Գլխավոր տեղեկություն
Համար
N 1010-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (31.05.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.06.12-2023.06.25 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.06.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.06.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.06.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 հունիսի 2023 թվականի N 1010-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼԱՏՐՎԱԾ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԶԵՆՔԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՓԱՄՓՈՒՇՏՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱԴԱՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 30.05.24 N 779-Ն)

 

Ղեկավարվելով «Զենքի շրջանառության կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության տարածքում շրջանառության թույլատրված քաղաքացիական և ծառայողական զենքի և դրանց փամփուշտների վերաբերյալ տեղեկությունների պետական կադաստրի վարման կարգը` համաձայն hավելվածի:

(1-ին կետը փոփ. 30.05.24 N 779-Ն)

2․ Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հոկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքացիական ու ծառայողական զենքի և դրա փամփուշտների շրջանառությունը կարգավորելու մասին» N 673 որոշման 1-ին կետի «բ» ենթակետը։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

22.06.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2023 թվականի

հունիսի 22-ի N 1010-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼԱՏՐՎԱԾ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԶԵՆՔԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՓԱՄՓՈՒՇՏՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱԴԱՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ
(վերնագիրը փոփ. 30.05.24 N 779-Ն)

 

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության տարածքում շրջանառության թույլատրված քաղաքացիական և ծառայողական զենքի և դրանց փամփուշտների վերաբերյալ տեղեկությունների պետական կադաստրի (այսուհետ՝ կադաստր) վարման հետ կապված հարաբերությունները:

(1-ին կետը փոփ. 30.05.24 N 779-Ն)

2. Սույն կարգի դրույթները չեն տարածվում մշակութային արժեք ներկայացնող զենքի վրա։

3․ Կադաստր չեն մուտքագրվում Հայաստանի Հանրապետությունում արտադրվող, ներկրվող և արտահանվող քաղաքացիական զենքի նմուշ օրինակների վերաբերյալ տվյալները։

4. Կադաստրը բաղկացած է հետևյալ բաժիններից՝

1) հայրենական արտադրության քաղաքացիական և ծառայողական զենք և դրանց փամփուշտներ.

2) օտարերկրյա արտադրության քաղաքացիական և ծառայողական զենք և դրանց փամփուշտներ։

(4-րդ կետը փոփ. 30.05.24 N 779-Ն)

5. Կադաստր են մուտքագրվում քաղաքացիական և ծառայողական զենքի և դրանց փամփուշտների մասին (ըստ կադաստրի բաժինների) հետևյալ տեղեկությունները՝

1) հայրենական արտադրության քաղաքացիական և ծառայողական զենք և դրանց փամփուշտներ բաժնում՝

ա․ զենքի մոդելը (փամփուշտի տեսակը) և օգտագործվող փամփուշտի անվանումը, նշանակությունը և քանակը,

բ․ զենքի և փամփուշտների հիմնական տեխնիկական ցուցանիշները, տեխնիկական կանոնակարգը, համապատասխանության գնահատման փաստաթղթի համարը, գործողության ժամկետը,

գ․ արտադրողի անվանումները, հասցեները,

դ․ նմուշի գունավոր լուսանկարը.

2) օտարերկրյա արտադրության քաղաքացիական և ծառայողական զենք և դրանց փամփուշտներ բաժնում՝

ա․ զենքի մոդելը (փամփուշտի տեսակը) և օգտագործվող փամփուշտի անվանումը, նշանակությունը և քանակը,

բ․ զենքի և փամփուշտների հիմնական տեխնիկական ցուցանիշները, տեխնիկական կանոնակարգը, համապատասխանության գնահատման փաստաթղթի համարը, գործողության ժամկետը,

գ․ երկրի և արտադրողի անվանումները, հասցեները,

դ․ նմուշի գունավոր լուսանկարը։

(5-րդ կետը փոփ. 30.05.24 N 779-Ն)

6․ Քաղաքացիական և ծառայողական զենքի և դրանց փամփուշտների մասին տեղեկատվությունը կադաստրում մուտքագրումը կատարվում է տեխնիկական կանոնակարգման (այսուհետ՝ տեխնիկական կանոնակարգ) օբյեկտ հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետությունում արտադրված, Հայաստանի Հանրապետություն ներմուծվող և Հայաստանի Հանրապետությունից արտահանվող բոլոր մոդելների (բացառությամբ մշակութային արժեք հանդիսացող) նկատմամբ տեխնիկական կանոնակարգով սահմանված համապատասխանության գնահատման դրական արդյունքների հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հավատարմագրված և նշանակված համապատասխանության գնահատման մարմնի կողմից տրամադրված համապատասխանության գնահատման փաստաթղթի առկայության դեպքում:

(6-րդ կետը փոփ. 30.05.24 N 779-Ն)

7․ Քաղաքացիական և ծառայողական զենքի և դրանց փամփուշտների մասին տվյալների մուտքագրումը կադաստր իրականացվում է 10 աշխատանքային օրվա ընթացքում՝ հայտատուի (իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձ, որը հանդիսանում է արտադրող, ներմուծող, արտահանող կամ արտադրողի կողմից լիազորված անձ) կողմից լիազորված մարմնին ուղղված գրության (էլեկտրոնային ուղեկցվող հայտի` կից փաստաթղթերով) հիման վրա։

(7-րդ կետը փոփ. 30.05.24 N 779-Ն)

8. Հայտին կից հայտատուի կողմից լիազորված մարմնին պետք է ներկայացվեն սույն կարգի 5-րդ կետով պահանջվող բոլոր փաստաթղթերը։

9․ Ստանդարտացման և չափագիտության լիազորված մարմինը վարում է և մուտքագրում տվյալները՝ յուրաքանչյուր քաղաքացիական և ծառայողական զենքի և դրանց փամփուշտների մոդելի կամ տիպի համար՝ շնորհելով գրանցման հերթական համար։

(9-րդ կետը փոփ. 30.05.24 N 779-Ն)

10․ Յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող 10-րդ աշխատանքային օրը ստանդարտացման և չափագիտության լիազորված մարմնի կողմից հաշվետու ժամանակահատվածում՝ տվյալ ամսվան նախորդած եռամսյակի ընթացքում մուտքագրված տվյալները համապատասխան ուղեկցող գրությամբ ներկայացվում են Հայաստանի Հանրապետության կառավարություն։

11․ Սույն կարգի 10-րդ կետով ստանդարտացման և չափագիտության լիազորված մարմնի կողմից ներկայացված տվյալների հիման վրա կադաստրը հաստատվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից և հրապարակվում Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական կայքում։

12․ Կադաստրի տվյալների մուտքագրման հիմք հանդիսացող՝ ներկայացված բոլոր էլեկտրոնային փաստաթղթերը պահվում են ստանդարտացման և չափագիտության լիազոր մարմնում՝ երեք տարի ժամկետով։

(հավելվածը փոփ. 30.05.24 N 779-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

22.06.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
30.05.2024, N 779-Ն 31.05.2024, N 1010-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան