Գլխավոր տեղեկություն
Համար
N 392-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.04.01-2024.04.14 Պաշտոնական հրապարակման օրը 21.03.2024
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
21.03.2024
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.03.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 մարտի 2024 թվականի N 392-Ն

 

ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ ՉՀԱՄԱՐՎՈՂ՝ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԿԱԶՄՎԱԾ ԱՅԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴՈՒՐՍԳՐՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ, ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 55-րդ հոդվածի 14-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել հաշվարկային փաստաթուղթ չհամարվող՝ օրենսդրությամբ սահմանված կարգով կազմված այլ փաստաթղթերի դուրսգրման դեպքերը, կարգը և ժամկետները՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից և տարածվում է 2025 թվականի հունվարի 1-ից հետո կատարված ձեռքբերումների նկատմամբ:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Մ. Գրիգորյան

 

Երևան

 

21.03.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2024 թվականի

մարտի 21-ի N 392-Ն որոշման

 

ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ ՉՀԱՄԱՐՎՈՂ՝ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԿԱԶՄՎԱԾ ԱՅԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴՈՒՐՍԳՐՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ, ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

1․ Սույն կարգով կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ` օրենսգիրք) 55-րդ հոդվածի 13-րդ մասին համապատասխան՝ անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհամարվող ֆիզիկական անձից ձեռք բերվող ապրանքների (բացառությամբ արտարժույթի) մասով օրենսդրությամբ սահմանված կարգով կազմվող հաշվարկային փաստաթուղթ չհամարվող այլ փաստաթղթերի (այսուհետ` ֆիզիկական անձից ձեռքբերման փաստաթուղթ) էլեկտրոնային եղանակով դուրսգրման դեպքերի, կարգի և ժամկետների հետ կապված հարաբերությունները։

2․ Ֆիզիկական անձից ձեռքբերման փաստաթուղթն էլեկտրոնային եղանակով դուրս է գրվում՝

1) օրենսգրքի 126-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված՝ գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղվող՝ անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձից գյուղատնտեսական արտադրանքի ձեռքբերման դեպքում.

2) անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձից ապրանքի ձեռքբերման դեպքում.

3) անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձի կողմից կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալում գույքի ներդրման դեպքում։

3․ Ֆիզիկական անձից ձեռքբերման փաստաթուղթն էլեկտրոնային եղանակով դուրս է գրվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1257-Ն որոշման N 1 հավելվածով սահմանված հարկային մարմնի էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթերի համակարգի (e-invoicing) (այսուհետ` հարկային մարմնի հաշվարկային փաստաթղթերի համակարգ) միջոցով՝ ինտերնետային կապի միջոցով իրական ժամանակում ապրանք ձեռք բերող կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից։ Էլեկտրոնային եղանակով դուրս գրվող՝ ֆիզիկական անձից ձեռքբերման փաստաթղթերում այն դուրս գրողին վերաբերող՝ պարտադիր լրացման ենթակա տվյալները` անվանումը (անունը, ազգանունը), հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ-ն), գտնվելու վայրը լրացվում են հարկային մարմնի հաշվարկային փաստաթղթերի համակարգի միջոցով՝ տեղեկատվական բազայում առկա տվյալներով: Ֆիզիկական անձից ձեռքբերման փաստաթուղթը դուրս է գրվում և էլեկտրոնային ստորագրությամբ վավերացվում է առցանց ռեժիմում։

4. Ֆիզիկական անձից ձեռքբերման փաստաթուղթն էլեկտրոնային եղանակով դուրս է գրվում անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհամարվող ֆիզիկական անձից ձեռք բերված ապրանքի ընդունման պահին:

5. Էլեկտրոնային եղանակով դուրս գրվող՝ ֆիզիկական անձից ձեռքբերման փաստաթուղթը պետք է պարունակի չկրկնվող և սահմանված կարգով գեներացված սերիա և համար (այսուհետ` սերիա-համար), որն այդ փաստաթուղթը նույնականացնող հիմնական վավերապայմանն է:

6. Էլեկտրոնային եղանակով դուրս գրվող՝ ֆիզիկական անձից ձեռքբերման փաստաթուղթը պարտադիր վավերացվում (հաստատվում) է այդ փաստաթուղթն էլեկտրոնային եղանակով դուրս գրելու և էլեկտրոնային ստորագրությամբ վավերացնելու իրավասություն ունեցող՝ օրենսգրքի 310-րդ հոդվածի պահանջներին համապատասխան հարկային մարմնի հետ էլեկտրոնային եղանակով հարկային հաշվարկներ ներկայացնելու մասին պայմանագիր կնքած, ինչպես նաև հարկային մարմնից էլեկտրոնային ծածկագիր և գաղտնաբառ ստացած անձի կողմից:

7. Ֆիզիկական անձից ձեռքբերման փաստաթղթի՝ էլեկտրոնային եղանակով դուրսգրման համար հարկ վճարողին սերիա-համարների տրամադրումը, դուրս գրված այդ փաստաթղթերը, ինչպես նաև էլեկտրոնային եղանակով սխալներով դուրս գրված ֆիզիկական անձից ձեռքբերման փաստաթղթերը հաշվառվում են հարկային մարմնում: Հարկային մարմնի հաշվարկային փաստաթղթերի համակարգի միջոցով ֆիզիկական անձից ձեռքբերման փաստաթղթեր դուրս են գրվում և դուրս գրված այդ փաստաթղթերի մասին տեղեկություններ ներառվում և այլ գործողություններ կատարվում են այն հարկ վճարողի անվամբ, ում անվամբ հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի միջոցով մուտք է գործվել հարկային մարմնի հաշվարկային փաստաթղթերի համակարգ:

8. Էլեկտրոնային եղանակով դուրս գրված՝ ֆիզիկական անձից ձեռքբերման փաստաթղթերը կարող են ապրանքներ մատակարարող անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհամարվող ֆիզիկական անձին տրամադրվել թղթային տարբերակով:

9. Օրենսգրքով սահմանված կարգով համալիր հարկային ստուգմամբ (չափագրմամբ) ստուգված (ուսումնասիրված) կամ համալիր հարկային ստուգման (չափագրման) ընթացքում գտնվող ժամանակաշրջաններին վերաբերող՝ ֆիզիկական անձից ձեռքբերման փաստաթուղթ չի կարող դուրս գրվել, իսկ էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված՝ ֆիզիկական անձից ձեռքբերման փաստաթուղթը ենթակա չէ փոփոխման:

10. Ֆիզիկական անձից ձեռքբերման փաստաթուղթ էլեկտրոնային եղանակով դուրս գրելու համար հարկ վճարողը հարկային մարմնի հաշվարկային փաստաթղթերի համակարգում ընտրում է ֆիզիկական անձից ձեռքբերման փաստաթղթի տեսակը, լրացնում այն և լրացված այդ փաստաթուղթը վավերացնում է էլեկտրոնային ստորագրությամբ և ստանում է սերիա-համար: Ֆիզիկական անձից ձեռքբերման փաստաթղթի ձևատեսքը սահմանվում է հարկային մարմնի կողմից հաստատված` էլեկտրոնային եղանակով այդ փաստաթղթի դուրսգրման ծրագրի մշակման տեխնիկական առաջադրանքով։

11. Ֆիզիկական անձից ձեռքբերման լրացված փաստաթուղթը չի կարող վավերացվել, եթե դրանում լրացված չեն սույն կարգի 12-րդ կետում պարտադիր լրացման ենթակա որևէ տվյալ (վավերապայման):

12. Սույն կարգի 5-րդ կետում նշված՝ սերիա-համարից բացի, ֆիզիկական անձից ձեռքբերման փաստաթղթում պարտադիր ներառվում են՝

1) փաստաթղթի դուրսգրման ամսաթիվը.

2) ապրանքի մատակարարման ամսաթիվը.

3) գործարքի առարկա հանդիսացող ապրանքի անվանացանկն ու քանակը, ապրանքի միավորի գինը, ընդհանուր արժեքը.

4) ապրանք մատակարարող՝ անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհամարվող ֆիզիկական անձի անունը, ազգանունը, բնակության վայրի հասցեն, անձնագրի (կամ անձը նույնականացնող այլ փաստաթղթի) սերիան և (կամ) համարը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար՝ հանրային ծառայության համարանիշը (այսուհետ` ՀԾՀ) կամ ՀԾՀ չունենալու մասին տեղեկանքի համարը, իսկ Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող ֆիզիկական անձանց համար՝ ՀԾՀ-ն կամ ՀԾՀ չունենալու մասին տեղեկանքի համարը լրացվում է առկայության դեպքում.

5) ապրանք ձեռք բերող՝

ա. հարկ վճարողի հաշվառման համարը, իսկ ավելացված արժեքի հարկ վճարողների դեպքում` նաև ավելացված արժեքի հարկ վճարողի հաշվառման համարը,

բ. կազմակերպության լրիվ անվանումը, գտնվելու վայրը, ապրանքների նշանակման վայրի հասցեն, պաշտոնատար անձի անունը, ազգանունը և ստորագրությունը,

գ. անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, բնակության վայրի հասցեն, «անհատ ձեռնարկատեր» կամ «ԱՁ» նշումը, ապրանքների նշանակման վայրի հասցեն, պաշտոնատար անձի անունը, ազգանունը և ստորագրությունը։

13. Հարկային մարմնի հաշվարկային փաստաթղթերի համակարգի միջոցով դուրս գրված ֆիզիկական անձից ձեռքբերման փաստաթղթերը գրանցվում են հարկային մարմնի հաշվարկային փաստաթղթերի համակարգում: Հարկային մարմնի հաշվարկային փաստաթղթերի համակարգն առցանց ռեժիմում հնարավորություն է տալիս դիտելու իր կողմից դուրս գրված ֆիզիկական անձից ձեռքբերման փաստաթղթերը, ինչպես նաև թույլ է տալիս դուրս գրված այդ փաստաթղթերի ցանկերը, հաշվետվությունը վերածել «էմ էս էքսել» (MS Excel) ֆայլի` այդ հնարավորություններն օգտագործելով հաշվապահական և այլ հաշվառման նպատակով անհրաժեշտ հաշվարկներ կատարելու համար:

14. Հարկային մարմինը պաշտոնական ինտերնետային կայքի միջոցով հնարավորություն է ստեղծում ստուգելու էլեկտրոնային եղանակով դուրս գրված՝ ֆիզիկական անձից ձեռքբերման փաստաթղթերի վավերականությունը՝ այդ փաստաթղթերի սերիա-համարներից ելնելով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

21.03.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 մարտի 2024 թվական: