Գլխավոր տեղեկություն
Համար
N 758-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.05.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.05.13-2024.05.26 Պաշտոնական հրապարակման օրը 24.05.2024
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.05.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.05.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.05.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 մայիսի 2024 թվականի N 758-Ն

 

ՎԱՅՐԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ՝ ԱԶԱՏ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՎԵՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի «գ4» կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել վայրի կենդանիների՝ ազատ պայմաններում վերաբնակեցման կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան


24.05.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2024 թվականի

մայիսի 23-ի N 758-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՎԱՅՐԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ՝ ԱԶԱՏ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՎԵՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետությունում վայրի կենդանիների՝ ազատ պայմաններում վերաբնակեցման հետ կապված հարաբերությունները:

2. Վերաբնակեցումը (այսուհետ՝ վերաբնակեցում) մի գործընթաց է, որի նպատակը Հայաստանի Հանրապետության տարածքում հանդիպող կենդանատեսակի վերադարձն է իր կենսամիջավայր՝ պոպուլյացիայի վերականգնման կամ համալրման նպատակով:

3. Վերաբնակեցումն իրականացվում է համաձայն յուրաքանչյուր կենդանական տեսակի համար կազմված վերաբնակեցման ծրագրի (այսուհետ՝ ծրագիր), ինչը պետք է պարտադիր ներառի սույն կարգի 5-րդ կետով սահմանված պահանջները: Ծրագիրը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության կենդանական աշխարհի պահպանության, պաշտպանության, օգտագործման և վերարտադրության բնագավառում պետական լիազորված մարմին (այսուհետ՝ լիազորված մարմին), որի համար Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի 2024 թվականի ապրիլի 3-ի N 113-Ն հրամանով սահմանված կարգով տրամադրվում է թույլտվու-թյուն (այսուհետ՝ թույլտվություն):

4. Ծրագիրը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի 2023 թվականի մարտի 27-ի N 111-Ն հրամանով սահմանված կարգով անազատ և կիսաազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիներ պահելու թույլտվություն ունեցող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից։

5. Ծրագիրը պարտադիր ներառում է՝

1) վերաբնակեցվող կենդանական տեսակի (հայերեն՝ առկայության դեպքում և լատիներեն անվանումները), առանձնյակների քանակի, սեռի, հնարավորության դեպքում՝ տարիքի վերաբերյալ տեղեկատվությունը.

2) «Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածով սահմանված սուբյեկտների կողմից վերաբնակեցման ենթակա տարածքի կենսամիջավայրի ներկա վիճակի և ներուժի գնահատումը՝ ներառյալ նախատեսվող վերաբնակեցման տարածքում իրականացված գիտական ուսումնասիրությունների, տվյալ տարածքում վերաբնակեցվող կենդանական տեսակի առկայության, գիտական գրականության մեջ առկա (եթե նախկինում հանդիպել է և ներկայումս չի հանդիպում) համապատասխան տեղեկատվության, ինչպես նաև առկայության դեպքում վերջին՝ մինչև 10 տարիների ընթացքում կատարված կենդանական աշխարհի մոնիթորինգի տվյալները.

3) վերաբնակեցման արդյունքում հնարավոր ռիսկերի գնահատումը և վերլուծությունը՝ յուրաքանչյուր կենդանական տեսակի առանձնահատկություններով պայմանավորված՝ ներառյալ սոցիալական, տնտեսական, բնապահպանական և առողջապահական հարցերը՝ հաշվի առնելով կենդանական տեսակների պահպանության, կենսաանվտանգության, կենդանուց կենդանուն, ինչպես նաև կենդանուց մարդուն բազմաթիվ հիվանդությունների փոխանցման ռիսկերը և խնդիրները.

4) ծրագրի ֆինանսական գնահատականը, ֆինանսավորման աղբյուրը և ծախսերի բացվածքը.

5) վերաբնակեցման տարածքում բնություն վերադարձված առանձնյակների հարմարվողականության, վարքագծի, թվաքանակի փոփոխությունների, ինչպես նաև մարդածին և բնական ազդեցությունների գնահատման նպատակով մոնիթորինգի պլանը՝ ներառյալ դրա ֆինանսավորման չափի և ֆինանսավորման աղբյուրի, ինչպես նաև իրականացնող մասնագիտացված կառույցի մասին տեղեկատվությունը: Իրականացնող մասնագիտական կառույց է հանդիսանում այն իրավաբանական անձը, որի կանոնադրությամբ սահմանված գործունեության առարկան կամ նպատակները ներառում են կենդանական աշխարհի օբյեկտների ուսումնասիրությունը, կամ որոնք պայմանագրեր են կնքել կենդանական աշխարհի օբյեկտների ուսումնասիրության ոլորտում մասնագիտական որակավորում ունեցող անձանց հետ (ներառյալ աշխատանքային պայմանագրերը), կամ այն ֆիզիկական անձը, ով ունի ոլորտում համապատասխան մասնագիտական որակավորում.

6) բաց թողնման վայրերի ընտրության գործընթացում մարզպետի աշխատակազմի և տեղական ինքնակառավարման մարմինների քննարկման դրական արդյունքները, ինչպես նաև ոլորտի հասարակական և դաշտում գործող միջազգային կազմակերպությունների ծրագրի քննարկման մասնակցության առաջարկությունները.

7) վերաբնակեցման ծրագրի վերաբերյալ «Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի առաջին մասի «ա» կամ «բ» ենթակետերով սահմանված սուբյեկտներից որևէ մեկի կողմից տրամադրված դրական եզրակացությունը:

6. Սույն կարգի 5-րդ կետի 5-րդ ենթակետով սահմանված մոնիթորինգՆ իրականացվում է լիազորված մարմնի կողմից սահմանված կարգով, ինչը հաստատվում է թուլտվություն տրամադրելուց հետո 3-ամսյա ժամկետում:

7. Վերաբնակեցման ծրագրի շրջանակներում վայրի կենդանիների վերաբնակեցման գործընթացը համակարգվում է աշխատանքային խմբի կողմից, որի կազմը և աշխատակարգը հաստատվում է լիազորված մարմնի կողմից՝ թույլտվություն տրամադրելուց հետո երկամսյա ժամկետում:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան


24.05.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 մայիսի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան