Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1725
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.04.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.04.29-2024.05.12 Պաշտոնական հրապարակման օրը 22.04.2024
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
16.04.2024
Ստորագրող մարմին
Նախագահի տեղակալ
Ստորագրման ամսաթիվ
16.04.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.04.2024

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

16 ապրիլի 2024 թ.

 

«ԹՈՒՖԵՆԿՅԱՆ ԹՐԱՆՍ ԿԱՎԿԱԶՈՒՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 131-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԵՎ 195-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Սահմանադրական դատարանը՝ կազմով. Ա. Դիլանյանի (նախագահող), Վ. Գրիգորյանի, Հ. Թովմասյանի, Ե. Խունդկարյանի, Հ. Հովակիմյանի, Է. Շաթիրյանի, Ս. Սաֆարյանի, Ա. Վաղարշյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝

դիմողի՝ «ԹՈՒՖԵՆԿՅԱՆ ԹՐԱՆՍ ԿԱՎԿԱԶՈՒՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ՝ Դիմող) ներկայացուցիչներ՝ փաստաբաններ Բ. Պաղտասարյանի, Մ. Դանիելյանի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված Ազգային ժողովի (այսուհետ՝ Պատասխանող) ներկայացուցիչ՝ Ազգային ժողովի աշխատակազմի իրավական ապահովման և սպասարկման բաժնի պետ Մ. Ստեփանյանի,

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետի, 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 22 և 69-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «ԹՈՒՖԵՆԿՅԱՆ ԹՐԱՆՍ ԿԱՎԿԱԶՈՒՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասի և 195-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգիրքն (այսուհետ՝ Օրենսգիրք) Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2013 թվականի դեկտեմբերի 5-ին, Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել` 2013 թվականի դեկտեմբերի 28-ին և ուժի մեջ է մտել 2014 թվականի հունվարի 7-ին:

Օրենսգրքի՝ «Վարչական դատարանի բողոքարկման ենթակա միջանկյալ դատական ակտերը» վերտառությամբ 131-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է.

«1. Վերաքննության կարգով բողոքարկման ենթակա են վարչական դատարանի հետևյալ միջանկյալ դատական ակտերը.

1) հայցադիմումի ընդունումը մերժելու մասին.

2) հայցադիմումը վերադարձնելու մասին.

3) հայցի ապահովումը (հակընդդեմ ապահովումը) մերժելու, հայցի ապահովման մեկ միջոցը մեկ այլ միջոցով փոխարինելու, հայցի ապահովումը վերացնելու մասին.

4) լրացուցիչ վճիռ կայացնելը մերժելու մասին.

5) վրիպակները, գրասխալները կամ թվաբանական սխալներն ուղղելու կամ ուղղում կատարելը մերժելու, վճռի պարզաբանումը մերժելու մասին.

6) բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու կամ դրա վերականգնումը մերժելու մասին.

7) դատավարական ժամկետները երկարաձգելու կամ դրա երկարաձգումը մերժելու մասին.

8) կողմին իրավահաջորդով փոխարինելու կամ փոխարինումը մերժելու մասին, ինչպես նաև երրորդ անձանց դատավարության մեջ ներգրավելու դիմումը մերժելու կամ դատավարության մասնակիցների կազմից երրորդ անձին հանելու մասին.

9) սույն օրենսգրքի 83-րդ հոդվածով նախատեսված դատական ակտերը.

10) գործի վարույթը կասեցնելու մասին, բացառությամբ սույն օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված դեպքի.

11) ինքնաբացարկի մասին դատական ակտերը.

12) այլ որոշումներ՝ օրենքով սահմանված դեպքերում»:

Ազգային ժողովի կողմից 2019 թվականի հուլիսի 9-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքով (ՀՕ-128-Ն) վերոնշյալ հոդվածը լրացվել է 12-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«12) այլ որոշումներ՝ օրենքով սահմանված դեպքերում»:

Օրենսգրքի՝ «Դիմումի ապահովումը վարչական դատարանի որոշմամբ» վերտառությամբ 195-րդ հոդվածը սահմանում է՝

«1. Գործը վարույթ ընդունելուց հետո վարչական դատարանը դիմողի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ մինչև գործի դատաքննության ավարտը կարող է կասեցնել վիճարկվող նորմատիվ իրավական ակտի (դրա վիճարկվող դրույթի) գործողությունը, եթե կասեցման մասին որոշում չընդունելը կարող է հանգեցնել անդառնալի կամ ծանր հետևանքների դիմողի կամ հանրության համար:

2. Վիճարկվող նորմատիվ իրավական ակտի (դրա վիճարկվող դրույթի) գործողության կասեցման մասին որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում (www.azdarar.am) հրապարակման պահից»:

Օրենսգրքի վերոնշյալ հոդվածը չի փոփոխվել և չի լրացվել:

Գործի քննության առիթը Դիմողի՝ 2024 թվականի հունվարի 22-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է։

Ուսումնասիրելով դիմումը, սույն գործով Դիմողի և Պատասխանողի գրավոր բացատրությունները, ինչպես նաև վերլուծելով Օրենսգրքի վերաբերելի դրույթները և գործում առկա մյուս փաստաթղթերը՝ Սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

1.1. Դիմողը 2023 թվականի փետրվարի 13-ին դիմում է ներկայացրել Հայաստանի Հանրապետության վարչական դատարան (այսուհետ՝ Դատարան) ընդդեմ Կառավարության՝ վերջինիս կողմից 2022 թվականի նոյեմբերի 24-ին ընդունված և 2022 թվականի նոյեմբերի 25-ին ուժի մեջ մտած «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 1528-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» թիվ 1785-Ն որոշումը՝ որպես ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտերի դրույթներին հակասող, Դիմողի իրավունքներն ու ազատությունները խախտող նորմատիվ իրավական ակտ, անվավեր ճանաչելու պահանջի մասին, որն ընդունվել է վարույթ (թիվ ՎԴ/0839/05/23 վարչական գործ):

1.2. Դիմողի կողմից վերոնշյալ վարչական գործի շրջանակներում Դատարան է ներկայացվել միջնորդություն՝ դիմումի ապահովման նպատակով վիճարկվող նորմատիվ իրավական ակտի գործողությունը՝ մինչև նույն գործի քննության ավարտը կասեցնելու վերաբերյալ:

1.3. Դատարանը 2023 թվականի մայիսի 17-ին որոշել է Դիմողի կողմից ներկայացված միջնորդությունը մերժել՝ հետևյալ պատճառաբանությամբ.

«Դատարանն արձանագրում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին մասի ուժով նորմատիվ իրավական ակտի վիճարկման դեպքում նման ակտի գործողության կասեցման նպատակը հետագայում դիմողի կամ հանրության համար անդառնալի կամ ծանր հետևանքներ առաջացնելու բացառումն է, որպիսի վտանգների առկայության հանգամանքը կամ դրանց առաջացման հավանականության աստիճանը գնահատում է ՀՀ վարչական դատարանը՝ հաշվի առնելով կոնկրետ գործի փաստական տվյալները:

Տվյալ դեպքում Դատարանը գտնում է, որ վիճարկվող նորմատիվ իրավական ակտի գործողությունը կասեցնելու վերաբերյալ դիմումատուի միջնորդությունն անհիմն է, ուստի այն ենթակա է մերժման, քանի որ վերջինիս կողմից բերված փաստարկներով ու գործի փաստերով որևէ կերպ չի հաստատվում այն հանգամանքը, որ վիճարկվող նորմատիվ իրավական ակտի գործողության չկասեցումը դիմումատուի կամ հանրության համար կարող է հանգեցնել անդառնալի (անվերականգնելի) կամ ծանր (ներկա պահի համեմատ նյութական անհամեմատ վատ վիճակի հանգեցնող) հետևանքների»:

1.4. Դատարանի վերոնշյալ որոշման դեմ Դիմողը ներկայացրել է վերաքննիչ բողոք: Հայաստանի Հանրապետության վերաքննիչ վարչական դատարանը 2023 թվականի հուլիսի 17-ի որոշմամբ մերժել է վերաքննիչ բողոքի ընդունումը՝ հետևյալ պատճառաբանությամբ.

«ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե` բողոքարկվել է այն դատական ակտը, որը ենթակա չէ բողոքարկման:

Վերոգրյալ նորմերի համակարգային մեկնաբանությունից հետևում է, որ կողմերն անմիջական կարգով իրավունք ունեն բողոքարկելու միայն այն միջանկյալ դատական ակտերը, որոնց բողոքարկման հնարավորությունն ուղղակիորեն նախատեսված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով: Ըստ այդմ, օրենսդիրը նախատեսել է այն միջանկյալ դատական ակտերը, որոնք ենթակա են բողոքարկման վերաքննության կարգով: Ընդ որում, նշված միջանկյալ դատական ակտերի շարքը սպառիչ է, ինչը նշանակում է, որ այն դատական ակտերը, որոնք նախատեսված չեն այդ ցանկում, չեն կարող բողոքարկվել վերաքննության կարգով:

(...)

Հետևաբար այն պարագայում, երբ բողոքարկվել է այնպիսի միջանկյալ դատական ակտ, որը ենթակա չէ բողոքարկման և ընդգրկված չէ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ցանկում կամ դրա համար ուղղակի բողոքարկման հնարավորություն նախատեսված չէ, վերաքննիչ դատարանն իրավասու է կայացնել որոշում՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հիմքով վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին:

(...)

Տվյալ պարագայում կայացվել է «Նորմատիվ իրավական ակտի գործողությունը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին» որոշում, որպիսի որոշումը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի համապատասխան հոդվածով, ինչպես նաև դրա՝ վերաքննության կարգով բողոքարկելու հնարավորությունն ուղղակիորեն նախատեսված չէ նաև «Նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերի վարույթը» հատուկ վարույթ գլխով:

Նման պայմաններում Վերաքննիչ դատարանը եզրահանգում է, որ Դատարանի կողմից 17.05.2023թ. կայացված «Նորմատիվ իրավական ակտի գործողությունը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին» որոշումը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածով և «Նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերի վարույթը» վերտառությամբ 26-րդ գլխով չի հանդիսանում բողոքարկման ենթակա դատական ակտ, ուստի ներկայացված վերաքննիչ բողոքի ընդունումն ենթակա է մերժման»:

1.5. Վերոնշյալ որոշման դեմ Դիմողի կողմից ներկայացվել է վճռաբեկ բողոք: Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանն իր՝ 2023 թվականի սեպտեմբերի 20-ի որոշմամբ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժել է:

 

2. Դիմողի դիրքորոշումները

2.1. Դիմողը, վկայակոչելով Օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին, 2 և 4-րդ մասերով, 91-րդ հոդվածի 1-ին մասով, ինչպես նաև 195-րդ հոդվածով նախատեսված իրավակարգավորումները, գտնում է, որ օրենսդրի կողմից Օրենսգրքով, ըստ վարույթների տեսակների, նախատեսվել են դատական ակտերի կատարման ապահովմանն ուղղված տարբեր կառուցակարգեր: Մասնավորապես՝ հայցային վարույթի շրջանակներում՝ վիճարկման հայցատեսակի դեպքում նախատեսված է վարչական ակտի կատարման կասեցման կառուցակարգ, պարտավորեցման, գործողության կատարման և ճանաչման հայցատեսակների դեպքում՝ հայցի ապահովման կառուցակարգ, հատուկ վարույթների պարագայում՝ նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու դիմումի դեպքում՝ նորմատիվ իրավական ակտի գործողության կասեցման կառուցակարգ:

2.2. Դիմողի համոզմամբ՝ թե՛ հայցի ապահովմանը, թե՛ վարչական ակտի կատարման կասեցմանը, թե՛ նորմատիվ իրավական ակտի գործողության կասեցմանն ուղղված միջնորդությունները մերժելու վերաբերյալ որոշումներն անհրաժեշտ է, որ լինեն անմիջական բողոքարկման ենթակա դատական ակտեր, քանի որ հակառակ պարագայում՝ հնարավոր է այնպիսի իրավիճակ, երբ մինչև գործն ըստ էության լուծող դատական ակտի կայացման պահն արդեն իսկ վրա հասած լինեն այն հետևանքները, որոնց բացառման նպատակով էլ նախատեսված են այդ կառուցակարգերը: Դիմողը պնդում է, որ խնդրո առարկա դատական ակտերի անմիջական բողոքարկման անհնարինությունը կարող է հանգեցնել անդառնալի հետևանքների, ինչպիսիք են խախտված իրավունքների վերականգնման անհնարինությունը, ոչ արդյունավետ կամ ոչ լիարժեք վերականգնումը և այլն:

2.3. Դիմողը գտնում է, որ Օրենսգիրքը, 131-րդ հոդվածի 1-ին մասով սահմանելով անմիջական բողոքարկման ենթակա միջանկյալ դատական ակտերի ցանկը, այդ ցանկում ի թիվս այլնի ներառել է վարչական ակտի կատարման կասեցումը մերժելու մասին միջանկյալ դատական ակտը (9-րդ կետ) և հայցի ապահովումը մերժելու մասին միջանկյալ դատական ակտը (3-րդ կետ), մինչդեռ նույն ցանկում չի ներառել հատուկ վարույթում այդ դատական ակտերին համարժեք/այլընտրանքային մեկ այլ դատական ակտ՝ նորմատիվ իրավական ակտի գործողության կասեցումը մերժելու մասին միջանկյալ դատական ակտը, ինչը հակասում է Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածներին:

2.4. Դիմողը նշում է. «(...) վարչական դատավարության շրջանակներում հատուկ վարույթին առանձնահատուկ՝ դիմումի ապահովման մերժման մասին միջանկյալ դատական ակտը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասով և 195-րդ հոդվածով անմիջական բողոքարկման ենթակա չլինելն առաջնահերթ հանգեցնում է դատարան դիմած անձի բողոքարկման իրավունքի արդյունավետ իրացման խաթարմանը»:

2.5. Դիմողը գտնում է, որ «(...) դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների արդյունավետ իրացման խաթարումը պայմանավորված է այն հանգամանքով, որ վիճարկվող նորմատիվ իրավական ակտի գործողությունը կասեցնելու միջնորդությունը մերժելու մասին միջանկյալ դատական ակտն անմիջական բողոքարկման ենթակա չէ, ինչը խախտում է դիմումատուների դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքները բոլոր այն դեպքերում, երբ վիճարկվող նորմատիվ իրավական ակտի գործողությունը կասեցնելու մասին անձի միջնորդությունը մերժվում է ոչ իրավաչափորեն, և անձը իրավունք ու փաստացի հնարավորություն չունի՝ անմիջականորեն բողոքարկել մերժման վերաբերյալ դատական ակտը, հասնել թույլ տրված դատական սխալի վերացմանն ու վերադաս դատական ատյանի միջոցով կասեցնել վիճարկվող նորմատիվ իրավական ակտի գործողությունը, մինչդեռ համազոր այլ իրավիճակներում, երբ խոսքը վարչական ակտի կատարման կասեցումը կամ հայցի ապահովման կիրառումը մերժելու մասին է՝ անձն այդպիսի իրավունքով ու փաստացի հնարավորությամբ օժտված է»:

2.6. Դիմողի համոզմամբ՝ Օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասով և 195-րդ հոդվածով դիմումի ապահովումը մերժելու մասին որոշումը որպես անմիջական բողոքարկման ենթակա դատական ակտ չնախատեսելը խախտում է Սահմանադրության 78-րդ հոդվածով սահմանված համաչափության սկզբունքը, ինչպես նաև 80-րդ հոդվածով սահմանված՝ հիմնական իրավունքների և ազատությունների էության անխախտելիությունն այն հիմնավորմամբ, որ հանիրավի ու անհարկի սահմանափակում է անձի նկատմամբ կայացված անբարենպաստ դատական ակտի անմիջական բողոքարկման իրավունքը՝ իրավաչափ համարելով անձի իրավունքների խախտումը և հետագա արդյունավետ վերականգնման անհնարինությունը՝ խաթարելով անձի արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքները:

2.7. Դիմողը խնդրում է. «(…) Որոշել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասի և 195-րդ հոդվածի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, ինչպես նաև 78-րդ և 80-րդ հոդվածներին»:

 

3. Պատասխանողի դիրքորոշումները

3.1. Պատասխանողը, ներկայացնելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների վերաբերելի իրավական դիրքորոշումները, ինչպես նաև Օրենսգրքի վիճարկվող դրույթները, գտնում է, որ այն դիտարկումները, թե «(…) դատական ակտերի անմիջական բողոքարկման անհնարինությունը կարող է հանգեցնել անդառնալի հետևանքների, ինչպիսիք են, օրինակ, խախտված իրավունքների վերականգնման անհնարինությունը, ոչ արդյունավետ կամ ոչ լիարժեք վերականգնումը, դատարան դիմած անձի իրավունքների պաշտպանության ունակությունների կամ հնարավորությունների կամ հետաքրքրվածության հարկադիր վերացմանը՝ արդյունքում հանգեցնելով անձի արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության սահմանադրական իրավունքների խախտմանը, անհիմն են:

3.2. Պատասխանողը նշում է, որ օրենսդիրը վիճարկվող նորմատիվ իրավական ակտի գործողության կասեցման վարույթի կարևորությունն ընդգծելու նպատակով սահմանել է որոշումներ կայացնող՝ թվով ավելի շատ դատավորների կոլեգիալ կազմ, ինչն էլ ինքնին կհանգեցնի կատարյալ դատական ակտ ունենալուն և կբացառի նշված դատական ակտը ենթադրյալ սխալներով և վրիպակներով կայացնելը: Այսինքն՝ օրենսդրի կողմից բավարար երաշխիքներ են սահմանվել առանձնահատուկ պայմաններով գործի արդյունավետ քննության և դատական ակտերի վերջնական լինելու ապահովման նպատակով, մասնավորապես՝ որպես այդպիսի երաշխիք անհրաժեշտ է դիտարկել գործի քննության իրականացումը կոլեգիալ՝ հինգ դատավորի կազմով: Նման պայմաններում կայացված դատական ակտի բողոքարկման ինստիտուտի բացակայությունն արդարացված և հիմնավորված է:

3.3. Հիմք ընդունելով Սահմանադրության 78-րդ հոդվածով նախատեսված իրավակարգավորումը, ինչպես նաև Սահմանադրական դատարանի 2020 թվականի հունիսի 18-ի ՍԴՈ-1546 որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումները՝ Պատասխանողը պնդում է, որ վիճարկվող դրույթի համատեքստում անձի սահմանադրական որևէ իրավունքի սահմանափակում առկա չէ, ուստիև՝ համաչափության սկզբունքի խախտման փաստ ևս առկա չէ:

3.4. Պատասխանողը խնդրում է Օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասի և 195-րդ հոդվածի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով ընդունել որոշում՝ վիճարկվող դրույթները Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին:

 

4. Գործի շրջանակներում պարզման ենթակա հանգամանքները

Սույն գործով սահմանադրաիրավական վեճի շրջանակներում Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրմանը.

- նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերի վարույթի շրջանակներում վիճարկվող նորմատիվ իրավական ակտի (դրա վիճարկվող դրույթի) գործողությունը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին Դատարանի որոշման վերաքննության կարգով անմիջական բողոքարկման օրենսդրական հնարավորության բացակայությունը համահունչ է արդյո՞ք Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված դատական պաշտպանության և դրա բաղադրատարր հանդիսացող բողոքարկման իրավունքին՝ հաշվի առնելով նաև հիմնական իրավունքների և ազատությունների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կառուցակարգերի և ընթացակարգերի առկայության սահմանադրաիրավական պահանջը:

 

5. Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները

5.1. Սահմանադրության՝ «Դատական պաշտպանության իրավունքը և մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մարմիններ դիմելու իրավունքը» վերտառությամբ 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

Սահմանադրական դատարանը բազմիցս անդրադարձել է արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի սահմանադրաիրավական բովանդակության բացահայտմանը՝ այդ առնչությամբ, մասնավորապես, արտահայտելով ներքոնշյալ իրավական դիրքորոշումները.

- «Անձի դատական պաշտպանության սահմանադրական իրավունքից ածանցվում է պետության պոզիտիվ պարտականությունը՝ ապահովել այն թե՛ նորմաստեղծ, թե՛ իրավակիրառման գործունեություն իրականացնելիս։ Դա ենթադրում է, մի դեպքում, օրենսդրի պարտականությունը՝ լիարժեք դատական պաշտպանության հնարավորություն և մեխանիզմներ ամրագրել օրենքներում, մյուս կողմից, իրավակիրառողի պարտականությունը՝ առանց բացառությունների քննարկման ընդունել անձանց՝ օրինական կարգով իրենց ուղղված դիմումները, որոնցով նրանք հայցում են իրավական պաշտպանություն իրենց իրավունքների ենթադրյալ խախտումներից» (2007 թվականի նոյեմբերի 28-ի ՍԴՈ-719 որոշում):

- «(...) դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածով երաշխավորված իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ» (2015 թվականի դեկտեմբերի 22-ի ՍԴՈ-1249 որոշում):

- «Դատարան դիմելու` անձի իրավունքի իրացման երաշխավորումն իրավական առաջնահերթ նախապայման է անձի սահմանադրական իրավունքներն ու ազատությունները դատական կարգով պաշտպանելու համար» (2016 թվականի մարտի 10-ի ՍԴՈ-1257 որոշում):

Արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի կարևոր բաղադրատարր է դատական բողոքարկման հնարավորությունը, որի վերաբերյալ Սահմանադրական դատարանի արտահայտած դիրքորոշումները հանգում են նաև հետևյալին.

- «(...) Բողոքարկման ինստիտուտի ողջ տրամաբանությունը՝ ընդհանրապես, և արդարադատության համակարգի ներսում՝ մասնավորապես, հանգում է նրան, որ մի օղակի ապօրինի վարքագծի վիճարկումը հասցեագրված լինի բացառապես վերադաս ատյանին: Այս տրամաբանությամբ է կառուցված ՀՀ արդարադատական համակարգի ներսում բողոքարկման ողջ մեխանիզմը» (2007 թվականի նոյեմբերի 28-ի ՍԴՈ-719 որոշում):

- «(...) սահմանադրորեն նախատեսված է խախտված իրավունքների ու ազատությունների դատական պաշտպանության (դրա արդյունավետության) երաշխավորման առանձնահատուկ այնպիսի ինստիտուտ, ինչպիսին վերադաս դատարանի կողմից դատական ակտի վերանայման՝ անձի իրավունքն է (դատական բողոքարկումը (...))։ Վերջինս նաև անձի իրավունքների դատական պաշտպանության և արդար դատաքննության իրականացման խնդրում պետության առաջնային պարտականություն է՝ որոշակի ընթացակարգի, այդ թվում՝ դատական հնարավոր սխալների ուղղման միջոցով արդարադատության նպատակների իրագործումը» (2011 թվականի փետրվարի 8-ի ՍԴՈ-936 որոշում):

- «(...) Դատական ակտերի բողոքարկման ինստիտուտի նպատակը ոչ միայն ներկայացված պահանջի մերժման կամ բավարարման իրավաչափության ստուգումն է: Այս ինստիտուտն այն հիմնական և էական իրավական երաշխիքն է, որի միջոցով ապահովվում է ստորադաս դատարանի կողմից արդար դատաքննության իրավունքի հիմնական բաղադրատարրերի, մասնավորապես, ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին մասով և Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դատավարական երաշխիքների պահպանումը: Բոլոր այն դեպքերում, երբ առաջին ատյանի դատարանը չի պահպանել հիշյալ դատավարական երաշխիքները, քաղաքացին չունենալով վերաքննության իրավունք, ըստ էության զրկվում է իր գործի արդար դատաքննության իրավունքն արդյունավետորեն իրացնելու հնարավորությունից և արդար դատաքննության իրավունքի խախտման դեմ պաշտպանության արդյունավետ միջոցից» (2012 թվականի հուլիսի 18-ի ՍԴՈ-1037 որոշում):

Այսպիսով՝ Սահմանադրության 61-րդ հոդվածով երաշխավորված արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի կարևոր բաղադրիչներից մեկը դատական ակտի բողոքարկման իրավունքն է: Դատական բողոքարկման ինստիտուտն այն առանցքային իրավական գործիքակազմն է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովել դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը, որպիսի պայմաններում դատավարության կողմը կարող է ակնկալել իր իրավունքներին և օրինական շահերին առնչվող դատական ակտի վերանայում վերադաս դատարանի անկախ դատավորի կամ դատավորների կազմի կողմից: Այս իմաստով՝ դատական բողոքարկման իրավունքի առանցքային գործառույթը հանգում է, ի թիվս այլնի, նաև նրան, որ դատական բողոքարկմամբ համապատասխան սխալները շտկելու հնարավորություն ընձեռելը նպաստում է նաև արդարադատության համակարգի նկատմամբ հանրության վստահության բարձրացմանն այն հաշվառմամբ, որ անձը ձեռք է բերում վերադաս դատարանում իր նկատմամբ կայացված դատական ակտի վերաքննության իրական հնարավորություն՝ վերջնարդյունքում ակնկալելով ստանալ օրինական և հիմնավորված դատական ակտ:

Անդրադառնալով միջանկյալ դատական ակտերի բողոքարկմանը՝ որպես անձի իրավունքների դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի բաղադրատարի, Սահմանադրական դատարանն իր՝ 2010 թվականի նոյեմբերի 2-ի ՍԴՈ-922 որոշմամբ նշել է, որ «(…) օրենսդիրը տարբերակում է միջանկյալ դատական ակտերի բողոքարկման երկու հիմնական կարգ, այն է՝ բողոքարկում գործն ըստ էության լուծող դատական ակտի բողոքարկման շրջանակներում՝ «հետաձգված բողոքարկում», և միջանկյալ դատական ակտի անմիջական բողոքարկում։ Եթե վարույթի հետագա ընթացքը կասեցնող միջանկյալ դատական ակտի դեմ իրավական պաշտպանության միակ հնարավոր միջոցը դրա անմիջական բողոքարկումն է և ըստ այդմ օրենսդրից պահանջվում է նախատեսել տվյալ ակտի անմիջական բողոքարկման կարգ, ապա չկասեցված և շարունակվող վարույթի ընթացքում ընդունված միջանկյալ դատական ակտի բողոքարկման նշված երկու կարգերի միջև ընտրությունն օրենսդրի հայեցողության շրջանակում է»:

Այս համատեքստում Սահմանադրական դատարանը փաստում է, որ թեև օրենսդրի հայեցողությունն է սահմանել վերաքննության կարգով բողոքարկման ենթակա միջանկյալ դատական ակտերի շրջանակը, այնուամենայնիվ, դրանց բողոքարկելիության կարգի հիմքում պետք է դրվեն թե՛ դրանց վարույթային առանձնահատկությունները (վարույթի ընթացքը կասեցնող բնույթ ունենալը), թե՛ դրանցով վրա հասնող հետևանքները՝ իբրև գերնպատակ ունենալով մարդու հիմնական իրավունքների և ազատությունների անխախտելիությունը, ներառյալ՝ դատական պաշտպանության արդյունավետության երաշխավորումը:

5.2. Վարչական արդարադատության անկյունաքարային խնդիրներից է ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանությունը հանրային իշխանության ոչ իրավաչափ գործողություններից կամ անգործությունից:

Սահմանադրական դատարանը փաստում է, որ վարչական արդարադատության շրջանակներում օրենսդիրը ֆիզիկական և իրավաբանական անձանց հնարավորություն է ընձեռել վիճարկելու պետական մարմինների և դրանց պաշտոնատար անձանց այն նորմատիվ իրավական ակտերը, որոնք առնչվում են կամ անմիջականորեն կարող են առնչվել իրենց իրավունքներին և օրինական շահերին:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ նորմատիվ իրավական ակտերի վիճարկումը հանրային իշխանության՝ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց կողմից ընդունված նորմատիվ իրավական ակտերի ոչ իրավաչափ ներգործությունից անձի իրավունքների և օրինական շահերի պաշտպանության միջոցներից է, որն ուղղված է վիճարկվող նորմատիվ իրավական ակտի (դրա վիճարկվող դրույթի) իրավաչափությունը պարզելուն՝ այդ ակտի (դրա վիճարկվող դրույթի) ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտին համապատասխանության տեսանկյունից։

Նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերի վարույթն իրականացվում է Օրենսգրքի՝ «Հատուկ վարույթներ» վերտառությամբ 5-րդ բաժնի 26-րդ գլխի կանոնակարգումներին համապատասխան:

Սահմանադրական դատարանը փաստում է, որ օրենսդիրը, ելնելով քննվող գործերի առանձնահատկություններից, հատուկ վարույթի շրջանակներում տարբերակված մոտեցում է դրսևորել որոշակի խումբ գործերի (այդ թվում՝ նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերի) քննության ընթացակարգի նկատմամբ՝ հիմք ընդունելով հանրային իրավահարաբերություններից ծագող գործերով Դատարանի առջև դրված կոնկրետ խնդիրները և դրանք լուծելու իրավական արդյունավետ միջոցի ընտրության առաջնահերթությունները: Այլ կերպ՝ «Հատուկ վարույթներ» վերտառությամբ 5-րդ բաժնում զետեղված գործերով վարույթները, ելնելով դրանց առանձնահատկություններից, Դատարանի կողմից քննության են ենթակա ընդհանուր (հայցային վարույթի) դատավարական կարգավորումներից տարբերվող կարգավորումներով:

Սահմանադրական դատարանը 2016 թվականի հոկտեմբերի 11-ի ՍԴՈ-1314 որոշմամբ Օրենսգրքի ընդհանուր և հատուկ իրավակարգավորումներ նախատեսող նորմերի համակարգված վերլուծության արդյունքում հանգել է այն եզրակացությանը, ըստ որի` «(...) հատուկ վարույթի շրջանակներում նախատեսված ընթացակարգերն օբյեկտիվորեն առանձնահատուկ են ըստ`

- դատական վերահսկողության օբյեկտների (նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու, հավաքի անցկացման մասին համայնքի ղեկավարի որոշումների և գործողությունների իրավաչափությունը վիճարկելու, ընտրական իրավունքի պաշտպանության, դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու, անբողոքարկելի վարչական ակտերի հիման վրա հանրային իրավական դրամական պահանջներով գումարի բռնագանձման, անձնական տվյալների պաշտպանության, լիցենզիայի հետ կապված լիազոր մարմնի որոշումների իրավաչափությունը վիճարկելու, նոտարի գործողությունների իրավաչափությունը վիճարկելու, ինչպես նաև դատավորների գնահատման հանձնաժողովի որոշումների վիճարկման վերաբերյալ գործեր),

- դատարանի կազմի (առաջին ատյանի կոլեգիալ և միանձնյա կազմով),

- գործ հարուցելու և վարչական դատարան դիմելու իրավունքի իրացման (դիմող անձանց կազմի) առանձնահատկության,

- հայց ներկայացնելու ժամկետների (կրճատ ժամկետների) և կարգի,

- հայցադիմումը վարույթ ընդունելու և մերժելու ընթացակարգի,

- գործի վարույթը կասեցնելու և կարճելու ընթացակարգի,

- դատաքննության կազմակերպման, փաստական հանգամանքների ապացուցման,

- գործն ըստ էության լուծող դատական ակտերի օրինական ուժի մեջ մտնելու և այդ ակտերից բխող իրավական հետևանքների և բողոքարկելիության (բողոքարկելի կամ բողոքարկման ոչ ենթակա) առանձնահատկության»:

Վերահաստատելով նախկինում իր արտահայտած վերոնշյալ դիրքորոշումը՝ Սահմանադրական դատարանը հարկ է համարում շեշտել այն հանգամանքը, որ հատուկ վարույթի շրջանակներում նախատեսված իրավակարգավորումները, վերոնշյալից զատ, առանձնահատուկ են նաև այդ գործերով կայացվելիք միջանկյալ դատական ակտերի, դրանց բողոքարկելիության և այդ ակտերից բխող իրավական հետևանքների տեսանկյունից:

Օրենսգրքի՝ «Դիմումի ապահովումը վարչական դատարանի որոշմամբ» վերտառությամբ 195-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործը վարույթ ընդունելուց հետո Դատարանը դիմողի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ մինչև գործի դատաքննության ավարտը կարող է կասեցնել վիճարկվող նորմատիվ իրավական ակտի (դրա վիճարկվող դրույթի) գործողությունը, եթե կասեցման մասին որոշում չընդունելը կարող է հանգեցնել անդառնալի կամ ծանր հետևանքների դիմողի կամ հանրության համար: Այսպիսով՝ նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու գործերի քննության առանձնահատկություններից է նաև դատարանի կողմից այնպիսի նախնական իրավական պաշտպանության միջոցի կիրառման հնարավորությունը, ինչպիսին է վիճարկվող նորմատիվ իրավական ակտի (դրա վիճարկվող դրույթի) գործողության կասեցումը, որը միտված է դիմող կողմին որոշակի իրավական երաշխիքներ տրամադրելուն՝ արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի իրացման համատեքստում։

Միաժամանակ Օրենսգրքի՝ «Վարչական դատարանի բողոքարկման ենթակա միջանկյալ դատական ակտերը» վերտառությամբ 131-րդ հոդվածի 1-ին մասը սպառիչ ցանկով սահմանում է վերաքննության կարգով անմիջական բողոքարկման ենթակա միջանկյալ դատական ակտերը:

Սահմանադրական դատարանը փաստում է, որ Օրենսգրքի վերոնշյալ դրույթը, ըստ էության, սահմանելով վերաքննության կարգով անմիջական բողոքարկման ենթակա Դատարանի միջանկյալ դատական ակտերի սպառիչ ցանկ (1-11-րդ կետերով սահմանված ակտեր), միաժամանակ այդ ցանկով սահմանում է բաց թվարկում (12-րդ կետ), ինչը ենթադրում է թվարկվածից զատ այլ՝ այդ թվում՝ հատուկ վարույթի կարգով քննության ենթակա գործերով վերաքննության կարգով անմիջական բողոքարկման ենթակա միջանկյալ դատական ակտեր՝ օրենքով հստակ նախատեսված լինելու պայմանով: Օրենսդրի կողմից նման մոտեցման որդեգրման հիմքում ընկած է այն ողջամիտ տրամաբանությունը, որ այն դատական ակտերը, որոնք նախատեսված չեն ինչպես այդ ցանկում (ընդհանուր կարգավորմամբ), այնպես էլ օրենքով սահմանված այլ՝ հատուկ կարգավորումներով, չեն կարող վերաքննության կարգով անմիջական բողոքարկման առարկա հանդիսանալ:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ բողոքարկման ենթակա միջանկյալ դատական ակտերի հստակ նախատեսումն ինքնանպատակ չէ, քանի որ նման սահմանափակումը.

- ապահովում է Սահմանադրության 79-րդ հոդվածով երաշխավորված իրավական որոշակիության սկզբունքն այնքանով, որքանով դատավարության մասնակիցների համար որոշակի է դառնում, թե ո՛ր միջանկյալ դատական ակտերը կարող են բողոքարկվել վերաքննության կարգով,

- ապահովում է դատավարության բնականոն ընթացքը, քանի որ հակառակ պարագայում՝ ցանկացած միջանկյալ դատական ակտի բողոքարկման դեպքում դատավարության բնականոն ընթացքը կարող է խաթարվել:

Սահմանադրական դատարանը փաստում է, որ մինչև «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՕ-128-Ն օրենքի ուժի մեջ մտնելը (օրենքն ուժի մեջ է մտել 2019 թվականի օգոստոսի 4-ին) Օրենսգիրքը սահմանում էր բացառապես վերաքննության կարգով անմիջական բողոքարկման ենթակա միջանկյալ դատական ակտերի սպառիչ ցանկ, մինչդեռ վերոնշյալ օրենքով Օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասը լրացվել է 12-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ. «12) այլ որոշումներ՝ օրենքով սահմանված դեպքերում»: Օրենսդրի կողմից նման լրացում նախատեսելը վկայում է վերջինիս կողմից անձանց դատական պաշտպանության իրավունքի, մասնավորապես՝ դատական ակտերի բողոքարկման իրավունքի իրացմանն ուղղված արդյունավետ կառուցակարգեր և հավելյալ երաշխիքներ սահմանելուն միտված հետևողականության մասին:

Սահմանադրական դատարանը փաստում է նաև, որ վիճարկվող նորմատիվ իրավական ակտի (դրա վիճարկվող դրույթի) գործողությունը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին որոշումը վերաքննության կարգով անմիջական բողոքարկման ենթակա դատական ակտերի սպառիչ ցանկում՝ Օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասի 1-11-րդ կետերով, չնախատեսելը սահմանադրականության տեսանկյունից ինքնին խնդրահարույց չէ՝ հաշվի առնելով վիճարկվող դրույթի 12-րդ կետով նախատեսված կարգավորման հիմքում ընկած տրամաբանությունը և օրենսդրի հայեցողությունը՝ համապատասխան կարգավորումն Օրենսգրքի հատուկ, թե ընդհանուր հայցային վարույթների կարգավորումներում ամրագրելու տեսանկյունից՝ ելնելով որոշակիության, կանխատեսելիության կամ իրավական տեխնիկայի կանոնների ապահովման, ինչպես նաև ներինստիտուցիոնալ առումով առավել համակարգային ու համապարփակ լուծում տալու նկատառումներից:

5.3. Սույն սահմանադրաիրավական վեճի շրջանակներում Սահմանադրական դատարանը հարկ է համարում անդրադառնալ վարչական արդարադատության ոլորտում Դատարանի կողմից կիրառման ենթակա նախնական իրավական պաշտպանության միջոցներին և դրանց սահմանադրաիրավական նշանակությանը։

Այսպես՝ Օրենսգիրքը նախատեսում է նախնական իրավական պաշտպանության միջոցների կիրառման հետևյալ դեպքերը.

- վիճարկվող վարչական ակտի կատարման կասեցում (Օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մաս),

- հայցի ապահովում (Օրենսգրքի 91-րդ հոդվածի 1-ին մաս),

- վիճարկվող նորմատիվ իրավական ակտի (դրա վիճարկվող դրույթի) գործողության կասեցում (Օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին մաս):

Օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված նախնական իրավական պաշտպանության միջոցը կիրառվում է բացառապես վիճարկման հայց ներկայացնելիս, իսկ Օրենսգրքի 91-րդ հոդվածով սահմանված են հայցի ապահովման ընդհանուր եղանակներն ու միջոցները, որոնք կիրառվում են պարտավորեցման, գործողության կատարման կամ ճանաչման հայցերի դեպքում:

Այսինքն՝ հայցային վարույթի շրջանակներում քննության ենթակա գործերով օրենսդիրը սահմանել է դատավարության համապատասխան մասնակցի իրավունքների նախնական իրավական պաշտպանության երկու եղանակ.

(1) Վիճարկման հայցի վարույթ ընդունելը կասեցնում է վիճարկվող վարչական ակտի կատարումը մինչև այդ գործով գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը (օրենքի ուժով կասեցում)՝ բացառությամբ Օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի 1-8-րդ (8-րդ կետն ուժի մեջ է մտնելու 2025 թվականի հունվարի 1-ից) կետերով նախատեսված դեպքերի: Հայցվորի միջնորդությամբ Դատարանը կարող է գործի քննության ժամանակ Օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում ամբողջությամբ կամ մասնակիորեն կասեցնել վարչական ակտի կատարումը։ Վարչական ակտի կատարման կասեցման ինստիտուտը միտված է վարչական ակտի կատարմամբ հայցվորին զգալի վնաս պատճառելը, ինչպես նաև նրա իրավունքների պաշտպանությունն անհնարին դարձնելը կանխելուն։

(2) Պարտավորեցման, գործողության կատարման կամ ճանաչման հայցերի դեպքում Դատարանը դատավարության մասնակցի միջնորդությամբ միջոցներ է ձեռնարկում հայցի ապահովման համար, եթե նման միջոցներ չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել կամ դժվարացնել դատական ակտի կատարումը։ Հայցի ապահովման ինստիտուտը հետապնդում է երկու հիմնական նպատակ։ Առաջինն ուղղված է արդեն իսկ խախտված իրավունքների վերականգնմանը, իսկ երկրորդը՝ իրավունքների խախտման կանխարգելմանը։ Այլ խոսքով՝ հայցի ապահովման ինստիտուտը նպատակ է հետապնդում երաշխավորելու հետագայում կայացվելիք դատական ակտի կատարումը: Սահմանադրական դատարանը 2020 թվականի նոյեմբերի 24-ի ՍԴՈ-1561 որոշմամբ արձանագրել է, որ «(…) հայցի ապահովման միջոց կիրառելու օրենսդրական հնարավորություն նախատեսվել է այն անձանց իրավունքների պաշտպանությունն ապահովելու և երաշխավորելու համար, որոնք տարբեր պահանջներով դիմել են դատարան՝ ակնկալելով իրենց խնդիրների լուծում, սակայն, կախված հանգամանքներից՝ կան ռիսկեր, որոնք կարող են դժվարացնել կամ անհնարին դարձնել դատական ակտի կատարումը, այդ իսկ պատճառով անհրաժեշտություն է առաջանում ձեռնարկել լրացուցիչ քայլեր, որոնք կապահովեն հետագայում կայացված դատական ակտի պատշաճ կատարումը: Ուստի նման ինստիտուտի նախատեսումն ինքնին իրավաչափ և ընդունելի է պայմանով, որ առկա են համարժեք և բավարար հիմքեր՝ մյուս կողմի իրավունքները և ազատությունները մինչև դատական ակտի կայացումը սահմանափակելու համար»:

Օրենսգրքով վիճարկման հայց ներկայացնելու դեպքում հայցի ապահովման միջոց կիրառելու հնարավորություն չնախատեսելու հարցի շրջանակներում անդրադառնալով վիճարկման հայցը վարույթ ընդունվելու դեպքում վիճարկվող վարչական ակտի կատարման՝ օրենքի ուժով կասեցմանը՝ Սահմանադրական դատարանն իր՝ 2020 թվականի դեկտեմբերի 29-ի ՍԴԱՈ-248 աշխատակարգային որոշմամբ նշել է. «Նշված կարգավորման տրամաբանությունը, ի թիվս այլնի, կայանում է նրանում, որ վիճարկման հայցի բավարարման դեպքում դատական ակտն ուժի մեջ մտնելով վիճարկվող վարչական ակտը պարզապես կորցնում է իր իրավաբանական ուժը: Այլ կերպ ասած՝ նշված տեսակի հայցի բավարարման դեպքում կայացվելիք վերջնական դատական ակտի կատարումը, որպես այդպիսին, պայմանական բնույթ է կրում, քանի որ այն չի ենթադրում միջնորդավորված որևէ գործողություն և, այդպիսով, չի առաջացնում կատարման հետ կապված այնպիսի դժվարություններ, որոնք բնորոշ են դասական իմաստով կատարում ենթադրող դատական ակտերին»:

Այսպիսով՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ թեև վիճարկման հայցի պարագայում օրենսդիրը չի նախատեսել հայցի ապահովման միջոց կիրառելու հնարավորություն, սակայն սահմանել է հայցվորի իրավունքների նախնական իրավական պաշտպանության մեկ այլ միջոց՝ վիճարկվող վարչական ակտի կատարման կասեցում: Ինստիտուցիոնալ առումով համանման իրավական կարգավորում է նաև հատուկ՝ նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերի վարույթի շրջանակներում կիրառվող վիճարկվող նորմատիվ իրավական ակտի (դրա վիճարկվող դրույթի) գործողության կասեցումը՝ դիմողի միջնորդությամբ կամ դատարանի հայեցողությամբ:

Այսպես՝ Օրենսգրքի՝ «Նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով վարչական դատարանի դատական ակտերը, դրանց բնույթը և իրավական հետևանքները» վերտառությամբ 199-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով Դատարանը կայացնում է հետևյալ դատական ակտերից մեկը.

- վիճարկվող նորմատիվ իրավական ակտը կամ դրա վիճարկվող դրույթն ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտին համապատասխանող ճանաչելու մասին,

- վիճարկվող նորմատիվ իրավական ակտը կամ դրա վիճարկվող դրույթն անվավեր ճանաչելու մասին,

- վիճարկվող` ուժը կորցրած նորմատիվ իրավական ակտը կամ դրա վիճարկվող դրույթը ոչ իրավաչափ ճանաչելու մասին:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտն անվավեր ճանաչելու մասին Դատարանի դատական ակտերը պաշտոնական հրապարակման պահից Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում պարտադիր են բոլորի համար։ Իսկ նույն հոդվածի 3-րդ, 6-րդ և 12-րդ մասերը սահմանում են նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով Դատարանի դատական ակտերի՝ ըստ ժամանակի (ratione temporis) ազդեցության առանձնահատկությունները, համաձայն որոնց՝

(1) անվավեր ճանաչված նորմատիվ իրավական ակտն իր իրավաբանական ուժը կարող է կորցնել այն անվավեր ճանաչելու մասին Դատարանի որոշման պաշտոնական հրապարակման պահից (ex nunc),

(2) անվավեր ճանաչված նորմատիվ իրավական ակտն իր իրավաբանական ուժը կարող է կորցնել ուժի մեջ մտնելու պահից (ex tunc), եթե նման որոշում չընդունելը կարող է ծանր հետևանքներ առաջացնել հանրության կամ պետության համար,

(3) անվավեր ճանաչված նորմատիվ իրավական ակտի իրավաբանական ուժը կորցնելու ժամկետը Դատարանի կողմից կարող է հետաձգվել, եթե վերջինս համարում է, որ Դատարանի որոշման ուժի մեջ մտնելու պահին այդ ակտի ուժը կորցնելն անխուսափելիորեն կառաջացնի իրավական կարգավորման այնպիսի բացեր, որոնք կխաթարեն այդ ակտի վերացմամբ տվյալ պահին հաստատվելիք իրավական անվտանգությունը։

Սահմանադրական դատարանը փաստում է, որ նորմատիվ իրավական ակտի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործով դիմումի բավարարման դեպքում վիճարկվող նորմատիվ իրավական ակտը կամ դրա վիճարկվող դրույթը, կախված վերջինիս իրավաբանական ուժը կորցնելու իրավական ռեժիմից, պարզապես կորցնում է իր իրավաբանական ուժը. այլ խոսքով՝ այն չի ենթադրում միջնորդավորված որևէ գործողություն, ինչպես և վիճարկման հայցի բավարարման դեպքում դատական ակտն ուժի մեջ մտնելով՝ վիճարկվող վարչական ակտը պարզապես կորցնում է իր իրավաբանական ուժը՝ այդպիսով չառաջացնելով կատարման հետ կապված այնպիսի բարդություններ, որոնք բնորոշ են դասական իմաստով կատարում ենթադրող դատական ակտերին:

Անդրադառնալով Օրենսգրքով նախատեսված վերոգրյալ նախնական իրավական պաշտպանության միջոցների կողմից հետապնդվող նպատակներին՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ այդպիսիք են՝ (1) դատական ակտի արդյունավետ կատարումն ապահովելը (այդ թվում՝ դատական ակտի կատարման անհնարինությունը կանխելը), (2) հայցվորի համար անդառնալի հետևանքների առաջացումը կանխելը: Այս իմաստով վիճարկվող նորմատիվ իրավական ակտի (դրա վիճարկվող դրույթի) գործողության կասեցումը՝ որպես հատուկ վարույթի շրջանակներում կիրառվող նախնական իրավական պաշտպանության միջոց, հետապնդում է նույն վերոհիշյալ իրավաչափ նպատակները, ինչ հայցային վարույթի շրջանակներում կիրառվող Օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ վիճարկվող վարչական ակտի կատարման կասեցում նախնական իրավական պաշտպանության միջոցը, համաձայն որի՝ վիճարկման հայցը վարույթ ընդունվելու դեպքում վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցվում է օրենքի ուժով (ipso jure)՝ վիճարկման հայցով հայցադիմումը վարույթ ընդունելն ինքնին հիմք է հանդիսանում տվյալ վարչական ակտի կատարումը կասեցնելու համար (բացառությամբ նշյալ կարգավորմամբ նախատեսված դեպքերի1), ինչպես նաև Օրենսգրքի 91-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ հայցի ապահովում ժամանակավոր պաշտպանության միջոցը, համաձայն որի՝ պարտավորեցման, գործողության կատարման կամ ճանաչման հայցերի դեպքում Դատարանը դատավարության մասնակցի միջնորդությամբ միջոցներ է ձեռնարկում հայցի ապահովման համար, եթե նման միջոցներ չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել կամ դժվարացնել դատական ակտի կատարումը։

Սահմանադրական դատարանը փաստում է, որ Օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին մասը վիճարկվող նորմատիվ իրավական ակտի (դրա վիճարկվող դրույթի) գործողության կասեցման համար որպես իմպերատիվ պայման է սահմանում կասեցման մասին որոշում չընդունելու հետևանքով՝ դիմողի կամ հանրության համար անդառնալի կամ ծանր հետևանքների առաջացումը։ Այսինքն՝ համապատասխան որոշում կայացնելիս Դատարանը հաշվի է առնում ոչ միայն մասնավոր, այլև հանրային շահը։

Սահմանադրական դատարանը գտնում է, որ հայցային վարույթի կարգով քննության ենթակա գործերով կիրառման ենթակա նախնական իրավական պաշտպանության միջոցների վերաբերյալ կայացվելիք Դատարանի որոշումները, այն է՝ հայցի ապահովման վերաբերյալ համապատասխան որոշումներն ու Օրենսգրքի 83-րդ հոդվածով նախատեսված որոշումները, համապատասխանաբար, Օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասի 3 և 9-րդ կետերի իմաստով, ենթակա են անմիջական բողոքարկման վերաքննության կարգով՝ հաշվի առնելով դրանց արդյունքում վրա հասնող հետևանքները, մինչդեռ համանման իրավական հնարավորություն նախատեսված չէ նույն իրավաչափ նպատակը հետապնդող, սակայն հատուկ վարույթի կարգով քննության ենթակա՝ նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերի վարույթի շրջանակներում կիրառման ենթակա վիճարկվող նորմատիվ իրավական ակտի (դրա վիճարկվող դրույթի) գործողության կասեցման վերաբերյալ կայացվող միջանկյալ դատական ակտերի վերաքննության կարգով անմիջական բողոքարկման մասով:

Սահմանադրական դատարանը փաստում է, որ Օրենսգրքի 83-րդ հոդվածի 2-րդ մասը, հայցվորի համար նախատեսելով վիճարկվող վարչական ակտի կատարման կասեցման հնարավորություն, իրավական պաշտպանության արդյունավետ միջոցներ է նախատեսել նաև դատավարության մյուս կողմի համար, քանի որ նշյալ դատական ակտերը՝ Օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի իմաստով, հանդիսանում են վերաքննության կարգով անմիջական բողոքարկման ենթակա դատական ակտեր:

Ինչ վերաբերում է նախնական իրավական պաշտպանության մյուս միջոցի՝ հայցի ապահովման կիրառման պայմաններում դատավարության մյուս կողմի համար նախատեսված իրավական երաշխիքներին, ապա Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն պարագայում, թեև օրենսդիրը չի նախատեսել հայցի ապահովման մասին որոշման վերաքննության կարգով անմիջական բողոքարկման հնարավորություն, սակայն նախատեսել է հայցի ապահովման մեկ միջոցը մեկ այլ միջոցով փոխարինելու, փոփոխելու կամ վերացնելու մասին միջնորդություն ներկայացնելու հնարավորություն: Օրենսդրի կողմից նման իրավական կառուցակարգերի նախատեսումը դատավարության մասնակցի՝ արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի ապահովման գործուն երաշխիք է, որը կոչված է ապահովելու ողջամիտ հավասարակշռվածությունը հայցի ապահովման մասին որոշման՝ վերաքննության կարգով անմիջական բողոքարկման օրենսդրական հնարավորության բացակայության և դատավարության մասնակցի՝ համարժեք իրավական պաշտպանության միջոց ունենալու միջև։ Հակառակ պարագայում՝ դատավարության մի կողմը, ունենալով իրավական պաշտպանության արդյունավետ միջոցներ, մյուս կողմի համեմատ կհայտնվի առավել բարենպաստ վիճակում:

Սահմանադրական դատարանը փաստում է, որ Դատարանի՝ վիճարկվող նորմատիվ իրավական ակտի (դրա վիճարկվող դրույթի) գործողությունը կասեցնելու մասին ներկայացրած միջնորդությունը թե՛ բավարարելու, թե՛ մերժելու մասին որոշումներն իրավական հետևանքներ են առաջացնում ոչ միայն դիմող կողմի համար, այլև անձանց անորոշ շրջանակի համար: Այլ կերպ՝ վիճարկվող նորմատիվ իրավական ակտի (դրա վիճարկվող դրույթի) գործողությունն ըստ անձանց շրջանակի չի սահմանափակվում բացառապես դիմող սուբյեկտով. այն մնում է գործողության մեջ, կամ վերջինիս գործողությունը կասեցվում է անձանց անորոշ շրջանակի համար:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ օրենսդրի կողմից ընտրված այն մոտեցումը, համաձայն որի՝ առկա է նախնական իրավական պաշտպանության այլ միջոցների վերաբերյալ դատական ակտերի վերաքննության կարգով անմիջական բողոքարկման հնարավորություն, սակայն նախատեսված չէ վիճարկվող նորմատիվ իրավական ակտի (դրա վիճարկվող դրույթի) գործողության կասեցման միջնորդությունը մերժելու մասին դատական ակտի վերաքննության կարգով անմիջական բողոքարկման հնարավորություն, սահմանադրականության առումով խնդրահարույց է։

Սահմանադրական դատարանը գտնում է նաև, որ մի կողմից՝ ակնհայտորեն իմաստազուրկ է և օբյեկտիվորեն հնարավոր չէ վիճարկվող նորմատիվ իրավական ակտի (դրա վիճարկվող դրույթի) գործողության կասեցման միջնորդությունը մերժելու մասին դատական ակտը Դատարանի որոշման` «հետաձգված բողոքարկման» շրջանակներում վիճարկելը, իսկ մյուս կողմից` գործող իրավակարգավորումների պայմաններում բացակայում է նորմատիվ իրավական ակտի գործողության կասեցման միջնորդությունը մերժելու մասին Դատարանի կայացրած որոշման վերաքննության կարգով անմիջական բողոքարկման հնարավորությունը: Այլ կերպ՝ սահմանելով նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերի քննության առանձնահատկությունները և դրանցով պայմանավորված հատուկ ընթացակարգերը (այդ թվում՝ վիճարկվող նորմատիվ իրավական ակտի (դրա վիճարկվող դրույթի) գործողության կասեցման միջնորդություն ներկայացնելու իրավական հնարավորությունը)՝ Օրենսգիրքը չի նախատեսում այնպիսի իրավակարգավորում, որը հնարավորություն կտա վերաքննության կարգով անմիջականորեն բողոքարկել վիճարկվող նորմատիվ իրավական ակտի (դրա վիճարկվող դրույթի) գործողության կասեցման միջնորդությունը մերժելու մասին դատական ակտը, մինչդեռ վերջինիս առկայությունն անհրաժեշտություն է՝ արդյունավետ դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի ապահովման համատեքստում՝ հաշվի առնելով դրա վարույթային բնույթն ու դրանով վրա հասնող հետևանքները:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերի վարույթի շրջանակներում օրենսդրի կողմից վիճարկվող նորմատիվ իրավական ակտի (դրա վիճարկվող դրույթի) գործողության կասեցման միջնորդությունը մերժելու մասին միջանկյալ դատական ակտը վերաքննության կարգով անմիջական բողոքարկման օրենսդրական հնարավորություն չնախատեսելը համահունչ չէ Սահմանադրությամբ երաշխավորված անձի՝ արդյունավետ դատական պաշտպանության իրավունքին։

5.4. Սահմանադրության 75-րդ հոդվածի համաձայն՝ հիմնական իրավունքները և ազատությունները կարգավորելիս օրենքները սահմանում են այդ իրավունքների և ազատությունների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր:

Սահմանադրության վերոնշյալ պահանջն ուղղված է Սահմանադրությամբ ամրագրված հիմնական իրավունքների և ազատությունների արդյունավետ և իրական կենսագործմանը, քանի որ իրավունքի կամ ազատության սոսկ ամրագրումը բավարար չէ տրված իրավական հնարավորության լիարժեք իրացման համար, ուստի՝ համապատասխան կառուցակարգերի և ընթացակարգերի օրենսդրական ամրագրումն անհրաժեշտ երաշխիք է հիմնական իրավունքների և ազատությունների արդյունավետ իրացումն ապահովելու համար:

Սահմանադրական դատարանը, 2020 թվականի հունիսի 18-ի ՍԴՈ-1546 որոշման մեջ անդրադառնալով Սահմանադրության 75-րդ հոդվածի բովանդակությանը, արձանագրել է, որ «(…) ցանկացած օրենսդրական կարգավորում, այլ ոչ թե միայն որևէ հիմնական իրավունքի կամ ազատության սահմանափակում, պետք է նպատակ ունենա և ապահովի բոլոր հիմնական իրավունքների (1) արդյունավետ իրականացման համար (2) անհրաժեշտ (3) կազմակերպական (4) կառուցակարգեր և (5) ընթացակարգեր: Միայն բոլոր այս պայմանների միաժամանակյա առկայությունը ցանկացած օրենսդրական կարգավորման մեջ, առավել ևս որևէ հիմնական իրավունք կամ ազատություն սահմանափակող օրենսդրական կարգավորման մեջ, կարող է ապահովել դրա համապատասխանությունը Սահմանադրությանը»:

2020 թվականի դեկտեմբերի 8-ի ՍԴՈ-1571 որոշման շրջանակներում Սահմանադրական դատարանն արձանագրել է. «Պետությունը պետք է ստեղծի անհրաժեշտ երաշխիքներ մարդու իրավունքների և ազատությունների արդյունավետ իրացման համար: Պետությունը պարտավորվում է ոչ միայն ճանաչել, պահպանել և պաշտպանել իրավունքները և ազատությունները, այլև ստեղծել պետական-իրավական այնպիսի կառուցակարգեր, որոնք արդյունավետ ձևով կարող են կանխել, վերացնել դրանց ցանկացած խախտումներ, վերականգնել խախտված իրավունքներն ու ազատությունները»։

Սահմանադրական դատարանը սույն գործի նյութերի ուսումնասիրության արդյունքում արձանագրում է, որ թիվ ՎԴ/0839/05/23 վարչական գործով Վերաքննիչ վարչական դատարանի 2023 թվականի հուլիսի 17-ի որոշմամբ Դիմողի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է այն պատճառաբանությամբ, որ «(…) Դատարանի կողմից 17.05.2023թ. կայացված «Նորմատիվ իրավական ակտի գործողությունը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին» որոշումը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածով և «Նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերի վարույթը» վերտառությամբ 26-րդ գլխով չի հանդիսանում բողոքարկման ենթակա դատական ակտ, ուստի ներկայացված վերաքննիչ բողոքի ընդունումն ենթակա է մերժման», իսկ Վճռաբեկ դատարանը 2023 թվականի սեպտեմբերի 20-ի որոշմամբ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժել է։

Սահմանադրական դատարանը գտնում է, որ անհրաժեշտ է սահմանել կազմակերպական այնպիսի կառուցակարգեր և ընթացակարգեր, որոնք կապահովեն նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերի վարույթի շրջանակներում վիճարկվող նորմատիվ իրավական ակտի (դրա վիճարկվող դրույթի) գործողությունը կասեցնելու միջնորդությունը մերժելու մասին որոշումը վերաքննության կարգով անմիջական բողոքարկման հնարավորությունը՝ ապահովելով արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի բաղադրատարր դատական բողոքարկման իրավունքի արդյունավետ կենսագործումը:

Ելնելով գործի քննության արդյունքներից և հիմք ընդունելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետը, 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը, 170-րդ հոդվածի 1-ին և 4-5-րդ մասերը, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 69-րդ հոդվածները՝ Սահմանադրական դատարանը որոշեց. 

 

1. Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում է Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 195-րդ հոդվածն այնքանով, որքանով չի նախատեսում վիճարկվող նորմատիվ իրավական ակտի (դրա վիճարկվող դրույթի) գործողությունը կասեցնելու միջնորդությունը մերժելու մասին որոշումը վերաքննության կարգով անմիջական բողոքարկման հնարավորություն, ճանաչել Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին և 75-րդ հոդվածին հակասող և անվավեր:

3. Հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասը՝ Դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման oրենքով uահմանված կարգով։

4. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

___________________

1 Հայցվորի միջնորդությամբ Դատարանը կարող է գործի քննության ժամանակ Օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում ամբողջությամբ կամ մասնակիորեն կասեցնել վարչական ակտի կատարումը։

 

Նախագահող`

Ա. Դիլանյան

 

16 ապրիլի 2024 թվականի

ՍԴՈ-1725

 

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 ապրիլի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան