Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-91-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.05.2009-09.04.2018)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.05.06/24(690) Հոդ.484
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
07.04.2009
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
29.04.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.05.2009
Ուժը կորցնելու ամսաթիվ
09.04.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2009 թվականի ապրիլի 7-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2007 թվականի փետրվարի 21-ի դատական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 72-րդ հոդվածի 3-րդ մասում`

 

1) 20-րդ կետը «հաստատում» բառից հետո լրացնել «և փոփոխում» բառերով, իսկ «ծառայության» բառից հետո` «կառուցվածքը և» բառերով.

2) 21-րդ կետը «ստորաբաժանումների» բառից հետո լրացնել «և դատական կարգադրիչների ծառայության պաշտոնների անվանացանկը» բառերով:

 

Հոդված 2. Օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասը «օրենսգրքով» բառից հետո լրացնել «և այլ իրավական ակտերով» բառերով:

 

Հոդված 3. Օրենսգրքի 197-րդ հոդվածի 1-ին մասի «և գլխավոր հարկադիր կատարողին վերապահված լիազորություններն իրականացվում են Դատական դեպարտամենտի ղեկավարի կողմից» բառերը փոխարինել «վերապահված լիազորություններն իրականացվում են Դատական դեպարտամենտի ղեկավարի կողմից, իսկ գլխավոր հարկադիր կատարողին վերապահված լիազորությունները` դատական կարգադրիչների ծառայության պետի կողմից» բառերով:

 

Հոդված 4. Օրենսգրքի 198-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 198. 

Դատական կարգադրիչների ծառայության խնդիրները

 

1. Դատական կարգադրիչների ծառայության խնդիրներն են սույն օրենսգրքին և այլ օրենքներին համապատասխան ապահովել՝

1) դատարանում դատավորի, դատավարության մասնակիցների, դատական ծառայողների և այլ անձանց կյանքի, առողջության և արժանապատվության, իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը հանցավոր և հակաիրավական այլ ոտնձգություններից.

2) տեղում անմիջական կատարման ենթակա դատարանի կարգադրությունների կատարումը.

3) Դատական դեպարտամենտի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումներում հասարակական կարգի պահպանումը և անվտանգության ապահովումը, գույքի, ինչպես նաև շենքի և դրա սպասարկման տարածքի պահպանությունը:

2. Դատական կարգադրիչների ծառայությունը իր խնդիրներն իրականացնելու նպատակով համագործակցում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության և պետական այլ մարմինների հետ՝ տեղեկատվություն փոխանակելով, համատեղ գործողություններ կազմակերպելով և իրականացնելով, ինչպես նաև ծառայությունն իրականացնելիս միմյանց անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելով:»:

 

Հոդված 5. Օրենսգրքի 26-րդ գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Գ Լ ՈՒ Խ  26

 

ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ, ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ

 

Հոդված 200.

Դատական կարգադրիչների ծառայության կառուցվածքը

 

1. Դատական կարգադրիչների ծառայությունը կազմված է դատական կարգադրիչների ծառայության կենտրոնական մարմնից և առանձնացված ստորաբաժանումներից (բաժանմունքներից): Դատական կարգադրիչների ծառայության կենտրոնական մարմինը կազմված է բաժիններից:

2. Դատական կարգադրիչների ծառայության կառուցվածքը և առանձնացված ստորաբաժանումների ցանկը հաստատում և փոփոխում է Դատարանների նախագահների խորհուրդը:

3. Դատական կարգադրիչների ծառայության հաստիքների քանակը և պաշտոնների անվանացանկը հաստատում է Դատարանների նախագահների խորհուրդը: Բյուջետային տարվա ընթացքում դատական կարգադրիչների ծառայության հաստիքների քանակի փոփոխությունները կատարվում են տվյալ տարվա բյուջետային միջոցների շրջանակում:

 

Հոդված 201.

Դատական կարգադրիչների ծառայության ղեկավարումը

 

1. Դատական կարգադրիչների ծառայության գործունեությունը համակարգում է Դատական դեպարտամենտի ղեկավարը: Դատական դեպարտամենտի ղեկավարը՝

1) համակարգում և ընդհանուր վերահսկողություն է իրականացնում դատական կարգադրիչների ծառայության գործունեության նկատմամբ.

2) ընդունում է դատական կարգադրիչների ծառայության գործունեության կազմակերպմանն ուղղված հրամաններ և տալիս է կարգադրություններ.

3) նշանակում կամ դադարեցնում է ծառայողական քննություններ, փոփոխում է ծառայողական քննություն կատարողին.

4) կարող է ժամանակավորապես կասեցնել իր կողմից պաշտոնի նշանակված ծառայողի լիազորությունները ծառայողական քննության ժամանակահատվածում.

5) իր իրավասության սահմաններում խրախուսում կամ կարգապահական տույժի է ենթարկում դատական կարգադրիչների ծառայության` իր կողմից պաշտոնում նշանակված ծառայողներին.

6) իրականացնում է սույն oրենսգրքով և իրավական այլ ակտերով սահմանված այլ լիազորություններ:

2. Դատական կարգադրիչների ծառայության ղեկավարումն իրականացնում է դատական կարգադրիչների ծառայության պետը, որն ի պաշտոնե Դատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալն է: Դատական կարգադրիչների ծառայության պետը՝

1) ղեկավարում և հսկողություն է իրականացնում դատական կարգադրիչների ծառայության գործունեության նկատմամբ.

2) ապահովում է սույն oրենսգրքի, այլ oրենքների ու իրավական ակտերի պահանջների, Դատարանների նախագահների խորհրդի որոշումների, ինչպես նաև Դատական դեպարտամենտի ղեկավարի հրամանների և կարգադրությունների կատարումը.

3) ընդունում է դատական կարգադրիչների ծառայության կազմակերպմանն ուղղված հրամաններ, տալիս ցուցումներ.

4) առաջարկություն է ներկայացնում Դատական դեպարտամենտի ղեկավարին` ծառայության կառուցվածքի և հաստիքների քանակի վերաբերյալ.

5) քննում է դատական կարգադրիչների նկատմամբ բերված բողոքները.

6) նշանակում կամ դադարեցնում է ծառայողական քննություններ, փոխում է ծառայողական քննություն կատարողին.

7) ծառայողական քննության ժամանակահատվածում կարող է ժամանակավորապես կասեցնել իր կողմից պաշտոնի նշանակված ծառայողի լիազորությունները.

8) սահմանում է առանձնացված ստորաբաժանումների պետերի կողմից հաշվետվություններ ներկայացնելու կարգը և ժամկետները.

9) ներկայացնում է ծառայողների մասնագիտական և հատուկ ուսուցման հայտը.

10) իր իրավասության սահմաններում խրախուսում կամ կարգապահական տույժի է ենթարկում դատական կարգադրիչների ծառայության` իր կողմից պաշտոնում նշանակված ծառայողներին.

11) իրականացնում է սույն oրենսգրքով և իրավական այլ ակտերով սահմանված այլ լիազորություններ:

3. Դատական կարգադրիչների ծառայության պետը պատասխանատվություն է կրում ծառայության առջև դրված խնդիրների իրականացման համար:

 

Հոդված 201.1.

Դատական կարգադրիչների ծառայության կենտրոնական մարմնի գործառույթները

 

1. Դատական կարգադրիչների ծառայության կենտրոնական մարմինը`

1) իրականացնում է դատական կարգադրիչների ծառայության առանձնացված ստորաբաժանումների ընդհանուր ղեկավարումը.

2) Դատարանների նախագահների խորհրդի, Դատական դեպարտամենտի ղեկավարի և դատական կարգադրիչների ծառայության պետի` դատական կարգադրիչների ծառայությանը վերաբերող որոշումների և կարգադրությունների կատարումը կազմակերպելու նպատակով ցուցումներ և հանձնարարություններ է տալիս դատական կարգադրիչների ծառայության առանձնացված ստորաբաժանումների պետերին.

3) կատարում է դատական կարգադրիչների ծառայության պետի հանձնարարությունները.

4) վարում է դատական կարգադրիչների ծառայության գործունեության վիճակագրությունը.

5) վարում է դատական կարգադրիչների անձնական գործերը.

6) վարում է դատական կարգադրիչների զենքի և հատուկ միջոցների հաշվառումը.

7) ներկայացնում է առաջարկներ դատական կարգադրիչների ծառայության նյութատեխնիկական ապահովության վերաբերյալ.

8) ապահովում է դատական կարգադրիչների ծառայության խնդիրների իրականացումը:

 

Հոդված 201.2.

Դատական կարգադրիչների ծառայության առանձնացված ստորաբաժանման պետի գործառույթները

 

1. Դատական կարգադրիչների ծառայության առանձնացված ստորաբաժանման պետը`

1) ապահովում է դատական կարգադրիչների ծառայության խնդիրների իրականացումը համապատասխան առանձնացված ստորաբաժանումում.

2) կազմակերպում և վերահսկում է առանձնացված ստորաբաժանումում ծառայությունը.

3) առաջարկություն է ներկայացնում դատական կարգադրիչների ծառայության պետին համապատասխան ստորաբաժանման դատական կարգադրիչներին խրախուսելու և կարգապահական տույժի ենթարկելու մասին.

4) քննում է համապատասխան ստորաբաժանման դատական կարգադրիչների ծառայության իրականացման վերաբերյալ բերված բողոքները.

5) իր իրավասության սահմաններում համապատասխան ստորաբաժանման դատական կարգադրիչներին տալիս է պարտադիր կատարման ենթակա հրամաններ և կարգադրություններ:

2. Դատական կարգադրիչների ծառայության ստորաբաժանման պետը պատասխանատվություն է կրում դատական կարգադրիչների ծառայության տվյալ ստորաբաժանման խնդիրների իրականացման համար:

 

Հոդված 202.

Դատական կարգադրիչների ծառայության պաշտոնները

 

1. Դատական կարգադրիչների ծառայության պաշտոնները դասակարգվում են ըստ հետևյալ խմբերի և ենթախմբերի.

1) դատական կարգադրիչների ծառայության գլխավոր պաշտոններ՝

ա) դատական կարգադրիչների ծառայության պետ,

բ) դատական կարգադրիչների ծառայության պետի առաջին տեղակալ,

գ) դատական կարգադրիչների ծառայության պետի տեղակալ.

2) դատական կարգադրիչների ծառայության առաջատար պաշտոններ՝

ա) դատական կարգադրիչների ծառայության կենտրոնական մարմնի բաժնի պետ,

բ) դատական կարգադրիչների ծառայության կենտրոնական մարմնի ավագ մասնագետ,

գ) դատական կարգադրիչների ծառայության առանձնացված ստորաբաժանման պետ.

3) դատական կարգադրիչների ծառայության կրտսեր պաշտոններ՝

ա) դատական կարգադրիչների ծառայության կենտրոնական մարմնի մասնագետ,

բ) ավագ դատական կարգադրիչ,

գ) դատական կարգադրիչների ծառայության կենտրոնական մարմնի կրտսեր մասնագետ,

դ) դատական կարգադրիչ:

2. Դատական կարգադրիչների ծառայության պաշտոնների խմբերում 1-ին ենթախումբը տվյալ խմբի բարձրագույն ենթախումբն է:

3. Դատական կարգադրիչների ծառայության՝ սույն օրենսգրքով նախատեսված որևէ պաշտոն զբաղեցնող անձը համարվում է դատական կարգադրիչ:

 

Հոդված 203. Դատական կարգադրիչների պաշտոնների համապատասխանությունը քրեակատարողական ծառայության պաշտոններին

 

1. Դատական կարգադրիչների ծառայության պաշտոնները համապատասխանում են քրեակատարողական ծառայության պաշտոններին հետևյալ կերպ`

1) դատական կարգադրիչների ծառայության պետի պաշտոնը հավասարեցվում է քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնին.

2) դատական կարգադրիչների ծառայության պետի առաջին տեղակալի պաշտոնը հավասարեցվում է քրեակատարողական վարչության բաժնի պետի պաշտոնին.

3) դատական կարգադրիչների ծառայության պետի տեղակալի պաշտոնը հավասարեցվում է քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալի պաշտոնին.

4) դատական կարգադրիչների ծառայության կենտրոնական մարմնի բաժնի պետի պաշտոնը հավասարեցվում է քրեակատարողական հիմնարկի բաժնի պետի պաշտոնին.

5) դատական կարգադրիչների ծառայության կենտրոնական մարմնի ավագ մասնագետի պաշտոնը հավասարեցվում է քրեակատարողական հիմնարկի բաժնի պետի տեղակալի պաշտոնին.

6) դատական կարգադրիչների ծառայության առանձնացված ստորաբաժանման պետի պաշտոնը հավասարեցվում է քրեակատարողական հիմնարկի բաժանմունքի պետի պաշտոնին.

7) դատական կարգադրիչների ծառայության կենտրոնական մարմնի մասնագետի պաշտոնը հավասարեցվում է քրեակատարողական վարչության առաջատար մասնագետի պաշտոնին.

8) ավագ դատական կարգադրիչների պաշտոնը հավասարեցվում է քրեակատարողական հիմնարկի առաջատար մասնագետի պաշտոնին.

9) դատական կարգադրիչների ծառայության կենտրոնական մարմնի կրտսեր մասնագետի պաշտոնը հավասարեցվում է քրեակատարողական վարչության երկրորդ կարգի մասնագետի պաշտոնին.

10) դատական կարգադրիչների պաշտոնը հավասարեցվում է քրեակատարողական հիմնարկի երկրորդ կարգի մասնագետի պաշտոնին:

 

Հոդված 204. Դատական կարգադրիչների ծառայության կոչումները

 

1. Դատական կարգադրիչներին շնորհվում են հետևյալ կոչումները`

1) արդարադատության գնդապետ.

2) արդարադատության փոխգնդապետ.

3) արդարադատության մայոր.

4) արդարադատության կապիտան.

5) արդարադատության ավագ լեյտենանտ.

6) արդարադատության լեյտենանտ.

7) արդարադատության ավագ ենթասպա.

8) արդարադատության ենթասպա.

9) արդարադատության ավագ.

10) արդարադատության ավագ սերժանտ.

11) արդարադատության սերժանտ.

12) արդարադատության կրտսեր սերժանտ:

Կոչումները դասակարգվում են աստիճանական կարգով` բարձրից ցածր:

2. Դատական կարգադրիչների ծառայության պաշտոնների համար սահմանվում են հետևյալ առավելագույն կոչումները`

1) դատական կարգադրիչների ծառայության գլխավոր պաշտոններ՝ արդարադատության գնդապետ.

2) դատական կարգադրիչների ծառայության առաջատար պաշտոններ՝ արդարադատության մայոր.

3) դատական կարգադրիչների ծառայության կրտսեր պաշտոններ՝ արդարադատության ավագ ենթասպա:

3. Կոչումները շնորհում է պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող անձը:

4. Դատական կարգադրիչների ծառայության պաշտոնի նշանակման հետ միաժամանակ դատական կարգադրիչին շնորհվում է դատական կարգադրիչների ծառայության համապատասխան կոչում, եթե նա չունի դատական կարգադրիչի կամ պետական ծառայության ավելի բարձր կոչում: Տվյալ դեպքում անձը պահպանում է իր ավելի բարձր կոչումը:

5. Դատական կարգադրիչների կոչումները պահպանվում են աշխատանքից ազատվելիս, պետական ծառայության այլ պաշտոնի տեղափոխվելիս:

6. Դատական կարգադրիչների կոչումը կարող է իջեցվել սույն օրենսգրքով սահմանված կարգով:

7. Կոչումների շնորհումը, ժամկետները և դրանց հաշվարկման կարգը, ինչպես նաև կոչումից զրկելը սահմանվում են «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության oրենքով:

 

Հոդված 205. Դատական կարգադրիչների ծառայությունում ընդգրկվելու համար ներկայացվող հիմնական պահանջները

 

1. Դատական կարգադրիչների ծառայությունում ընդգրկվելու համար ներկայացվում են «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ներկայացվող պահանջները՝ հաշվի առնելով սույն օրենսգրքի 203-րդ հոդվածը:

 

Հոդված 206. Դատական կարգադրիչի երդումը

 

1. Դատական կարգադրիչների ծառայությունում առաջին անգամ որպես դատական կարգադրիչ ծառայության անցնող քաղաքացիները Դատարանների նախագահների խորհրդի սահմանած կարգով Հայաստանի Հանրապետության պետական դրոշի առջև տալիս են հետևյալ բովանդակությամբ երդում.

«Ես՝ (անուն, հայրանուն, ազգանուն), ծառայության անցնելով Հայաստանի Հանրապետության դատական կարգադրիչների ծառայությունում` երդվում եմ իմ լիազորությունները կատարելիս պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, անվերապահորեն և բարեխիղճ կատարել դատական կարգադրիչի ծառայողական պարտականություններս, բարձր պահել դատարանի հեղինակությունը:»:

 

Հոդված 207. Դատական կարգադրիչներին պաշտոնում նշանակելը և ազատելը

 

1. Դատական կարգադրիչների ծառայության գլխավոր պաշտոններում նշանակում և ազատում է Դատական դեպարտամենտի ղեկավարը:

2. Դատական կարգադրիչների ծառայության առաջատար և կրտսեր պաշտոններում նշանակում և ազատում է դատական կարգադրիչների ծառայության պետը:»:

 

Հոդված 6. Օրենսգրքի 208-րդ հոդվածում`

 

1) 1-ին մասը «ղեկավարը» բառից հետո լրացնել «` դատական կարգադրիչների ծառայության պետի ներկայացմամբ» բառերով.

2) 2-րդ մասի ««Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով» բառերը փոխարինել «Դատական դեպարտամենտի ղեկավարի կողմից» բառերով, իսկ «համապատասխան դատարանի աշխատակազմի ղեկավարին» բառերը` «դատական կարգադրիչների ծառայության պետին» բառերով:

 

Հոդված 7. Օրենսգրքի 209-րդ հոդվածում`

 

1) 1-ին մասի ««Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով» բառերը փոխարինել «Դատական դեպարտամենտի ղեկավարի կողմից» բառերով.

2) 2-րդ մասը «ղեկավարը» բառից հետո լրացնել «` դատական կարգադրիչների ծառայության պետի ներկայացմամբ» բառերով:

 

Հոդված 8. Օրենսգրքի 28-րդ գլխի վերնագիրը «կարգադրիչների» բառից հետո լրացնել «գործառույթները և» բառերով:

 

Հոդված 9. Օրենսգրքի 211-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 10. Օրենսգրքի 212-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 11. Օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«1. Դատական կարգադրիչը դատարանի գործունեության սահմանված կարգի պահպանման համար սույն օրենսգրքին և այլ իրավական ակտերին համապատասխան՝

1) ապահովում է դատարանում դատավորի, դատավարության մասնակիցների, դատական ծառայողների և այլ անձանց կյանքի, առողջության և արժանապատվության, իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը և դատարանի տարածքի պահպանումը հանցավոր և հակաիրավական այլ ոտնձգություններից.

2) ապահովում է դատական նիստի ժամանակ նիստը նախագահողի կամ դատավորի` դատական նիստի բնականոն ընթացքի և հասարակական կարգի պահպանման և անվտանգության ապահովման հետ կապված կարգադրությունների կատարումը.

3) ապահովում է Դատական դեպարտամենտի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումներում հասարակական կարգի պահպանումը և անվտանգության ապահովումը, գույքի, ինչպես նաև շենքի և սպասարկման տարածքի պահպանությունը.

4) ստուգում է դատական նիստերի դահլիճի պատրաստությունը դատական նիստին, ապահովում է դատավորի հանձնարարությամբ քրեական գործը և իրեղեն ապացույցները դատական քննության վայր հասցնելը և դրանց պահպանումը.

5) խափանում է հանցագործությունների և իրավախախտումների կատարումը դատարանում, ի հայտ եկած իրավախախտներին անհրաժեշտության դեպքում վերցնում է արգելանքի` ապահովելով նրանց անհապաղ հանձնումը ոստիկանություն:»:

 

Հոդված 12. Օրենսգրքի 214-րդ հոդվածում`

 

1) 1-ին մասի 4-րդ կետում «և հատուկ միջոցներ» բառերը փոխարինել «, հատուկ միջոցներ և զենք» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

 

«3. Դատական կարգադրիչը պարտավոր է պահպանել Դատարանների նախագահների խորհրդի կողմից հաստատված «Դատական կարգադրիչների վարքագծի կանոնները:»:

 

Հոդված 13. Օրենսգրքի 216-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 216.

Ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և զենքի գործադրումը

 

1. Սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում ու կարգով դատական կարգադրիչը ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և զենք գործադրելու իրավունք ունի, եթե այլ միջոցները չեն ապահովում նրա վրա դրված պարտականությունների կատարումը:

2. Ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և զենք գործադրելիս դատական կարգադրիչը պարտավոր է՝

1) նախազգուշացնել դրանք գործադրելու մտադրության մասին՝ անձին բավարար ժամանակ տրամադրելով իր պահանջների կատարման համար, բացառությամբ այն դեպքերի, երբ հապաղումն անմիջական վտանգ է ստեղծում անձանց կյանքի կամ առողջության համար, կամ երբ ստեղծված իրադրությունում նման նախազգուշացումն անհնար է.

2) մարմնական վնասվածքներ ստացած անձանց ցույց տալ առաջին օգնություն:

3. Դատական կարգադրիչները պարտավոր են անցնել հատուկ ուսուցում, ինչպես նաև պարբերաբար անցնել ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և զենքի գործադրման անհրաժեշտություն առաջացնող իրադրություններում գործելու և առաջին օգնություն ցույց տալու հմտությունը որոշող ստուգումներ:

4. Ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և զենքի գործադրման ընտրությունը կատարելիս դատական կարգադրիչն առաջնորդվում է` ելնելով ստեղծված իրավիճակից, իրավախախտման բնույթից ու իրավախախտի անձից:

5. Ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և զենքի գործադրման դեպքում դատական կարգադրիչն անմիջապես զեկուցում է վերադասության կարգով, իսկ զենքի գործադրման բոլոր դեպքերի մասին` նաև դատախազին:

6. Ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և զենքի գործադրման հետևանքով առաջացած մարմնական վնասվածքների, մահվան բոլոր դեպքերի մասին դատական կարգադրիչների ծառայության պետը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձն անմիջապես տեղյակ է պահում առողջապահության և դատախազության համապատասխան մարմիններին:

7. Անհրաժեշտ պաշտպանության կամ ծայրահեղ անհրաժեշտության պայմաններում հատուկ միջոցների կամ զենքի բացակայության դեպքում դատական կարգադրիչն իրավունք ունի օգտագործելու ձեռքի տակ եղած բոլոր հնարավոր միջոցները:

8. Լիազորությունների վերազանցմամբ ֆիզիկական ուժի, հատուկ միջոցի կամ զենքի գործադրումն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն:

9. Դատական կարգադրիչներին հատկացվող զենքի տեսակը, ձևը, մոդելը և քանակը, հատուկ միջոցների ցանկը, ինչպես նաև զենք կրելու իրավունք ունեցող պաշտոնների անվանացանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

 

Հոդված 14. Օրենսգրքի 218-րդ հոդվածում`

 

1) 1-ին մասի 1-ին կետը «դատավորի,» բառից հետո լրացնել «դատական ծառայողների,» բառերով.

2) 2-րդ մասի «էլեկտրահարող սարքեր, կայծային պարպիչներ» բառերը փոխարինել «ոտնաշղթաներ կամ այլ հատուկ միջոցներ» բառերով:

 

Հոդված 15. Օրենսգրքի 28-րդ գլուխը լրացնել հետևյալ բովանդակությամբ 218.1-րդ հոդվածով.

 

«Հոդված 218.1. 

Զենքի գործադրման դեպքերն ու կարգը

 

1. Դատական կարգադրիչի կողմից զենք կարող է գործադրվել հետևյալ դեպքերում.

1) Դատական դեպարտամենտի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների վրա խմբակային կամ զինված հարձակումը հետ մղելիս.

2) Դատական դեպարտամենտի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների տարածքում գտնվող անձանց կյանքին և առողջությանը սպառնացող զինված հարձակումը հետ մղելիս, ինչպես նաև զենքին տիրելու փորձերը խափանելիս, ոտնձգություն կատարող անձին վնասազերծելիս:

2. Զենք գործադրելիս դատական կարգադրիչները պարտավոր են ձեռնարկել բոլոր միջոցները՝ այլ անձանց անվտանգությունն ապահովելու և տուժածներին բուժօգնություն ցուցաբերելու ուղղությամբ:

3. Դատական կարգադրիչներն իրավունք ունեն բացելու և մարտական վիճակի բերելու զենքը, եթե գտնում են, որ ստեղծված իրավիճակում կարող են ծագել զենք գործադրելու՝ սույն հոդվածով նախատեսված հիմքեր:

4. Մինչև զենքի գործադրումն այն պետք է օգտագործվի նախազգուշական կրակոցի համար:

5. Դատական կարգադրիչներին զենք հատկացնելը, այն պահելը, կրելն ու հաշվառելը իրականացվում են «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

6. Արգելվում են զենքի կրումը և գործադրումը դատական նիստերի դահլիճում, բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերի:

7. Արգելվում է զենքի գործադրումը հղիության ակնհայտ նշաններ ունեցող կանանց, ակնհայտ հաշմանդամների և անչափահասների նկատմամբ, բացառությամբ նրանց կողմից զինված հարձակում կամ զինված դիմադրություն ցույց տալու և անձանց կյանքին իրական վտանգ սպառնացող գործողություններ կատարելու դեպքերի:»:

 

Հոդված 16. Օրենսգրքի 219-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 219.

Դատական կարգադրիչի արձակուրդը

 

Դատական կարգադրիչին արձակուրդ տրամադրում է նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող անձը:»:

 

Հոդված 17. Օրենսգրքի 220-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 220.

Դատական կարգադրիչի նյութական ապահովությունը

 

1. Յուրաքանչյուր դատական կարգադրիչ ունի ծառայության համար համարժեք դրամական բավարարման, ինչպես նաև հանդերձանքի և իր ցանկությամբ պարենային ապահովման կամ դրա փոխարեն դրամական փոխհատուցման իրավունք:

2. Դատական կարգադրիչին տրվող դրամական բավարարման չափը և հաշվարկման կարգը որոշվում են «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով՝ ըստ սույն օրենսգրքի 203-րդ հոդվածով նախատեսված պաշտոնների համապատասխանությանը:»:

 

Հոդված 18. Օրենսգրքի 223-րդ հոդվածում`

 

1) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Դատական կարգադրիչի նկատմամբ խրախուսանք կարող է կիրառել նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող անձը».

2) 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Արտահերթ կոչում շնորհելու ձևով խրախուսանքի տեսակը կարող է կիրառել միայն Դատական դեպարտամենտի ղեկավարը:»:

 

Հոդված 19. Օրենսգրքի 224-րդ հոդվածում`

 

1) 1-ին մասը «պահանջները» բառից հետո լրացնել «, ինչպես նաև «Դատական կարգադրիչի վարքագծի կանոնները»» բառերով.

2) 2-րդ մասի «համապատասխան դատարանի աշխատակազմի ղեկավարը» բառերը փոխարինել «նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող անձը» բառերով.

3) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Կարգապահական տույժը կիրառելու և տույժը հանելու կարգը որոշվում է «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:»:

 

Հոդված 20. Օրենսգրքի 226-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«1. Դատական կարգադրիչների գլխավոր խմբի պաշտոն զբաղեցնելու համար սահմանային տարիք է համարվում 65 տարեկանը, առաջատար խմբի պաշտոն զբաղեցնելու համար` 60 տարեկանը, կրտսեր խմբի պաշտոն զբաղեցնելու համար` 55 տարեկանը:»:

 

Հոդված 21.  

Անցումային դրույթ

 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2009 թ. ապրիլի 29

Երևան

ՀՕ-91-Ն

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան