Գլխավոր տեղեկություն
Համար
N 353-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.03.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.03.04-2024.03.17 Պաշտոնական հրապարակման օրը 14.03.2024
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.03.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.03.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.03.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 մարտի 2024 թվականի N 353-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 16-Ի N 86-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածների և «Տարածական տվյալների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 16-ի «Հայաստանի Հանրապետության նոր առաջացած տարածական տվյալների ու տեղագրական տարրեր պարունակող օբյեկտների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու մասին» N 86-Ն որոշումը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«ԼԻԱԶՈՐ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տարածական տվյալների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ՝

1) պետական կառավարման մարմինները պետական տարածական տվյալների (քարտեզագրագեոդեզիական) ֆոնդի արդիականությունն ապահովելու նպատակով լիազոր պետական կառավարման մարմնին՝ Կադաստրի կոմիտեին (այսուհետ՝ կոմիտե) տրամադրում են նոր առաջացած բազային տարածական տվյալները՝ ստեղծման կամ ընդունման ավարտից հետո 30 օրվա ընթացքում, վեկտորային (dwg/dxf, dgn, shapefile), ռաստերային (tif, img, Geotif, GRID) և տվյալների բազա (Excel, Access և այլ ձևաչափերով)՝ համապատասխան հատկանիշային տվյալներով.

2) պետական կառավարման մարմիններն ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ազգային գեոպորտալի արդիականությունն ապահովելու նպատակով էլեկտրոնային եղանակով ապահովում են առկա և նոր առաջացած՝ ստեղծման կամ ընդունման ավարտից հետո 30 օրվա ընթացքում, թեմատիկ տարածական տվյալների քարտեզագրական շերտերի հասանելիություն՝ JSON (տարածական տվյալների համար-GeoJSON) և XML (տարածական տվյալների համար–GML) ձևաչափերով։ Եթե տեղեկատվական փոխգործելիության ընթացքում տեղեկատվության փոխանակումը նախատեսում է ռաստերային ձևաչափով, ապա տեղեկատվության հասանելիությունն ապահովվում է GeoTIFF ձևաչափով.

3) մինչև ավտոմատացված JSON և XML-սխեմաների ներդրումն ազգային գեոպորտալ, ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի տեղեկատվական փոխգործելիության ընթացքում տեղեկատվության հասանելիությունն ապահովվում է OGC WMS, WFS, WCS քարտեզագրական ծառայությունների միջոցով։

2․ Պետական կառավարման մարմինները սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով նախատեսված տվյալները, կախված տվյալների առանձնահատկությունից, կոմիտեին տրամադրում են հասանելի ձևաչափերից որևէ մեկով, իսկ 2-րդ և 3-րդ ենթակետերով սահմանված տվյալների հասանելիությունն ապահովվում է համապատասխան սարքածրագրային համակարգերի առկայության պարագայում:

3. Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմիններում և հանրային ծառայություններ մատուցող կազմակերպություններում առկա և նոր ստեղծված, սույն որոշման 1-ին կետի 1-3-րդ ենթակետերում նշված ձևաչափերով համապատասխան ոլորտային լիազոր մարմիններին տրամադրված (հասանելիություն ապահովված) տարածական տվյալները վերջիններիս նախաձեռնությամբ ինտեգրվում են ազգային գեոպորտալին:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

14.03.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 մարտի 2024 թվական: