Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1729
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.05.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.05.27-2024.06.09 Պաշտոնական հրապարակման օրը 29.05.2024
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
21.05.2024
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
21.05.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.05.2024

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

21 մայիսի 2024 թ.

 

ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 101-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 2-ՐԴ ԿԵՏԻ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ 90-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 6-ՐԴ ՄԱՍԻ՝ ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ ՆԱԵՎ ՆՇՎԱԾ ԴՐՈՒՅԹՆԵՐԻՆ ԻՐԱՎԱԿԻՐԱՌ ՊՐԱԿՏԻԿԱՅՈՒՄ ՏՐՎԱԾ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Սահմանադրական դատարանը՝ կազմով. Ա. Դիլանյանի (նախագահող) Վ. Գրիգորյանի, Հ. Թովմասյանի, Հ. Հովակիմյանի, Է. Շաթիրյանի, Ս. Սաֆարյանի, Ա. Վաղարշյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝

դիմողի՝ Դ. Հարությունյանի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված Ազգային ժողովի ներկայացուցիչ` Ազգային ժողովի աշխատակազմի իրավական ապահովման և սպասարկման բաժնի պետ Մ. Ստեփանյանի,

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետի, 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 22 և 69-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Դավիթ Հարությունյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 90-րդ հոդվածի 6-րդ մասի՝ հաշվի առնելով նաև նշված դրույթներին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունները, Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգիրքը (այսուհետ՝ Օրենսգիրք) Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2013 թվականի դեկտեմբերի 5-ին, Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել՝ 2013 թվականի դեկտեմբերի 28-ին, ուժի մեջ է մտել 2014 թվականի հունվարի 7-ից:

Օրենսգրքի՝ «Դատական սանկցիաները և դրանց կիրառման ընդհանուր կարգը» վերտառությամբ 101-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված է.

«1. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով նախատեսված հիմքերով դատարանն իրավունք ունի վարչական դատավարությանը մասնակցող անձանց, ներկայացուցիչների և դատական նիստին ներկա այլ անձանց նկատմամբ կիրառելու հետևյալ սանկցիաները.

(…)

2) դատական նիստերի դահլիճից հեռացում.»:

Օրենսգրքի վերոնշյալ դրույթը շարադրվել է նոր խմբագրությամբ 2018 թվականի փետրվարի 9-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-120-Ն օրենքով:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքը (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2018 թվականի փետրվարի 7-ին, Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել՝ 2018 թվականի փետրվարի 10-ին, ուժի մեջ է մտել 2018 թվականի ապրիլի 9-ից:

Սահմանադրական օրենքի՝ «Բարձրագույն դատական խորհրդի նիստերը» վերտառությամբ 90-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված է.

«6. Որպես դատարան հանդես գալու դեպքում Բարձրագույն դատական խորհրդի նիստերը դռնբաց են, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք Բարձրագույն դատական խորհրդի անդամի կամ վարույթի մասնակցի միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդի պատճառաբանված որոշմամբ անցկացվում են դռնփակ՝ վարույթի մասնակիցների մասնավոր կյանքի, արդարադատության շահերի, ինչպես նաև պետական անվտանգության, հասարակական կարգի կամ բարոյականության պաշտպանության նպատակով»:

Օրենսգրքի վերոնշյալ դրույթը լրացվել և փոփոխվել է 2020 թվականի մարտի 25-ին ընդունված ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-197-Ն սահմանադրական օրենքով:

Գործի քննության առիթը Դ. Հարությունյանի՝ 2024 թվականի հունվարի 3-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով դիմումը և գործում առկա փաստաթղթերը, պատասխանողի գրավոր բացատրությունը, վերլուծելով վիճարկվող և վերջիններիս հետ փոխկապակցված այլ օրինադրույթներ՝ Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Գործի համառոտ նախապատմությունը

Արդարադատության նախարարի մամուլի քարտուղարը 2023 թվականի ապրիլի 14-ին Արդարադատության նախարարի պարտականությունները կատարողին է ներկայացրել թիվ Ն//9734-2023 զեկուցագիրը՝ զանգվածային լրատվության միջոցի հրապարակման առիթով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի (այսուհետ նաև՝ Դատավոր) նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմքերի ուսումնասիրություն իրականացնելու անհրաժեշտությունը դիտարկելու վերաբերյալ:

Արդարադատության նախարարի (պարտականությունները կատարողի)՝ 2023 թվականի ապրիլի 20-ի N 31-Ա որոշմամբ Դատավորի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ:

Արդարադատության նախարարի պարտականությունները կատարողը 2023 թվականի մայիսի 24-ին N 42-Ա որոշմամբ միջնորդություն է ներկայացրել Բարձրագույն դատական խորհուրդ (այսուհետ նաև՝ Խորհուրդ)՝ Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ՝ նշելով, որ կարգապահական վարույթ հարուցելու հիմք է հանդիսացել Դատավորի կողմից Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 6 և 8-րդ կետերով նախատեսված՝ դատավորի վարքագծի կանոնների առերևույթ խախտումը, իսկ կարգապահական վարույթ հարուցելու առիթ՝ զանգվածային լրատվության միջոցի համապատասխան հրապարակումը:

Արդարադատության նախարարը 2023 թվականի հունիսի 19-ին Խորհրդին ներկայացրել է միջնորդություն՝ Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործով դատական նիստը դռնփակ անցկացնելու մասին՝ հետևյալ պատճառաբանությամբ. «(…) Դատավորի կողմից թույլ տրված կարգապահական խախտումների բնույթն այնպիսին է, որ ուղղակիորեն վերաբերում է Դատավորի կողմից կատարված հրապարակային խոսքով դատական իշխանության հեղինակազրկմանը, որպես դատարան հանդես եկող Բարձրագույն դատական խորհրդի անկախությունը և իր կողմից կայացվող որոշումների օրինականությունը կասկածի տակ դնելուն: Այնինչ, Խորհրդի՝ Սահմանադրությամբ ամրագրված դատարանների և դատավորների անկախությունը ապահովելու գործառույթը ենթադրում է Խորհրդին վերապահված լիազորությունների շրջանակներում դատարանների և դատավորների անկախության երաշխավորմանը խոչընդոտող, դատական իշխանությունը հեղինակազրկող ցանկացած գործողության կանխում: Նշվածի հաշվառմամբ գտնում ենք, որ Դատավորի՝ նշված խոսքի տարածումը դատական կարգով գործի հրապարակային քննության շրջանակներում լրացուցիչ բացասական ազդեցություն կարող է ունենալ դատական իշխանության հեղինակության, անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահության պահպանման համատեքստում և դատական նիստի դռնփակ անցկացումը բխում է արդարադատության շահի պաշտպանության անհրաժեշտությունից»:

2023 թվականի հունիսի 19-ին հրավիրված դատական նիստին Խորհուրդը որոշել է բավարարել ներկայացված միջնորդությունը (հիմք՝ թիվ ԲԴԽ-57-Ո-Կ-16 գործով 2023 թվականի հունիսի 19-ի դատական նիստի արձանագրություն):

Խորհուրդն իր՝ 2023 թվականի հուլիսի 3-ի թիվ ԲԴԽ-57-Ո-Կ-16 որոշմամբ կարևոր է համարել անդրադառնալ Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին Լիազոր մարմնի միջնորդության քննությունը դռնփակ անցկացնելու մասին որոշում կայացնելու անհրաժեշտությանը և արձանագրել, որ կարգապահական վարույթի հարուցման համար հիմք հանդիսացած Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 6 և 8-րդ կետերով սահմանված դատավորի վարքագծի կանոնների՝ Դատավորի կողմից թույլ տրված խախտումները պարունակում են դատական իշխանությանը վարկաբեկող, դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող հրապարակային հայտարարություններ, ինչը, Խորհրդի դիտարկմամբ, հիմք է հանդիսացել դատական նիստի դռնփակ անցկացման համար։ Խորհուրդը, մասնավորապես, նշել է. «(…) հաշվի առնելով Խորհրդի՝ Սահմանադրությամբ ամրագրված դատարանների և դատավորների անկախությունն ապահովելու գործառույթը Դատավորի կողմից վերոնշյալ փաստերի վերաբերյալ խոսքի տարածումը դատական կարգով գործի հրապարակային քննության շրջանակներում լրացուցիչ բացասական ազդեցություն կարող է ունենալ դատական իշխանության հեղինակության, հանրության վստահության պահպանման համատեքստում, ինչով և պայմանավորված Խորհուրդը, հիմք ընդունելով արդարադատության շահի պաշտպանության անհրաժեշտությունը, որոշում է կայացրել դատական նիստը դռնփակ անցկացնելու մասին:

(...)

(...) հաշվի առնելով նկարագրված իրողությունները, այդ թվում՝ դատական իշխանության հեղինակազրկման վտանգը, դատավորի պաշտոնի արժանապատվության պահպանման անհրաժեշտությունը և դատական իշխանության անկախության ու անաչառության հանդեպ հանրության վստահությունը պահպանելու նկատառումներից ելնելով, միաժամանակ կարևորելով հրապարակայնության սկզբունքի պահպանման անհրաժեշտությունը, Խորհուրդը սահմանված ժամկետում սույն որոշումը ամբողջ ծավալով հրապարակում է Դատական իշխանության պաշտոնական կայքում»:

Խորհուրդը 2023 թվականի հունիսի 26-ին հրավիրված դատական նիստի ընթացքում Դատավորի նկատմամբ կիրառել է «դատական նիստերի դահլիճից հեռացում» սանկցիան՝ շարունակելով գործի քննությունն առանց Դատավորի և նրա ներկայացուցիչների մասնակցության (հիմք՝ թիվ ԲԴԽ-57-Ո-Կ-16 գործով 2023 թվականի հունիսի 26-ի դատական նիստի արձանագրություն):

2023 թվականի հուլիսի 3-ի դատական նիստում հրապարակվել է Խորհրդի՝ թիվ ԲԴԽ-57-Ո-Կ-16 որոշման եզրափակիչ մասը, որով Խորհուրդը որոշել է.

«1. Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Լևոն Բալյանի միջնորդությունը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, բավարարել: Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի լիազորություններն էական կարգապահական խախտման հիմքով դադարեցնել:

(...)»:

 

2. Դիմողի դիրքորոշումները

Դ. Հարությունյանը (այսուհետ՝ Դիմող), մասնավորապես, նշում է. «Բարձրագույն դատական խորհրդի կողմից կայացված Որոշմամբ [Բարձրագույն դատական խորհրդի՝ «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ» 2023 թվականի հուլիսի 3-ին ընդունած թիվ ԲԴԽ-57-Ո-Կ-16 որոշում] դիմողի նկատմամբ կիրառված Օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասը, 90-րդ հոդվածի 6-րդ մասը (արդարադատության շահերի պաշտպանության նպատակով դռնփակ դատական նիստ), 50-րդ հոդվածի 2-րդ մասը և դրա հետ փոխկապակցված ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը (դատական նիստերի դահլիճից դատավորի հեռացում), ակնհայտ միջամտություն են գործում դիմողի՝ Սահմանադրության 61-րդ ու 63-րդ հոդվածով, ինչպես նաև 31-րդ հոդվածի 1-ին մասով ու 49-րդ հոդվածով երաշխավորված՝ արդյունավետ դատական պաշտպանության ու արդար դատաքննության, մասնավոր ընտանեկան կյանքի ու բարի համբավի, ինչպես նաև հանրային ծառայության անցնելու հիմնական իրավունքների նկատմամբ»:

Սահմանադրական օրենքի 90-րդ հոդվածի 6-րդ մասին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության սահմանադրականության հարցի առնչությամբ Դիմողը գտնում է, որ արդարադատության շահերի պաշտպանությունը չի հանդիսանում դատական նիստի հրապարակայնությունը սահմանափակելու և դռնփակ դատաքննություն իրականացնելու ինքնուրույն հիմք, եթե առկա չէ մարդու իրավունքների պաշտպանության հարակից անհրաժեշտություն: Դիմողը, մասնավորապես, նշում է. «(...) ողջամտորեն հնարավոր չէ պատկերացնել իրավիճակ, թե առկա են անձինք, ովքեր կրում են արդարադատության շահերը, հետևաբար գործի քննության հրապարակայնությունը կարելի է սահմանափակել զուտ արդարադատության շահերի պաշտպանության նպատակով:

(...)

(...) արդարադատության շահը կամ դրա պաշտպանությունը չի կարող մեկնաբանվել բառացի կամ նեղ իմաստով և դրա տակ հասկանալ սոսկ արդարադատությանը վերաբերող ցանկացած նեղ հարց, ինչպիսին են օրինաստեղծ գործունեությունը, օրենսդրական փոփոխությունները, դատարանի կողմից կայացվող հրապարակային որոշումները կամ դրանց օրինականությունը: Նման գործընթացները (...) չեն կարող իրականացվել դռնփակ՝ արդարադատության շահի պաշտպանության բառացի մեկնաբանման համատեքստում:

(...)

(...) Օրենքների՝ իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը և/կամ օրենսդրական բացը և/կամ օրենքի որոշակիությունը, այնքանով որքանով հնարավորություն է տրվում բացառապես արդարադատության շահի պաշտպանության նպատակով միջամտել արդար դատաքննության էական կոմպոնենտներից մեկի՝ օրենքով նախատեսված գործի հրապարակայնության սկզբունքի նկատմամբ, հակասահմանադրական է. հակասում են Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասով և 63-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված արդյունավետ դատական պաշտպանության ու արդար դատաքննության իրավունքներին»:

Դիմողը բարձրացնում է նաև այն հարցը, թե բացառապես արդարադատության շահի պաշտպանության նպատակով գործի դռնփակ քննությունն արդյո՞ք համահունչ է իրավական որոշակիության սահմանադրական սկզբունքին՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ օրենքով սահմանված չեն արդարադատության շահերի պաշտպանության նպատակով դռնփակ դատաքննություն իրականացնելու կոնկրետ թույլատրելի դեպքեր:

Կարգապահական վարույթի շրջանակում դատավորի նկատմամբ «դատական նիստերի դահլիճից հեռացում» դատական սանկցիայի կիրառման հարցի առնչությամբ Դիմողը, մասնավորապես, գտնում է. «(...) հատկապես գործի քննության հենց սկզբնական փուլում, երբ հատկապես դատավորը կարգապահական վարույթի սկզբնական փուլում, դեռևս չի ներկայացրել նյութեր և/կամ չի թույլատրվել ներկայացնել նյութեր, ապացույցներ, չի տվել բացատրություններ, չի ունեցել պաշտպանական ելույթ, ներկա չեն գտնվել փաստաբաններ, ներկայացուցիչներ, չի ապահովվել ներկայացուցիչների մասնակցությունը նաև հետագայում, և նրա նկատմամբ կիրառվում է դատական նիստերից դահլիճից հեռացում սանկցիա, ապա նորմը կամ դրա նման մեկնաբանությունը իրավակիրառ պրակտիկայում հակասում է կողմերի հավասարության, մրցակցության, պաշտպանության, արդար դատաքննության Սահմանադրական իրավունքին»։

Դիմողը նշում է նաև. «(...) թեև մինչև դատական նիստի ավարտը` դատական սանկցիա կիրառելուց հետո, ժամանել են փաստաբաններ և նրանց մուտք արգելվել է խորհրդի նախագահի կողմից ու միաժամանակ բարձրաձայն ափսոսանք հայտնելով շարունակել է նիստը, սակայն նշվածը ինքնին ենթակա է գնահատման ու վիճարկման այլ ընթացակարգերով և սահմանադրական դատարանի առջև գործողությունների կամ որոշման օրինականության կամ իրավաչափության հարց չի բարձրացվում, այլև Սահմանադրական դատարանի առջև սույն դիմումով բարձրացվում է դրույթի իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը կամ օրենսդրական բացը, որը կիրառվել է ոլորտի իրավակիրառի` կարգապահական վարույթների գործերով իրավակիրառ պրակտիկայի միակ ձևավորողը բարձրագույն դատական խորհրդի կողմից»:

Դիմողը նշում է. «(...) դատական սանկցիայի կիրառման հետևանքով չի ապահովվել կողմի լսված լինելու իրավունքը, կողմը չի օգտվել նաև համապատասխան փուլում կարգապահական վարույթի, մեղադրանքի վերաբերյալ բացատրություններ տալու, ապացույցների հետազոտմանը մասնակցելու, եզրափակիչ ելույթով հանդես գալու իրավունքից, ինչի արդյունքում դադարեցվել են նրա լիազորությունները:

(...) եթե դիմողը չհեռացվեր դատական նիստերի դահլիճից, ընդ որում՝ անորոշ ժամանակով, ապահովվեր նրա գոնե լսված լինելու իրավունքը թե սանկցիայի և թե վարույթի վերաբերյալ ընդհանրապես, և նման մեկնաբանմամբ ու գործողություններով չսահմանափակվեր նրա իրավունքները վերոնշյալ իրավադրույթների կիրառմամբ, ապա կարգապահական պատասխանատվության ենթարկված դատավորի նկատմամբ արդար դատաքննության ու բարի համբավի, ինչպես նաև հանրային ծառայության անցնելու հիմնական իրավունքների նկատմամբ նման միջամտություն չէր կարող տեղի ունենալ»:

Ըստ Դիմողի՝ «(...) Օրենքի 50-րդ հոդվածի 2-րդ մասը, և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը և/կամ դրանց իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը և/կամ օրենսդրական բացը, մասնավորապես նաև այնքանով որքանով չեն նախատեսում կարգապահական վարույթով գործի քննության ընթացքում դատավորի նկատմամբ դատական նիստերի դահլիճից հեռացում դատական սանկցիայի կիրառման բացառություն կամ ընձեռում են դրա հնարավորությունը, և/կամ այնքանով որքանով չեն նախատեսում սանկցիայի կիրառման տևողություն և/կամ այնքանով որքանով չեն նախատեսում դատական նիստի շարունակության անհնարինություն առանց փաստաբանի մասնակցության հակասահմանադրական են, հակասում են Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասով և 63-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված արդյունավետ դատական պաշտպանության ու արդար դատաքննության իրավունքներին»:

 

3. Պատասխանողի դիրքորոշումները

Ազգային ժողովը (այսուհետ՝ Պատասխանող), մասնավորապես, գտնում է, որ Օրենսգրքի 11-րդ հոդվածի 2-րդ մասով և 90-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված արդարադատության շահերի պաշտպանության նպատակով դատական նիստի դռնփակ անցկացումը համապատասխանում է համաչափության սկզբունքին, իսկ դրանով ենթադրվող իրավունքների սահմանափակումը հետապնդում է իրավաչափ նպատակ:

Ըստ Պատասխանողի՝ «Դիմողն ըստ էության նորմի իր նկատմամբ ոչ իրավաչափ կիրառելու հարցն է բարձրացնում, առ այն, որ դատական նիստը դռնփակ կարգով անցկացնելու հիմքերը բավարար չեն եղել կամ բացակայել են, որպիսի հանգամանքը չի կարող նորմի սահմանադրականության հարց առաջացնել»:

Պատասխանողի դիտարկմամբ՝ վիճարկվող նորմերը կոչված են երաշխավորելու արդյունավետ դատաքննության իրականացումը. «Քննարկվող դեպքում սահմանված են որոշակի ընթացակարգեր (դռնփակ դատական նիստ, դատական նիստերի դահլիճից հեռացում) դատական գործի արդյունավետ քննության ապահովման նպատակով, որոնք միտված են և աջակցում են արդարադատության իրականացմանը, մասնավորապես դատական նիստի ընթացքում գործի արդյունավետ քննության իրականացմանը: Նշված ընթացակարգերը հնարավորություն են տալիս նաև կանխել իրավունքի հնարավոր չարաշահումները: Նշված ընթացակարգերը չեն սահմանափակում անձի՝ դատարանի մատչելիության և արդար դատաքննության իրավունքը, այլ աջակցում են արդարադատության շահի պաշտպանությանը»:

Օրենսգրքի 50-րդ հոդվածի 2-րդ մասի առնչությամբ Պատասխանողը գտնում է, որ «դատական նիստերի դահլիճից հեռացում» դատական սանկցիայի՝ վարույթի որոշ մասնակիցների նկատմամբ կիրառման անհնարինությունն ուղղված է գործի քննության ընթացքում ներկայացուցչի կամ պաշտպանի մասնակցության համար բավարար երաշխիքներ ապահովելուն, «(...) ինչը հնարավորություն է տալիս դատական նիստերի դահլիճից հեռացված անձին՝ լիարժեք իրացնել իր դատական պաշտպանության իրավունքը:

(...)

Անհրաժեշտ է նշել, որ բոլոր դեպքերում գործի քննության շարունակման անհնարինության կամ հնարավորության հարցը գնահատողական բնույթ է կրում և դատարանը պայմանավորված գործի հանգամանքներով կարող է նման որոշում կայացնել, հետևապես այնքանով որքանով նորմը չի սահմանում իմպերատիվ կարգավորում գործի քննությունը դադարեցնելու, դա չի կարող մեկնաբանվել, որ դատարանը զրկված է նման որոշում կայացնելուց: Հետևաբար ներկա կարգավորումների պայմաններում դատարանը կարող է ընդհատել գործի քննությունը, եթե բավարար հիմքեր են առկա:

Իմպերատիվ սահմանելու դեպքում, որ բոլոր դեպքերում ներկայացուցչի բացակայության պայմաններում գործի քննությունը պետք է ընդհատվի, վտանգ է առաջանում իրավունքի չարաշահման, ինչը կհանգեցնի գործերի քննության արհեստական ձգձգումների»:

Պատասխանողը գտնում է, որ վիճարկվող դրույթների առնչությամբ Դիմողի կողմից բարձրացված օրենսդրական բացի կամ հակասահմանադրական մեկնաբանման խնդիր առկա չէ, և Դիմողի պնդումներն ըստ էության անհիմն են:

Պատասխանողը խնդրում է սույն գործով ընդունել որոշում վիճարկվող դրույթները Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին:

 

4. Գործի շրջանակներում պարզման ենթակա հանգամանքները

Սույն դիմումով վիճարկվող օրինադրույթների՝ հաշվի առնելով նաև դրանց իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունները, սահմանադրականությունը պարզելու համար Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ, մասնավորապես, ներքոնշյալ հարցադրումներին.

- արդյոք Սահմանադրական օրենքի 90-րդ հոդվածի 6-րդ մասին իրավակիրառ պրակտիկայում տրված այն մեկնաբանության պայմաններում, որի համաձայն՝ որպես դատարան հանդես գալու դեպքում Խորհրդի նիստերը կարող են անցկացվել դռնփակ՝ արդարադատության շահերի պաշտպանության նպատակով, նաև այն դեպքում, երբ դռնփակության համար հիմք հանդիսացող փաստերը կարգապահական վարույթի քննության պահին արդեն իսկ հանրայնացվել են, ապահովվո՞ւմ է անձի՝ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված արդար դատաքննության իրավունքի իրացման հնարավորությունը՝ գործի հրապարակային քննության իրավունքի երաշխավորման համատեքստում,

- արդյոք Օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետն իրավակիրառ պրակտիկայում տրված այն մեկնաբանության պայմաններում, որի համաձայն՝ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթի շրջանակում «դատական նիստերի դահլիճից հեռացում» դատական սանկցիան կարող է կիրառվել՝ առանց երաշխավորելու նշված սանկցիայի կիրառումից հետո դատավորի ներկայացուցչի մասնակցության հնարավորությունը, համահո՞ւնչ է Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված դատական պաշտպանության իրավունքի և Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված արդար դատաքննության իրավունքի սահմանադրաիրավական բովանդակությանը:

 

5. Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները

5.1. Ժողովրդավարական հասարակությունում արդարադատության իրականացման հիմնարար սկզբունքներից է գործի հրապարակային քննությունը, որը Սահմանադրի կողմից Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված արդար դատաքննության իրավունքի բնորոշիչ բաղադրատարր է: Դատական գործի հրապարակայնությունը սահմանադրական իրավունքում ներկայանում է երկակի՝ որպես սկզբունք և որպես մարդու անհատական իրավունք: Որպես սկզբունք՝ այն, մի կողմից, հանդիսանում է դատարանների գործունեության հիմնաքար, արդարադատության ապահովման կենսական երաշխիք և իրավական պետության ու ժողովրդավարության կայացման առաջնային գրավական, մյուս կողմից՝ ենթադրում է հասարակության՝ դատական նիստերին մասնակցություն՝ ունենալով արդարադատության իրականացմանը հաղորդակցվելու, վերջինիս նկատմամբ հասարակական վերահսկողության հնարավորությունը, որն ուղղակիորեն բխում է ժողովրդավարության հրամայականից։ Որպես մարդու անհատական իրավունք՝ այն, հանդիսանալով մարդու արդար դատաքննության իրավունքի էական բաղադրատարր, ենթադրում է անձի՝ իր նկատմամբ իրականացվող դատական վարույթի բաց և հրապարակային անցկացման իրավունքը։ Այսպես՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ նաև՝ ՄԻԵԴ), «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ նաև՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածով ամրագրված արդար դատաքննության իրավունքի իմաստավորման համատեքստում անդրադառնալով հրապարակայնության սկզբունքի իրավական նշանակությանը, ընդգծել է, որ այն պաշտպանում է դատավարության կողմերին հասարակական վերահսկողությունից զուրկ դատաքննության իրականացումից՝ ապահովելով (թե՛ վերադաս, թե՛ ստորադաս) դատարանների նկատմամբ հասարակական վստահությունը և, ըստ էության, ուղղված է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի նպատակների կենսագործմանը (Gautrin and Others v. France, 38/1997/822/1025–1028, 20.05.1998, § 42, Pretto and Others v. Italy, Application no. 7984/77, 08.12.1983, § 21): Հրապարակայնության սկզբունքը ներառում է երկու կարևոր ասպեկտներ՝ դատական գործի հրապարակային քննությունը և գործով կայացված ակտի՝ դռնբաց նիստում հրապարակումը (Tierce and Others v. San Marino, Applications nos. 24954/94, 24971/94 and 24972/94, 25.07.2000, § 93, Sutter v. Switzerland, Application no. 8209/78, 22.02.1984, § 27):

Վերոնշյալի առնչությամբ Սահմանադրական դատարանի՝ 2019 թվականի հուլիսի 2-ի ՍԴՈ-1467 որոշման մեջ, մասնավորապես, նշված է. «(...) Դատական քննության հրապարակայնության սկզբունքը ժողովրդավարական հասարակությունում արդարադատության իրականացման հիմնարար սկզբունքներից է, որի դերն ու նշանակությունն այն է, որ այս սկզբունքը լուրջ երաշխիք է դատարանի օրինական գործունեության ապահովման համար, հասարակության և զանգվածային լրատվամիջոցների ներկայությունը դատական գործի քննությանը զսպիչ գործոն է դատարանի համար»:

Սահմանադրական դատարանը, 2012 թվականի ապրիլի 11-ի ՍԴՈ-1020 որոշմամբ անդրադառնալով արդար դատաքննության իրավունքի իրացման երաշխիքներին և, մասնավորապես, հրապարակայնության սկզբունքին, նշել է. «(…) այդ իրավունքի իրացման նվազագույն և կարևոր երաշխիքներն են՝ հրապարակային դատաքննությունը (մասնավորապես` գործը քննող դատարանի, քննության առարկա գործի, քննության վայրի, ժամանակի, դատաքննության կարգի և այլնի մասին հրապարակային տեղեկությունները), ինչպես նաև դատական ակտի պարտադիր հրապարակումը:

(…)

(…) դատավարության հրապարակայնությունն առաջին հերթին նշանակում է հասարակական վերահսկողության իրականացման հնարավորություն դատավարության և դատարանի ընդունած ակտերի նկատմամբ»:

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դատաքննության հրապարակայնությունն արդար դատաքննության իրավունքի կարևոր բաղադրատարր է, որը կոչված է ապահովելու

- անձի՝ իր նկատմամբ կամ իր մասնակցությամբ իրականացվող դատաքննության՝ բաց, թափանցիկ և հասարակական վերահսկողությանը հասանելի լինելու իրավունքի կենսագործումը,

- արդարադատության նկատմամբ հասարակական վերահսկողության իրականացումը, այդ թվում՝ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների «մուտքը» դատարան,

- դատարանների՝ հանրության առջև հաշվետվողականությունը,

- դատավարության մասնակիցների և հանրության՝ դատարանի և դատավորի անկախության ու անաչառության նկատմամբ վստահության ամրապնդումը:

Այնուամենայնիվ, արդարադատության հրապարակայնության սկզբունքը բացարձակ չէ և ենթակա է սահմանափակումների՝ ելնելով հանրային շահերից և մարդու իրավունքների պաշտպանության սահմանադրաիրավական նպատակներից: Ներպետական և միջազգային իրավական համակարգերում որոշակիացվել են այն իրավաչափ նպատակները, որոնց պաշտպանության համար հրապարակայնությունը կարող է սահմանափակվել, մասնավորապես՝ դատական գործերի դռնփակ քննությամբ: Սահմանադրության 63-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է. «2. Դատական վարույթը կամ դրա մի մասը, օրենքով սահմանված դեպքերում և կարգով, դատարանի որոշմամբ կարող է անցկացվել դռնփակ` վարույթի մասնակիցների մասնավոր կյանքի, անչափահասների կամ արդարադատության շահերի, ինչպես նաև պետական անվտանգության, հասարակական կարգի կամ բարոյականության պաշտպանության նպատակով»:

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով ևս ամրագրված են այն հիմքերը, որոնց առկայության պարագայում դատական նիստը կարող է անցկացվել դռնփակ. «(…) Դատավճիռը հրապարակվում է դռնբաց նիստում, սակայն մամուլի ներկայացուցիչների և հանրության ներկայությունը կարող է չթույլատրվել ամբողջ դատաքննության կամ նրա մի մասի ընթացքում՝ ժողովրդավարական հասարակության մեջ բարոյականության, հասարակական կարգի կամ պետական անվտանգության շահերից ելնելով, երբ դա են պահանջում անչափահասների շահերը կամ կողմերի մասնավոր կյանքի պաշտպանությունը, կամ` այնքանով, որքանով դա, դատարանի կարծիքով, հատուկ հանգամանքների բերումով խիստ անհրաժեշտ է, եթե հրապարակայնությունը կխախտեր արդարադատության շահերը»։

Այսպիսով, հրապարակայնության սկզբունքը կարող է սահմանափակվել միայն խիստ անհրաժեշտ և հատուկ հանգամանքների առկայության պարագայում:

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դատական վարույթի կամ դրա մի մասի դռնփակ անցկացումը Սահմանադրությամբ և օրենքով սահմանված նպատակների պաշտպանության դատավարական միջոց է, որով իրավակիրառին հնարավորություն է ընձեռվում կանխարգելել սահմանադրաիրավական պաշտպանության ներքո գտնվող շահերի հնարավոր թիրախավորումը, ինչը յուրաքանչյուր դեպքում պետք է լինի հնարավորինս իրական և կանխատեսելի։

Սահմանադրական դատարանն իր՝ 2019 թվականի ապրիլի 2-ի ՍԴՈ-1452 որոշմամբ արձանագրել է. «1) հրապարակայնության սկզբունքը թե՛ Սահմանադրության, թե՛ միջազգային իրավական ակտերի, թե՛ դատավարական օրենսդրության շրջանակներում դատավարական իրավունքների իրացման կարևորագույն և անխախտելի սկզբունք է (…),

(…)

3) հրապարակայնության սկզբունքը կարող է սահմանափակվել միայն Սահմանադրությամբ հստակ նախատեսված հանգամանքների առկայության դեպքում, իսկ սահմանափակումն օրենքով նախատեսված կարգին համապատասխան իրացվելու պայմաններում ևս չի կարող խոսք լինել հրապարակայնության սկզբունքի խախտման մասին»:

Դատական վարույթի կամ դրա մի մասի դռնփակ անցկացմամբ հրապարակայնության սկզբունքի սահմանափակման նպատակները, մի դեպքում, հետապնդում են մասնավոր շահերի պաշտպանություն՝ պայմանավորված վարույթի մասնակիցների իրավունքների պաշտպանության անհրաժեշտությամբ, մյուս դեպքում՝ ուղղված են հանրային շահերի պաշտպանությանը՝ պայմանավորված արդարադատության շահերի, պետական անվտանգության, հասարակական կարգի կամ բարոյականության պաշտպանության անհրաժեշտությամբ։

Թեև հանրային և մասնավոր շահերը փոխպայմանավորված և փոխլրացնող են, և բոլոր դեպքերում մասնավոր շահերի պաշտպանության նպատակով դատական վարույթի կամ դրա մի մասի դռնփակ անցկացումը բխում է նաև հանրային շահերից՝ դրանով որևէ կերպ չի վիճարկվում հանրային շահերի ինքնաբավ բնույթը։ Հանրային շահերի, այդ թվում՝ արդարադատության շահի վերջնական շահառուն հանրությունն է, իսկ հանրային շահի հետապնդման պատասխանատուն՝ հանրային իշխանությունը, որին Սահմանադիրն օժտել է հանրային շահերի ապահովման և պաշտպանության սահմանադրական բացառիկ առաքելությամբ։ Սահմանադրության 63-րդ հոդվածի 2-րդ մասով թվարկված հանրային շահերը, այդ թվում՝ արդարադատության շահը, ունեն պետաիրավական հույժ կարևորություն, և այն դեպքերում, երբ դատական գործի դռնբաց քննությունը կարող է հանգեցնել վերջիններիս որևէ մեկի վտանգման, դատական վարույթը կամ դրա մի մասը պետք է անցկացվի դռնփակ:

Դատական նիստի դռնփակ անցկացմամբ հրապարակայնության սկզբունքի սահմանափակման համար Սահմանադրի կողմից նախատեսված կառուցակարգային պահանջների համաձայն՝ դատական վարույթը կամ դրա մի մասը կարող է անցկացվել դռնփակ (1) միայն դատարանի որոշմամբ և (2) օրենքով սահմանված դեպքերում և կարգով։

Սահմանադիրը, նախատեսելով խնդրո առարկա ինստիտուտի հիմնաքարային դրույթները, վերջիններիս օրենսդրական կոնկրետացումը/մանրամասնումը պատվիրակել է օրենսդրին, որն էլ նախատեսել է համապատասխան օրենսդրական կառուցակարգեր՝ հաշվի առնելով դատական գործերի առանձին տեսակներին բնորոշ նյութաիրավական և վարութային առանձնահատկությունները: Այսպես՝ Սահմանադրական օրենքի՝ Դիմողի կողմից վիճարկվող 90-րդ հոդվածի 6-րդ մասը վերոնշյալ սահմանադրական ընթացակարգային պահանջներին զուգահեռ՝ նախատեսում է, որ Խորհրդի կողմից դատական նիստը կարող է անցկացվել դռնփակ՝ միայն Խորհրդի անդամի կամ վարույթի մասնակցի միջնորդությամբ, ինչը պայմանավորված է Խորհրդի՝ որպես կոլեգիալ դատական մարմնի սահմանադրաիրավական կարգավիճակով: Նշվածի համատեքստում հարկ է արձանագրել, որ Դիմողի կողմից վիճարկվող դրույթները միմյանց հետ հարաբերվում են որպես ընդհանուր և հատուկ նորմեր. Սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասը, արտացոլված լինելով «Դատարանների կազմակերպման և գործունեության սկզբունքները» վերտառությամբ 2-րդ գլխի ներքո, բովանդակում է դռնփակ դատական նիստ անցկացնելու օրենսդրական հիմքերը, որոնք վերաբերելի են, առհասարակ, բոլոր տեսակների դատական վարույթներին՝ անկախ ճյուղային պատկանելությունից: Իսկ Սահմանադրական օրենքի 90-րդ հոդվածի 6-րդ մասն ամրագրում է, մասնավորապես, Խորհրդի կողմից որպես դատարան հանդես գալիս անցկացվող դատական նիստերի դռնփակության հիմքերը՝ 11-րդ հոդվածում սահմանված չափանիշներով: Երկու օրինադրույթներն էլ բխում են Սահմանադրության 63-րդ հոդվածի 2-րդ մասից և դրա օրենսդրական արտացոլումն են:

Այդուհանդերձ, անկախ դատական գործերի առանձին տեսակներին բնորոշ նյութաիրավական և վարութային առանձնահատկություններից՝ հրապարակայնության սկզբունքի այնպիսի ինտենսիվ սահմանափակումը, ինչպիսին է դատական նիստի դռնփակ անցկացումը, պետք է համապատասխանի իրավաչափության ներքոնշյալ չափանիշներին.

1. Պետք է պայմանավորված լինի սահմանադրաիրավական պաշտպանության ներքո գտնվող շահերի երաշխավորման նպատակով: Դատական նիստի դռնփակ անցկացումը պետք է իրապես հետապնդի Սահմանադրությամբ և օրենքով պաշտպանության տակ առնված շահերի երաշխավորման նպատակ։ Դատական նիստի դռնփակ անցկացմամբ հրապարակայնության սկզբունքի սահմանափակման բոլոր դեպքերը՝ պայմանավորված (թելադրված) օրենքով նախատեսված պաշտպանության ենթակա շահերից զատ այլ դրդապատճառներով, ոչ իրավաչափ են և հակասում են խնդրո առարկա դրույթի սահմանադրաիրավական նշանակությանը: Դատական նիստը դռնփակ անցկացնելու վերաբերյալ որոշում կայացնելիս դատարանը պետք է առաջնորդվի բացառապես Սահմանադրությամբ նախատեսված իրավաչափ նպատակներով՝ վեր մնալով դատական իշխանության անկախությունն ու անաչառությունը կասկածի տակ դնող, դատական իշխանության հեղինակությունը թիրախավորող և վերջինիս նկատմամբ հանրության վստահությունը խարխլող ու արդարադատության իրականացումը խոչընդոտող տարաբնույթ ազդակներից ու գործոններից: Դատական նիստի դռնփակ լինելը չպետք է քողարկող միջոց հանդիսանա «ստվերային արդարադատության» իրականացման համար։

Հրապարակայնության սկզբունքի ցանկացած սահմանափակում, որն իրապես չի հետապնդում Սահմանադրության 63-րդ հոդվածի 2-րդ մասով թվարկված որևէ շահի պաշտպանության նպատակ, հանգեցնում է դատական վարույթի հրապարակայնության սկզբունքի խախտման։

2. Պետք է կիրառվի որպես Սահմանադրության 63-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված որևէ շահի պաշտպանության վերջին հնարավոր միջոց, երբ գործի հրապարակային քննությունն անդառնալի վնաս կհասցնի սահմանադրաիրավական պաշտպանության ներքո գտնվող խնդրո առարկա շահին:

3. Պետք է լինի արդյունավետ՝ Սահմանադրության 63-րդ հոդվածի 2-րդ մասով թվարկված որևէ շահի պաշտպանության առումով։ Եթե դատական վարույթի դռնփակ անցկացումը չի կարող ապահովել թվարկված շահերի ապահովումը կամ պաշտպանությունը, ապա դրա կիրառման հետևանքով հրապարակայնության սկզբունքի սահմանափակումն ըստ էության իմաստազրկվում է։ Որպեսզի դատական վարույթի կամ դրա մի մասի դռնփակ անցկացումը հանդիսանա արդյունավետ միջոց նախանշված նպատակների և շահերի պաշտպանության համար, անհրաժեշտ է, որ ենթադրյալ սպառնալիք պարունակող փաստական հանգամանքների հրապարակայնացումը դատական վարույթի ընթացքում, որոնց առկայությամբ է պայմանավորվում դատական գործերի դռնփակ քննության անհրաժեշտությունը, թելադրված լինի հրապարակայնության սահմանափակման միջոցով պաշտպանվող շահերին սպառնացող վտանգի՝ իրական, ոչ վերացական և կանխատեսելի բնույթից:

Վերոնշյալի համատեքստում Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում վերհանել արդարադատության շահերի պաշտպանության նպատակով դատական քննության դռնփակ անցկացման սահմանադրաիրավական առանձնահատկությունները:

«Արդարադատության շահ» հասկացությունը բազմաշերտ և բազմաբնույթ է. արդարադատության շահեր պարունակող հասարակական հարաբերությունների կոնկրետ, սպառիչ շրջանակը կանխատեսելը և բացարձակ հստակությամբ որոշակիացնելը գործնականում անհնար է։ Համապատասխանաբար՝ գործի քննության ընթացքում կարող են ի հայտ գալ այնպիսի հանգամանքներ, որոնք այս կամ այն կերպ կարող են հանգեցնել արդարադատության շահի վտանգմանը, և յուրաքանչյուր դեպքում ենթադրյալ վտանգի աղբյուրն ու արդարադատության շահերի թիրախավորման դրսևորումները կարող են լինել բազմապիսի և բազմաբնույթ, ինչը թույլ է տալիս եզրակացնել, որ այդպիսի հանգամանքների շրջանակի սպառիչ որոշակիացումը հանրային շահերի ձևավորման և իմաստավորման հարափոփոխ գործընթացի համատեքստում թեպետ նպատակահարմար է, սակայն օրենսդրական քաղաքականության տեսանկյունից՝ անհնար։

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ արդարադատության շահերի պաշտպանության նպատակով դատական նիստի դռնփակ անցկացման համար հիմք հանդիսացող հանգամանքները յուրաքանչյուր դեպքում ենթակա են գնահատման/որակման դատարանի կողմից, ինչն իրավակիրառին հնարավորություն է ընձեռում համապատասխան իրավաչափ հակազդեցություն դրսևորել արդարադատության շահերը թիրախավորող հանգամանքների նկատմամբ՝ սահմանադրաիրավական նպատակների պաշտպանության նկատառումով:

Հետևաբար՝ վերոնշյալի համատեքստում անդրադառնալով Դիմողի այն հարցադրմանը, ըստ որի՝ արդյո՞ք բացառապես արդարադատության շահի պաշտպանության նպատակով գործի դռնփակ քննությամբ հրապարակայնության սկզբունքի սահմանափակումը համապատասխանում է իրավական որոշակիության սահմանադրական սկզբունքին այն պարագայում, երբ օրենքով սահմանված չեն արդարադատության շահերի պաշտպանության նպատակով դռնփակ դատաքննության իրականացման կոնկրետ թույլատրելի դեպքեր, Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ սույն հարցի առնչությամբ իրավական որոշակիության խնդիր չի ծագում:

Այդուհանդերձ, վերոնշյալը որևէ կերպ չի նշանակում, որ օրենսդիրը դատարանին վերապահել է բացարձակ հայեցողություն «արդարադատության շահ» հասկացության մեկնաբանման առումով: Արդարադատության շահի պաշտպանության նպատակով հրապարակայնության սկզբունքի սահմանափակմամբ դատական նիստի դռնփակ անցկացումը յուրաքանչյուր դեպքում պետք է թելադրված լինի դատարանի վարույթում քննվող կոնկրետ գործով արդարադատության արդյունավետ և անխոչընդոտ իրականացման համար անհրաժեշտ պայմաններ ապահովելու անհրաժեշտությամբ։ Այդ համատեքստում դատարանը պետք է վերհանի, իր գնահատմամբ, արդարադատության շահը վտանգող հանգամանքներն ու պատշաճ պատճառաբանությամբ հիմնավորի՝ դռնփակ քննության առիթ հանդիսացած հանգամանքներն արդյոք սպառնո՞ւմ են գործի քննության արդյունավետությանը կամ դրա անխոչընդոտ ընթացքին, և նման վտանգի առկայությամբ դատական վարույթի հրապարակայնության սահմանափակումն արդյոք կարո՞ղ է ապահովել այդ շահի պաշտպանությունը:

Դատարանի կողմից նշված հանգամանքների և արդարադատության շահին սպառնացող հնարավոր վտանգի միջև առկա պատճառահետևանքային կապի վերհանումը և դատական վարույթի հրապարակայնության սահմանափակման առնչությամբ որոշման պատճառաբանությունները, իհարկե, կոնկրետ դատարանի կողմից պատճառաբանությունների խորության և ծավալի որոշակիացման հարցում հայեցողության պահպանմամբ, առանցքային նշանակություն ունեն դատական վարույթի դռնփակ անցկացմամբ հրապարակայնության սկզբունքի սահմանափակման սահմանադրաչափության ապահովման համար՝ հաշվի առնելով, որ դատական վարույթի հրապարակայնության ապահովումը սահմանադրական ընդհանուր կանոն է, որից բացառությունները յուրաքանչյուր կոնկրետ գործով և դեպքում պետք է ունենան համոզիչ հիմնավորում։

Սույն գործի հանգամանքների լույսի ներքո՝ Սահմանադրական դատարանը հարկ է համարում նշել, որ արդարադատության շահի պաշտպանության նպատակով դատական վարույթը կամ դրա մի մասը դռնփակ անցկացնելու վերաբերյալ որոշմամբ դատարանը պետք է վերհանի այն հանգամանքները, որոնք պարունակում են արդարադատության շահի վտանգման սպառնալիք։ Արդարադատության շահի դեմ վտանգի չեզոքացումը չպետք է լինի ժամանակավրեպ և առարկայազուրկ. արդարադատության շահի նկատմամբ վտանգ պարունակող հանգամանքներն ու դրանցով պատճառվող վնասը պետք է լինեն իրական։

Վերոնշյալի համատեքստում անդրադառնալով սույն գործի փաստական հանգամանքներին՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Խորհրդի կողմից կարգապահական վարույթի դռնփակ քննությամբ հրապարակայնության սկզբունքի սահմանափակումը հիմնվել է Խորհրդի այն դիրքորոշման վրա, որի համաձայն՝ դատավորի կողմից հարցազրույցում արտահայտված՝ Խորհրդի գործունեությունը քննադատող կարծիքի կրկնությունը դռնբաց դատական նիստում, կարող է թիրախավորել դատական իշխանության հեղինակությունն ու այդպիսով՝ վնասել արդարադատության շահերը։ Այնինչ, դատական իշխանության հեղինակությունը թիրախավորելու հանգամանքից զերծ, կոնկրետ կարգապահական վարույթով արդարադատության իրականացման արդյունավետության և դրա ընթացքը խոչընդոտելու որևէ հանգամանք չի վկայակոչվել։ Ավելին, Դիմողի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել և հաջորդաբար Բարձրագույն դատական խորհրդում իրականացվել է հենց իր կողմից թույլ տրված արտահայտություններով դատավորի վարքագծի կանոնների խախտումների առնչությամբ, որի վերաբերյալ դատական վարույթի հրապարակայնության սահմանափակման որոշման հիմքում Սահմանադրության 63-րդ հոդվածի 2-րդ մասի իմաստով «արդարադատության շահի» պաշտպանության նպատակի համար չի ներկայացվել ո՛չ ապացույցների ձեռքբերման, հետազոտման և դրանց ամբողջականությունը և անխախտելիությունը պաշտպանելու, ո՛չ էլ ինքնին վարույթի ընթացքը խոչընդոտելու վտանգ պարունակող այլ հանգամանք։ Արձանագրվածով հանդերձ, Սահմանադրական դատարանը նկատում է նաև, որ Դատավորի կողմից կատարված արտահայտությունները, որոնք հիմք էին հանդիսացել կարգապահական վարույթ հարուցելու համար, արդեն իսկ հանրայնացվել էին՝ տարածվելով զանգվածային լրատվության միջոցներով, և հանրությանը հայտնի էին դարձել նախքան կարգապահական վարույթի հարուցումը։ Այսինքն՝ արդարադատության շահերի պաշտպանության նպատակով կարգապահական վարույթը դռնփակ դատական նիստում իրականացնելու մասին որոշման կայացման պահին նման արտահայտությունները, որոնց իրավաչափության գնահատականը վերապահված է Բարձրագույն դատական խորհրդի իրավասությանը, կարգապահական վարույթի հրապարակայնության սահմանափակման վերաբերյալ որոշման մեջ այլ հիմնավորման բացակայության պայմաններում արդեն իսկ ունեցել էին իրենցով դատական իշխանության հեղինակության նկատմամբ Բարձրագույն դատական խորհրդի գնահատականով վնասելու ազդեցությունը։

Սահմանադրական դատարանը գտնում է, որ Խորհրդի կողմից Սահմանադրական օրենքի 90-րդ հոդվածի վիճարկվող 6-րդ մասին տրված մեկնաբանությունը չի համապատասխանում նշված նորմի սահմանադրաիրավական նշանակությանն ու բովանդակությանը և այդպիսով չի ապահովում Սահմանադրության 63-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված՝ դատական վարույթի հրապարակայնության սահմանափակման պահանջները՝ հանգեցնելով Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ գործի հրապարակային քննության իրավունքի խախտման:

Ողջ վերոշարադրյալի լույսի ներքո՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ Սահմանադրական օրենքի 90-րդ հոդվածի 6-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որի համաձայն՝ «արդարադատության շահ» ձևակերպումը վերաբերում է Բարձրագույն դատական խորհրդում քննվող կոնկրետ կարգապահական գործով արդարադատության արդյունավետ և անխոչընդոտ իրականացմանը:

5.2. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ անձի՝ իր նկատմամբ իրականացվող վարույթին մասնակցելու իրավունքը համապատասխան հիմքերի առկայության պարագայում կարող է սահմանափակվել, և հաշվի առնելով սույն սահմանադրաիրավական վեճի շրջանակները՝ նշված իրավունքի սահմանափակմանը կանդրադառնա «դատական նիստերի դահլիճից հեռացում» դատական սանկցիայի կիրառման համատեքստում:

Դատական սանկցիան դատական վարույթում գործի արդյունավետ քննությունը խոչընդոտող և/կամ դատական իշխանությունն արատավորող վարքագծի դրսևորման առթիվ դատավարության մասնակիցների, նրանց ներկայացուցիչների և դատական նիստին ներկա այլ անձանց նկատմամբ դատարանի կողմից օրենքով նախատեսված հիմքերով և կարգով կիրառվող դատավարական միջամտության միջոց է: Յուրաքանչյուր դեպքում դատական սանկցիան հանդես է գալիս որպես վարույթի մասնակցի հակաիրավական վարքագծի առնչությամբ ցուցաբերվող դատավարական հակազդեցության միջոց։

Դատական սանկցիաների կիրառումը, միտված լինելով Սահմանադրությամբ և օրենքներով նախանշված իրավաչափ շահերի պաշտպանությանը, գտնվում է դատարանի ողջամիտ հայեցողության շրջանակներում: Այնուամենայնիվ, դատարանի սույն հայեցողությունը կաշկանդված է կողմերի դատավարական իրավունքների, ի մասնավորումն նաև՝ լսված լինելու իրավունքի երաշխավորման հրամայականով, հատկապես, երբ խոսքը վերաբերում է «դատական նիստերի դահլիճից հեռացում» դատական սանկցիայի կիրառմանը:

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է համապատասխան հիմքերի առկայության պարագայում դատական վարույթում կիրառման ենթակա դատական սանկցիաների տեսակներն ու դրանց կիրառման ընդհանուր կարգը, իսկ Սահմանադրական օրենքի 50-րդ հոդվածի 2-րդ մասը դատական սանկցիաների կիրառման առանձնահատկությունների շրջանակներում սահմանում է «դատական նիստերի դահլիճից հեռացում» դատական սանկցիայի նկատմամբ անձեռնմխելիությամբ օժտված դատավարության մասնակիցների շրջանակը:

Վարույթի մասնակցի հակաիրավական վարքագիծը կարող է դրսևորվել ինչպես դատավարական նորմերի խախտմամբ, այնպես էլ դատավարական իրավունքների չարաշահմամբ: Օրենսգրքի 18-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված է, որ կողմերը պետք է բարեխղճորեն օգտվեն իրենց դատավարական իրավունքներից և բարեխղճորեն կատարեն իրենց դատավարական պարտականությունները։ Նշվածը հավասարապես վերաբերելի է վարույթի բոլոր մասնակիցներին. նրանց կողմից դատավարական նորմերի խախտումների և իրավունքների չարաշահման դրսևորումները կարող են հիմք հանդիսանալ դատական սանկցիաների կիրառման համար:

Քննարկվող դատավարական ինստիտուտի ընդհանուր տրամաբանության համաձայն՝ դատական սանկցիաները պետք է կիրառվեն միայն անհրաժեշտության դեպքում: Նշվածի մասին է վկայում նաև Սահմանադրական օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասը, որի համաձայն՝ դատավորը պարտավոր է իր վարքագծով կանխել և նվազագույնի հասցնել դատական սանկցիա կիրառելու անհրաժեշտությունն ու դեպքերը: Դատարանը դատական սանկցիա կիրառելիս պետք է առաջնորդվի բացառապես դրա սահմանադրաիրավական նշանակությամբ ու դատավարական անհրաժեշտությամբ։

Դատական սանկցիայի կիրառումը կոնկրետ հանգամանքներում պետք է կանխատեսելի լինի վարույթի մասնակցի համար։ Այսպես՝ Օրենսգրքի 101-րդ հոդվածի 2-րդ մասով և Սահմանադրական օրենքի 49-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է, որ մինչ դատական սանկցիայի կիրառումը դատավորը պետք է հասկանալի ձևով նախազգուշացնի դատական սանկցիա կիրառելու դատարանի իրավասության մասին, ինչպես նաև պարզաբանի այն կիրառելու հիմքերը և հետևանքները, ինչը վարույթի մասնակցի համար ապահովում է իր կողմից դրսևորվող հակաիրավական վարքագծի բացասական հետևանքների կանխատեսելիությունը:

Ելնելով անձի դատավարական իրավունքների երաշխավորման նկատառումներից՝ Օրենսգրքի 101-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված է, որ դատական նիստերի դահլիճում ներկա գտնվող անձի նկատմամբ դատական սանկցիա կիրառելիս դատարանն անհրաժեշտության դեպքում նրան պետք է տրամադրի արտահայտվելու հնարավորություն, ինչը, սակայն, բացարձակ բնույթ չի կրում և անհրաժեշտության դեպքում նույնպես կարող է սահմանափակվել: Նշված դրույթի համաձայն՝ տուգանք կիրառելիս կամ վարչական դատավարությանը մասնակցող անձին դատական նիստերի դահլիճից հեռացնելիս արտահայտվելու հնարավորություն չտրամադրելը պետք է հիմնավորվի դատարանի կողմից:

Սահմանադրական դատարանն ընդգծում է, որ դատական սանկցիայի կիրառումն ինքնին, ինչպես նաև սանկցիայի կիրառումից առաջ արտահայտվելու հնարավորության սահմանափակումը յուրաքանչյուր դեպքում պետք է հիմնավորված և պատճառաբանված լինեն դատարանի կողմից, ինչն իրավունքի սահմանափակման իրավաչափության կանխորոշիչ նախապայման է:

Օրենսգրքի 101-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ եթե անձն ընդունում է իր արարքի հակաիրավականությունը և հայցում դատարանի ներողամտությունը, ապա վերջինիս նկատմամբ դատական սանկցիա կարող է չկիրառվել, իսկ 5-րդ մասին համապատասխան՝ եթե դատարանի կողմից անձին տրամադրված արտահայտվելու իրավունքը չարաշահվում է՝ դատական սանկցիայի կիրառման հիմք հանդիսացող արարքը շարունակելու կամ նոր արարք կատարելու նպատակով, ապա դատարանն իրավասու է կիրառել առավել խիստ դատական սանկցիա: Այսպես՝ նկատողությանն ինտենսիվության առումով հաջորդում է «դատական նիստերի դահլիճից հեռացում» սանկցիան, որը ենթադրում է արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների սահմանափակում, ուստի՝ պետք է կիրառվի միայն այն դեպքում, երբ ավելի մեղմ սանկցիայի գործադրմամբ անհնար է հասնել հետապնդվող իրավաչափ նպատակին: Այս պարագայում դատարանն իրավասու է սահմանափակել անձի՝ վարույթին մասնակցելու իրավունքը՝ նրա նկատմամբ կիրառելով ավելի խիստ սանկցիա՝ «դատական նիստերի դահլիճից հեռացում»:

Վերոնշյալի համատեքստում Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ «դատական նիստերի դահլիճից հեռացում» դատական սանկցիան, հանդիսանալով անձի՝ դատավարական իրավունքների սահմանափակման ինտենսիվ միջոց, պետք է կիրառվի միայն առանձնահատուկ դեպքերում, երբ ավելի մեղմ դատական սանկցիայի գործադրմամբ անհնար է արդյունավետ կերպով հակազդել վարույթի մասնակցի ոչ իրավաչափ վարքագծին. խնդրո առարկա նորմի հակառակ ընկալման պարագայում կխեղաթյուրվի դատական սանկցիայի դատավարական առաքելությունը։

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ «դատական նիստերի դահլիճից հեռացում» սանկցիայի կիրառումը չպետք է հանգեցնի կողմերի մրցակցության, ըստ այդմ՝ նաև շահերի ներկայացվածության սկզբունքների լիակատար արգելափակման։ Դատարանը պետք է գործադրի բոլոր հնարավոր և անհրաժեշտ ջանքերը՝ դահլիճից հեռացվող կողմի շահերի բավարար ներկայացվածությունն ու պաշտպանվածությունն ապահովելու համար (օրինակ՝ կողմի ներկայացուցչին հրավիրելով կամ անհրաժեշտության դեպքում, երբ առանց կողմի ներկայացվածության անհնար է շարունակել դատաքննությունը, դատական նիստը հետաձգելով), իսկ դրա անհնարինության կամ գործադրված միջոցառումների ապարդյուն լինելու դեպքում՝ նոր միայն շարունակի գործի քննությունը՝ շահագրգիռ կողմի բացակայությամբ:

Դատարանի կողմից վարույթի մասնակցի ոչ իրավաչափ վարքագծի առնչությամբ համարժեք հակազդեցության միջոցի կիրառումը հույժ կարևոր է՝ խնդրո առարկա նորմերի նպատակային իրացումն ապահովելու անհրաժեշտության առումով:

Դատավարական նորմերը, և հատկապես՝ իրավունքների սահմանափակում նախատեսող դրույթները, դատարանների կողմից չպետք է ընկալվեն և մեկնաբանվեն մեկուսի, այլ պետք է ենթարկվեն համակարգային մեկնաբանման՝ սահմանադրաիրավական, ընդհանուր դատավարական և ճյուղային դատավարական օրենսդրության հիմնարար և գերակա սկզբունքների իմաստավորման լույսի ներքո՝ այն գիտակցմամբ, որ դատավարական բոլոր նորմերը, այդ թվում՝ հարկադրանքի բնույթ կրող միջոցները, ի սկզբանե բխում են այդ սկզբունքներից և ուղղված են դրանց պատշաճ կենսագործմանը։ Հետևաբար՝ դատավարական նորմերի՝ այդ սկզբունքներին հակասող մեկնաբանումն ու կիրառումը հավակնում են հակասահմանադրական որակման։

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ վերոնշյալը հավասարապես վերաբերելի է նաև դատավորների կարգապահական վարույթներին, որոնք առանձնանում են ոչ միայն սուբյեկտային կազմի և գործունեության ոլորտի յուրահատկություններով, այլև հանրային շահի բարձր գործակցով։ Խորհրդի սահմանադրաիրավական առաքելության կիզակետը դատարանների և դատավորների անկախության երաշխավորումն է։ Խորհուրդը Սահմանադրությամբ օժտված է դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու և դատավորների լիազորությունները դադարեցնելու սահմանադրաիրավական բացառիկ մենաշնորհով, որի շրջանակներում հանդես է գալիս որպես դատարան:

Այդ համատեքստում, Խորհուրդը յուրաքանչյուր դեպքում պետք է կարգապահական վարույթի շրջանակներում դատավորի նկատմամբ ցուցաբերի վերջինիս բարձր կարգավիճակին համարժեք վերաբերմունք։ Խորհրդի սահմանադրաիրավական առաքելությունը պետք է իր պատշաճ կենսագործումը գտնի դատավորի անկախության և հեղինակության ապահովման, մասնագիտական արժանապատվության և արդարադատության շահերի գերակայության գիտակցման համատեքստում։ Համապատասխանաբար՝ կարգապահական վարույթում կողմի կարգավիճակում հանդես եկող դատավորը նույնպես պետք է առաջնորդվի իր մասնագիտական կարգավիճակի բարձր հեղինակությամբ՝ դրսևորելով իր սահմանադրաիրավական առաքելության ոգուն համահունչ վարքագիծ և ընդգծված հարգանք արդարադատության և այն իրականացնելու իրավասությամբ օժտված ատյանների նկատմամբ։ Նշվածը վերաբերելի է կարգապահական վարույթի ցանկացած փուլի և դատավարական ցանկացած գործողության իրականացմանը։

Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթը վերջնարդյունքում կարող է հանգեցնել իրավունքներին այնպիսի ինտենսիվ միջամտության, ինչպիսին է դատավորի լիազորությունների դադարեցումը, ինչն առնչվում է ինչպես կոնկրետ անձի, այնպես էլ ողջ դատական իշխանության շահերին՝ ընդգծելով Խորհրդի կողմից շահերի պատշաճ հավասարակշռման անհրաժեշտությունը:

Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթի շրջանակներում, հաշվի առնելով խնդրո առարկա իրավահարաբերությունների կարևորությունը, ինչպես նաև դրանց նկատմամբ հանրային արձագանքի զգայունությունը, Խորհրդի կողմից դատական սանկցիաների կիրառումը պետք է տեղ գտնի բացառապես ծայրահեղ անհրաժեշտության պարագայում՝ դատական վարույթներին առաջադրվող սահմանադրաիրավական և դատավարական սկզբունքների խստիվ պահպանմամբ։ Դատավորի նկատմամբ «դատական նիստերի դահլիճից հեռացում» դատական սանկցիան Խորհրդի կողմից պետք է մեկնաբանվի և կիրառվի իրավունքների սահմանափակման սահմանադրաիրավական չափանիշների խստիվ պահպանմամբ, ինչպես նաև պետք է գործադրվեն բոլոր հնարավոր ջանքերը դատավորի դատավարական իրավունքների պաշտպանության համար՝ կողմերի հավասարության և դատավորի լսված լինելու իրավունքի ապահովման համատեքստում։ Հաշվի առնելով «դատական նիստերի դահլիճից հեռացում» դատական սանկցիայի կիրառմամբ դատավորի համար առաջացող բացասական հետևանքների ինտենսիվությունը՝ Խորհրդի կողմից պետք է գործարկվեն համարժեք դատավարական լծակներ՝ կողմի լսված լինելու իրավունքի իրացումն ապահովելու համար:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ արդար դատաքննության սահմանադրական իրավունքի երաշխավորումը պահանջում է, որ յուրաքանչյուր դեպքում՝ «դատական նիստերի դահլիճից հեռացում» սանկցիայի կիրառման հարցին զուգահեռ, Խորհուրդը միջոցներ ձեռնարկի դատավորի լսված լինելու իրավունքն ապահովելու համար՝ երաշխավորելով դատավորի ներկայացուցչի մասնակցությունը կարգապահական վարույթին, և նույնիսկ նման հնարավորության բացակայության պայմաններում առնվազն ապահովի, որ կողմի դիրքորոշումները, եթե հնարավոր չէ նրա մասնակցությունը վարույթին, ներկայացվեն առնվազն գրավոր կերպով:

Այսպես՝ «դատական նիստերի դահլիճից հեռացում» դատական սանկցիան կիրառելիս Խորհուրդը`

1. պետք է նկատի ունենա իր սահմանադրաիրավական կարգավիճակի առանձնահատկություններն ու, առավելապես, իր կողմից կայացվող որոշումների անբողոքարկելիությունը (տվյալ պահին գործող իրավակարգավորումների պայմաններում),

2. պետք է հաշվի առնի խնդրո առարկա սանկցիայի գործադրման հետևանքային ազդեցությունն այն պարագայում, երբ այն գործադրվում է դատական նիստի հրապարակայնության այնպիսի ինտենսիվ սահմանափակման պայմաններում, ինչպիսին է դռնփակ դատաքննության իրականացումը,

3. հաշվի առնելով կիրառվող միջոցի հետևանքային ազդեցությունը՝ պետք է ցուցաբերի ընդգծված զգուշավորություն կողմի լսված լինելու իրավունքի կենսագործման համար ողջամիտ հնարավորություն ապահովելու համար:

Վերոնշյալ սկզբունքները Սահմանադրական դատարանը սույն գործի անհատական հանգամանքների նկատմամբ տեղայնացնելու շրջանակում արձանագրում է, որ «դատական նիստերի դահլիճից հեռացում» դատական սանկցիան Խորհրդի կողմից Դատավորի նկատմամբ կիրառվել է վերջինիս ներկայացուցիչների բացակայության պայմաններում, և Դատավորի՝ դատական նիստերի դահլիճից հեռացվելուց շուրջ 20 րոպե անց սույն գործի դատաքննությունն ավարտվել է։ Այսինքն՝ Խորհրդի կողմից իրականացված վարույթում իր դատական լիազորությունների գործադրման և որոշումների իրավաչափության նկատմամբ հարգանքով հանդերձ, Սահմանադրական դատարանը նկատում է, որ Դիմողի կողմից իր լսված լինելու իրավունքի իրացման առնչությամբ Խորհրդի կողմից կիրառված սանկցիայի ազդեցությամբ դատական նիստերի դահլիճում վարույթին մասնակցելու անհնարինության պայմաններում Դիմողն ի վիճակի չի եղել ներկայացնել իր դիրքորոշումները նույնիսկ գրավոր կերպով՝ առանց նիստին անձամբ կամ իր ներկայացուցիչների միջոցով մասնակցելու՝ իր հեռացման և դատաքննության ավարտի՝ իր կողմից գրավոր դիրքորոշումներ ներկայացնելու համար ոչ ողջամիտ, եթե ոչ անհնարինությունը սահմանագծող, սեղմ ժամկետի պատճառով։

Ամբողջացնելով սույն սահմանադրաիրավական վեճի պատկերը՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ վիճարկվող դրույթի նմանօրինակ մեկնաբանման և կիրառման հետևանքով ոչ իրավաչափ կերպով սահմանափակվել է Դատավորի՝ շահերի ներկայացվածության երաշխավորման իրավունքը, ինչպես նաև սահմանափակվել է Դատավորի լսված լինելու իրավունքը, ինչի վկայությունն է խնդրո առարկա սանկցիայի կիրառման հետևանքով առաջացած՝ նրա կողմից իր դիրքորոշումը, առնվազն եզրափակիչ խոսքի միջոցով ներկայացնելու անհնարինությունը: Այս համատեքստում Սահմանադրական դատարանը շեշտադրում է, որ խնդրո առարկա դատական սանկցիայի կիրառումը բոլոր դեպքերում չպետք է հանգեցնի անձի լսված լինելու իրավունքի չեզոքացման:

Ողջ վերոշարադրյալի լույսի ներքո՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ Օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որի համաձայն՝ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթի շրջանակներում «դատական նիստերի դահլիճից հեռացում» դատական սանկցիան կարող է կիրառվել այն պայմաններում, երբ Խորհուրդը կգործադրի բոլոր հնարավոր և անհրաժեշտ ջանքերը՝ դահլիճից հեռացվող դատավորի լսված լինելու իրավունքն ապահովելու համար:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և հիմք ընդունելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետը, 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը, 170-րդ հոդվածի 1-ին և 4-5-րդ մասերը, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 69-րդ հոդվածները՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 90-րդ հոդվածի 6-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որի համաձայն՝ «արդարադատության շահ» ձևակերպումը վերաբերում է Բարձրագույն դատական խորհրդում քննվող կոնկրետ կարգապահական գործով արդարադատության արդյունավետ և անխոչընդոտ իրականացմանը:

2. Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որի համաձայն՝ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթի շրջանակներում «դատական նիստերի դահլիճից հեռացում» դատական սանկցիան կարող է կիրառվել այն պայմաններում, երբ Բարձրագույն դատական խորհուրդը կգործադրի բոլոր հնարավոր և անհրաժեշտ ջանքերը՝ դահլիճից հեռացվող դատավորի լսված լինելու իրավունքն ապահովելու համար:

3. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ Դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման՝ օրենքով սահմանված կարգով՝ նկատի ունենալով, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 90-րդ հոդվածի 6-րդ մասը և Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը Դիմողի նկատմամբ կիրառվել են սույն որոշման մեջ նշված մեկնաբանություններից տարբերվող մեկնաբանություններով:

4. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող

Ա. Դիլանյան

 

21 մայիսի 2024 թվականի

ՍԴՈ-1729

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 մայիսի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան