Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.03.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.05.13-2024.05.26 Պաշտոնական հրապարակման օրը 23.05.2024
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
22.03.2024
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
22.03.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.03.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/1290/02/19

2024 թ. 

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/1290/02/19

Նախագահող դատավոր`

 Հ. Ենոքյան

Դատավորներ`

 Տ. Նազարյան

 Ն. Բարսեղյան

 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝

 

նախագահող

Ա ՄԿՐՏՉՅԱՆ

զեկուցող

ս. ՄեղրՅԱՆ

Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

2024 թվականի մարտի 22-ին

գրավոր ընթացակարգով քննելով Զարուհի Սարգսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.10.2020 թվականի որոշման դեմ` ըստ Զարուհի Սարգսյանի հայցի ընդդեմ «Համաշիննախագիծ» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) և երրորդ անձ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի` վնասը հատուցելու ու փաստաբանի խելամիտ վարձատրության գումար բռնագանձելու պահանջների մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Զարուհի Սարգսյանը պահանջել է Ընկերությունից բռնագանձել 1.382.431 ՀՀ դրամ, որից 1.029.931 ՀՀ դրամը` որպես «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին վճարված տուգանք, 52.500 ՀՀ դրամը` կապալի պայմանագրով սահմանված և վճարված գումար, 300.000 ՀՀ դրամը` փաստաբանի խելամիտ վարձատրության գումար:

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 27.05.2020 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն՝ վճռվել է «Զարուհի Ալեքսանի Սարգսյանի ընդդեմ «Համաշիննախագիծ» ՍՊ ընկերության, երրորդ անձ` «Վեոլիա Ջուր» ՓԲ ընկերություն` պատճառված վնասի բռնագանձման պահանջի մասին հայցը բավարարել:
1.1 «Համաշիննախագիծ» ՍՊ ընկերությունից հօգուտ Զարուհի Ալեքսանի Սարգսյանի բռնագանձել 1.082.431 ՀՀ դրամ, որից 1.029.931 ՀՀ դրամ` «Վիոլիա Ջուր» ՓԲ ընկերության տուգանքը, 52.500 ՀՀ դրամ` կապալի պայմանագրի դիմաց վճարված գումարը:
2. Զարուհի Ալեքսանի Սարգսյանի ընդդեմ «Համաշիննախագիծ» ՍՊ ընկերության, երրորդ անձ` «Վեոլիա Ջուր» ՓԲ ընկերություն` փաստաբանի վարձատրության պահանջը բավարարել
մասնակի
2.1 «Համաշիննախագիծ» ՍՊ ընկերությունից հօգուտ Զարուհի Ալեքսանի Սարգսյանի բռնագանձել 200.000 ՀՀ դրամ` որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար:
2.2 «Համաշիննախագիծ» ՍՊ ընկերությունից հօգուտ Զարուհի Ալեքսանի Սարգսյանի` որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար բռնագանձելու պահանջը մնացած մասով մերժել»:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 23.10.2020 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 27.05.2020 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է` հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Զարուհի Սարգսյանը (ներկայացուցիչ Էրիկ Հայրապետյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչ Լիլիթ Մանյան):

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածի 10-րդ կետը, 17-րդ հոդվածը, 447-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերը, 714-րդ հոդվածն ու 1058‑րդ հոդվածի 1-ին կետը։

Բողոք բերած անձը որպես վճռաբեկ բողոքի հիմնավորումներ վկայակոչել է հետևյալը.

 

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Երևանի Ն. Զարյան փողոցի թիվ 52/2 հասցեում «արտաքին ջրամատակարարում» շինարարական աշխատանքներն Ընկերության կողմից կատարվել են ՀՀ օրենսդրությամբ սահմանված ստանդարտների, շինարարական նորմերի և կանոնների ու 13.09.2018 թվականին կնքված կապալի պայմանագրի 1.2 և 3.3.1 կետերի խախտմամբ, իսկ Ընկերության կողմից նշանակված աշխղեկը ցուցաբերել է անգործություն ու չի կանխել դրանք։ Բացի այդ, Ընկերությունը, չունենալով շրջանցող ջրագծի ձևափոխման տեխնիկական պայման, ջրագիծը ձևափոխել է առանց դրա՝ թույլ տալով ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 30.11.2016 թվականի թիվ 378-Ն որոշմամբ սահմանված «Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոններ»-ի 49‑րդ կետի պահանջների խախտում:

Վերաքննիչ դատարանի այն հիմնավորումը, որ ինքն Ընկերությանը տեխնիկական պայմանն ստանալու լիազորություն չի տվել, և կապալի պայմանագրով վերջինիս վրա նման պարտավորություն չի դրվել, հիմնավոր չէ, քանի որ գործում առկա չէ որևէ ապացույց, ինչը կարող էր վկայել, որ պատասխանող Ընկերությունը դիմել է իրեն, իսկ ինքը հրաժարվել է համապատասխան լիազորագիր տրամադրելուց։ Բողոքաբերը նշել է, որ, իր կողմից ծրագրված շինարարական աշխատանքները վստահելով լիցենզավորված Ընկերությանը՝ բավարար հիմքեր է ունեցել ենթադրելու, որ աշխատանքները վերջինիս կողմից իրականացվում են պայմանագրով նախատեսված և ՀՀ օրենսդրությամբ սահմանված ստանդարտներին, շինարարական նորմերին ու կանոններին, աշխատանքի նախագծին համապատասխան, հատկապես որ այդ նպատակով կապալառուի կողմից ներգրավված է եղել հատուկ մասնագետ: Տվյալ դեպքում Ընկերությունը դրսևորել է ոչ օրինաչափ վարքագիծ, այն է՝ չի զգուշացրել առանց տեխնիկական պայմանի շինարարություն կատարելու դեպքում հնարավոր անբարենպաստ հետևանքների մասին, որի արդյունքում «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից 29.10.2018 թվականին կազմված արձանագրությամբ իրեն առաջադրվել է 1.029.931 ՀՀ դրամի չափով լրացուցիչ պարտավորություն, որն իր կողմից ամբողջությամբ վճարվել է։

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 23.10.2020 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 27.05.2020 թվականի վճռին։

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Վերաքննիչ դատարանը բողոքարկվող որոշումը կայացրել է նյութական և դատավարական իրավունքի նորմերի պահպանմամբ։

Անհիմն է բողոքաբերի փաստարկն առ այն, որ Ընկերության կողմից աշխատանքների թերի կատարման արդյունքում է 29.10.2018 թվականին «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից կազմված թիվ ՎՏ000596 արձանագրության շրջանակներում Զարուհի Սարգսյանին առաջադրվել 1.029.931 ՀՀ դրամի չափով պարտավորություն, ինչը վերջինիս կողմից վճարվել է և դիտվել որպես վնաս:

Տվյալ դեպքում հայցվորի կողմից դատարան ներկայացված որևէ ապացույցով չի հիմնավորվել վնաս հասցնողի մեղքի առկայությունը և պատճառահետևանքային կապը ոչ օրինաչափ վարքագծի ու վնասի միջև:

Հայցվորի կողմից Ընկերությանը չի տրվել լիազորագիր՝ երրորդ անձ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին դիմում ներկայացնելու համար: Անհիմն է հայցվորի պնդումն այն մասին, որ կողմերի միջև կնքված պայմանագրում անդրադարձ է կատարվել նաև լիազորմանը:

Արդյունքում, Ընկերությունը կատարել է իր պայմանագրային պարտավորությունները, ինչը հաստատվել է հանձնման-ընդունման թիվ 01 արձանագրությամբ, որի համաձայն՝ կապալառուի կողմից կատարվել է Երևանի Ն. Զարյան փողոցի թիվ 52/2 հասցեում արտաքին ջրամատակարարման ապահովումը, իսկ պատվիրատուն 19.09.2018 թվականին ընդունել է այն և դրա դիմաց նույն օրը կատարել 52.500 ՀՀ դրամի չափով վճարում։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Երևան համայնքի կողմից Զարուհի Սարգսյանին 29.05.2018 թվականին տրվել է շինարարության թիվ 01/18-Ս-2741-563 թույլտվությունը՝ «Արաբկիր վարչական շրջան, Ն. Զարյան փողոց հ. 72/10 հասցեում» հասարակական նշանակության օբյեկտի կառուցման շինարարական աշխատանքների կատարման, այդ թվում՝ կառուցապատվող հողամասի գլխավոր հատակագծի վրա նշված ոչ հիմնական կառույցների տեղադրման համար (հատոր 1-ին, գ.թ. 56).

2) Զարուհի Սարգսյանի 08.08.2018 թվականի դիմումի հիման վրա «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն 17.08.2018 թվականին վերջինիս տրամադրել է Երևանի Ն. Զարյան փողոցի թիվ 52/2 հասցեով անցնող ջրագիծը շրջանցող ջրագծով ջրամիացման և ջրահեռացման նախագծման թիվ ԷՀ2979 տեխնիկական պայմանը, որի համաձայն՝ ջրագծի շրջանցման նախագծումն իրականացնելու պայմաններն են՝

- Ջրագծի տրամագիծ, ճնշում, տեսակ՝ d=150մմ, P=1.5մթն, պողպատ.

- Ջրամատակարարման գրաֆիկ՝ շուրջօրյա.

- Միացման կետ՝ տարածքով անցնող d=150 մմ ջրագիծը շրջանցել համաձայն նախագծի.

- Շրջանցման սկիզբը և շրջանցման վերջը՝ համաձայն նախագծի.

- Այլ պահանջներ՝ գործող ջրագծից առկա բոլոր միացումները տեղափոխել շրջանցվող հատվածից.

- Կառուցման աշխատանքները կատարելու համար անհրաժեշտ է պատվիրել նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմումը տվյալ ոլորտում լիցենզավորված կազմակերպությանը և այն համաձայնեցնել «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի հետ.

- Կառուցման աշխատանքների տեխնիկական հսկողությունը դիմողի հայեցողությամբ իրականացնում է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն կամ վերջինիս պաշտոնական կայքում հրապարակված ցանկում ընդգրկված կազմակերպությունը՝ դիմող անձի հաշվին.

- Կառուցված նոր համակարգի միացումը ջրամատակարարման և ջրահեռացման համակարգին իրականացնում է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն՝ դիմող անձի հաշվին.

- Ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունները մատուցվում են «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի հետ ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման պայմանագիր կնքելուց հետո.

- Նույն տեխնիկական պայմանն ուժի մեջ է 1 (մեկ) տարի ժամկետով՝ գրանցման օրվանից սկսած, հակառակ դեպքում՝ դրանք ենթակա են վերանայման.

- Կառուցման ընթացքում հողային աշխատանքներն իրականացնելիս անհրաժեշտ է ձեռք բերել տվյալ համայնքի ղեկավարի, այլ իրավասու և/կամ շահագրգիռ մարմինների կամ անձանց թույլտվությունները (համաձայնությունները) (հատոր 1-ին, գ.թ. 75-77).

3) Զարուհի Սարգսյանը «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի 24.08.2018 թվականի գրությամբ, ի թիվս այլնի, տեղեկացվել է, որ ջրագծի կառուցման աշխատանքներն ավարտելուց հետո անհրաժեշտ է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին ներկայացնել կառուցված օբյեկտի վերաբերյալ կից ցանկում նշված փաստաթղթերը՝ վերջինիս կողմից միացման աշխատանքներ կատարելու, առևտրային հաշվառքի սարք տեղակայելու, խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման պայմանագիր կնքելու համար։ Նույն գրությամբ Զարուհի Սարգսյանը տեղեկացվել է, որ կառուցված նոր համակարգի սեփականության իրավունքի՝ Հայաստանի Հանրապետությանն անհատույց հանձնումն իրականացվելու է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով (հատոր 1-ին, գ.թ. 75, 77).

4) «Հաբշին Նախագիծ» ՍՊԸ-ի կողմից կազմվել են նախագծանախահաշվային փաստաթղթեր, որոնք 30.08.2018 թվականին համաձայնեցվել են «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի հետ (հատոր 2-րդ, գ.թ. 58).

5) Զարուհի Սարգսյանի և Ընկերության (այսուհետ նաև` Կապալառու) միջև 13.09.2018 թվականին կնքվել է կապալային աշխատանքների կատարման պայմանագիր (այսուհետ` Պայմանագիր):

Պայմանագրի 1.1 կետի համաձայն` Կապալառուն պարտավորվում է նույն պայմանագրով սահմանված կարգով, ձևով և ժամկետներում կատարել Երևանի Ն. Զարյան փողոցի թիվ 52/2 հասցեում «արտաքին ջրամատակարարում» շինարարական աշխատանքները՝ (այսուհետ` Աշխատանք) աշխղեկի՝ աշխատանքներին ներգրավմամբ, իսկ պատվիրատուն պարտավորվում է ընդունել կատարած աշխատանքը և վարձատրել դրա համար։

Պայմանագրի 1.2 կետի համաձայն` աշխղեկը (Կապալառուի մասնագետ) պետք է հետևի, որպեսզի նույն պայմանագրով նախատեսված Աշխատանքները կատարվեն ՀՀ օրենսդրությամբ սահմանված ստանդարտներին, շինարարական նորմերին և կանոններին, Աշխատանքի նախագծին համապատասխան։

Պայմանագրի 3.1.3 կետի համաձայն` պատվիրատուն իրավունք ունի չընդունել աշխատանքի արդյունքը՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված դրույթներին, Պայմանագրի 1.2 կետով նախատեսված փաստաթղթերի պահանջներին չհամապատասխանելու դեպքում (…):

Պայմանագրի 3.3.1 կետի համաձայն` Կապալառուն պարտավոր է ապահովել շինմոնտաժային աշխատանքների կատարումը շինարարական նորմերին, կանոններին ու տեխնիկական պայմաններին համապատասխան (հատոր 1-ին, գ.թ. 68, 69).

6) Զարուհի Սարգսյանի ու «Սարգիս և Մարիաննա» ՍՊԸ-ի միջև 13.09.2018 թվականին կնքվել է տեխնիկական հսկողության ծառայությունների մատուցման պայմանագիր, որի 1‑ին կետի համաձայն՝ «Սարգիս և Մարիաննա» ՍՊԸ-ն ստանձնել է կատարել Երևանի Ն. Զարյան փողոցի թիվ 52/2 հասցեում արտաքին ջրամատակարարման աշխատանքների տեխնիկական հսկողությունը՝ 13.09.2018 թվականից մինչև շինարարական աշխատանքների ավարտը ժամկետով (հատոր 2-րդ, գ.թ. 58).

7) 19.09.2018 թվականին կազմվել են՝ Ծածկված (միջանկյալ) աշխատանքների ընդունման, Ջրամատակարարման խողովակաշարի ամրության և հերմետիկության հիդրավլիկ փորձարկման ընդունման, Արտաքին ջրամատակարարման համակարգի փորձարկման, ինչպես նաև Ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի ակտեր՝ ստորագրված Ընկերության, «Սարգիս և Մարիաննա» ՍՊԸ-ի լիազոր ներկայացուցիչների ու Զարուհի Սարգսյանի կողմից, որոնցով չի արձանագրվել աշխատանքների որևէ անհամապատասխանություն Պայմանագրին, ՀՀ օրենսդրությամբ սահմանված ստանդարտներին, շինարարական նորմերին և կանոններին ու Աշխատանքի նախագծին (հատոր 2-րդ, գ.թ. 58).

8) 19.09.2018 թվականին կազմված և Ընկերության տնօրեն Հ. Մեսրոպյանի ու Զարուհի Սարգսյանի կողմից ստորագրված Հանձնման-ընդունման թիվ 01 արձանագրության համաձայն` հիմք ընդունելով Պայմանագրով նախատեսված ծառայությունների համապատասխանությունը Պայմանագրով նախատեսված տեխնիկական բնութագրերին և գնման ժամանակացույցին՝ Ընկերության տնօրենը հանձնել է, իսկ Զարուհի Սարգսյանն ընդունել է Երևանի Ն. Զարյան փողոցի թիվ 52/2 հասցեում կատարված շինարարական աշխատանքները (հատոր 1-ին, գ.թ. 70).

9) ի պատասխան Զարուհի Սարգսյանի 28.09.2018 թվականի դիմումի, «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն 03.10.2018 թվականի գրությամբ վերջինիս ներկայացրել է Երևանի Ն. Զարյան փողոցի թիվ 52/2 հասցեում կառուցված ջրամատակարարման համակարգը «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի ջրամատակարարման համակարգին միացնելու աշխատանքների կատարման նախահաշիվը՝ առաջարկելով նախահաշվով հաշվարկված գումարը վճարել «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի բանկային հաշվին և ներկայացնել կից ցանկում նշված փաստաթղթերը՝ միացման աշխատանքներ կատարելու, առևտրային հաշվառքի սարք տեղակայելու և ծառայությունների մատուցման պայմանագիր կնքելու համար: Նույն գրությամբ Զարուհի Սարգսյանը տեղեկացվել է, որ կառուցված նոր համակարգի սեփականության իրավունքի՝ Հայաստանի Հանրապետությանն անհատույց հանձնումն իրականացվելու է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով (հատոր 1-ին, գ.թ. 65-67).

10) «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն Զարուհի Սարգսյանին հասցեագրված 20.11.2018 թվականի ծանուցմամբ հայտնել է, որ 29.10.2018 թվականին «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի աշխատակիցների կողմից կատարված այցի ժամանակ Երևանի Ն. Զարյան փողոցի թիվ 52/2 հասցեում հայտնաբերվել է նրա կողմից կատարված՝ «Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոններ»-ի (այսուհետ նաև՝ Կանոններ) խախտում, որի վերաբերյալ կազմվել է թիվ ՎՏ000596 արձանագրությունը:

Թիվ ՎՏ000596 արձանագրության հաշվարկ-ծանուցման համաձայն՝ ջրագծի շրջանցման կարգը խախտելու համար Զարուհի Սարգսյանի կողմից վճարման ենթակա գումարը կազմել է 1.029.931 ՀՀ դրամ, որը հաշվարկվել է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 30.11.2016 թվականի թիվ 378‑Ն որոշմամբ սահմանված՝ «Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոններ»-ի 49‑րդ կետի պահանջներին համապատասխան (հատոր 1-ին, գ.թ. 79, 80).

11) «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի 29.10.2018 թվականի թիվ ՎՏ000596 արձանագրությունը չի վիճարկվել։

12) «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի և Զարուհի Սարգսյանի միջև 22.11.2018 թվականին կնքվել է պարտքերի մարման ժամանակացույց սահմանելու մասին համաձայնություն, որով կողմերն արձանագրել են, որ մատուցված ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների դիմաց պարտքը կազմում է 1.080.691,20 ՀՀ դրամ, որը, ինչպես նաև վճարման ենթակա ամսական գումարը պետք է մարվեն նույն համաձայնությամբ սահմանված ժամկետներում (հատոր 1-ին, գ.թ. 52).

13) Զարուհի Սարգսյանն ամբողջությամբ մարել է 29.10.2018 թվականի թիվ ՎՏ000596 արձանագրության հաշվարկ-ծանուցմամբ իրեն առաջադրված պարտքի գումարը (հատոր 2-րդ, գ.թ. 17, 18, 21, 22):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է եղել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394‑րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածի 10-րդ կետի, 17-րդ հոդվածի, 447-րդ հոդվածի 1-ին ու 2-րդ կետերի, 714-րդ հոդվածի և 1058-րդ հոդվածի 1-ին կետի խախտում, որի առկայությունը հերքվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

 

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ վնասի հատուցման հիմքերին՝ վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:

 

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացիական իրավունքները և պարտականությունները ծագում են օրենքով ու այլ իրավական ակտերով նախատեսված հիմքերից, ինչպես նաև քաղաքացիների և իրավաբանական անձանց այն գործողություններից, որոնք թեև օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված չեն, սակայն, ըստ քաղաքացիական օրենսդրության սկզբունքների` առաջացնում են քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ: (…):

Նույն հոդվածի նույն կետի 6-րդ ենթակետի համաձայն՝ (…) քաղաքացիական իրավունքները և պարտականությունները ծագում են այլ անձին վնաս պատճառելու հետևանքով։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածի 10-րդ կետի համաձայն` քաղաքացիական իրավունքների պաշտպանությունն իրականացվում է վնասներ հատուցելով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` վնաuներ են իրավունքը խախտված անձի ծախuերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուuտը կամ վնաuվածքը (իրական վնաu), չuտացված եկամուտները, որոնք այդ անձը կuտանար քաղաքացիական շրջանառության uովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված oգուտ), ինչպես նաև ոչ նյութական վնասը։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից: (…):

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ վնաս պատճառած անձն ազատվում է այն հատուցելուց, եթե ապացուցում է, որ վնասն իր մեղքով չի պատճառվել: (…):

ՀՀ վճռաբեկ դատարանը բազմիցս անդրադարձել է վնաս պատճառելու հետևանքով հարաբերությունների ծագման համար անհրաժեշտ պայմանների առկայության հարցին: Մասնավորապես, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի ու 1058-րդ հոդվածի 1-ին կետի վերլուծությունից հետևում է, որ վնասի հատուցման համար պարտադիր պայման է իրավունքը խախտած անձի ոչ օրինաչափ վարքագծի, վնասների, վնասների և ոչ օրինաչափ գործողության միջև պատճառահետևանքային կապի ու պարտապանի մեղքի միաժամանակյա առկայությունը: Ընդ որում, նշված պայմաններից որևէ մեկի բացակայության դեպքում վնասը ենթակա չէ հատուցման, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի (տե'ս, օրինակ, Նատալյա Հակոբյանն ընդդեմ Վարդան Հայրապետյանի թիվ ՀՔԴ3/0016/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը):

Վերահաստատելով նշված իրավական դիրքորոշումը` ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ անհրաժեշտ է համարել առավել մանրամասնորեն անդրադառնալ պատճառված վնասի համար պատասխանատվության պայմաններին՝ արտահայտելով իրավական դիրքորոշում առ այն, որ՝

- վնասը քաղաքացիական շրջանառության մասնակցի` օրենքով պահպանվող իրավունքների խախտման դեպքում վրա հասնող անբարենպաստ, բացասական հետևանքն է: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածից հետևում է, որ վնասը կարող է արտահայտվել չնախատեսված լրացուցիչ ծախսեր կատարելով կամ այդպիսի ծախսերի կատարման անհրաժեշտությամբ, գույքի կորստով կամ վնասվածքով, եկամուտների չստացմամբ (բաց թողնված օգուտ),

- հակաիրավական, ոչ օրինաչափ վարքագիծն այն գործողությունը կամ անգործությունն է, որը խախտում է օրենքի, այլ իրավական ակտերի պահանջները, ինչպես նաև անձի սուբյեկտիվ իրավունքը: Գործողությունն անձի նպատակաուղղված, կամային արարքն է, իսկ անգործությունն արտահայտվում է անհրաժեշտ և պարտադիր վարքագիծ դրսևորելուց ձեռնպահ մնալով,

- ոչ օրինաչափ վարքագծի և վնասի միջև պատճառահետևանքային կապը ենթադրում է, որ վնասը պետք է հանդիսանա ոչ օրինաչափ վարքագծի ուղղակի, անմիջական հետևանք: Այն դեպքում, երբ վնասն անհրաժեշտաբար թելադրված չէ ոչ օրինաչափ գործողությամբ (անգործությամբ), կամ գործողության (անգործության) և վնասի միջև կապն անուղղակի է, վնասի հատուցման համար անհրաժեշտ պատճառահետևանքային կապի պայմանն առկա չէ,

- վնաս պատճառող անձի մեղքը նրա սուբյեկտիվ վերաբերմունքն է իր ոչ օրինաչափ գործողության (անգործության) և առաջացած հետևանքի` վնասի նկատմամբ, ինչը կարող է դրսևորվել թե՛ դիտավորության և թե՛ անզգուշության ձևով: Ընդ որում, վնասի հատուցման հարաբերություններում գործում է վնաս պատճառած անձի մեղավորության կանխավարկածը, քանի դեռ վերջինս չի ապացուցել վնաս պատճառելու հարցում իր մեղքի բացակայությունը: Օրենքով նախատեսված դեպքերում պատճառված վնասի համար պատասխանատվությունը կարող է վրա հասնել նաև վնաս պատճառող անձի մեղքի բացակայության պարագայում (տե՛ս Նելլի Մկրտչյանն ընդդեմ «Երևան հյուրանոց» ԲԲԸ-ի թիվ ԵԿԴ/2600/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.10.2013 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով պատճառված վնասի հատուցմանը վերաբերող գործերով ապացուցման առարկայի ճիշտ որոշման հարցին, գտել է, որ դատարանները նախևառաջ պետք է որոշեն այն իրավաբանական փաստերի շրջանակը, որոնք էական նշանակություն ունեն քաղաքացիական գործի լուծման համար և ենթակա են պարզման գործի քննության ընթացքում: Իրավաբանական նշանակություն ունեցող հենց այդ փաստերի համակցությունն էլ կկազմի ապացուցման առարկան: Ապացուցման առարկան որոշելուց հետո միայն դատարանները, գնահատելով գործով ձեռք բերված ապացույցները, որոշում են ապացուցման առարկան կազմող իրավական փաստերի հաստատվելը կամ ժխտվելը և դրանից հետո միայն որոշում հայցը բավարարելու կամ մերժելու հարցը: Վնասի հատուցման գործերով փաստերի իրավաբանական նշանակություն ունենալու հարցը լուծելիս դատարանները պետք է ղեկավարվեն տվյալ իրավահարաբերությունը կարգավորող նյութական և դատավարական իրավունքի նորմերով, որոնցում նշված են տվյալ իրավահարաբերությունը և կողմերի իրավունքներն ու պարտականությունները պայմանավորող իրավաբանական փաստերը: Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ կետի և 1058-րդ հոդվածի 1-ին կետի կանոնակարգումներից հետևում է, որ նմանատիպ գործերով ապացուցման առարկան են կազմում իրավական նշանակություն ունեցող հետևյալ փաստերը.

- ոչ օրինաչափ վարքագիծը (գործողություն կամ անգործություն),

- վնաս պատճառող անձի առկայությունը,

- պատճառված վնասի առկայությունը,

- վնաս պատճառող անձի մեղքի առկայությունը,

- պատճառահետևանքային կապը ոչ օրինաչափ գործողության կամ անգործության և պատճառված վնասի միջև (տե'ս ՀՀ գլխավոր դատախազությունն ընդդեմ Արթուր Մարդանյանի թիվ ՏԴ/0041/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ վնաս կրած անձի մոտ իրական կամ բաց թողնված օգուտի տեսքով վնասների առկայության, վնաս պատճառողի մոտ ոչ օրինաչափ վարքագծի առկայության, վնասների և ենթադրյալ վնաս պատճառող անձի ոչ օրինաչափ գործողության միջև պատճառահետևանքային կապի առկայության հանգամանքների ապացուցման բեռը կրում է վնաս կրած անձը, իսկ պատճառված վնասի հարցում իր մեղքի բացակայության հանգամանքի ապացուցման պարտականությունը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի կանխավարկածի հիմքով կրում է ենթադրյալ վնաս պատճառած անձը (տե'ս «Էքսոլթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն ընդդեմ «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության թիվ ԵՔԴ/0036/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.03.2009 թվականի որոշումը):

 

Վերոնշյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն՝ Երևանի Ն. Զարյան փողոցի թիվ 52/2 հասցեով անցնող ջրագիծը շրջանցող ջրագծի շինարարական աշխատանքները կատարվել են Երևան համայնքի կողմից 29.05.2018 թվականին տրված՝ շինարարության թիվ 01/18-Ս-2741-563 թույլտվության, «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից Զարուհի Սարգսյանին 17.08.2018 թվականին տրամադրված Ջրամիացման և ջրահեռացման նախագծման թիվ ԷՀ2979 տեխնիկական պայմանի և Ընկերության կողմից կազմված ու «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի հետ 30.08.2018 թվականին համաձայնեցված նախագծանախահաշվային փաստաթղթերի հիման վրա։

Զարուհի Սարգսյանի և Ընկերության միջև 13.09.2018 թվականին կնքված Պայմանագրի 1.1 կետի համաձայն` Կապալառուն պարտավորվել է նույն պայմանագրով սահմանված կարգով, ձևով և ժամկետներում կատարել Երևանի Ն. Զարյան փողոցի թիվ 52/2 հասցեում «արտաքին ջրամատակարարում» շինարարական աշխատանքները՝ աշխղեկի՝ աշխատանքներին ներգրավմամբ, իսկ պատվիրատուն պարտավորվել է ընդունել կատարած աշխատանքը ու վարձատրել դրա համար: Պայմանագրի 1.2 կետի համաձայն՝ աշխղեկը (Կապալառուի մասնագետ) պետք է հետևի, որպեսզի նույն պայմանագրով նախատեսված աշխատանքները կատարվեն ՀՀ օրենսդրությամբ սահմանված ստանդարտներին, շինարարական նորմերին և կանոններին, Աշխատանքի նախագծին համապատասխան։ Պայմանագրի 3.1.3 կետի համաձայն` պատվիրատուն իրավունք ունի չընդունել աշխատանքի արդյունքը՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված դրույթներին, Պայմանագրի 1.2 կետով նախատեսված փաստաթղթերի պահանջներին չհամապատասխանելու դեպքում (…)։ Պայմանագրի 3.3.1 կետի համաձայն` Կապալառուն պարտավոր է ապահովել շինմոնտաժային աշխատանքների կատարումը շինարարական նորմերին, կանոններին ու տեխնիկական պայմաններին համապատասխան։ Զարուհի Սարգսյանի ու «Սարգիս և Մարիաննա» ՍՊԸ-ի միջև 13.09.2018 թվականին կնքվել է տեխնիկական հսկողության ծառայությունների մատուցման պայմանագիր, որի 1‑ին կետի համաձայն՝ «Սարգիս և Մարիաննա» ՍՊԸ-ն ստանձնել է կատարել Երևանի Ն. Զարյան փողոցի թիվ 52/2 հասցեում արտաքին ջրամատակարարման աշխատանքների տեխնիկական հսկողությունը՝ 13.09.2018 թվականից մինչև շինարարական աշխատանքների ավարտը ժամկետով։

Գործի նյութերով հաստատվում է, որ Ընկերությունը կատարել է Պայմանագրով նախատեսված աշխատանքները և դրանց արդյունքները հանձնել է Զարուհի Սարգսյանին, ինչի վերաբերյալ 19.09.2018 թվականին կազմվել են Ծածկված (միջանկյալ) աշխատանքների ընդունման, Ջրամատակարարման խողովակաշարի ամրության և հերմետիկության հիդրավլիկ փորձարկման ընդունման, Արտաքին ջրամատակարարման համակարգի փորձարկման, ինչպես նաև Ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի ակտեր՝ ստորագրված Ընկերության, «Սարգիս և Մարիաննա» ՍՊԸ-ի լիազոր ներկայացուցիչների ու Զարուհի Սարգսյանի կողմից, որոնցով չի արձանագրվել աշխատանքների որևէ անհամապատասխանություն Պայմանագրին, ՀՀ օրենսդրությամբ սահմանված ստանդարտներին, շինարարական նորմերին և կանոններին, ու Աշխատանքի նախագծին: Նույն օրը կազմված և Ընկերության տնօրեն Հ. Մեսրոպյանի ու Զարուհի Սարգսյանի կողմից ստորագրված Հանձնման-ընդունման թիվ 01 արձանագրության համաձայն` հիմք ընդունելով Պայմանագրով նախատեսված ծառայությունների համապատասխանությունը Պայմանագրով նախատեսված տեխնիկական բնութագրերին և գնման ժամանակացույցին՝ Ընկերության տնօրենը հանձնել է, իսկ Զարուհի Սարգսյանն ընդունել է Երևանի Ն. Զարյան փողոցի թիվ 52/2 հասցեում կատարված շինարարական աշխատանքները։

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից 17.08.2018 թվականին Զարուհի Սարգսյանին տրամադրված Ջրամիացման և ջրահեռացման նախագծման թիվ ԷՀ2979 տեխնիկական պայմանով, ի թիվս այլ պահանջների, նախատեսված է, որ կառուցված նոր համակարգի միացումը ջրամատակարարման և ջրահեռացման համակարգին իրականացնում է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն՝ դիմող անձի հաշվին, ինչպես նաև այն, որ ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունները մատուցվում են «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի հետ ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման պայմանագիր կնքելուց հետո։ Բացի այդ, Զարուհի Սարգսյանը «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից գրավոր տեղեկացվել է, որ ջրագծի կառուցման աշխատանքներն ավարտելուց հետո անհրաժեշտ է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին ներկայացնել կառուցված օբյեկտի վերաբերյալ կից ցանկում նշված փաստաթղթերը՝ վերջինիս կողմից միացման աշխատանքներ կատարելու, առևտրային հաշվառքի սարք տեղակայելու, խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման պայմանագիր կնքելու համար։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ շինարարական աշխատանքների ավարտից հետո, ի պատասխան Զարուհի Սարգսյանի 28.09.2018 թվականի դիմումի, «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն 03.10.2018 թվականի գրությամբ վերջինիս ներկայացրել է Երևանի Ն. Զարյան փողոցի թիվ 52/2 հասցեում կառուցված ջրամատակարարման համակարգը «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի ջրամատակարարման համակարգին միացնելու աշխատանքների կատարման նախահաշիվը՝ առաջարկելով նախահաշվով հաշվարկված գումարը վճարել «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի բանկային հաշվին և ներկայացնել կից ցանկում նշված փաստաթղթերը՝ միացման աշխատանքներ կատարելու, առևտրային հաշվառքի սարք տեղակայելու և ծառայությունների մատուցման պայմանագիր կնքելու համար: Հիմք ընդունելով գործի նյութերում «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի առաջարկությամբ նախատեսված նախահաշվի վճարման փաստը հավաստող և մյուս պահանջվող փաստաթղթերի բացակայությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Զարուհի Սարգսյանը չի կատարել Ջրամիացման և ջրահեռացման նախագծման թիվ ԷՀ2979 տեխնիկական պայմանով նախատեսված համապատասխան պահանջի կատարմանն ուղղված և «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի 03.10.2018 թվականի գրությամբ ծանուցված անհրաժեշտ գործողությունները՝ կառուցված շրջանցող ջրագիծը «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի համակարգին միացնելու աշխատանքները վերջինիս կողմից կատարելու, սահմանված կարգով առևտրային հաշվառքի սարք տեղակայելու, ծառայությունների մատուցման պայմանագիր կնքելու, ինչպես նաև կառուցված նոր համակարգի սեփականության իրավունքի Հայաստանի Հանրապետությանն անհատույց հանձնումն իրականացնելու համար։

 «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն Զարուհի Սարգսյանին հասցեագրված 20.11.2018 թվականի ծանուցմամբ հայտնել է, որ 29.10.2018 թվականին «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի աշխատակիցների կողմից կատարված այցի ժամանակ Երևանի Ն. Զարյան փողոցի թիվ 52/2 հասցեում հայտնաբերվել է նրա կողմից կատարված՝ «Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոններ»-ի խախտում, որի վերաբերյալ կազմվել է թիվ ՎՏ000596 արձանագրությունը: Վերջինիս հաշվարկ‑ծանուցման համաձայն՝ ջրագծի շրջանցման կարգը խախտելու համար Զարուհի Սարգսյանի կողմից վճարման ենթակա գումարը կազմել է 1.029.931 ՀՀ դրամ, որը հաշվարկվել է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 30.11.2016 թվականի թիվ 378-Ն որոշմամբ սահմանված՝ «Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոններ»-ի 49‑րդ կետի պահանջներին համապատասխան: Թիվ ՎՏ000596 արձանագրությունը չի վիճարկվել: Զարուհի Սարգսյանն ամբողջությամբ մարել է 29.10.2018 թվականի թիվ ՎՏ000596 արձանագրության հաշվարկ-ծանուցմամբ իրեն առաջադրված պարտքի գումարը:

Դիմելով դատարան՝ Զարուհի Սարգսյանը պահանջել է Ընկերությունից բռնագանձել 1.382.431 ՀՀ դրամ, որից 1.029.931 ՀՀ դրամը՝ որպես «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին վճարված տուգանք, 52.500 ՀՀ դրամը՝ կապալի պայմանագրով սահմանված և վճարված գումար, 300.000 ՀՀ դրամը՝ փաստաբանի խելամիտ վարձատրության գումար։

Դատարանը բավարարել է հայցն այն պատճառաբանությամբ, որ գործի փաստերի հաշվառմամբ ապացուցվում է պատասխանող Ընկերության ոչ օրինաչափ արարքի (գործողության կամ անգործության) առկայությունը, քաղաքացիաիրավական իմաստով մեղքի առկայությունը, ինչպես նաև պատճառահետևանքային կապը ոչ օրինաչափ վարքագծի և պատճառված վնասի միջև: Դատարանն արձանագրել է, որ շինարարական աշխատանքները կատարելով տեխնիկական պայմանի խախտմամբ՝ Ընկերությունը չի պահպանել ինչպես Պայմանագրով սահմանված, այնպես էլ Կանոններով նախատեսված պահանջները, որը Դատարանի գնահատմամբ հանդիսանում է ոչ իրավաչափ վարքագիծ, և քանի որ տվյալ պարագայում շինարարական աշխատանքները կատարվել են Ընկերության կողմից՝ կապալի պայմանագրի հիման վրա, Ընկերությունն է այն սուբյեկտը, որը կրում է պատասխանատվություն շինարարական աշխատանքների պատճառով առաջացած վնասի համար։

Վերաքննիչ դատարանը բավարարել է Ընկերության վերաքննիչ բողոքը՝ բեկանել է Դատարանի 27.05.2020 թվականի վճիռը և հայցը մերժել է այն պատճառաբանությամբ, որ «(…) Զարուհի Սարգսյանը «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին առհասարակ դիմում չի ներկայացրել համապատասխան տեխնիկական պայմանն ստանալու համար։ Ավելին, վերջինս չի ներկայացրել նաև լիազորագիր, որից կհետևեր, որ լիազորել է պատասխանողին իր անունից դիմում ներկայացնելու լիազորությամբ։ (…) կապալի պայմանագրով ըստ էության նախատեսվել է շինարարական աշխատանքի իրականացումը և աշխղեկի՝ այդ աշխատանքի՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված ստանդարտներին, շինարարական նորմերին և կանոններին համապատասխանելու նկատմամբ հսկողություն իրականացնելու պարտականությունը և ոչ թե տեխնիկական պայմաններ ստանալու համար մատակարարին դիմելու պարտականությունը։

Վերաքննիչ դատարանը հարկ է համարում ընդգծել նաև, որ պատասխանողը շինարարական աշխատանքները կատարել է ժամանակին և աշխատանքի արդյունքը հանձնել հայցվորին՝ հանձնման-ընդունման ակտին համապատասխան։ Ակտը կազմելու ժամանակ պայմանագրի դրույթների խախտում արձանագրված չի եղել, իսկ ինչ վերաբերում է տեխնիկական պայմանը նախապես ստանալու պարտականություն ունենալուն, ապա ինչպես վերը նշվեց, նման պարտականություն կրում է բացառապես բաժանորդը, ով իրավասու է իր անունից ստանալ կամ լիազորել այլ անձի դիմելու և ստանալու տեխնիկական պայմանը։ Մինչդեռ, տվյալ դեպքում այդ կանոնները չեն պահպանվել, իսկ կողմերի միջև կնքված կապալի պայմանագիրը կապալառուի վրա նման պարտականություն չի դրել, հետևաբար Վերաքննիչ դատարանը բողոքաբերի փաստարկներն այս մասով համարում է հիմնավոր։

Վերոգրյալի հիման վրա Վերաքննիչ դատարանը հանգում է հետևության, որ պատասխանողը թույլ չի տվել որևէ նորմի կամ պայմանագրի որևէ դրույթի խախտում, իր պարտականություններն իրականացրել է ՀՀ օրենսդրության և կողմերի միջև կնքված պայմանագրի պահանջներին համապատասխան, ուստի բացակայում է վերջինիս կողմից դրսևորած ոչ օրինաչափ վարքագիծը։

(…) Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ բացակայում է վնասի հատուցման պայմաններից հիմնականը՝ պատասխանողի ոչ օրինաչափ վարքագիծը, համապատասխանաբար բացակայում են նաև մյուս պայմանները՝ վնասները, վնասների և ոչ օրինաչափ գործողության միջև պատճառահետևանքային կապը ու վնաս պատճառող անձի մեղքը։ Հետևաբար տվյալ դեպքում բացակայում է նաև վնասը հատուցելու պահանջի իրավաչափ հիմքը»։

Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգման հիմնավորվածությանը՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել հետևյալը։

Սույն վեճին իրավաչափ լուծում տալու տեսանկյունից անհրաժեշտ է պատասխանել այն հարցադրմանը, թե արդյոք Զարուհի Սարգսյանի մոտ վերը նշված ծախսը՝ Կանոնների 49‑րդ կետով սահմանված կարգով հաշվարկված և «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին վճարված տուգանքը ծագել է պատասխանողի՝ կապալառու Ընկերության ոչ իրավաչափ գործողության արդյունքում, այսինքն` առկա՞ է արդյոք պատասխանողի ոչ իրավաչափ վարքագիծ, պատճառահետևանքային կապ այդ վարքագծի և վնասի միջև, ինչպես նաև՝ քննարկվող իրավիճակում առկա է արդյոք պատասխանողի՝ կապալառու Ընկերության մեղքը:

Սույն գործի փաստերից հետևում է, որ Զարուհի Սարգսյանի և Ընկերության միջև, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 37-րդ գլխի դրույթներին համապատասխան, կնքվել է շինարարական կապալի պայմանագիր։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 700-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ կապալի պայմանագրով մի կողմը (կապալառուն) պարտավորվում է մյուս կողմի (պատվիրատուի) առաջադրանքով կատարել որոշակի աշխատանք և դրա արդյունքը սահմանված ժամկետում հանձնել պատվիրատուին, իսկ պատվիրատուն պարտավորվում է ընդունել աշխատանքի արդյունքը և վարձատրել դրա համար:

Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ կապալի պայմանագրի առանձին տեսակների (կենցաղային կապալ, շինարարական կապալ, նախագծային և հետազոտական աշխատանքների կապալ, պետական կարիքների համար կապալային աշխատանքներ) նկատմամբ կիրառվում են նույն պարագրաֆի [§ 1. Ընդհանուր դրույթներ կապալի մասին] դրույթները, եթե այլ բան սահմանված չէ նույն օրենսգրքի` կապալի պայմանագրի համապատասխան տեսակների մասին կանոններով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 738-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ կապալառուն, շինարարական կապալի պայմանագրով, պարտավորվում է պայմանագրում սահմանված ժամկետում պատվիրատուի առաջադրանքով կառուցել որոշակի օբյեկտ կամ կատարել շինարարական այլ աշխատանքներ, իսկ պատվիրատուն պարտավորվում է կապալառուի համար ստեղծել աշխատանքը կատարելու համար անհրաժեշտ պայմաններ, ընդունել դրա արդյունքը և վճարել պայմանավորված գինը:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ շինարարական կապալի պայմանագիրը կնքվում է շենքի (ներառյալ` բնակելի տան), շինության կամ այլ օբյեկտի շինարարության, ինչպես նաև կառուցվող օբյեկտի հետ անխզելիորեն կապված մոնտաժման, գործարկման, կարգավորիչ և այլ աշխատանքներ կատարելու համար: Շինարարական կապալի պայմանագրի կանոնները կիրառվում են նաև շենքերի և շինությունների հիմնական վերանորոգման աշխատանքների նկատմամբ, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 719-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ կապալառուի կատարած աշխատանքի որակը պետք է համապատասխանի կապալի պայմանագրի պայմաններին, իսկ պայմանագրում նման պայմանների բացակայության կամ դրանց թերի լինելու դեպքում` համապատասխան տեսակի աշխատանքներին սովորաբար ներկայացվող պահանջներին: Կատարված աշխատանքի արդյունքը պատվիրատուին հանձնելու պահին պետք է ունենա պայմանագրում նշված կամ սովորաբար առաջադրվող պահանջներով որոշվող հատկություններ և ողջամիտ ժամկետի սահմաններում պիտանի լինի պայմանագրով սահմանված օգտագործման համար, իսկ եթե նման օգտագործում չի նախատեսվել պայմանագրով, ապա` նման տեսակի աշխատանքի արդյունքի սովորական օգտագործման համար, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով, այլ իրավական ակտերով կամ պայմանագրով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 741-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ կապալառուն պարտավոր է շինարարությունը և դրա հետ կապված աշխատանքներն իրականացնել աշխատանքի ծավալը, բովանդակությունն ու դրան ներկայացվող այլ պահանջները սահմանող նախագծային փաստաթղթերին և աշխատանքի գինը որոշող նախահաշվին համապատասխան: (…):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 714-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն՝ կապալառուն պարտավոր է պատվիրատուին անհապաղ նախազգուշացնել և մինչև նրանից ցուցում ստանալը դադարեցնել աշխատանքը, եթե հայտնաբերվել են պատվիրատուի տրամադրած նյութերի, սարքավորումների, նախագծային փաստաթղթերի կամ մշակման (վերամշակման) հանձնված գույքի ոչ պիտանի կամ անպատշաճ որակի լինելը:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ կապալառուն, որը պատվիրատուին չի նախազգուշացրել նույն հոդվածի 1-ին կետում նշված հանգամանքների մասին կամ շարունակել է աշխատանքը` չսպասելով նախազգուշացման պատասխանի համար պայմանագրում նշված ժամկետի, իսկ դրա բացակայության դեպքում` ողջամիտ ժամկետի ավարտին կամ, չնայած աշխատանքները դադարեցնելու մասին պատվիրատուի ժամանակին տված ցուցումին, շարունակել է դրանք, իրավունք չունի իրեն կամ իր կողմից պատվիրատուին համապատասխան պահանջներ ներկայացնելիս վկայակոչել նշված հանգամանքները:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 718-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ պատվիրատուն պարտավոր է կապալի պայմանագրով նախատեսված ժամկետներում ու կարգով կապալառուի մասնակցությամբ զննել և ընդունել կատարված աշխատանքը (դրա արդյունքը), իսկ պայմանագրից աշխատանքի արդյունքը վատթարացնող շեղումներ կամ աշխատանքում այլ թերություններ հայտնաբերելու դեպքում` այդ մասին անհապաղ հայտնել կապալառուին:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ աշխատանքն ընդունելիս թերություններ հայտնաբերած պատվիրատուն իրավունք ունի դրանք վկայակոչել այն դեպքերում, եթե ընդունումը հաստատող ակտում կամ այլ փաստաթղթում նախատեսվել է այդ թերությունները կամ հետագայում դրանց վերացման պահանջ ներկայացնելու հնարավորությունը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 746-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ պատվիրատուն իրավունք ունի հսկողություն իրականացնել կատարվող աշխատանքների ընթացքի և որակի, դրանց կատարման ժամկետների (ժամանակացույցի) պահպանման, կապալառուի տրամադրած նյութերի որակի, (…) ինչպես նաև նախագծային փաստաթղթերի պահանջների կատարման նկատմամբ` առանց միջամտելու կապալառուի օպերատիվ տնտեսական գործունեությանը:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ պատվիրատուն, աշխատանքի կատարման նկատմամբ հսկողություն իրականացնելիս, եթե հայտնաբերել է շինարարական կապալի պայմանագրի պայմանների խախտումներ, որոնք կարող են վատթարացնել աշխատանքների որակը, կամ այլ թերություններ, պարտավոր է այդ մասին անհապաղ գրավոր հայտնել կապալառուին: Այս պարտականությունը չկատարած պատվիրատուն կորցնում է իր հայտնաբերած խախտումները հետագայում վկայակոչելու իրավունքը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 751-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ օրենքով կամ շինարարական կապալի պայմանագրով նախատեսված դեպքերում կամ, եթե դա բխում է պայմանագրով կատարվող աշխատանքի բնույթից, աշխատանքի արդյունքի ընդունմանը պետք է նախորդի նախնական փորձարկում: Այդ դեպքում ընդունումը կարող է իրականացվել միայն նախնական փորձարկման դրական արդյունքի հիման վրա:

Նույն հոդվածի 6-րդ կետի համաձայն՝ պատվիրատուն իրավունք ունի հրաժարվել աշխատանքի արդյունքն ընդունելուց, եթե հայտնաբերվել են թերություններ, որոնք բացառում են դրա օգտագործումը շինարարական կապալի պայմանագրով նախատեսված նպատակով, և կապալառուն կամ պատվիրատուն չեն կարող դրանք վերացնել:

Կանոնների 1-ին կետի համաձայն՝ նույն կանոններով սահմանվում են Մատակարարի կողմից Բաժանորդին Խմելու ջրի մատակարարման (այսուհետ` ջրամատակարարում) և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման, ինչպես նաև Մատակարարի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգին Նոր միացման հետ կապված Մատակարարի և Բաժանորդի, Մատակարարի և Դիմող անձի փոխհարաբերությունները (…):

Կանոնների 2-րդ կետի համաձայն՝ Կանոններում օգտագործվող հիմնական հասկացություններն են`

(…).

4) Մատակարար` անձ, որը Բաժանորդի հետ կնքել է Պայմանագիր, Միացման պայմանագիր կամ որին Բաժանորդը դիմել է Պայմանագրի, Միացման պայմանագրի կնքման համար.

5) Բաժանորդ` ֆիզիկական կամ իրավաբանական անձ կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կազմակերպություն, կամ անհատ ձեռնարկատեր, որը Մատակարարի հետ կնքել է Պայմանագիր կամ դիմել է Պայմանագրի կնքման համար.

6) Մատակարարի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգ` սեփականության իրավունքով, վարձակալության պայմանագրով կամ այլ իրավական հիմքով Մատակարարի տիրապետմանն ու օգտագործմանը հանձնված` Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքով սահմանված ջրամատակարարման և ջրահեռացման համակարգ: Նույն հասկացության կիրառումը հավասարապես վերաբերում է Մատակարարի և՛ ջրամատակարարման համակարգին, և՛ ջրահեռացման համակարգին.

7) Նոր միացում` Մատակարարի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգին միացում կամ կատարված միացման փոփոխություն.

8) Նոր համակարգ՝ Նոր միացման դեպքում կառուցվող ջրամատակարարման և ջրահեռացման համակարգ, որը ներառում է Մատակարարի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգից մինչև սահմանազատման կետն ընկած հատվածը և հանդիսանում է Մատակարարի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգի մաս.

9) Միացման պայմանագիր՝ Նոր միացման նպատակով Մատակարարի կողմից Նոր համակարգի կառուցման ու Մատակարարի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգին դրա միացման համար Մատակարարի և Դիմող անձի միջև Կանոններով սահմանված կարգին և ձևին համապատասխան կնքված պայմանագիր.10) Ներքին ցանց` Բաժանորդի սեփականություն հանդիսացող կամ այլ իրավական հիմքով տիրապետվող, իսկ բազմաբնակարան շենքի դեպքում նաև ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող ջրամատակարարման և ջրահեռացման համակարգ.

(…).

12) Տեխնիկական պայմաններ` Նոր միացման նպատակով Մատակարարի կողմից առաջադրվող պայմաններ, որոնք սահմանվում են` ելնելով Մատակարարի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգի թողունակության, հուսալիության, այլ անձանց իրավունքներն ու օրինական շահերը չխախտելու և Դիմող անձի Նոր միացման համար անհրաժեշտ աշխատանքները նվազագույն ծախսերով իրականացնելու պայմաններից.

13) Դիմող անձ` Մատակարարին Նոր միացման համար դիմում ներկայացրած անձ.

(…).

15) Առևտրային հաշվառքի սարք` չափագիտական մարմնի կողմից ստուգաչափված ու կապարակնքված Խմելու ջրի քանակի հաշվառքի սարք, որի նույնականացման տվյալներն ամրագրվում են Պայմանագրում.

(…)։

Կանոնների 6-րդ կետի համաձայն՝ Մատակարարի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգին Բաժանորդի Ներքին ցանցի միացման յուրաքանչյուր կետի համար, մատուցված Ծառայության հաշվառման նպատակով, Մատակարարը Կանոններով սահմանված կարգով տեղակայում է Առևտրային հաշվառքի սարք և Բաժանորդին մատուցվող Ծառայությունների մասին տվյալների պահպանման նպատակով բացում և վարում է առանձին հաշվառման քարտ իր համարանիշով (այսուհետ` հաշվառման քարտ): Հաշվառման քարտում պահպանվում են Մատակարարի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգին Բաժանորդի ներքին ցանցի միացման կետի, միացման ժամկետի, հարաչափերի, դրանց հետագա փոփոխությունների, ինչպես նաև մատուցված (վերահաշվարկված, ճշգրտված) Ծառայության քանակի և դրա դիմաց հաշվարկված գումարի, հաշվարկված տուժանքի մասին ողջ տեղեկատվությունը: (…):

Կանոնների 10-րդ կետի համաձայն՝ Նոր համակարգը, Դիմող անձի հայեցողությամբ, կառուցում է Մատակարարը կամ Դիմող անձը: (…)։

Կանոնների 11.1-ին կետի համաձայն՝ Դիմող անձի կողմից Նոր համակարգը կառուցվում է Մատակարարի տրամադրած Տեխնիկական պայմանների հիման վրա: Նոր համակարգի կառուցման աշխատանքների տեխնիկական հսկողությունը, Դիմող անձի հայեցողությամբ, իրականացնում է Մատակարարը կամ Մատակարարի պաշտոնական կայքում հրապարակված ցանկում ընդգրկված կազմակերպությունը՝ Դիմող անձի հաշվին: (…): Կառուցված Նոր համակարգի Մատակարարի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգին միացումն իրականացնում է Մատակարարը՝ Դիմող անձի հաշվին:

Կանոնների 14-րդ կետի համաձայն՝ Նոր միացման համար Դիմող անձը (…) գրավոր կամ էլեկտրոնային եղանակով դիմում է ներկայացնում Մատակարարին:

Կանոնների 21.1-ին կետի համաձայն՝ Դիմող անձի կողմից Նոր համակարգի կառուցման դեպքում Պայմանագիր կնքելու առաջարկը ներկայացվում է Դիմող անձի կողմից կառուցման աշխատանքներն ավարտելուց և կառուցված Նոր համակարգի՝ Մատակարարի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգին միացման, իսկ Մատակարարի կողմից տեխնիկական հսկողություն իրականացնելու դեպքում՝ նաև դրա հետ կապված ծախսերի հատուցումը հավաստող փաստաթղթերի պատճենը Մատակարարին ներկայացնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում: (…):

Կանոնների 22-րդ կետի համաձայն՝ Մատակարարը Պայմանագիրը կնքելու օրվանից` 5, իսկ Երևան քաղաքում 2 աշխատանքային օրվա ընթացքում սկսում է Բաժանորդի Ծառայությունների մատուցումը:

Կանոնների 29-րդ կետի համաձայն՝ (…) Նոր միացման դեպքում Բաժանորդին մատակարարված Խմելու ջրի քանակը հաշվարկվում է միայն Առևտրային հաշվառքի սարքի միջոցով:

Կանոնների 49-րդ կետի համաձայն՝ Բաժանորդի կողմից՝ դադարեցված Ծառայության վերականգնման կամ Առևտրային հաշվառքի սարքի շրջանցման (այդ թվում՝ Բաժանորդի կողմից Առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման) դեպքում Մատակարարը կազմում է խախտման մասին արձանագրություն (…) և իրականացնում Բաժանորդին մատուցված Ծառայության քանակի վերահաշվարկ (…):

Հայաստանի Հանրապետության կառավարության 01.06.2017 թվականի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունվարի 22-ի N 130-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու և խմելու ջուրը ոռոգման նպատակով օգտագործման կարգավորման, խմելու ջրի մատակարարման համակարգերից խմելու ջրի ապօրինի սպառումը և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) համակարգերի ապօրինի օգտագործումն արձանագրելու մասին» թիվ 658-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) 3-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն՝ խմելու ջրի ապօրինի սպառում է համարվում` առանց լիցենզավորված անձի կողմից համապատասխան տեխնիկական պայմանների տրամադրման ջրամատակարարման և (կամ) ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) համակարգերին ինքնակամ միացումը, ինչպես նաև առանց խմելու ջրի մատակարարման և (կամ) ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման պայմանագրի` խմելու ջրի մատակարարման և (կամ) ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայություններից օգտվելը (…).

Որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն՝ ջրամատակարարման և (կամ) ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) համակարգերից կատարված ապօրինի սպառումն արձանագրվում է լիցենզավորված անձի և ապօրինություն կատարած անձի ներկայությամբ: Փաստի վերաբերյալ կազմվում է արձանագրություն` երկու օրինակից, մեկական՝ յուրաքանչյուր կողմի համար, որոնք ստորագրվում են լիցենզավորված անձի և ապօրինություն կատարած անձի կողմից: Ապօրինություն կատարած անձի կողմից արձանագրությունն ստորագրելուց հրաժարվելու կամ արձանագրության որևէ դրույթին չհամաձայնելու դեպքում դրա մասին լիցենզավորված անձն արձանագրությունում կատարում է համապատասխան նշում` նկարագրելով պատճառները: (…):

Վերը շարադրված նորմերի համակարգային վերլուծությունից հետևում է, որ ապօրինի սպառում է համարվում նաև առանց սահմանված կարգով առևտրային հաշվառքի սարք տեղակայելու (այն շրջանցելով) խմելու ջրի մատակարարման և (կամ) ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայություններից օգտվելը կամ խմելու ջրի մատակարարման և (կամ) ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման պայմանագիր կնքված չլինելու պայմաններում խմելու ջրի մատակարարման և (կամ) ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայություններից օգտվելը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Զարուհի Սարգսյանը Երևանի Ն. Զարյան փողոցի թիվ 52/2 հասցեում իրականացվող շինարարական աշխատանքներն ավարտվելուց հետո վերոշարադրյալ Կանոնների իմաստով կրում էր «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից 03.10.2018 թվականի գրությամբ իրեն հայտնված գործողությունների իրականացման պարտականություն՝ շրջանցող ջրագիծը «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի համակարգին սահմանված կարգով միացնելու, առևտրային հաշվառքի սարք տեղակայելու և ծառայությունների մատուցման պայմանագիր կնքելու համար: Այնինչ, Զարուհի Սարգսյանը չի ձեռնարկել իր պարտականությունների կատարմանն ուղղված համապատասխան գործողություններ, ցուցաբերել է անգործություն, այսինքն՝ իրականացրել է խմելու ջրի ապօրինի սպառում՝ թույլ տալով Կանոններով սահմանված պահանջների ու Ջրամիացման և ջրահեռացման նախագծման թիվ ԷՀ2979 տեխնիկական պայմանի խախտում՝ առևտրային հաշվառքի սարքի շրջանցման եղանակով։

Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոքի այն փաստարկին, որ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի աշխատակցի կողմից արձանագրված խախտումներն Ընկերության կողմից շինարարական աշխատանքները ՀՀ օրենսդրությամբ սահմանված ստանդարտների, շինարարական նորմերի և կանոնների, Պայմանագրի 1.2 և 3.3.1 կետերի պահանջների խախտմամբ կատարելու, ինչպես նաև Ընկերության կողմից նշանակված աշխղեկի կողմից այդպիսի խախտումները չկանխելու հետևանք են, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ:

Քննարկվող պարագայում գործի նյութերով հիմնավորվել է, որ կապալառու Ընկերությունը Երևանի Ն. Զարյան փողոցի թիվ 52/2 հասցեում իրականացվող շինարարական աշխատանքներն իրականացրել է «Հաբշին Նախագիծ» ՍՊԸ-ի կողմից կազմված և «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի ու մյուս իրավասու անձանց և շահագրգիռ մարմինների հետ համաձայնեցված նախագծանախահաշվային փաստաթղթերին համապատասխան, ինչպես նաև Ջրամիացման և ջրահեռացման նախագծման թիվ ԷՀ2979 տեխնիկական պայմանի իրեն վերաբերելի պահանջների պահպանմամբ, որպիսի փաստն արձանագրվել է 19.09.2018 թվականին կազմված ու Ընկերության, տեխնիկական հսկողություն իրականացնող «Սարգիս և Մարիաննա» ՍՊԸ-ի լիազոր ներկայացուցիչների ու Զարուհի Սարգսյանի կողմից ստորագրված ակտերով, ինչպես նաև նույն ամսաթվին կազմված Հանձնման-ընդունման թիվ 01 արձանագրությամբ։

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ կապալառու Ընկերությունը որևէ պարագայում չէր կարող կրել շինարարական աշխատանքներն ավարտելուց հետո կառուցված շրջանցող ջրագիծը սահմանված կարգով «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի համակարգին միացնելուն, առևտրային հաշվառքի սարք տեղակայելուն, «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի հետ խմելու ջրի մատակարարման և (կամ) ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման պայմանագիր կնքելուն ուղղված՝ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից 03.10.2018 թվականի ծանուցմամբ Զարուհի Սարգսյանին հայտնված գործողությունները կատարելու պարտականություն։ Նշված գործողությունները կատարելու պարտականությունը և այն չկատարելու պարագայում խմելու ջրի ապօրինի սպառման համար պատասխանատվությունը տվյալ դեպքում կրում է պատվիրատուն՝ Զարուհի Սարգսյանը, առավել ևս այն պարագայում, երբ Ընկերությունը Պայմանագրով չի ստանձնել նման պարտականություն։

Ավելին, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ եթե անգամ կառուցված շրջանցող ջրագիծը սահմանված կարգի խախտմամբ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի համակարգին միացվել է Ընկերության կողմից, թեև նման փաստ արձանագրված չէ սույն գործով, պատվիրատու Զարուհի Սարգսյանը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 718-րդ հոդվածի 2-րդ կետի և 746-րդ հոդվածի 2-րդ կետի ուժով կորցրել է իր հայտնաբերած խախտումները հետագայում վկայակոչելու իրավունքից: Վճռաբեկ դատարանը հանգում է նման հետևության՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Զարուհի Սարգսյանը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 718‑րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան փաստացի օգտվել է կատարվող աշխատանքների ընթացքի, որակի և նախագծային փաստաթղթերի պահանջների կատարման նկատմամբ «Սարգիս և Մարիաննա» ՍՊԸ-ի միջոցով տեխնիկական հսկողություն իրականացնելու իրավունքից ու նման պայմաններում կրել է շինարարական կապալի պայմանագրի պայմանների խախտումներ հայտնաբերելու պարագայում այդ մասին անհապաղ կապալառուին գրավոր հայտնելու պարտականություն, սակայն ո՛չ աշխատանքների կատարման ընթացքում և ո՛չ էլ դրանց արդյունքն ընդունելիս չի հայտնել կապալառու Ընկերության կողմից կատարված ենթադրյալ ապօրինի միացման մասին (բացահայտ թերություն)՝ կորցնելով այն հետագայում մատնանշելու իրավական հնարավորությունը:

Սույն գործի նյութերի ուսումնասիրության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ աշխատանքների կատարման ընթացքում ի հայտ չեն եկել այնպիսի հանգամանքներ, որոնց պարագայում Ընկերությունը պարտավոր էր ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 714-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն անհապաղ նախազգուշացնել պատվիրատուին և մինչև նրանից ցուցում ստանալը դադարեցնել աշխատանքը։ Վճռաբեկ բողոքում վկայակոչված փաստարկն առ այն, որ այդպիսին էր տեխնիկական պայմանի բացակայությունը, Վճռաբեկ դատարանը համարում է անհիմն, քանի որ աշխատանքները կատարվել են «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից 17.08.2018 թվականին մեկ տարի ժամկետով (մինչև 17.08.2019թ.) տրամադրված Երևանի Ն. Զարյան փողոցի թիվ 52/2 հասցեով անցնող ջրագիծը շրջանցող ջրագծով Ջրամիացման և ջրահեռացման նախագծման թիվ ԷՀ2979 տեխնիկական պայմանի առկայության պայմաններում, որպիսի պարագայում տեխնիկական պայմանի բացակայության մասին պատվիրատուին նախազգուշացնելու և մինչև նրանից ցուցում ստանալն աշխատանքը դադարեցնելու պարտականություն Ընկերության մոտ չի ծագել։

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ընկերությունը թույլ չի տվել ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջների կամ Պայմանագրի որևէ դրույթի խախտում, ուստի բացակայում է վերջինիս կողմից դրսևորած ոչ օրինաչափ վարքագիծը։ Համապատասխանաբար բացակայում է մյուս պայմանների՝ վնասի, վնասի և ոչ օրինաչափ գործողության միջև պատճառահետևանքային կապի ու վնաս պատճառող անձի մեղքի առկայությունը քննարկելու անհրաժեշտությունը։ Հետևաբար, տվյալ դեպքում բացակայում է նաև վնասը հատուցելու պահանջի իրավաչափ հիմքը։

 

Ամփոփելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար չէ Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու համար, քանի որ Վերաքննիչ դատարանը, Դատարանի վճիռը բեկանելու և փոփոխելու արդյունքում հայցը մերժելով, կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող եզրափակիչ դատական ակտ: Հետևաբար, սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված՝ վճռաբեկ բողոքը մերժելու և ստորադաս դատարանի դատական ակտն օրինական ուժի մեջ թողնելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը: Միաժամանակ նկատի ունենալով, որ Վերաքննիչ դատարանի` գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտը թերի է պատճառաբանված` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն պետք է թողնել անփոփոխ՝ սույն որոշման պատճառաբանություններով:

 

Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հիմնավորվում են վերոգրյալ պատճառաբանություններով:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն գլխի [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլուխ] կանոններին համապատասխան:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ Զարուհի Սարգսյանի կողմից վճռաբեկ բողոքի համար պետական տուրքը վճարված լինելու պարագայում պետական տուրքի հարցը պետք է համարել լուծված` նկատի ունենալով, որ վերջինիս վճռաբեկ բողոքը ենթակա է մերժման:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այլ դատական ծախսերի վերաբերյալ պահանջ ներկայացված չլինելու պատճառաբանությամբ այդ ծախսերի հարցը պետք է համարել լուծված։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել։ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.10.2020 թվականի որոշումը թողնել օրինական ուժի մեջ՝ սույն որոշման պատճառաբանություններով։

2. Դատական ծախսերի հարցը համարել լուծված։

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող

Ա ՄԿՐՏՉՅԱՆ

Զեկուցող

Ս. Մեղրյան

Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 մայիսի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան