Գլխավոր տեղեկություն
Համար
N 1450-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.04.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ОВМИД РА 2014.12.17/69(1082) 22.04.2024
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
18.04.2024
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
18.04.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.04.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 1450-Ա

«18» ապրիլի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԴԻՄՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1.Որոշմամբ լուծվող հարցի նկարագրությունը.

Երևանի քաղաքապետարան հասցեագրված Սուրեն Օհանյանի 2024 թվականի մարտի 19-ի թիվ Դ-36348-24 դիմումի հիման վրա, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի դրույթներին համապատասխան` իրականացվել է վարչարարություն:

2024 թվականի մարտի 19-ի թիվ Դ-36348-24 դիմումի (այսուհետ՝ նաև Դիմում) առարկայի քննության կապակցությամբ 2024 թվականի ապրիլի 5-ին հրավիրված լսումներին ներկայացել և մասնակցել է Սուրեն Օհանյանի լիազորված անձ՝ Արման Օհանյանը:

Ուսումնասիրելով 2024 թվականի մարտի 19-ի թիվ Դ-36348-24 դիմումը, դրան կից և լսումների ընթացքում ներկայացված նյութերը, 2024 թվականի ապրիլի 5-ին կազմված՝ վարչարարության շրջանակներում իրականացված լսումների վերաբերյալ արձանագրությունը, գնահատելով ներկայացված պահանջին առնչվող բոլոր փաստական հանգամանքները, պարզվել է հետևյալը.

2. Որոշման կայացման համար հիմք հանդիսացող փաստերը.

2024 թվականի հունվարի 24-ին Երևան քաղաքի Թևոսյան փողոցում Արման Օհանյանի վարած «Տոյոտա» մակնիշի «35QM723» հաշվառման համարանիշի ավտոմեքենայով ենթարկվել է վթարի, որի հետևանքով մարմնական վնասվածք է ստացել ուղևոր Յուրիկ Օհանյանը, ինչպես նաև վնասվել է փոխադրամիջոցը:

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ՃՏՀ քննության բաժնում քննված թիվ 60017624 քրեական վարույթի շրջանակներում տրված ցուցմունքով, ինչպես նաև 2024 թվականի ապրիլի 5-ին հրավիրված լսումներին ներկայացված դիրքորոշմամբ Արման Օհանյանը հայտնել է, որ պատահարը տեղի է ունեցել այն պատճառով, որ ճանապարհին առկա փոսը չընկնելու պատճառով մանևրել է ձախ, սակայն ճանապարհին առկա մերկասառույցի պատճառով ավտոմեքենան դուրս է եկել կառավարումից և առաջամասով ընդհարվել է բետոնե սյանը:

Լսումների ընթացքում Սուրեն Օհանյանի ներկայացուցիչ Արման Օհանյանը, հիմք ընդունելով Դիմումին կից ներկայացված ապացույցները, «Տոյոտա» մակնիշի «35QM723» հաշվառման համարանիշի ավտոմեքենայով վթարի ենթարկվելու հետևանքով առաջացած վնասը նկարագրել է որպես փաստ, և հայտնել է, որ վնասված մեքենայի արժեքը, ըստ շուկայական գների և «www.list.am» կայքում առկա վաճառքի գների՝ տատանվում է 2.500.000-4.000.000 սահմանում՝ կախված մեքենայի վիճակից, իսկ վերանորոգման արժեքը, առանց արհեստավորի ծառայության արժեքի, կազմում է մոտավորապես 39.000.000 ՀՀ դրամ:

Արդյունքում Արման Օհանյանը խնդրել է միասնական ուժերով հասկանալ վնասի չափը և փոխհատուցել՝ հաշվի առնելով ճանապարհին փոսի առկայության, ճանապարհը սառցակալած լինելու հանգամանքները:

2018 թվականի փետրվարի 19-ին տրված տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման թիվ 01BB559538 վկայականի և տրանսպորտային միջոցի հաշվառման թիվ KB559551 վկայագրի համաձայն՝ «Տոյոտա» մակնիշի, «35QM723» հաշվառման համարանիշի փոխադրամիջոցը հանդիսանում է Սուրեն Օհանյանի սեփականությունը:

2024 թվականի ապրիլի 5-ին կայացած լսումների ընթացքում Արման Օհանյանը, որպես լրացուցիչ ապացույց, ներկայացրել է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի 2024 թվականի մարտի 18-ի թիվ 1105 գրության պատճենը, ըստ որի՝ «Սազ պլյուս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը 18.09.2019-18.03.2024 թվականների ընթացքում վճարել է մոտավորապես 5.000.000 - 6.000.000 ՀՀ դրամի չափով հարկ և այլ վճարներ: Հղում անելով նշված ապացույցին՝ Արման Օհանյանը հայտնել է, որ գտնում է, որ Սուրեն Օհանյանը կատարել է իր հարկային պարտավորությունները, հետևաբար Երևանի քաղաքապետարանը պետք է ապահոված լիներ ճանապարհի պատշաճ ասֆալտապատումն ու ձյան մաքրումը:

Վարույթի լսումների ընթացքում տրված այն հարցին, թե պատահարի կապակցությամբ ավտոմեքենայի ավտոտեխնիկական, հետքաբանական, ապրանքագիտական, պատահարի հանգամանքների վերաբերյալ փորձագիտական եզրակացություններ առկա են և կարող են որպես ապացույց ներկայացվել, թե ոչ, Սուրեն Օհանյանի ներկայացուցիչ Արման Օհանյանը պատասխանել է, որ իրենց տիրապետման ներքո առկա բոլոր փաստաթղթերը ներկայացվել են և ներկա պահին նման եզրակացություններ չունեն:

Դիմումին կից ներկայացվել է 100.000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ գումարի վճարման անդորրագիր (ֆիսկալ համար 9680//48), որի կապակցությամբ Սուրեն Օհանյանի ներկայացուցիչ Արման Օհանյանը պարզաբանել է, որ այն վերաբերում է վնասված մեքենայի գնահատման աշխատանքի ծախսին, որը վճարվել է մեքենայի տեխնիկական սպասարկում իրականացնող՝ «Տոյոտա Երևան» ընկերությանը:

Դիմումով բարձրացված հարցի ուսումնասիրության արդյունքում՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետի կողմից 2024 թվականի մարտի 26-ին տեղեկացվել է, որ «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկից ստացված տեղեկատվության համաձայն՝ ինչպես Նոր Նորք վարչական շրջանի Բադալ Մուրադյան փողոցում, այնպես էլ մայրաքաղաքի ողջ տարածքում ձյուն գալուն պես սկսվել են իրականացվել ձնամաքրման աշխատանքները, ինչպես նաև կատարվել են աղ ու ավազով փողոցների մշակման աշխատանքներ:

3. Որոշումն ընդունելու հիմնավորումները.

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական մարմինը վարչական վարույթում որպես ապացույց գնահատում է գործում առկա բացատրությունները, ցուցմունքները, փորձագիտական եզրակացությունները, փաստաթղթերը, նյութերը, իրերը, ինչպես նաև այն հանգամանքները, որոնք իր հայեցողությամբ այդ մարմինը պիտանի և անհրաժեշտ է համարում գործի փաստական հանգամանքների բացահայտման և գնահատման համար:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ անձի և վարչական մարմնի փոխհարաբերություններում ապացուցման պարտականությունը կրում է` անձը` նրա համար բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում:

Քննարկվող պարագայում, ելնելով վնասի փոխհատուցման պահանջի հիմքում դրված փաստական հանգամանքներից, ենթակա է պարզման, թե.

1) արդյո՞ք ներկայացված ապացույցներով հիմնավորվում է 2024 թվականի հունվարի 24-ին «Տոյոտա» մակնիշի «35QM723» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի մասնակցությամբ վթարը ճանապարհին առկա փոսի և ենթադրաբար մերկասառույցի պատճառով տեղի ունենալու հանգամանքը և արդյո՞ք վարորդն ունեցել է պատահարը տեխնիկապես կանխելու հնարավորություն (պատահարի հանգամանքները փորձագիտական հետազոտման ենթարկվել են, թե՞ ոչ),

2) արդյո՞ք ներկայացված ապացույցներով հիմնավորվում է այն հանգամանքը, թե 2024 թվականի հունվարի 24-ին տեղի ունեցած վթարի արդյունքում «Տոյոտա» մակնիշի «35QM723» հաշվառման համարանիշի ավտոմեքենան ի՞նչ վնասվածքներ է ստացել, մեքենայի ո՞ր մասերն են վնասվել, վնասված մասերից որո՞նք են ենթակա վերանորոգման, որո՞նք ենթակա չեն վերանորոգման, հետևաբար ենթակա են փոխարինման (պատահարով պայմանավորված ավտոմեքենան ենթարկվել է հետքաբանական, ավտոտեխնիկական փորձաքննության, թե՞ ոչ),

3) արդյո՞ք ներկայացված ապացույցներով հիմնավորվում է, թե 2024 թվականի հունվարի 24-ին տեղի ունեցած վթարի արդյունքում «Տոյոտա» մակնիշի «35QM723» հաշվառման համարանիշի ավտոմեքենան վնասվելու հետևանքով Սուրեն Օհանյանի կրած վնասը թվային արտահայտությամբ որքա՞ն գումար է կազմում (պատահարով պայմանավորված ավտոմեքենան ենթարկվել է ապրանքագիտական փորձաքննության, թե՞ ոչ),

4) արդյո՞ք ներկայացված ապացույցներով հիմնավորվում է, որ 2024 թվականի հունվարի 24-ին տեղի ունեցած վթարի արդյունքում «Տոյոտա» մակնիշի «35QM723» հաշվառման համարանիշի ավտոմեքենան վնասվել է և ենթակա է փոխարինման, որի արժեքը տատանվում է 2.500.000-4.000.000 (երկու միլիոն հինգ հարյուր հազարից մինչև չորս միլիոն) ՀՀ դրամի սահմաններում,

5) արդյո՞ք ներկայացված ապացույցներով հիմնավորվում է, որ 2024 թվականի հունվարի 24-ին տեղի ունեցած վթարի հետևանքով «Տոյոտա» մակնիշի «35QM723» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի՝ վնասված մասերի փոխարինումը կազմում է մոտավորապես 39.000.000 (երեսունինը միլիոն) ՀՀ դրամ,

6) արդյո՞ք ներկայացված ապացույցներով հիմնավորվում է 2024 թվականի հունվարի 24-ին տեղի ունեցած վթարը և առաջացած ենթադրյալ վնասը Երևանի քաղաքապետարանի ոչ իրավաչափ վարչարարության (անգործության) ուղղակի, անմիջական և անխուսափելի հետևանքը հանդիսանալու հանգամանքը (վարչական մարմնի ենթադրյալ՝ ոչ իրավաչափ անգործության և վնասի միջև պատճառահետևանքային կապի առկայություն):

Նշված փաստական հանգամանքների ապացուցման նկատմամբ կիրառվում են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի դրույթը, որով սահմանված է, որ անձի և վարչական մարմնի փոխհարաբերություններում ապացուցման պարտականությունը կրում է անձը՝ նրա համար բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վնասներ են` իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), ինչպես նաև չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ):

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1063-րդ հոդվածի համաձայն՝ քաղաքացուն կամ իրավաբանական անձին պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց ապօրինի գործողություններով (անգործությամբ)` ներառյալ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի` օրենքին կամ այլ իրավական ակտին չհամապատասխանող ակտ հրապարակելու հետևանքով, պատճառված վնասը հատուցում է Հայաստանի Հանրապետությունը կամ համապատասխան համայնքը:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 96–րդ հոդվածի համաձայն՝ վնասի հատուցում չի իրականացվում, քանի դեռ վարչական մարմնի իրավական ակտը, գործողությունը կամ անգործությունը, որով անձին վնաս է հասցվել, սահմանված կարգով ոչ իրավաչափ չի ճանաչվել, բացառությամբ նույն օրենքի 109-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:

Քննարկվող պարագայում՝ ավտոմեքենայի փոխարինման (այլ ավտոմեքենա գնելու) համար անհրաժեշտ 2.500.000-4.000.000 (երկու միլիոն հինգ հարյուր հազարից մինչև չորս միլիոն) ՀՀ դրամի չափով և ավտոմեքենայի՝ վնասված մասերի փոխարինման համար անհրաժեշտ՝ մոտավորապես 39.000.000 (երեսունինը միլիոն) ՀՀ դրամի չափով ենթադրյալ վնասի առաջացումը Սուրեն Օհանյանի լիազորված անձ Արման Օհանյանը պայմանավորել է այն հանգամանքով, որ 2024 թվականի հունվարի 24-ին տեղի ունեցած վթարի վայրում առկա է եղել փոս, իսկ ճանապարհը պատված է եղել մերկասառույցով, որի հետևանքով Սուրեն Օհանյանի սեփականությունը հանդիսացող փոխադրամիջոցը ենթարկվել է վթարի և վնասվել: Նշված փաստարկների գնահատումից հետևում է, որ դիմումատուի կողմից վնասի փոխհատուցման պահանջը ներկայացվել է այն հիմքով, որ վերջինիս սեփականությունը հանդիսացող փոխադրամիջոցին պատճառված վնասն առաջացել է 2024 թվականի հունվարի 24-ին տեղի ունեցած վթարի տարածքում գտնվող փոսի տեղակայման հատվածի ասֆալտապատումն ու տարածքի ձնամաքրումը Երևանի քաղաքապետարանի կողմից չապահովելու ձևով դրսևորված ենթադրյալ անգործության հետևանքով, հետևաբար նշված փաստարկների գնահատման համատեքստում առանցքային նշանակություն ունեն այն հարցերի պարզումը, թե արդյո՞ք Երևանի քաղաքապետարանի կողմից դրսևորված է եղել ապօրինի անգործություն, թե՞ ոչ, արդյո՞ք այն օրենքով սահմանված կարգով ճանաչվել է ոչ իրավաչափ, թե՞ ոչ և արդյո՞ք ենթադրյալ վնասը հանդիսանում է վարչական մարմնի ոչ իրավաչափ անգործության ուղղակի, անմիջական և անխուսափելի հետևանքը:

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով պատճառված վնասի հատուցման խնդրին, նախկինում կայացրած որոշմամբ նշել է, որ վարչարարության հետևանքով վնասի հատուցման պահանջով անհրաժեշտ է, որպեսզի առաջին հերթին ոչ իրավաչափ ճանաչված լինի անձին վնաս հասցրած վարչական մարմնի իրավական ակտը, գործողությունը կամ անգործությունը, որից հետո միայն անձը պարտավոր է նախ դիմել վնասը պատճառած վարչական մարմին, որի կողմից հատուցման պահանջն ամբողջությամբ կամ մասնակիորեն մերժելու կամ դիմումը չքննարկելու դեպքում կարող է վարչական ակտը, գործողությունը կամ անգործությունը բողոքարկել վերադասության կամ դատական կարգով (տե՛ս, թիվ ՎԴ/3280/05/09 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 2010 թվականի դեկտեմբերի 3-ի որոշումը):

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է պատճառված վնասի համար պատասխանատվության պայմաններին, մասնավորապես` արձանագրել է, որ վնասի հատուցման համար պարտադիր պայման է իրավունքը խախտած անձի ոչ օրինաչափ վարքագծի, վնասների, վնասների ու ոչ օրինաչափ գործողության միջև պատճառահետևանքային կապի և պարտապանի մեղքի միաժամանակյա առկայությունը: Ընդ որում, նշված պայմաններից որևէ մեկի բացակայության դեպքում վնասը ենթակա չէ հատուցման (տե՛ս, Նատալյա Հակոբյանն ընդդեմ Վարդան Հայրապետյանի թիվ ՀՔԴ3/0016/02/08 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը):

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը թիվ ՎԴ/1761/05/14 վարչական գործով 2016 թվականի դեկտեմբերի 26-ին կայացված որոշմամբ տվել է հետևյալ պարզաբանումը.

«Այսպիսով, ոչ իրավաչափ վարչարարության արդյունքում պետության պատասխանատվության պայմաններն են վնասի առկայությունը և դրա վրա հասնելը (պատճառվելը) ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով: Այսինքն` վարչական մարմինների պարտականությունների խախտման և վնասի պատճառման միջև պետք է առկա լինի իրավական նշանակություն ունեցող պատճառահետևանքային կապը: Այլ կերպ ասած` վարչարարությունն ոչ իրավաչափ ճանաչելը դեռևս չի նշանակում, որ անձը վնասը կրել է հենց վարչարարության հետևանքով. անհրաժեշտ է, որ վարչարարության և պատճառված վնասի միջև առկա լինի անմիջական պատճառահետևանքային կապ: Պատճառահետևանքային կապի հարցը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում առանձին գնահատման առարկա պետք է դառնա, և դրա առկայությունը որոշելիս առանցքային պետք է համարվի այն գաղափարը, որ պատճառահետևանքային կապի առկայության մասին կարող է խոսք լինել միայն այն դեպքում, երբ վնասի առաջացումը ոչ իրավաչափ վարչարարության անխուսափելի և անմիջական արդյունքն է: Հետևաբար ոչ իրավաչափ վարչարարության և առաջացած վնասների միջև պատճառահետևանքային կապ կարող է առկա լինել, եթե վնասի առաջացումը հանդիսանում է իրականացված վարչարարության օբյեկտիվորեն անհրաժեշտ և ուղղակի արդյունքը: Եթե բացասական հետևանքները կարող էին առաջանալ նաև առանց ոչ իրավաչափ վարչարարության (իսկ օրենքով նախատեսված դեպքերում՝ նաև իրավաչափ վարչարարության), ուրեմն դրանց միջև պատճառահետևանքային կապը բացակայում է:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը եզրակացնում է, որ նշված պայմաններից թեկուզ մեկի բացակայությունը բացառում է վնասի հատուցման պահանջի բավարարման հնարավորությունը:»:

Դատական պրակտիկայում հակաիրավական, ոչ օրինաչափ վարքագիծը բնորոշվում է որպես գործողություն կամ անգործություն, որը խախտում է օրենքի, այլ իրավական ակտերի պահանջները, ինչպես նաև անձի սուբյեկտիվ իրավունքը: Գործողությունն անձի նպատակաուղղված, կամային արարքն է, իսկ անգործությունն արտահայտվում է անհրաժեշտ և պարտադիր վարքագիծ դրսևորելուց ձեռնպահ մնալով:

Ոչ օրինաչափ վարքագծի և վնասի միջև պատճառահետևանքային կապը ենթադրում է, որ վնասը պետք է հանդիսանա ոչ օրինաչափ վարքագծի ուղղակի, անմիջական հետևանք: Այն դեպքում, երբ վնասն անհրաժեշտաբար թելադրված չէ ոչ օրինաչափ գործողությամբ (անգործությամբ), կամ գործողության (անգործության) և վնասի միջև կապն անուղղակի է, վնասի հատուցման համար անհրաժեշտ պատճառահետևանքային կապի պայմանն առկա չէ:

Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի «Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության կանոնները և տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկը հաստատելու մասին» N 955-Ն որոշմամբ հաստատված կանոնների 65-րդ կետով սահմանված է, որ վարորդը տրանսպորտային միջոցը պետք է վարի սահմանված արագությունը չգերազանցող արագությամբ` հաշվի առնելով երթևեկության ինտենսիվությունն ու տրանսպորտային միջոցի և բեռի վիճակն ու առանձնահատկությունները, ճանապարհային և օդերևութաբանական պայմանները, մասնավորապես, ճանապարհային ծածկույթի վիճակն ու տեսանելիությունը երթևեկության ուղղությամբ: Նույն կանոնների 67-րդ կետով սահմանված է, որ երթևեկության համար խոչընդոտ կամ վտանգ առաջանալու դեպքում, որը վարորդն ի վիճակի էր հայտնաբերել, նա պետք է միջոցներ ձեռնարկի արագությունն իջեցնելու` ընդհուպ մինչև տրանսպորտային միջոցը կանգնեցնելը: Այդ դեպքում կողանցումն ու շրջանցումը թույլատրելի է, եթե վարորդը համոզված է, որ դա անվտանգ է երթևեկության մյուս մասնակիցների համար:

Քննարկվող պարագայում Դիմումին կից Սուրեն Օհանյանի կողմից, իսկ լսումների ընթացքում վերջինիս լիազորված անձ Արման Օհանյանի կողմից չեն ներկայացվել 2024 թվականի հունվարի 24-ին «Տոյոտա» մակնիշի «35QM723» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի մասնակցությամբ վթարի հանգամանքների փորձաքննության, վթարը կանխելու անհնարինության, ավտոմեքենայի հետքաբանական, ավտոտեխնիկական, ապրանքագիտական փորձաքննության վերաբերյալ՝ ոլորտում համապատասխան որակավորում ունեցող փորձագետի կողմից կազմված եզրակացություններ, ինչպես նաև չի ներկայացվել (առկա չէ) օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, որով ոչ իրավաչափ է ճանաչվել Երևանի քաղաքապետարանի՝ նշված վթարի պատճառ հանդիսացած գործոններում դրսևորած ենթադրյալ անգործությունը:

Ինչ վերաբերում է Դիմումին կից ներկայացված՝ «Տոյոտա Երևան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2024 թվականի փետրվարի 21-ին տրված՝ ավտոմեքենայի վերանորոգման վերաբերյալ տեղեկանքին, ըստ որի՝ փոխարինման ենթակա դետալների արժեքը կազմում է 39.907.000 (երեսունինը միլիոն ինը հարյուր յոթ հազար) ՀՀ դրամ, ապա նշված ապացույցի հետազոտմամբ պարզվում է, որ այն չի հանդիսանում ենթադրյալ վնասի չափը հիմնավորող պատշաճ ապացույց, քանի որ տրված չէ որակավորված փորձագետի կամ գնահատողի կողմից, բացի այդ այն չի պարունակում որևէ պատճառաբանություն այն մասին, որ «Տոյոտա» մակնիշի «35QM723» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի դետալների փոխարինման անհրաժեշտությունը պայմանավորված է 2024 թվականի հունվարի 24-ին տեղի ունեցած պատահարով: Ավելին՝ նշված տեղեկանքին կից ներկայացված է թվով 6 էջից բաղկացած ցանկ, որը պարունակում է օտար լեզվով կատարված գրառումներ, որոնցից յուրաքանչյուրի դիմաց ձեռագիր եղանակով նշված է ինչ-որ թիվ, որոնց հանրագումարը դիմումատուի կողմից ներկայացվել է որպես «Տոյոտա» մակնիշի «35QM723» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի դետալների փոխարինման արժեք, մինչդեռ վարույթով բացակայում է ավտոմեքենայի հետքաբանական, ավտոտեխնիկական փորձագիտական եզրակացություն, որից հնարավոր կլիներ պարզել, թե քննարկվող պատահարով պայմանավորված՝ ավտոմեքենայի ստույգ ո՞ր վնասված դետալներն են ենթակա փոխարինման:

Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով, որ Սուրեն Օհանյանի կողմից չի ներկայացվել Երևանի քաղաքապետարանի՝ ենթադրյալ անգործողությունը ոչ իրավաչափ ճանաչելու մասին օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, չեն ներկայացվել Դիմումի առարկա վնասը Երևանի քաղաքապետարանի՝ ենթադրյալ ոչ իրավաչափ անգործության ուղղակի, անմիջական և անխուսափելի հետևանքը հանդիսանալու վերաբերյալ ապացույցներ, չեն ներկայացվել փոխադրամիջոցի հետքաբանական, ավտոտեխնիկական, ապրանքագիտական, պատահարի հանգամանքների վերաբերյալ փորձաքննության եզրակացություններ, ուստի հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ, 1058-րդ, 1063-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի N 955-Ն որոշմամբ հաստատված կանոնների 65-րդ և 67-րդ կետերի դրույթները և ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 43-րդ և 96-րդ հոդվածներով՝

 

ՈՐՈՇԵՑԻ

 

1. Երևանի քաղաքապետարան հասցեագրված՝ վնասի փոխհատուցման պահանջի մասին Սուրեն Օհանյանի 2024 թվականի մարտի 19-ի թիվ Դ-36348-24 դիմումը մերժել:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:

3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

 

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան