Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-89-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.06.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.05.06/23(689) Հոդ.471
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
07.04.2009
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
27.04.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.06.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2009 թվականի ապրիլի 7-ին

 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 116-րդ հոդվածի 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 135.1-րդ հոդվածով.

 

«Հոդված 135.1.

 Տրանսպորտում ծխելը

 

Հասարակական` ավտոմոբիլային, օդային, ջրային, էլեկտրական և երկաթուղային տրանսպորտում ծխելը, բացառությամբ ջրային և երկաթուղային տրանսպորտում ծխելու համար առանձնացված հատուկ տարածքների`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:

Նույն խախտման կատարումն այն անձի կողմից, որը նշված խախտման համար վարչական տույժի է ենթարկվել երեք ամսվա ընթացքում`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:»:

 

Հոդված 3. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 173.2-րդ և 173.3-րդ հոդվածներով.

 

«Հոդված 173.2. 

Ծխելն արգելող կանոնները խախտելը

 

Կրթական, մշակութային, առողջապահական հաստատություններում, օդակայաններում, ավտոբուսի և գնացքի կայարաններում ծխելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:

Այլ հիմնարկների, կազմակերպությունների շենքերի տարածքներում ծխելը, բացառությամբ ծխելու համար առանձնացված հատուկ տարածքների`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:

Նույն արարքն այն անձի կողմից կատարելը, որը նշված խախտման համար վարչական տույժի է ենթարկվել երեք ամսվա ընթացքում`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:

 

Հոդված 173.3. 

Ծխախոտի օգտագործման սահմանափակումների ուղղությամբ միջոցներ չձեռնարկելը

 

Տեսանելի վայրում հիմնարկների, կազմակերպությունների կողմից ծխելու արգելքի վերաբերյալ հայտարարության բացակայությունը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:

Հիմնարկների, կազմակերպությունների կողմից ծխելու համար առանձնացված հատուկ տարածքների և (կամ) այդ տարածքի վերաբերյալ հայտարարության բացակայությունը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:

Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված արարքն այն անձի կողմից կատարելը, որը նշված խախտումների համար վարչական տույժի է ենթարկվել երեք ամսվա ընթացքում`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:»:

 

Հոդված 4. Օրենսգրքի 224-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը «172,» թվից հետո լրացնել «173.2» թվով, 2-րդ կետը «133» թվից հետո` «, 135.1» թվով:

 

Հոդված 5. Օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բառերով. «, ինչպես նաև սույն օրենսգրքի 173.2 և 173.3 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը` հակահրդեհային կանոնների խախտման մասով»:

 

Հոդված 6. Օրենսգրքի 236-րդ հոդվածի 1-ին մասի «152-րդ հոդվածով» բառերը փոխարինել «152-րդ և 173.3-րդ հոդվածներով» բառերով:

 

Հոդված 7. Օրենքի ուժի մեջ մտնելը

 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող երեսուներորդ oրը։

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան


2009 թ. ապրիլի 27
Երևան
 ՀՕ-89-Ն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան