Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.02.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.03.04-2024.03.17 Պաշտոնական հրապարակման օրը 13.03.2024
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
08.02.2024
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
08.02.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.02.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/30706/02/20

2024 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/30706/02/20

Նախագահող դատավոր՝

 Մ Հարթենյան

Դատավորներ՝

 Լ Գրիգորյան

 Ն. Բարսեղյան

 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող

Գ. Հակոբյան

զեկուցող

Ա ՄԿՐՏՉՅԱՆ

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ս. Մեղրյան

 

2024 թվականի փետրվարի 08-ին

գրավոր ընթացակարգով քննելով Էմանուել Էմիլ Գազազի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.03.2023 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ՝ ըստ Էմանուել Էմիլ Գազազի հայցի ընդդեմ Գայանե Կարապետյանի և երրորդ անձ «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության (այսուհետ՝ Ընկերություն)՝ որոշակի գործողություններ կատարելուն պարտավորեցնելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Էմանուել Էմիլ Գազազը պահանջել է Գայանե Կարապետյանին պարտավորեցնել «HETQ.AM» կայքում հերքել իրականությանը չհամապատասխանող տեղեկությունները, «facebook.com» սոցիալական ցանցի իր անձնական էջում նույն տառաչափով, բոլորին հասանելի եղանակով, հրապարակայնորեն հերքել վիրավորական արտահայտությունները՝ սույն գործով դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո հնգօրյա ժամկետում հրապարակելով դրա եզրափակիչ մասը, և հրապարակայնորեն ներողություն խնդրել վիրավորական արտահայտությունների համար։

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 01.12.2022 թվականի վճռով հայցը մերժվել է։

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 03.03.2023 թվականի որոշմամբ Էմանուել Էմիլ Գազազի վերաքննիչ բողոքը վերադարձվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Էմանուել Էմիլ Գազազը (ներկայացուցիչ Հայկանուշ Պարսամյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ ու 13-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ, 368-րդ, 370-րդ և 371-րդ հոդվածները։

Բողոք բերած անձը նշված հիմքի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը որպես բողոքը վերադարձնելու հիմք հանդիսացող խախտում արձանագրել է նաև, որ վերաքննիչ բողոքում սխալ է նշվել Գայանե Կարապետյանի հասցեն, սակայն չի հստակեցրել, թե որն է վերջինիս ճիշտ հասցեն։ Մինչդեռ, Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ ինքը վերաքննիչ բողոքում որպես Գայանե Կարապետյանի հասցե նշել է վերջինիս հաշվառման, բնակության վայրի հասցեն՝ «ք. Երևան, Բայրոնի 5»-ը, որը Գայանե Կարապետյանը դատական նիստում հաստատել է, ինչպես նաև նրա ներկայացուցիչների ծանուցման հասցեն՝ «ք. Երևան, Բաղրամյան պողոտա 25-8»-ը։

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը հերքում հրապարակելուն և ներողություն խնդրելուն պարտավորեցնելու երկու ոչ դրամական պահանջները դիտարկել է որպես չորս ոչ դրամական պահանջ՝ հերքում կատարելուն ուղղված գործողություններն ու եղանակները դիտարկելով որպես առանձին պահանջներ։ Այսինքն՝ Վերաքննիչ դատարանը հայցի առարկան նույնացրել է պահանջի իրականացման եղանակների հետ։

Վերաքննիչ դատարանի որոշումը խախտում է իրավական որոշակիության սկզբունքը, քանի որ հերքում հրապարակելուն և ներողություն խնդրելուն պարտավորեցնելու պահանջները Դատարանը համարել է երկու ոչ դրամական պահանջ ու հայցադիմումը վարույթ ընդունել, որպիսի պայմաններում իր մոտ ձևավորվել է վճռի դեմ վերաքննիչ բողոք ներկայացնելու համար 20.000 ՀՀ դրամ պետական տուրք վճարման ենթակա լինելու մասին համոզմունք։ Նշվածի հետևանքով Վերաքննիչ դատարանը խախտել է իր՝ դատական պաշտպանության և դատարանի մատչելիության իրավունքները։

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 03.03.2023 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել Սահմանադրության 61-րդ ու 63-րդ հոդվածների խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը։

 

Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան:

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ R(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ Եվրոպական դատարան) նախադեպային իրավունքի համաձայն՝ դատարանի մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է: Այնուամենայնիվ, այդ իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ: Այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ այն չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի, և եթե չլինի ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև համաչափության առումով (տե՛ս Էշինգդեյնն ընդդեմ Միացյալ Թագավորության Եվրոպական դատարանի 28.05.1985 թվականի վճիռը, կետ 57): Եվրոպական դատարանը նշել է նաև, որ դատարանի մատչելիությունն օրենսդրական կարգավորումների առարկա է, և դատարանները պարտավոր են կիրառել դատավարական համապատասխան կանոնները՝ խուսափելով ինչպես գործի արդարացի քննությանը խոչընդոտող ավելորդ ձևականություններից (ֆորմալիզմից), այնպես էլ չափազանց ճկուն մոտեցումից, որի դեպքում օրենքով սահմանված դատավարական պահանջները կկորցնեն իրենց նշանակությունը: Ըստ Եվրոպական դատարանի՝ դատարանի մատչելիության իրավունքը խաթարվում է այն դեպքում, երբ օրենսդրական նորմերը դադարում են ծառայել իրավական որոշակիության ու արդարադատության պատշաճ իրականացման նպատակներին և խոչընդոտում են անձին հասնել իրավասու դատարանի կողմից իր գործի ըստ էության քննությանը (տե՛ս Dumitru Gheorghe v. Romania գործով Եվրոպական դատարանի 12.04.2016 թվականի վճիռը, կետ 28):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ փաստել է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորված են անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքները, որոնց կարևոր բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե՛ս «Ֆասթ Սփլայ» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ3/0347/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.03.2015 թվականի որոշումը):

Բացի այդ, ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշումներում անդրադառնալով Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքին (մասնավորապես` Bellet v. France, 04.12.1995 թվականի վճիռը, կետ 36, Մամիկոնյանն ընդդեմ Հայաստանի 16.03.2010 թվականի վճիռը, կետ 25), փաստել է՝ որպեսզի դատարանի մատչելիության իրավունքը լինի արդյունավետ, անձը պետք է իր իրավունքների իրականացմանը միջամտող իրավական ակտը վիճարկելու հստակ և իրական հնարավորություն ունենա (տե՛ս «Նաիրի Ինշուրանս» ԱՍՊ ընկերությունն ընդդեմ Մհեր Մուրադյանի թիվ ԿԴ1/2503/03/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.05.2019 թվականի որոշումը):

Բողոքարկման իրավունքի և այդ համատեքստում նաև դատարանի մատչելիության իրավունքի վերաբերյալ վերը նշված իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով կիրառման ենթակա իրավակարգավորումներին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքերի բացակայության դեպքում վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե չեն պահպանվել նույն օրենսգրքի 368-րդ հոդվածի պահանջները։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ բողոքին կցվում է օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրքը վճարած լինելը հավաստող փաստաթղթի բնօրինակը կամ համապատասխան գանձապետական հաշվին փոխանցումը հավաստող համապատասխան ծածկագիրը՝ տրամադրված վճարահաշվարկային կազմակերպության կողմից, (…):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական տուրքի գանձման օբյեկտները, պետական տուրքի չափը և վճարման կարգը սահմանվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ դրամական և ոչ դրամական պահանջներ պարունակող հայցադիմումով պետական տուրքը հաշվարկվում և գանձվում է յուրաքանչյուր պահանջի համար առանձին:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն գլխի [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլուխ] կանոններին համապատասխան:

Մինչև 30.10.2021 թվականը գործած խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «բ» ենթակետի բովանդակությունից բխում է, որ դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոքների համար պետական տուրքը ոչ դրամական պահանջի գործերով գանձվում է բազային տուրքի տասնապատիկի չափով։

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկում արձանագրել է, որ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու հարցը լուծելու փուլում օրենսդիրը վերաքննիչ դատարանին օժտել է բացառապես վերաքննիչ բողոքը վերադարձնելու կամ դրա ընդունումը մերժելու հիմքերի առկայությունը կամ բացակայությունը ստուգելու լիազորությամբ, քանի որ այդ հիմքերի բացակայությամբ է պայմանավորել վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշում կայացնելը: Հակառակ դեպքում համապատասխան հիմքերի առկայության պայմաններում վերաքննիչ բողոքը ենթակա է վերադարձման կամ դրա ընդունումը ենթակա է մերժման, որի պայմաններում այլևս վերաքննիչ վարույթ չի հարուցվում (տե՛ս Աշոտ Դումանյանն ընդդեմ Արամայիս, Կարեն, Էմիլ Թումանյանների և մյուսների թիվ ԵԱՔԴ/2549/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.12.2020 թվականի որոշումը)։

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ արդարադատության մատչելիության իրավունքը սերտորեն փոխկապակցված է դատարան դիմելու իրավունքի ֆինանսական սահմանափակման՝ օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրք վճարելու պարտականության հետ: Պետական տուրքն ընդգրկված է դատական ծախսերի կազմում, որի հասկացությունը, տեսակները, դրույքաչափերը, պետական տուրքը գանձելու, վերադարձնելու, արտոնություններ տրամադրելու կարգն ու պայմանները կարգավորվում են «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով: Որպեսզի անձը խախտված իրավունքների պաշտպանության համար կարողանա իրացնել դատարան դիմելու հնարավորությունը, նա պետք է նախևառաջ վճարի օրենքով սահմանված համապատասխան դրույքաչափով պետական տուրք (տե՛ս Հայկ Օհանյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/1115/05/16 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.11.2018 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ օրենսդիրը «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով հստակ սահմանել է պետական տուրքի գանձման օբյեկտները, պետական տուրքի չափը և վճարման կարգը: Մասնավորապես` «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածով սպառիչ ամրագրվել են ինչպես դատարան դիմելու համար պետական տուրքի գանձման օբյեկտները, այնպես էլ` գանձվող պետական տուրքի դրույքաչափերը: Ընդ որում` օրենսդիրը վերը նշվածը սահմանելիս որոշակի տարբերակված մոտեցում է ցուցաբերել դատարաններ տրվող հայցադիմումների, դիմումների, դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար` հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, ինչպիսիք են` ներկայացված հայցապահանջի տեսակը, քննվող գործով վարույթի տեսակը, բողոքարկման ենթակա ակտը և դրա բողոքարկման ծավալը (տե՛ս ըստ «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության դիմումի թիվ ԱՎԴ2/1116/03/16 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.07.2019 թվականի որոշումը):

Վերահաստատելով իր իրավական դիրքորոշումները` ՀՀ վճռաբեկ դատարանը հավելել է, որ անձն իր իրավունքների դատական պաշտպանության համար պետք է կատարի օրենքով սահմանված դատական ծախսեր, որոնք իրենց մեջ ներառում են նաև հայցադիմումի, դիմումի, ինչպես նաև վերաքննիչ և վճռաբեկ բողոք ներկայացնելու համար պետական բյուջե վճարվող պետական տուրքի գումարները: Ընդ որում, պետական տուրքի գանձման օբյեկտների ցանկը և դրույքաչափերը` ըստ պահանջների ու գործը քննող ատյանների, ամրագրված են և կարգավորվում են «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով (տե՛ս «Հայաստանի խուլերի միավորում» հասարակական կազմակերպությունն ընդդեմ Վահագն Հովհաննիսյանի և մյուսների թիվ ԵԴ/24249/02/21 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.06.2022 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերաքննիչ բողոքի ընդունելիության փուլում «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված չափով պետական տուրք վճարված լինելու հարցը ճիշտ որոշելու համար առանցքային նշանակություն ունեն գործով ներկայացված պահանջները, դրանց քանակը և տեսակը պարզելը, հիմնական ու ածանցյալ պահանջները ճշգրիտ տարանջատելը, ինչպես նաև հայցվորի նյութաիրավական պահանջը դրա իրականացման միջոցներից տարբերակելը՝ ինչպես օրենքի պահանջը պահպանելու, այնպես էլ բողոք բերած անձի վրա ֆինանսական ավելորդ պարտականություն դնելը բացառելու տեսանկյունից։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածի 13-րդ կետի համաձայն՝ քաղաքացիական իրավունքների պաշտպանությունն իրականացվում է օրենքով նախատեսված այլ եղանակներով:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածով սահմանված՝ իրավունքի պաշտպանության եղանակների ցանկը սպառիչ չէ, և օրենքով կարող են նախատեսվել իրավունքի պաշտպանության այլ եղանակներ։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 19-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ անձի պատիվը, արժանապատվությունը, գործարար համբավը ենթակա են պաշտպանության այլ անձի կողմից հրապարակայնորեն արտահայտված վիրավորանքից և զրպարտությունից` նույն օրենսգրքով և այլ օրենքներով սահմանված դեպքերում ու կարգով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-ին հոդվածի 7-րդ կետի համաձայն՝ վիրավորանքի դեպքում անձը կարող է դատական կարգով պահանջել հետևյալ միջոցներից մեկը կամ մի քանիսը`

1) հրապարակայնորեն ներողություն խնդրել: Ներողություն խնդրելու ձևը սահմանում է դատարանը.

2) եթե վիրավորանքը տեղ է գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, ապա լրատվության այդ միջոցով լրիվ կամ մասնակի հրապարակել դատարանի վճիռը: Հրապարակման եղանակը և ծավալը սահմանում է դատարանը.

3) սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև 3000-ապատիկի չափով փոխհատուցում վճարել:

Նույն հոդվածի 8-րդ կետի համաձայն՝ զրպարտության դեպքում անձը կարող է դատական կարգով պահանջել հետևյալ միջոցներից մեկը կամ մի քանիսը`

1) եթե զրպարտությունը տեղ է գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, ապա լրատվության այդ միջոցով հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները և (կամ) հրապարակել դրանց վերաբերյալ իր պատասխանը: Հերքման ձևը և պատասխանը հաստատում է դատարանը` ղեկավարվելով «Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով.

2) սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև 6000-ապատիկի չափով փոխհատուցում վճարել:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-ին հոդվածի 7-րդ և 8-րդ կետերով սահմանված են վիրավորանքի և զրպարտության միջոցով անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորելու դեպքերում իրավունքի պաշտպանության հնարավոր եղանակները, որոնք նույն օրենսգրքի 14-րդ հոդվածի 13-րդ կետի իմաստով հանդիսանում են քաղաքացիական իրավունքների պաշտպանության «այլ եղանակներ»։ Այդուհանդերձ, կախված այն հանգամանքից, թե անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորվել են վիրավորանքի, թե զրպարտության միջոցով, օրենսդիրը սահմանել է իրավական պաշտպանության տարբեր եղանակներ։ Այսպես՝

Վիրավորանքի հետևանքով իր պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորելու դեպքում անձը կարող է դատական կարգով հայցել հրապարակայնորեն ներողություն խնդրել, լրատվության համապատասխան միջոցով լրիվ կամ մասնակի հրապարակել դատարանի վճիռը, եթե վիրավորանքը տեղ է գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ կամ պահանջել վճարել սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև 3000-ապատիկի չափով փոխհատուցում: Ընդ որում, տվյալ դեպքում անձը կարող է դատական կարգով պահանջել ինչպես վերը նշված միջոցներից մեկը, այնպես էլ՝ դրանցից մի քանիսը՝ կախված գործի հանգամանքներից։

Զրպարտության դեպքում անձը կարող է պահանջել լրատվության համապատասխան միջոցով հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները և (կամ) հրապարակել դրանց վերաբերյալ իր պատասխանը, եթե զրպարտությունը տեղ է գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, կամ պահանջել վճարել սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև 6000-ապատիկի չափով փոխհատուցում: Ընդ որում, այս դեպքում ևս անձը կարող է դատական կարգով պահանջել ինչպես վերը նշված միջոցներից մեկը, այնպես էլ՝ դրանք միաժամանակ՝ կախված գործի հանգամանքներից։

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ վիրավորանքի կամ զրպարտության հետևանքով անձի պատվին, արժանապատվությանը և (կամ) գործարար համբավին պատճառված վնասը հատուցելու օրենքով նախատեսված եղանակներից յուրաքանչյուրն իրենից ներկայացնում է նյութաիրավական առանձին պահանջ, ուստի դրանցից յուրաքանչյուրի միջոցով դատական պաշտպանություն հայցելու դեպքում պետական տուրքի գումարը ենթակա է գանձման առանձին՝ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով համապատասխան տեսակի պահանջի համար սահմանված դրույքաչափով։

Ընդ որում, պետական տուրքի գումարը գանձելիս առանձնակի կարևորություն ունի այն հանգամանքը, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-ին հոդվածի 7-րդ և 8-րդ կետերը, ի լրումն փոխհատուցում վճարելու միջոցով դատական պաշտպանություն հայցելու առանձին եղանակի, ինչպես արդեն վերը նշվեց, նախատեսում են նաև դատական պաշտպանության ոչ նյութական եղանակներ։ Իրենց հերթին այդ եղանակները վիրավորանքի դեպքում կարող են դրսևորվել դատարանի սահմանած մեկ կամ մի քանի ձևերով ներողություն խնդրելու կամ լրատվության համապատասխան մեկ կամ մի քանի միջոցներով լրիվ կամ մասնակի դատարանի վճիռը հրապարակելու պահանջ ներկայացնելու միջոցով, իսկ զրպարտության դեպքում՝ դատարանի հաստատած ձևով լրատվության համապատասխան մեկ կամ մի քանի միջոցներով զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելու և (կամ) դրանց վերաբերյալ իր պատասխանը հրապարակելու պահանջ ներկայացնելու միջոցով:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ դատական պաշտպանության ոչ նյութական եղանակների իրականացման միջոցների ներքո պետք է հիմք ընդունել ինչպես այն հարթակները, որոնցում անձն ակնկալում է ներողության, դատարանի վճռի, հերքման տեքստի կամ իր պատասխանի հրապարակում, օրինակ՝ ինտերնետային, այդ թվում նաև՝ սոցիալական կայքեր, զանգվածային լրատվության միջոցներ, հանրամատչելի այլ աղբյուրներ, այնպես էլ հրապարակման ծավալի և ձևի մասին հստակեցումները, օրինակ՝ քանակ, եղանակ, ժամ, տառաչափ, հասանելիություն, վերնագիր, տեքստի բովանդակություն, շեշտադրումներ և այլն։ Հետևաբար դատական պաշտպանության ոչ նյութական եղանակների համար գանձման ենթակա պետական տուրքի չափը որոշելու հարցում առանցքային է ոչ թե այն հարցի պարզումը, թե որքան միջոցներով է իրականացվում դատական պաշտպանության համապատասխան ոչ նյութական եղանակը, այլ՝ դատական պաշտպանության համապատասխան ոչ նյութական քանի եղանակ է ընտրել այն հայցող անձը։

Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ անձի պատվին, արժանապատվությանը և (կամ) գործարար համբավին պատճառված վնասի հատուցման գործերով վճարման ենթակա պետական տուրքի գումարը ճիշտ հաշվարկելու և գանձելու համար դատարանները պետք է իրավունքի պաշտպանության ոչ նյութական եղանակը տարբերակեն դրա իրականացման միջոցներից՝ առաջնորդվելով այն կանոնով, որ օրենքով սահմանված չափով պետական տուրքի գումարը ենթակա է գանձման բացառապես իրավունքի պաշտպանության համապատասխան եղանակի համար՝ ելնելով դրա քանակից և ոչ թե դրա իրականացման միջոցից։

 

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ

Սույն գործի փաստերի համաձայն՝ Վերաքննիչ դատարանը 03.03.2023 թվականին որոշում է կայացրել Դատարանի 01122022 թվականի վճռի դեմ Էմանուել Էմիլ Գազազի վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին նաև այն պատճառաբանությամբ, որ՝

- «վերաքննիչ բողոքում սխալ է նշված պատասխանող Գայանե Կարապետյանի հասցեն»,

- «Ի խախտումն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի  5-րդ մասով և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի (մինչ 19.04.2021 թվականին ընդունված և 09.05.2021 թվականին ուժի մեջ մտած «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-177-Ն օրենքը գործող խմբագրություն) 9-րդ հոդվածի 6-րդ կետի 1-ին մասի «բ» ենթակետով սահմանված կանոնների` վերաքննիչ բողոքին կցված չէ պետական տուրքը վճարելու մասին ապացույց: Հայցվորի անունից բողոքարկվում է վճիռն ամբողջությամբ՝ հայցը՝ «HETQ.AM»-ում հերքում հրապարակել պատասխանողին պարտադրելու, հրապարակայնորեն «facebook.com» սոցիալական ցանցի իր անձնական էջում նույն տառաչափով բոլորին հասանելի եղանակով վիրավորական արտահայտությունները հերքել պատասխանողին պարտավորեցնելու, հրապարակելու դատարանի վճռի եզրափակիչ մասը՝ այն ուժի մեջ մտնելուց հետո հնգօրյա ժամկետում, վիրավորական արտահայտությունների համար ներողություն խնդրելու պահանջների մասին, հետևաբար սույն գործով բողոք ներկայացրած անձի անունից վերաքննիչ բողոք բերելու համար վճարման ենթակա պետական տուրքի գումարը կազմում է 40000 ՀՀ դրամ (4 * 10000 ՀՀ դրամ)»:

Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանն անդրադառնում է միայն վերը նշված հիմքերով վերաքննիչ բողոքը վերադարձնելու իրավաչափությանը՝ հիմք ընդունելով վճռաբեկ բողոքի հիմքերը և հիմնավորումները։

Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով Գայանե Կարապետյանի հասցեն սխալ նշված լինելու մասին Վերաքննիչ դատարանի եզրահանգմանը, գտնում է, որ այն հիմնավորված է հետևյալ պատճառաբանությամբ։

 

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ վերաքննիչ բողոքում նշվում են (...) գործին մասնակցող անձանց (...) հասցեները։

Տվյալ դեպքում վերաքննիչ բողոքում որպես Գայանե Կարապետյանի հասցե նշվել է «ք Երևան. Հայաստան, 0009, Բայրոնի փող., 5 շենք Կենտրոն վարչ. շրջան, 13 բն. 1»-ը, մինչդեռ գործում առկա փաստաթղթերի համաձայն՝ վերջինիս հասցեն է քաղաք Երևան, Բայրոնի փողոց, թիվ 5-ը:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերոշարադրյալ հիմքով Էմանուել Էմիլ Գազազի վերաքննիչ բողոքը վերադարձման ենթակա լինելու մասին Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունն իրավաչափ է, իսկ հակառակի մասին վճռաբեկ բողոքում նշված փաստարկները հիմնավորված չեն։

Անդրադառնալով վերաքննիչ բողոքը վերադարձնելու Վերաքննիչ դատարանի վերը նշված մյուս պատճառաբանությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը

Նախ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ տվյալ դեպքում վերաքննիչ բողոք բերած անձն ինքնին չի վիճարկում բողոքին օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրքը վճարված լինելը հավաստող փաստաթղթի բնօրինակը կամ համապատասխան գանձապետական հաշվին փոխանցումը հավաստող համապատասխան ծածկագիրը՝ տրամադրված վճարահաշվարկային կազմակերպության կողմից, կցված չլինելու փաստն ու այդ հիմքով իր վերաքննիչ բողոքը վերադարձման ենթակա լինելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի եզրահանգումը։ Միաժամանակ վճռաբեկ բողոք բերած անձը նշում է, որ անհիմն է Դատարանի 01.12.2022 թվականի վճռի դեմ վերաքննիչ բողոք ներկայացնելու համար 40.000 ՀՀ դրամի չափով պետական տուրք վճարման ենթակա լինելու մասին Վերաքննիչ դատարանի եզրահանգումը։

Սույն որոշմամբ արտահայտված դիրքորոշումների համատեքստում գնահատելով Վերաքննիչ դատարանի վերը նշված պատճառաբանության իրավաչափությունը՝ կապված վերաքննիչ բողոք ներկայացնելու համար պետական տուրքի՝ օրենքով սահմանված չափը 40000 ՀՀ դրամ կազմելու հետ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ։

Տվյալ դեպքում հայցի հիման վրա հարուցված քաղաքացիական գործով հայցվորը, ղեկավարվելով նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10871-րդ հոդվածի 7-րդ կետով, հայց է ներկայացրել Դատարան ընդդեմ Գայանե Կարապետյանի՝ դատական պաշտպանություն հայցելով Գայանե Կարապետյանին պարտավորեցնել՝

- «HETQ.AM» կայքում հերքել իրականությանը չհամապատասխանող տեղեկությունները,

- «facebook.com» սոցիալական ցանցի իր անձնական էջում նույն տառաչափով, բոլորին հասանելի եղանակով, հրապարակայնորեն հերքել վիրավորական արտահայտությունները՝ սույն գործով դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո հնգօրյա ժամկետում հրապարակելով դրա եզրափակիչ մասը, և

- հրապարակայնորեն ներողություն խնդրել վիրավորական արտահայտությունների համար։ Այսինքն՝ տվյալ դեպքում ներկայացվել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10871-րդ հոդվածից բխող երեք հիմնական ոչ դրամական պահանջ՝ համապատասխան տեղեկությունները հերքելու, լրատվության համապատասխան միջոցի՝ «facebook.com» սոցիալական ցանցի միջոցով դատարանի վճիռը հրապարակելու և հրապարակայնորեն ներողություն խնդրելու մասին։

Դատարանի 01.12.2022 թվականի վճռով հայցը մերժվել է, իսկ Դատարանի 01.12.2022 թվականի վճռի դեմ Էմանուել Էմիլ Գազազի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը վերը նշված պատճառաբանությամբ վերադարձվել է:

Նման պայմաններում, հիմք ընդունելով հայցի հիման վրա հարուցված քաղաքացիական գործով քննության առարկա պահանջների բնույթը, քանակը, Դատարանի 01.12.2022 թվականի վճռի, դրա դեմ ներկայացված վերաքննիչ բողոքում նշված պահանջի և Վերաքննիչ դատարանի 03.03.2023 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման բովանդակությունները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում վերաքննիչ բողոքի համար վճարման ենթակա պետական տուրքի գումարը, հաշվի առնելով սույն գործով երեք հիմնական ոչ դրամական պահանջների առկայությունը, ինչպես նաև հիմք ընդունելով մինչև 30102021 թվականը գործած խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված իրավակարգավորումները, կազմում է 30000 ՀՀ դրամ, մինչդեռ Վերաքննիչ դատարանը բողոք բերած անձի վրա դրել է օրենքով չսահմանված անհամաչափ ֆինանսական պարտավորություն, ինչը հանգեցրել է բողոք բերած անձի՝ սահմանադրորեն երաշխավորված՝ դատական պաշտպանության և դատարանի մատչելիության իրավունքների խախտման՝ խաթարելով արդարադատության բուն էությունը։

Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ Վերաքննիչ դատարանի 03.03.2023 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը հիմնավորված չէ միայն վերաքննիչ բողոք ներկայացնելու համար 40.000 ՀՀ դրամի չափով պետական տուրք վճարման ենթակա լինելու պատճառաբանության մասով։ Պետական տուրքը վճարած լինելը հավաստող ապացույցը բողոքին կցված չլինելու և այդ փաստը բողոք բերած անձի կողմից վիճարկված չլինելու պայմաններում Էմանուել Էմիլ Գազազի բողոքը, ի թիվս այլնի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված պահանջը պահպանված չլինելու պայմաններում նույն օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով ենթակա էր վերադարձման։

Նկատի ունենալով, որ Վերաքննիչ դատարանի 03.03.2023 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը բողոքարկվել է մասնակիորեն, վճռաբեկ բողոքն  առաջին հիմքով հիմնավորված չէ, իսկ երկրորդ հիմքով հիմնավորված է վճարման ենթակա պետական տուրքի չափին վերաբերող պատճառաբանության մասով՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը պետք է բավարարել մասնակիորեն և Վերաքննիչ դատարանի 03.03.2023 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումն օրինական ուժի մեջ թողնել՝ սույն որոշման պատճառաբանություններով։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.03.2023 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը թողնել օրինական ուժի մեջ սույն որոշման պատճառաբանություններով։

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող

Գ. Հակոբյան

Զեկուցող

Ա ՄԿՐՏՉՅԱՆ

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ս. Մեղրյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 մարտի 2024 թվական: