Գլխավոր տեղեկություն
Համար
N 1957-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (01.03.2024-01.04.2024)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 13.11.2023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
09.11.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.11.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.11.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 նոյեմբերի 2023 թվականի N 1957-Լ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՎԱԾՆԵՐԻՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՀՈԳԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ և 21-րդ հոդվածի 1-ին մասի 3.1-ին և 4-րդ կետերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին առաջնային սպառողական ծախսերը հոգալու համար սոցիալական աջակցության միջոցառումը և տրամադրման կարգը՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների։

2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝

1) Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն սույն որոշմամբ նախատեսված սոցիալական աջակցության տրամադրման ֆինանսավորման նպատակով Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու վերաբերյալ՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 7-օրյա ժամկետում.

2) ապահովել սույն որոշմամբ հաստատված միջոցառման իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվական համակարգի (այսուհետ՝ համակարգ) ապահովման մշակումն ու ներդրումը «Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամի (այսուհետ՝ հիմնադրամ) միջոցով՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 7-օրյա ժամկետում.

3) ապահովել համակարգի շահագործումը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության (այսուհետ՝ ծառայություն) կողմից.

4) ապահովել ծառայության կայքէջի միջոցով սոցիալական աջակցության տրամադրման վերաբերյալ տեղեկատվության հասանելիությունը սույն որոշմամբ հաստատված միջոցառման շահառուներին։

3. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենին՝ սույն միջոցառման շրջանակներում բռնի տեղահանվածների տվյալները (անունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարին, անձը հաստատող փաստաթղթի համարը և սերիան, հանրային ծառայությունների համարանիշը (հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը) հիմնադրամից ստանալուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում հիմնադրամին տրամադրել այդ անձանց 2023 թվականի նոյեմբերի 1-ից և վերջին սահմանահատումների վերաբերյալ տվյալները։

(3-րդ կետը լրաց. 07.12.23 N 2142-Լ)

4. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարին՝ հիմնադրամի միջոցով ապահովել տվյալների փոխանակումը Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների շտեմարանի հետ, իսկ անձը հաստատող փաստաթուղթ չունեցող, սակայն տվյալ աջակցության համար դիմելու իրավունք ունեցող անձանց սույն որոշման շրջանակներում իրենց իրավունքներն իրացնելու համար, օրենսդրությամբ սահմանված հիմքերի առկայության դեպքում տրամադրել Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 26-ի N 1864-Ն որոշմամբ հաստատված ժամանակավոր վկայական։

5. Հայաստանի Հանրապետության մարզպետներին, առաջարկել Երևանի քաղաքապետին՝ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը տրամադրել նոյեմբերի 15-ի դրությամբ հյուրանոցներում և հյուրատներում ժամանակավոր բնակվող՝ բռնի տեղահանվածների տվյալները (անունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարին, անձը հաստատող փաստաթղթի համարը և սերիան, հանրային ծառայությունների համարանիշը (հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը), իսկ տրված տվյալների փոփոխությունները՝ հետագա ամիսների ընթացքում՝ առնվազն շաբաթական պարբերականությամբ՝ մինչև 2023 թվականի դեկտեմբերի 20-ը։

6. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին՝ սույն որոշման 5-րդ կետով սահմանված տվյալներն ստանալուց հետո 2-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը տրամադրել նոյեմբերի 15-ի դրությամբ հյուրանոցներում և հյուրատներում ժամանակավոր բնակվող՝ բռնի տեղահանվածների ամփոփված տվյալները։

7. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին՝ աջակցել սույն միջոցառման շրջանակներում բռնի տեղահանվածների տվյալները (անունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարին, անձը հաստատող փաստաթղթի համարը և սերիան, հանրային ծառայությունների համարանիշը (հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում նախարարությանը՝ 2023 թվականի հոկտեմբերի 2-ի դրությամբ այդ անձանց բանկային հաշիվներում (այդ թվում՝ ավանդային հաշիվներ, քարտային և ոչ քարտային հաշիվներ՝ բացառությամբ չծախսված վարկային միջոցներ) 2000000 դրամը չգերազանցելու վերաբերյալ տեղեկության տրամադրմանը։

(7-րդ կետը փոփ. 17.11.23 N 2002-Լ)

8. Առաջարկել Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի տնօրենին՝ սույն միջոցառման շրջանակներում Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամից հատուցում ստացող Լեռնային Ղարաբաղում հաշվառված շահառուների տվյալները (անունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարին, անձը հաստատող փաստաթղթի համարը և սերիան, հանրային ծառայությունների համարանիշը (հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը) տրամադրել հիմնադրամին՝ համադրում իրականացնելու համար

9. Սույն միջոցառման շրջանակներում նշանակվող սոցիալական աջակցության գումարները կարող են վճարվել նաև տեղական և միջազգային կազմակերպությունների կամ ֆիզիկական անձանց կողմից (այսուհետ՝ ֆինանսավորող) և նրանց կողմից հատկացված դրամական միջոցների (այսուհետ՝ այլ ֆինանսական միջոցներ) հաշվին՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից վերջիններիս հետ ձեռք բերված գրավոր համաձայնությամբ:

10. Սույն որոշման 9-րդ կետով նախատեսված սոցիալական աջակցության գումարները վճարելու հետ կապված գործողություններ իրականացնելու նպատակով ծառայությանը թույլատրել՝

1) ֆինանսավորողի կամ իր նախընտրած բանկի հետ, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության դրական եզրակացության առկայության դեպքում, կնքել համապատասխան պայմանագիր՝ անձնական տվյալների գաղտնիությունը երաշխավորող պայմանների ընդգրկմամբ.

2) ֆինանսավորողին կամ իր նախընտրած բանկին տրամադրել շահառուների էլեկտրոնային վճարման ցուցակներ՝ պայմանագրով սահմանված կարգով։ Ընդ որում, պայմանագրով սահմանված պայմաններով շահառուին սոցիալական աջակցությունը վճարվում է սույն որոշմամբ սահմանված այլ ֆինանսական միջոցներից, իսկ դրանց բացակայության կամ անբավարարության (մասնակի վճարման) դեպքում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված պետական բյուջեի միջոցների հաշվին։

11. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

13.11.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2023 թվականի

նոյեմբերի 9-ի N 1957-Լ որոշման

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՎԱԾՆԵՐԻՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՀՈԳԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ

 

1. Սույն միջոցառման նպատակն է սոցիալական աջակցություն տրամադրել Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 3-ի N 1675-Լ որոշմամբ հաստատված միջոցառման շրջանակում միանվագ դրամական սոցիալական աջակցության շահառու հանդիսացող անձանց (այսուհետ՝ շահառուներ), բացառությամբ`

1) 2023 թվականի նոյեմբերի 15-ի դրությամբ հյուրանոցներում կամ հյուրատներում ժամանակավոր բնակվող անձանց:

2) (ենթակետն ուժը կորցրել է 29.02.24 N 299-Լ)

(1-ին կետը փոփ. 29.02.24 N 299-Լ)

2. Սույն միջոցառման շրջանակներում սոցիալական աջակցությունը տրամադրվում է երկամսյա դրամական աջակցության ձևով՝ 2023 թվականի նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների համար։

3. Սույն միջոցառման շահառու՝ մինչև 18 տարեկան երեխայի համար ամսական դրամական աջակցությունը տրամադրվում է նրա ծնողին կամ խնամակալին կամ հոգաբարձուին (այսուհետ՝ բոլորը միասին՝ ծնող): Ընդ որում, եթե երեխան ծնվել է մինչև ծնողի կողմից դիմում ներկայացվելու օրը, ապա երեխայի համար դիմելու (դիմումը խմբագրելու) դեպքում՝ դիմելու օր է դիտարկվում ծնողի կողմից դիմում ներկայացվելու օրը:

(3-րդ կետը լրաց. 29.02.24 N 299-Լ)

4. Սոցիալական աջակցության ամսական չափը կազմում է 50000 դրամ:

(հավելվածը փոփ., լրաց. 29.02.24 N 299-Լ)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

13.11.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2023 թվականի

նոյեմբերի 9-ի N 1957-Լ որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՎԱԾՆԵՐԻՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՀՈԳԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 3-ի N 1675-Լ որոշման N 1 հավելվածով հաստատված միջոցառման (այսուհետ՝ միանվագ դրամական աջակցության միջոցառում) շրջանակում միանվագ դրամական սոցիալական աջակցության շահառու հանդիսացող անձանց, այդ թվում՝ մինչև 18 տարեկան երեխաներին (այսուհետ՝ շահառուներ) անձանց առաջնային սպառողական ծախսերը հոգալու նպատակով երկամսյա դրամական աջակցություն (այսուհետ՝ դրամական աջակցություն) տրամադրելու (նշանակելու և վճարելու) հետ կապված հարաբերությունները:

2. Սույն որոշման N 1 հավելվածի 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված անձինք սույն կարգի շահառու չեն հանդիսանում։

(2-րդ կետը փոփ. 29.02.24 N 299-Լ)

3. Ամսական դրամական աջակցությունը տրամադրում (վճարում) է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությունը (այսուհետ՝ ծառայություն)՝ էլեկտրոնային եղանակով ներկայացված դիմումի հիման վրա:

4. Դրամական աջակցություն նշանակելու և վճարելու համար էլեկտրոնային եղանակով ներկայացվում է մեկանգամյա դիմում՝ 2023 թվականի նոյեմբերի 17-ից մինչև 2024 թվականի մարտի 31-ը ներառյալ։ Դրա համար շահառուն ծառայության socservice.am կայքէջից մուտք է գործում համապատասխան ծրագրային միջավայր և ծառայություն ներկայացնում՝

1) իր անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը կամ հանրային ծառայությունների համարանիշը (հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը).

2) իր կամ իր խնամակալության տակ գտնվող մինչև 18 տարեկան երեխայի (այսուհետ՝ անչափահաս շահառու) անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը կամ հանրային ծառայությունների համարանիշը (հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը) և

ա․ եթե 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից սկսված պատերազմական գործողությունների հետևանքով անձանց աջակցություն տրամադրելու միջոցառումների շրջանակներում առկա չէ անձի՝ անչափահաս շահառուի ծնողը լինելու վերաբերյալ տեղեկատվություն, երեխայի ծննդյան վկայականի էլեկտրոնային լուսապատճենը, եթե դիմումը չի ներկայացրել խնամակալը կամ հոգաբարձուն.

բ․ անչափահաս շահառուի նկատմամբ խնամակալություն կամ հոգաբարձություն սահմանելու (խնամակալ կամ հոգաբարձու ճանաչելու) մասին փաստաթղթի (խնամակալության և հոգաբարձության մարմնի որոշում կամ դատական ակտ կամ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարի կողմից հաստատված և կնքված փաստաթուղթ՝ որոշում, արձանագրություն և այլն) և երեխայի ծննդյան վկայականի էլեկտրոնային լուսապատճենները, եթե անչափահաս շահառուի դիմումը ներկայացրել է խնամակալը կամ հոգաբարձուն․

3) հետադարձ կապի էլեկտրոնային փոստի հասցեն և բջջային հեռախոսահամարը.

4) իր բանկային հաշվին կցված վճարային քարտի համարը և բանկը, բացառությամբ սույն կետի 4.1-ին ենթակետով սահմանված դեպքերի.

4.1) բանկը (ընտրում է ցանկից)՝ միայն եթե շահառուն քարտային հաշիվ չունեցող 75 տարին լրացած կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձ է.

4.2) փաստացի բնակության վայրը՝ Հայաստանի Հանրապետության մարզեր (ընտրում է ցանկից).

4.3) փաստացի բնակության վայրի հասցեն.

5) համաձայնություն իր բանկային հաշիվներում առկա դրամական միջոցների չափը 2023 թվականի հոկտեմբերի 2-ի դրությամբ 2000000 դրամը չգերազանցելու վերաբերյալ տեղեկություն ստանալու վերաբերյալ։

(4-րդ կետը խմբ., լրաց. 17.11.23 N 2002-Լ, փոփ. 21.12.23 N 2295-Լ, 29.02.24 N 299-Լ)

5. Դիմումով ներկայացված տվյալները համեմատվում (համադրվում) են բնակչության պետական ռեգիստրի, քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններից ստացված՝ մահվան ակտերի գրանցման տվյալների, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի տրամադրած տվյալների և սույն կարգի շրջանակներում բանկային հաշիվների տեղեկությունների հետ 2023 թվականի նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների համար և մերժվում կամ հաստատվում է դիմումը։

6․ Ծառայությունը դիմումով ներկայացված՝

1) անչափահաս շահառուի մոր կամ հոր վերաբերյալ տվյալները համեմատում է (համադրում է) շահառուի ծննդյան վկայականի էլեկտրոնային լուսապատճենում նշված՝ շահառուի մոր կամ հոր վերաբերյալ տվյալների հետ։ Անչափահաս շահառուի մոր կամ հոր վերաբերյալ տվյալները չհամապատասխանելու (չհամընկնելու) դեպքում անչափահաս շահառուի տվյալները չեն ներառվում վճարման ցուցակ։ Անչափահաս շահառուի մոր կամ հոր վերաբերյալ տվյալները համապատասխանելու (համընկնելու) դեպքում, ինչպես նաև այն դեպքում, երբ համընկնում են երեխայի մոր անձը հաստատող փաստաթղթում և երեխայի ծննդյան վկայականում նշված՝ մոր անունը, առկայության դեպքում՝ հայրանունը (չի համընկնում միայն ազգանունը), իսկ երեխայի ծննդյան վկայականում համընկնում են երեխայի հոր և մոր ազգանունները, անչափահաս շահառուի տվյալները ներառվում են վճարման ցուցակ՝ նշելով նաև մոր կամ հոր տվյալները.

2) անչափահաս շահառուի և խնամակալի (հոգաբարձուի) տվյալները համեմատում է երեխայի նկատմամբ խնամակալություն (հոգաբարձություն) սահմանելու (խնամակալ (հոգաբարձու) ճանաչելու) մասին փաստաթղթում նշված համապատասխան տվյալների հետ։ Անչափահաս շահառուի և խնամակալի (հոգաբարձուի) վերաբերյալ տվյալները համապատասխանելու (համընկնելու) դեպքում անչափահաս շահառուի տվյալները ներառվում են վճարման ցուցակ՝ նշելով նաև խնամակալի (հոգաբարձուի) տվյալները, հակառակ դեպքում՝ անչափահաս շահառուի տվյալները չեն ներառվում վճարման ցուցակ։

7. Դիմումը մերժվում է, եթե՝

1) տվյալները հավաստի չեն (ներկայացված տվյալները չեն համապատասխանում բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալներին).

2) մահվան պետական գրանցման վերաբերյալ տվյալներն առկա են քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններից ստացված տվյալներում.

3) տվյալներն առկա չեն միանվագ դրամական աջակցության միջոցառման շահառուների ցուցակում.

4) դիմողը նոյեմբերի 15–ի դրությամբ հյուրանոցում կամ հյուրատանը ժամանակավոր բնակվող անձ է․

5) (ենթակետն ուժը կորցրել է 29.02.24 N 299-Լ)

6) շահառուն չի գտնվում Հայաստանի Հանրապետությունում․

7) շահառուն չի տվել համաձայնություն իր բանկային հաշիվներում առկա դրամական միջոցների՝ 2023 թվականի հոկտեմբերի 2-ի դրությամբ 2000000 դրամը չգերազանցելու վերաբերյալ տեղեկություն ստանալու վերաբերյալ․

8) եթե առկա չէ տեղեկատվություն շահառուի բանկային հաշիվներում 2023 թվականի հոկտեմբերի 2-ի դրությամբ 2000000 դրամը չգերազանցելու մասին, բացառությամբ Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամից հատուցում ստացող Լեռնային Ղարաբաղում հաշվառված շահառուների: Ընդ որում, եթե դիմումը ներկայացվել է նաև անչափահաս շահառուի համար, ապա դիմումը մերժվում է միայն ծնողի մասով․

9) շահառուի համար առկա է հաստատված դիմում։

(7-րդ կետը փոփ., լրաց. 29.02.24 N 299-Լ)

8. Դիմումը մերժելու կամ հաստատելու մասին անմիջապես ինքնաշխատ էլեկտրոնային հաղորդագրություն է ուղարկվում շահառուի հետադարձ կապի էլեկտրոնային փոստի հասցեին կամ բջջային հեռախոսահամարին։ Էլեկտրոնային հաղորդագրությունը պարունակում է սույն կարգի 4-րդ կետում նշված տվյալները, դիմումը ներկայացնելու ամսաթիվը, իսկ դիմումը մերժելու դեպքում՝ նաև մերժելու հիմքերը։

9. Եթե դիմումը չի մերժվում, ապա ամսական դրամական աջակցությունը վճարվում է 2023 թվականի նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների համար՝ բացառությամբ սույն կարգի 10-րդ կետով սահմանված դեպքի։

(9-րդ կետը փոփ. 07.12.23 N 2142-Լ, խմբ. 21.12.23 N 2295-Լ, 29.02.24 N 299-Լ)

10․ Ամսական դրամական աջակցությունը 2023 թվականի նոյեմբեր ամսվա համար վճարվում է այդ ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունից 10 օրվանից պակաս բացակայելու դեպքում։

(10-րդ կետը խմբ. 07.12.23 N 2142-Լ, 21.12.23 N 2295-Լ, 29.02.24 N 299-Լ)

11. Սույն կարգի շրջանակներում ամսական դրամական աջակցությունը վճարվում է յուրաքանչյուր շահառուի համար՝ 50000 դրամի չափով։

12. Վճարման ցուցակ ներառվում են՝

1) բանկի անվանումը.

2) շահառուի, իսկ անչափահաս շահառուի դեպքում՝ նրա ծնողի անունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարին, անձը հաստատող փաստաթղթի (այդ թվում՝ ժամանակավոր վկայականի) սերիան ու համարը, հանրային ծառայությունների համարանիշը (հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը).

3) անչափահաս շահառուի (շահառուների) անունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարին, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, հանրային ծառայությունների համարանիշը (հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը).

4) շահառուի (անչափահաս երեխայի դեպքում՝ ծնողի) քարտային հաշվի համարը՝ ներկայացված լինելու դեպքում.

5) վճարման ենթակա գումարը։

13. Աջակցությունը շահառուի բանկի կողմից վճարվում է դրամական աջակցության գումարը շահառուի քարտային հաշվին փոխանցելու միջոցով: Եթե շահառուն սխալ է նշում իր քարտային հաշվին կցված վճարային քարտի համարը, ապա շահառուի բանկը վճարումն իրականացնում է շահառուի՝ ընտրված բանկի մասնաճյուղ անձամբ ներկայանալու և վերջինիս նույնականացնելու դեպքում: Ընդ որում, եթե դրամական աջակցության գումարը բանկին փոխանցելու ամսվան հաջորդող 3 ամսվա ընթացքում բանկին չի ներկայացվում գումարն ստանալու պահանջ, ապա գումարը բանկի կողմից վերադարձվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

14. Անձը հաստատող փաստաթղթի բացակայության դեպքում շահառուն կարող է դիմել Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն՝ օրենսդրությամբ սահմանված հիմքերի առկայության դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 26-ի N 1864-Ն որոշմամբ հաստատված ժամանակավոր վկայական ստանալու համար:

15. Դրամական աջակցության գումարը չի կարող արգելադրվել (դրվել արգելանքի տակ), բռնագանձվել կամ հաշվանցվել հաճախորդի պարտավորությունների դիմաց։

16. Շահառուն պարտավոր է ներկայացնել իրեն վերաբերող հավաստի տվյալներ (փաստաթղթեր), տեղեկացնել այն հանգամանքների մասին, որոնց առկայությունը կարող է հանգեցնել դրամական աջակցություն չվճարելուն (այդ թվում՝ նաև անչափահաս շահառուին նշանակելը մերժելուն): Սույն կետով սահմանված պարտականությունները չկատարելու հետևանքով ավելի վճարված դրամական աջակցության գումարները ենթակա են հետգանձման օրենսդրությամբ սահմանված կարգով:

17. Սույն կարգի հիման վրա մերժված դիմումը շահառուն կարող է բողոքարկել մինչև 2024 թվականի մայիսի 1-ը՝ ծառայություն ներկայացնելով դիմում, որը ներառում է սույն կարգի 4-րդ կետով նախատեսված տվյալները՝ առկայության դեպքում կցելով նաև դիմումը չմերժելու հիմք հանդիսացող անհրաժեշտ փաստաթղթեր։

(17-րդ կետը լրաց. 21.12.23 N 2295-Լ)

18. Ծառայությունը սույն կարգի 17-րդ կետի համաձայն ստացված դիմումներն ուսումնասիրում է առավելագույնը 15 աշխատանքային օրվա ընթացքում՝ ըստ անհրաժեշտության համապատասխան պետական մարմիններին կատարելով հարցումներ՝ դիմումով ներկայացված տվյալներն ուսումնասիրելու և համապատասխան շտեմարաններում ուղղումներ կատարելու համար։

(18-րդ կետը լրաց. 21.12.23 N 2295-Լ)

19. Ծառայությունը սույն կարգի 18-րդ կետի համաձայն՝ համապատասխան շտեմարաններում ուղղումներ կատարելու վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրում է հիմնադրամին՝ մերժված դիմումները հաստատելու համար։

(19-րդ կետը լրաց. 21.12.23 N 2295-Լ)

(հավելվածը խմբ., լրաց. 17.11.23 N 2002-Լ, փոփ., խմբ. 07.12.23 N 2142-Լ, փոփ., խմբ., լրաց. 21.12.23 N 2295-Լ, 29.02.24 N 299-Լ)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

13.11.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ