ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
12 մարտի 2024 թ. |
2023 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Սահմանադրական դատարանը՝ կազմով. Ա. Դիլանյանի (նախագահող), Վ. Գրիգորյանի, Հ. Թովմասյանի, Ե. Խունդկարյանի, Հ․Հովակիմյանի, Է. Շաթիրյանի, Ս․ Սաֆարյանի, Ա. Վաղարշյանի,
մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝
Կառավարության ներկայացուցիչ՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Ք. Ղալեչյանի,
համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի, 40 և 74-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2023 թվականի նոյեմբերի 27-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Երևանի քաղաքային զարգացման ներդրումային ծրագիր» վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Կառավարությունն իր` 2024 թվականի հունվարի 18-ի N 58-Ա որոշմամբ հավանություն է տվել 2023 թվականի նոյեմբերի 27-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Երևանի քաղաքային զարգացման ներդրումային ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Կառավարության օրենսդրական նախաձեռնությանը և որոշել է այդ համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցով դիմել Սահմանադրական դատարան:
Գործի քննության առիթը Կառավարության՝ 2024 թվականի փետրվարի 5-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է։
Ուսումնասիրելով սույն գործով Կառավարության ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով վերոնշյալ համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը՝ Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. «Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Երևանի քաղաքային զարգացման ներդրումային ծրագիր» վարկային համաձայնագիրը (այսուհետ` Վարկային համաձայնագիր) ստորագրվել է 2023 թվականի նոյեմբերի 27-ին՝ քաղաքային շարժունակությունն ու քաղաքային կառավարումը մեծացնելու և նախագիծը բարելավելու նպատակով:
2. Վարկային համաձայնագրով սահմանված կարգով և բովանդակությամբ փոփոխություններ են կատարվում Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ)՝ 2022 թվականի հունվարի 1-ով թվագրված Ընթացիկ գործառնությունների մասով Վարկային կանոնակարգերում:
ԱԶԲ-ն համաձայնում է ԱԶԲ-ի սովորական կապիտալ միջոցներից Հայաստանի Հանրապետությանը տրամադրել վաթսուն միլիոն իննսուն հազար եվրոյի (€60,090,000) չափով վարկ, ընդ որում, նշված գումարը կարող է ժամանակ առ ժամանակ փոխարկվել Արժույթի փոխարկման միջոցով՝ Վարկային համաձայնագրի 2.06-րդ կետի դրույթներին համապատասխան: Վարկի փակման ամսաթիվ է համարվում 2028 թվականի մարտի 31-ը կամ այն ամսաթիվը, որը ժամանակ առ ժամանակ կարող է համաձայնեցվել Հայաստանի Հանրապետության և ԱԶԲ-ի միջև: Ծրագրի ակնկալվող ավարտը 2027 թվականի սեպտեմբերի 30-ն է:
Վարկն ունի մայր գումարի 17 տարի մարման ժամկետ և վարկի արտոնյալ ժամանակահատված, որը մայր գումարի առաջին մարման ամսաթվին՝ 2034 թվականի հունվարի 15-ին, նախորդող ժամանակահատվածն է:
3. Վարկային համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը ստանձնում է հետևյալ պարտավորությունները.
3.1. սկսած 2034 թվականի հունվարի 15-ից մինչև 2050 թվականի հուլիսի 15-ը՝ կիսամյակային կտրվածքով՝ յուրաքանչյուր տարվա հունվարի 15-ին և հուլիսի 15-ին ԱԶԲ-ին վճարել տոկոսագումար վարկի՝ ժամանակ առ ժամանակ առհանված և դեռևս չվճարված մայր գումարի նկատմամբ՝ յուրաքանչյուր Տոկոսագումարի վճարման ժամանակահատվածի համար հետևյալ հանրագումարի չափով՝ Euribor/Եվրոպական միջբանկային առաջարկի տոկոսադրույքի, 0.60%-ի, ինչպես նախատեսվում է Վարկային կանոնակարգերի 3.02-րդ կետով՝ հանած 0.10%, ինչպես նախատեսվում է Վարկային կանոնակարգերի 3.03-րդ կետով, և մարման հավելավճարի (maturity premium) 0.30%-ի չափով, ինչպես նախատեսվում է Վարկային կանոնակարգերի 3.03-րդ կետով (հոդված II, կետեր 2.02, 2.04 և Ժամանակացույց 2, պարբերություն 1),
3.2. վճարել տարեկան 0.15%-ի չափով պարտավորավճար, որը հաշվեգրվում է վարկի ամբողջական գումարի նկատմամբ (հանած ժամանակ առ ժամանակ առհանվող գումարները)՝ սկսած Վարկային համաձայնագրի ամսաթվին հաջորդող 60-րդ օրվանից հետո (հոդված II, կետ 2.03),
3.3. սկսած 2034 թվականի հունվարի 15-ից մինչև 2050 թվականի հունվարի 15-ը՝ կիսամյակային կտրվածքով՝ յուրաքանչյուր տարվա հունվարի 15-ին և հուլիսի 15-ին վերադարձնել Վարկային հաշվից առհանված Վարկի մայր գումարը՝ 2.941176 մասնաբաժնով, իսկ 2050 թվականի հուլիսի 15-ին՝ 2.941192 մասնաբաժնով (հոդված II, կետեր 2.04, 2.05 և Ժամանակացույց 2, պարբերություն 1),
3.4. Վարկային միջոցները տրամադրել Ծրագիրն իրականացնող մարմնին (ԾԻՄ)՝ ԱԶԲ-ի համար ընդունելի պայմաններով, և ապահովել, որ ԾԻՄ-ն այդ միջոցներն օգտագործի Ծրագրի ծախսերի ֆինանսավորման նպատակով՝ Վարկային համաձայնագրի և Ծրագրի մասին համաձայնագրի դրույթներին համապատասխան (հոդված III, կետ 3.01),
3.5. բացառությամբ ԱԶԲ-ի համաձայնության այլ դեպքերի՝ գնել կամ ապահովել, որ գնվեն ծախսերի հոդվածները, որոնք ֆինանսավորվելու են Վարկային միջոցներից՝ Վարկային համաձայնագրի Ժամանակացույց 4-ի դրույթներին համապատասխան (հոդված III, կետ 3.03),
3.6. Ծրագիրը և Ծրագրի օբյեկտների շահագործումն իրականացնելիս կատարել Վարկային համաձայնագրի Ժամանակացույց 4-ում և Ծրագրի մասին համաձայնագրում նախատեսված բոլոր պարտավորությունները կամ ապահովել դրանց կատարումը (հոդված IV, կետ 4.01),
3.7. հնարավորություն տալ ԱԶԲ-ի ներկայացուցիչներին իրականացնելու Ծրագրի, Ապրանքների, Աշխատանքների և Ծառայությունների, ինչպես նաև ցանկացած համապատասխան գրառման ու փաստաթղթերի ստուգումներ (հոդված IV, կետ 4.02),
3.8. ձեռնարկել բոլոր գործողությունները, որոնք Հայաստանի Հանրապետության մասով անհրաժեշտ են, Ծրագրի մասին համաձայնագրի համաձայն, ԾԻՄ-ին իր պարտավորությունները կատարելու հնարավորություն տալու համար, և չձեռնարկել կամ չթույլատրել որևէ գործողություն, որը կարող է խոչընդոտել այդ պարտավորությունների կատարումը (հոդված IV, կետ 4.03),
3.9. նշանակել ԾԻՄ-ին որպես Հայաստանի Հանրապետության գործակալ՝ Վարկային համաձայնագրի 3.02, 3.03 և 3.04-րդ կետերի և Վարկային կանոնակարգերի 6.01, 6.02, 6.03 և 6.04-րդ կետերի համաձայն պահանջվող կամ թույլատրված ցանկացած գործողություն ձեռնարկելու կամ համաձայնագիր կնքելու նպատակներով (հոդված VI, կետ 6.01),
3.10. Մայր գումարի առաջին մարման ամսաթվի դրությամբ Վարկային միջոցներն ամբողջությամբ առհանված չլինելու դեպքում վերադարձնել այդ օրվա դրությամբ առհանված և չվճարված գումարը՝ Վարկային համաձայնագրի Ժամանակացույց 2-ի 1-ին պարբերությունում նախատեսված կարգով (Ժամանակացույց 2, պարբերություն 2, կետ «ա»),
3.11. այն պարագայում, երբ Մայր գումարի առաջին մարման ամսաթվի դրությամբ Վարկային միջոցներն ամբողջությամբ առհանված չեն, Մայր գումարի առաջին մարման ամսաթվից հետո կատարված ցանկացած առհանման դեպքում վերադարձնել այդ գումարները նման առհանման ամսաթվին հաջորդող՝ Մայր գումարի յուրաքանչյուր մարման ամսաթվին՝ ԱԶԲ-ի կողմից սահմանված գումարի չափով՝ յուրաքանչյուր այդպիսի առհանված գումարը բազմապատկելով կոտորակով, որի համարիչը Վարկային համաձայնագրի Ժամանակացույց 2-ի 1-ին պարբերության աղյուսակում սահմանված՝ Մայր գումարի տվյալ մարման ամսաթվի դրությամբ սկզբնական Վճարման մասնաբաժինն է (Սկզբնական վճարման մասնաբաժին), իսկ հայտարարը՝ այդ ամսաթվին կամ դրանից հետո ընկած ժամանակահատվածի համար Մայր գումարի մարման մնացած բոլոր Սկզբնական վճարման մասնաբաժինների ընդհանուր գումարը (Ժամանակացույց 2, պարբերություն 2, կետ «բ»),
3.12. բացառապես Մայր գումարի ցանկացած մարման ամսաթվի դրությամբ վճարվելիք Մայր գումարները հաշվարկելու նպատակներով Մայր գումարի մարման որևէ ամսաթվին նախորդող երկու օրացուցային ամիսների ընթացքում կատարված առհանումները դիտարկել որպես առհանված և չվճարված՝ առհանման ամսաթվին հաջորդող Մայր գումարի երկրորդ մարման ամսաթվի դրությամբ, և վճարել առհանման ամսաթվին հաջորդող՝ Մայր գումարի երկրորդ մարման ամսաթվից սկսած՝ Մայր գումարի մարման յուրաքանչյուր ամսաթվին (Ժամանակացույց 2, պարբերություն 3),
3.13. ապահովել կամ այնպես անել, որ Երևանն ապահովի, որ Ծրագիրն իրականացվի ԾԿՁ-ում (Ծրագրի կառավարման ձեռնարկ) սահմանված մանրամասն մեխանիզմներին համապատասխան (Ժամանակացույց 4, պարբերություն 1),
3.14. ապահովել կամ այնպես անել, որ Երևանն ապահովի, որ Ապրանքների, Աշխատանքների և Ծառայությունների գնումները կատարվեն Գնումների քաղաքականությանը և Գնումների կանոնակարգերին համապատասխան, Ապրանքները, Աշխատանքները և Ծառայությունները գնվեն Գնումների պլանում նախատեսված մանրամասն մեխանիզմների հիման վրա, ներառյալ՝ գնումների և ընտրության մեթոդները, մրցութային փաստաթղթերի տեսակը և ԱԶԲ-ի վերանայման պահանջները և բոլոր գնվող Ապրանքներն ու Աշխատանքները և ձեռք բերված ծառայությունները (ներառյալ՝ ամբողջ համակարգչային տեխնիկան, ծրագրերը և համակարգերը, անկախ այն հանգամանքից՝ առանձին են գնվել, թե ներառված են գնված այլ ապրանքների և ծառայությունների մեջ) չխախտեն կամ չոտնահարեն որևէ արտադրական սեփականության կամ մտավոր սեփականության իրավունք կամ որևէ երրորդ կողմի պահանջ, և Ապրանքների, Աշխատանքների և Ծառայությունների գնման բոլոր պայմանագրերը պարունակեն կապալառուի, մատակարարի, խորհրդատուի կամ ծառայություն մատուցողի կողմից համապատասխան ներկայացուցչություն, երաշխիքներ և անհրաժեշտության դեպքում փոխհատուցումներ (ինդեմնիտետ)՝ Վարկային համաձայնագրի Ժամանակացույց 4-ի, 2-րդ պարբերության «գ» ենթապարբերությամբ նախատեսված հարցերի առնչությամբ (Ժամանակացույց 4, պարբերություն 2),
3.15. չկնքել Աշխատանքների կամ Ոչ խորհրդատվական ծառայությունների պայմանագրեր մինչև Հայաստանի Հանրապետության օրենքներին և կանոնակարգերին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության համապատասխան բնապահպանական մարմնի կողմից չտրամադրվի ՇՄՆՈՒ-ի (շրջակա միջավայրի նախնական ուսումնասիրություն) կամ այլ կիրառելի բնապահպանական փաստաթղթերի վերջնական հաստատումը և ԾԻՄ-ը ձեռք չբերի ԱԶԲ-ի կողմից ՇՄՆՈՒ-ի հաստատումը՝ վերջնական նախագծի հիման վրա և ԾԻՄ-ը չներառի ԲԿՊ-ի (բնապահպանական կառավարման պլան) համապատասխան դրույթներն Աշխատանքների և Ոչ խորհրդատվական ծառայությունների պայմանագրում (Ժամանակացույց 4, պարբերություն 3),
3.16. չկնքել հարկադիր տարաբնակեցման ազդեցություններ ներառող Աշխատանքների և Ոչ խորհրդատվական ծառայությունների որևէ պայմանագիր՝ մինչև չնախապատրաստվի և ԱԶԲ-ին չներկայացվի Ծրագրի մանրամասն նախագծի վրա հիմնված վերջնական ՀՁՏՊ-ն (հողի ձեռքբերման և տարաբնակեցման պլան) և չստանա նման ՏՊ-ի մասով ԱԶԲ-ի հաստատումը (Ժամանակացույց 4, պարբերություն 4),
3.17. ապահովել, որ Ծրագրի և Ծրագրի բոլոր օբյեկտների նախապատրաստումը, նախագծումը, շինարարությունը, իրականացումը, շահագործումը և շահագործումից հանումը համապատասխանեն Հայաստանի Հանրապետության՝ շրջակա միջավայրին, առողջապահությանը և անվտանգությանը վերաբերող բոլոր կիրառելի օրենքներին ու կանոնակարգերին, Բնապահպանական երաշխիքներին, և ՇՄՆՈՒ-ում, ԲԿՊ-ում (բնապահպանական կառավարման պլան) սահմանված բոլոր միջոցառումներին և պահանջներին, և Երաշխիքների մոնիթորինգի հաշվետվությունում սահմանված ուղղիչ կամ կանխարգելիչ գործողություններին (Ժամանակացույց 4, պարբերություն 5),
3.18. ապահովել, որ Ծրագրի համար պահանջվող բոլոր հողերը և ճանապարհի բոլոր իրավունքները տրվեն Աշխատանքների կապալառուին՝ Աշխատանքների կատարման պայմանագրի շրջանակներում համաձայնեցված ժամանակացույցին համապատասխան, և որ հողերի ձեռքբերման և տարաբնակեցման բոլոր գործողություններն իրականացվեն Հայաստանի Հանրապետության՝ հողերի ձեռքբերման և հարկադիր տարաբնակեցմանը վերաբերող բոլոր կիրառելի օրենքներին ու կանոնակարգերին, Հարկադիր տարաբնակեցման երաշխիքներին և ՀՁՏՊ-ում սահմանված բոլոր միջոցառումներին ու պահանջներին և Երաշխիքների մոնիթորինգի հաշվետվությամբ նախատեսված բոլոր ուղղիչ կամ կանխարգելիչ գործողություններին համապատասխան (Ժամանակացույց 4, պարբերություն 6),
3.19. առանց սահմանափակելու Հարկադիր տարաբնակեցման երաշխիքները կամ ՏՊ-ն՝ ապահովել, որ տեղի չունենա Ծրագրի հետ կապված որևէ ֆիզիկական կամ տնտեսական տեղահանում մինչև ՀՁՏՊ-ի համաձայն՝ ազդեցության ենթակա անձանց չտրամադրվեն փոխհատուցում և այլ իրավունքներ և ՀՁՏՊ-ի համաձայն՝ չստեղծվի եկամուտների և կենսաապահովման վերականգնման համապարփակ ծրագիր (Ժամանակացույց 4, պարբերություն 7),
3.20. ապահովել, որ Ծրագիրը չունենա բնիկ ժողովուրդների վրա որևէ ազդեցություն՝ Անվտանգության մեխանիզմների քաղաքականության փաստաթղթի իմաստով, իսկ այն դեպքում, երբ Ծրագիրն ունենում է որևէ այդպիսի ազդեցություն, ձեռնարկել բոլոր այն քայլերը, որոնք պահանջվում են Հայաստանի Հանրապետության կիրառելի օրենքներին ու կանոնակարգերին և Անվտանգության մեխանիզմների քաղաքականության փաստաթղթին Ծրագրի համապատասխանությունն ապահովելու համար (Ժամանակացույց 4, պարբերություն 8),
3.21. տրամադրել անհրաժեշտ բյուջետային և մարդկային ռեսուրսները՝ ԲԿՊ-ն և ՀՁՏՊ-ն լիարժեքորեն իրականացնելու նպատակով (Ժամանակացույց 4, պարբերություն 9),
3.22. ապահովել, որ բոլոր մրցութային փաստաթղթերը և Աշխատանքների կատարման պայմանագրերը պարունակեն Վարկային համաձայնագրի Ժամանակացույց 4-ի 10-րդ պարբերությամբ ամրագրված դրույթները (Ժամանակացույց 4, պարբերություն 10),
3.23. իրականացնել կամ ապահովել ԾԻՄ-ի կողմից՝ Վարկային համաձայնագրի Ժամանակացույց 4-ի 11-րդ պարբերությունում շարադրված գործողությունները (Ժամանակացույց 4, պարբերություն 11),
3.24. ապահովել, որ Վարկի միջոցները չօգտագործվեն Անվտանգության մեխանիզմների քաղաքականության փաստաթղթի 5-րդ հավելվածով նախատեսված՝ արգելված ներդրումային գործողությունների ցանկում ներառված որևէ գործողություն ֆինանսավորելու համար (Ժամանակացույց 4, պարբերություն 12),
3.25. ապահովել, որ Ծրագրի իրականացման ընթացքում պահպանվեն հիմնական աշխատանքային նորմատիվները և Հայաստանի Հանրապետության կիրառելի օրենքներն ու կանոնակարգերը, ինչպես նաև մրցութային փաստաթղթերում և Ծրագրի շրջանակներում ԱԶԲ-ի կողմից ֆինանսավորվող պայմանագրերում ներառել առանձին դրույթներ, որոնցով պահանջվում է, որ կապալառուները, ի թիվս այլնի, պահպանեն Հայաստանի Հանրապետության կիրառելի աշխատանքային օրենքներն ու կանոնակարգերը և կիրառեն աշխատատեղերում աշխատանքային անվտանգության նորմերը, չօգտագործեն երեխաների աշխատանքը, խտրականություն չդնեն աշխատողների միջև՝ զբաղվածության և մասնագիտական զբաղմունքի հարցում, չօգտագործեն հարկադիր աշխատանքը, թույլատրեն միավորումների ազատությունը և արդյունավետորեն ճանաչեն կոլեկտիվ բանակցությունների իրավունքը, և տարածեն կամ ներգրավեն համապատասխան ծառայություններ մատուցողների, որպեսզի նրանք տարածեն տեղեկատվություն սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների, այդ թվում՝ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ռիսկերի մասին՝ Ծրագրի շրջանակներում ներգրավված կապալառուների աշխատողների և Ծրագրի տարածքը շրջապատող՝ տեղի համայնքների անդամների, մասնավորապես՝ կանանց շրջանում, ինչպես նաև խստորեն մոնիթորինգի ենթարկել Վարկային համաձայնագրի Ժամանակացույց 4-ի 13-րդ պարբերությունում սահմանված պահանջների կատարումը և ԱԶԲ-ին տրամադրել պարբերական հաշվետվություններ (Ժամանակացույց 4, պարբերություն 13),
3.26. ապահովել, որ ԳԳՊ-ն (գենդերային գործողությունների պլան) իրականացվի իր պայմաններին համապատասխան, մրցութային փաստաթղթերը և պայմանագրերը ներառեն կապալառուների համար՝ ԳԳՊ-ով սահմանված միջոցառումների կատարման վերաբերյալ համապատասխան դրույթներ, հատկացվեն համապատասխան միջոցներ ԳԳՊ-ի իրականացման համար, ԳԳՊ-ի իրականացման ընթացքը, ներառյալ՝ հիմնական գենդերային վերջնարդյունքների և միջանկյալ արդյունքի թիրախների ձեռքբերման ուղղությամբ առաջընթացը պարբերաբար ենթարկվեն մոնիթորինգի և զեկուցվեն ԱԶԲ-ին և գենդերային հարցերով վերջնարդյունքի և միջանկյալ արդյունքների հիմնական թիրախները ներառեն, բայց չսահմանափակվեն նրանով, որ Ծրագրի հետ կապված խորհրդակցությունների ու հանդիպումների և Երևան քաղաքի մակարդակով քաղաքաշինական նախագծերի և պայմանավորվածությունների մասով Ֆոկուս խմբերի և քննարկումների մասնակիցների առնվազն 30%-ը կանայք են, քաղաքային զարգացմանն առնչվող վերապատրաստման դասընթացների մասնակիցների առնվազն 30%-ը կանայք են (Ժամանակացույց 4, պարբերություն 14),
3.27. ի լրումն Վարկի միջոցների՝ հասանելի դարձնել գործընկերների համապատասխան ֆինանսական միջոցները և այլ ռեսուրսներ և գործընկերների նման ֆինանսական միջոցները և ռեսուրսներ ժամանակին դուրս բերել Ծրագրի հաջող իրականացման համար, և ի լրումն նշվածի՝ ապահովել, որ ԾԻՄ-ն ունենա բավարար ֆինանսական միջոցներ՝ Աշխատանքների, Ապրանքների և (կամ) Ծառայությունների պայմանագրից ծագող իր պարտավորությունները բավարարելու նպատակով (Ժամանակացույց 4, պարբերություն 15),
3.28. ապահովել, որ կատարվեն համապատասխան բյուջետային և մարդկային ռեսուրսների հատկացումներ Ծրագրի օբյեկտների շարունակական ՇևՍ-ի (շահագործում և սպասարկում) համար՝ դրանք շահագործման մեջ դնելուց հետո (Ժամանակացույց 4, պարբերություն 16),
3.29. ԾԻՄ-ի հետ միասին համապատասխանել ԱԶԲ-ի Հակակոռուպցիոն քաղաքականությանը (1998 թվական, առ այսօր կատարված փոփոխություններով) և ընդունել, որ ԱԶԲ-ն իրեն իրավունք է վերապահում ուղղակիորեն կամ իր գործակալների միջոցով քննություն իրականացնելու Ծրագրի հետ կապված որևէ առերևույթ կոռուպցիոն, խարդախության, դավադրական կամ հարկադրանքի գործելակերպի առնչությամբ, ինչպես նաև համագործակցել ցանկացած նման քննության և ցուցաբերել ողջ անհրաժեշտ աջակցությունը՝ այդ քննության հաջող ավարտի համար (Ժամանակացույց 4, պարբերություն 17),
3.30. ԾԻՄ-ի հետ միասին ապահովել, որ բոլոր մրցութային փաստաթղթերում և պայմանագրերում ներառվեն ԱԶԲ-ի համար ընդունելի հակակոռուպցիոն դրույթներ, ներառյալ՝ կատարող և իրականացնող մարմինների և բոլոր կապալառուների, մատակարարների, խորհրդատուների և այլ ծառայություն մատուցողների գրառումները և հաշիվներն աուդիտի ենթարկելու և ուսումնասիրելու ԱԶԲ-ի իրավունքը սահմանող դրույթները՝ այնքանով, որքանով դրանք առնչվում են Ծրագրին (Ժամանակացույց 4, պարբերություն 18),
3.31. ԾԻՄ-ի հետ միասին իրենց կայքերում տրամադրել Ծրագրի մասին թարմացված տեղեկատվություն, ներառյալ՝ Ծրագրի կատարողականի, բիզնես հնարավորությունների, մրցութային գործընթացի և ուղենիշների, մրցույթների արդյունքների մասին տեղեկատվությունը և ընթացքի մասին ամփոփ հաշվետվությունները (Ժամանակացույց 4, պարբերություն 19):
4. Համաձայն Վարկային համաձայնագրի VI հոդվածի 6.02-րդ կետի՝ Վարկային համաձայնագրի 6.01 կետով վերապահված լիազորության համաձայն՝ ԾԻՄ-ի կողմից ձեռնարկված ցանկացած գործողություն կամ կնքված ցանկացած համաձայնագիր ամբողջությամբ պարտադիր է Հայաստանի Հանրապետության համար և ունի այն նույն ուժը և ազդեցությունը, որը կունենար Հայաստանի Հանրապետության կողմից ձեռնարկվելու դեպքում:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 2023 թվականի նոյեմբերի 27-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Երևանի քաղաքային զարգացման ներդրումային ծրագիր» վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:
2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
ՆԱԽԱԳԱՀող |
Ա. ԴիլանՅԱՆ |
12 մարտի 2024 թվականի ՍԴՈ-1718 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 մարտի 2024 թվական:
ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ «2023 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾՈՎ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-ԻՆ ԿԱՅԱՑՎԱԾ ՍԴՈ-1718 ՈՐՈՇՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանը, դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննելով «2023 թվականի նոյեմբերի 27- ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Երևանի քաղաքային զարգացման ներդրումային ծրագիր» վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը, 2024 թվականի մարտի 12-ի ՍԴՈ-1718 որոշմամբ որոշել է, որ 2023 թվականի նոյեմբերի 27- ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Երևանի քաղաքային զարգացման ներդրումային ծրագիր» վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:
Համաձայն չլինելով Սահմանադրական դատարանի 2024 թվականի մարտի 12-ի ՍԴՈ-1718 որոշմանը՝ Սահմանադրական դատարանի դատավոր Ե. Խունդկարյանս շարադրում եմ դրա վերաբերյալ իմ հատուկ կարծիքը։
Նախքան հատուկ կարծիքի պատճառաբանություններին անդրադառնալը՝ հարկ եմ համարում նշել, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 62-րդ հոդվածի 2-րդ մասի բովանդակությունից հետևում է, որ Սահմանադրական դատարանի կողմից որոշումներ և եզրակացություններն ընդունելիս քվեարկությանը մասնակցելը և Սահմանադրական դատարանի համապատասխան որոշման կամ եզրակացության ընդունմանը կողմ կամ դեմ քվեարկելը Սահմանադրական դատարանի դատավորի պարտականությունն է։
Հաշվի առնելով միջազգային պայմանագրերում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու վերաբերյալ գործերի քննության արդյունքում Սահմանադրական դատարանի կողմից ընդունվող որոշումների (դրանցում արտահայտվող իրավական դիրքորոշումների) նշանակությունը միջազգային պայմանագրերի վավերացման գործընթացի, ինչպես նաև իրավաստեղծ և իրավակիրառ պրակտիկայի համար՝ հանրությանը պետք է հասանելի լինեն այդպիսի գործով ընդունված որոշմանը Սահմանադրական դատարանի դատավորի անհամաձայնության պատճառները, իսկ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 62-րդ հոդվածի 10-րդ մասով սահմանված է Սահմանադրական դատարանի դատավորի՝ ընդունված որոշումից տարբերվող դիրքորոշումը պաշտոնապես ներկայացնելու մեկ եղանակ՝ հատուկ կարծիք շարադրելը։ Հետևաբար կարծում եմ, որ նշված գործերի քննության արդյունքում համապատասխան որոշման ընդունմանը դեմ քվեարկելու փաստից ուղղակիորեն բխում է հատուկ կարծիք ներկայացնելու՝ իմ՝ որպես Սահմանադրական դատարանի դատավորի պարտականությունը, ինչով էլ պայմանավորված ներկայացնում եմ իմ հատուկ կարծիքը։
Հարկ եմ համարում նշել, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի՝ «Միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության որոշումը» վերտառությամբ 74-րդ հոդվածի 6-րդ մասում նշված որոշումներից որևէ մեկն ընդունելու համար անհրաժեշտ է օրենքով սահմանված կարգով Սահմանադրական դատարան ներկայացված դիմում։ Հակառակ դեպքում, եթե առկա չէ թույլատրելի եղանակով ներկայացված դիմում կամ այն չի համապատասխանում օրենքով սահմանված պահանջներին, ապա Սահմանադրական դատարանն իրավասու չէ ըստ էության որոշում ընդունել միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցի վերաբերյալ։
Ինչպես վերը նշվեց, Սահմանադրական դատարանն իր 2024 թվականի մարտի 12-ի ՍԴՈ-1718 որոշմամբ 2023 թվականի նոյեմբերի 27-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Երևանի քաղաքային զարգացման ներդրումային ծրագիր» վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունները ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող։ Հարկ եմ համարում ընդգծել, որ սույն հատուկ կարծիքի շրջանակներում նշված որոշմանը բովանդակային առումով անդրադառնալն անհրաժեշտ չեմ համարում, քանի որ այդ որոշմանն իմ անհամաձայնության հիմքում ընկած է թույլատրելի եղանակով ներկայացված, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով դիմումին ներկայացվող պահանջներին բավարարող դիմումի բացակայությունը, որպիսի պայմաններում կարծում եմ, որ Սահմանադրական դատարանն իրավասու չէր սույն գործով ըստ էության որոշում ընդունել՝ անկախ այդ որոշման բովանդակությունից։
Այսպես՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքը սահմանում է դիմումին ներկայացվող պահանջները և Սահմանադրական դատարան դիմումի ներկայացման եղանակը։ Միաժամանակ նշված օրենքում ամրագրված իրավանորմերի բովանդակությունից հետևում է, որ Սահմանադրական դատարանում գործերի քննության միակ հնարավոր առիթը դիմումն է, որը պետք է ներկայացվի իրավասու անձի կողմից, համապատասխանի «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով դիմումին ներկայացվող պահանջներին և ներկայացված լինի թույլատրելի եղանակով։
«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի իրավակարգավորումները (22-րդ հոդվածի 1-ին մաս, 24-րդ հոդվածի 1-ին մաս, 46-րդ հոդվածի 2-րդ մաս, 74-րդ հոդվածի 1-ին մաս, 88-րդ հոդվածի 6-րդ մաս) թույլ են տալիս կատարել հետևյալ դատողությունները.
- մինչև Ազգային ժողովի կողմից միջազգային պայմանագրի վավերացումը դրանում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցով Սահմանադրական դատարան դիմելու իրավասությունը վերապահված է Կառավարությանը.
- այդ հարցով Սահմանադրական դատարան ներկայացվող դիմումը պետք է լինի իրավասու անձի կողմից ստորագրված.
- այդ հարցով դիմումը կարող է թղթային եղանակով ներկայացվել Սահմանադրական դատարան առանց նախապայմանների.
- այդ հարցով դիմումը կարող է էլեկտրոնային եղանակով ներկայացվել Սահմանադրական դատարան միայն այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանում առկա են համապատասխան տեխնիկական հնարավորություններ։
Վերահաստատելով միջազգային պայմանագրերում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու վերաբերյալ գործերով Սահմանադրական դատարանի կողմից կայացված որոշումների (օրինակ՝ ՍԴՈ-1581, ՍԴՈ-1620, ՍԴՈ-1622, ՍԴՈ-1674, ՍԴՈ-1676, ՍԴՈ-1706 և այլն) կապակցությամբ իմ կողմից ներկայացված՝ հատուկ կարծիքներում արտահայտված դիրքորոշումները՝ գտնում եմ, որ գործող իրավակարգավորումների պայմաններում Սահմանադրական դատարանում համապատասխան տեխնիկական հնարավորությունների առկայությունը և դրանով պայմանավորված՝ էլեկտրոնային եղանակով դիմումներ ընդունելու, դրանց հիման վրա գործեր քննելու Սահմանադրական դատարանի իրավասությունը պետք է հավաստվեն Սահմանադրական դատարանի համապատասխան իրավական ակտով։ Այսինքն՝ Սահմանադրական դատարան դիմող հնարավոր սուբյեկտները (դրա իրավունքն ունեցող անձինք) Սահմանադրական դատարանի համապատասխան իրավական ակտից պետք է իրազեկվեն, որ Սահմանադրական դատարանում առկա են էլեկտրոնային եղանակով դիմումներ ընդունելու համապատասխան տեխնիկական հնարավորություններ, ինչպես նաև տեղեկանան էլեկտրոնային այն հարթակի մասին, որով Սահմանադրական դատարանն ընդունելու է էլեկտրոնային եղանակով ներկայացվող դիմումները, և միայն այդ պայմաններում անձինք կարող են էլեկտրոնային եղանակով դիմումներ ներկայացնել Սահմանադրական դատարան։
Ասվածի հիմքում ընկած է այն հանգամանքը, որ առանց համապատասխան իրավական հիմքի հնարավոր չէ միանշանակ եզրահանգում կատարել այն մասին, թե Սահմանադրական դատարանում առկա են արդյոք էլեկտրոնային եղանակով դիմումներ ընդունելու համապատասխան տեխնիկական հնարավորություններ, իսկ նման եզրահանգման հիմքում պետք է ընկած լինի Սահմանադրական դատարանի համապատասխան իրավական ակտը, որում պետք է նշված լինի էլեկտրոնային այն հարթակը, որի միջոցով դիմումների ներկայացումը Սահմանադրական դատարանը համարելու է ընդունելի, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների տեխնիկական միջոցների այն գործիքակազմը, որի միջոցով Սահմանադրական դատարանում իրականացվելու է էլեկտրոնային փաստաթղթում առկա էլեկտրոնային ստորագրության իսկության ստուգումը։ Դրա միջոցով Սահմանադրական դատարան դիմող անձանց համար հստակ և կանխատեսելի կլինի ոչ միայն այն, թե Սահմանադրական դատարանի կողմից որ հարթակի միջոցով են ընդունվում էլեկտրոնային եղանակով ներկայացվող դիմումները, այլև այն, թե տեղեկատվական տեխնոլոգիաների տեխնիկական միջոցների ինչ գործիքակազմով է Սահմանադրական դատարանում պարզվում ստացված դիմումի՝ իրավասու անձի կողմից ստորագրված լինելու հանգամանքը։
Քննարկվող դեպքում սույն գործի նյութերում առկա է թղթային տարբերակով դիմում, որի վրա առկա չէ դիմողի ստորագրություն։
Նկատի ունենալով, որ սույն գործի նյութերում առկա դիմումի թղթային օրինակում բացակայում է որևէ ստորագրություն և Սահմանադրական դատարանի կողմից գործի քննության առիթ համարված դիմումի վրա առկա է միայն նշում՝ էլեկտրոնային ստորագրությամբ հաստատված լինելու մասին, հարկ եմ համարում անդրադառնալ Սահմանադրական դատարան էլեկտրոնային փաստաթղթի ձևով դիմում ներկայացնելու հարցին։
Ելնելով միջազգային պայմանագրերում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու վերաբերյալ գործերով Սահմանադրական դատարանի կողմից կայացված որոշումների (օրինակ՝ ՍԴՈ-1581, ՍԴՈ-1620, ՍԴՈ-1622, ՍԴՈ-1674, ՍԴՈ-1676, ՍԴՈ-1706 և այլն) կապակցությամբ իմ կողմից ներկայացված՝ հատուկ կարծիքներում վկայակոչված՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի և «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» օրենքի վկայակոչված իրավական նորմերի վերլուծությունից՝ կարելի է արձանագրել, որ էլեկտրոնային թվային ստորագրությամբ պաշտպանված, էլեկտրոնային փաստաթուղթ համարվող դիմումն ունի նույն իրավական նշանակությունը, ինչն ունի իրավասու անձի կողմից ձեռագիր ստորագրված դիմումը հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում.
- հաստատվել է էլեկտրոնային թվային ստորագրության իսկությունը, այսինքն՝ առկա է էլեկտրոնային թվային ստորագրության ստուգման տվյալների և միջոցների կիրառման հնարավորություն և կիրառման դրական արդյունք, որը նույնականացնում է ստորագրող անձին.
- չկան բավարար ապացույցներ այն մասին, որ փաստաթուղթը փոփոխվել կամ կեղծվել է այն պահից, երբ այն հաղորդվել և (կամ) տրվել է պահպանության, բացառությամբ այն դարձունակ փոփոխությունների, որոնք անհրաժեշտ և անխուսափելի են այդ էլեկտրոնային փաստաթղթի հաղորդման և (կամ) պահպանման համար:
Վերոգրյալի հաշվառմամբ կարծում եմ, որ էլեկտրոնային փաստաթղթաշարժի համակարգի միջոցով դիմումների ներկայացումն ընդունելի համարելու պայմաններում անգամ սույն դեպքում գործի քննության առիթ համարված դիմումին կարող էր տրվել դիմողի («Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով նրա անունից հանդես եկող իրավասու անձի) ձեռագիր ստորագրությամբ ամրագրված փաստաթղթի նշանակություն միայն վերը նշված պայմանների միաժամանակյա առկայության դեպքում, քանի որ միայն այդ դեպքում հնարավոր կլիներ արձանագրել, որ դիմումն իսկապես ստորագրվել է դիմողի («Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով նրա անունից հանդես եկող իրավասու անձի) կողմից։ Մինչդեռ Սահմանադրական դատարանում էլեկտրոնային թվային ստորագրության իսկությունը ստուգելու տեխնիկական հնարավորությունների առկայության մասին իրավական ակտի բացակայության պայմաններում, ինչպես նաև սույն գործի նյութերում առկա դիմումի վրա որևէ ստորագրության բացակայության պայմաններում, կարծում եմ, որ ներկայացված դիմումը պետք է համարվեր իրավասու անձի կողմից չստորագրված, ուստի պետք է վրա հասնեին «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 26-րդ հոդվածով նախատեսված հետևանքները, այն է՝ դիմողը պետք է եռօրյա ժամկետում Սահմանադրական դատարանի աշխատակազմի կողմից տեղեկացվեր դիմումի՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 24-րդ հոդվածին անհամապատասխանության մասին, ինչի արդյունքում դիմողը նաև կկարողանար օգտվել դիմումը «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի պահանջներին համապատասխանեցնելու օրենսդրական հնարավորությունից։
Միաժամանակ, եթե Սահմանադրական դատարանը համարել է, որ սույն դեպքում առկա է էլեկտրոնային թվային ստորագրությամբ պաշտպանված էլեկտրոնային փաստաթուղթ, որն ունի նույն իրավական նշանակությունը, ինչն ունի անձի ձեռագիր ստորագրությամբ ամրագրված փաստաթուղթը, ապա կարծում եմ, որ նման եզրահանգում կատարելու համար սույն գործում առնվազն պետք է առկա լիներ Սահմանադրական դատարանի աշխատակազմի կողմից կազմված փաստաթուղթ այն մասին, որ տվյալ դեպքում իսկապես առկա է էլեկտրոնային թվային ստորագրությամբ պաշտպանված էլեկտրոնային փաստաթուղթ, և Սահմանադրական դատարանի աշխատակազմը ստուգել է ստորագրության իսկությունը՝ պարզելով, որ այդ փաստաթուղթը ստորագրվել է դիմողի («Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով նրա անունից հանդես եկող իրավասու անձի) կողմից։ Մինչդեռ սույն գործում նման փաստաթղթի բացակայության պայմաններում անհասկանալի է, թե ինչպես է սույն գործի քննության առիթ համարված դիմումին տրվել դիմողի («Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով նրա անունից հանդես եկող իրավասու անձի) ձեռագիր ստորագրությամբ ամրագրված փաստաթղթի նշանակություն, այլ կերպ՝ ներկայացված փաստաթուղթն ինչ հիմքով է համարվել իրավասու անձի կողմից ստորագրված։
Ամփոփելով վերոգրյալը՝ կարծում եմ, որ սույն գործով առկա չէ թույլատրելի եղանակով ներկայացված, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով դիմումին ներկայացվող պահանջներին բավարարող դիմում, որպիսի պայմաններում Սահմանադրական դատարանն իրավասու չէր սույն գործով ընդունել ըստ էության որոշում։ Միաժամանակ հարկ եմ համարում ընդգծել, որ տվյալ դեպքում նաև առկա չէին ինչպես գործի քննությունը մերժելու, այնպես էլ գործի վարույթը կարճելու հիմքեր։ Կարծում եմ, որ տվյալ դեպքում սահմանադրական դատավարության կողմը չի կարող զրկվել սահմանադրական արդարադատություն ստանալու իրավունքից, քանի որ Սահմանադրական դատարանի աշխատակազմի կողմից նրան պետք է տրամադրվեր օրենքով սահմանված ժամկետը՝ առկա թերությունները շտկելու և դիմումը «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի պահանջներին համապատասխանեցնելու համար։
Դատավոր` |
Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ |
«12» մարտի 2024 թ. |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 մարտի 2024 թվական: