Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1719
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.03.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.03.04-2024.03.17 Պաշտոնական հրապարակման օրը 13.03.2024
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
12.03.2024
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
12.03.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.03.2024

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

12 մարտի 2024 թ.

 

2023 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ԵՐԵՎԱՆԻ ԷՆԵՐԳԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼ» ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Սահմանադրական դատարանը՝ կազմով. Ա. Դիլանյանի (նախագահող), Վ. Գրիգորյանի, Հ. Թովմասյանի, Ե. Խունդկարյանի, Հ. Հովակիմյանի, Է. Շաթիրյանի, Ս. Սաֆարյանի, Ա. Վաղարշյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝

Կառավարության ներկայացուցիչ` Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հ. Վարդանյանի,

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի, 40 և 74-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2023 թվականի նոյեմբերի 29-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև «Երևանի էներգաարդյունավետության երկրորդ փուլ» ֆինանսական պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Կառավարությունն իր` 2024 թվականի հունվարի 18-ի N 62-Ա որոշմամբ հավանություն է տվել «2023 թվականի նոյեմբերի 29-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև «Երևանի էներգաարդյունավետության երկրորդ փուլ» ֆինանսական պայմանագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Կառավարության օրենսդրական նախաձեռնությանը և որոշել է նշված պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով դիմել Սահմանադրական դատարան:

Գործի քննության առիթը Կառավարության՝ 2024 թվականի հունվարի 31-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է։

Ուսումնասիրելով վերոնշյալ պայմանագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը՝ Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև «Երևանի էներգաարդյունավետության երկրորդ փուլ» ֆինանսական պայմանագիրը (այսուհետ` Պայմանագիր) ստորագրվել է 2023 թվականի նոյեմբերի 29-ին:

1.1 Պայմանագրով նախատեսված՝ Երևանի կայուն էներգաարդյունավետության բարելավմանն աջակցելու նախագծի (այսուհետ` Նախագիծ) նպատակն է նվազեցնել Երևան համայնքի հասարակական շենքերի (պոլիկլինիկաներ և մանկապարտեզներ) էներգիայի սպառումը և աջակցել էներգաարդյունավետության ու վերականգնվող էներգիայի միջոցառումներին: Նախագծի իրականացման արդյունքում հնարավոր կլինի նվազեցնել 38 հասարակական շենքի (6 պոլիկլինիկա և 32 մանկապարտեզ) էներգիայի սպառումը:

Նախագիծն իրականացվելու է Եվրոպական հանձնաժողովի «Վերականգնում, դիմակայունություն և բարեփոխում. 2020 թվականից հետո Արևելյան գործընկերության (ԱլԳ) առաջնահերթությունների» համատեքստում՝ Հայաստանի համար Եվրոպական միության տնտեսական և ներդրումային պլանի 5-րդ՝ «Ներդրումներ Երևանում. խելացի և կանաչ Երևան» ուղենիշի ներքո:

1.2 Պայմանագրով Հայաստանի Հանրապետությունը հայտարարել է, որ Երևանի քաղաքապետարանը (Իրականացնող մարմին) ձեռնարկել է կայուն էներգաարդյունավետության բարելավմանն աջակցելու նախագիծ, որի թիրախում Երևանում տեղակայված ընտրված հանրային շենքերն են (մանկապարտեզներ և պոլիկլինիկաներ) (յուրաքանչյուրը՝ ենթանախագիծ)։

Նախագծի ընդհանուր արժեքը, ինչպես գնահատվել է Եվրոպական ներդրումային Բանկի կողմից (այսուհետ՝ ԵՆԲ կամ Բանկ), կազմում է 37,100,000 (երեսունյոթ միլիոն հարյուր հազար) եվրո, և Հայաստանի Հանրապետությունը հայտարարել է, որ մտադիր է ֆինանսավորել Նախագիծը հետևյալ կերպ՝ Իրականացնող մարմնի ֆինանսական միջոցները՝ 2 մլն եվրո, Բանկի կողմից վարկը՝ 25 մլն եվրո, Հարևանության ներդրումային հարթակի կողմից ներդրումային դրամաշնորհը՝ 10.1 մլն եվրո:

Պայմանագրով ֆինանսավորումը տրամադրվում է Կայուն զարգացման եվրոպական հիմնադրամին (ԿԶԵՀ+) համապատասխան, որն ինտեգրված ֆինանսական փաթեթ է, ապահովում է ֆինանսավորման ներուժ՝ դրամաշնորհների, բյուջետային երաշխիքների և ֆինանսական գործիքների տեսքով՝ ամբողջ աշխարհում, և մասնավորապես՝ սուվերեն գործընկերների և ոչ առևտրային ենթասուվերեն գործընկերների հետ գործառնությունների բացառիկ ներդրումային պատուհանի շրջանակներում՝ համաձայն ՀԶՄՀԳ-ԳԵ (Հարևանության, զարգացման և միջազգային համագործակցության գործիքը՝ Գլոբալ Եվրոպա) կանոնակարգի 36.1-ին հոդվածի (ԿԶԵՀ+ՀՆՊ1)1: ՀԶՄՀԳ-ԳԵ կանոնակարգի 36.8-րդ հոդվածի համաձայն՝ 2022 թվականի ապրիլի 22-ին Բանկը և Եվրոպական միությունը, ի դեմս Եվրոպական հանձնաժողովի, կնքել են ԿԶԵՀ+ երաշխիքային համաձայնագիրը (ԿԶԵՀ+ՀՆՊ1 երաշխիքային համաձայնագիր), որով Եվրոպական միությունը Բանկին տրամադրել է համապարփակ երաշխիք՝ Բանկի ֆինանսավորման թույլատրելի գործառնությունների համար՝ ՀԶՄՀԳ-ԳԵ կանոնակարգի (ԿԶԵՀ+ՀՆՊ1 երաշխիք) 4-րդ հոդվածի 2-րդ կետում նշված աշխարհագրական տարածքներում գտնվող երկրներում իրականացվող նախագծերի առնչությամբ: Հայաստանի Հանրապետությունն իրավասու երկիր է՝ համաձայն ՀԶՄՀԳ-ԳԵ կանոնակարգի:

2008 թվականի փետրվարի 29-ին Հայաստանի Հանրապետությունը և Բանկը կնքել են Հայաստանի Հանրապետությունում Բանկի գործունեությունը կարգավորող շրջանակային համաձայնագիր (Շրջանակային համաձայնագիր)2, որով Հայաստանի Հանրապետությունը տվել է իր պաշտոնական համաձայնությունը Շրջանակային համաձայնագրի գործողության շրջանակներում Պայմանագրով տրամադրման ենթակա փոխառության ֆինանսավորմանը: Պայմանագրի Նախաբանի «բ» կետում նշված ֆինանսավորման պլանի իրագործման նպատակով Հայաստանի Հանրապետությունը Բանկից պահանջել է 25,000,000 (քսանհինգ միլիոն) եվրոյի չափով վարկ:

Բանկը որոշել է կատարել Հայաստանի Հանրապետության պահանջը՝ տրամադրելով վարկ մինչև 25,000,000 (քսանհինգ միլիոն) եվրո Պայմանագրով՝ պայմանով, որ Բանկի փոխառության գումարը ոչ մի դեպքում չի գերազանցում Նախաբանի «բ» կետում նշված՝ Նախագծի ընդհանուր արժեքի 75%-ը (յոթանասունհինգ տոկոսը):

Բանկը հատկացնում է Վարկ մինչև 20 (քսան) Տրանշով։ Յուրաքանչյուր Տրանշի գումար կազմում է նվազագույնը 1,000,000 (մեկ միլիոն) եվրո կամ (եթե ավելի քիչ) Վարկի չօգտագործված ամբողջ մնացորդը:

1.3 Իրականացնող մարմինը և Բանկը կնքելու են Նախագծի իրականացման համաձայնագիր: Բանկի փոխառությամբ ֆինանսավորվելու են էներգաարդյունավետության ոլորտի չափորոշիչներին համապատասխանող ներդրումները, այդ թվում՝ էներգաարդյունավետության համակարգերի ամբողջական վերանորոգում՝ ջերմային վերանորոգում, իսկ ավելի կոնկրետ՝ շենքերի երեսպատման վերանորոգում՝ ներառելով, սակայն չսահմանափակվելով՝ տանիքներն ու նկուղները, դռների և պատուհանների փոխարինում նորերով, արդիականացում կամ օդափոխության նոր համակարգեր, Լուսավորության համակարգերի վերանորոգում՝ նոր լուսավորության համակարգեր, ջեռուցման/դրա բաշխման համակարգերի արդիականացում, այդ թվում՝ կաթսաների փոխարինում, արևային ջրատաքացում. արևային ֆոտովոլտային էներգիայի արտադրություն, ջերմային պոմպեր և այլն, ինչպես նաև տեխնիկական և/կամ հեղինակային հսկողության և նախագծման արժեքը: Բացի էներգաարդյունավետության հետ կապված միջոցառումներից, համալիր վերանորոգումը կներառի նաև շենքերի ընդհանուր տեխնիկական վիճակի բարելավմանն ուղղված անհրաժեշտ աշխատանքներ, մասնավորապես՝ սեյսմիկ անվտանգությանը և հաշմանդամների համար մատչելիությանն ուղղված անհրաժեշտ միջոցառումներ (Հավելված Ա, մաս 1.1, պարբերություն 4):

 

2 Սահմանադրական դատարան է ներկայացվել Պայմանագրի՝ անգլերեն լեզվով ստորագրված և ԱԳՆ միջազգային պայմանագրերի պահոցում պահվող բնօրինակի նույնական պատճենը, ինչպես նաև հայերեն պաշտոնական թարգմանված տեքստը։

Պայմանագրի պաշտոնական հայերեն թարգմանության և դրա բնօրինակ տեքստերի միջև առկա են մի շարք թարգմանչական անհամապատասխանություններ ու անճշտություններ, ինչպիսիք են, օրինակ՝ Նախաբանի «ա» կետում նշված «0» հավելվածը անգլերեն տեքստում սահմանված է որպես «A.1», 6.1-ին հոդվածում նշված «դրա» բառը պետք է թարգմանված լիներ «իր», 6.5-րդ հոդվածի «դ» կետից հետո համարակալումը սխալ է կատարվել, և հաջորդ կետերը «ե» և «զ» տառերով համարակալվելու փոխարեն համարակալվել են «բ» և «գ» տառերով, 6.8(ա)iii հոդվածում անգլերեն բնօրինակում «և» տառը բացակայում է, 6.8-րդ հոդվածի «դ» կետում առկա է սխալ համարակալում, անգլերեն բնօրինակում «դ» կետի ենթակետերը նշված են «i» և «ii» տառերով, իսկ հայերեն տարբերակում՝ «ա» և «բ» տառերով, 6.11-րդ հոդվածում առկա են կետերի համարակալման սխալներ, 8.2-րդ հոդվածի «ա» կետի «i» ենթակետում պարբերությունները 1 և 2 թվերով համարակալվելու փոխարեն համարակալվել են 4 և 5 թվերով, 10.1.Ա հոդվածում ևս առկա է սխալ համարակալում, և այլն:

Պայմանագրի 119-րդ հոդվածի համաձայն՝ կողմերի համար իրավաբանական ուժ ունեն Պայմանագրի ստորագրված անգլերեն բնօրինակները, և բոլոր օրինակները միասին կազմում են նույն փաստաթուղթը։ Բացի դրանից, Պայմանագրի եզրափակիչ մասում կողմերը պայմանավորվել են, որ Պայմանագիրը կատարվի անգլերեն բնօրինակներով։ Միաժամանակ, Պայմանագրի 122-րդ հոդվածը սահմանում է, որ Պայմանագրի համաձայն կատարված կամ դրա հետ առնչություն ունեցող ցանկացած ծանուցում կամ հաղորդակցություն պետք է լինի անգլերենով, իսկ Պայմանագրով նախատեսված կամ դրա հետ առնչություն ունեցող մյուս բոլոր փաստաթղթերը պետք է լինեն անգլերենով կամ «անգլերենով չլինելու և Բանկի կողմից այդպիսի պահանջ ներկայացվելու դեպքում ուղեկցվեն վավերացված անգլերեն թարգմանությամբ, և այդ դեպքում անգլերեն թարգմանությունը կգերակայի»։

Այսպիսով, թարգմանչական անհամապատասխանություններն ու անճշտությունները թեև բովանդակային առումով խնդիր չեն հարուցում Պայմանագրում ամրագրված պարտավորությունների սահմանադրականության բացահայտման տեսանկյունից, այդուհանդերձ, կարող են որոշակի խնդիրներ առաջացնել Պայմանագրի մեկնաբանման և կիրառման ներպետական գործընթացներում:

 

3 Պայմանագիրը կառուցված է Նախաբանից, 12 հոդվածից և հինգ Հավելվածից: Պայմանագրին կից ներկայացված է նաև «Ստորագրող կողմի լիազորությունը» վերտառությամբ Առդիր 1 փաստաթուղթը:

31 Պայմանագրի Նախաբանում ներառված են համաձայնագրի կնքման իրավապայմանագրային նախադրյալները, Պայմանագրի մեկնաբանման կանոնները, դրանցում օգտագործվող մի շարք հասկացությունների սահմանումները:

32Պայմանագրի հավելվածներն են՝ Հավելված Ա «Նախագծի մասնագրերը և հաշվետվություններ ներկայացնելը», Հավելված Բ «Համապատասխան միջբանկային դրույքաչափերի սահմանումները», Հավելված Գ «Հատկացման առաջարկի/ընդունման ձևանմուշը (Հոդվածներ 1.2.Բ և 1.2.Գ)», Հավելված Դ «Տոկոսի դրույքաչափի վերանայումը և փոխարկումը», Հավելված Ե «Վարկառուի կողմից տրամադրվելիք հավաստագրերը»:

Հավելվածները սահմանում են Վարկառուի ներկայացրած նախագծերի մասնագրերի ու հաշվետվությունների ներկայացման կարգը, միջբանկային դրույքաչափերի որոշման կարգը, հատկացման առաջարկի/ընդունման ձևանմուշը, տոկոսի դրույքաչափի վերանայման ու փոխարկման կարգը և հետևանքները, Վարկառուի կողմից Բանկին տրամադրվելիք հավաստագրերի ձևը:

3.3 Պայմանագրի 1-ին (Վարկը և հատկացումները) և 2-րդ (Փոխառությունը) հոդվածները սահմանում են վարկի գումարը և արժույթը, դրա հատկացման տրանշների պայմանները և ընթացակարգերը, հատկացման հետաձգման հիմքերը և կարգը, չհատկացված վարկի չեղարկման և կասեցման հիմքերը, դրանց դեպքում փոխհատուցման իրավունքը, փոխառության տրամադրման և վերատրամադրման կարգը, փոխառության շրջանակներում հատկացումների ամորտիզացման աղյուսակը, որոնց շրջանակներում Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է հետևյալ էական պարտավորությունները

1) ձեռնարկել անհրաժեշտ միջոցները՝ Պայմանագրով նախատեսված մայր գումարի, տոկոսների և այլ գումարների բոլոր վճարումները հարկումից ազատելու և այդ բոլոր գումարների վճարումը թույլատրելու համար՝ առանց եկամուտների ընդհանուր գումարից գանձվող հարկի նվազեցման (հոդված 1.4Բ(12)ժբ),

2) Բանկին վճարել Ընդունված տրանշի գումարի վրա հաշվարկված Հետաձգման վճար, եթե Բանկը կասեցնում է Ընդունված տրանշը փոխհատուցման ենթակա Կանխավճարի դեպքի կամ Պարտավորությունների չկատարման դեպքի կամ այնպիսի դեպքի կամ հանգամանքի առկայության դեպքում, որը (ժամանակի ընթացքում կամ Պայմանագրով նախատեսված ծանուցման կամ որևէ որոշման կայացման հետևանքով) կազմում է Փոխհատուցման ենթակա կանխավճարի դեպք կամ Պարտավորությունների չկատարման դեպք (հոդված 1.6.Գ(1)),

3) Լիազորել Բանկին առաջին Տրանշից պահել գնահատման վճար՝ 50 000 (հիսուն հազար) եվրոյի չափով, իսկ եթե ոչ մի հատկացում չի կատարվում, ապա Հասանելիության վերջնական ամսաթվին Բանկին վճարել գնահատման վճարը. Վարկը 1.6-րդ հոդվածի համաձայն՝ մինչև Հասանելիության վերջնական ամսաթիվն ամբողջությամբ չեղարման դեպքում՝ գնահատման վճարը Բանկին վճարել այդ չեղարկման ամսաթվին (հոդված 1.8),

4) Բանկի կողմից հատկացված Տրանշի հասույթն օգտագործել միայն այնպիսի Ենթանախագծերի ֆինանսավորման համար, որոնք նախապես հաստատվել են Բանկի կողմից տրամադրման համար, և որոնց վերաբերյալ Բանկին բավարարող ձևով ժամանակին ներկայացվել են Բանկի համար ընդունելի ձևով և բովանդակությամբ գնումների պլանը, բոլոր անհրաժեշտ բնապահպանական և շինարարական թույլտվությունների պատճենները, և Հայաստանի օրենսդրության համաձայն՝ Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում (ՇՄԱԳ) պահանջող Ենթանախագծերի դեպքում՝ ՇՄԱԳ-ի ոչ տեխնիկական ամփոփ նկարագրի հանրային տարբերակին արված հղումը (հոդված 1.10.Ա(գ)),

5) փոխառության ցանկացած մասի վերատրամադրման անհնարինության կամ Պայմանագրի 1.11.Ա(ա) հոդվածում նշված ժամկետում միայն մասամբ հնարավոր լինելու դեպքում՝ անմիջապես Բանկին կանխավճարի տեսքով վճարել Փոխառության այն մասը, որը հատկացվել է Բանկի կողմից, որը ենթակա է սկզբնական Տրամադրման՝ կանխավճարի տեսքով վճարված գումարի նկատմամբ, առկայության դեպքում՝ հաշվեգրված տոկոսների և փոխհատուցման հետ միասին՝ Պայմանագրի 4.2-րդ հոդվածին համապատասխան (հոդված 1.11.Ա(գ)),

6) յուրաքանչյուր Տրանշի մասով տոկոսներ, մայր գումար և վճարման ենթակա այլ վճարներ վճարել այն արժույթով, որով հատկացվել է այդ Տրանշը, իսկ մյուս վճարումները՝ առկայության դեպքում, կատարել Բանկի կողմից սահմանված արժույթով` հաշվի առնելով այդ վճարման միջոցով փոխհատուցման ենթակա ծախսերի արժույթը (հոդված 2.2)։

3.4 Պայմանագրի 3-րդ հոդվածը (Տոկոսներ) սահմանում է վարկի տոկոսադրույքները։ Պայմանագրի 3-րդ հոդվածի շրջանակներում Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է հետևյալ էական պարտավորությունները

1) յուրաքանչյուր Ֆիքսված դրույքաչափով տրանշի չմարված մնացորդի նկատմամբ վճարել տոկոսներ Ֆիքսված դրույքաչափով յուրաքանչյուր կիսամյակ՝ ապառքներով, համապատասխան Վճարման ամսաթվերին, ինչպես նշված է Հատկացման առաջարկում, որն սկսվում է Տրանշի Հատկացման ամսաթվին հաջորդող առաջին այդպիսի Վճարման ամսաթվին. տոկոսը հաշվարկել Պայմանագրի 5.1(ա) հոդվածի հիման վրա (հոդված 3.1.Ա),

2) յուրաքանչյուր Լողացող դրույքաչափով տրանշի չմարված մնացորդի նկատմամբ վճարել տոկոսներ Լողացող դրույքաչափով, յուրաքանչյուր կիսամյակ՝ ապառքներով, համապատասխան Վճարման ամսաթվերին, ինչպես նշված է Հատկացման առաջարկում (հոդված 3.1.Բ, պարբերություն 1),

3) Տրանշի տոկոսադրույքի բազայի վերանայման կամ փոխարկման տարբերակն իրացնելու դեպքում՝ տոկոսի վերանայումը/փոխարկումն ուժի մեջ մտնելու ամսաթվից (Պայմանագրի «Դ» հավելվածում սահմանված կարգին համապատասխան) վճարել տոկոս՝ Պայմանագրի «Դ» հավելվածում նախատեսված դրույթներին համապատասխան սահմանված դրույքաչափով (հոդված 3.1.Գ),

4) ժամկետանց գումարների նկատմամբ տոկոսի հաշվեգրումն իրականացնել Պայմանագրի 3.2-րդ հոդվածով սահմանված կարգով և վճարել Բանկի պահանջին համապատասխան (հոդված 3.2)։

3.5 Պայմանագրի 4-րդ հոդվածը (Հետվճարումը) կարգավորում է փոխառության հետվճարման հարաբերությունները, մասնավորապես՝ հետվճարման բնականոն ընթացակարգը, կամավոր կանխավճարների իրականացման կարգը, պարտադիր կանխավճարների դեպքերը, կանխավճարների կատարման մեխանիզմները, վերափոխառության տրամադրման բացառումը՝ ամրագրելով այդ հոդվածի շրջանակներում Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները։

3.6 Պայմանագրի 5-րդ հոդվածը (Վճարումները) կարգավորում է փոխառության տոկոսների հաշվարկման բազաները՝ ֆիքսված և լողացող դրույքաչափերով տրանշների դեպքերում, վճարման ժամանակը և վայրը։ Պայմանագրի 5-րդ հոդվածի շրջանակներում Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է հետևյալ էական պարտավորությունը Պայմանագրում կամ Բանկի պահանջով այլ բան սահմանված չլինելու դեպքում, տոկոսագումարներից, փոխհատուցման և մայր գումարից բացի բոլոր մյուս գումարները վճարել Բանկի պահանջն ստացվելուց հետո 15 (տասնհինգ) օրվա ընթացքում (հոդված 5.2(ա))։

3.7 Պայմանագրի 6-րդ հոդվածը (Վարկառուի պարտավորություններն ու հավաստիացումները) բաղկացած է Ա և Բ մասերից։

Ա մասում ամրագրված են Պայմանագրից բխող Նախագծերի մասով պարտավորությունները, մասնավորապես՝ փոխառության նպատակային օգտագործման և ֆինանսական միջոցների հասանելիության կանոնները, Նախագծերի ավարտման և դրանց հետ կապված լրացուցիչ ծախսերի ֆինանսավորման հարաբերությունները, գնումների ընթացակարգի, ինչպես նաև Նախագծերի մասով շարունակվող պարտավորությունները։

Բ մասում ամրագրված են Պայմանագրից բխող ընդհանուր պարտավորությունները, մասնավորապես՝ Նախագծերի իրականացման ընթացքի օրենքներին համապատասխանությունը, պատշաճ հաշվապահական մատյանների ու գրառումների կատարման Վարկառուի և Իրականացնող մարմնի պարտականությունները, Վարկառուի և Իրականացնող մարմնի բարեվարքության կանոնները, վերջիններիս հավաստիացումներն ու երաշխիքները։

3.8 Պայմանագրի 7-րդ հոդվածը (Ապահովումը) սահմանում է, որ Վարկառուն ապահովում է հետևյալ պարտավորությունները

1) իր Պայմանագրի դասակարգմամբ սահմանված վճարման պարտավորությունները դասակարգվում են և կդասակարգվեն ոչ պակաս, քան pari passu3 վճարման իրավունքի նկատմամբ՝ ՀՀ արտաքին պարտքային գործիքներից որևէ մեկով սահմանված բոլոր այլ ընթացիկ և հետագա չապահովված և չստորադասված պարտավորությունների հետ, մասնավորապես՝ Պայմանագրի 7.1-ին հոդվածում շարադրված դեպքերում (հոդված 7.1),

2) որևէ այլ ֆինանսական վարկատուի հետ ֆինանսավորման համաձայնագիր կնքելու դեպքում, որը ներառում է վարկանիշի կորստի մասին դրույթ կամ դրա ֆինանսական ցուցանիշի վերաբերյալ այլ դրույթ, ըստ կիրառելիության, որը Պայմանագրով նախատեսված չէ կամ ավելի բարենպաստ է համապատասխան ֆինանսական վարկատուի համար, քան Պայմանագրի որևէ համարժեք դրույթ՝ Բանկի համար, ապա Բանկին անհապաղ տեղեկացնել և Բանկին տրամադրել առավել բարենպաստ դրույթի օրինակ (հոդված 7.3)։

3.9 Պայմանագրի 8-րդ հոդվածը (Տեղեկատվությունը և այցելությունները) կարգավորում է Վարկառուի կողմից ապահովված և Իրականացնող մարմնի կողմից Նախագծերի վերաբերյալ տեղեկությունների շրջանակը և դրանց տրամադրման կարգը, տեղեկությունների հրապարակման ու տեսանելիության ապահովման կարգերը, որոնց շրջանակներում Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է հետևյալ էական պարտավորությունները

1) ապահովել, որ Իրականացնող մարմինը (կիրառելիության դեպքում)՝ Բանկին տրամադրի Պայմանագրի 8.1-ին և 8.2-րդ հոդվածներով սահմանված տեղեկությունները (հոդված 8.1 և 8.2),

2) թույլ տալ և ապահովել, որ Իրականացնող մարմինը թույլ տա, որ Բանկը, և երբ դա պահանջվում է ԵՄ օրենսդրության համապատասխան պարտադիր դրույթներով կամ համաձայն ՀԶՄՀԳ-ԳԵ կանոնակարգի կամ Ֆինանսական կանոնակարգի, եթե կիրառելի է, Աուդիտորների եվրոպական դատարանը, Եվրոպական հանձնաժողովը, Խարդախության դեմ պայքարի եվրոպական գրասենյակը և Եվրոպական դատախազությունը, ինչպես նաև վերը նշված անձանց կողմից նշանակված անձինք այցելեն Նախագծի բաղկացուցիչ մաս կազմող աշխատանքների իրականացման վայրեր, շինություններ, զրուցեն ՀՀ և (կամ) Իրականացնող մարմնի ներկայացուցիչների հետ և չխոչընդոտեն Նախագծում ընդգրկված կամ Նախագծի հետ առնչություն ունեցող որևէ այլ անձի հետ շփումներին և ըստ իրենց հայեցողության՝ անցկացնեն քննություններ, զննություններ, տեղում իրականացվող աուդիտ և ստուգումներ և ստուգեն ՀՀ և (կամ) Իրականացնող մարմնի՝ Փոխառության, Պայմանագրի և Նախագծի իրականացման վերաբերյալ վարվող մատյաններն ու արձանագրությունները և հնարավորություն ունենան պատճենել համապատասխան փաստաթղթերը, որքանով օրենքն է թույլատրում (հոդված 8.3(ա)),

3) Բանկին և ցանկացած Համապատասխան կողմի տրամադրել կամ ապահովել, որ Բանկին և Համապատասխան կողմերին տրամադրվի հասանելիություն տեղեկությունների, շինությունների և փաստաթղթերի նկատմամբ, ինչպես նաև Պայմանագրի 8.3-րդ հոդվածում նկարագրված նպատակներին հասնելու համար անհրաժեշտ ամբողջական աջակցություն (հոդված 8.3(բ)),

4) Եվրոպական հանձնաժողովին և Հայաստանի Հանրապետությունում ԵՄ պատվիրակությանը թույլ տալ մասնակցել Պայմանագրի, Փոխառության կամ Նախագծի առնչությամբ Բանկի կողմից կազմակերպվող մոնիթորինգային ցանկացած առաքելության (հոդված 8.3(գ)),

5) Փոխառության և (կամ) Նախագծի մասով Արգելված վարքագծի վերաբերյալ իրական ենթադրության, բողոքի կամ տեղեկությունների դեպքում Բանկի հետ բարեխղճորեն խորհրդակցել համապատասխան գործողություններ ձեռնարկելու վերաբերյալ (հոդված 8.3(դ)),

6) ընդունել և համաձայնել, որ Բանկը կարող է ստիպված լինել Հայաստանի Հանրապետության, Փոխառության, Պայմանագրի և (կամ) Նախագծի վերաբերյալ տեղեկություններ և նյութեր փոխանցել Եվրոպական միության ցանկացած հաստատության կամ մարմնի, այդ թվում՝ Աուդիտորների եվրոպական դատարանին, Եվրոպական հանձնաժողովին, ԵՄ ցանկացած համապատասխան պատվիրակության, Խարդախության դեմ պայքարի եվրոպական գրասենյակին և Եվրոպական դատախազությանը, եթե դա նրանց անհրաժեշտ է իրենց առաջադրված խնդիրները ԵՄ օրենսդրությանը (այդ թվում՝ ՀԶՄՀԳ կանոնակարգին և Ֆինանսական կանոնակարգին) համապատասխան կատարելու համար (հոդված 8.4(ա)i)։

3.10 Պայմանագրի 9-րդ հոդվածը (Գանձումները և ծախսերը) կարգավորում է Պայմանագրի կատարումից առաջացող հարկերի, տուրքերի և վճարների, այլ գանձումների, լրացուցիչ ծախսերի, փոխհատուցումների ու հաշվանցումների հետ կապված հարաբերություները, որոնց շրջանակում Վարկառուն իր վրա է վերցնում հետևյալ պարտավորությունները

1) վճարել Պայմանագրի կամ դրա հետ կապված որևէ փաստաթղթի կատարումից կամ իրականացումից առաջացող և Փոխառության համար տրամադրված ցանկացած Ապահովման ստեղծման, կատարելագործման, գրանցման կամ կատարման հետ կապված բոլոր հարկերը, տուրքերը, վճարները և ցանկացած տեսակի այլ վճարումներ, այդ թվում՝ դրոշմանիշային վճարը և գրանցման վճարները, որքանով դա կիրառելի է (հոդված 9.1, պարբերություն 1),

2) վճարել Պայմանագրով նախատեսված ամբողջ մայր գումարը, տոկոսները, փոխհատուցումներն ու օրենքով կամ պետական կամ այլ մարմինների հետ կնքված համաձայնագրի համաձայն պահանջվող այլ գումարներ՝ առանց որևէ պահումների կամ ազգային կամ տեղական ցանկացած տեսակի այլ վճարումներից նվազեցումների: Որևէ այդպիսի պահումներ կամ նվազեցումներ կատարելու պարտավորվածության դեպքում մեծացնել Բանկին կատարվող վճարումն այնպես, որ այդ պահումներից կամ նվազեցումներից հետո Բանկի կողմից ստացվող զուտ գումարը հավասար լինի նախատեսված գումարին (հոդված 9.1, պարբերություն 2),

3) Հայաստանի Հանրապետության վրա վերցնել բոլոր գանձումներն ու ծախսերը, այդ թվում՝ մասնագիտական, բանկային կամ արտարժույթի փոխարկման հետ կապված ծախսերը, որոնք կարող են առաջանալ՝ կապված Պայմանագրի կամ դրա հետ կապված որևէ փաստաթղթի պատրաստման, կատարման, իրականացման, կատարումն ապահովելու և գործողության դադարեցման, Պայմանագրում կամ դրա հետ կապված ցանկացած փաստաթղթում կատարվող փոփոխության, լրացման կամ չեղարկման, ինչպես նաև Փոխառության համար տրամադրված ցանկացած ապահովման փոփոխության, ստեղծման, կառավարման, հարկադիր կատարման և իրականացման հետ (հոդված 9.2),

4) Բանկին վճարել ցանկացած ծախք կամ ծախս, որը Բանկի համար առաջացել է, կամ որը Բանկը կրել է որևէ օրենքի կամ կանոնակարգի ընդունման կամ դրանում որևէ փոփոխություն կատարելու (կամ մեկնաբանման, դրա նորմերի կիրառման կամ դրա կիրառման) կամ ցանկացած օրենքի կամ կանոնակարգի հետ համապատասխանությունն ապահովելու հետևանքով, ինչի անհրաժեշտություն առաջացել է Պայմանագիրը ստորագրելու ամսաթվից հետո, որի համաձայն կամ որի արդյունքում (i) Բանկը պարտավոր է կրել լրացուցիչ ծախքեր՝ Պայմանագրով նախատեսված ֆինանսավորումն ապահովելու կամ իր պարտականությունները կատարելու համար, կամ (ii) Պայմանագրով Բանկին հասանելիք ցանկացած գումար կամ Բանկի կողմից Հայաստանի Հանրապետությանը Վարկ կամ Փոխառություն տրամադրելու արդյունքում առաջացած ֆինանսական եկամուտը նվազեցվում է կամ վերացվում (հոդված 9.3(ա)),

5) չսահմանափակելով Բանկի՝ Պայմանագրով կամ ցանկացած կիրառելի օրենքով նախատեսված այլ իրավունքներով4՝ փոխհատուցել Բանկին և թույլ չտալ, որ վերջինս կրի կորուստներ, որոնք առաջանում են ցանկացած ամբողջական կամ մասնակի մարման արդյունքում, որը կատարվում է Պայմանագրով հստակ սահմանված ձևից տարբերվող այլ ձևով (հոդված 9.3(բ))։

3.11 Պայմանագրի 10-րդ հոդվածը կարգավորում է Պայմանագրով պարտավորությունների չկատարման հարաբերություները, որոնց շրջանակում Վարկառուն իր վրա է վերցնում հետևյալ էական պարտավորությունները

1) անմիջապես վճարել Չմարված փոխառության ամբողջ գումարը կամ դրա մի մասը (ինչպես պահանջում է Բանկը) հաշվեգրված տոկոսների և Պայմանագրով նախատեսված բոլոր այլ հաշվեգրված կամ չմարված գումարների հետ միասին՝ Բանկի կողմից Պայմանագրի 10.1.Ա և 10.1.Բ հոդվածների դրույթների համաձայն ներկայացված գրավոր պահանջի դեպքում (հոդված 10.1),

2) ֆիքսված դրույքաչափով որևէ տրանշի նկատմամբ Պայմանագրի 10.1-ին հոդվածով սահմանված պահանջ ներկայացվելու դեպքում Բանկին վճարել պահանջված գումարը որպես կանխավճար, վճարման ենթակա մայր գումարի ցանկացած չափի համար փոխհատուցման հետ միասին և այդպիսի փոխհատուցումը (i) հաշվանցել Բանկի՝ պահանջի մասին ծանուցման մեջ նշված վճարման ժամկետից և հաշվարկել այն հիմքով, որ կանխավճարը կատարվում է նշված օրը, և (ii) Բանկի կողմից փոխանցված գումարի համար է՝ որպես Պայմանագրի 10.3.Ա հոդվածում նշված ավելցուկի գործող արժեք (հաշվարկված կանխավճարը կատարելու օրվա դրությամբ), եթե այդպիսիք կան՝ ինչպես սահմանված է Պայմանագրի 10.3.Ա հոդվածի (ա) և (բ) կետերում, ինչպես նաև տվյալ գործող արժեքը հաշվարկել կիրառելի Տրանշի Վճարման յուրաքանչյուր համապատասխան ամսաթվի դրու-թյամբ կիրառվող Վերաբաշխման դրույքաչափին հավասար զեղչման դրույքաչափով (հոդված 10.3.Ա),

3) լողացող դրույքաչափով որևէ տրանշի վերաբերյալ Պայմանագրի 10.1-ին հոդվածով սահմանված պահանջի դեպքում Բանկին վճարել պահանջված գումարը տարեկան 0,19% (տասնինը բազիսային կետ) գործող արժեքին հավասար գումարի հետ միասին, որը հաշվարկվում և հաշվանցվում է որպես կանխավճար վճարման ենթակա մայր գումարի չափով՝ նույն ձևով, ինչպես որ հաշվարկված և հաշվանցված կլինեին տոկոսները, եթե այդ գումարը մնար չմարված՝ համաձայն Տրանշի մարման համար կիրառելի ժամանակացույցի՝ մինչև Տոկոսի վերանայման/փոխարկման օրը կամ Մարման օրը, եթե այդպիսիք կան. արժեքը հաշվարկվում է Վճարման յուրաքանչյուր համապատասխան ամսաթվի դրությամբ կիրառվող Վերաբաշխման դրույքաչափին հավասար զեղչման դրույքաչափով (հոդված 10.3.Բ),

4) ընդունել, որ Բանկի կողմից Պայմանագրով սահմանված իր իրավունքներից կամ իրավական պաշտպանության միջոցներից որևէ մեկը չիրացնելը կամ ուշացմամբ կամ մասնակիորեն իրացնելը չի համարվում այդ իրավունքից կա իրավական պաշտպանության միջոցից հրաժարում (հոդված 10.4.):

3.12 Պայմանագրի 11-րդ հոդվածը (Օրենք և իրավազորություն, այլ դրույթներ) կարգավորում է Պայմանագրից և դրանից ծագող կամ դրա հետ կապված ոչ պայմանագրային պարտավորության կարգավորման օրենսդրությունը, ինչպես նաև դատական իրավազորության, իրավազորության անձեռնմխելիությունից հրաժարվելու, Պայմանագրի դրույթների անվավերության հետևանքների, Պայմանագրում փոփոխություններ կատարելու ընթացակարգերի հարաբերությունները, որոնց շրջանակներում Վարկառուն իր վրա է վերցնում հետևյալ էական պարտավորությունները

1) Պայմանագիրը և դրանից ծագող կամ դրա հետ կապված ցանկացած ոչ պայմանագրային պարտավորություն կարգավորվում է Լյուքսեմբուրգի օրենսդրությամբ (հոդված 11.1),

2) Պայմանագրի հետ կապված բոլոր վեճերը ներկայացնել Եվրոպական Միության Արդարադատության դատարանի (Դատարան) իրավազորությանը (հոդված 11.2(ա)),

3) հրաժարվել Դատարանի իրավազորության նկատմամբ ցանկացած անձեռնմխելիությունից, որը Հայաստանի Հանրապետությունը կարող է ունենալ, կամ Դատարանի իրավազորության դեմ առարկելու իրավունքից (հոդված 11.2(բ)),

4) հրաժարվել ամբողջ անձեռնմխելիությունից, որը Հայաստանի Հանրապետությունը կամ նրա ակտիվները կամ եկամուտներն այլ կերպ կարող են ունենալ ցանկացած իրավազորության ներքո, ներառյալ՝ անձեռնմխելիությունը հետևյալի նկատմամբ. ա) դատարանի որոշման կամ հրահանգի միջոցով որևէ բավարարում տալը` պարտավորություններն իրապես կատարելու կամ ակտիվները կամ եկամուտները վերականգնելու համար և բ) դատարանի որոշումը կատարելու համար կամ գույքային հայցով իր ցանկացած ակտիվի և եկամուտի նկատմամբ արգելանք, կալանք դնելու կամ դրանց վաճառքի համար իր ակտիվների կամ եկամուտների նկատմամբ ցանկացած գործընթացի խնդիրը (հոդված 11.3)։

3.13 Պայմանագրի 12-րդ հոդվածը (Եզրափակիչ դրույթներ) կարգավորում է ծանուցումների կատարման ձևի, կողմերի հասցեների և կոնտակտային տվյալների, Պայմանագրի ուժի մեջ մտնելու հետ կապված հարաբերությունները, ամրագրում է, որ Պայմանագրի մաս են կազմում՝ Նախաբանը, 124-րդ հոդվածում թվարկված Հավելվածները, Պայմանագրին կից ստորագրող կողմի լիազորությունը հաստատող Առդիր 1 փաստաթուղթը։

Պայմանագիրն ուժի մեջ է մտնում դրա 12.3-րդ՝ «Սույն Պայմանագիրն ուժի մեջ մտնելը», հոդվածով սահմանված հետևյալ կարգով. «(…) սույն Պայմանագիրն ուժի մեջ կմտնի Բանկի կողմից Վարկառուին ուղղված նամակում նշված ամսաթվից (Ուժի մեջ մտնելու ամսաթիվ), որով հաստատվում է, որ Բանկը ստացել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի՝ Բանկի համար ընդունելի ձևով և բովանդակությամբ իրավական եզրակացությունը և ապացույց, որ անհրաժեշտ պաշտոնական և գերատեսչական բոլոր հաստատումները, ներառյալ՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից վավերացումները և այդ նամակը համոզիչ ապացույց են առ այն, որ սույն Պայմանագիրն ուժի մեջ է մտել:

Եթե Ուժի մեջ մտնելու ամսաթիվը սույն Պայմանագիրը կնքելու ամսաթվից հետո 12-րդ (տասներկուերորդ) ամսում կամ դրանից առաջ ընկած ամսաթիվը չէ, ապա սույն Պայմանագիրն ուժի մեջ չի մտնում, և հետագա գործողությունների անհրաժեշտություն կամ պահանջ չի լինում»:

 

4. Սահմանադրական դատարանը գտնում է, որ Պայմանագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները համահունչ են Սահմանադրության 13-րդ հոդվածով ամրագրված՝ միջազգային իրավունքի հիման վրա՝ բոլոր պետությունների հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերությունների հաստատմանն ուղղված արտաքին քաղաքականության իրականացման նպատակներին, ինչպես նաև Սահմանադրության 12-րդ հոդվածով ամրագրված՝ շրջակա միջավայրի պահպանության և կայուն զարգացման հաստատմանը, բնական պաշարների ողջամիտ օգտագործմանն ուղղված նպատակին և կնպաստեն կայուն էներգաարդյունավետության բարելավմանը:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2023 թվականի նոյեմբերի 29-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև «Երևանի էներգաարդյունավետության երկրորդ փուլ» ֆինանսական պայմանագրում ամրագրված պարտավո-րությունները համապատասխանում են Սահմանադրությանը:

2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

____________________________

1 «ԿԶԵՀ+ՀՆՊ1»-ն ունի Նախաբանի «գ» կետում դրան տրված իմաստը:

2 Պայմանագրում հղում է կատարվում Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև 2008 թվականի փետրվարի 12-ին Լյուքսեմբուրգում և 2008 թվականի փետրվարի 29-ին Երևանում ստորագրված` «Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական ներդրումային բանկի գործունեության կառավարման համար» շրջանակային համաձայնագրին, որը վավերացվել է Ազգային ժողովի Ն-099-4 որոշմամբ (ՍԴՈ-759):

3 Հավասար մասնաբաժիններով

4 Պայմանագրի հայերեն տեքստում վերը նշված՝ «իրավունքներով» բառը պետք է թարգմանված լիներ «իրավունքները»:

 

ՆԱԽԱԳԱՀող

Ա. ԴիլանՅԱՆ

 

12 մարտի 2024 թվականի

ՍԴՈ-1719

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 մարտի 2024 թվական:

 

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ «2023 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ԵՐԵՎԱՆԻ ԷՆԵՐԳԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼ» ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾՈՎ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-ԻՆ ԿԱՅԱՑՎԱԾ ՍԴՈ-1719 ՈՐՈՇՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Սահմանադրական դատարանը, դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննելով «2023 թվականի նոյեմբերի 29-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև «Երևանի էներգաարդյունավետության երկրորդ փուլ» ֆինանսական պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը, 2024 թվականի մարտի 12-ի ՍԴՈ-1719 որոշմամբ որոշել է, որ 2023 թվականի նոյեմբերի 29-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև «Երևանի էներգաարդյունավետության երկրորդ փուլ» ֆինանսական պայմանագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:

 

Համաձայն չլինելով Սահմանադրական դատարանի 2024 թվականի մարտի 12-ի ՍԴՈ-1719 որոշմանը՝ Սահմանադրական դատարանի դատավոր Ե. Խունդկարյանս շարադրում եմ դրա վերաբերյալ իմ հատուկ կարծիքը։

 

Նախքան հատուկ կարծիքի պատճառաբանություններին անդրադառնալը՝ հարկ եմ համարում նշել, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 62-րդ հոդվածի 2-րդ մասի բովանդակությունից հետևում է, որ Սահմանադրական դատարանի կողմից որոշումներ և եզրակացություններն ընդունելիս քվեարկությանը մասնակցելը և Սահմանադրական դատարանի համապատասխան որոշման կամ եզրակացության ընդունմանը կողմ կամ դեմ քվեարկելը Սահմանադրական դատարանի դատավորի պարտականությունն է։

Հաշվի առնելով միջազգային պայմանագրերում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու վերաբերյալ գործերի քննության արդյունքում Սահմանադրական դատարանի կողմից ընդունվող որոշումների (դրանցում արտահայտվող իրավական դիրքորոշումների) նշանակությունը միջազգային պայմանագրերի վավերացման գործընթացի, ինչպես նաև իրավաստեղծ և իրավակիրառ պրակտիկայի համար՝ հանրությանը պետք է հասանելի լինեն այդպիսի գործով ընդունված որոշմանը Սահմանադրական դատարանի դատավորի անհամաձայնության պատճառները, իսկ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 62-րդ հոդվածի 10-րդ մասով սահմանված է Սահմանադրական դատարանի դատավորի՝ ընդունված որոշումից տարբերվող դիրքորոշումը պաշտոնապես ներկայացնելու մեկ եղանակ՝ հատուկ կարծիք շարադրելը։ Հետևաբար կարծում եմ, որ նշված գործերի քննության արդյունքում համապատասխան որոշման ընդունմանը դեմ քվեարկելու փաստից ուղղակիորեն բխում է հատուկ կարծիք ներկայացնելու՝ իմ՝ որպես Սահմանադրական դատարանի դատավորի պարտականությունը, ինչով էլ պայմանավորված ներկայացնում եմ իմ հատուկ կարծիքը։

 

Հարկ եմ համարում նշել, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի՝ «Միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության որոշումը» վերտառությամբ 74-րդ հոդվածի 6-րդ մասում նշված որոշումներից որևէ մեկն ընդունելու համար անհրաժեշտ է օրենքով սահմանված կարգով Սահմանադրական դատարան ներկայացված դիմում։ Հակառակ դեպքում, եթե առկա չէ թույլատրելի եղանակով ներկայացված դիմում կամ այն չի համապատասխանում օրենքով սահմանված պահանջներին, ապա Սահմանադրական դատարանն իրավասու չէ ըստ էության որոշում ընդունել միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցի վերաբերյալ։

Ինչպես վերը նշվեց, Սահմանադրական դատարանն իր 2024 թվականի մարտի 12-ի ՍԴՈ-1719 որոշմամբ 2023 թվականի նոյեմբերի 29-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև «Երևանի էներգաարդյունավետության երկրորդ փուլ» ֆինանսական պայմանագրում ամրագրված պարտավորությունները ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող։ Հարկ եմ համարում ընդգծել, որ սույն հատուկ կարծիքի շրջանակներում նշված որոշմանը բովանդակային առումով անդրադառնալն անհրաժեշտ չեմ համարում, քանի որ այդ որոշմանն իմ անհամաձայնության հիմքում ընկած է թույլատրելի եղանակով ներկայացված, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով դիմումին ներկայացվող պահանջներին բավարարող դիմումի բացակայությունը, որպիսի պայմաններում կարծում եմ, որ Սահմանադրական դատարանն իրավասու չէր սույն գործով ըստ էության որոշում ընդունել՝ անկախ այդ որոշման բովանդակությունից։

 

Այսպես՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքը սահմանում է դիմումին ներկայացվող պահանջները և Սահմանադրական դատարան դիմումի ներկայացման եղանակը։ Միաժամանակ նշված օրենքում ամրագրված իրավանորմերի բովանդակությունից հետևում է, որ Սահմանադրական դատարանում գործերի քննության միակ հնարավոր առիթը դիմումն է, որը պետք է ներկայացվի իրավասու անձի կողմից, համապատասխանի «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով դիմումին ներկայացվող պահանջներին և ներկայացված լինի թույլատրելի եղանակով։

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի իրավակարգավորումները (22-րդ հոդվածի 1-ին մաս, 24-րդ հոդվածի 1-ին մաս, 46-րդ հոդվածի 2-րդ մաս, 74-րդ հոդվածի 1-ին մաս, 88-րդ հոդվածի 6-րդ մաս) թույլ են տալիս կատարել հետևյալ դատողությունները.

- մինչև Ազգային ժողովի կողմից միջազգային պայմանագրի վավերացումը դրանում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցով Սահմանադրական դատարան դիմելու իրավասությունը վերապահված է Կառավարությանը.

- այդ հարցով Սահմանադրական դատարան ներկայացվող դիմումը պետք է լինի իրավասու անձի կողմից ստորագրված.

- այդ հարցով դիմումը կարող է թղթային եղանակով ներկայացվել Սահմանադրական դատարան առանց նախապայմանների.

- այդ հարցով դիմումը կարող է էլեկտրոնային եղանակով ներկայացվել Սահմանադրական դատարան միայն այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանում առկա են համապատասխան տեխնիկական հնարավորություններ։

Վերահաստատելով միջազգային պայմանագրերում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու վերաբերյալ գործերով Սահմանադրական դատարանի կողմից կայացված որոշումների (օրինակ՝ ՍԴՈ-1581, ՍԴՈ-1620, ՍԴՈ-1622, ՍԴՈ-1674, ՍԴՈ-1676, ՍԴՈ-1706 և այլն) կապակցությամբ իմ կողմից ներկայացված՝ հատուկ կարծիքներում արտահայտված դիրքորոշումները՝ գտնում եմ, որ գործող իրավակարգավորումների պայմաններում Սահմանադրական դատարանում համապատասխան տեխնիկական հնարավորությունների առկայությունը և դրանով պայմանավորված՝ էլեկտրոնային եղանակով դիմումներ ընդունելու, դրանց հիման վրա գործեր քննելու Սահմանադրական դատարանի իրավասությունը պետք է հավաստվեն Սահմանադրական դատարանի համապատասխան իրավական ակտով։ Այսինքն՝ Սահմանադրական դատարան դիմող հնարավոր սուբյեկտները (դրա իրավունքն ունեցող անձինք) Սահմանադրական դատարանի համապատասխան իրավական ակտից պետք է իրազեկվեն, որ Սահմանադրական դատարանում առկա են էլեկտրոնային եղանակով դիմումներ ընդունելու համապատասխան տեխնիկական հնարավորություններ, ինչպես նաև տեղեկանան էլեկտրոնային այն հարթակի մասին, որով Սահմանադրական դատարանն ընդունելու է էլեկտրոնային եղանակով ներկայացվող դիմումները, և միայն այդ պայմաններում անձինք կարող են էլեկտրոնային եղանակով դիմումներ ներկայացնել Սահմանադրական դատարան։

Ասվածի հիմքում ընկած է այն հանգամանքը, որ առանց համապատասխան իրավական հիմքի հնարավոր չէ միանշանակ եզրահանգում կատարել այն մասին, թե Սահմանադրական դատարանում առկա են արդյոք էլեկտրոնային եղանակով դիմումներ ընդունելու համապատասխան տեխնիկական հնարավորություններ, իսկ նման եզրահանգման հիմքում պետք է ընկած լինի Սահմանադրական դատարանի համապատասխան իրավական ակտը, որում պետք է նշված լինի էլեկտրոնային այն հարթակը, որի միջոցով դիմումների ներկայացումը Սահմանադրական դատարանը համարելու է ընդունելի, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների տեխնիկական միջոցների այն գործիքակազմը, որի միջոցով Սահմանադրական դատարանում իրականացվելու է էլեկտրոնային փաստաթղթում առկա էլեկտրոնային ստորագրության իսկության ստուգումը։ Դրա միջոցով Սահմանադրական դատարան դիմող անձանց համար հստակ և կանխատեսելի կլինի ոչ միայն այն, թե Սահմանադրական դատարանի կողմից որ հարթակի միջոցով են ընդունվում էլեկտրոնային եղանակով ներկայացվող դիմումները, այլև այն, թե տեղեկատվական տեխնոլոգիաների տեխնիկական միջոցների ինչ գործիքակազմով է Սահմանադրական դատարանում պարզվում ստացված դիմումի՝ իրավասու անձի կողմից ստորագրված լինելու հանգամանքը։

 

Քննարկվող դեպքում սույն գործի նյութերում առկա է թղթային տարբերակով դիմում, որի վրա առկա չէ դիմողի ստորագրություն։

Նկատի ունենալով, որ սույն գործի նյութերում առկա դիմումի թղթային օրինակում բացակայում է որևէ ստորագրություն և Սահմանադրական դատարանի կողմից գործի քննության առիթ համարված դիմումի վրա առկա է միայն նշում՝ էլեկտրոնային ստորագրությամբ հաստատված լինելու մասին, հարկ եմ համարում անդրադառնալ Սահմանադրական դատարան էլեկտրոնային փաստաթղթի ձևով դիմում ներկայացնելու հարցին։

Ելնելով միջազգային պայմանագրերում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու վերաբերյալ գործերով Սահմանադրական դատարանի կողմից կայացված որոշումների (օրինակ՝ ՍԴՈ-1581, ՍԴՈ-1620, ՍԴՈ-1622, ՍԴՈ-1674, ՍԴՈ-1676, ՍԴՈ-1706 և այլն) կապակցությամբ իմ կողմից ներկայացված՝ հատուկ կարծիքներում վկայակոչված՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի և «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» օրենքի վկայակոչված իրավական նորմերի վերլուծությունից՝ կարելի է արձանագրել, որ էլեկտրոնային թվային ստորագրությամբ պաշտպանված, էլեկտրոնային փաստաթուղթ համարվող դիմումն ունի նույն իրավական նշանակությունը, ինչն ունի իրավասու անձի կողմից ձեռագիր ստորագրված դիմումը հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում.

- հաստատվել է էլեկտրոնային թվային ստորագրության իսկությունը, այսինքն՝ առկա է էլեկտրոնային թվային ստորագրության ստուգման տվյալների և միջոցների կիրառման հնարավորություն և կիրառման դրական արդյունք, որը նույնականացնում է ստորագրող անձին.

- չկան բավարար ապացույցներ այն մասին, որ փաստաթուղթը փոփոխվել կամ կեղծվել է այն պահից, երբ այն հաղորդվել և (կամ) տրվել է պահպանության, բացառությամբ այն դարձունակ փոփոխությունների, որոնք անհրաժեշտ և անխուսափելի են այդ էլեկտրոնային փաստաթղթի հաղորդման և (կամ) պահպանման համար:

Վերոգրյալի հաշվառմամբ կարծում եմ, որ էլեկտրոնային փաստաթղթաշարժի համակարգի միջոցով դիմումների ներկայացումն ընդունելի համարելու պայմաններում անգամ սույն դեպքում գործի քննության առիթ համարված դիմումին կարող էր տրվել դիմողի («Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով նրա անունից հանդես եկող իրավասու անձի) ձեռագիր ստորագրությամբ ամրագրված փաստաթղթի նշանակություն միայն վերը նշված պայմանների միաժամանակյա առկայության դեպքում, քանի որ միայն այդ դեպքում հնարավոր կլիներ արձանագրել, որ դիմումն իսկապես ստորագրվել է դիմողի («Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով նրա անունից հանդես եկող իրավասու անձի) կողմից։ Մինչդեռ Սահմանադրական դատարանում էլեկտրոնային թվային ստորագրության իսկությունը ստուգելու տեխնիկական հնարավորությունների առկայության մասին իրավական ակտի բացակայության պայմաններում, ինչպես նաև սույն գործի նյութերում առկա դիմումի վրա որևէ ստորագրության բացակայության պայմաններում, կարծում եմ, որ ներկայացված դիմումը պետք է համարվեր իրավասու անձի կողմից չստորագրված, ուստի պետք է վրա հասնեին «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 26-րդ հոդվածով նախատեսված հետևանքները, այն է՝ դիմողը պետք է եռօրյա ժամկետում Սահմանադրական դատարանի աշխատակազմի կողմից տեղեկացվեր դիմումի՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 24-րդ հոդվածին անհամապատասխանության մասին, ինչի արդյունքում դիմողը նաև կկարողանար օգտվել դիմումը «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի պահանջներին համապատասխանեցնելու օրենսդրական հնարավորությունից։

Միաժամանակ, եթե Սահմանադրական դատարանը համարել է, որ սույն դեպքում առկա է էլեկտրոնային թվային ստորագրությամբ պաշտպանված էլեկտրոնային փաստաթուղթ, որն ունի նույն իրավական նշանակությունը, ինչն ունի անձի ձեռագիր ստորագրությամբ ամրագրված փաստաթուղթը, ապա կարծում եմ, որ նման եզրահանգում կատարելու համար սույն գործում առնվազն պետք է առկա լիներ Սահմանադրական դատարանի աշխատակազմի կողմից կազմված փաստաթուղթ այն մասին, որ տվյալ դեպքում իսկապես առկա է էլեկտրոնային թվային ստորագրությամբ պաշտպանված էլեկտրոնային փաստաթուղթ, և Սահմանադրական դատարանի աշխատակազմը ստուգել է ստորագրության իսկությունը՝ պարզելով, որ այդ փաստաթուղթը ստորագրվել է դիմողի («Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով նրա անունից հանդես եկող իրավասու անձի) կողմից։ Մինչդեռ սույն գործում նման փաստաթղթի բացակայության պայմաններում անհասկանալի է, թե ինչպես է սույն գործի քննության առիթ համարված դիմումին տրվել դիմողի («Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով նրա անունից հանդես եկող իրավասու անձի) ձեռագիր ստորագրությամբ ամրագրված փաստաթղթի նշանակություն, այլ կերպ՝ ներկայացված փաստաթուղթն ինչ հիմքով է համարվել իրավասու անձի կողմից ստորագրված։

 

Ամփոփելով վերոգրյալը՝ կարծում եմ, որ սույն գործով առկա չէ թույլատրելի եղանակով ներկայացված, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով դիմումին ներկայացվող պահանջներին բավարարող դիմում, որպիսի պայմաններում Սահմանադրական դատարանն իրավասու չէր սույն գործով ընդունել ըստ էության որոշում։ Միաժամանակ հարկ եմ համարում ընդգծել, որ տվյալ դեպքում նաև առկա չէին ինչպես գործի քննությունը մերժելու, այնպես էլ գործի վարույթը կարճելու հիմքեր։ Կարծում եմ, որ տվյալ դեպքում սահմանադրական դատավարության կողմը չի կարող զրկվել սահմանադրական արդարադատություն ստանալու իրավունքից, քանի որ Սահմանադրական դատարանի աշխատակազմի կողմից նրան պետք է տրամադրվեր օրենքով սահմանված ժամկետը՝ առկա թերությունները շտկելու և դիմումը «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի պահանջներին համապատասխանեցնելու համար։

 

Դատավոր՝

Ե. Խունդկարյան

 

«12» մարտի 2024 թ.

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 մարտի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան