Գլխավոր տեղեկություն
Համար
N 154-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (26.04.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.02.08-2021.02.21 Պաշտոնական հրապարակման օրը 12.02.2021
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
11.02.2021
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.02.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.02.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 փետրվարի 2021 թվականի N 154-Ն

 

ՊԱՐՏԱԴԻՐ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ ՄՆԱՑԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԲԱՑԱՀԱՅՏՄԱՆ ԵՎ ՈՒՂՂՈՐԴՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 18.1-ին կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

 

12.02.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2021 թվականի
փետրվարի 11-ի N 154–Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՊԱՐՏԱԴԻՐ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ ՄՆԱՑԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԲԱՑԱՀԱՅՏՄԱՆ ԵՎ ՈՒՂՂՈՐԴՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են պարտադիր կրթությունից դուրս մնացած կամ պարտադիր կրթությունից դուրս մնալու ռիսկի տակ գտնվող դպրոցահասակ երեխաների բացահայտման և ուղղորդման (կրթության մեջ ներառման) հետ կապված իրավահարաբերությունները:

2. Պարտադիր կրթությունից դուրս մնացած են համարվում 6-ից մինչև 19 տարին չլրացած` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող հանրակրթական ուսումնական հաստատությունում (այսուհետ՝ հաստատություն), հանրակրթական հիմնական ընդհանուր կրթության հիմքի վրա նախնական մասնագիտական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունում (այսուհետ՝ ՆՄՄԿ) չհաշվառված կամ հաշվառված, բայց մեկ ամսվա ընթացքում ամսվա համար գումարային հաշվարկով 10 աշխատանքային օրից ավելի չհաճախած անձինք։

3. Պարտադիր կրթությունից դուրս մնալու ռիսկի տակ գտնվող են համարվում 6-ից մինչև 19 տարին չլրացած՝

1) հաստատությունում, ՆՄՄԿ-ում հաշվառված, սակայն մեկ ամսվա ընթացքում 6 աշխատանքային օր անընդմեջ չհաճախած սովորողները.

2) ՆՄՄԿ-ում կրթությունն ընդհատած սովորողները, որոնց համար կրթությունն ընդհատելու մասին հրամանի ընդունման օրը հաստատությունը «Պարտադիր կրթությունից դուրս մնացած և պարտադիր կրթությունից դուրս մնալու ռիսկի տակ գտնվող երեխաների բացահայտման» էլեկտրոնային ենթահամակարգում (այսուհետ` էլեկտրոնային ենթահամակարգ) ստեղծում է հայտ՝ նշելով պատճառը.

3) հաստատություն, ՆՄՄԿ հաճախած, սակայն ծնողի (օրինական ներկայացուցչի) դիմումի (արտերկիր մեկնելու նպատակով) հիման վրա ուսումն անավարտ թողած սովորողները։

4. Սույն կարգի 3-րդ կետի 1-ին, 2-րդ ենթակետերով նախատեսված դեպքերում սույն կարգի 6-րդ կետով սահմանված մարմինների կողմից ապահովվում է սովորողի ներգրավվածությունն ուսումնական գործընթացին՝ համաձայն «Կրթության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջի: Սույն կարգի 3-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված դեպքում սույն կարգի 6-րդ կետով սահմանված շահագրգիռ և պատասխանատու կառույցների կողմից միջոցներ են ձեռնարկվում պարզելու սովորողի՝ Հայաստանի Հանրապետությունում լինելու կամ չլինելու հանգամանքը։ Հայաստանի Հանրապետությունում լինելու դեպքում ապահովվում է ներգրավվածությունն ուսումնական գործընթացին:

5. Հաստատություն, ՆՄՄԿ չհաճախած կամ հաստատությունում, ՆՄՄԿ-ում հաշվառված չլինելու դեպքում պարտադիր կրթությունից դուրս մնացած անձանց բացահայտելու համար Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (այսուհետ` նախարարություն) «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ` ԿՏԱԿ) յուրաքանչյուր ուսումնական տարվա սեպտեմբեր և հունվար ամիսներին, համեմատելով բնակչության պետական ռեգիստրի և կրթության կառավարման տեղեկատվական համակարգի տվյալները, նախարարությանը ներկայացնում է 6-ից մինչև 19 տարին չլրացած այն անձանց տվյալները, որոնք որևէ հաստատությունում, ՆՄՄԿ-ում հաշվառված չեն: Նշված երեխաների տվյալներն էլեկտրոնային եղանակով հասանելի են երեխայի բնակության վայրի խնամակալության և հոգաբարձության մարմնին (այսուհետ՝ ԽՀՄ)՝ երեխաների՝ պարտադիր կրթությանը ներգրավվածությունն ապահովելու նպատակով:

(5-րդ կետը լրաց. 25.04.24 N 597-Ն)

6. «Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի» մաս կազմող էլեկտրոնային ենթահամակարգի տեղեկատվությունը հասանելի է, և ԿՏԱԿ-ի կողմից համակարգ մուտք գործելու համար, բացի տվյալ հաստատությունից, ՆՄՄԿ-ից, հաշիվներ են տրամադրվում հետևյալ շահագրգիռ և պատասխանատու կառույցներին`

1) ԽՀՄ-ին՝ ի դեմս համայնքի ղեկավարի.

2) աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը.

3) կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը.

4) կրթության տեսչական մարմնին.

5) ՀՀ մարզպետների աշխատակազմերին.

6) Միասնական սոցիալական ծառայությանը.

7) ՀՀ ոստիկանությանը:

(6-րդ կետը փոփ. 25.04.24 N 597-Ն)

7. Սույն կարգի 3-րդ կետի 1-ին ենթակետում սահմանված դեպքում ինքնաշխատ եղանակով ստեղծվում է նախնական հայտ։ Հաստատության, ՆՄՄԿ-ի տնօրենը նախնական հայտի ձևավորման պահից սկսած՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում հաստատում կամ փակում է նախնական հայտը՝ նշելով հաստատման կամ փակման պատճառները՝ սովորողի ծնողի (օրինական ներկայացուցչի) թղթային կամ էլեկտրոնային եղանակով ներկայացրած գրավոր բացատրագրի հիման վրա։ Նախնական հայտը հաստատելուց հետո այն հասանելի է դառնում երեխայի բնակության վայրի ԽՀՄ-ին։

(7-րդ կետը փոփ. 25.04.24 N 597-Ն)

8. Սույն կարգի 2-րդ կետով և 3-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով սահմանված դեպքերում ինքնաշխատ եղանակով ստեղծվում է հայտ, որը հասանելի է տարածքային ԽՀՄ-ին։ Տվյալ դեպքերում հայտերի ստեղծող է համարվում տարածքային ԽՀՄ-ն։

(8-րդ կետը լրաց. 25.04.24 N 597-Ն)

8.1. Արտերկիր մեկնելու նպատակով հաստատությունից, ՆՄՄԿ-ից սովորողին ազատելու վերաբերյալ սովորողի ծնողի (օրինական ներկայացուցչի) դիմումի առկայության դեպքում, երբ երեխայի բնակության վայրի ԽՀՄ-ն հսկողության արդյունքում բացահայտում է երեխայի՝ արտերկիր չմեկնելու վերաբերյալ փաստը, ձեռնարկում է սույն կարգով սահմանված գործողություններ՝ սովորողի պարտադիր կրթության շարունակականությունն ապահովելու նպատակով:

(8.1-ին կետը լրաց. 25.04.24 N 597-Ն)

9. Էլեկտրոնային ենթահամակարգում պարտադիր կրթությունից դուրս մնալու ռիսկի տակ գտնվող սովորողների կամ պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների վերաբերյալ հայտը ստանալուց հետո տվյալ տարածքի ԽՀՄ-ն երեք աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է հայտը և օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում քայլեր է ձեռնարկում սովորողի կրթության շարունակականությունն ապահովելու համար։

(9-րդ կետը լրաց. 25.04.24 N 597-Ն)

10. Անձի` հաստատություն կամ ՆՄՄԿ հաճախելը վերսկսելու օրվան հաջորդող աշխատանքային օրը հայտը ստեղծող մարմինը փակում է տվյալ հայտը։ Սույն կարգի 3-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված դեպքում բացված հայտը ԽՀՄ-ի կողմից փակվում է, եթե հաստատվում է անձի՝ Հայաստանի Հանրապետությունից դուրս լինելը։ Եթե ԽՀՄ-ն իր համայնքում չի հայտնաբերում անձին կամ անձին կրթություն վերադարձնելու համար արձանագրում է խոչընդոտներ, հայտ է ուղարկում ՀՀ ոստիկանությանը: Հայտնաբերելու դեպքում եթե պարզվում է, որ անձի բացակայությունների պատճառը սոցիալական կարիքներով է պայմանավորված, հայտ է ուղարկում Միասնական սոցիալական ծառայությանը՝ անձի սոցիալական կարիքները հոգալու համար:

11. Եթե անձն ունի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք, համապատասխան փաստաթուղթ ներկայացված չլինելու պարագայում ԽՀՄ-ն դիմում է տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնին: Վերջինս, տեղեկացնելով ծնողին (օրինական ներկայացուցչին), ապահովում է անձի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատումը և ուղղորդում է անձին հաստատություն կամ ՆՄՄԿ՝ սահմանված կարգով կրթությունը կազմակերպելու համար:

12. Բացված հայտերի մասին պատմությունը և աշխատող կողմերի գործողությունները հասանելի են շահագրգիռ և պատասխանատու բոլոր կառույցներին:

12.1. Յուրաքանչյուր տարվա հոկտեմբեր և փետրվար ամիսների վերջին աշխատանքային օրը ԽՀՄ-ն հայտնաբերված բոլոր երեխաների մասին հաշվետվություն (այսուհետ՝ հաշվետվություն) է ներկայացնում Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմին, մյուս մարզերում՝ տվյալ մարզի մարզպետի աշխատակազմին՝ պարտադիր կրթությունից դուրս մնացած դպրոցահասակ երեխաների հետ տարված աշխատանքների և դրանց արդյունքում կրթության մեջ ներառված երեխաների թվի վերաբերյալ: Հաշվետվությունը ստանալուց հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմը և ՀՀ մարզպետերի աշխատակազմերը, ամփոփված հաշվետվությանը կցելով համապատասխան վերլուծությունը և իրենց կողմից ձեռնարկված միջոցառումների մասին տեղեկությունը, ներկայացնում են նախարարությանը:

(12.1-ին կետը լրաց. 25.04.24 N 597-Ն)

12.2. Յուրաքանչյուր ամսվա վերջին աշխատանքային օրվա տվյալների հիման վրա՝ մինչև հաջորդող ամսվա 5-րդ աշխատանքային օրը, ԽՀՄ-ն հաշվետվություն է ներկայացնում Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմին, մյուս մարզերում՝ տվյալ մարզի մարզպետի աշխատակազմին՝ պարտադիր կրթությունից դուրս մնալու ռիսկի տակ գտնվող դպրոցահասակ երեխաների վերաբերյալ սույն կարգի 9-րդ կետով սահմանված գործառույթների իրականացման և երեխաների թվի վերաբերյալ:

(12.2-րդ կետը լրաց. 25.04.24 N 597-Ն)

12.3. Սույն կարգի 12.1-ին և 12.2-րդ կետերով սահմանված հաշվետվությունները հնարավոր է ներբեռնել «Պարտադիր կրթությունից դուրս մնացած և պարտադիր կրթությունից դուրս մնալու ռիսկի տակ գտնվող երեխաների բացահայտման» էլեկտրոնային համակարգ, և դրանք հասանելի են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, այդ թվում՝ Միասնական սոցիալական ծառայությանը:

(12.3-րդ կետը լրաց. 25.04.24 N 597-Ն)

13. Պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման հետ կապված` սույն կարգով չկարգավորվող հարաբերությունները կարգավորվում են ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1044-Ն որոշմամբ:

(հավելվածը խմբ. 02.11.23 N 1886-Ն, լրաց., փոփ. 25.04.24 N 597-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. ԹՈՐՈՍՅԱՆ

 

12.02.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 փետրվարի 2021 թվական: