Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.02.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.03.04-2024.03.17 Պաշտոնական հրապարակման օրը 14.03.2024
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
08.02.2024
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
08.02.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.02.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական

և վարչական պալատի որոշում

Վարչական գործ թիվ ՎԴ/8136/05/18

2024 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/8136/05/18

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող

հ. ԲԵԴևՅԱՆ

զեկուցող

Լ. հակոբյան

ա. Թովմասյան

ռ. հակոբյան

 

2024 թվականի փետրվարի 8-ին

գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 17122021 թվականի որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու վերաբերյալ Ռուզաննա Ղազարյանի վճռաբեկ բողոքը (դիմումը)` վարչական գործով ըստ հայցի Ռուզաննա Ղազարյանի ընդդեմ ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ՝ Կադաստր), երրորդ անձ «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ (այսուհետ՝ Բանկ)` սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Ռուզաննա Ղազարյանը պահանջել է անվավեր ճանաչել Երևանի Թումանյան փողոցի 31-րդ շենքի թիվ 28 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ 23.05.2018 թվականին Բանկի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Հարությունյան) (այսուհետ` Դատարան) 25.06.2019 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (նախագահող դատավոր` Ք. Մկոյան, դատավորներ՝ Ա Առաքելյան, Կ Մաթևոսյան) (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 15.07.2020 թվականի որոշմամբ Բանկի և Կադաստրի վերաքննիչ բողոքները մերժվել են, ու Դատարանի 25.06.2019 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 17122021 թվականի որոշմամբ Բանկի վճռաբեկ բողոքը բավարարվել է Վերաքննիչ դատարանի 15.07.2020 թվականի որոշումը բեկանվել և փոփոխվել է՝ հայցը մերժվել է։

Սույն գործով դատական ակտի վերանայման վճռաբեկ բողոք (դիմում) է ներկայացրել Ռուզաննա Ղազարյանը։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

Սույն գործով առկա է նոր հանգամանք:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.

Սույն գործի շրջանակներում ներկայացված վճռաբեկ բողոքի քննության արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 17122021 թվականի որոշմամբ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 2-րդ մասի նորմը Ռուզաննա Ղազարյանի նկատմամբ կիրառվել է ՀՀ Սահմանադրությանը հակասող մեկնաբանությամբ: Ըստ այդմ՝ ՀՀ սահմանադրական դատարանի 01.11.2022 թվականի թիվ ՍԴՈ-1667 որոշումը նոր հանգամանք է և թիվ ՎԴ/8136/05/18 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 17.12.2021 թվականի որոշման վերանայման հիմք։

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «նոր հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի թիվ ՎԴ/8136/05/18 վարչական գործով 17.12.2021 թվականին կայացված որոշումը. ամբողջությամբ բեկանել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի թիվ ՎԴ/8136/05/18 վարչական գործով 17.12.2021 թվականի որոշումը և փոփոխել (.․․) ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 15.07.2020 թվականի թիվ ՎԴ/8136/05/18 վարչական գործով որոշման դեմ «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի վճռաբեկ բողոքը մերժել ամբողջությամբ՝ անփոփոխ թողնելով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 15.07.2020 թվականի թիվ ՎԴ/8136/05/18 վարչական գործով որոշումը»։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Դիմելով ՀՀ վարչական դատարան` Ռուզաննա Ղազարյանը պահանջել է անվավեր ճանաչել Երևանի Թումանյան փողոցի 31-րդ շենքի թիվ 28 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ 23.05.2018 թվականին Բանկի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը:

2) Դատարանի 25.06.2019 թվականի վճռով հայցը բավարարվել է:

3) Վերաքննիչ դատարանի 15.07.2020 թվականի որոշմամբ Բանկի և Կադաստրի վերաքննիչ բողոքները մերժվել են, ու Դատարանի 25.06.2019 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

4) ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 17122021 թվականի որոշմամբ Բանկի վճռաբեկ բողոքը բավարարվել է Վերաքննիչ դատարանի 15.07.2020 թվականի որոշումը բեկանվել և փոփոխվել է՝ հայցը մերժվել է։

5) Ռուզաննա Ղազարյանի դիմումի հիման վրա ՀՀ սահմանադրական դատարանը 01112022 թվականին կայացրել է թիվ ՍԴՈ-1667 որոշումը՝ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով, նույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի իմաստով, այն է՝ առկա է նոր հանգամանք, որը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

 

ՀՀ սահմանադրական դատարանի կողմից իրականացվող կոնկրետ վերահսկողության դեպքում առաջնային նշանակություն է ձեռք բերում անհատական շահերի պաշտպանությունը, ինչով պայմանավորված՝ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասը սահմանում է անհատական դիմումի հիման վրա ընդունված՝ սահմանադրական դատարանի որոշման արդյունքում տվյալ դիմողի առնչությամբ կայացված դատական ակտի վերանայման հնարավորությունը։ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասը սահմանում է «Սույն հոդվածում նշված գործերով՝ նորմատիվ իրավական ակտի՝ դիմողի նկատմամբ կիրառված դրույթը Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչվելու դեպքում, ինչպես նաև այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանը, այդ դրույթն իր մեկնաբանությամբ ճանաչելով Սահմանադրությանը համապատասխանող, միաժամանակ գտել է, որ այն նրա նկատմամբ կիրառվել է այլ մեկնաբանությամբ, դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման օրենքով սահմանված կարգով»։ Նշված նորմով նախատեսված դեպքերում սահմանադրական դատարանի որոշումների հիմքով դատական ակտերի վերանայման նպատակը հակասահմանադրական նորմի կամ նորմի՝ հակասահմանադրական մեկնաբանությամբ կիրառման արդյունքում անձի խախտված սահմանադրական իրավունքի վերականգնում է։

Ըստ ՀՀ սահմանադրական դատարանի՝ սահմանադրական դատարանի որոշման հիման վրա դատական ակտերի վերանայման ինստիտուտի ողջ բովանդակությունը հանգում է նրան, որ այդ ինստիտուտի միջոցով ապահովվում է խախտված սահմանադրական իրավունքների վերականգնումը: Խախտված իրավունքների վերականգնումը պահանջում է խախտման արդյունքում տվյալ անձի համար առաջացած բացասական հետևանքների վերացում, ինչն իր հերթին պահանջում է հնարավորինս վերականգնել մինչև իրավախախտումը գոյություն ունեցած վիճակը (restitutio in integrum): Այն դեպքում, երբ անձի սահմանադրական իրավունքը խախտվել է օրինական ուժի մեջ մտած դատական ակտով, այդ իրավունքի վերականգնման նպատակով մինչև իրավախախտումը գոյություն ունեցած վիճակի վերականգնումը ենթադրում է այնպիսի վիճակի ստեղծում, որը գոյություն է ունեցել տվյալ դատական ակտի բացակայության պայմաններում (տե՛ս, ՀՀ սահմանադրական դատարանի 15072011 թվականի ՍԴՈ-984 որոշումը)։

«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 64-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի համաձայն՝ սահմանադրական դատարանի որոշումը պարունակում է նույն օրենքի 8-րդ գլխով նախատեսված դեպքերում՝ նշում վարչական կամ դատական ակտերի՝ օրենքով սահմանված կարգով վերանայման ենթակա լինելու մասին։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 180-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նույն օրենսգրքով սահմանված կարգով օրինական ուժի մեջ մտած վճիռները և որոշումները կարող են վերանայվել նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով։

Օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ նոր հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե սահմանադրական դատարանը տվյալ գործով դատարանի կիրառած օրենքի դրույթը ճանաչել է Սահմանադրությանը հակասող և անվավեր կամ այն ճանաչելով Սահմանադրությանը համապատասխանող և միաժամանակ որոշման եզրափակիչ մասում բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը՝ համարել է, որ այդ դրույթն իրավակիրառ պրակտիկայում կիրառվել է Սահմանադրությանը հակասող մեկնաբանությամբ։

Վերոհիշյալ նորմերի համադրված վերլուծությունից բխում է, որ անհատական դիմումի քննության արդյունքում կայացված ՀՀ սահմանադրական դատարանի որոշման հիմքով դատական ակտը ենթակա է վերանայման հետևյալ դեպքերում

- տվյալ գործով դատարանի կիրառած օրենքի դրույթը ՀՀ սահմանադրական դատարանի որոշմամբ ճանաչվել է ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր,

- տվյալ գործով դատարանի կիրառած օրենքի դրույթը ՀՀ սահմանադրական դատարանի որոշմամբ ճանաչվել է ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող, սակայն որոշման եզրափակիչ մասում ՀՀ սահմանադրական դատարանը բացահայտել է այդ դրույթի սահմանադրաիրավական բովանդակությունը՝ կատարելով նշում առ այն, որ վիճարկվող դրույթը դիմողի նկատմամբ կիրառվել է ՀՀ Սահմանադրությանը հակասող մեկնաբանությամբ, և ըստ այդմ՝ դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման։

Օրենսգրքի 183-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերաքննիչ և վճռաբեկ դատարանների` օրինական ուժի մեջ մտած որոշումները վերանայում է վճռաբեկ դատարանը։

Օրենսգրքի 190-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտերը վերանայելիս նույն օրենսգրքի 183-րդ հոդվածում նշված դատարանները գործը քննում են համապատասխան դատարանում գործերի քննության համար նույն օրենսգրքով սահմանված կանոններին համապատասխան, եթե նույն գլխով այլ բան սահմանված չէ։

Սույն գործի փաստական հանգամանքների համաձայն՝ գրավառու Բանկի, գրավատու Ռուզաննա Ղազարյանի և հաճախորդ «ՌՈՒԴԱՎԱ» ՍՊԸ-ի միջև 14.11.2014 թվականին կնքված անշարժ գույքի հաջորդող գրավի (հիփոթեքի) պայմանագրով (այսուհետ՝ Պայմանագիր) գրավադրվել է Ռուզաննա Ղազարյանին սեփականության իրավունքով պատկանող՝ ք. Երևան, Կենտրոն համայնք, Թումանյան փողոցի թիվ 31 շենքի 28-րդ բնակարանը: Պայմանագրի 2.1.1 կետով Բանկին իրավունք է վերապահվել գրավով ապահովված պարտավորությունը «ՌՈՒԴԱՎԱ» ՍՊԸ-ի կողմից չկատարվելու կամ անպատշաճ կատարվելու դեպքում գրավ դրված գույքի հաշվին բավարարել իր պահանջները Պայմանագրով սահմանված կարգով: Պայմանագրի 3.2 կետով Ռուզաննա Ղազարյանը տվել է իր համաձայնությունն այն մասին, որ «ՌՈՒԴԱՎԱ» ՍՊԸ-ի կողմից գրավով ապահովված պարտավորությունը չկատարվելու կամ ոչ պատշաճ կատարվելու, Պայմանագրով սահմանված պարտավորությունները և պայմանները խախտելու դեպքում Բանկն իրավունք ունի իր պահանջի բավարարման նպատակով առանց դատարան դիմելու բռնագանձում տարածելու գրավի առարկայի վրա և իրացնելու այն, այդ թվում՝ հիմնական պարտավորության համապատասխան չափի դիմաց գրավի առարկան ընդունելու ի սեփականություն (հատոր 3-րդ, գ.թ. 40-42):

Բանկը, կազմելով առանց դատարան դիմելու գրավի առարկայի բռնագանձման մասին ծանուցում, այն փոստային ծառայության միջոցով 17.10.2017 թվականին ուղարկել է գրավատու Ռուզաննա Ղազարյանին, վարկառու «ՌՈՒԴԱՎԱ» ՍՊԸ-ին և Կադաստր՝ նշելով նաև որ վարկառուի կողմից թույլ են տրվել Գլխավոր պայմանագրով և համաձայնագրով ստանձնած պարտավորությունների խախտումներ, ու ծանուցման մեջ նշված ժամկետում պարտավորությունները չկատարվելու կամ անպատշաճ կատարվելու դեպքում Բանկը գրավ դրված գույքը հիմնական պարտավորության համապատասխան չափի դիմաց կընդունի ի սեփականություն (հատոր 1-ին, գ.թ. 38, 39, հատոր 3-րդ, գ.թ. 86): Գրավատու Ռուզաննա Ղազարյանին ուղարկված վերը նշված բռնագանձման ծանուցումը վերադարձվել է «Չպահանջված» նշումով (հատոր 3-րդ, գ.թ. 87):

Բանկի ներկայացուցիչը 07.05.2018 թվականին դիմում է ներկայացրել Կադաստր՝ խնդրելով գրավի առարկա բնակարանի նկատմամբ կատարել իրավունքի պետական գրանցում՝ միաժամանակ դիմումին կից ներկայացնելով նաև բռնագանձման ծանուցման պատճենը, ծանուցումն ուղարկելու վերաբերյալ փաստաթուղթը (հատոր 3-րդ, գ. թ. 80, 86)։ Գրավի առարկա անշարժ գույքի նկատմամբ 23.05.2018 թվականին կատարվել է Բանկի սեփականության իրավունքի պետական գրանցում (հատոր 1-ին, գ.թ. 12, 13):

Ռուզաննա Ղազարյանը դիմել է ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Երևանի Թումանյան փողոցի 31-րդ շենքի թիվ 28 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ 23.05.2018 թվականին Բանկի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը՝ հայցի հիմքում դնելով այն փաստարկը, որ Կադաստր ներկայացված փաստաթղթերում բացակայել է բռնագանձման ծանուցումն իր կողմից ստացված լինելու փաստը հաստատող ապացույցը:

Դատարանի 25.06.2019 թվականի վճռով հայցը բավարարվել է այն պատճառաբանությամբ, որ չի հիմնավորվում առանց դատարան դիմելու գրավի առարկայի բռնագանձման մասին ծանուցումը հայցվոր Ռուզաննա Ղազարյանի կողմից ստացված լինելու փաստը։

Վերաքննիչ դատարանը 15.07.2020 թվականի որոշմամբ Բանկի և Կադաստրի վերաքննիչ բողոքները մերժել է՝ Դատարանի 25.06.2019 թվականի վճիռը թողնելով անփոփոխ։ Վերաքննիչ դատարանը գտել է, որ «բռնագանձման մասին փոստային առաքանու անդորրագիրը չի կարող դիտվել որպես հայցվորի բռնագանձման մասին պատշաճ ծանուցումը հիմնավորող ապացույց այն պայմաններում, երբ բացակայում են Հայցվորի կողմից այն ստացված լինելու հանգամանքը հավաստող տվյալները»։

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 17122021 թվականի որոշմամբ Բանկի վճռաբեկ բողոքը բավարարվել է, Վերաքննիչ դատարանի 15072020 թվականի որոշումը բեկանվել և փոփոխվել է Ռուզաննա Ղազարյանի հայցը մերժվել է։ ՀՀ վճռաբեկ դատարանը վեճը լուծել է՝ հիմք ընդունելով թիվ ՎԴ/3164/05/18 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 21052021 թվականի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։ Նշված որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով այն իրավական հարցադրմանը, թե արդյոք գրավառուի կողմից հիփոթեքի առարկա անշարժ գույքի նկատմամբ առանց դատարան դիմելու բռնագանձում տարածելու հիմքով հիփոթեքի առարկայի նկատմամբ գրավառուին անցնող սեփականության իրավունքի պետական գրանցման համար որպես բռնագանձման ծանուցումը գրավատուին հանձնված լինելու հանգամանքը հաստատող փաստաթուղթ բավարար է ծանուցման փոստային առաքման անդորրագրի առկայությունը, նշել է, որ «(…) արտադատական կարգով բռնագանձման ծանուցումը գրավատուին հանձնված լինելու հանգամանքը հաստատող փաստաթուղթը կարող է լինել և՛ ծանուցման փոստային առաքման անդորրագիրը, և՛ ծանուցումը հանձնված լինելու մասին գրավատուի ստորագրությամբ տրված ստացականը, այդ թվում` գրավատուի ստորագրությամբ ծանուցման պատճենի վրա կատարված նշումը: Օրենսդիրը, որպես արտադատական կարգով բռնագանձման ծանուցումը գրավատուին հանձնված լինելու հանգամանքը հաստատող փաստաթուղթ դիտարկելով ծանուցման փոստային առաքման անդորրագիրը, կարևորել է բռնագանձման ծանուցումը գրավատուին ուղարկելու հանգամանքը, որը բավարար է բռնագանձման ծանուցումը գրավատուին հանձնված լինելու հանգամանքը հաստատելու համար: (․․․) միայն բռնագանձման ծանուցման փոստային առաքման անդորրագրի առկայությունն արդեն վկայում է կողմին բռնագանձման ծանուցումը պատշաճ հանձնված լինելու հանգամանքը, որպիսի պայմաններում Կադաստրը, հիմք ընդունելով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 24-րդ և 40-րդ հոդվածներով նախատեսված փաստաթղթերը, կարող է իրավաչափորեն կատարել սեփականության իրավունքի պետական գրանցում»։

Հայցվոր Ռուզաննա Ղազարյանի կողմից ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի վերջնական դատական ակտով՝ 17122021 թվականի որոշմամբ կիրառված «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի (այսուհետ նաև՝ Օրենք) 40-րդ հոդվածի 2-րդ մասի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանությունը վիճարկվել է ՀՀ սահմանադրական դատարանում։

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի՝ «Հիփոթեքի առարկայի նկատմամբ առանց դատարան դիմելու բռնագանձում տարածելու հիմքով իրավունքների պետական գրանցումը» վերտառությամբ 40-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է. «2. Սույն հոդվածի իմաստով բռնագանձման ծանուցումը գրավատուին հանձնված լինելու հանգամանքը հաստատող փաստաթուղթ է համարվում ծանուցման փոստային առաքման անդորրագիրը կամ ծանուցումը հանձնված լինելու մասին գրավատուի ստորագրությամբ տրված ստացականը, այդ թվում` գրավատուի ստորագրությամբ ծանուցման պատճենի վրա կատարված նշումը»:

ՀՀ սահմանադրական դատարանը, Ռուզաննա Ղազարյանի անհատական դիմումի հիման վրա քննության առնելով ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը, 01112022 թվականի թիվ ՍԴՈ-1667 որոշմամբ որոշել է «1«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 2-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որ նշված դրույթի իմաստով՝ ծանուցման փոստային առաքման անդորրագիրը փոստային առաքման գործընթացում կազմվող այն փաստաթուղթն է կամ փաստաթղթերի համակցությունը (անկախ փոստային առաքման շրջանակում տվյալ փաստաթղթին տրված անվանումից), որը հնարավորություն է տալիս հաստատել բռնագանձման ծանուցումը գրավատուին հանձնված լինելու հանգամանքը և այն հանձնելու օրը:

2. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման՝ օրենքով սահմանված կարգով, քանի որ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 2-րդ մասը դիմողի նկատմամբ կիրառվել է սույն որոշմամբ տրված մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ»:

Վերոհիշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ սահմանադրական դատարանի թիվ ՍԴՈ-1667 որոշումը հանդիսանում է նոր հանգամանք՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի իմաստով։

ՀՀ սահմանադրական դատարանը թիվ ՍԴՈ-1667 որոշմամբ, մասնավորապես, արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումները «(․․․) գրավադրված գույքի արտադատական կարգով բռնագանձման գործընթացում սեփականության իրավունքի արդյունավետ իրականացման համար գրավատուին պետք է հասանելի լինի նախատեսվող բռնագանձման գործընթացի վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը։ Հետևաբար` օրենսդրությամբ պետք է նախատեսված լինեն այդ տեղեկատվության՝ գրավատուին հասանելիությունն ապահովող համապատասխան երաշխիքներ՝ վերջինիս պատշաճ ծանուցման կառուցակարգի միջոցով։ Ընդ որում` պայմանականորեն կարելի է առանձնացնել բռնագանձման գործընթացի վերաբերյալ գրավատուի ծանուցմանը վերաբերող երկու տեսակ, այն է՝ 1) բովանդակային և 2) ծանուցման կարգին վերաբերող պահանջներ։ Մի կողմից՝ գրավատուին հասցեագրված բռնագանձման ծանուցումը պետք է լինի բավականաչափ որոշակի, արտահայտի գրավառուի հստակ կամահայտնությունը՝ գրավադրված գույքի վրա արտադատական կարգով բռնագանձում տարածելու վերաբերյալ, չունենա վերացական ձևակերպում, կառուցված չլինի ենթադրությունների հիման վրա, իսկ մյուս կողմից՝ բռնագանձման գործընթացի վերաբերյալ գրավատուի ծանուցումը պետք է իրականացվի այնպես, որ հնարավոր լինի հավաստել, որ վերջինս որոշակի պահի հաստատապես կարող էր ծանոթանալ նախատեսվող բռնագանձման գործընթացի վերաբերյալ տեղեկատվությանը։ Ընդ որում` գրավադրված գույքի արտադատական կարգով բռնագանձման գործընթացի վերաբերյալ գրավատուի ծանուցմանը վերաբերող, օրենսդրի կողմից նախատեսվող իրավակարգավորումները և դրանց կիրառումը պետք է ապահովեն գրավատուի՝ բռնագանձման գործընթացի մասին որոշակի պահի ծանուցված լինելը փաստելու հնարավորությունը»։ «Օրենքի 40-րդ հոդվածում առանձնահատուկ կերպով ընդգծվում են բռնագանձման ծանուցումը գրավատուին հանձնելու կարևորությունը և այդ պահանջի կատարումն ապահովելու հստակ նախապայմանը՝ դրա հիման վրա մյուս պարտադիր ընթացակարգերն ապահովելու համար: Այլ կերպ՝ հենց բռնագանձման ծանուցումը գրավատուին հանձնելու պարտադիր պահանջի պահպանմամբ է պայմանավորվում դրան հաջորդող և դրա հետ փոխկապակցված մյուս ընթացակարգերի իրավաչափությունը»։

ՀՀ սահմանադրական դատարանն ընդգծել է, որ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցում իրականացնող մարմին ներկայացվող՝ բռնագանձման ծանուցումը գրավատուին հանձնված լինելու հանգամանքը հաստատող փաստաթուղթը պետք է հնարավորություն տա հաստատել բռնագանձման ծանուցումը գրավատուին հանձնված լինելու հանգամանքը և այն հանձնելու օրը, այսինքն՝ այն պետք է տեղեկություններ պարունակի, ի թիվս այլնի` հասցեատիրոջը փոստային առաքանու հանձնման ամսաթվի վերաբերյալ։

ՀՀ սահմանադրական դատարանը փաստել է նաև, որ փոստային առաքանու ընդունման ժամանակ ուղարկողին տրվող անդորրագրով, հաշվի առնելով դրանում պարունակվող տեղեկությունները, կարող է հաստատվել միայն բռնագանձման ծանուցումը գրավատուին ուղարկելու փաստը։ Մինչդեռ ՀՀ սահմանադրական դատարանը գտել է, որ բռնագանձման ծանուցումը գրավատուին պատվիրված նամակով ուղարկելը չի երաշխավորում գրավատուի կողմից այդ փաստաթղթի ստացումը, ուստի բռնագանձման ծանուցումն ուղարկելու վերաբերյալ փաստաթուղթը՝ առանց գրավատուին այդ առաքանու հանձնումը հավաստող ծանուցման, չի կարող համարվել բավարար՝ բռնագանձման ծանուցումը գրավատուին հանձնված լինելու հանգամանքը հաստատելու համար։ Այլ կերպ՝ փոստային առաքանու ընդունման ժամանակ ուղարկողին տրվող անդորրագրով հնարավոր չէ հավաստել բռնագանձման գործընթացի վերաբերյալ գրավատուի ծանուցված լինելը, որպիսի պայմաններում անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում իրականացնող մարմին այդ անդորրագրի ներկայացումը կրում է բացառապես ձևական բնույթ։

ՀՀ սահմանադրական դատարանը գտել է, որ Օրենքի 40-րդ հոդվածի 2-րդ մասի սահմանադրաիրավական բովանդակությունից բխում է, որ այդ դրույթում նշված ծանուցման փոստային առաքման անդորրագիրը չի նույնանում այն անդորրագրի հետ, որը տրվում է ուղարկողին փոստային առաքանու ընդունման ժամանակ, թեև երկու դեպքում էլ օգտագործվում է «անդորրագիր» բառը։ Քննարկվող դրույթի նման մեկնաբանությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ փոստային առաքանու ընդունման ժամանակ ուղարկողին տրվող անդորրագիրը չի պարունակում և չի կարող պարունակել տեղեկություններ ծանուցումը գրավատուին հանձնված լինելու վերաբերյալ, քանի որ հասցեատիրոջը փոստային առաքանու հանձնումը կատարվում է ուղարկողից այդ առաքանու ընդունման համեմատությամբ ավելի ուշ։ Օրենքի 40-րդ հոդվածի 2-րդ մասի իմաստով «ծանուցման փոստային առաքման անդորրագիր» հասկացությունը ներառում է փոստային առաքման գործընթացում կազմվող այն փաստաթուղթը կամ փաստաթղթերի համակցությունը, որը բավարար տեղեկություններ է պարունակում գրավատուի կողմից այդ ծանուցման ստացման վերաբերյալ։

Սույն գործի փաստական հանգամանքների, ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 17122021 թվականի որոշման ուսումնասիրության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նշված որոշմամբ Օրենքի 40-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված ծանուցման փոստային առաքման անդորրագիրը նույնացվել է փոստային առաքանու ընդունման ժամանակ ուղարկողին՝ Բանկին, տրված անդորրագրի հետ, որը սակայն չի պարունակում և չի կարող պարունակել տեղեկություններ ծանուցումը գրավատուին՝ հայցվոր Ռուզաննա Ղազարյանին, հանձնված լինելու վերաբերյալ։ Փոստային առաքանու ընդունման ժամանակ Բանկին տրված անդորրագիրը ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից որակվել է որպես բռնագանձման ծանուցումը գրավատուին հանձնելու փաստը հաստատող փաստաթուղթ՝ փոստային առաքանին հայցվոր Ռուզաննա Ղազարյանին հանձնելու վերաբերյալ տեղեկություններ չպարունակելու պայմաններում։

Գործի նյութերի հետազոտման արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Բանկի կողմից Կադաստր չի ներկայացվել փոստային առաքման գործընթացում կազմվող այնպիսի փաստաթուղթ, որը կպարունակեր տեղեկություն հայցվոր Ռուզաննա Ղազարյանի կողմից բռնագանձման ծանուցումն ստանալու մասին, և Կադաստրի կողմից գրավի առարկա անշարժ գույքի նկատմամբ Բանկի իրավունքի պետական գրանցումը կատարվել է նման փաստաթղթի բացակայության պայմաններում։

Ավելին, գործում առկա է փոստային փաստաթուղթ, ըստ որի՝ բռնագանձման ծանուցումը վերադարձվել է «Չպահանջված» նշումով, այսինքն՝ գործում առկա նշված ապացույցը վկայում է, որ վիճարկվող իրավունքի պետական գրանցումը կատարվել է հայցվոր Ռուզաննա Ղազարյանի կողմից բռնագանձման ծանուցումն ստացված չլինելու, բռնագանձման գործընթացի մասին տեղեկացված չլինելու պայմաններում, ինչը վերջինիս զրկել է նաև օրենսդրությամբ նախատեսված՝ սեփականության իրավունքի պաշտպանությանն ուղղված առանձին իրավական երաշխիքներից օգտվելու հնարավորությունից։ Մասնավորապես, հայցվորը զրկվել է գրավադրված գույքի բռնագանձումը և դրա իրացումը դադարեցնելու իրավունքն իրականացնելու հնարավորությունից:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Բանկի սեփականության իրավունքի պետական գրանցումը կատարվել է «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 2-րդ մասի խախտմամբ, ինչը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքին 63-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետին համապատասխան՝ վիճարկվող իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու հիմք է։

Ըստ այդմ՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 17122021 թվականի որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու արդյունքում Բանկի վճռաբեկ բողոքը պետք է մերժել և անփոփոխ թողնել Վերաքննիչ դատարանի 15.07.2020 թվականի որոշումը, որով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 2-րդ մասը ՀՀ սահմանադրական դատարանի կողմից թիվ ՍԴՈ-1667 որոշմամբ տրված մեկնաբանությանը համապատասխան կիրառելու արդյունքում իրավաչափորեն մերժվել են Բանկի և Կադաստրի վերաքննիչ բողոքները, և Դատարանի 25.06.2019 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ։

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Ռուզաննա Ղազարյանի վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, որի արդյունքում Վերաքննիչ դատարանի որոշումը թողնվում է անփոփոխ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ռուզաննա Ղազարյանի կողմից սույն գործով հայցադիմումը դատարան ներկայացնելու համար նախապես վճարված 4.000 ՀՀ դրամը ենթակա է հատուցման պատասխանողի կողմից։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ, 171-րդ, 183-րդ և 190-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը (դիմումը) բավարարել։ Նոր հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 17122021 թվականի որոշումը:

«Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի վճռաբեկ բողոքը մերժել և ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 15.07.2020 թվականի որոշումը թողնել անփոփոխ։

2. ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից հօգուտ Ռուզաննա Ղազարյանի բռնագանձել 4000 ՀՀ դրամ` որպես հայցադիմումի համար նախապես վճարված պետական տուրքի գումար։

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ։

 

Նախագահող

Հ. Բեդևյան

Զեկուցող

Լ. հակոբյան

ա. Թովմասյան

Ռ. հակոբյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 մարտի 2024 թվական: