Գլխավոր տեղեկություն
Համար
N 1176-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (19.06.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.07.10-2023.07.23 Պաշտոնական հրապարակման օրը 13.07.2023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.07.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.07.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.07.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 հուլիսի 2023 թվականի N 1176-Ն

 

ԹԱՏԵՐԱՀԱՄԵՐԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ՄՈԴԵԼԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2111-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասին, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 21-րդ մասին, 23-րդ հոդվածի 3-րդ մասին, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Թատերահամերգային կազմակերպությունների ֆինանսավորման փորձնական մոդելի ներդրման ծրագիրը՝ համաձայն N 1 հավելվածի:

2. «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2111-Ն որոշման NN 3, 4, 5, 9 և 9.1 հավելվածներում կատարել փոփոխություններ` համաձայն NN 2, 3, 4, 5 և 6 հավելվածների:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

13.07.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2023 թվականի

հուլիսի 13-ի N 1176-Ն որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ԹԱՏԵՐԱՀԱՄԵՐԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ՄՈԴԵԼԻ ՆԵՐԴՐՄԱՆ

 

1. ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

1. ՀՀ կառավարության ծրագրով ամրագրված է, որ կառավարությունը մշակույթը դիտում է որպես հանրության կրթական մակարդակի շարունակական բարձրացման և մարդկային կապիտալի զարգացման հարթակ, որն ուղիղ ազդեցություն ունի քաղաքացիների, հանրային, այդ թվում՝ քաղաքական և քաղաքացիական հարաբերությունների որակի վրա, ըստ այդմ՝ մշակույթը նաև հանրային համախմբում, համերաշխություն և ներդաշնակություն ապահովող կարևոր գործոն է:

2. Միաժամանակ ամրագրված է, որ մշակութային կազմակերպությունները, ստանալով ֆինանսավորում պետական բյուջեից, պետք է հոգ տանեն սեփական եկամուտների ավելացման ուղղությամբ, և այս չափանիշով պետք է իրականացվի մշակութային կազմակերպությունների կառավարման որակի գնահատումը: Այս ուղղությամբ, ըստ այդմ, թվարկված են հետևյալ անելիքները՝

1) մշակութային հաստատություններում ֆոնդահայթայթման կարողությունների և մեխանիզմների ստեղծումը.

2) պետական ոչ առևտրային կազմակերպությունների օպտիմալացումը, ֆինանսական միջոցների և մասնագիտական ռեսուրսների կենտրոնացումը, մասնագիտական կարողությունների զարգացման ծրագրի և իրավական ակտերի մշակումը.

3) պրոդյուսերների և տնօրենների ինստիտուտների կայացումն ու ամրապնդումը.

4) կազմակերպությունների գործունեության արդյունավետության որակական և քանակական չափորոշիչների մշակումը։

3. Համաձայն պաշտոնական վիճակագրության՝ 2021-ի ընթացքում 23 թատերահանդիսային կազմակերպությունների կողմից ցուցադրվել է 2923 ներկայացում, որոնց 32.0%-ը` տիկնիկային, 12.8%-ը` երաժշտական ժանրի: 2021 թ. թատրոններ հաճախումների քանակը կազմել է 498.2 հազ. մարդ, որոնցից 21.1%-ը հաճախել է երաժշտական, 27.7%-ը` տիկնիկային թատրոն: Հանրապետության 1000 բնակչի հաշվով հաճախումները կազմել են 168.2:

4. Թատերական ներկայացումներից ստացված հասույթը 2021-ին կազմել է 773.9 մլն դրամ, որի 38.9%-ը` երաժշտական, 13.1%-ը` տիկնիկային ներկայացումներից է ստացվել: Միջին հաշվով մեկ ներկայացման մուտքի վճարումներից հասույթը կազմել է 264.8 հազ. դրամ:

5. Կառավարության ծրագրին համահունչ՝ թատրոնների և համերգասրահների ենթակառուցվածքների բարելավման համար պետական բյուջեից 2022 թվականին հատկացվել է ռեկորդային՝ 1 մլրդ 284 մլն դրամ՝ 2021 թ. շուրջ 300 մլն դրամի համեմատ։ Կապիտալ հատկացումներ են ստացել «Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ» ՊՈԱԿ-ը, «Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ» ՊՈԱԿ-ը, «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիա կան թատրոն» ՊՈԱԿ-ը, «Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ը, «Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն» ՊՈԱԿ-ը, «Հայաստանի երգի պետական թատրոն» ՊՈԱԿ-ը, «Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն» ՊՈԱԿ-ը, «Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոն» ՊՈԱԿ-ը, «Երևանի մնջախաղի պետական թատրոն» ՊՈԱԿ-ը։

6. Մշակութային հաստատությունների պայմանների բարելավման արդյունքում բարձրացել են նաև հանրությանը մատուցվող ծառայությունների որակը, կազմակերպությունների սեփական եկամուտների ծավալը. հաստատությունների 90%-ը գրանցել է սեփական եկամուտների աճ՝ նախահամավարակային 2019 թվականի համեմատ։ Որոշ կառույցների եկամուտները գրեթե հավասարվել են պետական հատկացումների ծավալների 50% և ավելիին, ինչպես օրինակ «Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն» ՊՈԱԿ-ի սեփական եկամուտները կազմել են պետական բյուջեից հատկացվող գումարի շուրջ 75%-ը, Երևանի կամերային պետական թատրոնի պարագայում նույնիսկ գերազանցել են պետական հատկացումների ծավալը՝ գլխավորապես ի հաշիվ տոմսերի վաճառքի ծավալների մեծացման։ 2022 թվականին «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի տոմսերի վաճառքից գեներացված սեփական եկամուտները կազմել են 614 456,3 հազ. դրամ։

7. Մշակութային հաստատությունների սեփական եկամուտների ծավալը խթանելու նպատակով կառավարությունը նպատակադրել է մշակել և ներդնել պետական բյուջեից թատրոնների և համերգասրահների ֆինանսավորման նոր մոդել։

 

2. ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ՄՈԴԵԼԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

 

8. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծով նախատեսվող գումարի չափը հաշվարկվում է թատերահամերգային կազմակերպության կողմից ներկայացված կանխատեսումների հիման վրա, և նախորդ տարվա ֆինանսատնտեսական գործունեության արդյունքների ամփոփումից հետո, անհրաժեշտության դեպքում, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում կատարվում են վերաբաշխումներ։

Ֆինանսավորման փորձնական մոդելի շրջանակներում յուրաքանչյուր տարի, թատերահամերգային կազմակերպության Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «1168. Արվեստների ծրագրով» առանց մրցույթի ֆինանսավորվում է կազմակերպության նախորդ տարվա ֆինանսատնտեսական գործունեության արդյունքում հաշվեգրված սեփական եկամուտների կրկնապատիկի չափով։ Նշված գումարը պետք է օգտագործվի առանց մրցույթի տրամադրվող գումարի ծախսման ուղղությունների համար, ինչպես նաև կարող է օգտագործվել կազմակերպության աշխատակիցների վարձատրության բարձրացման, նոր և վերափոխված ներկայացումների բեմադրության, հյուրախաղերի, նաև անհրաժեշտ կապիտալ ծախսերի համար:

(8-րդ կետը փոփ. 28.12.23 N 2324-Ն, խմբ. 14.06.24 N 910-Ն)

9. Ընդ որում՝

1) սույն ծրագրի իմաստով սեփական եկամուտներ են համարվում թատերահամերգային կազմակերպության գործունեության արդյունքում վերջինիս կողմից ձևավորած ֆինանսական միջոցները՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից տրամադրված ֆինանսական միջոցների, մեկանգամյա բնույթ կրող միջոցառումների համար տրամադրվող գումարների, հովանավորչական և նվիրատվությամբ ստացված եկամուտների, կանոնադրությամբ նախատեսված ձեռնարկատիրական գործունեության արդյունքում ձևավորված գումարների, անհատույց օգտագործմամբ ամրացված գույքի Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով տրված վարձակալությունից ստացված եկամուտների.

2) լիազոր պետական մարմինը մշակում և ներդնում է ֆինանսավորման նոր մոդելի արդյունավետության մշտադիտարկման մեխանիզմ՝ ապահովելով կազմակերպության կողմից նախատեսված գործողությունների իրականացման արդյունավետ դիտարկում։

Եթե կազմակերպության կողմից իրականացվող ֆինանսատնտեսական գործունեության ընթացքում առաջանում են կազմակերպության ֆինանսական վիճակի վատթարացման և հնարավոր սնանկացման ռիսկեր՝ լիազոր մարմինը, կազմակերպության հետ համատեղ, կամ դրա անհնարինության դեպքում՝ միանձնյա մշակում է կազմակերպության առողջացման իրատեսական ծրագիր, որը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը և դրա վերաբերյալ հավանության առկայության դեպքում՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը պահպանում է հաջորդ տարվա համար կազմակերպությանը ֆինանսավորման ենթակա գումարի չափը՝ պայմանով սակայն, որ դրա օգտագործման նկատմամբ իրականացվում է եռամսյակային մշտադիտարկում:

(9-րդ կետը փոփ. 28.12.23 N 2324-Ն, խմբ. 14.06.24 N 910-Ն)

 

3. ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ՄՈԴԵԼԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ

(վերնագիրը փոփ. 14.06.24 N 910-Ն)

 

10. Ֆինանսավորման փորձնական մոդելը 2023 թվականին ներդնել «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ում (այսուհետ՝ ՊՈԱԿ)՝ նկատի ունենալով հետևյալը՝

1) 2023 թվականի համար ՊՈԱԿ-ը կանխատեսել է, որ տարեվերջին կգրանցի շուրջ 840 958,0 հազ. դրամ՝ որպես սեփական եկամուտներից գեներացված միջոց.

2) ՊՈԱԿ-ին 2023 թվականին ՀՀ պետական բյուջեի «1168. Արվեստների ծրագրով թատերահամերգային կազմակերպություններին» ծրագրով տրամադրվել է 1 448 389,2 հազ. դրամ.

3) նոր մոդելի ներդրման տրամաբանությամբ ՊՈԱԿ-ի ընդհանուր ֆինանսավորումը, հաշվի առնելով կանխատեսվող սեփական եկամուտների չափը, պետք է կազմի 1 681 916,0 հազ. դրամ։ Հետևաբար, մոդելի փորձնական ներդրման շրջանակներում ՊՈԱԿ-ին հավելյալ տրամադրվում է 233 526,8 հազ. դրամ.

4) ՊՈԱԿ-ը պետք է բեմադրի առնվազն 2 նոր բալետային կամ օպերային ներկայացումներ (ընդ որում՝ դրանք չպետք է ներառված լինեն 2023 թվականին պետական բյուջեից հատկացվող դրամաշնորհային պայմանագրերով նախատեսված ոչ ֆինանսական ցուցանիշներում).

5) ՊՈԱԿ-ը պետք է բեմադրություններում ընդգրկի հրավիրյալ մասնագետների։

11. Ֆինանսավորման փորձնական մոդելը կներդրվի այն թատերահամերգային կազմակերպություններում, որոնց սեփական եկամուտները կգերազանցեն մինչև նոր մոդելի ներդնումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «1168. Արվեստների ծրագրով» առանց մրցույթի տրամադրվող գումարի չափի կեսը, ինչպես նաև տվյալ թատերահամերգային կազմակերպության սեփական եկամուտներում տոմսերի վաճառքից ստացված հասույթը կկազմի առնվազն 75 տոկոսը:

(11-րդ կետը խմբ. 14.06.24 N 910-Ն)

(հավելվածը փոփ. 28.12.23 N 2324-Ն, խմբ., փոփ. 14.06.24 N 910-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

13.07.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2023 թվականի

հուլիսի 13-ի N 1176-Ն որոշման

(հավելվածը փոփ. 28.12.23 N 2324-Ն)

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2023 թվականի

հուլիսի 13-ի N 1176-Ն որոշման

(հավելվածը փոփ. 28.12.23 N 2324-Ն)

 

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2023 թվականի

հուլիսի 13-ի N 1176-Ն որոշման

(հավելվածը փոփ. 28.12.23 N 2324-Ն)

 

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2023 թվականի

հուլիսի 13-ի N 1176-Ն որոշման

(հավելվածը փոփ. 28.12.23 N 2324-Ն)

 

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2023 թվականի

հուլիսի 13-ի N 1176-Ն որոշման

(հավելվածը փոփ. 28.12.23 N 2324-Ն)

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 հուլիսի 2023 թվական: