Գլխավոր տեղեկություն
Համար
N 600-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.04.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.04.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.04.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.04.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 ապրիլի 2024 թվականի N 600-Ա

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ, ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ «ԳՈՐԻՍԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԸ ՆՎԱԶԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածը, «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածը և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ, քաղ. Գորիս, Օրբելյանների փողոց թիվ 5/3, 4 հասցեում գտնվող` 831.54 քառ. մետր մակերեսով արյան փոխներարկման կայանի մասնաշենքը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայական՝ 29022024-09-0018) հետ վերցնել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից և ամրացնել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի աշխատակազմին:

2. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ, քաղ. Գորիս, Օրբելյանների փողոց թիվ 5/2 հասցեում գտնվող` 387.46 քառ. մետր արյան փոխներարկման կայանը, 20.2 քառ. մետր տարածքը, 36.7 քառ. մետր ավտոտնակը, 95.9 քառ. մետր ավտոտնակը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայական՝ 29022024-09-0017) հետ վերցնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունից և ամրացնել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի աշխատակազմին:

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում լուծել «ԶՐՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2022 թվականի ապրիլի 4-ին կնքված` Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ, քաղ. Գորիս, Օրբելյանների 5/1 հասցեում գտնվող շենքի 2-րդ հարկից 23,6 քառ. մետր մակերեսով ոչ բնակելի տարածքի թիվ 43/022 վարձակալության պայմանագիրը՝ լուծման հետ կապված ծախսերն իրականացնելով «ԶՐՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին՝

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում իրականացնել սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված անշարժ գույքերի հանձնմանընդունման աշխատանքները.

2) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ, քաղ. Գորիս, Օրբելյանների փողոց թիվ 5/1, 5/2, 5/3,4 հասցեներում գտնվող անշարժ գույքերը միավորել և գրանցել որպես մեկ միասնական անշարժ գույք։

5. Թույլատրել «Գորիսի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ, քաղ. Գորիս, Արզումանյան փողոց 33 հասցեում գտնվող` 160․5 քառ. մետր ամբուլատորիայի շենքով և դրա զբաղեցրած ու սպասարկման համար անհրաժեշտ 0.093 հա հողամասով, շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով՝ 16,880,717 դրամ (այսուհետ՝ անշարժ գույք) վճարել ընկերության կողմից տեղաբաշխված` պետությանը պատկանող համապատասխան թվով բաժնետոմսերի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց։ Սահմանել, որ առաջացող ավելացված արժեքի հարկը կամ շահութահարկը վճարվում են «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ ենթակետով և 7-րդ հոդվածի 10-րդ մասով սահմանված կարգով:

6. Սույն որոշման 5-րդ կետով նախատեսված, Հայաստանի Հանրապետության կողմից ձեռք բերված անշարժ գույքն ամրացնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը՝ անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագրի շրջանակներում անհատույց օգտագործման իրավունքով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրելու նպատակով՝ Գորիսի արյան փոխներարկման բաժանմունքի աշխատանքների կազմակերպման համար:

7. «Գորիսի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կողմից ձեռք բերված բաժնետոմսերի մարման միջոցով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, համապատասխան չափով նվազեցնել «Գորիսի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը:

8. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Գորիսի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցման հետ կապված կանոնադրությունում փոփոխության պետական գրանցումը՝ «Գորիսի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

25.04.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ