Գլխավոր տեղեկություն
Համար
N 355-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.03.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.03.04-2024.03.17 Պաշտոնական հրապարակման օրը 14.03.2024
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.03.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.03.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.03.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 մարտի 2024 թվականի N 355-Ն

 

«ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՐԻՊՏՈԳՐԱՖԻԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասը, 8-րդ հոդվածի 1-ին մասը, 9-րդ և 13-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հիմնադրման միջոցով ստեղծել «Տեղեկատվական անվտանգության և կրիպտոգրաֆիայի ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն (այսուհետ՝ կազմակերպություն):

2. Սահմանել, որ կազմակերպության՝

1) գործունեության նպատակն է տեղեկատվության անվտանգության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը մշակող ու տեղեկատվության անվտանգության ապահովման աշխատանքների իրականացումը համակարգող լիազոր մարմիններին աջակցության ցուցաբերումը՝ ուղղված Հայաստանի Հանրապետության պետական մարմիններում էլեկտրոնային կառավարման համակարգերի և տեղեկատվության փոխանակման գործընթացների անվտանգության ապահովմանը.

2) գործունեության առարկան է էլեկտրոնային կառավարման համակարգերի և տեղեկատվության փոխանակման գործընթացների անվտանգության ապահովման նպատակով նորմերի մշակումը, մեթոդական ուղեցույցների կազմումը, մասնագիտական դասընթացների կազմակերպումը, համապատասխան մասնագետների որակավորման բարձրացման նպատակով դասընթացների կազմակերպումը և անցկացումը, տեխնիկական, ծրագրաապարատային լուծումների մշակումը, տեղեկատվական անվտանգության բնագավառում հետազոտական, գիտահետազոտական աշխատանքների իրականացումը, այդ նպատակով պետական մարմինների, այդ թվում՝ պետական մարմիններում տեղեկատվական անվտանգության ապահովման աշխատանքների իրականացումը, համակարգող լիազոր մարմնի, ինչպես նաև ոլորտային (իրավասու) կազմակերպությունների հետ փոխգործակցությունը.

3) գործունեության տարածքն ընդգրկում է Հայաստանի Հանրապետության տարածքը:

3. Թույլատրել կազմակերպությանն իր կողմից մշակված ծրագրաապարատային լուծումների վաճառքը, սպասարկման վճարովի ծառայությունների մատուցումը, ինչպես նաև մասնագետների որակավորման բարձրացման նպատակով՝ վճարովի դասընթացների կազմակերպումը։

4. Կազմակերպության կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը: Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը վերապահել «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով նախատեսված, ինչպես նաև կազմակերպության մասնաճյուղեր և (կամ) ներկայացուցչություններ ստեղծելու լիազորությունները:

5. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին՝

1) սույն որոշման 4-րդ կետով սահմանված լիազորություններն իրականացնելիս համագործակցել տեղեկատվական անվտանգության ապահովման աշխատանքների իրականացումը համակարգող լիազոր մարմնի հետ.

2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում հաստատել՝

ա. կազմակերպության կանոնադրությունը և ապահովել սահմանված կարգով կազմակերպության պետական գրանցումը,

բ. կազմակերպության կառուցվածքը, աշխատողների թիվը, հաստիքների քանակը և անվանացանկը,

գ. կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող գույքի կազմը և արժեքը:

6. Կազմակերպության պետական գրանցման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության միջոցների հաշվին:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

14.03.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 մարտի 2024 թվական: