Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.04.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.05.27-2024.06.09 Պաշտոնական հրապարակման օրը 23.05.2024
Ընդունող մարմին
Վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչություն
Ընդունման ամսաթիվ
17.04.2024
Ստորագրող մարմին
Նախագահի տեղակալ
Ստորագրման ամսաթիվ
17.04.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.04.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/2084/02/15

2024 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/2084/02/15

Նախագահող դատավոր՝

 Ն. Գաբրիելյան

Դատավորներ՝

 Հ. Ենոքյան

 Կ. Համբարձումյան

 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող և զեկուցող

Գ. Հակոբյան

Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ

Ս. ՄԵՂՐՅԱՆ

Ա ՄԿՐՏՉՅԱՆ

Է. Սեդրակյան

 

2024 թվականի ապրիլի 17-ին

գրավոր ընթացակարգով քննելով ըստ Սիրվարդ Մանգասարյանի հայցի ընդդեմ Երևան համայնքի՝ սեփականության իրավունքը ճանաչելու և սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.12.2022 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ Սիրվարդ Մանգասարյանի բերած վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Սիրվարդ Մանգասարյանը պահանջել է ճանաչել իր սեփականության իրավունքը Երևանի Ֆրունզե փողոցի 18-րդ շենքի թիվ 17 բնակարանի նկատմամբ և անվավեր ճանաչել Երևան համայնքի անվամբ 18.04.2014 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը։

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 02.02.2022 թվականի վճռով հայցը մերժվել է։

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.05.2022 թվականի որոշմամբ Սիրվարդ Մանգասարյանի, ում անունից որպես ներկայացուցիչ հանդես է եկել Գուրգեն Թորոսյանը, բերած վերաքննիչ բողոքը վերադարձվել է։

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.05.2022 թվականի որոշմամբ Սիրվարդ Մանգասարյանի բերած վերաքննիչ բողոքն ընդունվել է վարույթ, իսկ 22.08.2022 թվականի որոշմամբ Սիրվարդ Մանգասարյանի բերած վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 02.02.2022 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ: ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 16.11.2022 թվականի որոշմամբ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.08.2022 թվականի որոշման դեմ Սիրվարդ Մանգասարյանի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 13.06.2022 թվականի որոշմամբ Սիրվարդ Մանգասարյանի, ում անունից որպես ներկայացուցիչ հանդես է եկել Հայկ Սողոմոնյանը, կրկին բերած վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է։ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 07.09.2022 թվականի որոշմամբ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 13.06.2022 թվականի որոշման դեմ Սիրվարդ Մանգասարյանի բերած վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ, իսկ 21.10.2022 թվականի որոշմամբ Սիրվարդ Մանգասարյանի (ներկայացուցիչներ Հայկ Սողոմոնյան և Գուրգեն Թորոսյան) բերած վճռաբեկ բողոքը բավարարվել է՝ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 13.06.2022 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը վերացվել է ու Սիրվարդ Մանգասարյանի ներկայացրած վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու հարցը պարզելու համար գործն ուղարկվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 06.12.2022 թվականի որոշմամբ Սիրվարդ Մանգասարյանի, ում անունից որպես ներկայացուցիչ հանդես է եկել Հայկ Սողոմոնյանը, բերած վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Սիրվարդ Մանգասարյանը (ներկայացուցիչ Հայկ Սողոմոնյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է Սահմանադրության 61-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ, 6-9-րդ, 370-րդ հոդվածը և 372-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը:

Բողոք բերած անձը նշված հիմքի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը չի պարզել՝ արդյո՞ք Սիրվարդ Մանգասարյանի կողմից 01.03.2022 թվականին, իսկ վերջինիս ներկայացուցչի կողմից 03.06.2022 թվականին ներկայացված վերաքննիչ բողոքները ներկայացված են նույն հիմքերով, թե՝ ոչ, որը հնարավոր էր կատարել երկրորդ վերաքննիչ բողոքի հիմքն առաջին վերաքննիչ բողոքի հիմքի հետ համեմատելու արդյունքում։

Վերաքննիչ դատարանը ներկայացված վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելը մերժել է առանց որևէ իրավաչափ հիմքի, ինչը հանգեցրել է ոչ միայն դատավարական իրավունքի նորմի խախտման, այլ նաև իրական խոչընդոտներ է ստեղծել Սահմանադրությամբ և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով ամրագրված արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի իրացման համար:

Վերաքննիչ դատարանի դատական ակտը պատճառաբանված չէ:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 06.12.2022 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքով՝ նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, քանի որ Վերաքննիչ դատարանի կիրառած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել Սահմանադրության 61-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ, 6-9-րդ, 370-րդ հոդվածների ու 372-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

 

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. ինչպիսի՞ վավերապայմանների առկայության դեպքում կարող է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում նշված հիմքով մերժվել վերաքննիչ բողոքի ընդունումը։

 

Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ R(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն: Այսինքն` առաջին ատյանի դատական ակտերի նկատմամբ դատական վերահսկողությունը պետք է իրականացվի այնպես, որպեսզի հնարավորինս ապահովվի դատավարական օրենքով սահմանված կարգով բողոքարկման ենթակա դատական ակտի վերանայման հնարավորությունը վերադաս դատարանի կողմից (երկրորդ ատյանի դատարան): Այն է` երբ պետության դատական համակարգն ունի եռաստիճան կառուցվածք, անձը պետք է ունենա առնվազն երկու ատյանում լսված լինելու իրավունք: Հետևաբար ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ դատարանների կողմից չեն կարող այնպիսի ձևական խոչընդոտներ ստեղծվել, որոնց արդյունքում կարող է խախտվել անձանց` դատական ակտի` օրենքով նախատեսված կարգով վերանայման իրավունքը (տե՛ս, օրինակ, Ժաննա Տերյանն ընդդեմ Վահան Տերյանի և Վահան Տերյանն ընդդեմ Ժաննա Տերյանի թիվ ԵԱՆԴ/0563/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.12.2018 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ Սահմանադրության և Կոնվենցիայի համապատասխան հոդվածներով ամրագրված` անձի դատական պաշտպանության իրավունքի կարևոր բաղադրիչներից մեկը դատական ակտերի բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե՛ս, օրինակ, «ՀՍՌ Ֆարինա» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Տիգրան Սահակյանն ընդդեմ Գագիկ Դավթյանի թիվ ԿԴ1/0764/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.12.2019 թվականի որոշումը):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե բողոքում նշված հիմքով նույն գործով վերաքննիչ դատարանն արդեն իսկ որոշում է կայացրել:

Սահմանադրական դատարանը, 18.04.2017 թվականի թիվ ՍԴՈ-1363 որոշմամբ անդրադառնալով նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի 233.1-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի [վճռաբեկ բողոքը թողնվում է առանց քննության, եթե բողոքում նշված հիմքով նույն գործով վճռաբեկ դատարանն արդեն իսկ որոշում է կայացրել] սահմանադրաիրավական բովանդակության բացահայտմանը, արձանագրել է նաև, որ բողոքը վերադարձնելու մասին, բողոքն առանց քննության թողնելու մասին և բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումները, ի տարբերություն մյուս որոշումների, չեն կայացվում հանուն Հայաստանի Հանրապետության: Նման որոշումներ կայացնելիս Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում բողոքում նշված հիմքերի քննարկմանը: Վճռաբեկ դատարանը բողոքն առանց քննության պետք է թողնի այն դեպքում, երբ արդեն իրացվել է վճռաբեկ բողոք բերելու անձի իրավունքը, և բողոքում ներկայացված հարցերի առնչությամբ վճռաբեկ դատարանն արդեն իսկ որոշում է կայացրել:

Սահմանադրական դատարանի վերը վկայակոչված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի մեկնաբանությանը՝ ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ Սահմանադրական դատարանի վերոգրյալ իրավական դիրքորոշումները հավասարապես կիրառելի են նաև 09.04.2018 թվականից ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի մեկնաբանման և կիրառման պարագայում, քանի որ վերաքննիչ դատարանի կողմից բողոքի ընդունումը մերժելու մասին որոշում կայացնելու համար հիմք է նաև բողոքում նշված հիմքով նույն գործով վերաքննիչ դատարանի կողմից արդեն իսկ որոշում կայացրած լինելու հանգամանքը։

ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված «բողոքում նշված հիմքով նույն գործով վերաքննիչ դատարանն արդեն իսկ որոշում է կայացրել» իրավակարգավորումը վերաբերում է վերաքննիչ բողոքում բարձրացված հարցերի առնչությամբ արտահայտված իրավական դիրքորոշում պարունակող որոշմանը, այսինքն՝ այն որոշմանը, որով վերաքննիչ դատարանն արդեն իսկ իրավական գնահատական է տվել վերաքննիչ բողոքի հիմքերին: Հակառակ մեկնաբանման դեպքում, այն է՝ վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշումը, որպես բողոքում նշված հիմքով նույն գործով վերաքննիչ դատարանի կողմից արդեն իսկ կայացրած որոշում դիտարկելու պարագայում, կրկին ներկայացված վերաքննիչ բողոքի ընդունումը բոլոր դեպքերում ենթակա կլինի մերժման, քանի որ կհամարվի, որ բողոքում նշված հիմքով նույն գործով վերաքննիչ դատարանն արդեն իսկ որոշում է կայացրել: (…) բողոքի ընդունումը մերժելու նման հիմքի նախատեսումը կոչված է բացառելու այնպիսի հարցերի քննությանը կրկին անդրադառնալը, որոնք վերաքննիչ դատարանի կողմից արդեն իսկ ըստ էության քննության և/կամ գնահատման առարկա են դարձել:

ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ բողոքում նշված հիմքով նույն գործով վերաքննիչ դատարանի կողմից արդեն իսկ որոշում կայացրած լինելու հանգամանքը նախատեսելով որպես բողոքի ընդունումը մերժելու հիմք՝ օրենսդիրը նկատի է ունեցել վարույթ ընդունված վերաքննիչ բողոքի քննության արդյունքում կայացված եզրափակիչ դատական ակտերը, հետևաբար վերոգրյալ հիմքով վերաքննիչ դատարանը կարող է բողոքի ընդունումը մերժել միայն այն դեպքում, երբ իրացվել է վերաքննիչ բողոք բերելու անձի իրավունքը, և բողոքում ներկայացված հիմքերի վերաբերյալ վերաքննիչ դատարանն արդեն իսկ որոշում է կայացրել՝ ըստ էության քննելով վերաքննիչ բողոքը (տե՛ս Արտակ, Վեներա Գալստյաններն ընդդեմ Արթուր Անդրեասյանի և մյուսների թիվ ԵԿԴ/4950/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.08.2020 թվականի որոշումը):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ակտը պետք է լինի օրինական:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատական ակտը պետք է լինի հիմնավորված և պատճառաբանված, եթե այլ բան նախատեսված չէ նույն օրենսգրքով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ակտը հիմնավորված է, եթե դրանում արտացոլված են այն կայացնելու համար անհրաժեշտ և բավարար փաստական և իրավական հիմքերը։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ակտը պատճառաբանված է, եթե դրանում արտացոլված են ապացույցների գնահատման, փաստերի հաստատման և իրավունքի կիրառման գործընթացի կապակցությամբ դատարանի դատողությունների ընթացքը և դրանից բխող եզրահանգումները:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատական ակտը չի կարող պատճառաբանվել ենթադրություններով՝ բացառությամբ այնպիսի ենթադրությունների, որոնք թույլատրելի են օրենքում ամրագրված կանխավարկածներով:

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ դատական ակտը չի կարող պատճառաբանվել վերացական դատողություններով: (…):

Եվրոպական դատարանն իր մի շարք վճիռներում ներպետական դատարանների կողմից կայացված որոշումների չպատճառաբանվածությունը կամ ոչ բավարար պատճառաբանվածությունը դիտելով որպես անձի արդար դատական քննության իրավունքի խախտում, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ դատարանների կողմից կայացվող որոշումները պետք է ողջամտորեն պարունակեն այդ դատական ակտերի կայացման համար հիմք հանդիսացած պատճառաբանություններ՝ կողմերի լսված լինելու հանգամանքը ցույց տալու, ինչպես նաև արդարադատության իրականացման նկատմամբ հրապարակային հսկողություն ապահովելու նպատակով, սակայն Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը չի կարող ընկալվել որպես պահանջ՝ մանրամասնորեն պատասխանելու կողմերի ներկայացրած բոլոր փաստարկներին: Ըստ այդմ, այն հարցը, թե դատարանը պատշաճորեն կատարել է, արդյոք, դատական ակտը պատճառաբանելու իր պարտականությունը, կարող է պարզվել միայն յուրաքանչյուր կոնկրետ գործի հանգամանքների լույսի ներքո (տե՛ս, օրինակ, Սալովն ընդդեմ Ուկրաինայի գործով Եվրոպական դատարանի 06.09.2005 թվականի վճիռը, 89-րդ կետ, Գարսիա Ռուիզն ընդդեմ Իսպանիայի գործով Եվրոպական դատարանի 21.01.1999 թվականի վճիռը, 26-րդ կետ):

ՀՀ վճռաբեկ դատարանն իր որոշումներում բազմիցս անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության և պատճառաբանվածության հարցին։ Մասնավորապես` ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ դատարանի վճիռը պետք է պարտադիր կազմված լինի նաև պատճառաբանական մասից։ Ընդ որում, օրենսդիրը նախկին օրենսգրքի 132-րդ հոդվածի 4-րդ կետում բովանդակային առումով սահմանել է այն պարտադիր պահանջները, որոնց պետք է համապատասխանի վճռի պատճառաբանական մասը: Այսինքն՝ միայն այդ պահանջները պահպանված լինելու պայմաններում կարող է առաջին ատյանի դատարանի վճիռը համարվել պատճառաբանված, քանի որ միայն այդ դեպքում կարող են վճռից երևալ փաստերի հաստատման, ապացույցների գնահատման և իրավունքի կիրառման գործընթացի կապակցությամբ դատարանի դատողությունների ընթացքը և դրանից բխող եզրահանգումները:

Դրանից ելնելով՝ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ եթե որևէ վճիռ ամբողջությամբ չի համապատասխանում վերը նշված պարտադիր պայմաններին, այդ թվում նաև՝ դատարանն ընդհանրապես չի կատարել վճռի պատճառաբանական մասը կազմելիս օրենսդրի կողմից իր վրա դրված պարտականությունները, ապա միայն նման վճիռը կարող է գնահատվել որպես ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի իմաստով չպատճառաբանված (տե՛ս Նելլի Միքայելյանն ընդդեմ «Կենտրոն» նոտարական տարածքի նոտար Նունե Սարգսյանի թիվ ՎԴ/7104/05/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.02.2021 թվականի որոշումը)։

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վերաքննիչ դատարանի` առանձին ակտի ձևով կայացվող միջանկյալ դատական ակտը պետք է բավարարի նույն օրենսգրքի 200-րդ հոդվածով սահմանված պահանջները, այսինքն՝ առաջին ատյանի դատարանի` առանձին ակտի ձևով կայացված որոշման մեջ պետք է նշվեն նաև հիմնավորումները, որոնցով դատարանը հանգել է հետևությունների` օրենքների և այլ իրավական ակտերի վկայակոչմամբ (տե՛ս Տիգրան Աթանեսյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի թիվ ԵԴ/20364/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.06.2022 թվականի որոշումը):

Վերը նշված իրավական դիրքորոշումների համատեքստում զարգացնելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նշված հիմքով վերաքննիչ բողոքի ընդունումը ենթակա է մերժման բացառապես այն դեպքում, երբ ներկայացված բողոքում նշված հիմքերով (նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտումները, որոնք կարող են ազդել գործի ելքի վրա) նույն գործով վերաքննիչ դատարանի կողմից արդեն իսկ կայացվել է որոշում, որով վերաքննիչ դատարանն անդրադարձել է վերաքննիչ բողոքում նշված հիմքերին և հիմնավորումներին, քննարկել դրանք՝ բողոք բերած անձին հնարավորություն տալով իրացնելու բողոք բերելու իր իրավունքը, ու այդ որոշումը մտել է օրինական ուժի մեջ։

Այսինքն՝ վերը նշված հիմքով վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելիս բոլոր դեպքերում էական է պարզել հետևյալ հանգամանքների միաժամանակյա առկայությունը՝

1. արդյո՞ք վերաքննիչ բողոքը բերվել է նույն գործով և նույն դատական ակտի դեմ,

2 արդյո՞ք նույնական են վերաքննիչ բողոքներում նշված հիմքերը՝ վերաքննիչ դատարանի կողմից թույլ տրված նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի այն խախտումների վերաբերյալ նշումները, որոնք կարող են ազդել գործի ելքի վրա,

3. արդյո՞ք առկա է վերաքննիչ դատարանի կողմից նույն գործով, նույն դատական ակտի դեմ կայացված և օրինական ուժի մեջ մտած որոշում, որով վերաքննիչ դատարանն արդեն իսկ անդրադարձել է կրկին ներկայացված վերաքննիչ բողոքի հիմքերին նույնական բողոքի հիմքերին։

Վերոգրյալից բխում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում նշված հիմքով վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին որոշում կայացնելիս այդ որոշումը պետք է պարունակի այն կայացնելու համար անհրաժեշտ և բավարար փաստական ու իրավական հիմքերի վերաբերյալ վերլուծություն, համապատասխան դատողությունների ընթացք՝ կապված ներկայացված վերաքննիչ բողոքներում նշված հիմքերը համեմատական վերլուծության ենթարկելու հետ, հակառակ պարագայում այդ որոշումը չի կարող գնահատվել օրինական, հիմնավորված և պատճառաբանված։

 

Վերը նշված իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ

Սույն գործի փաստերի համաձայն՝ Դատարանի 02.02.2022 թվականի վճռով Սիրվարդ Մանգասարյանի հայցը մերժվել է։

Նշված վճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել Սիրվարդ Մանգասարյանն ինչպես անձամբ, այնպես էլ իր ներկայացուցիչ Գուրգեն Թորոսյանի միջոցով։

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.05.2022 թվականի որոշմամբ Սիրվարդ Մանգասարյանի, ում անունից որպես ներկայացուցիչ հանդես է եկել Գուրգեն Թորոսյանը, բերած վերաքննիչ բողոքը վերադարձվել է, իսկ նույն դատարանի 19.05.2022 թվականի որոշմամբ Սիրվարդ Մանգասարյանի բերած վերաքննիչ բողոքն ընդունվել է վարույթ։

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.08.2022 թվականի որոշմամբ Սիրվարդ Մանգասարյանի կողմից անձամբ բերված վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 02.02.2022 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ, իսկ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 16.11.2022 թվականի որոշմամբ մերժվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.08.2022 թվականի որոշման դեմ Սիրվարդ Մանգասարյանի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 13.06.2022 թվականի որոշմամբ Սիրվարդ Մանգասարյանի, ում անունից որպես ներկայացուցիչ հանդես է եկել Հայկ Սողոմոնյանը, կրկին բերած վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է, իսկ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 07.09.2022 թվականի որոշմամբ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 13.06.2022 թվականի որոշման դեմ Սիրվարդ Մանգասարյանի բերած վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ, և 21.10.2022 թվականին որոշում է կայացվել Սիրվարդ Մանգասարյանի, ում անունից որպես ներկայացուցիչներ հանդես են եկել Հայկ Սողոմոնյանն ու Գուրգեն Թորոսյանը, բերած վճռաբեկ բողոքը բավարարելու՝ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 13.06.2022 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը վերացնելու և Սիրվարդ Մանգասարյանի ներկայացրած վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու հարցը պարզելու համար գործը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան ուղարկելու մասին:

Վերաքննիչ դատարանը, լուծելով Սիրվարդ Մանգասարյանի, ում անունից որպես ներկայացուցիչ հանդես է եկել Հայկ Սողոմոնյանը, բողոքը վարույթ ընդունելու հարցը, 06.12.2022 թվականի որոշմամբ այդ վերաքննիչ բողոքի ընդունումը կրկին մերժել է՝ այն պատճառաբանությամբ, որ՝

- «տվյալ դեպքում առկա է Օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքը, այն է՝ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե` բողոքում նշված հիմքով նույն գործով վերաքննիչ դատարանն արդեն իսկ որոշում է կայացրել։ Հիմք ընդունելով գործում առկա վերը նշված փաստակազմը՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ թիվ ԵԿԴ/2084/02/15 դատական գործով հայցվոր Սիրվարդ Մանգասարյանը, օգտվելով Օրենսգրքով սահմանված՝ դատարանում իր գործն անձամբ վարելու դատավարական իրավունքից՝ Դատարանի կողմից 02.02.2022 թվականին կայացված վճիռը բողոքարկել է անձամբ, որի կապակցությամբ Վերաքննիչ քաղաքացիական դատարանում կատարվել է վերաքննություն և կայացվել է եզրափակիչ դատական ակտ: Հիշյալ դատական ակտը վճռաբեկության կարգով բողոքարկման արդյունքում մնացել է անփոփոխ՝ օրինական ուժի մեջ:

Հետևաբար, Վերաքննիչ դատարանն արդեն իսկ Դատարանի կողմից 02.02.2022 թվականին կայացված վճռի դեմ՝ հայցվորի բողոքարկման իրավունքի իրացման գործընթացի շրջանակներում որոշում է կայացրել»։

Հիմք ընդունելով վերոշարադրյալ իրավական վերլուծությունները և սույն գործի փաստերը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները բավարար չեն եզրահանգում կատարելու համար այն մասին, որ բողոքում նշված հիմքով նույն գործով վերաքննիչ դատարանն արդեն իսկ որոշում է կայացրել, քանի որ տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանի որոշումը չի պարունակում այն կայացնելու համար անհրաժեշտ և բավարար փաստական ու իրավական հիմքերի վերաբերյալ վերլուծություն, համապատասխան դատողությունների ընթացք՝ կապված ներկայացված վերաքննիչ բողոքներում նշված հիմքերը համեմատական վերլուծության ենթարկելու հետ, որպիսի պայմաններում Վճռաբեկ դատարանը Վերաքննիչ դատարանի 06.12.2022 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը գնահատում է ոչ օրինական, ինչպես նաև անհրաժեշտ և բավարար չափով չհիմնավորված և չպատճառաբանված։

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի և 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի 06.12.2022 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը վերացնելու համար: Ընդ որում, նշված որոշումը վերացվելու դեպքում վերաքննիչ բողոքը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն, ենթակա է վարույթ ընդունման, եթե բացակայեն վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքեր կամ վերաքննիչ բողոքը վերադարձնելու հիմքեր։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.12.2022 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը և Սիրվարդ Մանգասարյանի, ում անունից որպես ներկայացուցիչ հանդես է եկել Հայկ Սողոմոնյանը, ներկայացրած վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու հարցը պարզելու համար գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող և զեկուցող

Գ. Հակոբյան

 

Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ

Ս. ՄԵՂՐՅԱՆ

Ա ՄԿՐՏՉՅԱՆ

Է. Սեդրակյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 մայիսի 2024 թվական: 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան