Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.04.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.05.13-2024.05.26 Պաշտոնական հրապարակման օրը 23.05.2024
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
23.04.2024
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
23.04.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.04.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/8728/02/23

2024 թ. 

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/8728/02/23

Նախագահող դատավոր`

 Ն Կարապետյան

Դատավորներ`

 Ն Բարսեղյան

 Ս Մատինյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝

 

նախագահող

Գ. Հակոբյան

զեկուցող

ս. ՄեղրՅԱՆ

Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ա ՄԿՐՏՉՅԱՆ

Է. Սեդրակյան

 

2024 թվականի ապրիլի 23-ին

գրավոր ընթացակարգով քննելով Դիանա Դեմյանովայի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.07.2023 թվականի որոշման դեմ՝ ըստ Մաքսիմ Դեմյանովի հայցի ընդդեմ Դիանա Դեմյանովայի, երրորդ անձ Կենտրոնական մարմին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության (այսուհետ՝ Կենտրոնական մարմին)` երեխաներին Ռուսաստանի Դաշնություն վերադարձնելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Մաքսիմ Դեմյանովը պահանջել է Դիանա Դեմյանովային պարտավորեցնել Հայաստանի Հանրապետություն անօրինական տեղափոխված և Հայաստանի Հանրապետությունում անօրինական պահվող, 25082020 թվականին ծնված Դիլանա Դեմյանովային ու 20052022 թվականին ծնված Ադել Դեմյանովային վերադարձնել երեխաների մշտական բնակության վայր՝ Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքի Վնուկովսկոյե բնակավայրի օդաչու Ուլյանինի 3-Ա շենքի թիվ 167 բնակարան:

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Դատարան) 14.04.2023 թվականի վճռով հայցը բավարարվել է։

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 21.07.2023 թվականի որոշմամբ Դիանա Դեմյանովայի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 14.04.2023 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Դիանա Դեմյանովան (ներկայացուցիչներ Էդգար Հակոբյան և Մանյա Մաթևոսյան)։

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Մաքսիմ Դեմյանովը (ներկայացուցիչներ Աշխեն Դաշյան և Արայիկ Ղազարյան)։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է «Երեխայի միջազգային առևանգման քաղաքացիական մոտեցումների մասին» կոնվենցիայի 13-րդ, 29-րդ և 30-րդ հոդվածները (այսուհետ՝ Հաագայի կոնվենցիա), ՀՀ ընտանեկան օրենսգրքի 43-րդ ու 67-րդ հոդվածները, ՀՀ կառավարության 02062016 թվականի «Խնամակալության և հոգաբարձության մարմինների կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 24-ի թիվ 164-ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 631-Ն որոշումը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 58-րդ, 60-րդ, 66-րդ, 169-րդ, 203-205-րդ ու 208-րդ հոդվածները:

 

Բողոք բերած անձը նշված հիմքի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ օրենսդիրը Հայաստանի Հանրապետություն անօրինական տեղափոխված կամ Հայաստանի Հանրապետությունում ապօրինի պահվող երեխայի վերադարձի վերաբերյալ հայցադիմումը ներկայացնելու իրավասությամբ օժտել է կոնկրետ սուբյեկտի՝ Կենտրոնական մարմնին՝ այդ կերպ բացառելով որևէ անձի կողմից այդ հայցատեսակով դատարան դիմելը։ Մինչդեռ, սույն գործով Դատարանում հայցադիմում է ներկա­յացրել երեխաների մյուս ծնողը՝ Մաքսիմ Դեմյանովը, ով ներկայացված հայցի առումով չի կարող համարվել պատշաճ հայցվոր, և ում հայցադիմումն այդ պատճառաբանություններով պետք է հետ վերադարձվեր, քանի որ հայցադիմումը չի ներկայացվել այն անձի կողմից, ով իրավասու է հատուկ հայցային վարույթի շրջանակներում այն ներկայացնել, իսկ վարույթ ընդունելուց հետո էլ պարտավոր էր հայցը մերժել՝ ոչ պատշաճ հայցվորի կողմից հայցը հարուցված լինելու հիմքով։

Վերաքննիչ դատարանը միայն հատուկ հայցային վարույթի քննության օրենսդրական սեղմ ժամկետների պատճառաբանությամբ օրինաչափ է համա­րել Դատարանի կողմից ապացուցման բեռի բաշխման որոշում չկայացնելը և իրեն անորոշության մեջ թողնելը, այնինչ օրենսդիրը հատուկ հայցային վարույթների համար չի սահմանել որևէ բացա­ռություն կամ իրավունք դատարանների համար՝ ապացուցման բեռը բաշխելու որոշում չկայացնելու կամ այդ պարտականությունից դատարանին ազատելու վերաբերյալ, ուստի Վերաքննիչ դատարանը չէր կարող ու չպետք է վերաքննիչ բողոքի այդ հիմքը հիմնավոր չհամարեր դատական ակտը բեկանելու համար։

Վերաքննիչ դատարանն անհիմն պատճառաբանություններով ընդունելի չի համարել վերաքննիչ բողոքին կցված լրացուցիչ ապացույցները՝ հաշվի չառնելով, որ Դատարանը, ունենալով կողմերի միջև ապացուցման բեռը բաշխելու պարտականություն, չի կատարել այն, ինչն էլ իրեն դրել է անորոշության մեջ՝ գործի համար էական նշանակություն ունեցող փաստերի և իր կողմից ապացուցման ենթակա փաստերի մասով, որի պատճառով ինքը զրկվել է իր առարկությունները հիմնավորող ապացույցները, այդ թվում՝ Վերաքննիչ դատարանին ներկայացված ապացույցներն ավելի շուտ ձեռքբերելուց ու Դատարանին ներկայացնելուց։ Եթե Դատարանը կատարեր ապացուցման պարտականությունը կողմերի միջև բաշխելու իր պարտականությունը և կողմերի համար ժամկետ սահմաներ ապացույցները ներկայացնելու համար, ապա ինքը հնարավորություն կունենար Դատարանին ներկայացնելու ավելի լայն ծավալով ապացույցներ, քան ներկայացվել է։

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ թեև քրեական վարույթները նախաձեռնվել են երեխաների՝ Հայաստանի Հանրապետություն գալուց հետո տեղի ունեցած իրադարձությունների առթիվ, սակայն այդ քրեական վարույթներով քննարկման առարկա են դարձվել նաև մինչև Հայաստանի Հանրապետություն երեխաների գալու պահը տեղի ունեցած իրադարձությունները։ Ընդ որում, թեև Վերաքննիչ դատարանն ընդունելի չի համարել իր կողմից բողոքին կից ներկայացված լրացուցիչ ապացույցները, սակայն դրանցով Վերաքննիչ դատարանի համար առնվազն պետք է ներքին համոզմունք ձևավորվեր, որ այդ քրեական վարույթներով քննարկման առարկա են դարձել նաև մինչև երեխաների՝ Հայաստանի Հանրապետություն գալու պահը Ռուսաստանի Դաշնությունում Մաքսիմ Դեմյանովի կողմից կատարված բռնարարքները, այդ թվում՝ երեխայի նկատմամբ ծնողական դաստիարակչական պարտականությունները ոչ պատշաճ կատարելը, որն անզգու­շությամբ երեխային ծանր առողջական վնաս է պատճառել, որի առթիվ ևս քրեական վարույթ է նախաձեռնվել։

Վերաքննիչ դատարանը բավարարվել է միայն Մաքսիմ Դեմյանովի տրամադրած տեղեկատվությամբ և ապացույցներով՝ անտեսելով իր պնդումներն ու ներկայացրած ապացույցները։

Ստորադաս դատարանները Մաքսիմ Դեմյանովի կողմից առերևույթ կատարված հանցագործու­թյուն­ների վերաբերյալ քրեական վարույթների նախաձեռնված լինելը, իր և իր հոր տուժող ճանաչված լինելը չեն դիտարկել որպես գործի համար էական նշանակություն ունեցող փաստեր, դրանց վերաբերյալ ներկայացված ապացույցները չեն գնահատել ու հետազոտել։

Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ թեկուզև նմանատիպ գործերով Հաագայի կոնվենցիայի իմաստով Դատարանը պետք է որոշի միայն երեխաներին հետ վերադարձնելու հարցը և իրավասու չէ բնակության վայրի վերաբերյալ որոշումներ կայացնել, սակայն այս վարույթներով Կենտրոն վարչական շրջանի խնամակալության և հոգա­բար­ձության հանձնաժողովը՝ որպես իրավասու մարմին, պետք է մասնակից դառնար գործի քննու­թյանը, որպեսզի Դատարանը կարողանար բացահայտել երեխայի լավագույն շահերին առնչվող հարցերը, Հաագայի կոնվենցիայով նախատեսված՝ երեխաների վերադարձը բացառող հիմքերի առկայությունը, երեխաների կամ նրանց մոր նկատմամբ հոր կողմից բռնությունների կիրառման դեպքերը, դրանց վերաբերյալ ձևավորեր իր ներքին համոզմունքը։ Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովին պետք է հանձնարարվեր հոգեբանների միջո­ցով հանդիպումներ, զրույցներ ունենալ երկու ծնողների, անչափահաս երեխաներից առնվազն Դիլանա Դեմյանովայի հետ, որի արդյունքում խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովը Դատարանին պետք է ներկայացներ իր կարծիքը՝ երեխա­ներին Ռուսաստանի Դաշնություն վերադարձնելու դեպքում նրանց լավագույն շահերի, Հայաստանի Հանրապետությունում արդեն իսկ սոցիալական նոր միջավայր ձևավորված լինելու կամ չլինելու վերաբերյալ։

Վերաքննիչ դատարանն հաշվի չի առել նաև, որ սույն գործում առկա են ապացույցներ այն մասին, որ Մաքսիմ Դեմյանովը բռնություն է կիրառել իր կամ երեխաների նկատմամբ, մասնավորապես՝ Մաքսիմ Դեմյանովի կողմից կատարված առերևույթ հանցավոր արարքների դեպքերի վերաբերյալ քրեական վարույթ նախաձեռնելու արձանագրությունները, Մաքսիմ Դեմյանովին տուժող ճանաչելու մասին որոշումը, ոստիկանության կողմից «Ընտա­նիքում բռնության կան­խարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց, պաշտպա­նության և ընտա­նիքում համերաշխության վերականգ­նման մասին» ՀՀ օրենքի շրջանակ­ներում ոստիկանության կա­յաց­րած անհետաձգելի միջամտություն կիրառելու որոշումը:

Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ գործի նյութերում գտնվող անհետաձգելի միջոցառումներ կիրառելու մասին որոշումներն ինքնին հաստատում են, որ Մաքսիմ Դեմյանովի բռնարարքներն ունեն շարունակական բնույթ, դրանք կատարվել են երեխաների ներկայությամբ, անգամ այդ դեպքերով նախաձեռնվել են քրեական վարույթներ, ինքը և իր հայրը ճանաչվել են տուժողներ, կողմերի փոխհարաբերությունները գտնվում են ծայրահեղ լարված ու թշնամական վիճակում:

Վերաքննիչ դատարանը տեղեկացված է եղել, որ Մաքսիմ Դեմյանովը Ռուսաստանի Դաշնությունում ևս ենթարկվում է քրեական հետապնդման, նրա վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ վարույթ է ընդունվել դատարանի կողմից, և նրան սպառնում է ազատազրկման ձևով պատասխանատվություն։ Քրեական հետապնդման ենթարկվելու, գործը մեղադրական եզրակացությամբ դատարանում գտնվելու հանգամանքները չեն հերքել նաև Մաքսիմ Դեմյանովի ներկայացուցիչները՝ նիստի ժամանակ հայտա­րարելով, որ Դատարանը չի թույլատրել Մաքսիմ Դեմյանովին լքել Ռուսաստանի Դաշնության տարածքը՝ Վե­րաքննիչ դատարանի նիստին մասնակցելու նպատակով։ Ստացվում է, որ Ռուսաստանի Դաշնություն երեխաների վերադարձը պահանջող ծնողը քրեական հետապնդման է ենթարկվում Ռուսաստանի Դաշնության տարածքում և կարող է այդ քրեական գործով ենթարկվել քրեական պատասխանատվության՝ ազատազրկման ձևով։

Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ երեխաներին Հայաստանի Հանրապետություն բերելուց առաջ երեխաները գտնվել են մոր խնամքի ներքո, քանի որ Մաքսիմ Դեմյանովն իր կամքով է ժամանակավորապես երեխաներին հանձնել իր խնամքին՝ անորոշ ժամանակով մեկնելով գործուղման լիովին այլ տեղանք։ Այս փաստը չեն հերքել նաև Մաքսիմ Դեմյանովը և նրա ներկայացուցիչները, շարադրել են իրենց հայցադիմումում, ու Հաագայի կոնվենցիայի 13-րդ հոդվածի «ա» կետից է բխում, որ եթե խնամքն այդ պահին իրականացրել է այն ծնողը, ով երեխաներին տեղափոխել է այլ երկիր, այդ դեպքում արարքը Հաագայի կոնվենցիայի իմաստով չի կարող որակվել առևանգում, մինչդեռ Վերաքննիչ դատարանը վերացական մեկնաբանությամբ արձանագրել է, որ առկա չէ Հաագայի կոնվենցիայի 13-րդ հոդվածի «ա» կետով սահմանված դեպքը։

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 21.07.2023 թվականի որոշումը և փոփոխել այն՝ հայցը մերժել կամ գործն ուղարկել նոր քննության:

 

2.1 Մաքսիմ Դեմյանովի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը, հիմնավորումները

Վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ

 ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային որոշման և Հաագայի կոնվենցիայի համաձայն՝ ծնողն իրավունք ունի դիմել դատարան երեխայի վերադարձի պահանջով, որն ապահովում է դատարանի մատչելիության իրավունքն ու դրա հիմքում ընկած ընթացակարգի կանխատեսելիությունը և իրավական որոշակիությունը։ Ի տարբերություն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 23-րդ գլխով նախատեսված կարգավորման՝ երեխայի վերադարձի համար հայցվորը կարող է դիմել և՛ դատարան, և՛ Կենտրոնական մարմին՝ հատկապես, որ առկա է ՀՀ վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշում։ Հետևաբար ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումը և դրա հիման վրա ձևավորված դատական պրակտիկան Մաքսիմ Դեմյանովի համար ստեղծել են լեգիտիմ ակնկալիք, որ ինքն ունի դատարան դիմելու իրավունք։

Օրենսդիրը հստակ կարգավորում է, իսկ Դատարանն առաջնորդվել է այն ընթացակարգով, որ դատարանը հատուկ հայցային վարույթի կարգով քննում է Հայաստանի Հանրապետություն անօրինական տեղափոխված կամ Հայաստանի Հանրապետությունում ապօրինի պահվող երեխայի վերադարձի վերաբերյալ գործերը։ Այսինքն, սույն գործը քննվել է հատուկ հայցային վարույթի կարգով, ինչպիսի առանձնահատկություն տալիս է օրենսդիրը նմանատիպ գործերով:

Դիանա Դեմյանովան նոր ապացույցներ է ներկայացրել Վերաքննիչ դատարանին, որոնք չի ներկայացրել Դատարանում գործի քննության ժամանակ, և չի հիմնավորել իր կամքից անկախ հանգամանքներում դրանք չներկայացնելը։ Բացի այդ, Դիանա Դեմյանովան որպես խախտում Դատարանին վերագրել է այն, որ Դատարանը գործով ապացուցման բեռ չի բաշխել, չի սահմանել ապացույցներ ներկայացնելու ժամկետ, չի սահմանել գործի համար էական նշանակություն ունեցող փաստեր, սակայն, սույն վարույթի քննության առանձնահատկություններից ելնելով, օրենսդրի կողմից նման կարգավորումներ և պարտականություններ չեն սահմանվել դատարանի համար, ինչը բխում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 23-րդ գլխի կանոններից:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը

1) 11.01.2023 թվականին Մաքսիմ Դեմյանովը երեխաների վերադարձի դիմում է ներկայացրել Հայաստանի Հանրապետության Կենտրոնական մարմնին՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության՝ խնդրելով Հայաստանի Հանրապետություն անօրինական տեղափոխված և Հայաստանի Հանրապետությունում անօրինական պահվող, 25.08.2020 թվականին ծնված Դիլանա Դեմյանովային և 20.05.2022 թվականին ծնված Ադել Դեմյանովային վերադարձնել Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաք (hատոր 1-ին, գթ 27-29)

2) 07.03.2023 թվականին Մաքսիմ Դեմյանովը, չսպասելով Կենտրոնական մարմնի դիրքորոշմանը, հայցադիմում է ներկայացրել Դատարան ընդդեմ Դիանա Դեմյանովայի՝ պահանջելով Դիանա Դեմյանովային պարտավորեցնել Հայաստանի Հանրապետություն անօրինական տեղափոխված և Հայաստանի Հանրապետությունում անօրինական պահվող, 25082020 թվականին ծնված Դիլանա Դեմյանովային ու 20052022 թվականին ծնված Ադել Դեմյանովային վերադարձնել երեխաների մշտական բնակության վայր՝ Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքի Վնուկովսկոյե բնակավայրի օդաչու Ուլյանինի 3-Ա շենքի թիվ 167 բնակարան (hատոր 1-ին, գթ 6-16)

3) 24032023 թվականին Դատարանում գործի քննության ընթացքում Հայաստանի Հանրապետության արդարադատություն նախարարությունը հայտնել է դիրքորոշում, որ սույն գործով բացակայում են Հաագայի կոնվենցիայի իմաստով երեխաների վերադարձը մերժելու հիմքերը, հետևաբար երեխաները ենթակա են վերադարձման իրենց սովորական բնակության վայր՝ Ռուսաստանի Դաշնություն (հատոր 4-րդ, գ թ 41-59).

4) Դատարանը սույն քաղաքացիական գործը քննել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 23-րդ գլխով սահմանված հատուկ հայցային վարույթի կարգով՝ առանց դատական նիստ հրավիրելու։ Գործով 31.03.2023 թվականին կայացած միակ դատական նիստը հրավիրվել է Դիանա Դեմյանովայի կողմից ներկայացված հայցի ապահովման միջոցը վերացնելու միջնորդության քննարկման համար (հիմք՝ «Datalex.am» դատական տեղեկատվական համակարգ, հատոր 4-րդ, գթ 69-70 (դատական նիստի արձանագրություն)

5) 27.04.2023 թվականին Դիանա Դեմյանովան Դատարանի 14.04.2023 թվականի վճռի դեմ ներկայացրել է վերաքննիչ բողոք, որին կից ներկայացրել է նաև միջնորդություն բողոքին կից ներկայացված լրացուցիչ ապացույցներն ընդունելու մասին՝ պատճառաբանելով, որ լրացուցիչ ապացույցների մի մասը ձեռք է բերվել Դատարանի 14.04.2023 թվականի վճռի կայացումից հետո, օբյեկտիվորեն զրկված է եղել դրանք ավելի շուտ ներկայացնելու հնարավորությունից, իսկ մյուս մասը եղել է իր հեռախոսի մեջ, որը Մաքսիմ Դեմյանովը կոտրել է բռնարարքներ կատարելու ժամանակ, իսկ դրա մեջ եղած տեղեկությունները, տեսանյութերը և լուսանկարները հնարավոր են եղել վերականգնել հատուկ մասնագետի միջոցով վճռի կայացումից հետո (հատոր 6-րդ, գթ 114-118)։

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1‑ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1‑ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 203‑205‑րդ, 208-րդ և 378-րդ հոդվածների խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

 

Սույն բողոքի քննության շրջանակում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրումներին՝

1) արդյո՞ք ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում 23-րդ գլխի [Հայաստանի Հանրապետություն անօրինական տեղափոխված կամ Հայաստանի Հանրապետությունում ապօրինի պահվող երեխայի վերադարձի վերաբերյալ գործերի վարույթը] առկայության պայմաններում անմիջականորեն ծնողի կողմից կարող է ներկայացվել Հայաստանի Հանրապետություն անօրինական տեղափոխված կամ Հայաստանի Հանրապետությունում ապօրինի պահվող երեխայի վերադարձի վերաբերյալ հայցադիմում

2) ինչպիսի՞ դատավարական կարգով պետք է քննվեն Հայաստանի Հանրապետություն անօրինական տեղափոխված կամ Հայաստանի Հանրապետությունում ապօրինի պահվող երեխայի վերադարձի վերաբերյալ գործերը.

3) արդյո՞ք Վերաքննիչ դատարանը կաշկանդված է երեխայի լավագույն շահի ապահովման անհրաժեշտությամբ Հայաստանի Հանրապետություն անօրինական տեղափոխված կամ Հայաստանի Հանրապետությունում ապօրինի պահվող երեխայի վերադարձի վերաբերյալ գործերով կայացված եզրափակիչ դատական ակտերի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքները քննելիս։

 

1 Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Հաագայի կոնվենցիայի 29-րդ հոդվածի համաձայն` նույն կոնվենցիան չի խոչընդոտի որևէ անձի, հաստատության կամ մարմնի, որը հայտնում է, որ տեղի է ունեցել 3-րդ կամ 21‑րդ հոդվածների իմաստով խնամակալության կամ տեսակցության իրավունքների խախտում, անմիջականորեն դիմել Պայմանավորվող պետության դատական կամ վարչական մարմիններին` անկախ նրանից՝ նախատեսված է նույն կոնվենցիայի դրույթներով, թե ոչ:

 Նույն կոնվենցիայի 30-րդ հոդվածի համաձայն` ցանկացած դիմում, որը Կոնվենցիայի պայմանների համաձայն ներկայացվել է Կենտրոնական մարմնին կամ անմիջականորեն Պայմանավորվող պետությունների դատական կամ վարչական մարմիններին իրեն կցված կամ Կենտրոնական մարմնի կողմից տրամադրված փաստաթղթերի կամ այլ տեղեկատվության հետ միասին, պետք է ընդունելի լինի Պայմանավորվող պետությունների դատարաններում կամ վարչական մարմիններում։

ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով Հաագայի կոնվենցիայով նախատեսված՝ երեխային իր մշտական բնակության վայր վերադարձնելու ծնողի իրավունքը դատական պաշտպանության ենթակա լինելու հարցին՝ Սահմանադրության, Կոնվենցիայի, Հաագայի կոնվենցիայի, ՀՀ ընտանեկան օրենսգրքի և 17.06.1998 թվականին ընդունված ու 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի կիրառելի դրույթների, ինչպես նաև դրանց վերաբերյալ Սահմանադրական դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ Եվրոպական դատարան) դիրքորոշումների համալիր վերլուծության հիման վրա արտահայտել է իրավական դիրքորոշում առ այն, որ ընտանիքի անդամների իրավունքների պաշտպանությունն իրականացվում է դատական կարգով, բացառությամբ այն դեպքերի, երբ դրա իրականացումը ՀՀ ընտանեկան օրենսգրքով վերապահված է համապատասխան պետական մարմիններին կամ խնամակալության և հոգաբարձության մարմիններին: Տվյալ դեպքում ՀՀ ընտանեկան օրենսգրքով նախատեսվել է, որ եթե երեխային առանց օրինական հիմքի կամ առանց դատարանի որոշման իր մոտ պահող անձը հրաժարվում է երեխային վերադարձնելու մասին ծնողի պահանջը կատարելուց, ապա իր ծնողական իրավունքները պաշտպանելու համար վերջինս կարող է դիմել դատարան։ (․․․) Կոնվենցիայի 6-րդ հոդվածը տարածվում է նաև ծնողի՝ իր երեխայի հետ վերամիավորվելու իրավունքի վերաբերյալ վեճերի վրա, ինչը ևս նշանակում է, որ այդպիսի վեճերի առկայության դեպքում անձը պետք է ունենա արդյունավետ դատական պաշտպանության իրավունք։ (․․․) Երեխաների անօրինական տեղափոխման և պահման հետ կապված հարցերով զբաղվելու համար Հաագայի կոնվենցիան որպես իրավասու մարմիններ է նախատեսել Կենտրոնական մարմնին, դատարանին և վարչական մարմնին` նրանցից յուրաքանչյուրին օժտելով համապատասխան իրավունքներով ու պարտականություններով: Այսպես` Հաագայի կոնվենցիայի իմաստով ապօրինի տեղափոխված կամ պահվող երեխաների անհապաղ վերադարձն ապահովելու հարցում Կենտրոնական մարմնի դերը երեխային վերադարձնելու մասին որոշում կայացնելը չէ, այլ այդ որոշումը կայացնելու իրավասություն ունեցող մարմինների ուշադրությունը հրավիրելը և ապօրինի տեղափոխված կամ պահվող երեխայի անհապաղ վերադարձմանն օժանդակելը, որը, մասնավորապես, կարող է իրագործվել դատական կամ վարչական ընթացակարգեր նախաձեռնելու ու, ըստ անհրաժեշտության, դրանց օժանդակելու միջոցով։ Ընդ որում, նման ընթացակարգերի նախաձեռնումը չի հանդիսանում միայն Կենտրոնական մարմնի իրավասությունը, քանի որ Հաագայի կոնվենցիան անձին ևս իրավունք է վերապահել համապատասխան հիմքերի առկայության պայմաններում անմիջականորեն դիմել Պայմանավորվող պետության դատական կամ վարչական մարմիններին: Միաժամանակ Հաագայի կոնվենցիայի համակարգային վերլուծությունից բխում է, որ բացառապես դատական և վարչական մարմիններին է վերապահված երեխայի վերադարձի մասին կարգադրություն անելու, վերադարձը բացառող հանգամանքները պարզելու, դրա վերաբերյալ դիմումը մերժելու իրավասությունը (տե՛ս Արսեն Բաբասյանն ընդդեմ Արմինե Բաբասյանի թիվ ԵԱՔԴ/0229/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.06.2017 թվականի որոշումը):

Հաագայի կոնվենցիայի բացատրական զեկույցում1 նշված է, որ Հաագայի կոնվենցիայով սահմանված ընթացակարգերն առավելապես նախատեսված են օժանդակելու այն անձանց, ում խնամակալության իրավունքները խախտվել են։ Ուստի, այդ անձինք կարող են կա՛մ դիմել Կենտրոնական մարմիններին, կա՛մ իրականացնել անմիջական գործողություններ իրավասու մարմինների առջև։

Վերահաստատելով ՀՀ վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն իր արդիականությունը չի կորցրել նաև ներկայումս գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումների պայմաններում։ Նման եզրակացությունը պայմանավորված է նախևառաջ նրանով, որ գործող օրենսդրությունը, չսահմանելով քննարկվող պահանջի բացառիկ ենթակայություն որևէ վարչական մարմնի, չի բացառել ծնողի՝ որպես շահագրգիռ անձի իրավունքն անմիջականորեն դիմելու դատարան՝ Հայաստանի Հանրապետություն անօրինական տեղափոխված կամ Հայաստանի Հանրապետությունում ապօրինի պահվող երեխայի վերադարձի և երեխայի նկատմամբ խնամակալություն իրականացնելու իր խախտված իրավունքի խոչընդոտները վերացնելու պահանջով։ Միևնույն ժամանակ, օրենսդիրը խախտված կամ վիճարկվող իրավունքների պաշտպանության համակարգում ելակետային նշանակություն է տվել քաղաքացիական իրավունքների անարգել իրականացման սկզբունքին, որի ուժով քաղաքացիներն ու իրավաբանական անձինք իրենց պատկանող քաղաքացիական իրավունքները՝ ներառյալ դրանց պաշտպանության իրավունքը, իրականացնում են իրենց հայեցողությամբ [ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 11‑րդ հոդվածի 1-ին կետ], ինչպես նաև այդ քաղաքացիաիրավական սկզբունքից ածանցվող տնօրինչականության սկզբունքին, որի համաձայն՝ դատարանը քաղաքացիական գործը հարուցում է միայն հայցադիմումի կամ դիմումի հիման վրա, իսկ գործին մասնակցող անձն իրականացնում է իր դատավարական իրավունքները, տնօրինում է դատական պաշտպանության միջոցները և եղանակները սեփական հայեցողությամբ՝ օրենքով սահմանված կարգով [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1‑ին և 2-րդ մասեր]։

Հաշվի առնելով վերը շարադրվածը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդրությամբ այլ բան սահմանված չլինելու պայմաններում, իրավունքների անարգել իրականացման քաղաքացիաիրավական սկզբունքի և տնօրինչականության դատավարական սկզբունքի ուժով երեխայի ծնողն ազատ է Հաագայի կոնվենցիայի իմաստով իր խնամակալության իրավունքների պաշտպանության պահանջով անմիջականորեն դատարան հայցադիմում ներկայացնելու կամ Կենտրոնական մարմնի աջակցությանը դիմելու հարցում։ Ընդ որում, երեխային իր մշտական բնակության վայր վերադարձնելու վարույթ նախաձեռնելու վերաբերյալ Կենտրոնական մարմնին համապատասխան դիմում ներկայացնելը չի բացառում կամ որևէ կերպ չի սահմանափակում ծնողի՝ իր խախտված իրավունքների պաշտպանության պահանջով ընդհանուր հիմունքներով դատարան դիմելու իրավունքը։

 

2 Շարադրվածի լույսի ներքո Վճռաբեկ դատարանը, հաշվի առնելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 23-րդ գլխի [Հայաստանի Հանրապետություն անօրինական տեղափոխված կամ Հայաստանի Հանրապետությունում ապօրինի պահվող երեխայի վերադարձի վերաբերյալ գործերի վարույթը] կարգավորումները, հարկ է համարում անդրադառնալ նաև քննարկման առարկա հանդիսացող գործերի հարուցման, նախապատրաստման և քննության դատավարական կարգի առանձնահատկություններին՝ կախված նրանից, թե ում կողմից ներկայացված հայցադիմումի հիման վրա է հարուցվում Հայաստանի Հանրապետություն անօրինական տեղափոխված կամ Հայաստանի Հանրապետությունում ապօրինի պահվող երեխայի վերադարձի վերաբերյալ գործը։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիադատավարական օրենսդրությամբ սահմանվել են առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների ենթակայությանը վերապահված քաղաքացիական գործերի քննության և լուծման ընդհանուր կանոններ, որոնք կիրառելի են բոլոր քաղաքացիական գործերով, սակայն այն բացառություններով, որոնք պայմանավորված են նյութաիրավական ու դատավարական բնույթի էական տարբերություններ ունեցող պահանջների քննության համար անհրաժեշտ հատուկ դատավարական կանոնների ներդրմամբ։ Այդ տարբերությունները և առանձնահատկություններն ազդում են քաղաքացիական գործի հարուցման, գործը դատաքննության նախապատրաստելու, գործի քննության ու լուծման, նույնիսկ` դրանցով կայացված դատական ակտերի տեսակների, բովանդակության, դրանց հրապարակման և կատարման կարգի վրա, որի պատճառով օրենսդիրը դատավարական առումով ոչ միայն առանձնացրել է այս վարույթները, այլ նաև դրանք սպասարկելու համար սահմանել է հատուկ կանոններ։

Ընդ որում, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում օրենսդիրն առանձնացրել է ոչ միայն հայցային և ոչ հայցային բնույթի վարույթները, այլ նաև առանձին հայցային բնույթի վարույթների համար, հաշվի առնելով դրանց շրջանակներում պաշտպանության ենթակա իրավունքի բնույթը, վիճելի նյութական իրավահարաբերության առանձնահատկությունները, սուբյեկտային կազմը, այդ իրավահարաբերության թույլ մասնակցի շահերը պաշտպանելու ու դատավարական հնարավորությունները հավասարակշռելու անհրաժեշտությունը և այլ գործոններ, սահմանել է հատուկ կանոններ՝ դրանք ընդգրկելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի երկրորդ բաժնի [«Վարույթն առաջին ատյանի դատարանում»] երկրորդ ենթաբաժնում [«Հատուկ հայցային վարույթներ»]՝ ի թիվս այլի, ընտանեկան գործերով վարույթի առանձնահատկություններին նվիրելով նույն օրենսգրքի 203-րդ, իսկ Հայաստանի Հանրապետություն անօրինական տեղափոխված և Հայաստանի Հանրապետություն ապօրինի պահվող երեխայի վերադարձի վերաբերյալ գործերի վարույթին՝ 204-209-րդ հոդվածները՝ միաժամանակ 201-րդ հոդվածում սահմանելով ընդհանուր կանոն առ այն, որ դատարանները հատուկ հայցային վարույթներն իրականացնում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված գործի քննության ընդհանուր կանոնների համաձայն, այն հատուկ կանոնների պահպանմամբ, որոնք սահմանված են նույն օրենսգրքի երկրորդ բաժնի երկրորդ ենթաբաժնի դրույթներով։ Նշվածից հետևում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի՝ առաջին ատյանի դատարանում գործերի քննության ընդհանուր կարգը (հայցային վարույթի ընդհանուր կանոնները) սահմանող դրույթները, որոնք ամփոփված են 120-ից 200-րդ հոդվածներում և սահմանում են հայցի հարուցման ընդհանուր կարգը, հայցի ապահովումը, հայցի դեմ պատասխանողի պաշտպանության միջոցները, դատական նիստերի ընդհանուր կանոնները, գործը դատաքննության նախապատրաստելու, դատաքննության, առանց գործն ըստ էության լուծելու վարույթն ավարտելու կարգը, ինչպես նաև առաջին ատյանի դատարանի դատական ակտերն ու դրանց ներկայացվող պահանջները, կիրառելի են բոլոր հատուկ հայցային՝ ներառյալ ընտանեկան գործերի և Հայաստանի Հանրապետություն անօրինական տեղափոխված ու Հայաստանի Հանրապետություն ապօրինի պահվող երեխայի վերադարձի վերաբերյալ գործերի վարույթների նկատմամբ այնքանով, որքանով համապատասխան վարույթների մասին հատուկ կանոններով այլ բան սահմանված չէ։

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը նախատեսել է հատուկ հայցային վարույթների հստակ շրջանակ՝ համապատասխան հատուկ կանոնները կիրառելի համարելով բացառապես այն գործերով, որոնք ունեն օրենքով կանխորոշված որոշակի առանձնահատկություններ՝ պայմանավորված պաշտպանության ենթակա իրավունքով կամ վիճելի իրավահարաբերության բնույթով, սուբյեկտային կազմով և այլ գործոններով։ Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հատուկ հայցային վարույթի տվյալ տեսակին բնորոշ առանձնահատկությունները չունեցող հայցային բնույթի գործերը պետք է քննվեն համապատասխան առանձնահատկություններն ունեցող գործերի համար սահմանված վարույթի կանոններով, իսկ այդպիսի առանձնահատկությունների բացակայության պարագայում՝ հայցային վարույթի ընդհանուր կանոններով։

Վերոգրյալի հաշվառմամբ անդրադառնալով Հայաստանի Հանրապետություն անօրինական տեղափոխված կամ Հայաստանի Հանրապետությունում ապօրինի պահվող երեխայի վերադարձի վերաբերյալ գործերի հարուցման, նախապատրաստման, քննության և լուծման առանձնահատկություններին՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել հետևյալը

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 203-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ընտանեկան վեճեր քննելիս գործի քննությունն իրականացվում է նույն օրենսգրքով նախատեսված կանոնների պահպանմամբ՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքով և նույն հոդվածի 2-րդ մասով սահմանված առանձնահատկությունները:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ երեխայի լավագույն շահերի ապահովման անհրաժեշտությունից ելնելով՝ դատարանը գործի լուծման համար անհրաժեշտ ներքին համոզմունք ձևավորելու նպատակով պարտավոր է, չսահմանափակվելով գործին մասնակցող անձանց միջնորդություններով, նրանց ներկայացրած ապացույցներով և գործում առկա այլ նյութերով, ձեռնարկել ողջամիտ միջոցներ գործի քննությունը լրիվ, բազմակողմանի իրականացնելու համար, մասնավորապես պահանջելու տեղեկություններ, ապացույցներ, լրացուցիչ բացատրություններ, հանձնարարելու գործին մասնակցող անձանց ներկայանալ դատական նիստի, նշանակելու փորձաքննություն, հարցաքննելու վկաների, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, ֆիզիկական և իրավաբանական անձանցից պահանջելու փաստաթղթեր:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204-րդ հոդվածի 1‑ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետություն անօրինական տեղափոխված կամ Հայաստանի Հանրապետությունում ապօրինի պահվող երեխայի վերադարձի վերաբերյալ հայցադիմումը ներկայացնում է «Երեխայի միջազգային առևանգման քաղաքացիական մոտեցումների մասին» 1980 թվականի հոկտեմբերի 25-ի կոնվենցիայի շրջանակներում կառավարության որոշած կենտրոնական մարմինը (այսուհետ՝ Կենտրոնական մարմին):

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հայցադիմումը ներկայացվում է երեխայի բնակության վայրի ընդհանուր իրավասության դատարան, իսկ երեխայի բնակության վայրը անհայտ լինելու դեպքում հայցադիմումը ներկայացվում է Կենտրոնական մարմնի գտնվելու վայրի դատարան:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 205-րդ հոդվածի 1‑ին մասի համաձայն՝ հայցադիմումում պետք է նշվեն՝

1) Կենտրոնական մարմնի անվանումը և հասցեն,

2) Հայաստանի Հանրապետություն անօրինական տեղափոխված կամ Հայաստանի Հանրապետությունում ապօրինի պահվող երեխայի անունը, բնակության վայրը (եթե հայտնի է),

3) Կենտրոնական մարմնի` Հայաստանի Հանրապետություն անօրինական տեղափոխված կամ Հայաստանի Հանրապետությունում ապօրինի պահվող երեխայի վերադարձի մասին կամ երեխայի վերադարձը մերժելու մասին եզրակացությունը հաստատելու պահանջը:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ մեկ հայցադիմումում մի քանի պահանջ միացվել չի կարող, բացառությամբ այն դեպքերի, երբ ներկայացվում է միևնույն անձի կողմից Հայաստանի Հանրապետություն անօրինական տեղափոխված կամ Հայաստանի Հանրապետությունում ապօրինի պահվող երկու կամ ավելի երեխայի վերադարձի մասին պահանջ:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հայցադիմումին պետք է կցվեն`

1) Կենտրոնական մարմնի` Հայաստանի Հանրապետություն անօրինական տեղափոխված կամ Հայաստանի Հանրապետությունում ապօրինի պահվող երեխայի վերադարձի մասին կամ երեխայի վերադարձը մերժելու մասին եզրակացությունը,

2) երեխայի վերադարձի վերաբերյալ վարույթի բոլոր նյութերը,

3) երեխայի վերադարձն ապահովելու միջոցառումների ցանկը և ծախսերի հաշվարկը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 208-րդ հոդվածի 1‑ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետություն անօրինական տեղափոխված կամ Հայաստանի Հանրապետությունում ապօրինի պահվող երեխայի վերադարձի վերաբերյալ գործը դատարանը քննում է առանց դատական նիստ հրավիրելու և վճիռ է կայացնում հայցադիմումի պատասխան ներկայացնելու համար սահմանված ժամկետը լրանալուց հետո՝ տասնօրյա ժամկետում:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատարանը կաշկանդված չէ Հայաստանի Հանրապետություն անօրինական տեղափոխված կամ Հայաստանի Հանրապետությունում ապօրինի պահվող երեխայի վերադարձի վերաբերյալ վարույթի նյութերով, դատավարության մասնակիցների ներկայացրած ապացույցներով, միջնորդություններով, առաջարկություններով, բացատրություններով և առարկություններով և իր նախաձեռնությամբ ձեռնարկում է համարժեք միջոցներ` կոնկրետ գործի լուծման համար անհրաժեշտ իրական փաստերի վերաբերյալ հնարավոր և հասանելի տեղեկություններ ձեռք բերելու համար։

Վերոգրյալ նորմերի վերլուծությունից բխում է, որ Հայաստանի Հանրապետություն անօրինական տեղափոխված կամ Հայաստանի Հանրապետությունում ապօրինի պահվող երեխայի վերադարձի վերաբերյալ գործերի նկատմամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204-ից 209-րդ հոդվածները կիրառելի են բոլոր այն դեպքերում, երբ երեխայի վերադարձի վերաբերյալ հայցադիմումը ներկայացնում է Կենտրոնական մարմինը՝ դրան կցելով իր կողմից շահագրգիռ ծնողի դիմումի հիման վրա հարուցված և իր կողմից իրականացված վարույթի արդյունքում կազմված եզրակացությունը՝ Հայաստանի Հանրապետություն անօրինական տեղափոխված կամ Հայաստանի Հանրապետությունում ապօրինի պահվող երեխայի վերադարձի կամ երեխայի վերադարձը մերժելու մասին, ինչպես նաև նշված վարույթի բոլոր նյութերը և երեխայի վերադարձն ապահովելու միջոցառումների ցանկն ու ծախսերի հաշվարկը:

Այսպիսով, եթե Հայաստանի Հանրապետություն անօրինական տեղափոխված կամ Հայաստանի Հանրապետությունում ապօրինի պահվող երեխայի ծնողը, շրջանցելով Կենտրոնական մարմինը, երեխային իր մշտական բնակության վայր վերադարձնելու պահանջով անմիջականորեն հայցադիմում է ներկայացնում դատարան, թեկուզև որպես իրավական հիմք վկայակոչելով Հաագայի կոնվենցիան, ՀՀ քաղաքացիական դատավարության 204-ից 209-րդ հոդվածներով սահմանված գործերի քննության և լուծման հատուկ կարգը կիրառելի չէ՝ ներառյալ ընդդատության հատուկ կանոնը, Կենտրոնական մարմնի կողմից ներկայացվող հայցադիմումին ներկայացվող պահանջները, գործն առանց դատական նիստ հրավիրելու, քննելու ու հայցադիմումի պատասխանն ստանալու պահից տասնօրյա ժամկետում վճիռ կայացնելու, վճիռն օրինական ուժի մեջ մտնելու մասին և այլ պահանջները։

Նկատի ունենալով այն, որ ծնողի կողմից անմիջականորեն դատարան ներկայացվող՝ Հայաստանի Հանրապետություն անօրինական տեղափոխված կամ Հայաստանի Հանրապետությունում ապօրինի պահվող երեխայի վերադարձի վերաբերյալ պահանջը բխում է ընտանեկան իրավահարաբերություններից, հաշվի առնելով օրենքով նշված գործերի քննության հատուկ կարգի բացակայությունը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ծնողի կողմից անմիջականորեն դատարան ներկայացվող պահանջը ենթակա է քննության ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված ընդհանուր հայցային վարույթի կանոններով՝ ներառյալ գործը նախնական դատական նիստում դատաքննության նախապատրաստելու ընդհանուր պահանջի պահպանմամբ՝ այն առանձնահատկություններով, որոնք նախատեսված են նույն օրենսգրքի 203-րդ հոդվածով և Հաագայի կոնվենցիայի դրույթներով։

Միևնույն ժամանակ Հաագայի կոնվենցիայի 11-րդ հոդվածի պահանջի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Հայաստանի Հանրապետություն անօրինական տեղափոխված կամ Հայաստանի Հանրապետությունում ապօրինի պահվող երեխային վերադարձնելու համար ծնողի կողմից անմիջականորեն դատարան ներկայացված հայցադիմումով նախաձեռնված ընթացակարգերում դատարանները պետք է առաջնորդվեն անհապաղ գործելու սկզբունքով՝ հնարավորինս սեղմ ժամկետում։ Ընդ որում, սեղմ ժամկետում գործի քննությունն իրականացնելու հրամայականի պայմաններում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 203-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված՝ գործի «ի պաշտոնե քննության» սկզբունքի արդյունավետ իրացումն ապահովելու նկատառումներից ելնելով՝ դատարանը գործի լուծման համար անհրաժեշտ ներքին համոզմունք ձևավորելու նպատակով հայցադիմումը վարույթ ընդունելուց հետո անհապաղ պետք է ձեռնամուխ լինի տվյալ գործի լրիվ և բազմակողմանի քննության համար իր գնահատմամբ անհրաժեշտ ապացույցները, այլ տեղեկությունները պահանջելուն, ինչպես նաև գործին մասնակցող անձանց ներկայությունը դատական նիստին ապահովելուն ուղղված դատավարական գործողությունների կատարմանը։

Դրա հետ մեկտեղ, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 14-րդ հոդվածով ամրագրված դատավարական իրավունքները և պարտականությունները բարեխղճորեն իրականացնելու պահանջը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործին մասնակցող անձինք նույնպես պետք է հաշվի առնեն Հայաստանի Հանրապետություն անօրինական տեղափոխված կամ Հայաստանի Հանրապետությունում ապօրինի պահվող երեխայի վերադարձի վերաբերյալ պահանջի քննության առանձնահատկություններն ու իրենց դատավարական իրավունքներն իրականացնեն, այդ թվում՝ իրենց տիրապետության տակ գտնվող ապացուցողական նյութերը, ապացույցներ ձեռք բերելուն ուղղված միջնորդությունները ներկայացնեն դատարանին այնպիսի ժամկետներում, որպեսզի ապահովվի նման պահանջի անհապաղ քննությունը, ինչպես նաև անվերապահորեն կատարեն դատական նիստին ներկայանալու վերաբերյալ դատարանի հանձնարարությունը՝ վարույթի ընթացքում ձեռնպահ մնալով իրենց դատավարական իրավունքները չարաշահելուց, ինչպես նաև վարույթի տևողության վրա բացասաբար ազդող դատավարական վարքագիծ դրսևորելուց։

 

3 Հաագայի կոնվենցիայի 13-րդ հոդվածի համաձայն՝ (…) հայցվող Պետության դատական կամ վարչական մարմինները պարտավոր­ված չեն կարգադրություններ անել երեխային վերադարձնելու մասին, եթե երեխայի վերադարձին դեմ հանդես եկող անձը, հաստատությունը կամ այլ մարմինն ապացուցում են, որ.

(․․․)

բ) գոյություն ունի լուրջ վտանգ, որ երեխայի վերադարձը ֆիզիկական կամ հոգեկան վնաս կհասցնի կամ այլ ճանապարհով երեխային կդնի անտանելի իրավիճակի մեջ:

«Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ երեխաների նկատմամբ բոլոր գործողություններում, անկախ այն բանից, թե դրանք ձեռնարկվում են սոցիալական ապահովության հարցերով զբաղվող պետական կամ մասնավոր հիմնարկների, դատարանների, վարչական կամ օրենսդրական մարմինների կողմից, առաջնահերթ ուշադրություն է դարձվում երեխայի լավագույն շահերին:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ մասնակից պետությունները պարտավորվում են երեխային ապահովել նրա բարեկեցության համար անհրաժեշտ պաշտպանությամբ և հոգատարությամբ՝ ուշադրության առնելով նրա ծնողների, խնամակալների կամ օրենքով նրա համար պատասխանատվություն կրող այլ անձանց իրավունքներն ու պարտականությունները, և այդ նպատակով ձեռնարկում են օրենսդրական ու վարչական բոլոր համապատասխան միջոցները:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Հաագայի կոնվենցիայի 13-րդ հոդվածում ամրագրված դրույթի կիրառելիությունը պահանջում է, որ դատարանները հատուկ ուշադրություն դարձնեն բոլոր այն դեպքերին, երբ գոյություն ունի լուրջ վտանգ, որ երեխայի վերադարձը ֆիզիկական կամ հոգեկան վնաս կհասցնի կամ այլ ճանապարհով երեխային կդնի անտանելի իրավիճակի մեջ։ «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի 3-րդ հոդվածը պարտավորեցնում է դատարաններին, առաջնահերթ ուշադրություն դարձնելով երեխայի լավագույն շահերին, ձեռնարկել օրենսդրական ու վարչական բոլոր համապատասխան միջոցները։

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ նշված կոնվենցիոն պահանջներով է նաև պայմանավորված քաղաքացիական դատավարությունը գործին մասնակցող անձանց մրցակցության հիման վրա իրականացնելու սկզբունքի վերաբերյալ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 13-րդ հոդվածի 1‑ին մասում կատարված վերապահումը, որն իր կոնկրետացումն է ստացել նույն օրենսգրքի 203-րդ հոդվածի 2-րդ մասում և 208-րդ հոդվածի 2-րդ մասում, որոնցից ուղղակիորեն բխում է դատարանների պարտականությունը՝ համապատասխանաբար ընտանեկան վեճերն ու Հայաստանի Հանրապետություն անօրինական տեղափոխված և Հայաստանի Հանրապետությունում ապօրինի պահվող երեխայի վերադարձի վերաբերյալ Կենտրոնական մարմնի պահանջներով գործերը քննելիս, ելնելով երեխայի լավագույն շահերի ապահովման անհրաժեշտությունից, գործելու «ի պաշտոնե», այն է՝ գործի լուծման համար անհրաժեշտ ներքին համոզմունք ձևավորելու նպատակով, չսահմանափակվել գործին մասնակցող անձանց միջնորդություններով, նրանց ներկայացրած ապացույցներով և գործում առկա այլ նյութերով, իր նախաձեռնությամբ ձեռնարկել ողջամիտ (համարժեք) միջոցներ գործի քննությունը լրիվ, բազմակողմանի իրականացնելու, գործի լուծման համար անհրաժեշտ իրական փաստերի վերաբերյալ հնարավոր ու համապարփակ տեղեկություններ ձեռք բերելու համար:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 378-րդ հոդվածը կիրառելիս Հաագայի կոնվենցիայի կիրառմամբ գործերով պետք է հաշվի առնի կոնվենցիոն նշված պահանջների առկայությունը և դրանց անմիջական կիրառմամբ քննարկման առարկա դարձնի ու գնահատի դատավարական բարեխիղճ վարքագիծ դրսևորած կողմի ներկայացրած բոլոր ապացույցները, որոնք ուղղված են երեխայի վերադարձի դեպքում ֆիզիկական կամ հոգեկան վնաս հասցնելու կամ երեխային անտանելի վիճակում դնելու փաստերն ապացուցելուն՝ անկախ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 378-րդ հոդվածում առկա սահմանափակումներից։ Այս դիրքորոշման հիմքում ընկած է նաև վերը վկայակոչված կոնվենցիաներում ամրագրված՝ երեխաների հետ կապված հարցերով դատարանների արագ գործելու պարտականությունը։

 

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ

Սույն գործի փաստերի համաձայն՝ Մաքսիմ Դեմյանովը Հայաստանի Հանրապետություն անօրինական տեղափոխված կամ Հայաստանի Հանրապետությունում ապօրինի պահվող իր երեխաներին իրենց մշտական բնակության վայր՝ Ռուսաստանի Դաշնություն, վերադարձնելու մասին իր կողմից 11012023 թվականին ներկայացված դիմումի հիման վրա Կենտրոնական մարմնում համապատասխան վարույթը հարուցված լինելու պայմաններում Հայաստանի Հանրապետություն անօրինական տեղափոխված կամ Հայաստանի Հանրապետությունում ապօրինի պահվող երեխաներին իրենց մշտական բնակության վայր՝ Ռուսաստանի Դաշնություն, վերադարձնելու պահանջով 07.03.2023 թվականին հայցադիմում է ներկայացրել դատարան, այն պայմաններում, երբ Կենտրոնական մարմինը դիրքորոշում է ներկայացրել միայն 24032023 թվականին։ Այսինքն՝ Մաքսիմ Դեմյանովը չի սպասել Կենտրոնական մարմնում նշված վարույթի ավարտին և Կենտրոնական մարմնի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 23-րդ գլխով սահմանված կարգով հայցադիմում ներկայացնելուն։

Դատարանը, 10032023 թվականի որոշմամբ Մաքսիմ Դեմյանովի հայցադիմումն ընդունելով վարույթ, առանց գործը դատաքննության նախապատրաստելու նպատակով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածով նախատեսված նախապատրաստական գործողությունները կատարելու և նույն օրենսգրքի 169-րդ հոդվածով նախատեսված՝ ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը կայացնելու, ինչպես նաև առանց դատական նիստում գործի դատաքննություն իրականացնելու 14042023 թվականին կայացրած վճռով Մաքսիմ Դեմյանովի հայցը բավարարել է՝ Դիանա Դեմյանովային պարտավորեցրել է Հայաստանի Հանրապետություն անօրինական տեղափոխած և Հայաստանի Հանրապետությունում ապօրինի պահվող երեխաներ՝ 25.08.2020 թվականին ծնված Դիլանա Դեմյանովային և 20.05.2022 թվականին ծնված Ադել Դեմյանովային վերադարձնել իրենց սովորական բնակության վայր՝ Ռուսաստանի Դաշնություն:

Վերաքննիչ դատարանը, 21.07.2023 թվականի որոշմամբ անդրադառնալով Հայաստանի Հանրապետություն անօրինական տեղափոխված կամ Հայաստանի Հանրապետությունում ապօրինի պահվող երեխայի վերադարձի վերաբերյալ ծնողի կողմից անմիջականորեն դատարան հայցադիմում ներկայացնելու (հայցի իրավունքի) բացակայության վերաբերյալ վերաքննիչ բողոքի փաստարկին, այն համարել է անհիմն այն պատճառաբանությամբ, որ (․․․) «ծնողը՝ որպես շահագրգիռ անձ, իրավունք ունի հայց հարուցել դատարան՝ Հայաստանի Հանրապետություն անօրինական տեղափոխված կամ Հայաստանի Հանրապետությունում ապօրինի պահվող երեխայի վերադարձի պահանջով՝ հաշվի առնելով ինչպես Հաագայի կոնվենցիայով սահմանված դրույթները և դրանց տրված մեկնաբանությունները, այնպես էլ ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից ուղղակիորեն սահմանելը, որ ծնողի՝ Հաագայի կոնվենցիայի շրջանակներում հայցի հարուցումը բխում է երեխայի հետ վերամիավորվելու իրավունքից և ենթակա է դատական պաշտպանության»։

Վերոգրյալի հիման վրա՝ Վճռաբեկ դատարանը, վերահաստատելով նախկինում արտահայտած իր իրավական դիրքորոշումը, անհրաժեշտ է համարում արձանագրել, որ նշված հարցի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի դիրքորոշումը և պատճառաբանությունները բխում են ընտանեկան օրենսդրությամբ ամրագրված ընտանիքի անդամների կողմից իրենց իրավունքների անարգել իրականացումն ապահովելու, այդ իրավունքների դատական պաշտպանության հնարավորության անհրաժեշտությունից։ Եթե Հայաստանի Հանրապետություն անօրինական տեղափոխված կամ Հայաստանի Հանրապետությունում ապօրինի պահվող երեխայի վերադարձի պահանջով դատարան դիմելու հնարավորություն ընձեռվի միայն Կենտրոնական մարմին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը, ապա կխախտվի ծնողի՝ իր իրավունքների արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության սահմանադրական իրավունքները: Բոլոր այն դեպքերում, երբ Հայաստանի Հանրապետություն անօրինական տեղափոխված կամ Հայաստանի Հանրապետությունում ապօրինի պահվող երեխայի վերադարձի պահանջով դատարան է դիմում երեխայի ծնողը, դատարանը չպետք է վերադարձնի հայցադիմումը, քանի որ ծնողն օժտված է այդպիսի պահանջով դատարան դիմելու իրավունքով:

Վերը շարադրվածի համատեքստում՝ Վճռաբեկ դատարանը հիմնավոր է համարում Վերաքննիչ դատարանի նշված պատճառաբանությունները՝ վճռաբեկ բողոքն այս մասով դիտարկելով անհիմն:

Անդրադառնալով Դատարանի կողմից ապացուցման պարտականությունը գործին մասնակցող անձանց միջև չբաշխելու վերաբերյալ վերաքննիչ բողոքի հիմքին՝ Վերաքննիչ դատարանը նշել է «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 23-րդ գլխով սահմանվել են Հայաստանի Հանրապետություն անօրինական տեղափոխված կամ Հայաստանի Հանրապետությունում ապօրինի պահվող երեխայի վերադարձի վերաբերյալ գործերի վարույթի առանձնահատկություններ, այսպես՝ այդ վարույթն իրականացվում է առանց դատական նիստ հրավիրելու՝ հայցադիմումի պատասխան ներկայացնելու համար սահմանված ժամկետը լրանալուց հետո տասնօրյա ժամկետում։ Ընդ որում, այդ հայցերով գործերի քննության կարգը սահմանող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 208-րդ հոդվածը չի սահմանում ընդհանուր հայցային վարույթին բնորոշ դատական նիստեր հրավիրելու, կողմերի հետ ապացուցման բեռի հարց քննարկելու կամ ապացուցման բեռ բաշխելու կարգավորումներ։ Այն դեպքում, երբ օրենսդիրը սահմանում է գործերի գրավոր ընթացակարգով քննություն, այն էլ հայցադիմումի պատասխան ներկայացնելու համար սահմանված ժամկետի ավարտից հետո տասնօրյա ժամկետում, ապա ակնհայտ է, որ վերջինիս նպատակը եղել է առանց ընդհանուր հայցային վարույթի կարգին բնորոշ նախնական դատական նիստ հրավիրելու և դրան բնորոշ գործողություններ կատարելու կողմերի ներկայացրած ապացույցների հիման վրա գործերի քննությունն ու լուծումը, մինչդեռ ապացուցման բեռի բաշխումը կարող է կատարվել միայն նախնական դատական նիստում կողմերի հետ ապացուցման առարկան քննարկելու, ապացույցներ ներկայացնելու ժամկետ սահմանելու միջոցով, որը սույն վարույթներով չի իրականացվում։ Պատահական չէ, որ բոլոր այն վարույթներով, որոնցով սահմանված է գրավոր ընթացակարգով քննություն, ապացուցման բեռի բաշխում տեղի չի ունենում (․․․)», «այսինքն՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը, հատուկ վարույթների պարագայում, հատկապես եթե գործը քննվում է գրավոր ընթացակարգով, ընդհանուր և հատուկ նորմերի մրցակցության կանոնից ելնելով, հնարավորություն է տալիս դատարանին, առանձնակի կարևորելով գործերի օպերատիվ քննությունը, գործը քննել գործի քննության ընդհանուր ընթացակարգերից տարբերվող՝ այլ ընթացակարգով։ Ապացուցման պարտականությունը բաշխվում է նախապատրաստական նիստում, մինչդեռ մասնավորապես սույն գործով գործի քննության համար (ոչ թե առանձին միջնորդությունների քննության համար) նիստ ընդհանրապես չի նշանակվել՝ օրենքով սահմանված կարգով, հետևաբար այն գործողության կատարումը, որը նախատեսված է դատական նիստի ժամանակ, պարտադիր համարվել չի կարող՝ ըստ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի»։

Հիմք ընդունելով վերը շարադրված վերլուծությունը՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ծնողն իրավասու է Հայաստանի Հանրապետություն անօրինական տեղափոխված կամ Հայաստանի Հանրապետությունում ապօրինի պահվող երեխայի վերադարձի պահանջով դիմելու դատարան, սակայն ստորադաս դատարանները պետք է հաշվի առնեն, որ նման պահանջով ծնողի կողմից հայցադիմում ներկայացնելիս քաղաքացիական գործի քննությունը պետք է իրականացվի ոչ թե ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 23-րդ, այլ 22-րդ գլխով նախատեսված դատավարական կանոններով, քանի որ Հայաստանի Հանրապետություն անօրինական տեղափոխված կամ Հայաստանի Հանրապետությունում ապօրինի պահվող երեխայի վերադարձի վերաբերյալ գործերի հատուկ հայցային վարույթի մասին կանոնները կիրառելի են բացառապես այն դեպքերում, երբ նման պահանջը սահմանված կարգով ներկայացնում է Հաագայի կոնվենցիայով նախատեսված կենտրոնական մարմինը: Այլ կերպ ասած, այն պարագայում, երբ Հայաստանի Հանրապետություն անօրինական տեղափոխված կամ Հայաստանի Հանրապետությունում ապօրինի պահվող երեխայի վերադարձի պահանջով անմիջականորեն դատարան է դիմում ծնողը, քաղաքացիական գործի քննությունը պետք է իրականացվի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 22-րդ՝ «Ընտանեկան գործերով վարույթի» վերտառություն ունեցող գլխի կանոններով: Ընդ որում, հաշվի առնելով այն, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի տվյալ գլուխն այլ իրավակարգավորումներ չի նախատեսում գործը դատաքննության նախապատրաստելու վերաբերյալ, քան սահմանված է գործի քննության ընդհանուր կանոններով՝ Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ սույն գործով պետք է անցկացվեր նախնական դատական նիստ, դատավարության կողմերի միջև բաշխվեր ապացուցման պարտականությունը և կատարվեին բոլոր այն գործողությունները, որոնք անհրաժեշտ ու պարտադիր են գործը դատական քննության փուլին արդյունավետ նախապատրաստելու համար՝ այն առանձնահատկությամբ, որ այդպիսի դեպքերում քաղաքացիական գործը պետք է քննվի և լուծվի Հաագայի կոնվենցիայով նախատեսված գործի քննության սեղմ ժամկետներում:

Դիանա Դեմյանովայի կողմից վերաքննիչ բողոքին կից ներկայացված լրացուցիչ ապացույցների ընդունելիության հարցի առնչությամբ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել հետևյալը.

Դիանա Դեմյանովան վերաքննիչ բողոքին կից Վերաքննիչ դատարան է ներկայացրել այնպիսի ապացույցներ, որոնք չեն ներկայացվել Դատարանին գործի քննության ընթացքում: Անդրադառնալով ներկայացված նոր ապացույցների ընդունելիության հարցին՝ Վերաքննիչ դատարանը նշել է «Վերաքննիչ դատարանը փաստում է, որ նոր ապացույցը կարող է ընդունվել, եթե՝

ա ապացույցն առաջին ատյանի դատարանում գործի քննության ընթացքում գոյություն է ունեցել,

բ կողմն իր կամքից անկախ հանգամանքներում զրկված է եղել այդ ապացույցը ձեռք բերելու և ներկայացնելու հնարավորությունից,

գ ապացույցը գործի համար ունի էական նշանակություն։

Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ սույն դեպքում պատասխանողը ևս ընդունել է, որ ներկայացված ապացույցներն առաջին ատյանի դատարանում գործի քննության ընթացքում գոյություն չեն ունեցել, մասնավորապես՝ պատասխանողի անունից ներկայացվել է քրեական վարույթ նախաձեռնելու մասին 23042023թ-ի արձանագրության պատճենը, հոգեբանի կողմից 17042023թ-ին տրված փորձագիտական եզրակացությունը, Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի կողմից 03.07.2023 թվականին տրված «Բնակության վայր սահմանելու պահանջի մասին» թիվ --- եզրակացության պատճենը, ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության անձնագրային և վիզաների վարչության 30.06.2023 թվականի թիվ --- գրության պատճենը, «Ինտերուպակ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 12.06.2023 թվականին տրված տեղեկանքը, ՌԴ Մոսկվա քաղաքի քննչական կոմիտեի զինվորական քննչական վարչության առանձնապես հատուկ գործերով քննիչ ՎԱ Լիտուշի կողմից 19.05.2023 թվականի գրության և դրա հայերեն թարգմանության պատճենները, տուժող ճանաչված Դիանա Դեմյանովային ուղղված ՌԴ Մոսկվա քաղաքի քննչական կոմիտեի զինվորական քննչական վարչության առանձնապես հատուկ գործերով քննիչ ՎԱ Լիտուշի 19.05.2023 թվականի գրության և դրա հայերեն թարգմանության պատճենները, ՌԴ Մոսկվա քաղաքի կայազորային զինվորական դատարանի դատավորի կողմից 16.06.2023 թվականին կայացված վճռի պատճենը և դրա հայերեն թարգմանությունը, ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնի քննիչ Գուրգեն Զաքարյանի 03.07.2023 թվականի գրության պատճենը, ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնի քննիչ Գայանե Բաղդասարյանի 03.07.2023 թվականի գրության պատճենը, ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնի քննիչ Գայանե Բաղդասարյանի 23.04.2023 թվականին կազմված քրեական վարույթ նախաձեռնելու մասին արձանագրության պատճենը, ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնի քննիչ Գայանե Բաղդասարյանի կողմից 05.05.2023 թվականին կայացված տուժողի լիազոր ներկայացուցիչներ ճանաչելու մասին որոշման պատճենը, ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնի քննիչ Գայանե Բաղդասարյանի կողմից 23.04.2023 թվականին կայացված Դիանա Դեմյանովային տուժող ճանաչելու մասին որոշման պատճենը։ Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ այս բոլոր փաստաթղթերը ստեղծվել են միայն վճռի կայացումից հետո, որպիսի պայմաններում սույն գործով դրանք չեն կարող ընդունվել Վերաքննիչ դատարանի կողմից։

Ինչ վերաբերում է պատասխանողի անունից ներկայացված լուսանկարներ և տեսանյութեր պարունակող լազերային սկավառակին, Դիանա Դեմյանովայի լուսանկարներին, ապա Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ պատասխանողը չի հիմնավորել առաջին ատյանի դատարանում այդ փաստաթղթերը ներկայացնելու անհնարինությունը։ Այսպես՝ Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ վերաքննության փուլում նոր ապացույցի ընդունման իրավական հնարավորությունը սահմանափակվում է որոշակի պայմանների պարտադիր պահպանմամբ։ Այդ պայմաններից մեկը ապացույցը կողմի կամքից անկախ հանգամանքներում ներկայացված չլինելն է, այսինքն՝ խոսքը տվյալ իրավիճակում անկանխելի, կողմի վարքագծով չպայմանավորված օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պայմանների մասին է, որոնք կողմի կամքով կամ վարքագծով պայմանավորված չեն, անկախ են նրա գործողություններից կամ անգործությունից և զրկել են վերջինիս համապատասխան ապացույցը ներկայացնելու հնարավորությունից, այսինքն՝ բացառել են տվյալ պայմաններում և իրավիճակում ապացույցը ներկայացնելու հնարավորությունը։ Թեև բողոք բերած անձի ներկայացուցիչը նշել է, որ ապացույցները չեն ներկայացվել Մաքսիմ Դեմյանովի կողմից Դիանա Դեմյանովայի հեռախոսային տվյալները ենթադրաբար տիրանալու արդյունքում, սակայն այդ փաստը հավաստող որևէ ապացույց առկա չէ, որի միջոցով Վերաքննիչ դատարանը կարող էր հավաստիանալ ապացույցի ներկայացման անհնարինության մեջ։ Միևնույն ժամանակ՝ որևէ ձևով չի հիմնավորվել, որ բողոք բերող անձը նշված ապացույցները ձեռք բերելուն ուղղված գործողություններին ավելի վաղ չէր կարող ձեռնամուխ լինել։ Ուստի, Վերաքննիչ դատարանի կողմից պատասխանողի անունից ներկայացված փաստաթղթերը չեն կարող ընդունվել»:

Վճռաբեկ դատարանը, չանտեսելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված այն կարգավորումը, որ վերաքննիչ դատարանն իրավունք չունի նոր ապացույց ընդունելու և բողոքը քննելիս հիմնվում է միայն այն ապացույցների վրա, որոնք ներկայացվել են առաջին ատյանի դատարանում, բացառությամբ այն դեպքերի, երբ գործին մասնակցող անձը վերաքննիչ բողոքում հիմնավորում է, որ վերաքննիչ դատարան ներկայացված նոր ապացույցն իր կամքից անկախ հանգամանքներում չի ներկայացվել առաջին ատյանի դատարան, այս հարցի առնչությամբ կարևոր է համարում շեշտել, որ այս կարգավորումը որոշակիորեն այլ դրսևորում ունի այն գործերում, որոնք առնչվում են երեխայի լավագույն շահին:

Եվրոպական դատարանը, անդրադառնալով Հաագայի կոնվենցիայով նախատեսված՝ երեխայի վերադարձի վերաբերյալ պահանջների դատական քննության առանձնահատկություններին, վերահաստատելով նախկինում արտահայտված իր դիրքորոշումը, նշել է, որ ներպետական դատարանները նախ և առաջ պետք է գնահատեն լուրջ ռիսկի մասին բոլոր պնդումները՝ միաժամանակ ապահովելով, որ որոշումների կայացման գործընթացը լինի արդար և շահագրգիռ կողմերին թույլ տրվի ամբողջությամբ ներկայացնել իրենց դիրքորոշումը, և որ երեխայի կարևորագույն շահերը լինեն պաշտպանված։ Եվրոպական դատարանը հավելել է, որ որոշում կայացնելու ընդհանուր գործընթացն ուսումնասիրելիս Դատարանը չի կարող անտեսել այն փաստը, որ ներպետական դատարաններին ներկայացված նյութերը պարունակել են կարևոր և հնարավոր վիճելի ապացույցներ այն ռիսկի վերաբերյալ, որին ենթարկվելու էր Լ.-ն վերադարձի դեպքում և գտել է, որ դիմումատուին գրավոր փաստարկներ ներկայացնելու հնարավորություն ընձեռելն այս առումով առաջնային նշանակություն ուներ որոշումների կայացման գործընթացի արդարացիության ապահովման համար (տե՛ս Ղազարյանն ընդդեմ Հայաստանի թիվ 30129/21 գանգատով Եվրոպական դատարանի 28112023 թվականի վճիռը, կետ 28, կետ 29, X-ն ընդդեմ Լատվիայի թիվ 27853/09 գանգատով Եվրոպական դատարանի [ՄՊ] 26.11.2013 թվականի վճիռը, կետ 102)

Ընտանեկան օրենսդրության հիմնական սկզբունքներից է այն, որ պետությունը երաշխավորում է երեխաների իրավունքների առաջնային պաշտպանությունը: Պետությունն այդ իրավունքների պաշտպանությունն ապահովում է իր վարչական և դատական մարմինների միջոցով: Այս մարմինները երեխաների հետ կապված ընտանեկան վեճերի քննության ընթացքում պետք է հաշվի առնեն, որ երեխայի նկատմամբ իրականացվող ցանկացած գործողություն պետք է բխի նրա լավագույն շահերից և յուրաքանչյուր պարագայում առաջնայնությունը պետք է տրվի երեխայի լավագույն շահերի պաշտպանությանը: ՀՀ ընտանեկան օրենսգրքի 1-ին հոդվածի 8-րդ մասը սահմանում է, որ եթե որևէ նորմ կարող է տարաբնույթ կիրառվել, ապա այն կիրառելիս առաջնահերթ հաշվի են առնվում երեխայի լավագույն շահերը:

Սույն գործի շրջանակներում՝ վերաքննության փուլում դատավարության մասնակցի կողմից ներկայացվել են այնպիսի ապացույցներ, որոնց լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի հետազոտումն ու գնահատումը կարող է էական նշանակություն ունենալ սույն գործի քննության համար՝ երեխաների՝ Դիլանա և Ադել Դեմյանովաների անվտանգության, հոգեկան ու ֆիզիկական առողջության պահպանման և նրանց լավագույն շահերի պաշտպանության տեսանկյունից:

Վճռաբեկ դատարանը քննարկվող խնդրի շրջանակներում անհրաժեշտ է համարում անդրադառնալ նաև դատավարության մասնակցի՝ տվյալ պարագայում Դիանա Դեմյանովայի կողմից լրացուցիչ ապացույցներն ավելի վաղ՝ Դատարանում գործի քննության ընթացքում չներկայացնելու հարցում ցուցաբերած վարքագծի մեջ առկա բարեխղճության նախապայմանին։ Երեխայի լավագույն շահերին առնչվող գործերի քննություն իրականացնելիս Վերաքննիչ դատարանը չպետք է կաշկանդված լինի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 378-րդ հոդվածով նախատեսված իրավակարգավորումներով, քանի որ նմանատիպ գործերով դատարանները որպես առաջնային և ուղենիշային սկզբունք պետք է դիտարկեն երեխայի լավագույն շահերի ապահովումն ու պաշտպանությունը։ Միևնույն ժամանակ, դատավարական իրավունքների իրականացման չարաշահումները բացառելու անհրաժեշտությունից ելնելով՝ Վերաքննիչ դատարանը յուրաքանչյուր առանձին գործի քննության շրջանակներում պետք է գնահատման առարկա դարձնի դատավարության մասնակցի՝ ապացույցները ներկայացնելու հարցում դրսևորած բարեխղճությունը։

Սույն գործի փաստերի և լրացուցիչ ապացույցներն ընդունելու վերաբերյալ միջնորդության համադրման արդյունքում Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ լրացուցիչ ապացույցները ներկայացնելիս Դիանա Դեմյանովայի արարքներում բացակայում է անբարեխղճությունը՝ հաշվի առնելով այն, որ Դատարանը գործի քննության ընթացքում կողմերի միջև չի բաշխել ապացուցման պարտականությունը, չի կատարել գործի լրիվ, օբյեկտիվ ու բազմակողմանի քննության համար անհրաժեշտ բոլոր դատավարական գործողությունները՝ այդպիսով սահմանափակելով դատավարության մասնակցի՝ ապացույցներ ներկայացնելու և իր դիրքորոշումն արտահայտելու իրավունքը։ Մինչդեռ Դիանա Դեմյանովայի կողմից Վերաքննիչ դատարանին ներկայացրած լրացուցիչ ապացույցներն ընդունելու վերաբերյալ միջնորդության հիմքում դրվել են այնպիսի պատճառաբանություններ, որոնք ցույց են տալիս, որ Դիանա Դեմյանովան գործել է բարեխիղճ և ապացույցներն ավելի վաղ չի կարողացել ներկայացնել իր կամքից անկախ պատճառներով։

Հիմք ընդունելով վերը շարադրված իրավական վերլուծությունը, ինչպես նաև Եվրոպական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, հաշվի առնելով «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի 3-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի պահանջները, ղեկավարվելով երեխաների լավագույն շահին առաջնահերթ ուշադրություն դարձնելու հրամայականով, Հաագայի կոնվենցիայի 13-րդ հոդվածով նախատեսված՝ երեխայի վերադարձի դեպքում նրան սպառնացող «լուրջ վտանգի» գոյությունը բացառելու նպատակով պարտավոր էր գործի լուծման համար անհրաժեշտ ներքին համոզմունք ձևավորելու համար չսահմանափակվել Դատարանում գործի քննության ընթացքում ներկայացված ապացույցներով, պետք է ընդուներ Դիանա Դեմյանովայի կողմից ներկայացրած նոր ապացույցները, հետազոտեր դրանք ու գնահատեր գործի լուծման համար նշանակություն ունենալու տեսանկյունից՝ այդպիսով ձեռնարկելով երեխայի բարեկեցության համար անհրաժեշտ պաշտպանությամբ և հոգատարությամբ նրան ապահովելու, նրա լավագույն շահը բացահայտելու ու այդ նպատակով տվյալ գործի լուծման համար անհրաժեշտ իրական փաստերի վերաբերյալ հնարավոր և հասանելի տեղեկություններ ձեռք բերելու կոնվենցիոն ու օրենսդրական պահանջների կատարումը։

Սույն գործի շրջանակներում Հաագայի կոնվենցիայի 13-րդ հոդվածով նախատեսված՝ երեխայի վերադարձի դեպքում նրան սպառնացող «լուրջ վտանգի» գոյության փաստը հաստատելու նպատակով առերևույթ վերաբերելի ապացույցները ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 378-րդ հոդվածի 1-3-րդ մասերի կիրառմամբ չընդունելու, դրանք չհետազոտելու և դատական ակտով դրանց չանդրադառնալու պայմաններում Վճռաբեկ դատարանի գնահատմամբ ոչ միայն խախտվել է երեխաների իրավունքների առաջնային պաշտպանության սկզբունքն ու երեխայի լավագույն շահը բացահայտելու իմպերատիվ պահանջը, այլ նաև խիստ ընթացակարգային (ձևական) բնույթի պատճառաբանությամբ ոտնահարվել է բողոքաբեր Դիանա Դեմյանովայի՝ արդարության բոլոր պահանջների պահպանմամբ իր դիրքորոշումն ամբողջությամբ ներկայացնելու իրավունքը, առավել ևս, որ Վերաքննիչ դատարանին ներկայացված նյութերն առերևույթ կարող են պարունակել կարևոր ապացույցներ այն ռիսկի վերաբերյալ, որին կարող են ենթարկվել երեխաները վերադարձի դեպքում։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Հաագայի կոնվենցիայի 13-րդ հոդվածի «բ» կետով նախատեսված բացառության իմաստով «լուրջ ռիսկի» առկայությունը ներկայացնելու հնարավորություն ընձեռելն առաջնային նշանակություն ուներ որոշում կայացնելու համար, որպիսի հանգամանքն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից։

Նշվածը գնահատելով որպես էական դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ չի համարում անցկացնել երեխային Հայաստանի Հանրապետությունից տեղափոխելու դեպքում ֆիզիկական կամ հոգեբանական վնաս հասցնելու ցանկացած ռիսկի սեփական գնահատում:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի վերը նշված հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390‑րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի 21072023 թվականի որոշումը բեկանելու համար։

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 2‑րդ կետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը բեկանելու և գործը Երևանի քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան ամբողջ ծավալով նոր քննության ուղարկելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը։ Ընդ որում, գործի նոր քննության ժամանակ դատարանը սույն գործի քննությունը պետք է իրականացնի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 22-րդ գլխով [Ընտանեկան գործերով վարույթը] նախատեսված դատավարական կանոնների պահպանմամբ՝ հաշվի առնելով նաև սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

 

Հիմք ընդունելով վերոգրյալը և նկատի ունենալով այն, որ գործն ամբողջ ծավալով է ուղարկվում նոր քննության՝ Վճռաբեկ դատարանը նպատակահարմար չի գտնում անդրադառնալու վճռաբեկ բողոքում նշված նյութական և դատավարական իրավունքի նորմերի մյուս խախտումներին:

 

Վերոգրյալ պատճառաբանություններով միաժամանակ հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն գլխի [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ] կանոններին համապատասխան:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ բողոքարկված դատական ակտը բեկանելու և փոփոխելու դեպքում վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանը եզրափակիչ դատական ակտով գործին մասնակցող անձանց միջև վերաբաշխում է դատական ծախսերը` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոնների համաձայն:

Նկատի ունենալով, որ գործի ըստ էության քննությունն իրականացնելու նպատակով գործն ուղարկվում է Երևանի քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան նոր քննության՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործի քննության այս փուլում հնարավոր չէ անդրադառնալ դատական ծախսերի բաշխման հարցին։ Դատական ծախսերի բաշխման հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության արդյունքում:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.07.2023 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան՝ նոր քննության։

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության արդյունքում։

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

_______________________

1 Հաագայի կոնվենցիայի բացատրական զեկույց, 14-րդ նստաշրջանի ակտեր և փաստաթղթեր (1980), հատոր III, Երեխայի առևանգում։ Հեղինակ՝ Էլիսա Պերեզ-Վերա՝ 1980-ի հոկտեմբերի 6-ից հոկտեմբերի 25-ը տեղի ունեցած Միջազգային մասնավոր իրավունքի գծով Հաագայի Խորհրդաժողովի տասնչորսերորդ նստաշրջանի առաջին հանձնաժողովի (առաջին հանձնաժողովին է վերապահվել Հաագայի կոնվենցիայի կազմումը) զեկուցող։ Բացատրական զեկույցն անդրադառնում է Հաագայի կոնվենցիայի կնքման հանգամանքներին, ուստի Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին կոնվենցիայի 32-րդ հոդվածի իմաստով հանդիսանում է Հաագայի կոնվենցիայի մեկնաբանման լրացուցիչ միջոց:

Բացատրական զեկույցի ամբողջական տեքստը հասանելի է հետևյալ հղումով https://assets.hcch.net/docs/a5fb103c-2ceb-4d17-87e3-a7528a0d368c.pdfhttps://assets.hcch.net/docs/a5fb103c-2ceb-4d17-87e3-a7528a0d368c.pdfhttps://assets.hcch.net/docs/a5fb103c-2ceb-4d17-87e3-a7528a0d368c.pdf։

 

Նախագահող

Գ. Հակոբյան

Զեկուցող

Ս. Մեղրյան

Ա ԱԹԱԲԵԿՅԱՆ

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ա. Մկրտչյան

Է. Սեդրակյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 մայիսի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան