Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-79
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (01.03.2009-02.03.2009)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2000.08.01/17(115)
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
07.07.2000
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
27.07.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.08.2000
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

 Ընդունված է 2000 թվականի հուլիսի 7-ին

 

ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1.

ՕՐԵՆՔԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ

 

Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում ակցիզային հարկի հաշվարկման վճարման հետ կապված հարաբերությունները, սահմանում է ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների, ակցիզային հարկ վճարողների (այսուհետ` հարկ վճարողներ) շրջանակը, ակցիզային հարկի դրույքաչափերը, հաշվարկման և վճարման կարգը, ինչպես նաև սույն օրենքի խախտման համար պատասխանատվությունը:

 

Հոդված 2.

ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԸ

 

Ակցիզային հարկը սույն օրենքի 3 հոդվածի 1-ին կետով սահմանված ապրանքների ներմուծման կամ Հայաստանի Հանրապետության տարածքում այդ ապրանքներն արտադրողների կողմից դրանց օտարման համար օրենքով սահմանված կարգով և չափով պետական բյուջե վճարվող անուղղակի հարկ է:

 

Հոդված 3.

ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԸ և ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԸ

 

1. Ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներն են գարեջուրը, խաղողի և այլ գինիները, սպիրտը (բացառությամբ խաղողի գինենյութից ստացված կոնյակի սպիրտի) և սպիրտային խմիչքները, ծխախոտի արդյունաբերական փոխարինիչները, սիգարները, սիգարելաները և սիգարետները` ծխախոտով կամ դրա փոխարինիչներով, բենզինը, հում նավթը և նավթամթերքները, դիզելային վառելիքը, նավթային գազերը և գազանման այլ ածխաջրածինները (բացառությամբ բնական գազի):

2. Հայաստանի Հանրապետությունում ակցիզային հարկ վճարում են վերոհիշյալ ապրանքները ներմուծող կամ արտադրող (ներառյալ` շշալցնող կամ այլ կերպ տարայավորող) իրավաբանական (այդ թվում` օտարերկրյա իրավաբանական անձանց Հայաստանի Հանրապետությունում սահմանված կարգով գրանցված ներկայացուցչությունները և մասնաճյուղերը) և ֆիզիկական անձինք:

3. Հայաստանի Հանրապետությունում սահմանված կարգով պետական գրանցում ստացած անձանց հետ կնքված պայմանագրերով և նրանց կողմից տրված հումքից (այդ թվում` շշալցման կամ այլ տարաներով տարայավորման) հանրապետության տարածքում արտադրվող (պատրաստվող, շշալցվող) ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների համար ակցիզային հարկի հաշվարկման և վճարման պարտավորությունը կրում են այդ անձինք (պատվիրատուները):

4. Հայաստանի Հանրապետությունում սահմանված կարգով պետական գրանցում չստացած անձանց հետ կնքված պայմանագրերով և նրանց կողմից տրված հումքից (այդ թվում` շշալցման կամ այլ տարաներով տարայավորման) հանրապետության տարածքում արտադրվող (պատրաստվող, շշալցվող) ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների համար ակցիզային հարկի հաշվարկման և վճարման պարտավորությունը կրում են դրանք արտադրող (պատրաստող, շշալցնող) անձինք:

5. Որպես գրավի առարկա գրավառուին հանձնված ապրանքների տնօրինման իրավունքը օրենսդրությամբ սահմանված կարգով գրավառուին անցնելու դեպքում ակցիզային հարկի վճարման պարտավորությունը կրում է գրավատուն, եթե վերջինս սույն օրենքի համաձայն համարվում է հարկ վճարող:

(3-րդ հոդվածը փոփ., լրաց. 26.12.08 ՀՕ-28-Ն) 

 

Հոդված 4.

ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՎՈՂ ՕԲՅԵԿՏԸ և ՀԱՐԿՄԱՆ ԲԱԶԱՆ

 

1. Ակցիզային հարկով հարկվող օբյեկտ է համարվում`

ա) «ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների ներմուծումը Հայաստանի Հանրապետություն.

բ) Հայաստանի Հանրապետության տարածքում արտադրողների (ներառյալ` շշալցնողների կամ այլ կերպ տարայավորողների) կողմից ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների օտարումը (այդ թվում` անհատույց):

Սույն հոդվածի կիրառման առումով հարկվող օբյեկտ է համարվում նաև գույքի (ներառյալ` ապրանքների), ծառայությունների, աշխատանքների և գույքային իրավունքների դիմաց ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների օտարումը (փոխանակումը):

Սույն հոդվածի կիրառման առումով ակցիզային հարկով հարկվող օբյեկտ է առաջանում նաև սույն օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքում:

2. Սույն օրենքի իմաստով հարկման բազա է համարվում ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների քանակը (ծավալը)` արտահայտված սույն օրենքով սահմանված չափման բնաիրային միավորներով, որի նկատմամբ օրենքով սահմանված դրույքաչափերով և կարգով հաշվարկվում է ակցիզային հարկի գումարը:

(4-րդ հոդվածը լրաց. 25.12.03 ՀՕ-64-Ն) 

 

Հոդված 5.

ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

 

1. Ակցիզային հարկը վճարվում է հետևյալ դրույքաչափերով`

 

Ապրանքի

ծածկա-

գիրը` ըստ

ԱՏԳԱԱ-ի

Ապրանքախմբի

անվանումը

Հարկման բազայի միավորը Ակցիզային հարկի դրույքաչափը (դրամ)
2203 գարեջուր

ներքին արտադրանքի 1 լիտրի

համար ապրանքների ներմուծման դեպքում` 1 լիտրի համար

70

 

 

 

120

2204 խաղողի և այլ
գինիներ

բացթողման գնի (առանց ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի)

 

 

ապրանքների ներմուծման դեպքում` մաքսային արժեքի

10 տոկոս, բայց ոչ պակաս, քան 1 լիտրի համար 100 դրամ

 

20 տոկոս, բայց ոչ պակաս, քան 1 լիտրի համար 200 դրամ

2205

վերմուտ և խաղողի

այլ գինիներ, որոնք

պարունակում են

բուսական և

արոմատիկ էքստրակտներ

ներքին արտադրանքի 1 լիտրի համար

 

ապրանքների ներմուծման դեպքում` 1 լիտրի համար

500

 

 

1000

2206 խմորման ենթարկված այլ ըմպելիքներ (խնձորի սիդր,
պերրու (տանձի սիդր), մեղրաըմպելիք)

ներքին արտադրանքի 1 լիտրի համար

 

ապրանքների ներմուծման դեպքում` 1 լիտրի համար

180

 

 

200

2207 Էթիլային սպիրտ

ներքին արտադրանքի 1 լիտրի համար (100 տոկոսանոց սպիրտի վերահաշվարկով)

 

ապրանքների ներմուծման դեպքում` 1 լիտրի համար (100 տոկոսանոց սպիրտի վերահաշվարկով)

600

 

 

 

 

700

2208 սպիրտային խմիչքներ

բացթողման գնի (առանց ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի)

 

 

ապրանքների ներմուծման դեպքում` մաքսային արժեքի

30 տոկոս, բայց ոչ պակաս, քան 1 լիտրի համար 380 դրամ

 

40 տոկոս, բայց ոչ պակաս, քան 1 լիտրի համար 760 դրամ

2403 ծխախոտի արդյունաբերական փոխարինիչներ 1 կիլոգրամ 1500
2709 հում նավթ և նավթամթերքներ 1 տոննա 27000

2711

(բացառու-
թյամբ

2711 11-ի և

2711 21-ի)

նավթային գազեր և գազանման այլ ածխաջրածիններ (բացառությամբ
բնական գազի)
1 տոննա 1000

 

2. Սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան 2208 ծածկագրում ներառված` 40 տոկոսից բարձր սպիրտայնությամբ ապրանքատեսակների համար սպիրտայնության` 40 տոկոսը գերազանցող յուրաքանչյուր տոկոսային կետի համար հարկի դրույքաչափն ավելացվում է 7.5 դրամով (բացառությամբ խաղողի գինենյութից ստացված կոնյակի սպիրտի), իսկ մինչև 9 տոկոս, ներառյալ` սպիրտայնություն պարունակող խմիչքների համար սահմանվում է յուրաքանչյուր լիտրի համար՝ 100 դրամ:

3. Ծխախոտի արտադրանքի և ներմուծվող դիզելային վառելիքի ու բենզինի ակցիզային հարկի դրույքաչափերը սահմանվում են առանձին օրենքներով:

4. Օրենքով կարող են սահմանվել ակցիզային հարկին փոխարինող հաստատագրված վճարներ:

(5-րդ հոդվածը փոփ., լրաց. 14.12.01 ՀՕ-280, 25.09.02 ՀՕ-415-Ն, լրաց. 30.04.08 ՀՕ-59-Ն, խմբ., լրաց. 26.12.08 ՀՕ-28-Ն) 

 

Հոդված 6.

ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1. Ակցիզային հարկով չեն հարկվում`

ա) Հայաստանի Հանրապետությունից ակցիզային հարկով հարկման ենթակա արտահանված ապրանքների օտարումը (իրացումը), եթե առկա է սույն օրենքի 9 հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետով սահմանված փաստաթուղթը.

բ) «ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմից տարբերվող` Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով ձևակերպված մաքսային ռեժիմներով հանրապետության մաքսային տարածք ներմուծվող և այդ տարածքից արտահանվող ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքները.

գ) օրենսդրությամբ սահմանված կարգով բռնագրավված, պետությանը հանձնված տիրազուրկ և ժառանգության իրավունքով պետությանն անցած ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների ներմուծումը և օտարումը.

դ) մաքսային օրենսդրությամբ սահմանված` ֆիզիկական անձանց կողմից առանց մաքսատուրքի վճարման` Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների բնաիրային և արժեքային չափերը չգերազանցող չափով անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող` ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքները:

2. Օրենքով կարող են սահմանվել ակցիզային հարկի այլ արտոնություններ:

(6-րդ հոդվածը խմբ. 14.12.01 ՀՕ-280, 30.04.08 ՀՕ-59-Ն) 

 

Հոդված 7.

ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՐՈՇ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴՐՈՇՄԱՎՈՐՈՒՄԸ

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է սահմանել Հայաստանի Հանրապետություն ներմուծվող և Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների դրոշմավորման կարգ:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է սահմանել Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և Հայաստանի Հանրապետություն ներմուծվող՝ ԱՏԳ ԱԱ-2203, 2204, 2205, 2206, 2207, 2208, 2402 ծածկագրերին դասվող ապրանքների ներմուծման կամ հանրապետության տարածքում մաքսային և հարկային հսկողության ու հաշվառման կարգ, այդ թվում` իրացման քանակների հաշվառման հատուկ կարգ և պահանջներ, նշված ապրանքների դրոշմավորման, դրոշմանիշերի ձևին, տրամադրմանը, օգտագործմանը, վերադարձմանը, ինչպես նաև դրոշմավորված ապրանքների իրացմանը ներկայացվող պահանջներ:

11 . Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ապրանքների դրոշմավորման համար ակցիզային դրոշմանիշեր ձեռք բերելու համար հարկային տեսչություն ներկայացվում են՝

1) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ձևին համապատասխան դիմում՝ 2 օրինակից.

2) ակցիզային դրոշմանիշերի ձեռքբերման համար վճարված գումարը հաստատող փաստաթղթի պատճենը.

3) հաշվետվություն` նախկինում ձեռք բերված ակցիզային դրոշմանիշերի օգտագործման մասին, հարկային մարմնի սահմանած ձևով.

4) արտադրողների (ներառյալ` շշալցում իրականացնողների) կողմից որպես հումք ձեռք բերված սպիրտի ձեռքբերման հաշվարկային փաստաթղթերի պատճենները.

5) լիցենզիայի և տարեկան պետական տուրքի վճարման անդորրագրի ու համապատասխանության սերտիֆիկատի (պարտադիր լինելու դեպքում) պատճենները: Լիցենզիայի և տարեկան պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենները կարող են չներկայացվել, եթե դրանք տվյալ տարվա համար մեկ անգամ արդեն ներկայացվել են: Համապատասխանության սերտիֆիկատը գործողության յուրաքանչյուր ժամանակահատվածի համար ներկայացվում է մեկ անգամ: Այս դեպքում սույն կետում նշված փաստաթղթերին կից ներկայացվող գրությունում նշվում են այն գրության ամսաթիվը և համարը, որին կից ներկայացվել են այդ պատճենները:

12 . Ակցիզային դրոշմանիշերը տրամադրվում են սույն հոդվածի 11 -րդ մասում նշված փաստաթղթերի և արտադրողների մոտ հարկային տեսչությունների կողմից արտադրական կարողությունների ուսումնասիրության վերաբերյալ կազմված տեղեկանքի հիման վրա: Հարկային տեսչությունն ակցիզային դրոշմանիշերը տրամադրում է փաստաթղթերը ներկայացնելու օրվան հաջորդող յոթ աշխատանքային օրվա ընթացքում: Ակցիզային դրոշմանիշեր չեն տրամադրվում, եթե դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ ակցիզային հարկի գծով գերավճարը քիչ է պահանջվող դրոշմանիշերի համար վճարման ենթակա գումարից, կամ արտադրական հզորությունները չեն համապատասխանում պահանջվող դրոշմանիշերի քանակին: Այս դեպքում հայտը կարող է բավարարվել մասնակի՝ գերավճարի գումարին կամ արտադրական հզորություններին համապատասխան:

13 . Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ոգելից խմիչքի և ծխախոտի արտադրանքի մանրածախ առևտրի ոլորտում իրացման համար տարաների թույլատրելի չափերը:

2. Հարկ վճարողների համար ակցիզային դրոշմանիշների ձեռքբերման համար վճարված գումարը համարվում է հաշվարկված ակցիզային հարկի կանխավճար, իսկ օրենսդրությամբ սահմանված կարգով ակցիզային հարկին փոխարինող հաստատագրված վճար վճարողների համար` հաստատագրված վճարներից նվազեցման ենթակա գումար, և չի կարող հաշվանցվել այլ հարկային պարտավորությունների հաշվին, բացառությամբ դրոշմավորման կարգով նախատեսված դեպքերի:

3. Չօգտագործված կամ վնասված ակցիզային դրոշմանիշերի վերադարձը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ժամկետից ուշացնելու կամ սույն հոդվածի 4-րդ մասում սահմանած դեպքերում տարածքային հարկային տեսչությունների կամ տարածաշրջանային մաքսատան կողմից հետ չընդունվելու դեպքերում չվերադարձված կամ հետ չընդունված ակցիզային դրոշմանիշերի թվին, տեսակին և տարողությանը համապատասխան պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների համար սույն օրենքով սահմանված կարգով վճարվում է ակցիզային հարկ:

4. Հարկ վճարողի կողմից վերադարձվող ակցիզային դրոշմանիշերը տարածքային հարկային տեսչությունների կամ տարածաշրջանային մաքսատան կողմից չեն ընդունվում, եթե չեն պահպանվել հետևյալ պայմանները՝

ա) ակցիզային դրոշմանիշերը պետք է փակցված լինեն առանձին էջերի վրա՝ առանց ծալքերի և անհարթությունների.

բ) պետք է պարզ երևան ակցիզային դրոշմանիշի սերիան և դրա կենտրոնական մասը.

գ) ակցիզային դրոշմանիշի պատռվածքի դեպքում պատռված մասերը պետք է միացված լինեն.

դ) վերադարձվող յուրաքանչյուր ակցիզային դրոշմանիշի մակերեսը (այդ թվում՝ հավաքված առանձին մասերից) պետք է կազմի իր սկզբնական չափի առնվազն 60 տոկոսը:

5. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմնի սահմանած նմուշի դրոշմանիշերը կիրառության մեջ են դրվում և կիրառությունից հանվում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Այդ դրոշմանիշերով դրոշմավորված ապրանքների իրացումը թույլատրելու ժամկետը չի կարող պակաս լինել երկու տարուց՝ սկսած դրոշմանիշերը կիրառության մեջ դնելու պահից, կամ 6 ամսից` դրան հաջորդող նմուշի դրոշմանիշերը կիրառության մեջ դնելու պահից:

6. Հայաստանի Հանրապետություն ներմուծվող` ակցիզային դրոշմանիշերով պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների դրոշմավորումը պարտադիր պայման է մաքսային մարմինների կողմից նշված ապրանքները «ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով բաց թողնելու համար, բացառությամբ սույն օրենքի 6-րդ հոդվածի «դ» կետով նախատեսված դեպքի:

7. Արգելվում է ակցիզային դրոշմանիշերի օտարումը կամ փոխանցումը (տրամադրումը, հատկացումը) այլ անձանց, բացառությամբ «ժամանակավոր արտահանում» մաքսային ռեժիմով արտահանված ակցիզային դրոշմանիշերն օտարերկրյա պայմանադիր կողմին փոխանցելը:

8. Ակցիզային դրոշմանիշերով պարտադիր դրոշմավորման ենթակա ներմուծվող ապրանքների դրոշմավորումը կատարվում է նախքան այդ ապրանքները Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծելը, բացառությամբ վերադրոշմավորման կամ բռնագրավված, հօգուտ պետության տիրազուրկ ճանաչված և ժառանգության իրավունքով պետությանն անցած ապրանքների դրոշմավորման դեպքերի: Հայաստանի Հանրապետություն ներմուծվող դրոշմավորման ենթակա ապրանքների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դրոշմավորման համար պատասխանատու է ներմուծողը:

9. Ակցիզային դրոշմանիշերը կարող են տրամադրվել միայն Հայաստանի Հանրապետությունում գրանցված կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին:

10. Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների համար ակցիզային դրոշմանիշեր ձեռք բերելու համար ներմուծողը վերադաս մաքսային մարմին է ներկայացնում.

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ձևի դիմում` ակցիզային դրոշմանիշեր ձեռք բերելու համար.

բ) օտարերկրյա պայմանադիր կողմի հետ կնքված պայմանագրի պատճենը, որի հիման վրա կատարվելու է պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների ձեռքբերումը և ներմուծումը.

գ) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ձևի հաշվետվություն` դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ նախկինում տրամադրված ակցիզային դրոշմանիշերի օգտագործման մասին:

11. Վերադաս մաքսային մարմինն ուսումնասիրում է ակցիզային դրոշմանիշեր ձեռք բերելու մասին դիմումը և դիմումին կից ներկայացված փաստաթղթերը և 5-օրյա ժամկետում ընդունում է որոշում ակցիզային դրոշմանիշեր տրամադրելու մասին: Ակցիզային դրոշմանիշերը ներմուծողին տրամադրվում են հատկացվող դրոշմանիշերի թվին համապատասխան` ներմուծողի կողմից վճարած գումարի վճարումը հավաստող փաստաթղթի առկայության դեպքում, մեկօրյա ժամկետում:

Ակցիզային դրոշմանիշերը ներմուծողին տրամադրվում են 90-օրյա ժամկետով: Վերադաս մաքսային մարմինը մինչև 90-օրյա ժամկետի ավարտն օտարերկրյա պայմանադիր կողմի հետ կնքված պայմանագրի չկատարման կամ մասնակի կատարման դեպքում ներմուծողի դիմումի հիման վրա երկարաձգում է ակցիզային դրոշմանիշերի տրամադրման ժամկետը` դիմումում նշված ժամկետով, բայց ոչ ավելի, քան 90 օր:

Ակցիզային դրոշմանիշեր ձեռք բերելու համար դիմումը մերժվում է, եթե ներմուծողը թերի է ներկայացրել սույն կետով նախատեսված փաստաթղթերը, կամ նրա մոտ կան դրոշմանիշեր, որոնց օգտագործման մասին հաշվետվությունը սահմանված ժամկետում չի ներկայացվել վերադաս մաքսային մարմին, կամ կան դրոշմանիշեր, որոնց վերադարձման ժամկետը լրացել է, և չի իրականացվել օրենքով սահմանված պարտադիր վճարների կատարումը:

Վերադաս մաքսային մարմինն ակցիզային դրոշմանիշեր ձեռք բերելու դիմումը կարող է մերժել, եթե ներմուծողի մոտ առկա են նախկինում ձեռք բերված ծխախոտի արտադրանքի 5 միլիոն հատը և ալկոհոլային խմիչքի 300 հազար հատը գերազանցող ակցիզային դրոշմանիշեր:

12. Հայաստանի Հանրապետություն ներմուծվող պարտադիր դրոշմավորման ենթակա էթիլային սպիրտի և ալկոհոլային խմիչքի արտադրանքի համար նախատեսված ակցիզային յուրաքանչյուր դրոշմանիշի ձեռքբերման համար վճարվում է 100 դրամ, ծխախոտի արտադրանքի համար` 25 դրամ, բացառությամբ բռնագրավված, հօգուտ պետության տիրազուրկ ճանաչված և ժառանգության իրավունքով պետությանն անցած ապրանքների:

13. Հայաստանի Հանրապետությունում արտադրվող պարտադիր դրոշմավորման ենթակա էթիլային սպիրտի արտադրանքի համար նախատեսված ակցիզային յուրաքանչյուր դրոշմանիշի ձեռքբերման համար վճարվում է 100 դրամ, ալկոհոլային խմիչքի արտադրանքի համար` 50 դրամ, ծխախոտի արտադրանքի համար` 25 դրամ, բացառությամբ բռնագրավված, հօգուտ պետության տիրազուրկ ճանաչված և ժառանգության իրավունքով պետությանն անցած ապրանքների դրոշմավորման համար ակցիզային դրոշմանիշերի:

(7-րդ հոդվածը լրաց. 14.12.01 ՀՕ-280, 25.12.03 ՀՕ-64-Ն, 30.04.08 ՀՕ-58-Ն, 30.04.08 ՀՕ-59-Ն, 30.09.08 ՀՕ-170-Ն) 

 

Հոդված 8.

ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՎՃԱՐՈՒՄԸ և ՀԱՇՎԱՐԿՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ

 

1. Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների համար սույն օրենքով սահմանված կարգով հարկ վճարող (հարկի վճարման պարտավորություն կրող) անձանց կողմից ակցիզային հարկը վճարվում է ներմուծման օրվանից տասն օրվա ընթացքում` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: Սույն կետով նշված դեպքում վճարողներն ակցիզային հարկի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության հարկային մարմիններին հաշվարկ չեն ներկայացնում:

2. Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների համար սույն օրենքով սահմանված կարգով հարկ վճարող (հարկի վճարման պարտավորություն կրող) անձանց համար ակցիզային հարկի գծով հաշվետու ժամանակաշրջան է համարվում յուրաքանչյուր ամիսը:

3. Սույն հոդվածի 2-րդ կետում նշված վճարողները յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար` մինչև դրան հաջորդող ամսվա 15-ը, վճարում են ակցիզային հարկը և համապատասխան տարածքային հարկային տեսչություն են ներկայացնում ակցիզային հարկի հաշվարկ` Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության սահմանած ձևով:

Ակցիզային հարկի հաշվարկը ներկայացվում է նաև սույն հոդվածի 5-րդ կետի «ա» ենթակետում նախատեսված դեպքում: 

4. Հարկ վճարողի կողմից ակցիզային հարկի գծով սխալների ինքնուրույն հայտնաբերման և սահմանված կարգով դրանց ճշգրտման արդյունքներով կարող են ներկայացվել ճշգրտված հաշվարկներ, որոնց ներկայացման կարգը և ժամկետները հաստատում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությունը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ:

5. Հայաստանի Հանրապետությունում ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ արտադրողների կողմից Հայաստանի Հանրապետությունում բանկային վճարմամբ ձեռք բերված կամ Հայաստանի Հանրապետություն ներմուծված ակցիզային հարկով հարկված հումքի դիմաց սույն օրենքին համապատասխան վճարված ակցիզային հարկի գումարը`

ա) այդ հումքից պատրաստված` ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների արտահանման դեպքում ենթակա է վերադարձման` սույն օրենքի 9 հոդվածով սահմանված կարգով և ժամկետներում.

բ) բացառությամբ սույն հոդվածի 6-րդ կետում նշված դեպքի, պակասեցվում է դրանց համար դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի հիման վրա` հաշվետու ժամանակաշրջանում վճարման ենթակա ակցիզային հարկի ընդհանուր գումարից:

6. Հայաստանի Հանրապետությունում ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ արտադրողների կողմից Հայաստանի Հանրապետությունում բանկային վճարմամբ ձեռք բերված կամ Հայաստանի Հանրապետություն ներմուծված ակցիզային հարկով հարկված հումքի դիմաց սույն օրենքին համապատասխան վճարված ակցիզային հարկի գումարի` այդ հումքից պատրաստված ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների համար հաշվարկված ակցիզային հարկի գումարը գերազանցող մասը հաշվանցման կամ վերադարձման ենթակա չէ:

61. Հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ արտադրողների կողմից Հայաստանի Հանրապետությունում ձեռք բերված կամ Հայաստանի Հանրապետություն ներմուծված` ակցիզային հարկով հարկման ենթակա հումքի դիմաց սույն օրենքին համապատասխան վճարված ակցիզային հարկի գումարը` ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների համար հաշվարկված ակցիզային հարկի գումարին գերազանցելու դեպքում, գերազանցող մասը, բացառությամբ սույն օրենքի 8 հոդվածի 6-րդ կետով և 9 հոդվածով սահմանված դեպքերի, հաշվանցվում է հետագա հաշվետու ժամանակաշրջաններում` սույն օրենքի համաձայն վճարման ենթակա ակցիզային հարկի գումարների հաշվին: 

7. Հաշվարկային փաստաթղթերին ներկայացվող պահանջները, դրանց լրացման կարգը, ինչպես նաև սույն հոդվածի 5-րդ և 6-րդ կետերով սահմանված դեպքերում հումքի դիմաց վճարված ակցիզային հարկի պակասեցման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

8. Սույն օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքում ակցիզային հարկը վճարվում է ակցիզային դրոշմանիշերի վերադարձման ժամկետը լրանալու կամ տարածքային հարկային տեսչությունների կամ տարածաշրջանային մաքսատան կողմից դրոշմանիշերը հետ չընդունվելու օրվան հաջորդող 10-օրյա ժամանակահատվածում:

Վնասված ակցիզային դրոշմանիշերը սահմանված կարգով տարածքային հարկային տեսչություններ կամ տարածաշրջանային մաքսատներ վերադարձվելու (վերջիններիս կողմից հետ ընդունվելու) դեպքերում վերադարձման ենթակա ակցիզային դրոշմանիշերի ձեռքբերման համար նախկինում պետական բյուջե վճարված գումարը նվազեցվում է նույն ակցիզային դրոշմանիշերի տպագրության համար պետության կատարած ծախսերի չափով:

Ակցիզային դրոշմանիշերի յուրաքանչյուր նմուշի տպագրության համար պետության կատարած ծախսերի չափի վերաբերյալ տեղեկանքը հարկ վճարողին տրվում է համապատասխանաբար հարկային և մաքսային մարմինների կողմից` հարկ վճարողի պահանջով: Տեղեկանքը տրվում է հարկ վճարողի դիմումի ստացմանը հաջորդող 15-րդ օրվանից ոչ ուշ: 

(8-րդ հոդվածը լրաց. 14.12.01 ՀՕ-280, 25.12.03 ՀՕ-64-Ն, լրաց., փոփ. 25.12.06 ՀՕ-251-Ն, փոփ. 30.04.08 ՀՕ-59-Ն) 

 

Հոդված 9.

ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ԿԱՐԳԸ

 

1. Պետական գրանցում ստացած անձանց կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում ակցիզային հարկ վճարողներից ձեռք բերված` ակցիզային հարկով հարկված ապրանքների արտահանման դեպքում վճարված ակցիզային հարկի գումարները ենթակա են հաշվանցման` այդ անձանց հարկային այլ պարտավորությունների հաշվին, կամ վերադարձման` օրենսդրությամբ սահմանված կարգով, եթե նշված անձանց կողմից տարածքային հարկային մարմին են ներկայացվում`

ա) Հայաստանի Հանրապետությունում ակցիզային հարկ վճարողներից ակցիզային հարկով ձեռք բերված ապրանքների հաշվարկային և վճարումը հիմնավորող փաստաթղթերի պատճենները.

բ) մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով «արտահանում` ազատ շրջանառության համար», կամ «վերաարտահանում» ռեժիմով լրացված մաքսային հայտարարագրի պատճենը` «Բացթողումը թույլատրված է» նշումով:

2. Հարկի գումարը օրենսդրությամբ սահմանված կարգով վերադարձվում է այլ հարկային պարտավորություններ չունենալու դեպքում, կամ հաշվանցվում է այլ հարկային պարտավորությունների հաշվին`

ա) ակցիզային հարկ վճարող անձանց համար` սույն օրենքով սահմանված յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի ակցիզային հարկի հաշվարկների հիման վրա` հարկ վճարողի դիմումի և սույն հոդվածի 1-ին կետում նշված փաստաթղթերը ներկայացնելուց հետո` երեսուն օրվա ընթացքում.

բ) ակցիզային հարկ վճարող չհամարվող անձանց համար` նրանց կողմից Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության սահմանած ձևով դիմումի և սույն հոդվածի 1-ին կետում նշված փաստաթղթերը ներկայացնելուց հետո` երեսուն օրվա ընթացքում:

(9-րդ հոդվածը փոփ. 30.04.08 ՀՕ-59-Ն) 

 

Հոդված 10.

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ

 

1. Սույն օրենքի խախտումն առաջացնում է պատասխանատվություն` օրենսդրությամբ սահմանված կարգով:

2. Ակցիզային հարկով հարկվող օբյեկտը կամ հարկման բազան թաքցնելու կամ պակաս ցույց տալու համար հարկ վճարողներից գանձվում է թաքցված կամ պակաս ցույց տրված ակցիզային հարկի գումարը, ինչպես նաև տուգանք` այդ գումարի չափով:

3. Սույն օրենքի 8 հոդվածի 4-րդ կետում նշված կարգով յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար ակցիզային հարկի ճշգրտված մեկից ավելի յուրաքանչյուր հաշվարկի ներկայացման դեպքում հարկ վճարողներից գանձվում է տուգանք` 200 հազար դրամի չափով:

 

Հոդված 11.

ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ-ՆՈՐՄԱՏԻՎ ԱԿՏԵՐԸ

 

Սույն օրենքի կիրառման վերաբերյալ գերատեսչական-նորմատիվ ակտերն իրենց իրավասության շրջանակներին համապատասխան` ընդունում է վերադաս հարկային մարմինը կամ վերադաս մաքսային մարմինը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ:

(11-րդ հոդվածը փոփ. 30.04.08 ՀՕ-59-Ն) 

 

Հոդված 12.

ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել 1997 թվականի հունիսի 24-ի «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` հետագա փոփոխություններով և լրացումներով հանդերձ:

2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2000 թվականի օգոստոսի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
27 հուլիսի 2000 թ.
ՀՕ-79