Գլխավոր տեղեկություն
Համար
N 142-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.05.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.05.13-2024.05.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.05.2024
Ընդունող մարմին
Երևան քաղաքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
14.05.2024
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
14.05.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.05.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

14 մայիսի 2024 թ.

N 142-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 44-Ն ԵՎ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 45-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածով՝

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի «Երևան համայնքում 2024 թվականի տեղական տուրքերի գծով արտոնություններ սահմանելու մասին» N 44-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները՝

1) Որոշման 1-ին կետից հետո լրացնել նոր 1.1-ին կետ՝ հետևյալ բովանդակությամբ.

«1.1. Երևան համայնքի ենթակայությամբ գործող պետական և համայնքային ուսումնական հաստատությունների կառուցման և վերակառուցման համար՝

1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան` Երևանի վարչական տարածքում շինարարության թույլտվության համար 2024 թվականի համար սահմանված տեղական տուրքի դրույքաչափի նկատմամբ կիրառվում է արտոնություն՝ տեղական տուրքի դրույքաչափի նկատմամբ զրոյական դրույքաչափի կիրառմամբ,

2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան Երևանի վարչական տարածքում շինարարության թույլտվության ժամկետների երկարաձգման յուրաքանչյուր տարվա (այդ թվում՝ ոչ ամբողջական) համար 2024 թվականի համար սահմանված տեղական տուրքի դրույքաչափի նկատմամբ կիրառվում է արտոնություն՝ տեղական տուրքի դրույքաչափի նկատմամբ զրոյական դրույքաչափի կիրառմամբ:».

2) Որոշման 4.5-րդ կետից հետո լրացնել նոր 4.6-րդ և 4.7-րդ կետեր՝ հետևյալ բովանդակությամբ.

«4.6. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան` Երևանի վարչական տարածքում տրամադրված շինարարության թույլտվության հիման վրա իրականացվող շինարարական աշխատանքների կատարման ընթացքում օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված նախագծային փաստաթղթերում պետական մարմնի կամ համապատասխան որակավորում ունեցող անձի եզրակացության հիման վրա փոփոխություններ կատարելու անհրաժեշտությամբ պայմանավորված շինարարական աշխատանքների կասեցման օրվանից մինչև նախագծային փաստաթղթերում համապատասխան փոփոխություններ կատարելու օրն ընկած ժամանակահատվածում շինարարության թույլտվության ժամկետների երկարաձգման համար սահմանված տեղական տուրքի դրույքաչափի նկատմամբ կիրառվում է արտոնություն` տեղական տուրքի դրույքաչափի նկատմամբ զրոյական դրույքաչափի կիրառմամբ:

4.7. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան Երևանի վարչական տարածքում բազմաբնակարան շենքերի և շինությունների շինարարության թույլտվության ժամկետների 1 անգամ և մինչև 5 ամիս ժամկետով երկարաձգման համար 2024 թվականի համար սահմանված տեղական տուրքի դրույքաչափի նկատմամբ կիրառվում է արտոնություն՝ տեղական տուրքի դրույքաչափի նկատմամբ զրոյական դրույքաչափի կիրառմամբ, եթե կառուցապատողը մինչև սույն որոշման ուժի մեջ մտնելը դատարանի օրինական ուժի մեջ դատական ակտով ճանաչվել է սնանկ: Սույն կետով սահմանված արտոնության կիրառման համար հիմք է կառուցապատողին սնանկ ճանաչելու մասին օրինական ուժի մեջ մտած դատական ակտը:»:

2. Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի «Երևան համայնքում 2024 թվականի տեղական վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին» N 45-Ն որոշման 1-ին կետի 10.3-րդ ենթակետից հետո լրացնել նոր 10.4-րդ ենթակետ՝ հետևյալ բովանդակությամբ.

«10.4) Երևան քաղաքի վարչական տարածքում Երևան համայնքի ենթակայությամբ գործող պետական և համայնքային ուսումնական հաստատությունների համար՝ Երևանի քաղաքի ավագանու որոշմամբ սահմանված՝

ա. Երևան համայնքի վարչական տարածքում գտնվող հողամասերի սահմանների ճշտման և (կամ) հողհատկացման հիմքերի վերականգնման դեպքերում (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողամասերի) փաստաթղթերի (փաթեթի) նախապատրաստման համար 2024 թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ կիրառվում է արտոնություն՝ տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ զրոյական դրույքաչափի կիրառմամբ.

բ. նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք) կազմելու, ինչպես նաև նախագծման թույլտվության (ճարտարապետահատակագծային առաջադրանք) փոփոխություն կատարելու (շենքի կամ շինության ծավալների ավելացում նախատեսող նոր նախագծման թույլտվություն կազմելու) համար 2024 թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ կիրառվում է արտոնություն՝ տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ զրոյական դրույքաչափի կիրառմամբ:»:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Երևանի քաղաքապետ`

Տ. Ավինյան

 

2024 թ. մայիսի 14

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 մայիսի 2024 թվական: