Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-148-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (30.04.2009-31.12.2015)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.12.12/77(449) Հոդ.822
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
15.06.2006
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
04.07.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.07.2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2006 թվականի հունիսի 15-ին


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆԱՆՇԱՆԻ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Սույն օրենքի կարգավորման առարկան

 

Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության զինանշանի նկարագրությունը և գործածման  կարգը:

 

Հոդված 2. Հայաստանի Հանրապետության զինանշանը

 

Հայաստանի Հանրապետության զինանշանը Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշներից է:

Հայաստանի Հանրապետության զինանշանն է` կենտրոնում` վահանի վրա պատկերված են Արարատ լեռը` Նոյյան տապանով և պատմական Հայաստանի թագավորություններից չորսի` վերևից ձախ` Բագրատունիների, վերևից աջ` Արշակունիների, ներքևից ձախ` Արտաշիսյանների, ներքևից աջ` Ռուբինյանների զինանշանները: Վահանը պահում են արծիվը (ձախից) և առյուծը (աջից), իսկ վահանից ներքև պատկերված են սուր, ճյուղ, հասկերի խուրձ, շղթա և ժապավեն:

Հայաստանի Հանրապետության զինանշանի հիմնական գույնն է ոսկեգույնը, պատմական Հայաստանի թագավորություններինը` վերևից ձախ` կարմիր, վերևից աջ` կապույտ, ներքևից ձախ` կապույտ, ներքևից աջ` կարմիր, և կենտրոնում` վահանի վրա պատկերված Արարատ լեռը` նարնջագույն: Նշված գույները խորհրդանշում են Հայաստանի Հանրապետության դրոշի գույները:

Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերը (գունավոր) ներկայացվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելվածում:

Արգելվում է`

1) Հայաստանի Հանրապետության զինանշանի` սույն օրենքով սահմանված պատկերի, դրա կառուցվածքի, ինչպես նաև գույների փոփոխումը, բացառությամբ սույն օրենքով նախատեսված միագույն օգտագործման դեպքերի.

2) Հայաստանի Հանրապետության զինանշանի` սույն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պատկերի կամ դրա բաղադրիչների պատճենահանած գործածումը այլ զինանշաններում, տարբերանիշերում կամ խորհրդանիշերում:

Սույն հոդվածի 5-րդ մասի, ինչպես նաև սույն օրենքի 3-րդ հոդվածի պահանջները խախտելը համազոր է պետական խորհրդանիշն անարգելուն:

(2-րդ հոդվածը լրաց. 07.04.09 ՀՕ-77-Ն)

 

Հոդված 3. Հայաստանի Հանրապետության զինանշանի ընդօրինակումը

 

Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների զինանշանները, կազմակերպությունների խորհրդանիշները, ինչպես նաև այլ խորհրդանիշներն ու զինանշանները պետք է տարբերվեն Հայաստանի Հանրապետության զինանշանից և չեն կարող շփոթության աստիճան նման լինել Հայաստանի Հանրապետության զինանշանին:

(3-րդ հոդվածը լրաց. 07.04.09 ՀՕ-77-Ն)

 

Հոդված 4. Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերի գործածումը

 

Հայաստանի Հանրապետության զինանշանի գունավոր պատկերը գործածվում է`

Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի և կարգադրությունների, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի, Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության վարչապետի, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումների, Հայաստանի Հանրապետության դատարանների որոշումների, վճիռների և դատավճիռների, Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրերի վրա, Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի, Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության վարչապետի, հանրապետական գործադիր մարմինների, Հայաստանի Հանրապետության դատարանների, Հայաստանի Հանրապետության դատախազության մարմինների, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի, Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի,  պետական կառավարման այլ մարմինների, մարդու իրավունքների պաշտպանի, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների (այդ թվում՝ Երևանի քաղաքապետարանի), Հայաստանի Հանրապետության օրենքով ստեղծված մշտապես գործող մարմինների (ծառայությունների, խորհուրդների, հանձնաժողովների) ձևաթղթերի վրա:

Հայաստանի Հանրապետության զինանշանի միագույն պատկերը գործածվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անձնագրերի կամ անձը հաստատող այլ փաստաթղթերի, Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման այն մարմինների կնիքների և ձևաթղթերի վրա, որոնց` Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերը գործածելու իրավունքը վերապահված է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

Հոդված 5. Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերի տեղադրումը

 

Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերը մշտապես տեղադրվում է`

Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահի, Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի, Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի, Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի նախագահի, մարդու իրավունքների պաշտպանի, հանրապետական գործադիր մարմինների, պետական կառավարման այլ մարմինների ղեկավարների, Հայաստանի Հանրապետության օրենքով ստեղծված մշտապես գործող մարմինների (ծառայությունների,  խորհուրդների, հանձնաժողովների) ղեկավարների, Հայաստանի Հանրապետության դատավորների և դատախազների, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների (այդ թվում՝ Երևանի քաղաքապետի) աշխատասենյակներում, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նիստերի դահլիճում, Հայաստանի Հանրապետության կառավարության նիստերի դահլիճում, Հայաստանի Հանրապետության դատարանների դատական նիստերի դահլիճներում, քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման մարմինների հանդիսությունների սրահներում և շենքերի վրա, Հայաստանի Հանրապետության Նախագահի նստավայրի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի, Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության դատախազության մարմինների, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի, մարդու իրավունքների պաշտպանի, հանրապետական գործադիր մարմինների, պետական կառավարման այլ մարմինների, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների (այդ թվում՝ Երևանի քաղաքապետի), Հայաստանի Հանրապետության նոտարական գրասենյակների շենքերի վրա, դիվանագիտական ծառայության մարմինների (դեսպանատների, ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների), օտարերկրյա պետությունների տարածքում գտնվող Հայաստանի Հանրապետության այլ պաշտոնական ներկայացուցչությունների շենքերի վրա և դրանց ղեկավարների աշխատասենյակներում, ուսումնական հաստատությունների սրահներից կամ նախասրահներից մեկում, Հայաստանի Հանրապետության  պաշտոնական ինտերնետային կայքերում:

Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերը տեղադրվում է նաև հիմնական սահմանային նշանների վրա, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցագրային կետերում:

Սույն օրենքով նախատեսված դեպքերից բացի, Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերի գործածման դեպքերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 6. Հայաստանի Հանրապետության տարածքում Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերի գործածումը օտարերկրյա պետության զինանշանի հետ

 

Հայաստանի Հանրապետության տարածքում Հայաստանի Հանրապետության զինանշանը օտարերկրյա պետության զինանշանի հետ միաժամանակ տեղադրելու դեպքում այլ պետությունների պետական զինանշանների չափերը չեն կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության զինանշանի չափերը:

Հայաստանի Հանրապետության զինանշանը օտարերկրյա պետության զինանշանի հետ միաժամանակ տեղադրելու դեպքում Հայաստանի Հանրապետության զինանշանը չի կարող տեղադրվել ավելի ցածր, քան օտարերկրյա պետության զինանշանը:

Հայաստանի Հանրապետության զինանշանը օտարերկրյա պետության զինանշանի հետ միաժամանակ տեղադրվելու անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության զինանշանը պետք է տեղադրվի տվյալ շենքի ձախ կողմից (դեմքով դեպի այդ շենքը): Եթե միաժամանակ տեղադրվում է կենտ թվով մի քանի զինանշան, ապա Հայաստանի Հանրապետության զինանշանը պետք է տեղադրվի դրանց մեջտեղում: Եթե տեղադրվում են զույգ թվով (2-ից ավելի) զինանշաններ, ապա Հայաստանի Հանրապետության զինանշանը պետք է տեղադրվի  կենտրոնից ձախ:

 

Հոդված 7. Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերի գործածումը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի կողմից

 

Հայաստանի Հանրապետության զինանշանը կարող է տեղադրվել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի դրոշների վրա, Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայողների, զինծառայողների և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության շարքային ու ղեկավար կազմի տարբերանշանների վրա:

 

Հոդված 8. Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերի գործածումը Հայաստանի Հանրապետության դրամական միավորների, շքանշանների ու մեդալների վրա

 

Հայաստանի Հանրապետության զինանշանը կարող է պատկերվել Հայաստանի Հանրապետության դրամական միավորների, շքանշանների ու մեդալների վրա:

 

Հոդված 9. Պատասխանատվությունը սույն օրենքի պահանջները խախտելու դեպքում

 

Սույն օրենքի պահանջների խախտումը առաջացնում է պատասխանատվություն օրենքով սահմանված կարգով:

Հոդված 10. Օրենքի ուժի մեջ մտնելը

 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

Հոդված 11. Անցումային դրույթներ

 

1. Մինչև Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի ձևավորումը սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համապատասխան պահանջը գործում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վերահսկիչ պալատի նախագահի համար:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «ՀՍՍՀ պետական գերբի կանոնադրությունը հաստատելու մասին» Հայկական ՍՍՀ Գերագույն խորհրդի նախագահության 1981 թվականի ապրիլի 29-ի հրամանագիրը և «Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի մասին» Հայաստանի Հանրապետության 1992 թվականի ապրիլի 19-ի ՀՆ-0580-1-ՀՕ-21 օրենքը:

                        

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2006 թ. հուլիսի 4
Երևան
ՀՕ-148-Ն

 

Հավելված
«Հայաստանի Հանրապետության
զինանշանի մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքի


Պ Ա Տ Կ Ե Ր

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆԱՆՇԱՆԻ


 

Ներմուծեք նկարագրությունը_18754

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
24.10.2024, ՀՕ-439-Ն ---------
21.01.2020, ՀՕ-38-Ն 22.02.2020, ՀՕ-148-Ն
21.12.2015, ՀՕ-188-Ն 31.12.2015, ՀՕ-148-Ն
07.04.2009, ՀՕ-77-Ն 30.04.2009, ՀՕ-148-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան