ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 1216-Ա |
«28» մարտի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԴԻՄՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Որոշմամբ լուծվող հարցի նկարագրությունը.
Երևանի քաղաքապետարան հասցեագրված Գևորգ Սաֆարյանի լիազորված անձ՝ Ֆելիքս Սաֆարյանի 2024 թվականի մարտի 4-ի թիվ Դ-29813-24 դիմումի հիման վրա, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի դրույթներին համապատասխան` իրականացվել է վարչարարություն:
2024 թվականի մարտի 4-ի թիվ Դ-29813-24 դիմումի (այսուհետ՝ նաև Դիմում) առարկայի քննության կապակցությամբ 2024 թվականի մարտի 22-ին, ժամը 11.00-ին հրավիրված լսումներին ներկայացել և մասնակցել է Գևորգ Սաֆարյանի ներկայացուցիչ՝ Ֆելիքս Սաֆարյանը:
Ուսումնասիրելով 2024 թվականի մարտի 4-ի թիվ Դ-29813-24 դիմումը, դրան կից ներկայացված նյութերը, 2024 թվականի մարտի 22-ին կազմված՝ վարչարարության շրջանակներում իրականացված լսումների վերաբերյալ արձանագրությունը, գնահատելով ներկայացված պահանջին առնչվող բոլոր փաստական հանգամանքները, պարզվել է հետևյալը.
2. Որոշման կայացման համար հիմք հանդիսացող փաստերը.
Երևանի քաղաքապետարան հասցեագրված՝ 2024 թվականի մարտի 4-ի թիվ Դ-29813-24 դիմումով, ինչպես նաև վարույթի լսումների ժամանակ ներկայացված փաստերի համաձայն՝ 2024 թվականի փետրվարի 6-ին Երևան քաղաքի Ադոնցի փողոցի թիվ 9 շենքի բակում կայանված «Toyota corolla 2.0» մակնիշի, «55FE515» հաշվառման համարանիշի փոխադրամիջոցի վրա, նույն շենքի 8-րդ հարկի տանիքից սառցե կույտ է թափվել, ինչի արդյունքում փոխադրամիջոցը վնասվել է:
Գևորգ Սաֆարյանի լիազորված անձ՝ Ֆելիքս Սաֆարյանը, հիմք ընդունելով Դիմումին կից ներկայացված «Փորձագետների միություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2024 թվականի փետրվարի 20-ին տրված թիվ Գ-24/003 եզրակացությունը՝ խնդրել է փոխհատուցել Դիմումում նկարագրված պատահարի արդյունքում առաջացած վնասը, որը կազմում է 1.168.000 (մեկ միլիոն մեկ հարյուր վաթսունութ հազար) ՀՀ դրամ:
2022 թվականի ապրիլի 19-ին տրված տրանսպորտային միջոցի հաշվառման թիվ XK664660 վկայագրի համաձայն՝ «Toyota corolla 2.0» մակնիշի, «55FE515» հաշվառման համարանիշի փոխադրամիջոցը հանդիսանում է Գևորգ Սաֆարյանի սեփականությունը:
Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիր բաժնում ստացված ահազանգի կապակցությամբ նախապատրաստված նյութերում առկա տեղեկատվության համաձայն՝ սառույցները թափվել են Երևան քաղաքի Ադոնցի փողոցի թիվ 9 շենքի թիվ 43 բնակարանի տանիքից:
«Փորձագետների միություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2024 թվականի փետրվարի 20-ին կազմված՝ ավտոմեքենային պատճառված վնասի գնահատման թիվ Գ-24/003 եզրակացության «Հետևություն» բաժնում փորձագետը նշել է, որ փորձաքննությանը տրամադրված «Toyota corolla 2.0» մակնիշի «55FE515» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի սեփականատիրոջը պատճառված նյութական վնասի չափի շուկայական գինը, 2024 թվականի փետրվարի 20-ի դրությամբ գործող շուկայական գներով, գնահատվում է 1.168.000 (մեկ միլիոն մեկ հարյուր վաթսունութ հազար) ՀՀ դրամ:
2024 թվականի փետրվարի 20-ի թիվ B1176882568 հաշիվ վավերագրի համաձայն՝ «Toyota corolla 2.0» մակնիշի «55FE515» հաշվառման համարանիշի տրանսպորտային միջոցին պատճառված վնասի գնահատման դիմաց «Փորձագետների միություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը վճարման ենթակա գումարի չափը կազմել է 20.000 (քսան հազար) ՀՀ դրամ:
Վարույթի լսումների ընթացքում Գևորգ Սաֆարյանի լիազորված անձ՝ Ֆելիքս Սաֆարյանը Դիմումով ներկայացված պահանջի կապակցությամբ հայտնել է, որ սառցե կույտը թափվել է Երևան քաղաքի Ադոնցի փողոցի թիվ 9 շենքի 7-րդ հարկի թիվ 43 բնակարանի տանիքի մասում կառուցված մանսարդային հարկի տանիքից, որի կառուցվածքն այնպիսին է, որ ձյունը կարող է սահել և թափվել, քանի որ կառուցված չեն պաշտպանիչ կամ ձյան սահելը կանխող միջոցներ, ավելին՝ տանիքն ունի այնպիսի կառուցվածք, որը նպաստում է սառույցների գոյացմանը և կուտակմանը տվյալ հատվածում, ինչն էլ վտանգ է ներկայացնում մարդկանց կյանքի համար և պատճառ է դառնում նյութական վնասների առաջացմանը: Գևորգ Սաֆարյանը նաև հայտնել է, որ վնասի փոխհատուցման պահանջը ներկայացրել է Երևանի քաղաքապետին, քանի որ գտնում է, որ բազմաբնակարան շենքի տանիքում մանսարդային հարկ կառուցել թույլատրելը, դրա ձևը համապատասխան նորմերին համապատասխանելն ապահովելը գտնվում է Երևանի քաղաքապետարանի գործառույթների դաշտում:
«Toyota corolla 2.0» մակնիշի «55FE515» հաշվառման համարանիշի փոխադրամիջոցի հետքաբանական փորձաքննության վերաբերյալ կազմված փորձագիտական եզրակացություն դիմումատուի կողմից չի ներկայացվել:
Դիմումի կապակցությամբ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության կողմից 2024 թվականի մարտի 6-ին տրամադրված տեղեկատվության համաձայն՝ Երևան քաղաքի Ադոնցի փողոցի թիվ 9 շենքն ընդգրկված է «Քնար» համատիրության կազմի մեջ:
3. Որոշումն ընդունելու հիմնավորումները.
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական մարմինը վարչական վարույթում որպես ապացույց գնահատում է գործում առկա բացատրությունները, ցուցմունքները, փորձագիտական եզրակացությունները, փաստաթղթերը, նյութերը, իրերը, ինչպես նաև այն հանգամանքները, որոնք իր հայեցողությամբ այդ մարմինը պիտանի և անհրաժեշտ է համարում գործի փաստական հանգամանքների բացահայտման և գնահատման համար:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ անձի և վարչական մարմնի փոխհարաբերություններում ապացուցման պարտականությունը կրում է` անձը` նրա համար բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում:
Քննարկվող պարագայում, ելնելով վնասի փոխհատուցման պահանջի հիմքում դրված փաստական հանգամանքներից, ենթակա է պարզման, թե ո՞վ է կրում Երևան քաղաքի Ադոնցի փողոցի թիվ 9 շենքի, այդ թվում՝ նույն շենքի թիվ 43 բնակարանի տանիքի պահպանման և պատշաճ շահագործման պարտականությունը, Դիմումում նկարագրված պատահարի և առաջացած վնասի միջև պատճառահետևանքային կապ առկա է, թե՞ ոչ, Երևանի քաղաքապետարանի կողմից դրսևորվել է ոչ իրավաչափ գործողություն կամ անգործություն, թե՞ ոչ, առաջացած վնասը հանդիսանում է վարչական մարմնի ենթադրյալ ոչ իրավաչափ գործողության կամ անգործության ուղղակի և անխուսափելի հետևանքը, թե՞ ոչ:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վնասներ են` իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), ինչպես նաև չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ):
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սեփականատերն իրավունք ունի իրեն պատկանող գույքի նկատմամբ, իր հայեցողությամբ, կատարել օրենքին չհակասող և այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը չխախտող ցանկացած գործողություն, այդ թվում` իր գույքը որպես սեփականություն օտարել այլ անձանց, նրանց փոխանցել այդ գույքի օգտագործման, տիրապետման և տնօրինման իրավունքները, գույքը գրավ դնել կամ տնօրինել այլ եղանակով:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1071.1-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անշարժ գույքի օգտագործման, տիրապետման, տնօրինման, շահագործման կամ կառուցապատման ընթացքում այլ անձանց կամ նրանց գույքին պատճառված վնասի հատուցման պատասխանատվությունը կրում է անշարժ գույքի սեփականատերը, եթե չի ապացուցում, որ վնասը ծագել է անհաղթահարելի ուժի կամ տուժողի դիտավորության հետևանքով:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 224-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ բազմաբնակարան շենքի շինությունների սեփականատերերին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանում են շենքը կրող կառուցվածքները, շենքի միջհարկային ծածկերը (առաստաղները, հատակները), նկուղը, ձեղնահարկը, տեխնիկական հարկերը, տանիքը, ինչպես նաև մեկից ավելի շինություններ սպասարկող և բազմաբնակարան շենքի միասնական ամբողջական սպասարկման համար նախատեսված մուտքերը, աստիճանավանդակները, աստիճանները, վերելակները, վերելակային և այլ հորերը, մեխանիկական, էլեկտրական, սանիտարատեխնիկական և այլ սարքավորումներն ու տարածքները, շենքի պահպանման և սպասարկման համար անհրաժեշտ հողամասերը, որոնք չեն հանդիսանում այլ անձանց սեփականություն:
«Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ շինության սեփականատերերը պարտավոր են իրականացնել ընդհանուր բաժնային սեփականության պահպանման այն պահանջները և պարտադիր միջոցառումներն ու աշխատանքները (այսուհետ` պարտադիր նորմեր), որոնց չիրականացումը կարող է ուղղակի վտանգ ներկայացնել ընդհանուր բաժնային սեփականությանը, շինությունների սեփականատերերի կամ այլ մարդկանց կյանքին, առողջությանը, անձանց գույքին, շրջակա միջավայրին:
«Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պարտադիր նորմերի մեջ ներառվում են հակահրդեհային, սանիտարական, քաղաքաշինական, կոմունալ սպասարկման, փոստային բաժանորդային պահարանների սպասարկման և այլ միջոցառումներ:
«Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ եթե շինությունների սեփականատերերի կամ շինության կառավարման մարմնի կողմից պարտադիր նորմերը չկատարելու հետևանքով ուղղակի վտանգ է սպառնում անձանց կյանքին, առողջությանը, գույքին կամ շրջակա միջավայրին, ապա համապատասխան համայնքի ղեկավարը ստուգման կամ ահազանգ ստանալու դեպքում պարտավոր է համայնքի միջոցներով վերացնել այդ վտանգը` նախօրոք այդ մասին ծանուցելով շինության սեփականատերերին և շենքի կառավարման մարմնին:
«Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պարտադիր նորմերի պահպանման հարցերում ընդհանուր բաժնային գույքի կառավարման համար շինության սեփականատերերը կարող են ընտրվել շենքի կառավարման մարմին: Մինչև 4 սեփականատեր ունեցող շենքերում պարտադիր նորմերի ապահովումը կարող է իրականացվել նաև ժողովի միջոցով: Նույն հոդվածի 3-րդ մասի «ա» կետի համաձայն՝ ընդհանուր բաժնային սեփականության կառավարումը կարող է իրականացվել շինության սեփականատերերի կողմից ստեղծված իրավաբանական անձի՝ համատիրության միջոցով:
Քննարկվող պարագայում՝ Երևան քաղաքի Ադոնցի փողոցի թիվ 9 բազմաբնակարան բնակելի շենքը կառավարվում է «Քնար» համատիրության կողմից, իսկ վարչարարության շրջանակներում չի ստացվել ապացույց այն մասին, որ նույն շենքի տանիքում կուտակված են սառցե կտորներ, որպիսիք ուղղակի վտանգ են սպառնում անձանց կյանքին, առողջությանը, գույքին կամ շրջակա միջավայրին:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 96–րդ հոդվածի համաձայն՝ վնասի հատուցում չի իրականացվում, քանի դեռ վարչական մարմնի իրավական ակտը, գործողությունը կամ անգործությունը, որով անձին վնաս է հասցվել, սահմանված կարգով ոչ իրավաչափ չի ճանաչվել, բացառությամբ նույն օրենքի 109-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:
Գործին առնչվող փաստական հանգամանքներով հիմնավորվում է, որ Դիմումում նշված տանիքի պահպանման և պատշաճ շահագործման ապահովման պարտականություն Երևանի քաղաքապետարանը չի կրում, քանի որ այն գտնվում է նույն բազմաբնակարան շենքի ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող գույքի սեփականատերերի և «Քնար» համատիրության հոգածության ներքո, իսկ վերջինիս կողմից պարտադիր նորմերը չկատարելու հետևանքով անձանց կյանքին, առողջությանը, գույքին կամ շրջակա միջավայրին, ուղղակի վտանգ սպառնալու մասին ահազանգ ներկայացված լինելու մասին համապատասխան ապացույցի բացակայության պայմաններում վնասի հատուցման հարցում վարչական մարմնին պատասխանատու սուբյեկտ դիտարկելու փաստարկը մնում է չհիմնավորված և չապացուցված:
Բազմաբնակարան շենքի տանիքում մանսարդային հարկ կառուցելու նպատակով քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրումն ու կառուցապատումը քաղաքաշինական փաստաթղթերին և քաղաքաշինական նորմերին համապատասխան իրականացնելու նկատմամբ հսկողությունը Երևանի քաղաքապետի գործառույթները հանդիսանալու, հետևաբար վնասի փոխհատուցումը Երևանի քաղաքապետարանի պատասխանատվության ներքո գտնվելու մասին դիմումատուի փաստարկների ուսումնասիրության և գնահատման համատեքստում կիրառելի են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 96–րդ հոդվածի դրույթները, որոնք պահանջում են, որ ենթադրաբար վնասի առաջացման պատճառ հանդիսացած՝ վարչական մարմնի գործողությունը, անգործությունը կամ վարչական ակտը ճանաչված լինեն ոչ իրավաչափ, ինչի կապակցությամբ ապացույցներ, քննարկվող պարագայում, չեն ներկայացվել:
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով պատճառված վնասի հատուցման խնդրին, նախկինում կայացրած որոշմամբ նշել է, որ վարչարարության հետևանքով վնասի հատուցման պահանջով անհրաժեշտ է, որպեսզի առաջին հերթին ոչ իրավաչափ ճանաչված լինի անձին վնաս հասցրած վարչական մարմնի իրավական ակտը, գործողությունը կամ անգործությունը, որից հետո միայն անձը պարտավոր է նախ դիմել վնասը պատճառած վարչական մարմին, որի կողմից հատուցման պահանջն ամբողջությամբ կամ մասնակիորեն մերժելու կամ դիմումը չքննարկելու դեպքում կարող է վարչական ակտը, գործողությունը կամ անգործությունը բողոքարկել վերադասության կամ դատական կարգով (տե՛ս, թիվ ՎԴ/3280/05/09 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 2010 թվականի դեկտեմբերի 3-ի որոշումը):
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը թիվ ՎԴ/1761/05/14 վարչական գործով 2016 թվականի դեկտեմբերի 26-ին կայացված որոշմամբ տվել է հետևյալ պարզաբանումը.
«Այսպիսով, ոչ իրավաչափ վարչարարության արդյունքում պետության պատասխանատվության պայմաններն են վնասի առկայությունը և դրա վրա հասնելը (պատճառվելը) ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով: Այսինքն` վարչական մարմինների պարտականությունների խախտման և վնասի պատճառման միջև պետք է առկա լինի իրավական նշանակություն ունեցող պատճառահետևանքային կապը: Այլ կերպ ասած` վարչարարությունն ոչ իրավաչափ ճանաչելը դեռևս չի նշանակում, որ անձը վնասը կրել է հենց վարչարարության հետևանքով. անհրաժեշտ է, որ վարչարարության և պատճառված վնասի միջև առկա լինի անմիջական պատճառահետևանքային կապ: Պատճառահետևանքային կապի հարցը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում առանձին գնահատման առարկա պետք է դառնա, և դրա առկայությունը որոշելիս առանցքային պետք է համարվի այն գաղափարը, որ պատճառահետևանքային կապի առկայության մասին կարող է խոսք լինել միայն այն դեպքում, երբ վնասի առաջացումը ոչ իրավաչափ վարչարարության անխուսափելի և անմիջական արդյունքն է: Հետևաբար ոչ իրավաչափ վարչարարության և առաջացած վնասների միջև պատճառահետևանքային կապ կարող է առկա լինել, եթե վնասի առաջացումը հանդիսանում է իրականացված վարչարարության օբյեկտիվորեն անհրաժեշտ և ուղղակի արդյունքը: Եթե բացասական հետևանքները կարող էին առաջանալ նաև առանց ոչ իրավաչափ վարչարարության (իսկ օրենքով նախատեսված դեպքերում՝ նաև իրավաչափ վարչարարության), ուրեմն դրանց միջև պատճառահետևանքային կապը բացակայում է:
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը եզրակացնում է, որ նշված պայմաններից թեկուզ մեկի բացակայությունը բացառում է վնասի հատուցման պահանջի բավարարման հնարավորությունը:»:
Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով, որ Երևան քաղաքի Ադոնցի փողոցի թիվ 9 բազմաբնակարան բնակելի շենքը կառավարվում է «Քնար» համատիրության կողմից, իսկ Գևորգ Սաֆարյանի լիազորված անձ՝ Ֆելիքս Սաֆարյանի կողմից չեն ներկայացվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 96-րդ հոդվածի պահանջներից բխող՝ Դիմումի առարկա վնասը Երևանի քաղաքապետարանի ոչ իրավաչափ գործողության, անգործության կամ վարչական ակտի կայացման անմիջական և անխուսափելի հետևանք հանդիսանալու վերաբերյալ ապացույցներ, ուստի ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ, 163-րդ, 224-րդ, 1058-րդ, 1071.1-րդ հոդվածներով, «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքի 10-րդ և 17-րդ հոդվածներով և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 43-րդ և 96-րդ հոդվածներով՝
ՈՐՈՇԵՑԻ
1. Երևանի քաղաքապետարան հասցեագրված՝ վնասի փոխհատուցման պահանջի մասին Գևորգ Սաֆարյանի լիազորված անձ՝ Ֆելիքս Սաֆարյանի 2024 թվականի մարտի 4-ի թիվ Դ-29813-24 դիմումը մերժել:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
Տ. Ավինյան |