Գլխավոր տեղեկություն
Համար
N 1005-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.03.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ОВМИД РА 2007.01.24/6(530) 20.03.2024
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
15.03.2024
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
15.03.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.03.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 1005-Ա

«15» մարտի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԴԻՄՈՒՄՆԵՐԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Որոշմամբ լուծվող հարցի նկարագրությունը.

Երևանի քաղաքապետարան հասցեագրված Արման Ալավերդյանի 2024 թվականի փետրվարի 16-ի թիվ Դ-22070-24 և թիվ Դ-22146-24 դիմումների (այսուհետ՝ նաև Դիմումներ) հիման վրա, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի դրույթներին համապատասխան` իրականացվել է վարչարարություն:

Դիմումների առարկայի քննության կապակցությամբ 2024 թվականի մարտի 7-ին, ժամը 14.00-ին հրավիրված լսումներին ներկայացել և մասնակցել է Արման Ալավերդյանը:

Ուսումնասիրելով Դիմումները, դրանց կից ներկայացված նյութերը, 2024 թվականի մարտի 7-ին կազմված՝ վարչարարության շրջանակներում իրականացված լսումների վերաբերյալ արձանագրությունը, գնահատելով Դիմումների առարկային առնչվող բոլոր փաստական հանգամանքները, պարզվել է հետևյալը.

2. Որոշման կայացման համար հիմք հանդիսացող փաստերը.

Երևանի քաղաքապետարան հասցեագրված՝ 2024 թվականի փետրվարի 16-ի թիվ Դ-22070-24 և թիվ Դ-22146-24 դիմումներով, ինչպես նաև վարույթի լսումների ընթացքում ներկայացված փաստերի համաձայն՝ 2023 թվականի դեկտեմբերի 29-ին Երևան քաղաքի Աշտարակի խճուղուց դեպի Դավթաշենի կամուրջ երթևեկելիս, Արման Ալավերդյանի սեփականությունը հանդիսացող «Tesla» մակնիշի «37UP634» հաշվառման համարանիշի փոխադրամիջոցի երկու անվադողերն ու անվահեծերը վնասվել են ճանապարհի երթևեկելի մասում անփույթ շինարարական աշխատանքների և նախազգուշացնող նշանի բացակայության պատճառով (փոխադրամիջոցն ընկել է շինարարական աշխատանքների հետևանքով ճանապարհի երթևեկելի մասում գոյացած փոսի մեջ): Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաև Դիմումներին կից ներկայացված ապացույցները, Արման Ալավերդյանը խնդրել է փոխհատուցել առաջացած վնասը, որը կազմում է 700.000 (յոթ հարյուր հազար) ՀՀ դրամ:

2023 թվականի օգոստոսի 16-ին տրված տրանսպորտային միջոցի հաշվառման թիվ YI384331 վկայագրի համաձայն՝ «Tesla» մակնիշի «37UP634» հաշվառման համարանիշի փոխադրամիջոցը հանդիսանում է Արման Ալավերդյանի սեփականությունը:

Դիմումներին կից, ինչպես նաև 2024 թվականի մարտի 7-ին կայացած լսումների ժամանակ Դիմումների առարկային, այն է՝ վնասի փոխհատուցման պահանջին առնչվող փաստական հանգամանքների ապացուցման նպատակով չեն ներկայացվել փոխադրամիջոցի վնասվածքներն առաջանալու պատճառների, վնասված փոխադրամիջոցի հետքաբանական և ապրանքագիտական փորձաքննության, պատահարի ու վնասի միջև պատճառահետևանքային կապը հիմնավորող՝ ոլորտում համապատասխան որակավորում ունեցող փորձագետի կողմից տրված փորձագիտական եզրակացություններ, ինչպես նաև չի հիմնավորվել վնասը վարչական մարմնի՝ դատական կարգով ոչ իրավաչափ ճանաչված գործողության կամ անգործության հետևանք հանդիսանալու հանգամանքը: Ինչ վերաբերում է ենթադրյալ վնասը 700.000 (յոթ հարյուր հազար) ՀՀ դրամ կազմելու հանգամանքին, ապա այդ կապակցությամբ վերաբերելի և թույլատրելի գրավոր ապացույցներ չեն ներկայացվել:

3. Վարչական ակտն ընդունելու հիմնավորումները.

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի 1-ին մասով սահմանված է, որ նույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում առաջացող հարաբերությունները, սահմանում է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի պետական քաղաքականության սկզբունքները և ուղղությունները, ճանապարհային երթևեկության կազմակերպման և անվտանգության ապահովման իրավական հիմքերը, ճանապարհային երթևեկության կազմակերպման և անվտանգության ապահովման բնագավառի պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները, ինչպես նաև ճանապարհային երթևեկության մասնակիցների իրավունքները և պարտականությունները։

Օրենքի 9.1-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետի համաձայն՝ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում ներքին գործերի բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը (այսուհետ՝ ներքին գործերի լիազոր մարմին) վերահսկողություն է իրականացնում ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ և ձեռնարկում օրենքով նախատեսված միջոցներ, իսկ նույն հոդվածի 1-ին մասի «է» կետի համաձայն՝ հսկողություն է իրականացնում ճանապարհները և դրանց ինժեներական կառույցները, ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցները տեխնիկական նորմերի, կանոնների և ստանդարտների պահանջներին համապատասխանեցնելու նկատմամբ, ներկայացնում հայտնաբերված խախտումների վերացման պահանջներ:

 Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի «ժգ» կետի համաձայն՝ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը կազմակերպում և անցկացնում է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ուղղությամբ կանխարգելիչ միջոցառումներ:

Օրենքի 1-ին, 9.1-րդ և 10-րդ հոդվածներով նախատեսված՝ վերը մեջբերված իրավանորմերից հետևում է, որ անվտանգ երթևեկություն ապահովելու գործառույթն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից և դրա հետ կապված իրականացված վարչարարության (գործողություն կամ անգործություն) շուրջ ծագած վեճերով Երևանի քաղաքապետը չի հանդիսանում իրավասու պատասխանատու վարչական մարմին:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վնասներ են` իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), ինչպես նաև չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ):

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ անձի և վարչական մարմնի փոխհարաբերություններում ապացուցման պարտականությունը կրում է` անձը` նրա համար բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1063-րդ հոդվածի համաձայն` քաղաքացուն կամ իրավաբանական անձին պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց ապօրինի գործողություններով (անգործությամբ)` ներառյալ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի` օրենքին կամ այլ իրավական ակտին չհամապատասխանող ակտ հրապարակելու հետևանքով, պատճառված վնասը հատուցում է Հայաստանի Հանրապետությունը կամ համապատասխան համայնքը:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1063-րդ հոդվածի բովանդակությունից հետևում է, որ օրենսդիրը վարչական մարմնի կողմից փոխհատուցման ենթակա վնաս դիտել է այն վնասը, որը պատճառվել է տեղական ինքնակառավարման մարմնի ապօրինի գործողություններով (անգործությամբ), որպիսի հանգամանքը քննարկվող վարույթով չի հաստատվել:

«Քաղաքաշինության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի «բ» կետի համաձայն՝ կառուցապատողները պարտավոր են մինչև շինարարություն սկսելը, ինչպես նաև շինարարության ընթացքում համաձայնության գալ կառուցապատման հետևանքով վնասներ կրող սուբյեկտների հետ` հասցվելիք վնասների փոխհատուցման վերաբերյալ:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 96–րդ հոդվածի համաձայն՝ վնասի հատուցում չի իրականացվում, քանի դեռ վարչական մարմնի իրավական ակտը, գործողությունը կամ անգործությունը, որով անձին վնաս է հասցվել, սահմանված կարգով ոչ իրավաչափ չի ճանաչվել, բացառությամբ սույն օրենքի 109-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով պատճառված վնասի հատուցման խնդրին, նախկինում կայացրած որոշմամբ նշել է, որ վարչարարության հետևանքով վնասի հատուցման պահանջով անհրաժեշտ է, որպեսզի առաջին հերթին ոչ իրավաչափ ճանաչված լինի անձին վնաս հասցրած վարչական մարմնի իրավական ակտը, գործողությունը կամ անգործությունը, որից հետո միայն անձը պարտավոր է նախ դիմել վնասը պատճառած վարչական մարմին, որի կողմից հատուցման պահանջն ամբողջությամբ կամ մասնակիորեն մերժելու կամ դիմումը չքննարկելու դեպքում կարող է վարչական ակտը, գործողությունը կամ անգործությունը բողոքարկել վերադասության կամ դատական կարգով (տե՛ս, թիվ ՎԴ/3280/05/09 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 2010 թվականի դեկտեմբերի 3-ի որոշումը):

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը թիվ ՎԴ/1761/05/14 վարչական գործով 2016 թվականի դեկտեմբերի 26-ին կայացված որոշմամբ տվել է հետևյալ պարզաբանումը.

«Այսպիսով, ոչ իրավաչափ վարչարարության արդյունքում պետության պատասխանատվության պայմաններն են վնասի առկայությունը և դրա վրա հասնելը (պատճառվելը) ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով: Այսինքն` վարչական մարմինների պարտականությունների խախտման և վնասի պատճառման միջև պետք է առկա լինի իրավական նշանակություն ունեցող պատճառահետևանքային կապը: Այլ կերպ ասած` վարչարարությունն ոչ իրավաչափ ճանաչելը դեռևս չի նշանակում, որ անձը վնասը կրել է հենց վարչարարության հետևանքով. անհրաժեշտ է, որ վարչարարության և պատճառված վնասի միջև առկա լինի անմիջական պատճառահետևանքային կապ: Պատճառահետևանքային կապի հարցը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում առանձին գնահատման առարկա պետք է դառնա, և դրա առկայությունը որոշելիս առանցքային պետք է համարվի այն գաղափարը, որ պատճառահետևանքային կապի առկայության մասին կարող է խոսք լինել միայն այն դեպքում, երբ վնասի առաջացումը ոչ իրավաչափ վարչարարության անխուսափելի և անմիջական արդյունքն է: Հետևաբար ոչ իրավաչափ վարչարարության և առաջացած վնասների միջև պատճառահետևանքային կապ կարող է առկա լինել, եթե վնասի առաջացումը հանդիսանում է իրականացված վարչարարության օբյեկտիվորեն անհրաժեշտ և ուղղակի արդյունքը: Եթե բացասական հետևանքները կարող էին առաջանալ նաև առանց ոչ իրավաչափ վարչարարության (իսկ օրենքով նախատեսված դեպքերում՝ նաև իրավաչափ վարչարարության), ուրեմն դրանց միջև պատճառահետևանքային կապը բացակայում է:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը եզրակացնում է, որ նշված պայմաններից թեկուզ մեկի բացակայությունը բացառում է վնասի հատուցման պահանջի բավարարման հնարավորությունը:»:

Ելնելով վերոգրյալից և նկատի ունենալով, որ Դիմումներին կից, ինչպես նաև վարույթի լսումների ժամանակ չեն ներկայացվել «Tesla» մակնիշի «37UP634» հաշվառման համարանիշի փոխադրամիջոցի վնասվածքներն առաջանալու պատճառների, վնասված փոխադրամիջոցի հետքաբանական և ապրանքագիտական փորձաքննության, պատահարի ու վնասի միջև պատճառահետևանքային կապը հիմնավորող՝ ոլորտում համապատասխան որակավորում ունեցող փորձագետի կողմից կազմված փորձագիտական եզրակացություններ, ինչպես նաև «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 96-րդ հոդվածի իրավակարգավորման իմաստով առկա չեն վնասը Երևանի քաղաքապետարանի ոչ իրավաչափ գործողության կամ անգործության անմիջական և անխուսափելի հետևանք հանդիսանալու վերաբերյալ ապացույցներ, որի պայմաններում չի ապացուցվել վնասի փոխհատուցման պահանջի հիմնավորվածությունը, ուստի հիմք ընդունելով «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 1-ին, 9.1-րդ և 10-րդ հոդվածների, «Քաղաքաշինության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթները, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ, 1058-րդ, 1063-րդ հոդվածներով և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 43-րդ և 96-րդ հոդվածներով՝

 

ՈՐՈՇԵՑԻ

 

1. Երևանի քաղաքապետարան հասցեագրված՝ վնասի փոխհատուցում տրամադրելու մասին Արման Ալավերդյանի 2024 թվականի փետրվարի 16-ի թիվ Դ-22070-24 և թիվ Դ-22146-24 դիմումները մերժել:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:

3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

 

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան