ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի որոշում |
Վարչական գործ թիվ ՎԴ/1545/05/10 2024 թ. |
Վարչական գործ թիվ ՎԴ/1545/05/10 |
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող |
հ. ԲԵԴևՅԱՆ | |
զեկուցող |
Ռ. հակոբյան | |
ա. Թովմասյան Լ. հակոբյան |
2024 թվականի ապրիլի 05-ին
գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 03․11․2010 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու վերաբերյալ Երվանդ, Նաիրա, Վարդանուշ, Սերոժ, Վարսենիկ, Համբարձում Նալթակյանների, Արթուրիկ, Նիկոլայ, Լևոն, Հրանուշ Առուստամյանների, Ռադիկ, Արշալույս, Մեխակ, Ռուդոլֆ Աբրահամյանների, Գուրգեն Ղազարյանի, Սասուն Միքայելյանի, Արկադի Բադալյանի, Ալեքսան Թավաքալյանի, Գրիշա Սահակյանի (այսուհետ՝ Դիմումատուներ) վճռաբեկ բողոքը (դիմումը)` վարչական գործով ըստ հայցի Երվանդ Յուրիկի Նալթակյանի, Յուրիկ Համբարձումի Նալթակյանի, Տոնիկ Բագրատի Նալթակյանի, Նաիրա Խորենի Նալթակյանի, Խորեն Յուրիկի Նալթակյանի, Նիկոլայ Լևոնի Առուստամյանի, Ժենյա Արշակի Առուստամյանի, Նունիկ Հրաչի Շահինյանի, Արսեն Շահենի Շահինյանի, Շահեն Արտուշի Շահինյանի, Աննա Շահենի Շահինյանի, Արզուման Սամվելի Դաբաղյանի, Վարդուշ Վլադիմիրի Նալթակյանի, Լյովա Յուրիկի Սամսոնյանի, Արթուրիկ Նիկոլայի Առուստամյանի, Նիկոլայ Արտուրի Առուստամյանի, Լևոն Արթուրի Առուստամյանի, Ռադիկ Մեխակի Աբրահամյանի, Արշալույս Հայրապետի Աբրահամյանի, Մեխակ Արտավազդի Աբրահամյանի, Հայկազ Համայակի Ղազարյանի, Գուրգեն Հայկազի Ղազարյանի, Սասուն Մեխակի Միքայելյանի, Մարգուշ Արշակի Բադալյանի, Արկադի Սերգեյի Բադալյանի, Ալեքսան Արմենի Թավաքալյանի, Հրանուշ Շահենի Առուստամյանի, Խաչիկ Գուրգենի Պողոսյանի, Արմեն Խաչիկի Պողոսյանի, Մանուշակ Խաչիկի Պողոսյանի, Վարսենիկ Խորենի Նալթակյանի, Արևշատ Երանոսի Ավագյանի, Մհեր Արևշատի Ավագյանի, Խորանուհի Սուրենի Ավագյանի, Սերոժ Խորենի Նալթակյանի, Գրիշա Զավենի Սահակյանի, Գայանե Թորգոմի Գալուստյանի, Արթուր Արտուշի Գալուստյանի, Արտյոմ Արթուրի Գալուստյանի, Հորիզոն Արամի Մովսիսյանի, Համբարձում Երվանդի Նալթակյանի (այսուհետ` Հայցվորներ) ընդդեմ ՀՀ կառավարության` ՀՀ կառավարության 25.02.2010 թվականի «ՀՀ Կոտայքի մարզի Արտավազի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքներում բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մասին» թիվ 241-Ն որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան Հայցվորները պահանջել են անվավեր ճանաչել ՀՀ կառավարության 25.02.2010 թվականի «ՀՀ Կոտայքի մարզի Արտավազի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքներում բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մասին» թիվ 241-Ն որոշումը։
ՀՀ վարչական դատարանի (նախագահող դատավոր՝ Ա․ Առաքելյան, դատավորներ՝ Ք․ Մկոյան, Ա․ Սարգսյան, Ա․ Միրզոյան, Ռ․ Սարգսյան) (այսուհետ՝ Դատարան) 14․09․2010 թվականի որոշմամբ հայցը մերժվել է։
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 03․11․2010 թվականի որոշմամբ Դատարանի 14․09․2010 թվականի որոշման դեմ Երվանդ, Յուրիկ, Տոնիկ,Նաիրա, Վարդուշ, Խորեն, Վարսենիկ, Համբարձում Նալթակյանների, Նիկոլայ, Ժենյա, Արթուրիկ, Նիկոլայ, Լևոն, Հրանուշ Առուստամյանների, Արզուման Դաբաղյանի, Ռադիկ, Արշալույս, Մեխակ Աբրահամյանների, Հայկազ, Գուրգեն Ղազարյանների, Սասուն Միքայելյանի ներկայացուցիչ Հակոբ Աբագումյանի, Մարգուշ, Արկադի Բադալյանների, Ալեքսան Թավաքալյանի, Գրիշա Սահակյանի բերած վճռաբեկ բողոքը վերադարձվել է:
Սույն գործով նոր հանգամանքի հիմքով վճռաբեկ բողոք (դիմում) են ներկայացրել Դիմումատուները (ներկայացուցիչ՝ Մարիամ Ղուլյան)։
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի (դիմումի) հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը (դիմումը) քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
Սույն գործով առկա է նոր հանգամանք:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.
Սույն գործով նոր հանգամանք է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ Եվրոպական դատարան) Նալթակյանը և այլք ընդդեմ Հայաստանի (գանգատ թիվ 30312/11) գործով 04.07.2023 թվականի վճիռը, որով հիմնավորվել է, որ թույլ է տրվել «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում:
Մասնավորապես, Եվրոպական դատարանի վճռով արձանագրվել է հետևյալը․ «(․․․) ավելի ցածր ատյանի դատարանի որոշումը քննության առնելու միակ և վերջնական ատյանը հանդիսացող Վճռաբեկ դատարանի կողմից Դիմումատուների վճռաբեկ բողոքում ներկայացված փաստարկները ձևական պահանջների հիման վրա այսպես մերժելը, որը, ինչպես դիմումատուներն են պնդել, չէր անդրադարձել իրենց հիմնական փաստարկներին, սահմանափակել էր դատական վերանայման մատչելիության իրենց իրավունքն այն ձևով և այնքանով, որ խախտվել էր դատարան դիմելու իրավունքի բուն էությունը, (․․․), հետևաբար տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում»։
Այսպիսով, Եվրոպական դատարանի 04․07․2023 թվականի վճիռը հիմք է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 03․11․2010 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը վերանայելու և ստորադաս դատարանի դատական ակտը բեկանելու համար:
Վերոգրյալի հիման վրա՝ բողոք բերած անձինք պահանջել են նոր հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 03․11․2010 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը և գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան՝ նոր քննության։
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստը.
1) Եվրոպական դատարանը 04․07․2023 թվականի (գանգատ թիվ 30312/11) վճռով բավարարել է Երվանդ Նալթակյանի և մյուսների գանգատն ընդդեմ Հայաստանի Հանրապետության և արձանագրել, որ սույն գործով առկա է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում՝ ամրագրելով, որ սահմանափակվել է դատական վերանայման մատչելիության իրենց իրավունքը այն ձևով և այնքանով, որ խախտվել է դատարան դիմելու իրավունքի բուն էությունը (Նալթակյանը և այլք ընդդեմ Հայաստանի գործով (գանգատ թիվ 30312/11) Եվրոպական դատարանի 04․07․2023 թվականի վճիռը ներկայացվել է բողոքին կից):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով՝ նույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում` պայմանավորված նոր հանգամանքի առկայությամբ, որը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով․
Կոնվենցիայի 1-ին հոդվածի համաձայն` Բարձր պայմանավորվող կողմերն իրենց իրավազորության ներքո գտնվող յուրաքանչյուրի համար ապահովում են այն իրավունքներն ու ազատությունները, որոնք սահմանված են Կոնվենցիայի 1-ին բաժնում:
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք (...):
Կոնվենցիայի 41-րդ հոդվածի համաձայն` եթե դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել։
Կոնվենցիայի 46-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` Բարձր պայմանավորվող կողմերը պարտավորվում են կատարել դատարանի վերջնական վճիռները ցանկացած գործի վերաբերյալ, որոնցում նրանք կողմեր են: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` դատարանի վերջնական վճիռն ուղարկվում է Նախարարների կոմիտե, որը վերահսկողություն է իրականացնում դրա կատարման նկատմամբ:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն օրենսգրքով սահմանված կարգով օրինական ուժի մեջ մտած վճիռները և որոշումները կարող են վերանայվել նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` նոր հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե` Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրի հիման վրա գործող միջազգային դատարանի` ուժի մեջ մտած վճռով կամ որոշմամբ հիմնավորվել է անձի` Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերաքննիչ և վճռաբեկ դատարանների` օրինական ուժի մեջ մտած որոշումները վերանայում է վճռաբեկ դատարանը։
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անհրաժեշտ համարելով անդրադառնալ Եվրոպական դատարանի կողմից կայացված վճռով կոնվենցիոն իրավունքի խախտում հայտնաբերելու դեպքում տվյալ գործով կողմ համարվող պետության կողմից վճռի կատարման առնչությամբ ծագող իրավական պարտավորությունների բնույթին ու բովանդակությանը, արձանագրել է, որ Եվրոպական դատարանի վճիռները կատարելու պարտավորությունը, նախևառաջ, բխում է Կոնվենցիայի 1-ին հոդվածից, որով սահմանվում է իրենց իրավազորության ներքո գտնվող յուրաքանչյուր անձի համար Կոնվենցիայի 1-ին բաժնում սահմանված իրավունքներն ու ազատություններն ապահովելու` Բարձր պայմանավորվող կողմերի պարտականությունը։ Բացի այդ, Կոնվենցիան 46-րդ հոդվածով հստակ սահմանվել է, որ Կոնվենցիայի անդամ պետությունը պարտավոր է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի վերահսկողությամբ կատարել Եվրոպական դատարանի այն վճիռները, որոնք կայացվել են տվյալ պետության` որպես կողմ հանդես եկած գործերով: Այնուամենայնիվ, Եվրոպական դատարանի վճռի կատարման հետ կապված պետության կոնկրետ պարտականությունների բովանդակությունը Կոնվենցիայով հստակ ամրագրված չէ. այն բացահայտվել է Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի միջոցով։
Այսպես, Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն` վճիռը, որով Եվրոպական դատարանը խախտում է արձանագրում, պատասխանող պետության համար սահմանում է իրավաբանական պարտավորություն, որը ոչ միայն վերաբերում է շահագրգիռ անձանց արդարացի փոխհատուցում վճարելուն, այլ նաև ենթադրում է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի վերահսկողությամբ ընդհանուր և (կամ), անհրաժեշտության դեպքում, անհատական միջոցների կիրառում, որոնց ձեռնարկումն անհրաժեշտ է ներպետական իրավական համակարգում Եվրոպական դատարանի արձանագրած խախտումները դադարեցնելու և դրանց հետևանքները հնարավորինս վերացնելու համար: Բացի այդ, պետությունն ազատ է Նախարարների կոմիտեի վերահսկողությամբ Կոնվենցիայի 46-րդ հոդվածով ստանձնած իր պարտավորությունների կատարման միջոցների ընտրության հարցում` պայմանով, որ դրանք համատեղելի լինեն Եվրոպական դատարանի վճռի մեջ տեղ գտած եզրակացությունների հետ (տե՛ս, Scozzari and Giunta v. Italy գործով Եվրոպական դատարանի 13.07.2000 թվականի վճիռը, կետ 249)։
Նույն որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է նաև, որ Եվրոպական դատարանի վճռի կատարմանն ուղղված անհատական միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ Կոնվենցիայի մասնակից պետությունների վրա դրվող միջազգային իրավական պարտավորությունը բովանդակային առումով ունի եռաստիճան կառուցվածք և ներառում է միմյանց հետ փոխկապված հետևյալ երեք իրավական պահանջները.
1. Եվրոպական դատարանի կողմից սահմանված արդարացի փոխհատուցումը վճարելու պարտավորությունը,
2. կոնվենցիոն իրավունքի շարունակվող խախտումը դադարեցնելու պարտավորությունը,
3. restitutio in integrum սկզբունքից բխող` մինչև խախտումը գոյություն ունեցած դրությունը հնարավորինս վերականգնելու պարտավորությունը։
Բացի այդ, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ Եվրոպական դատարանի վճռի կատարման նպատակով պետության կողմից ձեռնարկվող անհատական միջոցները հասցեագրված են դիմումատուին, կիրառվում են Կոնվենցիայի խախտման հետևանքով դիմումատուի կրած բացասական հետևանքների վերացման և, վերջին հաշվով, մինչև խախտումը եղած դրության հնարավորինս վերականգնման (միջազգային իրավունքի հանրաճանաչ restitսtiօ in integrսm սկզբունք) նպատակով: Միևնույն ժամանակ restitutio in integrum իրականացնելը կարող է հնարավոր չլինել` ելնելով կոնկրետ գործի հանգամանքներից, որպիսի պարագայում կոնվենցիոն իրավունքի խախտումից տուժած անձի կրած բացասական հետևանքները վերացվում են` հիմնվելով տվյալ խախտումն արձանագրած Եվրոպական դատարանի վճռի և վերջինիս նախադեպային իրավունքի վրա։
Այսպես, Եվրոպական դատարանն իր նախադեպային իրավունքում արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ վճիռը, որով Եվրոպական դատարանն արձանագրել է իրավունքի խախտում, պատասխանող պետությանը պարտավորեցնում է դադարեցնել իրավախախտումը և դրա հետևանքների դիմաց հատուցել այնպես, որ հնարավորինս վերականգնվի մինչև իրավախախտումը գոյություն ունեցած վիճակը: Իսկ այն դեպքում, երբ restitutiօ in integrum սկզբունքի իրականացումը գործնականում հնարավոր չէ, ապա պատասխանող պետությունն ազատ է վճիռը կատարելու միջոցների ընտրության հարցում (տե՛ս, Papamichalopoulos and others v. Greece գործով Եվրոպական դատարանի 31.10.1995 թվականի վճիռը, կետ 34, Selçuk and Asker v. Turkey գործով Եվրոպական դատարանի 24.04.1998 թվականի վճիռը, կետ 125):
ՀՀ վճռաբեկ դատարանը նաև փաստել է, որ միջազգային իրավական պատասխանատվության առաջնային և հիմնարար restitutio in integrum սկզբունքը ենթադրում է մինչև խախտումը գոյություն ունեցած դրության հնարավորինս վերականգնումը և քննարկվող իրավահարաբերությունների շրջանակում ընդգրկում է, inter alia, հետևյալ միջոցառումները.
- դիմումատուին առնչվող գործի վերաբացում, վերաքննություն,
- Կոնվենցիայի խախտման հանգեցնող որոշման չկատարում,
- Կոնվենցիայի խախտմամբ մերժված իրավական կարգավիճակի տրամադրում և այլն (տե´ս, Օլգա Գասպարյանն ընդդեմ Կանդրանով Ամիրխանյանի և մյուսների թիվ ԵԷԴ/0299/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2017 թվականի որոշումը)։
Ինչ վերաբերում է Եվրոպական դատարանի վճռով խախտում հայտնաբերվելու դեպքում տվյալ գործով պետության կողմից ձեռնարկվող կոնկրետ միջոցներին, ապա Եվրոպական դատարանի Մեծ պալատի ձևավորած նախադեպային իրավունքի համաձայն` պատասխանատու պետությունից պահանջվող միջոցառումները կախված են կոնկրետ գործի հանգամանքներից և պետք է սահմանվեն գործի վերաբերյալ Եվրոպական դատարանի կայացրած վճռի լույսի ներքո` հաշվի առնելով նաև Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը (տե՛ս, Öcalan v. Turkey գործով Եվրոպական դատարանի 12.05.2005 թվականի վճիռը, կետ 210)։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված է Եվրոպական դատարանի կողմից կոնվենցիոն իրավունքի խախտում հայտնաբերվելու դեպքում նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման հնարավորությունը, որը բխում է կոնվենցիոն իրավունքի խախտման դեպքում պետության կողմից անհատական միջոցառումներ ձեռնարկելու միջազգային-իրավական պարտավորությունից։ Մասնավորապես` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի բովանդակությունից բխում է, որ անձի` Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը, որը հիմնավորվել է Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի` ուժի մեջ մտած վճռով կամ որոշմամբ, հիմք է դատական ակտը նոր հանգամանքի հիմքով վերանայելու համար։
ՀՀ սահմանադրական դատարանը, 31.05.2013 թվականի թիվ ՍԴՈ-1099 և 18.09.2013 թվականի թիվ ՍԴՈ-1114 որոշումներում անդրադառնալով նոր հանգամանքների հիմքով դատական ակտերի վերանայման ինստիտուտին, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ տվյալ ինստիտուտի սահմանադրաիրավական բովանդակությունը հանգում է նրան, որ դրա միջոցով ապահովվում է խախտված սահմանադրական և (կամ) կոնվենցիոն իրավունքների վերականգնումը: Վերջինս, իրավական պետության հիմնարար սկզբունքներից ելնելով, պահանջում է խախտման արդյունքում տուժողի համար առաջացած բացասական հետևանքների վերացում, ինչն իր հերթին պահանջում է հնարավորինս վերականգնել մինչև իրավախախտումը գոյություն ունեցած վիճակը (restitutio in integrum): Այն դեպքում, երբ անձի սահմանադրական և (կամ) կոնվենցիոն իրավունքը խախտվել է օրինական ուժի մեջ մտած դատական ակտով, այդ իրավունքի վերականգնման նպատակով մինչև իրավախախտումը գոյություն ունեցած վիճակի վերականգնումը ենթադրում է տվյալ անձի համար այնպիսի վիճակի ստեղծում, որը գոյություն է ունեցել տվյալ դատական ակտի բացակայության պայմաններում: Այսինքն` խնդրո առարկա դեպքում խախտված իրավունքի վերականգնումը հնարավոր է ապահովել համապատասխան դատական ակտի իրավական ուժը կորցնելու պարագայում: Բացի այդ, ՀՀ սահմանադրական դատարանը նշել է նաև, որ նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայումն անխուսափելիորեն պետք է ipso facto հանգեցնի հակասահմանադրական նորմ կիրառած դատական ակտի և կոնվենցիոն իրավունքի խախտում թույլ տված դատական ակտի բեկանմանը:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 19.01.2000 թվականի «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների հիման վրա ներպետական մակարդակում որոշ գործերի վերաքննության կամ վերաբացման մասին» թիվ R (2000)2 հանձնարարականը, անդրադառնալով restitսtiօ in integrսm սկզբունքի արդյունավետ երաշխավորման միջոցներին, դրանց թվում մատնանշում է գործի վերաքննությունը, նոր քննությունը, իսկ որպես գործի վերաքննության հատուկ միջոց է դիտարկվում գործի նորոգումը, այն է` գործի վարույթի վերաբացումը: Վերոնշյալ հանձնարարականի համաձայն` անհատական միջոցառումների ձեռնարկումը, մասնավորապես` գործի վերաբացումը, անհրաժեշտ է հետևյալ երկու պայմանների միաժամանակյա առկայության դեպքում, ինչի պարագայում գործի վերաբացման անհրաժեշտությունը գերակայում է իրավական որոշակիության սկզբունքի մաս կազմող` դատական ակտերի վերջնական լինելու res judicata սկզբունքի նկատմամբ.
1) նյութական կամ դատավարական իրավունքի խախտումը պետք է իր բնույթով լինի այնպիսին, որ լուրջ կասկած հարուցի ներպետական մարմիններում բողոքարկման առարկա վարույթի ելքի արդյունքների կապակցությամբ,
2) դիմումատուն պետք է շարունակի կրել խնդրո առարկա վարույթի ելքը որոշող դատական ակտի բացասական հետևանքները, որոնք բավարար չափով չեն վերականգնվում արդարացի փոխհատուցմամբ և չեն կարող վերացվել այլ կերպ, քան տվյալ դատական ակտի վերանայմամբ կամ գործի վերաբացմամբ։
Ընդհանրացնելով վերոգրյալ իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ խախտված կոնվենցիոն իրավունքների վերականգնման պարտավորությունը, իրավական պետության հիմնարար սկզբունքներից ելնելով, պահանջում է խախտման արդյունքում տուժողի համար առաջացած բացասական հետևանքների վերացում։ Ընդ որում, պատասխանատու պետությունից պահանջվող միջոցառումները կախված են կոնկրետ գործի հանգամանքներից և պետք է սահմանվեն տվյալ գործով Եվրոպական դատարանի կայացրած վճռի լույսի ներքո` հաշվի առնելով նաև Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը։ Հետևաբար, Եվրոպական դատարանի Նալթակյանը և այլք ընդդեմ Հայաստանի գործով կայացված վճռով Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում արձանագրելու պայմաններում, ներպետական դատարանների կողմից խախտված կոնվենցիոն իրավունքի վերականգնման միջոցների մեջ նախապատվությունը պետք է տրվի մինչև իրավունքի խախտումը գոյություն ունեցած վիճակը վերականգնելուն (restitutio in integrum), որն իրականացվում է նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման միջոցով:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործը հարուցվել է Հայցվորների հայցի հիման վրա, որով վերջիններս պահանջել են անվավեր ճանաչել` Հայաստանի Հանրապետության կառավարության 25.02.2010 թվականի «ՀՀ Կոտայքի մարզի Արտավազի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքներում բացառիկ գերակա հանրային շահ ճանաչելու մասին» թիվ 241-Ն որոշումը։
Դատարանը 14․09․2010 թվականի որոշմամբ հայցը մերժել է այն պատճառաբանությամբ, որ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010թ. փետրվարի 25-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Արտավազի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքներում բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մասին» թիվ 241-Ն որոշմամբ Արտավազի գյուղական համայնքի քաղաքացիների uեփականությունը հանդիuացող` 95.87549 հեկտար գյուղատնտեuական նշանակության հողերի նկատմամբ ճանաչվել է բացառիկ` գերակա հանրային շահ` ելնելով Հայաuտանի Հանրապետության Կոտայքի մարզում քաղցրահամ և հանքային ջրերի արդյունահանման ու շշալցման գործարանի կառուցման վերաբերյալ ներդրումային առաջարկի իրականացման անհրաժեշտությունից։
Նույն որոշման համաձայն` ներդրումային առաջարկի իրականացումը նպատակաուղղված է Հայաuտանի Հանրապետության տարածքային համաչափ զարգացման ապահովմանը, որը կարևոր ռազմավարական նշանակություն ունի երկրի uոցիալ-տնտեuական զարգացման համար։
ՀՀ կառավարության 25.02.2010թ. թիվ 241-Ն վիճարկվող որոշումը որպես բացառիկ` գերակա հանրային շահի հիմնավորում` որոշմամբ հիմք է ընդունվել հետևյալը`
- ներդրումային առաջարկի իրականացման շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատերերի շահերից, քանի որ ներդրումային առաջարկի իրականացումը նպատակաուղղված է ՀՀ տարածքային համաչափ զարգացման ապահովմանը, որը կարևոր ռազմավարական նշանակություն ունի երկրի սոցիալ-տնտեսական զարգացման համար.
- ներդրումային առաջարկի արդյունավետ իրականացումը չի կարող ապահովվել առանց Արտավազի գյուղական համայնքի քաղաքացիների սեփականությունը հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերի օտարման, քանի որ հողամասերի ընտրությունը կատարվել է` հաշվի առնելով դրանց դասավորությունը, դիրքը, ռելիեֆը, ինժիներաշինարարական համապատասխանությունը և այդ տարածքում քաղցրահամ ու հանքային ջրերի առկայությունը.
- նշված տարածքների նկատմամբ ճանաչված` գերակա հանրային շահը չհիմնավորված վնաս չի պատճառում նշված տարածքների սեփականատերերին։
Վարչական դատարանը գտնում է, որ ցանկացած ներդրումային առաջարկի իրականացում ներդրում իրականացնող ընկերության համար ինքնանպատակ լինել չի կարող, սակայն նշված որոշման կայացմամբ հետապնդվել է ոչ թե առևտրային կազմակերպության մասնավոր շահի ապահովումը, այլ նշված որոշման նպատակն է ներդրումային առաջարկի իրականացման միջոցով ապահովել Հայաuտանի Հանրապետության տարածքային համաչափ զարգացումը։ Վարչական դատարանը գտնում է, որ համապատասխան վայրում գործարանի կառուցումը էական ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության uոցիալ-տնտեuական զարգացման համար` նպաստելու է նույն բնակավայրում զբաղվածության խնդրի լուծմանը, ապահովելու է ոչ միայն նշված համայնքի այլև մարզի տնտեսական զարգացումը, ապահովելու է օգտակար հանածոների արդյունավետ օգտագործումը` ապահովելով uտորերկրյա ջրերի (քաղցրահամ և հանքային) հանքավայրերի աղտոտումից զերծ պահելուն (երկրի համար հետապնդում է նաև էկոլոգիական շահ)»:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 03․11․2010 թվականի որոշմամբ Դատարանի 14․09․2010 թվականի որոշման դեմ Երվանդ, Յուրիկ, Տոնիկ, Նաիրա, Վարդուշ, Խորեն, Վարսենիկ, Համբարձում Նալթակյանների, Նիկոլայ, Ժենյա, Արթուրիկ, Նիկոլայ, Լևոն, Հրանուշ Առուստամյանների, Արզուման Դաբաղյանի, Ռադիկ, Արշալույս, Մեխակ Աբրահամյանների, Հայկազ, Գուրգեն Ղազարյանների, Սասուն Միքայելյանի ներկայացուցիչ Հակոբ Աբագումյանի, Մարգուշ, Արկադի Բադալյանների, Ալեքսան Թավաքալյանի, Գրիշա Սահակյանի բերած վճռաբեկ բողոքը վերադարձվել է։
Նալթակյանը և այլք ընդդեմ Հայաստանի գործով (գանգատ թիվ 30312/11) Եվրոպական դատարանի 04․07․2023 թվականի` օրինական ուժի մեջ մտած վճռի 20-րդ և 22-րդ կետերում արձանագրվել է հետևյալը․ «(․․․) Վճռաբեկ դատարանն առանձնապես չէր անդրադարձել դիմումատուների կողմից վկայակոչված բողոքի հիմքերին, ներառյալ՝ նրանց փաստարկներին այն մասին, որ Վարչական դատարանը չէր քննել նրանց բողոքում (․․․) նրանց կողմից բարձրացված հիմնական հարցերը, և 2010 թվականի նոյեմբերի 3-ի իր որոշման մեջ ընդամենը սահմանափակվել էր համապատասխան իրավական դրույթների և Վարչական դատարանի որոշման մասերի մեջբերմամբ՝ դիմումատուներին չտալով բողոքարկման թույլտվություն (․․․)։ (․․․) ավելի ցածր ատյանի դատարանի որոշումը քննության առնելու միակ և վերջնական ատյանը հանդիսացող Վճռաբեկ դատարանի կողմից Դիմումատուների վճռաբեկ բողոքում ներկայացված փաստարկները ձևական պահանջների հիման վրա այսպես մերժելը, որը, ինչպես դիմումատուներն են պնդել, չէր անդրադարձել իրենց հիմնական փաստարկներին, սահմանափակել էր դատական վերանայման մատչելիության իրենց իրավունքն այն ձևով և այնքանով, որ խախտվել էր դատարան դիմելու իրավունքի բուն էությունը, (․․․), հետևաբար տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում»։
Արդյունքում Եվրոպական դատարանը արձանագրել է, որ ներպետական դատարանների կողմից թույլ է տրվել Դիմումատուների կոնվենցիոն իրավունքի խախտում, այն է` Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում։
Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Նալթակյանը և այլք ընդդեմ Հայաստանի գործով (գանգատ թիվ 30312/11) Եվրոպական դատարանի 04․07․2023 թվականի վճիռը նոր հանգամանք է և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 03․11․2010 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը վերանայելու համար:
Այսպիսով, սահմանափակված լինելով մարդու հիմնարար իրավունքներով և ազատություններով, հաշվի առնելով Նալթակյանը և այլք ընդդեմ Հայաստանի գործով (գանգատ թիվ 30312/11) Եվրոպական դատարանի 04․07․2023 թվականի վճռում արտահայտված իրավական դիրքորոշումները, հիմք ընդունելով խախտված իրավունքների վերականգնման restitutio in integrum սկզբունքի վերաբերյալ վերը շարադրված վերլուծությունները, միևնույն ժամանակ նպատակ ունենալով վերականգնելու Դիմումատուների խախտված կոնվենցիոն իրավունքը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերջիններիս` մինչև կոնվենցիոն իրավունքի խախտումը եղած դրությունը կարող է վերականգնվել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 03․11․2010 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը վերանայելու՝ Դատարանի 14․09․2010 թվականի որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու միջոցով:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 180-րդ և 182-րդ հոդվածների ուժով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 03․11․2010 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը վերանայելու՝ Դատարանի 14․09․2010 թվականի որոշումը բեկանելու և գործը ՀՀ վարչական դատարան նոր քննության ուղարկելու համար։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ, 171-րդ, 183-րդ և 190-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը (դիմումը) բավարարել։ Նոր հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 03․11․2010 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:
2. Բեկանել ՀՀ վարչական դատարանի 14․09․2010 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան՝ նոր քննության:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ։
Նախագահող Հ. Բեդևյան Զեկուցող Ռ. հակոբյան ա. Թովմասյան Լ. հակոբյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 ապրիլի 2024 թվական: