Գլխավոր տեղեկություն
Համար
N 2288-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (22.06.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 21.06.2024
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
20.06.2024
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
20.06.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.06.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 2288-Ա

«20» հունիսի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՑՈՂ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ՆԵՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Երևանի քաղաքապետարանի և «Ինժեներինգ» ՍՊ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) միջև 2024 թվականի ապրիլի 16-ին կնքված N ԵՔ-ՀԲՄԽԾՁԲ-24/26-1 ծածկագրով աշխատանքների որակի տեխնիկական հսկողության խորհրդատվական ծառայությունների մատուցման գնման պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) 1.1 կետի համաձայն՝ Պատվիրատուն հանձնարարում է, իսկ Կատարողը ստանձնում է Երևան քաղաքի Աջափնյակ - Դավթաշեն, Կենտրոն - Նորք-Մարաշ, Էրեբունի - Նուբարաշեն վարչական շրջանների մանկապարտեզներում հրատապ լուծում պահանջող շինարարական աշխատանքների որակի տեխնիկական հսկողության խորհրդատվական ծառայությունների մատուցման պարտավորությունը՝ համաձայն Պայմանագրի անբաժանելի մասը կազմող N 1 հավելվածով սահմանված Տեխնիկական բնութագիր-գնման ժամանակացույցի պահանջների:

Համաձայն իրավաբանական անձանց պետական ռեգիստրի պետական միասնական գրանցամատյանի՝ 2016 թվականի հուլիսի 8-ից Ընկերության տնօրեն է հանդիսանում Արման Հայրապետի Խալաթյանը:

Միևնույն ժամանակ Արման Հայրապետի Խալաթյանը 2020 թվականի դեկտեմբերի 1-ից մինչ օրս հանդիսանում է նաև «ՀՏ-ՊՐՈԵԿՏ» ՍՊ ընկերության տնօրեն և բաժնետեր, իսկ «ՀՏ-ՊՐՈԵԿՏ» ՍՊ ընկերությունը (ՀՎՀՀ՝ 00229138) 2022 թվականի հունիսի 22-ից մինչև 2024 թվականի հունիսի 22-ը (17.12.2022թ.-11.05.2023թ. հանվել է ցանկից՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի ԵԴ/32833/02/22 որոշման հիման վրա) ներառված է գնումների գործընթացներին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում:

«Գնումների մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ բացառությամբ սույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված ընթացակարգով գնում կատարելու դեպքերի, գնումների ընթացակարգերին մասնակցելու իրավունք չունեն այն անձինք` որոնք հայտը ներկայացնելու օրվա դրությամբ ներառված են գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում: ....»:

Համաձայն ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված կարգի (այսուհետ՝ Կարգ) 119-րդ կետի 2-րդ ենթակետի՝ գնումների հետ կապված հարաբերությունները կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենսդրության իմաստով` ֆիզիկական և իրավաբանական անձինք համարվում են փոխկապակցված, եթե նրանք գործել են համաձայնեցված՝ ելնելով ընդհանուր տնտեսական շահերից կամ եթե տվյալ ֆիզիկական անձը կամ նրա ընտանիքի անդամը հանդիսանում է՝

ա. տվյալ իրավաբանական անձի բաժնետոմսերի տասը տոկոսից ավելիին տնօրինող մասնակից,

բ. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ ձևով իրավաբանական անձի որոշումները կանխորոշելու հնարավորություն ունեցող անձ,

գ. տվյալ իրավաբանական անձի խորհրդի նախագահ, խորհրդի նախագահի տեղակալ, խորհրդի անդամ, գործադիր տնօրեն, նրա տեղակալ, գործադիր մարմնի գործառույթներ իրականացնող կոլեգիալ մարմնի նախագահ, անդամ,

դ. իրավաբանական անձի այնպիսի աշխատակից, որն աշխատում է գործադիր տնօրենի անմիջական ղեկավարության ներքո կամ իրավաբանական անձի կառավարման մարմինների կողմից որոշումների ընդունման հարցում որևէ էական ազդեցություն ունի:

Համաձայն Կարգի 119-րդ կետի 3-րդ ենթակետի՝ ֆիզիկական անձի կարգավիճակ չունեցող մասնակիցները համարվում են փոխկապակցված, եթե`

ա. տվյալ անձը քվեարկելու իրավունքով տիրապետում է մյուսի` ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայերի, այսուհետ` բաժնետոմս) տասը և ավելի տոկոսին, կամ իր մասնակցության ուժով կամ տվյալ անձանց միջև կնքված պայմանագրին համապատասխան հնարավորություն ունի կանխորոշել մյուսի որոշումները,

բ. նրանցից մեկի ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի տասը տոկոսից ավելիին տիրապետող կամ օրենքով չարգելված այլ ձևով նրա որոշումները կանխորոշելու հնարավորություն ունեցող մասնակիցը (բաժնետերը) և (կամ) մասնակիցները (բաժնետերերը) կամ նրանց ընտանիքի անդամները (եթե մասնակիցը ֆիզիկական անձ է) իրավունք ունեն ուղղակի կամ անուղղակի կերպով տիրապետել (այդ թվում` առուվաճառքի, հավատարմագրային կառավարման, համատեղ գործունեության պայմանագրերի, հանձնարարականի կամ այլ գործարքների հիման վրա) մյուսի` ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի տասը տոկոսից ավելիին կամ ունեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ ձևով վերջինիս որոշումները կանխորոշելու հնարավորություն,

գ. նրանցից մեկի որևէ կառավարման մարմնի կամ նման պարտականություններ կատարող այլ անձանց, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամներից որևէ մեկը միաժամանակ հանդիսանում է մյուս անձի որևէ կառավարման մարմնի անդամ կամ նման պարտականություններ կատարող այլ անձ,

դ. նրանք գործել կամ գործում են համաձայնեցված՝ ելնելով ընդհանուր տնտեսական շահերից:

(….)

Ընդ որում Կարգի 121-րդ կետի համաձայն՝ մասնակցի՝ Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված ցուցակում ներառվելը, դրանում գտնվելու ժամանակահատվածում, ինքնաբերաբար հանգեցնում է վերջինիս հետ փոխկապակցված անձանց գնումների գործընթացին մասնակցության իրավունքի սահմանափակման:

Պայմանագրի 7.3 կետի համաձայն՝ այն դեպքում, երբ օրենքով նախատեսված կարգով օրենքի պահանջների կատարման նկատմամբ հսկողության կամ վերահսկողության կամ բողոքների քննության արդյունքում արձանագրվում է, որ գնման գործընթացում, մինչև պայմանագրի կնքումը, Կատարողը ներկայացրել է կեղծ փաստաթղթեր (տեղեկություններ և տվյալներ), կամ վերջինիս ընտրված մասնակից ճանաչելու մասին որոշումը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, ապա այդ հիմքերն ի հայտ գալուց հետո Պատվիրատուն միակողմանիորեն լուծում է պայմանագիրը, եթե արձանագրված խախտումները մինչև պայմանագրի կնքումը հայտնի լինելու դեպքում գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն հիմք կհանդիսանային պայմանագիրը չկնքելու համար: Ընդ որում, Պատվիրատուն չի կրում պայմանագրի միակողմանի լուծման հետևանքով Կատարողի համար առաջացող վնասների կամ բաց թողնված օգուտի ռիսկը, իսկ վերջինս պարտավոր է Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով փոխհատուցել իր մեղքով Պատվիրատուի կրած վնասներն այն ծավալով, որի մասով պայմանագիրը լուծվել է:

Վերոգրյալից պարզ է դառնում, որ Ընկերության տնօրեն Արման Հայրապետի Խալաթյանի և «ՀՏ-ՊՐՈԵԿՏ» ՍՊ ընկերության միջև առկա է փոխկապակցվածություն: Այսպիսով, «Ինժեներինգ» ՍՊ ընկերության և «ՀՏ-ՊՐՈԵԿՏ» ՍՊ ընկերության միջև առկա է փոխկապակցվածություն, համաձայն Կարգի 119-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերի, հաշվի առնելով, որ երկու ընկերությունների գործադիր տնօրենը հանդիսանում է միևնույն անձը:

Երևանի քաղաքապետարանը՝ ղեկավարվելով Պայմանագրի 7.3 կետի պահանջով, ինչպես նաև վերը նշված իրավական հիմքերով՝ միակողմանի /ամբողջությամբ/ լուծել է Պայմանագիրը։

Պայմանագրի լուծման վերաբերյալ ծանուցումը հրապարակվել է տեղեկագրում սույն թվականի հունիսի 11-ին և պայմանագիրը հունիսի 12-ի դրությամբ համարվում է լուծված։

Ղեկավարվելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «ա» ենթակետով և նույն հոդվածի 2-րդ մասով.

1. «Ինժեներինգ» ՍՊ ընկերությանը ներառել գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում:

2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության պետի վրա:

3. Սույն որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

 

Տ. Ավինյան