Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.02.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.03.18-2024.03.31 Պաշտոնական հրապարակման օրը 13.03.2024
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
20.02.2024
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
20.02.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.02.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ՍԴ2/0881/02/21

2024 թ.   

Քաղաքացիական գործ թիվ ՍԴ2/0881/02/21

Նախագահող դատավոր`

 Ս. Թորոսյան

 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝

 

նախագահող

Գ. Հակոբյան

զեկուցող

Ա ՄԿՐՏՉՅԱՆ

Ա. աթաբեկյան

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

ս. ՄեղրՅԱՆ

Է. Սեդրակյան

 

2024 թվականի փետրվարի 20-ին

գրավոր ընթացակարգով քննելով Սուրեն Հայրապետյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10062022 թվականի որոշման դեմ՝ ըստ «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) հայցի ընդդեմ Սուրեն Հայրապետյանի՝ գումար բռնագանձելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է Սուրեն Հայրապետյանից բռնագանձել 70.529,92 ՀՀ դրամ՝ որպես մատուցված ծառայությունների համար չվճարված գումար։

Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 11.03.2022 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 10.062022 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Դատարանի 11.03.2022 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է՝ հայցը բավարարվել է։

Վճռաբեկ բողոք է ներկայացրել Սուրեն Հայրապետյանը։

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչ Գայանե Ավագյան):

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետը, սխալ է մեկնաբանել և(կամ) կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 550-րդ հոդվածի 1-ին կետը, 551-րդ և 552-րդ հոդվածները, 560-րդ հոդվածի 2-րդ կետը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 58–րդ հոդվածի 1-ին մասը, 59-րդ հոդվածի 1-ին մասը, 61-րդ հոդվածի 5-րդ մասը, 62-րդ հոդվածի 1-ին մասը, 303-րդ հոդվածի 7-րդ մասը, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 30.11.2016 թվականի «Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի) մաքրման ծառայությունների մատուցման կանոնները սահմանելու մասին» թիվ 378-Ն որոշմամբ (այսուհետ՝ Կանոններ) հաստատված հավելվածի 2-րդ և 6-րդ կետերը:

Բողոք բերած անձը նշված հիմքի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ գործում առկա չէ որևէ ապացույց այն մասին, որ պատասխանողը բանավոր կամ գրավոր ընդունել է հայցը կամ հայցադիմումում վկայակոչված որևէ փաստ, առկա չէ որևէ թույլատրելի ապացույց, որով կհաստատվի, որ տեղադրված է առևտրային հաշվարկի սարք։ Վերաքննիչ դատարանն արձանագրել է «Բաժանորդի հաշվի քաղվածքը» բողոք բերած անձի կողմից վիճարկված չլինելու փաստը, մինչդեռ դա դեռևս չի նշանակում համապատասխան փաստի ընդունում: Նշվածի հետևանքով Ընկերությունն ազատվել է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը ապացուցելու պարտականությունից, քանի որ որևէ փաստ չվիճարկելու պայմաններում Վերաքննիչ դատարանն այդ փաստը փաստորեն համարել է անվիճելի։

Ընկերությունն իր բողոքում չի նշել, որ որևէ փաստ անվիճելի էր և Դատարանը թույլ է տվել դատավարական սխալ՝ իր վրա դնելով որևէ փաստի ապացուցված չլինելու բացասական հետևանքը, մինչդեռ Վերաքննիչ դատարանը դուրս է եկել վերաքննիչ բողոքի սահմաններից և անդրադարձել այդ հարցերի քննարկմանը:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Ընկերությունը չի ներկայացրել իր՝ բաժանորդ հանդիսանալու, ցանցին փաստացի միացման փաստը հավաստող, բողոք բերած անձի հասցեում առևտրային հաշվառքի սարք տեղադրված լինելու, ինչպես նաև ներքին ցանցն իրեն սեփականության իրավունքով պատկանելու կամ նրա կողմից օրինական այլ հիմքով տիրապետվելու վերաբերյալ ապացույցներ: Մինչդեռ առանց ապացույցի Վերաքննիչ դատարանը հաստատել է իր՝ բաժանորդ հանդիսանալու փաստը:

Ինչ վերաբերում է գործով ներկայացված ապացույցին՝ բաժանորդի հաշվի քաղվածքին, ապա այն նշված փաստերը հաստատող թույլատրելի ապացույց չէ: Նշված քաղվածքը ոչ միայն արժանահավատ չէ` միակողմանի ծագում ունենալու և դրանում ներառված տեղեկությունների աղբյուրը բացահայտված չլինելու պատճառով, այլև չի կարող որակվել այլ կերպ, քան որպես բռնագանձման ենթակա գումարի հաշվարկ, այն էլ` վերապահումներով, քանի որ պարտքի ծագման փաստական և իրավական հիմքերի առկայությունը հաստատող ապացույցների բացակայության պայմաններում այդ պարտքի բաղադրիչները ներկայացնող հաշվարկն առարկայազուրկ է:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 10062022 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 11.03.2022 թվականի վճռին։

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման, քանի որ Ընկերությունը բողոք բերած անձին մատուցել է ծառայություններ, իսկ վերջինս ընդունել է դրանք և դրանց դիմաց կատարել վճարումներ: Այսինքն՝ բողոք բերած անձն իր կոնկլյուդենտ գործողություններով ընդունել է կողմերի միջև պարտավորական իրավահարաբերությունների առկայությունը և գործի քննության ընթացքում այդ փաստը չի վիճարկել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունի հետևյալ փաստը՝

1) ի հավաստում Սուրեն Հայրապետյանին ջրամատակարարման և ջրահեռացման ծառայություններ մատուցված լինելու փաստի՝ Ընկերությունը ներկայացրել է «Բաժանորդի հաշվի քաղվածք» վերտառությամբ փաստաթուղթ: Նշված փաստաթուղթը տեղեկություններ է պարունակում բաժանորդ Սուրեն Հայրապետյանի կողմից քաղաք Կապան, Գ. Նժդեհի 2-րդ նրբանցքի 0-26 հասցեում ջրամատակարարումից և ջրահեռացումից օգտվելու ու դրա դիմաց մասնակի վճարումներ կատարելու, ինչպես նաև ջրամատակարարման և ջրահեռացման համակարգին միանալու ու ջրաչափական սարքի մասին (հատոր 1-ին, գ.թ. 7)։

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է

1) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 552-րդ հոդվածի 2-րդ կետի միատեսակ կիրառության համար, քանի որ մի շարք գործերով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտերում (թիվ ՍԴ/1100/02/21 և թիվ ՍԴ2/1135/02/21 քաղաքացիական գործերով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11082022 թվականի որոշումները, թիվ ՍԴ/1414/02/21 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26072022 թվականի որոշումը, թիվ ՍԴ2/1414/02/21 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29072022 թվականի որոշումը, թիվ ՍԴ2/1218/02/21 և թիվ ՍԴ2/1234/02/21 քաղաքացիական գործերով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22072022 թվականի որոշումները, թիվ ՍԴ/1437/02/21 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 01.07.2022 թվականի որոշումը, թիվ ՍԴ2/1282/02/21 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.08.2022 թվականի որոշումը, թիվ ՍԴ2/1314/02/21 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.08.2022 թվականի որոշումը, թիվ ՍԴ2/0914/02/21 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 31.05.2022 թվականի որոշումը, թիվ ՍԴ2/1064/02/21 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.06.2022 թվականի որոշումը) նշված նորմը կիրառվել է հակասող մեկնաբանությամբ,

2) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 61-րդ և 62-րդ հոդվածների խախտում, ինչի հետևանքով խաթարվել է արդարադատության բուն էությունը:

 

Սույն վճռաբեկ բողոքի քննության արդյունքում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ միացված ցանցի միջոցով ջրի մատակարարման հետ կապված հարաբերությունների նկատմամբ կիրառելի իրավական նորմերը որոշելու հարցին, և դրանց շրջանակներում մատակարարի կողմից բաժանորդին խմելու ջրի մատակարարման ու ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման հարաբերություններից առաջացող փաստերը հաստատելու ապացույցների շրջանակին:

 

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ պարտավորության ուժով մի անձը (պարտապանը) պարտավոր է մեկ այլ անձի (պարտատիրոջ) օգտին կատարել որոշակի գործողություն. այն է` վճարել դրամ, հանձնել գույք, կատարել աշխատանք, մատուցել ծառայություն և այլն, կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողություն կատարելուց, իսկ պարտատերն իրավունք ունի պարտապանից պահանջել կատարելու իր պարտականությունը: Իսկ 2-րդ կետի համաձայն՝ պարտավորությունները ծագում են պայմանագրից, վնաս պատճառելու հետևանքով և սույն օրենսգրքում նշված այլ հիմքերից:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 346-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ եթե կողմերից յուրաքանչյուրը պայմանագրով պարտականություն է կրում հօգուտ մյուս կողմի, ապա նա մյուս կողմի պարտապանն է այն բանում, ինչը պարտավոր է անել հօգուտ նրա և միաժամանակ նրա պարտատերն է այն բանով, ինչն իրավունք ունի նրանից պահանջել:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 436-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ պայմանագիր է համարվում երկու կամ մի քանի անձանց համաձայնությունը, որն ուղղված է քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դադարելուն:

Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ պայմանագրից ծագող պարտավորությունների նկատմամբ կիրառվում են պարտավորությունների մասին ընդհանուր դրույթները, եթե այլ բան նախատեսված չէ սույն գլխի և պայմանագրերի առանձին տեսակների մասին սույն օրենսգրքի կանոններով:

Նշված նորմերի բովանդակությունից բխում է, որ քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դադարելուն ուղղված երկու կամ ավելի անձանց միջև համաձայնություն ձեռք բերվելու դեպքում մի կողմը՝ պարտապանը, պարտավորվում է մյուսի՝ պարտատիրոջ, օգտին կատարել որոշակի գործողություն կամ ընդհակառակը՝ ձեռնպահ մնալ որոշակի գործողություն կատարելուց: Ընդ որում՝ միևնույն համաձայնության շրջանակում մի կողմը որոշակի գործողության կամ անգործության մասով կարող է հանդես գալ պարտատեր՝ մյուս կողմից պահանջելով պարտավորության կատարում, իսկ այլ գործողության կամ անգործության մասով՝ պարտապան՝ ստանձնելով պարտավորություններ: Բացառություններ կամ առանձին տեսակի պայմանագրերի առանձնահատկություններով պայմանավորված հատուկ այլ կանոններ սահմանված չլինելու դեպքում պայմանագրից ծագող պարտավորությունների նկատմամբ կիրառվում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի վեցերորդ բաժնով նախատեսված պարտավորությունների մասին ընդհանուր դրույթները:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 560-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ միացված ցանցի միջոցով գազի, նավթի և նավթամթերքի, ջրի ու այլ ապրանքների մատակարարման հետ կապված հարաբերությունների նկատմամբ էներգամատակարարման պայմանագրի մասին կանոնները (550-559 հոդվածներ) կիրառվում են, եթե այլ բան սահմանված չէ օրենքով, այլ իրավական ակտերով կամ չի բխում այդ պարտավորության էությունից:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 550-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ էներգամատակարարման պայմանագրով էներգամատակարարող կազմակերպությունը պարտավորվում է աբոնենտին (սպառողին) միացման ցանցի միջոցով մատուցել էներգիա, իսկ աբոնենտը պարտավորվում է վճարել ստացած էներգիայի համար, ինչպես նաև պահպանել պայմանագրով նախատեսված սպառման ռեժիմը, ապահովել իր տնօրինության տակ գտնվող էներգետիկ ցանցերի շահագործման անվտանգությունը և իր կողմից օգտագործվող էներգիայի սպառման հետ կապված սարքերի ու սարքավորումների սարքինությունը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 551-րդ հոդվածի համաձայն՝ էներգամատակարարման պայմանագիրը կնքվում է գրավոր:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 552-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ էներգամատակարարման պայմանագիրն աբոնենտի հետ կնքվում է նրա մոտ էներգամատակարարող կազմակերպության գծերին միացված ու սահմանված տեխնիկական պահանջները բավարարող էներգաընդունիչ և այլ անհրաժեշտ սարքավորումների առկայության, ինչպես նաև սպառված էներգիայի հաշվառման ապահովվածության դեպքում:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 552-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ այն դեպքում, երբ էներգամատակարարման պայմանագրով որպես աբոնենտ հանդես է գալիս կենցաղային սպառման համար էներգիա օգտագործող քաղաքացին, պայմանագիրը կնքված է համարվում միացված ցանցին սահմանված կարգով աբոնենտի առաջին փաստացի միացման պահից:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 552-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ էներգամատակարարման պայմանագիրը կնքված է համարվում անորոշ ժամկետով և կարող է փոփոխվել կամ լուծվել նույն օրենսգրքի 558 հոդվածով նախատեսված հիմքերով, եթե այլ բան նախատեսված չէ կողմերի համաձայնությամբ:

Նույն հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ որոշակի ժամկետով կնքված էներգամատակարարման պայմանագիրը երկարաձգված է համարվում նույն ժամկետով և պայմաններով, եթե մինչև դրա գործողության ժամկետի ավարտը կողմերից որևէ մեկը չի հայտնում այն դադարելու կամ փոփոխվելու կամ նոր պայմանագիր կնքելու մասին:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 556-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ աբոնենտը վճարում է էներգիայի հաշվման տվյալներին համապատասխան իր փաստացի ընդունած էներգիայի քանակի համար, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով, այլ իրավական ակտերով կամ կողմերի համաձայնությամբ:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ էներգիայի համար վճարի հաշվարկման կարգը սահմանվում է օրենքով, այլ իրավական ակտերով կամ կողմերի համաձայնությամբ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 559-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ էներգամատակարարման պայմանագրով պարտավորությունները չկատարելու կամ անպատշաճ կատարելու դեպքում պարտավորությունը խախտած կողմը պարտավոր է մյուս կողմին հատուցել պատճառված իրական վնասը (17 հոդվածի 2-րդ կետ):

Վերը նշված նորմերի համակարգային վերլուծությունից բխում է, որ դրանցով նախատեսված էներգամատակարարման պայմանագրի մասին կանոնները կիրառելի են նաև ջրի մատակարարման հետ կապված հարաբերությունների նկատմամբ՝ պայմանով, որ այլ բան սահմանված չլինի օրենքով, այլ իրավական ակտերով կամ չբխի այդ պարտավորության էությունից։ Տվյալ դեպքում էներգամատակարարման պայմանագրի մասին կանոն է հանդիսանում նաև այն, որ այն դեպքում, երբ էներգամատակարարման պայմանագրով որպես աբոնենտ հանդես է գալիս կենցաղային սպառման համար էներգիա օգտագործող քաղաքացին, ապա պայմանագիրը կնքված է համարվում միացված ցանցին սահմանված կարգով աբոնենտի առաջին փաստացի միացման պահից։ Հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 560-րդ հոդվածի 2-րդ կետում նշված համապատասխան իրավակարգավորումը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ջրի մատակարարման հարաբերությունների նկատմամբ նշված կանոնը ևս կարող է կիրառելի լինել, եթե դրանում նշված պարտադիր այլ վավերապայմանների հետ միաժամանակ այլ բան սահմանված չլինի օրենքով, այլ իրավական ակտերով կամ այլ բան չբխի այդ պարտավորության էությունից։ Դրանից ելնելով՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում պարզել՝ արդյո՞ք այլ օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված է ջրի մատակարարման պայմանագիրը կնքված համարելու այլ պահ, կամ այդ պարտավորության էությունից կարող է բխել պայմանագրի կնքման այլ պահ։

Այսպես, Հայաստանի Հանրապետությունում ջրային հարաբերությունները կարգավորվում են նաև ՀՀ ջրային օրենսգրքով:

ՀՀ ջրային օրենսգրքում օգտագործվող հիմնական հասկացությունների բովանդակությունը բացահայտված է նույն օրենսգրքի 1-ին հոդվածով, որի համաձայն՝ ներքոշարադրյալ հասկացությունները օգտագործվում են հետևյալ բովանդակությամբ.

Կարգավորող հանձնաժողով՝ «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ստեղծված մարմին,

լիցենզավորված անձ՝ Կարգավորող հանձնաժողովի կողմից ջրամատակարարման կամ ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման ոլորտում սահմանված կարգին համապատասխան լիցենզիա ստացած անձ,

բաժանորդ` լիցենզավորված անձի հետ ջրամատակարարման կամ ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման պայմանագիր կնքած անձ կամ այդ ծառայությունների մատուցման պայմանագրի կնքման համար դիմած անձ,

խմելու ջրամատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոններ՝ Կարգավորող հանձնաժողովի հաստատած փաստաթուղթ, որով սահմանվում են լիցենզավորված անձի կողմից բաժանորդներին խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոնները և պայմանները:

«Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հանրային ծառայությունների ոլորտում կարգավորումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (…):

ՀՀ ջրային օրենսգրքի 7-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ նույն օրենսգրքի խնդիրներն են ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի անվտանգ ու անխափան աշխատանքը և դրանց օգտագործման ու պահպանման բնականոն պայմանների ապահովումը և վերահսկողության իրականացումը:

ՀՀ ջրային օրենսգրքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 5-րդ կետերի համաձայն՝ Կարգավորող հանձնաժողովն իրավասու է սահմանելու խմելու ջրամատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոնները, լիցենզավորված անձանց և բաժանորդների միջև կնքվող՝ խմելու ջրամատակարարման կամ ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման պայմանագրերի օրինակելի ձևերը կամ պարտադիր պայմանները:

Վերոգրյալից բխում է, որ ջրամատակարարման կամ ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների ոլորտում կարգավորում իրականացնող մարմինը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն է (այսուհետ նաև՝ Հանձնաժողով): Ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի անվտանգ ու անխափան աշխատանքի և դրանց օգտագործման ու պահպանման բնականոն պայմաններն ապահովելու և վերահսկողություն իրականացնելու համար Հանձնաժողովին վերապահված է խմելու ջրամատակարարման ու ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոնները և այդ ծառայությունների մատուցման պայմանագրերի օրինակելի ձևերը կամ պարտադիր պայմանները սահմանելու իրավասությունը: Ընդ որում՝ վերոնշյալ ծառայությունների մատուցման կանոններով Հանձնաժողովը սահմանում է համապատասխան լիցենզիա ստացած անձի (լիցենզավորված անձ) կողմից վերջինիս հետ ջրամատակարարման կամ ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման պայմանագիր կնքած կամ այն կնքելու համար դիմած անձանց (բաժանորդ) խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոնները և պայմանները:

Ի կատարումն ՀՀ ջրային օրենսգրքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 5-րդ կետերի՝ Հանձնաժողովը 30.11.2016 թվականի թիվ 378-Ն որոշմամբ հաստատել է խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի) մաքրման ծառայությունների մատուցման կանոնները (Կանոններ), իսկ նույն օրն ընդունած թիվ 379-Ն որոշմամբ հաստատել է խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման պայմանագրերի օրինակելի ձևերը:

Հանձնաժողովի 30.11.2016 թվականի «Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի) մաքրման ծառայությունների մատուցման կանոնները սահմանելու մասին» թիվ 378-Ն որոշմամբ սահմանված Կանոններով կարգավորված է նաև մատակարարի և բաժանորդի միջև ծառայությունների մատուցման պայմանագիր կնքելու կարգը:

Կանոնների 22-րդ կետի համաձայն՝ Մատակարարը Պայմանագիրը կնքելու օրվանից` 5, իսկ Երևան քաղաքում 2 աշխատանքային օրվա ընթացքում սկսում է Բաժանորդի Ծառայությունների մատուցումը:

Կանոնների 22.1-րդ կետի համաձայն՝ այն դեպքում, երբ Բաժանորդ դառնալու համար Նոր միացման գործընթացի, այդ թվում՝ Նոր համակարգի կառուցման անհրաժեշտությունը բացակայում է (Ծառայությունների մատուցման համար նախագծանախահաշվային, շինմոնտաժային, Առևտրային հաշվառքի սարքի տեղակայման և այլ աշխատանքների հետ կապված հավելյալ ծախս չի պահանջվում), ապա Մատակարարին է ներկայացվում Պայմանագիր կնքելու դիմում, որը պետք է պարունակի հետևյալ տեղեկատվությունը և փաստաթղթերը.

1) Ֆիզիկական անձի դեպքում`

ա. անձը հաստատող փաստաթղթի պատճենը, իսկ լիազորված անձի դեպքում` անձը հաստատող փաստաթղթի պատճենը և լիազորագիրը,

բ. տարածքի (շենքի, շինության) նկատմամբ իրավունքները կամ իրավունքների ձեռքբերումը հաստատող փաստաթղթի պատճենը կամ համայնքի, իսկ Երևան քաղաքում` համայնքի կամ վարչական շրջանի ղեկավարի կողմից տրված` տվյալ տարածքում (շենքում, շինությունում) բնակության փաստը հավաստող փաստաթուղթ, (...):

Կանոնների 22.3-րդ կետի համաձայն՝ Մատակարարը Կանոնների 22.1-րդ կետում նշված դիմումը ստանալու պահից 10 աշխատանքային օրվա ընթացքում Բաժանորդին ներկայացնում է Պայմանագիր կնքելու առաջարկ՝ բացառությամբ Կանոնների 22.2-րդ կետով նախատեսված դեպքի: Բաժանորդը միակողմանի կնքված Պայմանագիրը Մատակարարից ստանալուց հետո 30 օրվա ընթացքում վերջինիս ներկայացնում է իր կողմից ստորագրված Պայմանագրի մեկ օրինակը: Բաժանորդի կողմից Պայմանագրի մեկ օրինակը սահմանված ժամկետում Մատակարարին չներկայացնելու դեպքում Պայմանագրի կնքման առաջարկը համարվում է չընդունված:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Մատակարարի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգին միացման կամ կատարված միացման փոփոխության (նոր միացում) կամ Մատակարարի կողմից ջրամատակարարման ու ջրահեռացման համակարգ (նոր համակարգ) կառուցելու անհրաժեշտության բացակայության դեպքերում ֆիզիկական անձի կողմից մատակարարին պետք է ներկայացվի Կանոնների 22.1-րդ կետում նշված փաստաթղթերով ուղեկցվող՝ պայմանագիր կնքելու դիմում: Նշված դիմումը ստանալուն հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում մատակարարը բաժանորդին պետք է ուղարկի պայմանագիր կնքելու առաջարկ, ով այն ստանալուն հաջորդող 30 օրվա ընթացքում մատակարարին պետք է ներկայացնի իր կողմից ստորագրված պայմանագրի մեկ օրինակը: 30-օրյա ժամկետում մատակարարին ստորագրված պայմանագրի մեկ օրինակը չհանձնելու դեպքում Պայմանագիր կնքելու Մատակարարի առաջարկը համարվում է չընդունված: Ընդ որում՝ Պայմանագիր կքնելու պահից հետո՝ 5, իսկ Երևան քաղաքում 2 աշխատանքային օրվա ընթացքում մատակարարը պարտավոր է սկսել բաժանորդին ծառայությունների մատուցումը:

Ավելին՝ Հանձնաժողովի 30.11.2016 թվականին ընդունած «Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման պայմանագրերի օրինակելի ձևերը սահմանելու մասին» թիվ 379-Ն որոշման 1-ին կետով հաստատված թիվ 1 հավելվածով սահմանված է խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի) մաքրման ծառայությունների մատուցման (մատակարար-բնակիչ) պայմանագրի օրինակելի ձևը: Նշված պայմանագրի 26-րդ կետի համաձայն՝ նույն պայմանագիրն ուժի մեջ է մտնում կողմերի ստորագրման պահից և գործում է անորոշ ժամկետով:

Հիմք ընդունելով Հանձնաժողովի որոշումներով սահմանված վերը նշված իրավակարգավորումների բովանդակությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Հանձնաժողովը, վերը նշված իրավական ակտերով սահմանելով լիցենզավորված անձի կողմից բաժանորդներին խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոններն ու պայմանները, այդ թվում՝ մատակարարի և բաժանորդի միջև ծառայությունների մատուցման պայմանագիր կնքելու կարգը, դրանցով, ըստ էության, ուղղակիորեն չի սահմանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 552-րդ հոդվածի 2-րդ կետում նշված կանոնից տարբերվող՝ ջրի մատակարարման պայմանագիրը կնքված համարելու այլ պահ նման պահ սահմանված չէ նաև այլ օրենքներով և այլ իրավական ակտերով։

Դրանից ելնելով՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ջրի մատակարարման պայմանագիրը ևս կնքված է համարվում միացված ցանցին սահմանված կարգով աբոնենտի առաջին փաստացի միացման պահից, եթե ջրի մատակարարման պայմանագրով որպես աբոնենտ հանդես է գալիս կենցաղային սպառման համար ջուր օգտագործող քաղաքացին։

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մատակարարի և բաժանորդի միջև ծառայությունների մատուցման պայմանագիր կնքելիս դրա կողմերը պետք պահպանեն նաև խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման վերը նշված կանոններն ու պայմանները, այդ թվում՝ մատակարարի և բաժանորդի միջև ծառայությունների մատուցման պայմանագիր կնքելու կարգը։

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել հետևյալը

Հանձնաժողովի կողմից 30.11.2016 թվականին ընդունած և 01.01.2017 թվականին ուժի մեջ մտած՝ «Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման պայմանագրերի օրինակելի ձևերը սահմանելու մասին» թիվ 379-Ն որոշման 2-րդ կետով որոշել է Հայաստանի Հանրապետության տարածքում 2017 թվականի հունվարի 1-ից խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) կենտրոնացված ծառայություններ մատուցող ջրամատակարար ընկերությանը (…)` նույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 1-ը ներառյալ կնքել խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման պայմանագրեր` համաձայն նույն որոշման 1-ին կետով սահմանված օրինակելի ձևերի:

Նույն որոշման 3-րդ կետի համաձայն՝ ընդունվել է ի գիտություն, որ 2017 թվականի հունվարի 1-ից մինչև նույն որոշման 2-րդ կետի համաձայն պայմանագրերի կնքումն ընկերության կողմից բաժանորդներին խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունները մատուցվում են նույն որոշման 1-ին կետով սահմանված պայմանագրերի օրինակելի ձևերի հիման վրա, եթե բաժանորդը գրավոր չի հրաժարվում նշված ծառայությունների մատուցումից:

Նշված որոշման 1-ին կետով հաստատված թիվ 1 հավելվածով Հանձնաժողովը սահմանել է խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման (մատակարար-բնակիչ բաժանորդ) պայմանագրի ձևն ու կանոնները:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Հանձնաժողովն Ընկերության համար սահմանել է խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման պայմանագրեր կնքելու պարտականություն՝ նախատեսելով ժամկետ՝ 01.01.2017 թվականից մինչև 01.12.2020 թվականը ներառյալ (նշված ժամկետը Հանձնաժողովի հետագա որոշումներով երկարաձգվել է, տես օրինակ՝ 23.12.2020 թվականի թիվ 475Ա, 22.12.2021 թվականի թիվ 475Ա, 29.06.2022 թվականի թիվ 475Ա և 2112222 թվականի թիվ 555Ա որոշումները): Նույն որոշմամբ նշվել է, որ մինչև 01.12.2020 թվականը (հետագայում երկարաձգված ժամկետը)՝ Ընկերության կողմից պայմանագրեր կնքելը, խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունները մատուցվելու են Հանձնաժողովի 30.11.2016 թվականի թիվ 379-Ն որոշմամբ հաստատված հավելված 1-ով նախատեսված պայմանագրի, հետևաբար նաև դրա պայմանների հիման վրա՝ քանի դեռ բաժանորդը գրավոր չի հրաժարվել այդ ծառայությունների մատուցումից:

Վերոշարադրյալից բխում է, որ մինչ Հանձնաժողովի 30.11.2016 թվականի թիվ 379-Ն որոշման 2-րդ կետով նախատեսված և հետագայում երկարաձգած ժամկետի ավարտն Ընկերության կողմից բաժանորդներին խմելու ջրի մատակարարման ու ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայություններ մատուցվելու են Հանձնաժողովի 30.11.2016 թվականի թիվ 379-Ն որոշմամբ հաստատված հավելված 1-ով նախատեսված պայմանագրի, հետևաբար նաև դրա պայմանների հիման վրա, քանի դեռ բաժանորդը գրավոր չի հրաժարվել այդ ծառայությունների մատուցումից:

Հանձնաժողովի 30.11.2016 թվականի թիվ 379-Ն որոշմամբ հաստատված հավելված 1-ով՝ օրինակելի պայմանագրով նախատեսված պայմանները հանգում են հետևյալին

Հանձնաժողովի 30.11.2016 թվականի թիվ 379-Ն որոշմամբ հաստատված հավելված 1-ի 2-րդ կետի համաձայն՝ Մատակարարը պարտավորվում է բաժանորդին մատուցել խմելու ջրի մատակարարման և (կամ) ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայություններ (այսուհետ` ծառայություններ), իսկ բաժանորդը` վճարել դրանց դիմաց` կանոններով և նույն պայմանագրով սահմանված կարգով և ժամկետներում:

Պայմանագրի նշված պայմանից հետևում է, որ ջրամատակարարման իրավահարաբերությունների նկատմամբ կիրառելի են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 30.11.2016 թվականի «Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի) մաքրման ծառայությունների մատուցման կանոնները սահմանելու մասին» թիվ 378-Ն որոշմամբ սահմանված Կանոնները։

Նույն հավելվածի 4-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն՝ Բաժանորդը պարտավոր է վճարել մատուցված ծառայությունների դիմաց` կանոններով և սույն պայմանագրով սահմանված կարգով ու ժամկետում:

Նույն հավելվածի 6-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն՝ Մատակարարը պարտավոր է ապահովել բաժանորդին ծառայությունների հուսալի մատուցումը` ծառայություններին ներկայացվող նորմատիվ պահանջներին համապատասխան:

Նույն հավելվածի 8-րդ կետի համաձայն՝ Բաժանորդին հաշվարկային ամսում մատակարարված խմելու ջրի քանակը որոշվում է նույն պայմանագրի հավելվածում նշված առևտրային հաշվառքի սարքի գրանցած ցուցմունքներով, իսկ դրա բացակայության դեպքում` կանոնների համաձայն:

Նույն հավելվածի 28-րդ կետի համաձայն՝ Հանձնաժողովի կողմից խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման (մատակարար-բնակիչ բաժանորդ) նոր օրինակելի ձև հաստատելու կամ գործող օրինակելի ձևում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու դեպքում դրանք ուժի մեջ են մտնում հանձնաժողովի սահմանած ժամկետից: Կողմերը պարտավոր են հանձնաժողովի սահմանած ժամկետում կնքել նոր պայմանագիր կամ համապատասխան փոփոխություններ, կամ լրացումներ կատարել գործող պայմանագրում:

Նշված կարգավորումների մեկնաբանությունից հետևում է, որ եթե բաժանորդը չի հրաժարվել խմելու ջրի մատակարարման և (կամ) ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) մատակարարի մատուցած ծառայություններից, մատակարարը պարտավոր է ապահովել դրանց հուսալի մատակարարումը բաժանորդին, իսկ Բաժանորդը՝ վճարել առևտրային հաշվառքի սարքի գրանցած ցուցմունքների չափով մատակարարված խմելու ջրի դիմաց: Ընդ որում՝ մատակարը և բաժանորդը կրում են սահմանված ժամկետում նոր պայմանագիր կնքելու կամ գործող պայմանագրում փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու պարտականություն՝ այդպիսին Հանձնաժողովի կողմից սահմանված լինելու դեպքերում:

Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ մինչև Հանձնաժողովի 30.11.2016 թվականի թիվ 379-Ն որոշման 2-րդ կետով նախատեսված և հետագայում երկարաձգված ժամկետը՝ բաժանորդի կողմից խմելու ջրի մատակարարման ու ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայություններից գրավոր չհրաժարվելու դեպքում այդ ծառայությունների մատուցման հետ կապված հարաբերությունները ենթակա են կարգավորման վերը շարադրված՝ Հանձնաժողովի 30.11.2016 թվականի թիվ 379-Ն որոշման հավելված 1-ով հաստատված օրինակելի պայմանագրով նախատեսված պայմաններով և Կանոններով:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 30.11.2016 թվականի «Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի) մաքրման ծառայությունների մատուցման կանոնները սահմանելու մասին» թիվ 378-Ն որոշմամբ կարգավորվում են մատակարարի և բաժանորդի կամ մատակարարին դիմող անձի փոխհարաբերությունները։

Կանոններում օգտագործվող հիմնական հասկացությունների բովանդակությունը բացահայտված է 2-րդ կետով, համաձայն որի՝

Պայմանագիր` Մատակարարի և Բաժանորդի միջև Հանձնաժողովի սահմանած օրինակելի ձևին համապատասխան կնքված Ծառայությունների մատուցման պայմանագիր,

Նոր միացում` Մատակարարի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգին միացում կամ կատարված միացման փոփոխություն,

Նոր համակարգ` Նոր միացման դեպքում Դիմող անձի հաշվին Մատակարարի կողմից կառուցվող ջրամատակարարման և ջրահեռացման համակարգ,

Առևտրային հաշվառքի սարք` Չափագիտական մարմնի կողմից ստուգաչափված ու կապարակնքված Խմելու ջրի քանակի հաշվառքի սարք, որի նույնականացման տվյալներն ամրագրվում են Պայմանագրում:

Կանոնների 6-րդ կետի համաձայն՝ Մատակարարի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգին Բաժանորդի Ներքին ցանցի միացման յուրաքանչյուր կետի համար, մատուցված Ծառայության հաշվառման նպատակով, Մատակարարը Կանոններով սահմանված կարգով տեղակայում է Առևտրային հաշվառքի սարք և Բաժանորդին մատուցվող Ծառայությունների մասին տվյալների պահպանման նպատակով բացում և վարում է առանձին հաշվառման քարտ իր համարանիշով (այսուհետ` հաշվառման քարտ): Հաշվառման քարտում պահպանվում են Մատակարարի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգին Բաժանորդի ներքին ցանցի միացման կետի, միացման ժամկետի, հարաչափերի, դրանց հետագա փոփոխությունների, ինչպես նաև մատուցված (վերահաշվարկված, ճշգրտված) Ծառայության քանակի և դրա դիմաց հաշվարկված գումարի, հաշվարկված տուժանքի մասին ողջ տեղեկատվությունը: (...):

Վերոգրյալից բխում է, որ Մատակարարի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգին Բաժանորդի ներքին ցանցի միացման կետի, միացման ժամկետի, հարաչափերի, դրանց հետագա փոփոխությունների, ինչպես նաև մատուցված (վերահաշվարկված, ճշգրտված) Ծառայության քանակի և դրա դիմաց հաշվարկված գումարի, հաշվարկված տուժանքի մասին ողջ տեղեկատվությունը պահպանվում են Հաշվառման քարտում։ Հետևաբար՝ Հաշվառման քարտում արտացոլված և պատշաճ կարգով դատարանին ներկայացված տեղեկատվությունը բավարար հիմք է դատարանների համար մատակարար-բաժանորդ հարաբերություններից ծագող փաստերը հաստատելու համար։

Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը հանգում է հետևյալին

1. Հանձնաժողովի 30.11.2016 թվականի թիվ 378-Ն և թիվ 379-Ն որոշումներով ջրի մատակարարման պայմանագիրը կնքված համարելու՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 552-րդ հոդվածի 2-րդ կետում նշված կանոնից տարբերվող այլ կանոն սահմանված չլինելու պայմաններում ջրի մատակարարման պայմանագիրը կնքված է համարվում միացված ցանցին սահմանված կարգով աբոնենտի առաջին փաստացի միացման պահից, եթե ջրի մատակարարման պայմանագրով որպես աբոնենտ հանդես է գալիս կենցաղային սպառման համար ջուր օգտագործող քաղաքացին։

2. Վերը շարադրված դեպքերում բաժանորդի կողմից խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման հետ կապված հարաբերությունների նկատմամբ կիրառելի են Հանձնաժողովի 30.11.2016 թվականի թիվ 379-Ն որոշման հավելված 1-ով հաստատված օրինակելի պայմանագրի պայմանները և թիվ 378-Ն որոշմամբ հաստատված Կանոնները՝ բաժանորդի կողմից ծառայություններից գրավոր չհրաժարվելու դեպքում

3. Մատակարար-բաժանորդ հարաբերություններից առաջացող փաստերը հաստատելու համար բավարար հիմք է Հաշվառման քարտում արտացոլված և պատշաճ կարգով դատարանին ներկայացված տեղեկատվությունը։

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ

Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է Սուրեն Հայրապետյանից բռնագանձել 70.529,92 ՀՀ դրամ՝ որպես մատուցված ծառայությունների համար չվճարված գումար։

Ի հավաստում Սուրեն Հայրապետյանին ջրամատակարարման և ջրահեռացման ծառայություններ մատուցված լինելու փաստի՝ Ընկերությունը ներկայացրել է «Բաժանորդի հաշվի քաղվածք» վերտառությամբ փաստաթուղթ:

Դատարանը 11.03.2022 թվականի վճռով Ընկերության հայցը մերժել է՝ պատճառաբանելով, որ «(…) Հայցվորը չի ներկայացրել կողմերի միջև գրավոր պայմանագիր կնքված լինելու, ինչպես նաև Պատասխանողի կողմից պայմանագրի կնքման համար դիմած լինելու վերաբերյալ ապացույցներ։ Միևնույն ժամանակ, չի ներկայացրել Մատակարարի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգին միացված Ներքին ցանցը (կամ այն ներառող գույքը, տարածքը) Պատասխանողին սեփականության կամ այլ իրավական հիմքով պատկանելու փաստը հիմնավորող որևէ ապացույց։ (…) գործի քննությամբ չի հաստատվում Պատասխանող Սուրեն Սարգսի Հայրապետյանի և «Վեոլիա ջուր» ՓԲ ընկերության միջև խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման /կեղտաջրերի մաքրման/ ծառայությունների մատուցման իրավահարաբերության առկայությունը՝ «Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման /կեղտաջրերի մաքրման/ ծառայությունների մատուցման» պայմանագիր կնքված լինելու (այդ թվում՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 552-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված հիմքով), հետևաբար նաև Պատասխանողի՝ «Վեոլիա ջուր» ՓԲ ընկերության Բաժանորդ լինելու փաստը։ (…)»:

 Վերաքննիչ դատարանը 10.062022 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը բավարարել է՝ Դատարանի 11.03.2022 թվականի վճիռը բեկանել և փոփոխել է՝ հայցը բավարարել է հետևյալ պատճառաբանությամբ՝ «(…) Կանոններով մինչև 2020 թվականի դեկտեմբերի 1-ը ներառյալ` ծառայություններ մատուցող ընկերության վրա պայմանագիր կնքելու պարտավորության սահմանումը չի կարող արգելք հանդիսանալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 552-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված կանոնի կիրառման համար, հատկապես այն պայմաններում, երբ գործի վերոգրյալ փաստերը վկայում են այն մասին, որ պատասխանողը, թեև սահմանված ժամանակահատվածում ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման պայմանագիր չի կնքել, սակայն տեղադրել է առևտրային հաշվառքի սարք և միացված ցանցի միջոցով փաստացի օգտվել է ջրամատակարարումից և ջրահեռացումից: Ուստի նման պայմաններում գործարքի հասարակ գրավոր ձևը պահպանված չլինելու հանգամանքն ինքնին, առնվազն մինչև 01.12.2020թ., որևէ իրավական հետևանքներ չէր կարող առաջացնել: (…) պատասխանողն իր գործողություններով, ընդունելով մատակարարված ջուրը, հայցվորի հետ մտել է պարտավորական հարաբերությունների մեջ, ուստիև ստանձնել է նաև մատակարարված ջրի դիմաց վճարելու պարտավորություն: Նման պայմաններում Վերաքննիչ դատարանի համոզմամբ` երբ պարտավորական հարաբերությունների մի կողմը, իր կոնկլյուդենտ գործողություններով, ընդունել է մյուս մասնակցի կողմից որոշակի պարտավորությունների կատարումը, անվիճելի է դարձրել պայմանագրային հարաբերությունների առաջացման փաստը՝ անկախ այն հանգամանքից, որ չի պահպանվել օրենքով քննարկվող պայմանագրերի կնքման համար նախատեսված գրավոր ձևը: (…)»:

Սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով շարադրված պատճառաբանությունների իրավաչափությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Սուրեն Հայրապետյանի՝ որպես կենցաղային սպառման համար ջուր օգտագործող քաղաքացու կողմից միացված ցանցին առաջին անգամ փաստացի միանալու պահից ջրի մատակարարման պայմանագիրը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 552-րդ հոդվածի 2-րդ կետի հիմքով համարվել է կնքված, հետևաբար Սուրեն Հայրապետյանի և Ընկերության միջև ծագած խմելու ջրի մատակարարման ու ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման հետ կապված հարաբերությունների նկատմամբ կիրառելի են դարձել Հանձնաժողովի 30.11.2016 թվականի թիվ 379-Ն որոշման հավելված 1-ով հաստատված օրինակելի պայմանագրի պայմանները և թիվ 378-Ն որոշմամբ հաստատված Կանոնները՝ միաժամանակ նկատի ունենալով, որ գործում առկա չէ Սուրեն Հայրապետյանի կողմից այդ ծառայություններից գրավոր հրաժարվելու մասին դիմում։

Շարադրվածի արդյունքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 552-րդ հոդվածի 2-րդ կետի վկայակոչմամբ հաստատված համարելով այն փաստը, որ «պատասխանողի կողմից Ընկերության ցանցին փաստացի միացման հիմքով Ընկերության և պատասխանողի միջև գործարքը համարվել է կնքված», հանգել է իրավաչափ հետևության։ Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը միաժամանակ փաստում է, որ հիմնավորված չէ բողոք բերած անձի այն փաստարկը, որ ինքն Ընկերության բաժանորդ չի հանդիսացել։

 

Անդրադառնալով Սուրեն Հայրապետյանին ջրամատակարարման և ջրահեռացման ծառայություններ մատուցված լինելու փաստի հաստատմանն ուղղված միակ ապացույցին՝ «Բաժանորդի հաշվի քաղվածք» վերտառությամբ փաստաթղթին, Դատարանը վճռում արձանագրել է, որ «(…) այն չի հանդիսանում այդ քաղվածքում նշված հասցեի Ներքին ցանցը (կամ այն ներառող գույքը, տարածքը) Պատասխանողին սեփականության կամ այլ իրավական հիմքով պատկանելու փաստը հիմնավորող թույլատրելի և վերաբերելի ապացույց, քանի որ այն չի պարունակում որևէ իրավունքով Պատասխանողի կողմից այդ գույքի տիրապետման վերաբերյալ որևէ տվյալ, բացի այդ, նման փաստը կարող է հաստատվել միայն այդպիսի իրավունքը հավաստող փաստաթղթերով։ Հետևաբար, Պատասխանողի՝ Բաժանորդ լինելու փաստը այդ ապացույցով չի կարող հաստատվել։ (…) բաժանորդի հաշվի քաղվածքը նաև արժանահավատ և թույլատրելի ապացույց չէ կողմերի միջև գրավոր պայմանագիր կնքված լինելու կամ Պատասխանողի կողմից պայմանագիր կնքելու համար դիմելու հիմքով Պատասխանողի՝ բաժանորդ հանդիսանալու, Պատասխանողի կողմից վճարումներ կատարած լինելու (ծառայությունից օգտվելու), սահմանված կարգով առևտրային հաշվառքի սարք տեղակայված լինելու փաստերը հաստատված համարելու համար, քանի որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 290-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ է երկու կողմի (երկկողմ գործարք) կամ երեք ու ավելի կողմերի (բազմակողմ գործարք) համաձայնեցված կամքի արտահայտությունը, իսկ ներկայացված ապացույցն ունի միակողմանի ծագում, մինչդեռ պայմանագրային իրավահարաբերությունների առկայությունը կարող է հաստատվել միայն այնպիսի ապացույցով կամ ապացույցների համակցությամբ, որոնք թույլ են տալիս բացահայտել պայմանագրի բոլոր կողմերի կամքի արտահայտության առկայությունը: (…)»:

Վերաքննիչ դատարանը բողոքարկված որոշմամբ որպես բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող դատավարական փաստ նշել է նաև բաժանորդի հաշվի քաղվածքի համաձայն 2017 թվականի հունվարից մինչև 2021 թվականի սեպտեմբերն ընկած ժամանակահատվածի համար պատասխանող Սուրեն Հայրապետյանի պարտքի չափը 70,592.92 ՀՀ դրամ կազմելու փաստը, և արձանագրել, որ «Նշված գրավոր ապացույցը չի վիճարկվել, պատասխանողի կողմից հայցադիմումի պատասխան, գրավոր առարկություններ չեն ներկայացվել:»

Անդրադառնալով «Բաժանորդի հաշվի քաղվածք» վերտառությամբ փաստաթղթի վերաբերելի, արժանահավատ և թույլատրելի ապացույց չլինելու վերաբերյալ Դատարանի եզրակացության իրավաչափությանը՝ Վերաքննիչ դատարանը նշել է հետևյալը՝ «(…) հայցվորի կողմից վկայակոչված փաստերի՝ պատասխանողի՝ ընկերության բաժանորդ հանդիսանալու, իրեն մատուցված ջրամատակարարման և ջրահեռացման ծառայություններից օգտվելու, դրա դիմաց վճարումներն ամբողջությամբ չկատարելու մասին, հիմնավորման համար ներկայացվել է բաժանորդի հաշվի քաղվածքը, որը պարունակում է բավարար տեղեկություններ առ այն, որ հայցվորի կողմից պատասխանողին ջուր է մատակարարվել, մատուցվել են ջրամատակարարման ծառայություններ ք.Կապան, Գ.Նժդեհի 2-րդ նրբ., 0-26 հասցեի բնակարան, վերջինս հանդիսանում է Ընկերության թիվ 452997325 բաժանորդային քարտով բաժանորդ, ջուրն օգտագործվել, իսկ ծառայություններն ընդունվել են պատասխանողի կողմից, դրանց դիմաց վերջինս կատարել է պարբերաբար և մասնակի վճարումներ, սակայն ամբողջությամբ պարտքը չի մարել: Ընդ որում` գործով ձեռք չեն բերվել այլ ապացույցներ, որոնք իրենցում պարունակվող տեղեկությունների մասով կպարունակեին որևէ հակասություն բաժանորդի հաշվի քաղվածքում առկա տեղեկությունների հետ: (…)»:

Նշվածից բխում է, որ «Բաժանորդի հաշվի քաղվածք» վերտառությամբ փաստաթղթի՝ Սուրեն Հայրապետյանին խմելու ջրի մատակարարման և (կամ) ջրահեռացման ծառայություն մատուցված լինելու փաստի, քանակի ու վճարման ենթակա գումարի չափի մասին վերաբերելի, արժանահավատ և թույլատրելի ապացույց լինելու հետևության Վերաքննիչ դատարանը հանգել է բողոքի քննության համար էական ճանաչված այն հանգամանքների հիմքով, որ նշված ապացույցը պատասխանողի կողմից չի վիճարկվել, չի ներկայացվել նաև հայցադիմումի պատասխան կամ գրավոր առարկություն, ինչպես նաև գործում առկա չէ դրանում պարունակվող տեղեկություններին հակասող փաստական տվյալ պարունակող այլ ապացույց:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքների առկայությունը և բացակայությունը հաստատելու, յուրաքանչյուր ապացույցի վերաբերելիությունը, թույլատրելիությունը և արժանահավատությունը որոշելու հարցերը լուծվում են ապացույցները հետազոտելու ու գնահատելու միջոցով:

Ապացույցի հետազոտումն իրականացվում է ապացույցն անմիջականորեն ընկալելու, դրա բովանդակությունը բացահայտելու, մեկ ապացույցը մյուսի հետ համեմատելու և ներկայացված ապացույցների միջև եղած հակասությունները բացահայտելու միջոցով, որոնք իրենց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության և բավարարության տեսանկյունից տրամաբանական և իրավաբանական որակում են ստանում դատարանի կողմից, այսինքն՝ գնահատվում են:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Ընկերության և Սուրեն Հայրապետյանի միջև խմելու ջրի մատակարարման ու (կամ) ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) իրավահարաբերությունների առկայությունը և Ընկերության կողմից մատուցված խմելու ջրի ծավալը որոշելու համար «Բաժանորդի հաշվի քաղվածք» վերտառությամբ փաստաթղթի՝ վերաբերելի, արժանահավատ ու թույլատրելի ապացույց լինելու վերաբերյալ հետևության Վերաքննիչ դատարանը հանգել է ոչ թե այն հետազոտելու և գնահատելու միջոցով, այլ գործում նշված փաստի հաստատմանն ուղղված այլ ապացույց առկա չլինելու և պատասխանողի կողմից այդ ապացույցը վիճարկված չլինելու հանգամանքներով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պարտավոր է ապացուցել իր պահանջների և առարկությունների հիմքում դրված ու գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, եթե այլ բան նախատեսված չէ նույն օրենսգրքով կամ այլ օրենքներով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ գործին մասնակցող անձն ազատվում է գործի լուծման համար նշանակություն ունեցող այն փաստերն ապացուցելու պարտականությունից, որոնք գործին մասնակցող մյուս անձինք ընդունում են առաջին ատյանի դատարան ներկայացված դատավարական փաստաթղթով, դատական նիստի ընթացքում արված հայտարարությամբ, դիրքորոշում հայտնելու կամ ցուցմունք տալու ընթացքում (անվիճելի փաստեր), (…):

Այս տեսանկյունից Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրվել է այն ընդհանուր սկզբունքը, որ փաստ վկայակոչող կողմն ինքը պետք է ապացուցի դրա գոյությունը, որը բխում է մրցակցային բնույթ ունեցող մասնավոր-իրավական հարաբերությունների էությունից: Ապացուցման պարտականությունը բաշխելու ընդհանուր կանոնը ենթադրում է հայցի հիմքի և առարկությունների հիմքի փաստերի բացակայության մասին ենթադրություն, որի ուժով փաստը համարվում է գոյություն չունեցող, քանի դեռ այն ապացուցված չէ օրենքով սահմանված միջոցներով և կանոններով։ Եթե պատասխանողը չի ընդունում հայցի հիմքում ընկած փաստերն ու դրանք հերքելու նպատակով վկայակոչում է որոշակի փաստեր, ապա նա պարտավորվում է ապացուցել իր առարկությունների հիմքում ընկած փաստերը։ Գործին մասնակցող անձն ազատվում է իր վկայակոչած փաստն ապացուցելու պարտականությունից այն դեպքում, եթե մյուս անձը դատավարական փաստաթղթով, դատական նիստի ընթացքում արված հայտարարությամբ, դիրքորոշում հայտնելու կամ ցուցմունք տալու ընթացքում ընդունում է այդ փաստը: Այսինքն՝ գործին մասնակցող անձի վկայակոչած փաստն անվիճելի համարելու համար անհրաժեշտ և պարտադիր է, որ մյուս անձն ակտիվ վարքագիծ դրսևորի ու այդ փաստն ընդունի կա՛մ գրավոր, կա՛մ բանավոր ձևով:

Վճռաբեկ դատարանը գալիս է այն եզրահանգման, որ Սուրեն Հայրապետյանի կողմից «Բաժանորդի հաշվի քաղվածք» վերտառությամբ փաստաթուղթը չվիճարկելը կամ հայցադիմումի պատասխան, գրավոր առարկություն չներկայացնելն Ընկերությանն ինքնին չեն ազատում իր վկայակոչած փաստերն ապացուցելու պարտականությունից: Այդ փաստերն անվիճելի լինելու մասին հետևության Վերաքննիչ դատարանը կարող էր հանգել միայն պատասխանողի կողմից դրանք ընդունելու դեպքում, որպիսին տվյալ դեպքում չի եղել։ Հետևաբար անկախ պատասխանողի պասիվ վարքագծից՝ Ընկերությունը կրում է իր վկայակոչած փաստերն ապացուցելու պարտականությունը, և դատարանն այդ փաստերի հաստատմանն ուղղված յուրաքանչուր ապացույց պետք է հետազոտի ու գնահատի՝ դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության, իսկ բոլոր ապացույցներն իրենց համակցության մեջ` փաստի հաստատման համար բավարարության տեսանկյունից, որը տվյալ դեպքում չի իրականացվել:

Նշված պատճառաբանություններով Վճռաբեկ դատարանը հիմնավորված է համարում Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 61-րդ և 62-րդ հոդվածների խախտում թույլ տրված լինելու, ինչպես նաև գործում եղած ապացույցը բազմակողմանի, լրիվ ու օբյեկտիվ հետազոտված և գնահատված չլինելու կապակցությամբ վճռաբեկ բողոքում ներկայացված փաստարկներն ու վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը դիտում է բավարար Վերաքննիչ դատարանի 10062022 թվականի որոշումը մասնակիորեն բեկանելու համար:

 

Վերոգրյալ պատճառաբանությամբ միաժամանակ մասամբ հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները:

 

Նկատի ունենալով, որ սույն որոշմամբ ներկայացված իրավական դիրքորոշումների շրջանակներում ստորադաս դատարանների կողմից բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ չի գնահատվել գործում առկա ապացույցը՝ «Բաժանորդի հաշվի քաղվածք» վերտառությամբ փաստաթուղթը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անհրաժեշտ է գործն ուղարկել ամբողջ ծավալով նոր քննության:

Նշվածի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով վերապահված լիազորությունը՝ բեկանել Վերաքննիչ դատարանի 10062022 թվականի որոշումը և գործն ուղարկել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ ամբողջ ծավալով նոր քննության:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պետական տուրքի գանձման օբյեկտները, պետական տուրքի չափը և վճարման կարգը սահմանվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն գլխի [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլուխ] կանոններին համապատասխան:

Նկատի ունենալով, որ Սուրեն Հայրապետյանի բողոքը մասնակիորեն բավարարելու արդյունքում Վերաքննիչ դատարանի 10062022 թվականի որոշումը բեկանվում է, և գործն ուղարկվում է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ ամբողջ ծավալով նոր քննության, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական ծախսերի բաշխման հարցին պետք է անդրադառնալ գործի նոր քննության արդյունքում:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10062022 թվականի որոշումը՝ դատական ակտը փոփոխելու մասով, և այդ մասով գործն ուղարկել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ ամբողջ ծավալով նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության արդյունքում։

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող

Գ. Հակոբյան

Զեկուցող

Ա. Մկրտչյան

Ա. Աթաբեկյան

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ս. Մեղրյան

Է. Սեդրակյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 մարտի 2024 թվական:

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան