Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.03.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.04.15-2024.04.28 Պաշտոնական հրապարակման օրը 23.04.2024
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
20.03.2024
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
20.03.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.03.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ վարչական

դատարանի որոշում

Վարչական գործ թիվ  ՎԴ/9030/05/20

2024 թ.  

Վարչական գործ թիվ ՎԴ/9030/05/20

 

Նախագահող դատավոր՝ 

Կ Մաթևոսյան

Դատավորներ՝

Ա. Բաբայան

Ա Պողոսյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով

 

նախագահող

Հ. Բեդևյան

զեկուցող

ք․ ՄԿՈՅԱՆ

ռ. Հակոբյան

 

 

2024 թվականի մարտի 20-ին

գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ դատական դեպարտամենտի (այսուհետ՝ Դեպարտամենտ) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 06072022 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի «ՎԻ ԷՅ ՎԻ ՕԻԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ընդդեմ Դեպարտամենտի, երրորդ անձ ՀՀ ֆինանսների նախարարություն՝ որոշակի գործողություն կատարելուն պարտավորեցնելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան՝ «ՎԻ ԷՅ ՎԻ ՕԻԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պահանջել է պարտավորեցնել Դեպարտամենտին կատարել որոշակի գործողություն, այն է՝ «ՎԻ ԷՅ ՎԻ ՕԻԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը վճարված 2.592.599 ՀՀ դրամ պետական տուրքը մասնակի կամ լրիվ վերադարձնելու հանգամանքների հիմնավորման մասին տրամադրել տեղեկանք։

ՀՀ վարչական դատարանի (դատավոր Լ Հակոբյան) (այսուհետ` Դատարան) 09042021 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 06072022 թվականի որոշմամբ «ՎԻ ԷՅ ՎԻ ՕԻԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Դատարանի 09042021 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է՝ հայցը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Դեպարտամենտը (ներկայացուցիչ Տաթևիկ Սիրադեղյան)։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 38-րդ և 39-րդ հոդվածները, ինչը խաթարել է արդարադատության բուն էությունը։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ բողոքարկվող որոշմամբ Դեպարտամենտի համար առաջանում է օրինականության սկզբունքին հակասող, օրենքով չնախատեսված պարտականություն, այն է՝ թիվ ԵԿԴ/1816/02/11 գործով 17072020 թվականի վճռով լուծված հարցի վերաբերյալ կայացնելու նոր որոշում, և այդպիսի մեկնաբանության գոյությունն իր էությամբ կարող է հեղինակազրկել ողջ դատական իշխանությունը, ինչը խախտում է օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի պարտադիրության սկզբունքը, որը խարխլում է արդարադատության իրականացման նպատակները, վտանգում է օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի՝ արդար դատաքննության իրավունքի բաղադրիչը հանդիսացող պարտադիր կատարման ենթակա լինելու հիմնարար սկզբունքի պահպանումը։

 

Վերոգրյալի հիման վրա՝ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 06072022 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 09042021 թվականի վճռին։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Թիվ ԵԿԴ/1816/02/11 քաղաքացիական գործով Սնանկության դատարանի 17.07.2020 թվականի վճռով քաղաքացիական գործի վարույթը՝ ըստ հայցի «Աբիտ» ՍՊ ընկերության ընդդեմ «Մարսարմետ» ՍՊ ընկերության` գումարի բռնագանձման պահանջի մասին, կարճվել է, և վճռվել է հայցվոր «Աբիտ» ՍՊ ընկերությունից հօգուտ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի բռնագանձել 2.592.599 ՀՀ դրամ՝ որպես դատարանի 24.08.2011 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար (հատոր 1-ին, գթ 18-20)։

2) Թիվ ԵԿԴ/1816/02/11 քաղաքացիական գործով Սնանկության դատարանի 17.07.2020 թվականի վճիռը չի բողոքարկվել և մտել է օրինական ուժի մեջ:

3) «Աբիտ» ՍՊ ընկերության միակ մասնակից Վահե Խաչատրյանի 20.08.2019 թվականի թիվ 4 որոշմամբ «Աբիտ» ՍՊ ընկերության նոր ֆիրմային անվանում է սահմանվել «ՎԻ ԷՅ ՎԻ ՕԻԼ» ՍՊ ընկերություն (հատոր 1-ին, գթ 10)։

4) «ՎԻ ԷՅ ՎԻ ՕԻԼ» ՍՊ ընկերության կողմից 31.08.2020 թվականին վճարվել է թիվ ԵԿԴ/1816/02/11 քաղաքացիական գործով հետաձգված պետական տուրքի գումարը (հիմք՝ 31082020 թվականի թիվ 002195 վճարման հանձնարարագրի անդորրագիր, հատոր 1-ին գթ 17)։

5) Դեպարտամենտին հասցեագրված դիմումով «ՎԻ ԷՅ ՎԻ ՕԻԼ» ՍՊ ընկերության ներկայացուցիչը խնդրել է տրամադրել տեղեկանք առ այն, որ 2.592.599 ՀՀ դրամ վճարված պետական տուրքի գումարը ենթակա է վերադարձման (հատոր 1-ին, գթ 21-22)։

6) ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալ Ն. Գաբրիելյանի 21.10.2020 թվականի թիվ Ե-7309 գրությամբ «ՎԻ ԷՅ ՎԻ ՕԻԼ» ՍՊ ընկերության դիմումը մերժվել է (հատոր 1-ին, գթ 26)։

 

 4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 38-րդ և 39-րդ հոդվածների խախտում, ինչի հետևանքով խաթարվել է արդարադատության բուն էությունը։ 

 

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը.

- արդյո՞ք հայցադիմում ներկայացնելու համար վճարված պետական տուրքը վերադարձման ենթակա լինել/չլինելու հարցը հայցադիմումի հիման վրա հարուցված գործը քննելու իրավասություն ունեցող դատարանից բացի որևէ այլ սուբյեկտ իրավասություն ունի քննարկելու։

 

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (ուժի մեջ է մտել 01011997 թվականին, ուժը կորցրել է 09042018 թվականին) (այսուհետ՝ Նախկին օրենսգիրք) 68-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:

Նախկին օրենսգրքի 72-րդ հոդվածի համաձայն՝ 

1. Պետական տուրքը ենթակա է վերադարձման` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

2. Դատական ակտում պետք է նշվեն պետական տուրքը լրիվ կամ մասնակիորեն վերադարձնելու հիմք հանդիսացող հանգամանքները:

Իսկ Նախկին օրենսգրքի 110-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատարանի վճռի մեջ կարող են լուծվել գործին մասնակցող անձանց միջև դատական ծախսերի բաշխման և բյուջեից պետական տուրքի վերադարձման հետ կապված հարցերը:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ նույն օրենքը սահմանում է, ի թիվս այլնի, Հայաստանի Հանրապետությունում պետական տուրքի հասկացությունը, ինչպես նաև տուրքը գանձելու, վերադարձնելու, արտոնություններ տրամադրելու կարգն ու պայմանները և կարգավորում է պետական տուրքի հետ կապված մյուս հարաբերությունները:

Նույն օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում պետական տուրքը պետական մարմինների լիազորությունների իրականացմամբ պայմանավորված` սույն օրենքով սահմանված ծառայությունների կամ գործողությունների համար ֆիզիկական և իրավաբանական անձանցից Հայաստանի Հանրապետության պետական և (կամ) համայնքների բյուջեներ մուծվող օրենքով սահմանված պարտադիր վճար է:

Նույն օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ պետական տուրք վճարողներն իրավունք ունեն ստանալ պետական տուրքի վճարման մասին տեղեկանք, ինչպես նաև նույն օրենքով սահմանված դեպքերում պահանջել և ստանալ վերադարձման ենթակա պետական տուրքի գումարը:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի «ա» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում պետական տուրքը գանձվում է` դատարան տրվող հայցադիմումների, դիմումների, դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար, ինչպես նաև դատարանի կողմից տրվող փաստաթղթերի պատճեններ (կրկնօրինակներ) տալու համար։

Իսկ նույն օրենքի 38-րդ հոդվածի «գ» կետի համաձայն՝ պետական տուրքը ենթակա է վերադարձման մասնակի կամ լրիվ` տվյալ գործով վարույթը կարճելու կամ հայցն առանց քննության թողնելու դեպքում, եթե գործը ենթակա չէ դատարանում քննության, կամ հայցվորը չի պահպանել տվյալ կատեգորիայի գործի համար վեճը լուծելու սահմանված նախնական արտադատարանական կարգը, կամ հայցը ներկայացրել է անգործունակ անձը։

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 5-րդ պարբերության համաձայն՝ պետական տուրքը վերադարձնելու մասին դիմումին կցվում են Սահմանադրական դատարանի, դատարանի և պետական տուրք գանձող մյուս հիմնարկների տեղեկանքները` պետական տուրքը մասնակի կամ լրիվ վերադարձնելու հանգամանքների հիմնավորման մասին, ինչպես նաև պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթղթերը:

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշումներից մեկով արտահայտել է իրավական դիրքորոշում առ այն, որ արդարադատության մատչելիության իրավունքը սերտորեն փոխկապակցված է դատարան դիմելու իրավունքի ֆինանսական սահմանափակման` օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրք վճարելու պարտականության հետ: Պետական տուրքն ընդգրկված է դատական ծախսերի կազմում, որի հասկացությունը, տեսակները, դրույքաչափերը, պետական տուրքը գանձելու, վերադարձնելու, արտոնություններ տրամադրելու կարգն ու պայմանները կարգավորվում են «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով: «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի վերլուծությունից հետևում է, որ պետական տուրքը պետական բյուջե մուծվող պարտադիր վճար է, որը գանձվում է պետական մարմինների մատուցած ծառայությունների կամ կատարած գործողությունների համար: Հայցադիմումի համար սահմանված պետական տուրքի վճարումն անձի դատական պաշտպանության իրավունքի իրականացման նախապայմաններից մեկն է, քանի որ օրենքով սահմանված կարգով պետական տուրքը վճարելու հանգամանքով է պայմանավորված ֆիզիկական և իրավաբանական անձանց` արդարադատությունից օգտվելու հնարավորությունը: Որպեսզի անձը խախտված իրավունքների պաշտպանության համար կարողանա իրացնել դատարան դիմելու հնարավորությունը, նա պետք է նախ և առաջ վճարի օրենքով սահմանված համապատասխան դրույքաչափով պետական տուրք (տե՛ս, Հայկ Օհանյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/1115/05/16 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.11.2018 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշումներում արտահայտել է իրավական այն դիրքորոշումը, որ դատական ակտերի պարտադիրության հատկանիշը ենթադրում է, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, իրավաբանական անձինք և քաղաքացիներն իրենց գործունեության ընթացքում պարտավոր են հաշվի առնել օրինական ուժի մեջ մտած դատական ակտը և իրավունք չունեն տվյալ դատական ակտով կայացված հարցի վերաբերյալ կայացնելու նոր որոշում (տե՛ս, Անժելա և Նունե Հարությունյաններն ընդդեմ Բեգլար Մկրտումյանի թիվ ԵԱԴԴ/0913/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.12.2015 թվականի որոշումը):

Վերոգրյալ իրավանորմերի համադրված վերլուծության արդյունքում՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատական ծախսերի շրջանակում, ի թիվս այլնի, ներառված է պետական տուրքը, որի բաշխման հարցը դատավարության մասնակիցների միջև ենթակա է լուծման դատարանի կողմից գործն ըստ լուծող դատական ակտ կայացնելիս։ Նախկին օրենսգրքի 72-րդ հոդվածի իրավակարգավորումից հետևում է, որ դատարանը պետական տուրքի բաշխման հարցի քննարկման և լուծման շրջանակում իրավասու է կայացնել որոշում նաև դատական պաշտպանության համար նախապես վճարված պետական տուրքը վերադարձնելու մասին։ Այսինքն, դատարան հայցադիմում ներկայացնելու համար նախապես վճարված պետական տուրքը վերադարձման ենթակա լինել/չլինելու հարցի քննարկման և լուծման իրավասություն բացառապես ունեն տվյալ հայցադիմումի հիման վրա հարուցված գործը քննող դատարանը և տվյալ գործի քննության արդյունքում կայացված գործն ըստ էության լուծող դատական ակտերի, ինչպես նաև դատարանի լրացուցիչ վճռի դեմ ներկայացվող բողոքը քննող դատարանը։ Հակառակ մեկնաբանությունը, երբ արդեն իսկ տվյալ հայցադիմումի հիման վրա հարուցված գործը քննող դատարանը քննարկել և լուծել է պետական տուրքի բաշխման հարցը կողմերի միջև, հետագայում պետական տուրքի վերադարձման հարցի քննարկումն այլ դատարանի կամ պետական մարմնի կողմից, հանգեցնում է ոչ միայն դատարանում քննվող գործի շրջանակի խաթարման, այլև օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի պարտադիրության հատկանիշի խախտման։

Ամփոփելով ողջ վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ հայցադիմում ներկայացնելու համար վճարված պետական տուրքի բաշխման, ի մասնավորի՝ այն վերադարձնելու հետ կապված իրավահարաբերությունները ենթակա են կարգավորման բացառապես տվյալ հայցադիմումի հիման վրա հարուցված գործի քննության արդյունքում կայացվող դատական ակտի և դրա դեմ ներկայացվող բողոքի քննության շրջանակներում՝ համապատասխան դատական ատյանի կողմից, ուստիև նշված սուբյեկտային կազմից բացի այլ սուբյեկտ իրավասու չէ քննարկելու խնդրո առարկա հարցը։

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն վարչական գործը հարուցվել է «ՎԻ ԷՅ ՎԻ ՕԻԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ներկայացրած հայցի հիման վրա, որով վերջինս  պահանջել է պարտավորեցնել Դեպարտամենտին կատարելու որոշակի գործողություն, այն է՝ «ՎԻ ԷՅ ՎԻ ՕԻԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը վճարված 2.592.599 ՀՀ դրամ պետական տուրքը մասնակի կամ լրիվ վերադարձնելու հանգամանքների հիմնավորման մասին տրամադրել տեղեկանք։

Դատարանը 09042021 թվականի վճռով մերժել է «ՎԻ ԷՅ ՎԻ ՕԻԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հայցն այն պատճառաբանությամբ, որ «(․․․) Նշված փաստական հանգամանքների ուսումնասիրության արդյունքում դատարանն արձանագրում է, որ հայցվոր ընկերության օրինական շահերի պաշտպանության պատշաճ իրավական միջոցը «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի վկայակոչմամբ՝ Սնանկության դատարանի 17.07.2020թ. վճռի՝ պետական տուրքի բռնագանձման մասով, բողոքարկումն էր: Մինչդեռ, հայցվոր ընկերությունը չի իրացրել այդ դատական ակտի դեմ իր բողոքարկման իրավունքը, որպիսի պայմաններում ցանկացած հանրային իշխանության մարմին, այդ թվում՝ ՀՀ դատական դեպարտամենտը, դատական ակտի պարտադիրության սկզբունքին համապատասխան, պարտավոր է հաշվի առնել Սնանկության դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը, այդ թվում՝ այն մասով, որով վճռվել է բռնագանձել պետական տուրքի գումարը:

Վերոհիշյալի հիման վրա՝ դատարանը գտնում է, որ պատասխանողը հայցվոր ընկերության՝ համապատասխան բովանդակությամբ տեղեկանք տրամադրելու վերաբերյալ պահանջի քննարկման գործընթացում իրավաչափորեն կաշկանդված է եղել օրինական ուժի մեջ մտած դատական ակտի՝ Սնանկության դատարանի 17.07.2020թ. վճիռի պարտադիրությամբ, որպիսի պայմաններում պատասխանողն իրավասու չէր կասկածի տակ դնել դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի եզրափակիչ մասի բովանդակությունը: Հակառակ վարքագիծը կլիներ ոչ իրավաչափ: Ըստ այդմ՝ դատարանը գտնում է, որ պետական տուրքի խնդրո առարկա գումարը չօգտագործված լինելու փաստի վերաբերյալ տեղեկանք չտալու՝ պատասխանողի վարքագիծն իրավաչափ է (․․․) »։

 

Վերաքննիչ դատարանը 06072022 թվականի որոշմամբ «ՎԻ ԷՅ ՎԻ ՕԻԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության վերաքննիչ բողոքը բավարարել է՝ Դատարանի 09042021 թվականի վճիռը բեկանել և փոփոխել է՝ կայացվելով նոր դատական ակտ այն պատճառաբանությամբ, որ «Հատկորոշված նորմերի վերլուծության արդյունքում Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ պետական տուրքը ենթակա է վերադարձման այն դեպքերում, երբ տվյալ գործով վարույթը կարճվում է` գործը տվյալ դատարանում քննության ենթակա չլինելու հիմքով։ (․․) Վարչական գործում առկա թիվ ԵԿԴ/1816/02/11 քաղաքացիական գործով 17.07.2020 թվականի վճռի բովանդակությունից հետևում է, որ այն հարուցվել է «ԱԲԻՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հայցի հիման վրա, որով վերջինս խնդրել է «ՄԱՐՍԱՐՄԵՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից գանձել 129.633.998 ՀՀ դրամ: Իսկ ԵԿԴ/1816/02/11 քաղաքացիական գործի վարույթը կարճվել է «ՄԱՐՍԱՐՄԵՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության սնանկ ճանաչվելու հիմքով:

Նման պայմաններում Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ թիվ ԵԿԴ/1816/02/11 քաղաքացիական գործի վարույթը կարճելու հանգամանքով պայմանավորված առաջացել է «Պետական տուրքի» մասին ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի «գ» կետով սահմանված պետական տուրքը վերադարձնելու հիմքը:

Միաժամանակ, Վերաքննիչ դատարանը փաստում է, որ թիվ ԵԿԴ/1816/02/11 քաղաքացիական գործով հայցադիմումը վարույթ ընդունելու ժամանակ դատարանը տարաժամկետել է պետական տուրքի վճարումը և գործն ըստ էության լուծող դատական ակտի կայացման ժամանակ, անդրադառնալով դատական ծախսերի բաշխման հարցին, վճռել է հայցվոր ընկերությունից գանձել տարաժամկետված պետական տուրքի գումարը: Իսկ հայցվոր ընկերությունը, ի կատարումն թիվ ԵԿԴ/1816/02/11 քաղաքացիական գործով դատարանի վճռի, 31.08.2020 թվականին վճարել է թիվ ԵԿԴ/1816/02/11 քաղաքացիական գործով հետաձգված պետական տուրքի գումարը:

Հատկորոշված փաստական հանգամանքներից հետևում է, որ սնանկության դատարանը, թիվ ԵԿԴ/1816/02/11 քաղաքացիական գործով հայցադիմումը վարույթ ընդունելու ժամանակ տարաժամկետելով պետական տուրքի վճարումը, չէր կարող կանխատեսել, որ հետագայում այդ գործի վարույթը ենթակա կլինի կարճման և գործի վարույթը կարճելու մասին որոշմամբ, հաշվի առնելով պետական տուրքի տարաժամկետված լինելու հանգամանքը, գանձել է այդ գործով հայցադիմումի համար ի սկզբանե նախատեսված պետական տուրքը: Իսկ հայցվորը, ի կատարումն դատական ակտի, վճարել է իրենից գանձված պետական տուրքը:

Սակայն Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ քննարկվող դատական ակտով պետական տուրքը գանձելու և այն հայցվորի կողմից վճարվելու հանգամանքը, որևէ կերպ չեն հակասում «Պետական տուրքի» մասին ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի «գ» կետով սահմանված հիմքով պետական տուրքի գումարի վերադարձման փաստակազմի պայմաններում վճարված պետական տուրքը ետ ստանալու հնարավորությանը: Այսինքն` այն հանգամանքը, որ դատարանի կողմից վճռվել է հայցվորից գանձել պետական տուրք, չի կարող արգելք հանդիսանալ գանձված պետական տուրքը, օրենքի ուժով այն վերադարձման ենթակա լինելու հանգամանքով պայմանավորված, ետ ստանալու համար: Նույն տրամաբանությամբ հայցվորը կարող էր ի սկզբանե վճարել պետական տուրքի գումարը և դատական ակտի կայացումից հետո նախաձեռներ այն ետ ստանալու գործընթաց:

Ավելին, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ դատարանը որևէ կերպ չէր կարող լուծել «Պետական տուրքի» մասին ՀՀ օրենքով կարգավորվող պետական տուրքի վերադարձման հետ կապված իրավահարաբերությունները, քանզի օրենսդրի կողմից հստակ սահմանվել են պետական տուրքի վերադարձման դեպքերը, որպիսի պայմաններում, անկախ այն հանգամանքից, թե դատարանը դատական ակտով ինչպես կլուծի պետական տուրքի հարցը, պետական տուրքի հարցն ամեն դեպքում ենթակա է լուծման օրենքով սահմանված կարգով»։

 

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով սույն գործի փաստերին և Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Սույն գործի փաստերի ուսումնասիրությունից հետևում է, որ «Աբիտ» ՍՊ ընկերության՝ «Մարսարմետ» ՍՊ ընկերությունից գումարի բռնագանձման հայցի հիման վրա հարուցված թիվ ԵԿԴ/1816/02/11 քաղաքացիական գործը քննող Սնանկության դատարանը, եզրափակիչ դատական ակտով անդրադառնալով դատական ծախսերից՝ պետական տուրքի բաշխման հարցին, որոշել է հայցվոր «Աբիտ» ՍՊ ընկերությունից հօգուտ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի բռնագանձել 2.592.599 ՀՀ դրամ՝ որպես դատարանի 24.08.2011 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար (հատոր 1-ին, գթ 18-20)։

Իսկ սույն վարչական գործով հայցվոր «ՎԻ ԷՅ ՎԻ ՕԻԼ» ՍՊ ընկերությունը (նախկինում՝ «Աբիտ» ՍՊ ընկերություն) պատասխանող Դեպարտամենտին ուղղել է «ՎԻ ԷՅ ՎԻ ՕԻԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը վճարված 2.592.599 ՀՀ դրամ պետական տուրքը մասնակի կամ լրիվ վերադարձնելու հանգամանքների հիմնավորման մասին տեղեկանք տրամադրելու պահանջ։

Նախ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարչական գործով ներկայացված հայցը բավարարման ենթակա լինել/չլինելու հարցը, ենթակա չէ քննարկման որևէ այլ սուբյեկտի կողմից, քանի որ նշված հարցի քննարկումը և լուծումը սույն որոշման իրավական վերլուծության և եզրահանգման համաձայն՝ իրավասու էին իրականացնել թիվ ԵԿԴ/1816/02/11 քաղաքացիական գործը քննած դատարանը և վերադաս ատյանները։

Բացի այդ, հայցվորի կողմից ներկայացված փաստական հանգամանքների քննարկումը, ըստ էության, հանգեցնում է օրինական ուժի մեջ մտած դատական ակտի քողարկված բողոքարկման, ինչը խաթարում է օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի պարտադիրության հատկանիշը։ Նման փաստակազմի պայմաններում հայցվորն իր ենթադրյալ իրավունքների պաշտպանությունը կարող էր իրացնել թիվ ԵԿԴ/1816/02/11 քաղաքացիական գործով կայացված եզրափակիչ դատական ակտի վերաքննության կարգով բողոքարկման շրջանակում, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից։

 

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված` Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու և Դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտին օրինական ուժ տալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար։

Նկատի ունենալով այն, որ «ՎԻ ԷՅ ՎԻ ՕԻԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը սույն գործով հայցադիմումը դատարան ներկայացնելու համար վճարել է 4.000 ՀՀ դրամ, վերաքննիչ բողոքի համար՝ 10.000 ՀՀ դրամ, իսկ Դեպարտամենտը վճռաբեկ բողոքի համար՝ 20.000 ՀՀ դրամ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վճռաբեկ բողոքը բավարարման, իսկ «ՎԻ ԷՅ ՎԻ ՕԻԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հայցը մերժման, ըստ այդմ՝ Դատարանի 09042021 թվականի վճիռն օրինական ուժի մեջ թողնելու պայմաններում հայցադիմումը դատարան ներկայացնելու համար վճարված պետական տուրքի բաշխման հարցը լուծված է Դատարանի 09042021 թվականի վճռով, միաժամանակ, վերաքննիչ բողոք ներկայացնելու համար վճարված պետական տուրքի բաշխման հարցը պետք է համարել լուծված, իսկ Դեպարտամենտի կողմից վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումարը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի հիմքով ենթակա են հատուցման «ՎԻ ԷՅ ՎԻ ՕԻԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի  169-171-րդ հոդվածներով և 172-րդ հոդվածի 1-ին մասով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 06072022 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ վարչական դատարանի 09042021 թվականի վճռին:

2. «ՎԻ ԷՅ ՎԻ ՕԻԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից հօգուտ ՀՀ դատական դեպարտամենտի բռնագանձել 20000 ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող

Հ. Բեդևյան

Զեկուցող

ք․ ՄԿՈՅԱՆ

ռ. Հակոբյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 ապրիլի 2024 թվական: