ համաձայնությամբ պայմանագրի էական խախտման կամ օրենքով կամ պայմանագրով նախատեսված այլ դեպքերում: Պայմանագիրը լուծելու վերաբերյալ առաջարկությունը մի կողմը մյուս կողմին ներկայացնում է պայմանագրի լուծման նախատեսվող ժամկետից առնվազն երկու ամիս առաջ:

12. Սույն պայմանագիրը լուծվում է լուծման օրվա դրությամբ պայմանագրով ստանձնած պարտավորությունները կողմերի կողմից պատշաճ կատարվելու, ինչպես նաև չկատարվելու կամ ոչ պատշաճ կատարվելու հետևանքով պատճառված վնասները լրիվ հատուցելու պայմանով:

13. Սույն պայմանագիրն իրավաբանական ուժ է ստանում այն կնքելու օրը:

14. Ծրագրի իրականացման գործընթացի ուղեկցումն իրականացվում է համապատասխան ծրագրային ապահովման միջոցով։ Մինչև ծրագրային ապահովման ներդրումը գործընթացն իրականացվում է մեխանիկական եղանակով, իսկ ծրագրի իրականացման համար անհրաժեշտ տեղեկությունները ծառայության և կազմակերպությունների միջև փոխանակվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված միջոցներով (Սի-Բի-Էյ-Նեթ ֆինանսական կամ այլ բնույթի էլեկտրոնային տեղեկատվության փոխանակման համակարգ):

 

V. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ ԵՎ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Միասնական սոցիալական ծառայություն


_________________________________

Գտնվելու վայրը _______________________


Գտնվելու վայրը_________________________

Հեռ. _______________________


Հեռ. _________________________

Էլ. փոստ _______________________


Էլ. փոստ _________________________

_______________________________________

(անունը, ազգանունը)


_______________________________________

(անունը, ազգանունը)

______________________________________

(ստորագրությունը)


______________________________________

(ստորագրությունը

Ձև N 1

 

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ 2022-2025 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՊՈՏԵՆՑԻԱԼ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Դաշտի անվանումը

Բովանդակությունը

1. Կազմակերպություն

 

2. Շահառուի և ամուսնու (առկայության դեպքում՝ երեխայի/ների) տվյալներ

 

2.1. Անուն, ազգանուն, հայրանուն

 

2.2. Անձը հաստատող փաստաթուղթ

 

2.3. Հանրային ծառայության համարանիշ

 

2.4. Ծննդյան օր, ամիս, տարի

 

2.5. Փաստացի բնակության վայրի հասցե

 

2.6. Ամուսնության (միայնակ ծնողի դեպքում՝ մյուս ծնողի մահվան) վկայականի համարը

Կցվում է

2.7. Էլեկտրոնային հասցե

 

2.8. Հեռախոսահամար

 

3. Կառուցվող անհատական բնակելի տան հասցե

 

4. Հիփոթեքային վարկի գումարի չափը, ժամկետը, փուլերի համամասնությունը

 

5. Կազմակերպության հաշիվը

 

6. Կազմակերպությունը հավաստում է, որ շահառուն տվել է իր համաձայնությունը կառուցապատվող անշարժ գույքի (բնակելի տան) նկատմամբ սեփականության իրավունքն օրենքով սահմանված կարգով իր անվամբ գրանցելու վերաբերյալ

 
(ձևը փոփ. 15.02.24 N 219-Լ, լրաց. 27.06.24 N 1065-Լ)

Ձև N 2

 

Հաշվետվություն

 

Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2024 թվականների ծրագրի ներքո աջակցության գումարների օգտագործման վերաբերյալ (օօ/աա/տտտտ օօ/աա/տտտտ ժամանակահատվածի համար)

 

NN
ը/կ


 

Վարկառուի ԱԱՀ


 

Վարկառուի անձը հաստատող փաստա-թուղթ


 

Հաշվետու ժամանակա-հատվածում օգտագործված աջակցության գումար

Վարկի մնացորդը հաշվետու ժամանա-կահատվածի վերջին օրվա դրությամբ

Հաշվետու ժամանակա-հատվածում շահառուի կողմից կատարված վճարումներ

Շահառուի ժամկետանց պարտա-վորություններ

Ժամկետանց օրերի քանակ

մայր գումար

տոկոսա-գումար

մայր գումար

տոկոսա-գումար

մայր գումար

տոկոսա-գումար

մայր գումար

տոկոսա-գումար

մայր գումար

տոկոսա-գումար

               
               
               

(հավելվածը փոփ. 15.02.24 N 219-Լ, փոփ., խմբ., լրաց. 27.06.24 N 1065-Լ)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

06.10.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ