ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 մայիսի 2024 թվականի N 713-Ա
«ՍՊՈՐՏԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՀԻՄՆԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերը, 11-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, 12-րդ հոդվածի 5-րդ մասը, 85-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հիմնադրել «Սպորտի կառավարման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն (այսուհետ՝ ընկերություն):
2. Ընկերության կանոնադրական կապիտալը սահմանել 50 հազ. դրամ, որը համապատասխանում է 50 հատ հասարակ բաժնետոմսի, յուրաքանչյուրը` 1000 դրամ անվանական արժեքով:
3. Ընկերության պետական սեփականություն հանդիսացող 100 տոկոս բաժնետոմսերի փաթեթի կառավարման լիազորությունը վերապահել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը (այսուհետ՝ լիազոր մարմին):
4. Լիազորել լիազոր մարմնին հիմնադրի անունից՝
1) հաստատել ընկերության կանոնադրությունը.
2) ստեղծել ընկերության խորհուրդ՝ կազմում ընդգրկելով լիազոր մարմնի (երկու), Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության (մեկ), Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության (մեկ) և մարզաշխարհի հանրաճանաչ (մեկ) ներկայացուցիչների.
3) սահմանված կարգով նշանակել գործադիր մարմնի ղեկավարին.
4) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել ընկերության պետական գրանցումը և իրականացնել ընկերության հիմնադրի և ընդհանուր ժողովի բոլոր իրավասությունները:
5. Ընկերության հիմնադրման հետ կապված «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված լիազորությունները վերապահել լիազոր մարմնին։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
17.05.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |