ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 1052-Ա |
«20» մարտի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԴԻՄՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Որոշմամբ լուծվող հարցի նկարագրությունը.
Երևանի քաղաքապետարան հասցեագրված Արայիկ Սահակյանի 2024 թվականի փետրվարի 21-ի թիվ Դ-24104-24 դիմումի հիման վրա, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի դրույթներին համապատասխան` իրականացվել է վարչարարություն:
Դիմումի առարկայի քննության կապակցությամբ 2024 թվականի փետրվարի 29-ին, ժամը 11.00-ին հրավիրված լսումներին ներկայացել և մասնակցել է Արայիկ Սահակյանը:
Ուսումնասիրելով 2024 թվականի փետրվարի 21-ի թիվ Դ-24104-24 դիմումը (այսուհետ՝ նաև Դիմում), դրան կից, ինչպես նաև վարույթի լսումների ժամանակ ներկայացված նյութերը, 2024 թվականի փետրվարի 29-ին կազմված՝ վարչարարության շրջանակներում իրականացված լսումների վերաբերյալ արձանագրությունը, գնահատելով ներկայացված պահանջին առնչվող բոլոր փաստական հանգամանքները, պարզվել է հետևյալը.
2. Որոշման կայացման համար հիմք հանդիսացող փաստերը.
Երևանի քաղաքապետարան հասցեագրված՝ 2024 թվականի փետրվարի 21-ի թիվ Դ-24104-24 դիմումով, ինչպես նաև վարույթի լսումների ժամանակ ներկայացված փաստերի համաձայն՝ 2024 թվականի հունվարի 28-ին Երևան քաղաքի Զ.Սարկավագի փողոցի թիվ 72 շենքի տանիքից Արայիկ Սահակյանի սեփականությանը հանդիսացող «Jeep Compass Latitude 2.4» մակնիշի «37AU901» հաշվառման համարանիշի փոխադրամիջոցի վրա ընկել է սառույցի մեծ կտոր, ինչի արդյունքում փոխադրամիջոցը վնասվել է:
Արայիկ Սահակյանը, հիմք ընդունելով Դիմումին կից ներկայացված բոլոր ապացույցները և «Փորձագետների միություն» սահմանափակ պատասխանա-տվությամբ ընկերության կողմից 2024 թվականի փետրվարի 20-ին տրված՝ ավտոմեքենային պատճառված վնասի գնահատման թիվ Գ-24/004 եզրակացությունը, խնդրել է փոխհատուցել պատճառված վնասը, որը կազմում է 535.000 (հինգ հարյուր երեսունհինգ հազար) ՀՀ դրամ, ինչպես նաև խնդրել է փոխհատուցել նշված փորձագիտական եզրակացության համար վճարված 30.000 (երեսուն հազար) ՀՀ դրամ գումարը՝ որպես իրավունքի պաշտպանության նպատակով կատարված ծախս:
2023 թվականի ապրիլի 27-ին տրված տրանսպորտային միջոցի հաշվառման թիվ YK195389 վկայագրի համաձայն՝ «Jeep Compass Latitude 2.4» մակնիշի «37AU901» հաշվառման համարանիշի փոխադրամիջոցը հանդիսանում է Արայիկ Սահակյանի սեփականությունը:
Դիմումով բարձրացված հարցի ուսումնասիրության արդյունքում՝ Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի 2024 թվականի փետրվարի 23-ի գրությամբ տեղեկացվել է, որ Երևան քաղաքի Զ. Սարկավագի փողոցի թիվ 72 շենքի պարտադիր նորմերի պահպանումը և սպասարկումը կատարում է «Օջախ» համատիրությունը:
Լսումների ընթացքում Արայիկ Սահակյանը, որպես լրացուցիչ ապացույց, ներկայացրել է Զ.Սարկավագի փողոցի թիվ 72 շենքի բնակիչներ Գառնիկ Նիկողոսյանի և Լևոն Մկրտչյանի կողմից ստորագրված «Արձանագրություն» վերտառությամբ փաստաթուղթը, որով վերջիններս հավաստել են, որ 2024 թվականի հունվարի 28-ի ցերեկը ժամը 13:00-ի սահմաններում բազմաբնակարան շենքի տանիքից ընկած սառույցի հետևանքով վնասվել է շենքի պատի տակ կայանված՝ շենքի առաջին հարկի բնակիչ Արայիկ Սահակյանի անձնական օգտագործման «Jeep Compass» մակնիշի ավտոմեքենան:
Վարույթի լսումների ընթացքում Արայիկ Սահակյանը, ի լրումն դիմումում ներկայացված փաստերի, հայտնել է, որ վնասի փոխհատուցման պահանջը ներկայացրել է Երևանի քաղաքապետին, քանի որ գտնում է, որ Երևանի քաղաքապետարանն իր պարտականությունների շրջանակներում պետք է կատարեր անհրաժեշտ աշխատանքներ, հսկողության կամ վերահսկողության եղանակով, որպեսզի մաքրվեր այդ օրերի ընթացքում տեղացած աննախադեպ քանակի ձյունը, որպեսզի այն հալելով չվերածվեր սառույցի և չընկներ՝ վնասելով սեփականություն հանդիսացող գույքը:
3. Որոշումն ընդունելու հիմնավորումները.
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական մարմինը վարչական վարույթում որպես ապացույց գնահատում է գործում առկա բացատրությունները, ցուցմունքները, փորձագիտական եզրակացությունները, փաստաթղթերը, նյութերը, իրերը, ինչպես նաև այն հանգամանքները, որոնք իր հայեցողությամբ այդ մարմինը պիտանի և անհրաժեշտ է համարում գործի փաստական հանգամանքների բացահայտման և գնահատման համար:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ անձի և վարչական մարմնի փոխհարաբերություններում ապացուցման պարտականությունը կրում է` անձը` նրա համար բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում:
Քննարկվող պարագայում, ելնելով վնասի փոխհատուցման պահանջի հիմքում դրված փաստական հանգամանքներից, ենթակա է պարզման, թե ո՞վ է կրում Երևան քաղաքի Զ.Սարկավագի փողոցի թիվ 72 շենքի, այդ թվում՝ նույն շենքի տանիքի պահպանման և պատշաճ շահագործման պարտականությունը, Դիմումում նկարագրված պատահարի և առաջացած վնասի միջև պատճառահետևանքային կապ առկա է, թե՞ ոչ, Երևանի քաղաքապետարանի կողմից դրսևորվել է ոչ իրավաչափ գործողություն կամ անգործություն, թե՞ ոչ, առաջացած վնասը հանդիսանում է վարչական մարմնի ենթադրյալ ոչ իրավաչափ գործողության կամ անգործության ուղղակի և անխուսափելի հետևանքը, թե՞ ոչ:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վնասներ են` իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), ինչպես նաև չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ):
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սեփականատերն իրավունք ունի իրեն պատկանող գույքի նկատմամբ, իր հայեցողությամբ, կատարել օրենքին չհակասող և այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը չխախտող ցանկացած գործողություն, այդ թվում` իր գույքը որպես սեփականություն օտարել այլ անձանց, նրանց փոխանցել այդ գույքի օգտագործման, տիրապետման և տնօրինման իրավունքները, գույքը գրավ դնել կամ տնօրինել այլ եղանակով:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1071.1-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անշարժ գույքի օգտագործման, տիրապետման, տնօրինման, շահագործման կամ կառուցապատման ընթացքում այլ անձանց կամ նրանց գույքին պատճառված վնասի հատուցման պատասխանատվությունը կրում է անշարժ գույքի սեփականատերը, եթե չի ապացուցում, որ վնասը ծագել է անհաղթահարելի ուժի կամ տուժողի դիտավորության հետևանքով:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 224-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ բազմաբնակարան շենքի շինությունների սեփականատերերին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանում են շենքը կրող կառուցվածքները, շենքի միջհարկային ծածկերը (առաստաղները, հատակները), նկուղը, ձեղնահարկը, տեխնիկական հարկերը, տանիքը, ինչպես նաև մեկից ավելի շինություններ սպասարկող և բազմաբնակարան շենքի միասնական ամբողջական սպասարկման համար նախատեսված մուտքերը, աստիճանավանդակները, աստիճանները, վերելակները, վերելակային և այլ հորերը, մեխանիկական, էլեկտրական, սանիտարատեխնիկական և այլ սարքավորումներն ու տարածքները, շենքի պահպանման և սպասարկման համար անհրաժեշտ հողամասերը, որոնք չեն հանդիսանում այլ անձանց սեփականություն:
«Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ շինության սեփականատերերը պարտավոր են իրականացնել ընդհանուր բաժնային սեփականության պահպանման այն պահանջները և պարտադիր միջոցառումներն ու աշխատանքները (այսուհետ` պարտադիր նորմեր), որոնց չիրականացումը կարող է ուղղակի վտանգ ներկայացնել ընդհանուր բաժնային սեփականությանը, շինությունների սեփականատերերի կամ այլ մարդկանց կյանքին, առողջությանը, անձանց գույքին, շրջակա միջավայրին:
«Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պարտադիր նորմերի մեջ ներառվում են հակահրդեհային, սանիտարական, քաղաքաշինական, կոմունալ սպասարկման, փոստային բաժանորդային պահարանների սպասարկման և այլ միջոցառումներ:
«Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ եթե շինությունների սեփականատերերի կամ շինության կառավարման մարմնի կողմից պարտադիր նորմերը չկատարելու հետևանքով ուղղակի վտանգ է սպառնում անձանց կյանքին, առողջությանը, գույքին կամ շրջակա միջավայրին, ապա համապատասխան համայնքի ղեկավարն ստուգման կամ ահազանգ ստանալու դեպքում պարտավոր է համայնքի միջոցներով վերացնել այդ վտանգը` նախօրոք այդ մասին ծանուցելով շինության սեփականատերերին և շենքի կառավարման մարմնին:
«Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պարտադիր նորմերի պահպանման հարցերում ընդհանուր բաժնային գույքի կառավարման համար շինության սեփականատերերը կարող են ընտրվել շենքի կառավարման մարմին: Մինչև 4 սեփականատեր ունեցող շենքերում պարտադիր նորմերի ապահովումը կարող է իրականացվել նաև ժողովի միջոցով: Նույն հոդվածի 3-րդ մասի «ա» կետի համաձայն՝ ընդհանուր բաժնային սեփականության կառավարումը կարող է իրականացվել շինության սեփականատերերի կողմից ստեղծված իրավաբանական անձի՝ համատիրության միջոցով:
Քննարկվող պարագայում՝ Երևան քաղաքի Զ.Սարկավագի փողոցի թիվ 72 բազմաբնակարան բնակելի շենքը կառավարվում է «Օջախ» համատիրության կողմից, իսկ Դիմումով բարձրացված հարցի ուսումնասիրության արդյունքում Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի 2024 թվականի փետրվարի 23-ի գրությամբ տեղեկացվել է, որ նշյալ շենքի սառցալեզվակների հետ կապված ահազանգ վարչական շրջանում արձանագրված չէ:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի
96-րդ հոդվածի համաձայն՝ վնասի հատուցում չի իրականացվում, քանի դեռ վարչական մարմնի իրավական ակտը, գործողությունը կամ անգործությունը, որով անձին վնաս է հասցվել, սահմանված կարգով ոչ իրավաչափ չի ճանաչվել, բացառությամբ նույն օրենքի 109-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:
Գործին առնչվող փաստական հանգամանքներով հիմնավորվում է, որ Դիմումում նշված տանիքի պահպանման և պատշաճ շահագործման ապահովման պարտականություն Երևանի քաղաքապետարանը չի կրում, քանի որ այն գտնվում է նույն բազմաբնակարան շենքի ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող գույքի սեփականատերերի և «Օջախ» համատիրության հոգածության ներքո, իսկ վերջինիս կողմից պարտադիր նորմերը չկատարելու հետևանքով անձանց կյանքին, առողջությանը, գույքին կամ շրջակա միջավայրին, ուղղակի վտանգ սպառնալու մասին ահազանգի բացակայության պայմաններում վարչական մարմնի կողմից իր լիազորությունները չկատարելու մասին փաստարկները մնում են չհիմնավորված և չապացուցված:
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով պատճառված վնասի հատուցման խնդրին, նախկինում կայացրած որոշմամբ նշել է, որ վարչարարության հետևանքով վնասի հատուցման պահանջով անհրաժեշտ է, որպեսզի առաջին հերթին ոչ իրավաչափ ճանաչված լինի անձին վնաս հասցրած վարչական մարմնի իրավական ակտը, գործողությունը կամ անգործությունը, որից հետո միայն անձը պարտավոր է նախ դիմել վնասը պատճառած վարչական մարմին, որի կողմից հատուցման պահանջն ամբողջությամբ կամ մասնակիորեն մերժելու կամ դիմումը չքննարկելու դեպքում կարող է վարչական ակտը, գործողությունը կամ անգործությունը բողոքարկել վերադասության կամ դատական կարգով (տե՛ս, թիվ ՎԴ/3280/05/09 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 2010 թվականի դեկտեմբերի 3-ի որոշումը):
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը թիվ ՎԴ/1761/05/14 վարչական գործով 2016 թվականի դեկտեմբերի 26-ին կայացված որոշմամբ տվել է հետևյալ պարզաբանումը.
«Այսպիսով, ոչ իրավաչափ վարչարարության արդյունքում պետության պատասխանատվության պայմաններն են վնասի առկայությունը և դրա վրա հասնելը (պատճառվելը) ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով: Այսինքն` վարչական մարմինների պարտականությունների խախտման և վնասի պատճառման միջև պետք է առկա լինի իրավական նշանակություն ունեցող պատճառահետևանքային կապը: Այլ կերպ ասած` վարչարարությունն ոչ իրավաչափ ճանաչելը դեռևս չի նշանակում, որ անձը վնասը կրել է հենց վարչարարության հետևանքով. անհրաժեշտ է, որ վարչարարության և պատճառված վնասի միջև առկա լինի անմիջական պատճառահետևանքային կապ: Պատճառահետևանքային կապի հարցը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում առանձին գնահատման առարկա պետք է դառնա, և դրա առկայությունը որոշելիս առանցքային պետք է համարվի այն գաղափարը, որ պատճառահետևանքային կապի առկայության մասին կարող է խոսք լինել միայն այն դեպքում, երբ վնասի առաջացումը ոչ իրավաչափ վարչարարության անխուսափելի և անմիջական արդյունքն է: Հետևաբար ոչ իրավաչափ վարչարարության և առաջացած վնասների միջև պատճառահետևանքային կապ կարող է առկա լինել, եթե վնասի առաջացումը հանդիսանում է իրականացված վարչարարության օբյեկտիվորեն անհրաժեշտ և ուղղակի արդյունքը: Եթե բացասական հետևանքները կարող էին առաջանալ նաև առանց ոչ իրավաչափ վարչարարության (իսկ օրենքով նախատեսված դեպքերում՝ նաև իրավաչափ վարչարարության), ուրեմն դրանց միջև պատճառահետևանքային կապը բացակայում է:
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը եզրակացնում է, որ նշված պայմաններից թեկուզ մեկի բացակայությունը բացառում է վնասի հատուցման պահանջի բավարարման հնարավորությունը:»:
Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով, որ Երևան քաղաքի Զ.Սարկավագի փողոցի թիվ 72 բազմաբնակարան բնակելի շենքը կառավարվում է «Օջախ» համատիրության կողմից, իսկ Արայիկ Սահակյանի կողմից չեն ներկայացվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 96-րդ հոդվածի պահանջներից բխող՝ Դիմումի առարկա վնասը Երևանի քաղաքապետարանի ոչ իրավաչափ գործողության կամ անգործության անմիջական և անխուսափելի հետևանք հանդիսանալու վերաբերյալ ապացույցներ, ուստի ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ, 163-րդ, 224-րդ, 1058-րդ, 1071.1-րդ հոդվածներով, «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքի 10-րդ և 17-րդ հոդվածներով և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 43-րդ և 96-րդ հոդվածներով՝
ՈՐՈՇԵՑԻ
1. Երևանի քաղաքապետարան հասցեագրված՝ վնասի փոխհատուցման պահանջի մասին Արայիկ Սահակյանի 2024 թվականի փետրվարի 21-ի թիվ Դ-24104-24 դիմումը մերժել:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
Տ. Ավինյան |