Գլխավոր տեղեկություն
Համար
N 220-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (09.07.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.07.08-2024.07.21 Պաշտոնական հրապարակման օրը 08.07.2024
Ընդունող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
03.07.2024
Ստորագրող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
03.07.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.07.2024

600.0220.03.07.24

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

3 հուլիսի 2024 թվականի

N 220-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 523-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական շուկայի բաշխման ցանցային կանոնները հաստատելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 523-Ն որոշման հավելվածում (այսուհետ՝ ԷԲՑ կանոններ) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

1) ԷԲՑ կանոնների 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 10.1-ին և 10.2-րդ ենթակետերով.

 

«10.1)

ԷՄՇ կանոններ՝

Հանձնաժողովի հաստատած Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի առևտրային կանոններ.

10.2) ԷՄՇ մասնակից՝  Էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի մասնակից․»,

 

2) ԷԲՑ կանոնների 69-րդ կետում «մինչև սեպտեմբերի 5-ը հրապարակում է ՇԿԾ-ում» բառերը փոխարինել «մինչև սեպտեմբերի 5-ը հրապարակում է շուկայի կառավարման ծրագրում (ՇԿԾ)» բառերով,

3) ԷԲՑ կանոնների 139-րդ և 141-րդ կետերի 1-ին նախադասության մեջ «Սպառողի» բառից հետո լրացնել «կամ ԷՄՇ մասնակցի» բառերը, և 139-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին, 1.2-րդ, 1.3-րդ և 1.4-րդ ենթակետերով.

«1.1) ԷՄՇ մասնակցի կողմից գրավոր պահանջի և առաջարկվող ժամկետի ներկայացման պարագայում,

1.2) ԷԲՑ կանոնների 144-րդ կետով նախատեսված դեպքում՝ Մատակարարի կողմից գրավոր պահանջի և առաջարկվող ժամկետի ներկայացման պարագայում, բացառությամբ ԷԲՑ կանոնների 145.1-ին կետով նախատեսված դեպքի,

1.3) ԷՄՇ կանոններով նախատեսված վճարումներ չկատարելու դեպքում՝ Շուկայի օպերատորի կողմից գրավոր պահանջի և առաջարկվող ժամկետի ներկայացման պարագայում, բացառությամբ ԷԲՑ կանոնների 145.1-ին կետով նախատեսված դեպքի,

1.4) ԷՄՇ կանոններով նախատեսված բանկային երաշխիքը չհամալրելու դեպքում՝ Շուկայի օպերատորի կողմից գրավոր պահանջի և առաջարկվող ժամկետի ներկայացման պարագայում,»,

4) ԷԲՑ կանոնների 141-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) Երաշխավորված մատակարարի Սպառողի դեպքում՝ սպառված էլեկտրական էներգիայի դիմաց, իսկ Մատակարարի Սպառողի և ԷՄՇ մասնակցի դեպքում՝ մատուցված բաշխման ծառայության դիմաց ԷՄԱ կանոնների և ԷՄՇ կանոնների համաձայն վճարումներ չկատարելու դեպքում,»,

5) ԷԲՑ կանոնների 142-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«142. ԷԲՑ կանոնների 141-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված դեպքում Բաշխողը, հաշվի առնելով ԷԲՑ կանոնների 143-րդ կետով նախատեսված առանձնահատկությունը, իրավունք ունի դադարեցնել Սպառողի կամ ԷՄՇ մասնակցի էլեկտրամատակարարումը՝ առնվազն 3 օր առաջ Սպառողի դեպքում՝ հեռուստատեսությամբ, պաշտոնական կայքով կամ ԷԲՑ կանոններով նախատեսված ծանուցման պատշաճ ձևերից որևէ մեկով ծանուցելու կամ Սպառողին հասու այլ ձևերով շքամուտքում (շինության վրա) կամ փոստային բաժանմունքներում հայտարարություն փակցնելու, իսկ ԷՄՇ մասնակցի դեպքում՝ ԷՄՇ կանոններով սահմանված կարգով ծանուցելու պայմանով։ Ծանուցումը հեռուստատեսությամբ կատարվում է հանրապետական սփռման առնվազն 1 հեռուստաընկերության միջոցով առնվազն 2-ական անգամ՝ 18:00-20:00-ն և 20:00-23:00-ն ընկած ժամանակահատվածներում: Ընդ որում, եթե Սպառողը պահանջել է սույն կետով նշված ծանուցումն իրեն ներկայացնել գրավոր կամ էլեկտրոնային փոստով, ապա վերջինիս այդ ծանուցումն իրականացվում է պահանջված ձևով: Ծանուցման վերաբերյալ գրությունը փոստով առաքելու պահանջի դեպքում վճարում է Սպառողը: Ծանուցումն էլեկտրոնային փոստով կատարվում է անվճար:»,

6) ԷԲՑ կանոնների 143-րդ կետում «ԷԲՑ կանոնների 141-րդ կետի 1-ին, 2-րդ, 3.1-րդ և 3.2-րդ» բառերը փոխարինել «ԷԲՑ կանոնների 139-րդ կետի 1.2-րդ, 1.3-րդ, 1.4-րդ, 2-րդ, 3-րդ, 141-րդ կետի 1-ին, 2-րդ, 3-րդ, 3.1-րդ և 3.2-րդ» բառերով, իսկ «Սպառողի» և «Սպառողին» բառերից հետո լրացնել համապատասխանաբար «կամ ԷՄՇ մասնակցի» և «կամ ԷՄՇ մասնակցին» բառերը,

7) ԷԲՑ կանոնների 145-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«145. ԷԲՑ կանոններով նախատեսված դեպքում՝ Մատակարարի կողմից իր Սպառողի, իսկ ԷՄՇ կանոններով նախատեսված դեպքում՝ Շուկայի օպերատորի կողմից ԷՄՇ մասնակցի էլեկտրամատակարարումը դադարեցնելու պահանջի՝ մինչև էլեկտրամատակարարումը դադարեցնելու նախատեսվող օրվան նախորդող օրվա ժամը 14։29-ը անփոփոխ մնալու, իսկ ԷԲՑ կանոնների 139-րդ կետի 1․2-րդ և 1․3-րդ ենթակետերով նախատեսված դեպքերում նաև հնարավոր խախտում կատարած Սպառողի կամ ԷՄՇ մասնակցի կողմից համապատասխան հիմնավորումներով առարկություններ չներկայացվելու դեպքում` Բաշխողը դադարեցնում է Սպառողի կամ ԷՄՇ մասնակցի էլեկտրամատակարարումը՝ հաշվի առնելով ԷԲՑ կանոնների 143-րդ կետով նախատեսված առանձնահատկությունը։»,

8) ԷԲՑ կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 145.1-ին կետով․

«145.1. Մատակարարի Սպառողի կամ ԷՄՇ մասնակցի կողմից համապատասխան հիմնավորումներով առարկություններ ներկայացվելու պարագայում Բաշխողը ձեռնպահ է մնում ԷԲՑ կանոնների 139-րդ կետի 1.2-րդ և 1.3-րդ ենթակետերի հիմքերով վերջինների էլեկտրամատակարարումը դադարեցնելուց՝ մինչև շուկայի կանոնների համաձայն վեճի վերջնական լուծումը։»,

9) ԷԲՑ կանոնների 146-րդ կետում «141-րդ կետի 1-ին ենթակետի և 145-րդ կետի» բառերը փոխարինել «139-րդ կետի 1.2-րդ, 1.3-րդ ենթակետերի և 141-րդ կետի 1-ին ենթակետի» բառերով, իսկ բոլոր հոլովաձևերով «Սպառող» բառից հետո լրացնել «կամ ԷՄՇ մասնակից» բառերը՝ համապատասխան հոլովաձևերով,

10) ԷԲՑ կանոնների 146.1-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«146.1. ԷԲՑ կանոնների 139-րդ կետի 1-ին, 1.1-ին, 1.4-րդ և 2-րդ ենթակետերի համաձայն էլեկտրամատակարարման դադարեցման դեպքում այն ենթակա է վերականգնման այդ մասին համապատասխանաբար Սպառողի, ԷՄՇ մասնակցի, Շուկայի օպերատորի կամ սպառման համակարգի տեղակայման տարածքի (շենքի, շինության) նկատմամբ իրավունք ունեցող անձի կողմից գրավոր պահանջի ներկայացումից, իսկ ԷԲՑ կանոնների 141-րդ կետի 2-րդ, 3.1-րդ և 3.2-րդ ենթակետերի համաձայն էլեկտրամատակարարման դադարեցման դեպքում՝ Սպառողի կողմից խախտումը վերացնելուց հետո ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում։»,

11) ԷԲՑ կանոնների 147-րդ կետի 1-ին նախադասության մեջ «Պարտքի» բառը փոխարինել «Իր նկատմամբ պարտքի» բառերով,

12) ԷԲՑ կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 147.1-ին կետով․

«147.1. Հաղորդման ցանցին միացած ԷՄՇ մասնակցի կամ Սպառողի էլեկտրամատակարարումը դադարեցվում և վերականգնվում է Հաղորդողի հետ համատեղ։»։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության հանրային

ծառայությունները կարգավորող

հանձնաժողովի նախագահ`

Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ

 

ք. Երևան

3 հուլիսի 2024 թ.

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 հուլիսի 2024 թվական: