ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 հունիսի 2023 թվականի N 877-Ա
ՄԵՂՄԱՑՆՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԿԻՐԱՌԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 21-րդ մասը, Վերակառուցման վարկերի (ՎՎԲ), Եվրոպական ներդրումային բանկերի վարկային և Հայաստանի Հանրապետության կառավարության համաֆինանսավորման միջոցներով «Համայնքային ենթակառուցվածքների II ծրագիր, փուլ 3 Հայաստանի ջրամատակարարման և ջրահեռացման ենթակառուցվածքների վերականգնում» ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) շրջանակներում Հայաստանի Հանրապետության 6 մարզերի (Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի, Արմավիրի, Վայոց ձորի և Սյունիքի) 37 բնակավայրերում իրականացվող ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վերակառուցման աշխատանքների պատշաճ իրականացման նպատակով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. 2023 թվականի մայիսի 1-ից մինչև 2024 թվականի նոյեմբերի 30-ը սույն որոշման հավելվածի 1-ին և 2-րդ կետերում նշված, և մինչև 2024 թվականի սեպտեմբերի 30-ը սույն որոշման հավելվածի 3-րդ կետում նշված կապալառու կազմակերպություններին շինարարական աշխատանքների դիմաց վճարումները պայմանագրով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած փոխարժեքի փոխարեն իրականացնել՝ հաշվարկների հիմքում կիրառելով 1 եվրո=500 ՀՀ դրամ փոխարժեքը:
(1-ին կետը փոփ. 30.05.24 N 820-Ա)
2. Սույն որոշման հավելվածի 1-ին և 2-րդ կետերում նշված կապալառու կազմակերպությունների նկատմամբ մեղմացնող միջոցառումների վճարումներն իրականացնել՝ համաձայն ծրագրի ֆինանսավորման համապատասխան աղբյուրների։
3. Սույն որոշման հավելվածի 3-րդ կետում նշված կապալառու կազմակերպության նկատմամբ մեղմացնող միջոցառումների վճարումներն իրականացնել ամբողջովին Հայաստանի Հանրապետության կառավարության համաֆինանսավորման աղբյուրից։
4. Սույն որոշման հավելվածում նշված կապալառու կազմակերպությունների պայմանագրերի ժամկետները երկարաձգել՝ հավելվածի 1-ին և 2-րդ կետերում նշված պայմանագրերի ժամկետները մինչև 2024 թվականի նոյեմբերի 30-ը, իսկ հավելվածի 3-րդ կետում նշված պայմանագրի ժամկետը՝ մինչև 2024 թվականի սեպտեմբերի 30-ը՝ կասեցնելով պայմանագրերի ընդհանուր պայմանների 8.7-րդ կետով սահմանված կատարողի նկատմամբ հաշվարկվող տույժերի հաշվարկը և պայմանագրով սահմանված՝ ներառյալ սույն որոշումից բխող բոլոր պարտավորությունների ամբողջական կատարման դեպքում, զիջել դրանք: Ընդ որում՝ սույն որոշման 1-ին կետով սահմանված ժամկետում աշխատանքները չկատարելու դեպքում տույժերը հաշվարկվում են նաև կասեցման ժամանակահատվածի համար։
(4-րդ կետը փոփ. 30.05.24 N 820-Ա)
5. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին՝ սույն որոշման հավելվածում նշված կապալառու կազմակերպությունների նկատմամբ մեղմացնող միջոցառումների կիրառման նպատակով՝ ծրագրի համար անհրաժեշտ լրացուցիչ համաֆինանսավորման միջոցները հատկացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը 2023 թվականի պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին՝ անհրաժեշտության դեպքում ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի N 2111-Ն որոշման մեջ վերաբաշխում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ։
51. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին՝ սույն որոշման հավելվածում նշված կապալառու կազմակերպությունների նկատմամբ մեղմացնող միջոցառումների կիրառման նպատակով՝ ծրագրի համար անհրաժեշտ լրացուցիչ համաֆինանսավորման միջոցները հատկացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը 2024 թվականի պետական բյուջեով նախատեսված միջոցների, իսկ անհնարինության դեպքում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին՝ անհրաժեշտության դեպքում ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2323-Ն որոշման մեջ վերաբաշխում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ:
(5.1-ին կետը լրաց. 30.05.24 N 820-Ա)
6. Առաջարկել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենին՝ սույն որոշման հավելվածում նշված պայմանագրերում ապահովել սույն որոշումից բխող համապատասխան փոփոխություններ։
7․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2023 թվականի մայիսի 1-ից ծագած հարաբերությունների վրա:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
02.06.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2023 թվականի հունիսի 1-ի N 877-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ԿԱՊԱԼԱՌՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ
(հավելվածը խմբ. 30.05.24 N 820-Ա) |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
02.06.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
30.05.2024, N 820-Ա | 01.06.2024, N 877-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|