Գլխավոր տեղեկություն
Համար
N 1582-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (01.06.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.11.23/63(866) Հոդ.1570
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.11.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.11.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.11.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 նոյեմբերի 2011 թվականի N 1582-Ն

 

ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի «զ» կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասի գնահատման կարգը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող հանրապետական հանձնաժողովի անհատական կազմը և աշխատակարգը:

3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության մարզպետներին և առաջարկել Երևանի քաղաքապետին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում իրականացնել արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող հանձնաժողովների ստեղծման գործընթացը և ապահովել համապատասխան հանձնաժողովների անհատական կազմերի ու աշխատակարգերի հաստատումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2011 թ. նոյեմբերի 14
Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2011 թվականի

 նոյեմբերի 10-ի N 1582-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասի գնահատման աշխատանքների կազմակերպումը:

2. Արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասների գնահատման գործընթացը` կախված ընդգրկման տարածքից, հետևանքների բնույթից և նշանակությունից, համապատասխանաբար կազմակերպվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի, Հայաստանի Հանրապետության մարզպետների ու համայնքների ղեկավարների որոշումներով ստեղծված և մշտական գործող հանձնաժողովների կողմից:

3. Գնահատման ու հաշվառման են ենթակա արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները:

4. Արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները հաշվառվում են դրանց առաջացման պատճառների ուսումնասիրման ու վերացման, ինչպես նաև արտակարգ իրավիճակների ռիսկի նվազեցման համար միջոցներ ձեռնարկելու նպատակով:

5. Արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասների ընդհանուր հաշվառումն իրականացնում են Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը, Հայաստանի Հանրապետության մարզպետարանները և տեղական ինքնակառավարման մարմինները, իսկ ըստ ուղղությունների` Հայաստանի Հանրապետության համապատասխան պետական կառավարման մարմինները:

(5-րդ կետը փոփ. 30.05.24 N 806-Ն)

6. Արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասի գնահատման համար`

1) կազմվում է վնասված գույքի ցանկը` նշելով դրանց տեսակը, գտնվելու վայրն ու համառոտ բնութագիրը, իսկ անշարժ գույքի դեպքում՝ նաև դրա նույնականացման տվյալները (վկայականի համար և գույքի հասցե կամ կադաստրային ծածկագիր).

2) ուսումնասիրվում և գնահատվում է վնասված գույքի վիճակը.

3) գնահատվում է գույքին պատճառված վնասի չափը:

(6-րդ կետը լրաց. 30.05.24 N 806-Ն)

7. Եթե արտակարգ իրավիճակների հետևանքով զոհվել են մարդիկ, կամ մարդկանց առողջությանը պատճառվել է վնաս, ապա Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի և մարզային փրկարարական վարչություններից դեպքի մասին տեղեկատվությունը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` համապատասխան միջոցառումներ իրականացնելու նպատակով:

(7-րդ կետը փոփ. 30.05.24 N 806-Ն)

8. Տեղեկատվությունը ներառում է՝

1) դեպքի օրը, ամիսը, տարեթիվը, ժամը և վայրը.

2) տուժողների ազգանունները, անունները, հայրանունները, նրանց ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, բնակության և աշխատանքի վայրերը.

3) դեպքի վայր մեկնած՝ փրկարարական աշխատանքներ իրականացնող խմբի (անձանց) կազմը (անձնական տվյալները).

4) դեպքը բնութագրող այլ հանգամանքներ` իրավիճակը, եղանակային պայմանները և այլն:

9. Հայաստանի Հանրապետության տարածքում արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասների գնահատման նպատակով ստեղծվում են`

1) հանրապետական հանձնաժողով (ստեղծվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ).

2) մարզային հանձնաժողովներ (ստեղծվում են Հայաստանի Հանրապետության մարզպետների որոշումներով).

3) համայնքային հանձնաժողովներ (ստեղծվում են Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների որոշումներով):

10. Հանրապետական, մարզային և համայնքային հանձնաժողովները գործում են հետևյալ ուղղություններով`

1) գյուղատնտեսությանը հասցված վնասների գնահատում.

2) բնակչության գույքին հասցված վնասների գնահատում.

3) ենթակառուցվածքներին հասցված վնասների գնահատում.

4) բժշկասանիտարական հնարավոր վնասների գնահատում:

11. Արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող հանձնաժողովների կազմում` ըստ ուղղությունների ընդգրկվում են ներքին գործերի, առողջապահության, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, էկոնոմիկայի, քաղաքաշինության բնագավառների մասնագետներ և մասնագիտացված կառույցների ներկայացուցիչներ, ովքեր պետք է ուսումնասիրեն, հաշվառեն և գնահատեն ստեղծված իրավիճակն ու հավանական վտանգները:

(11-րդ կետը փոփ. 30.05.24 N 806-Ն)

12. Ելնելով հանձնաժողովների աստիճանակարգությունից` համայնքային հանձնաժողովների կողմից կազմված ակտերը քննարկվում են մարզային հանձնաժողովում, և համաձայնեցված ակտերը ներկայացվում են հանրապետական հանձնաժողով: Արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասների մասին վերջնական տեղեկատվությունն ամփոփում և հրապարակում է արտակարգ իրավիճակների հետևանքով պատճառված վնասները գնահատող հանրապետական հանձնաժողովը:

(հավելվածը փոփ., լրաց. 30.05.24 N 806-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
30.05.2024, N 806-Ն 01.06.2024, N 1582-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան