Գլխավոր տեղեկություն
Համար
N 430-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.05.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ОВМИД РА 2014.12.17/69(1082) 10.05.2024
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
10.05.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.05.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.05.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 430-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 752-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Անվտանգության խորհրդի գրասենյակի կանոնադրությունը և հաստիքացուցակը հաստատելու մասին» N 752-Լ որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները՝

1) 17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«17. Գրասենյակի ղեկավարը`

1) ղեկավարում և ապահովում է գրասենյակի ընթացիկ գործունեությունը, մասնավորապես`

ա. պատասխանատու է գրասենյակի առջև դրված նպատակի, խնդիրների ու գործառույթների իրականացման համար,

բ. իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ,

գ. գրասենյակի աշխատանքների կազմակերպման շրջանակներում ընդունում է որոշումներ, տալիս ցուցումներ, հանձնարարականներ,

դ. Անվտանգության խորհրդի քարտուղարին ներկայացնում է առաջարկություններ գրասենյակի խնդիրների և գործառույթների իրականացման վերաբերյալ,

ե. առանց լիազորագրի հանդես է գալիս գրասենյակի անունից, ինչպես նաև տալիս է գրասենյակի անունից հանդես գալու լիազորագրեր,

զ. իր իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության վարչապետին, Անվտանգության խորհրդի քարտուղարին և Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ գրասենյակի աշխատակիցների նկատմամբ խրախուսանքի կամ կարգապահական տույժի միջոցների կիրառման վերաբերյալ,

է. ապահովում է Անվտանգության խորհրդի քարտուղարի հրամանների, որոշումների, հանձնարարականների և ցուցումների, ինչպես նաև առաջադրանքների կատարումը և արդյունքների մասին տեղեկացնում է նրան,

ը. համագործակցում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների հետ,

թ. Անվտանգության խորհրդի քարտուղարի հանձնարարությամբ մասնակցում է պետական մարմինների կողմից անցկացվող նիստերին և խորհրդակցություններին,

ժ. վարում է գրասենյակի պաշտոնական փոստը.

2) սահմանում է իր տեղակալի կողմից համակարգվող բնագավառները.

3) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում իր տեղակալի հանձնարարականները.

4) ստորագրում և սահմանված դեպքերում կնքում է գրասենյակի գործառույթների իրականացմամբ ստեղծված փաստաթղթերը.

5) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ գործառույթներ:».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 17.1-ին և 17.2-րդ կետերով.

«17.1. Գրասենյակի ղեկավարն ունի տեղակալ, որն անմիջականորեն ենթակա և հաշվետու է գրասենյակի ղեկավարին: Գրասենյակի ղեկավարի բացակայության դեպքում նրան փոխարինում է տեղակալը:

17.2. Գրասենյակի ղեկավարի տեղակալը`

1) համակարգում է աշխատանքներն իրեն հանձնարարված բնագավառներում և կատարում Անվտանգության խորհրդի քարտուղարի, ինչպես նաև գրասենյակի ղեկավարի հանձնարարականները.

2) գրասենյակի` իր համակարգման բնագավառում գտնվող ստորաբաժանումներին փոխանցում է Անվտանգության խորհրդի քարտուղարի, ինչպես նաև գրասենյակի ղեկավարի հանձնարարականները, տալիս է հանձնարարականներ ու առաջադրանքներ, իրականացնում է հսկողություն դրանց կատարման նկատմամբ.

3) պարբերաբար գրասենյակի ղեկավարին է ներկայացնում տեղեկատվություն իրեն հանձնարարված ոլորտներում աշխատանքների իրականացման ընթացքի և արդյունքների մասին.

4) իր համակարգման լիազորությունների սահմաններում համագործակցում է համապատասխան մարմինների և այլ կազմակերպությունների հետ.

5) իրականացնում է գրասենյակի ղեկավարի հանձնարարությամբ տրված և քաղաքացիական ծառայության պաշտոնի անձնագրով նախատեսված այլ գործառույթներ:»:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

 

10.05.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ