Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-45-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.03.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.02.13/9(675) Հոդ.162
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
05.02.2009
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
11.02.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.03.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2009 թվականի փետրվարի 5-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 1-ի քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 6-րդ հոդվածում՝

 

1) 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«12) ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ՝ առաջին ատյանի դատարան)՝ դատարան, որն իրավասու է քննելու բոլոր քրեական գործերը, քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսված այլ գործեր (նյութեր), ինչպես նաև վերահսկողություն իրականացնելու քրեական գործի մինչդատական վարույթի նկատմամբ.»:

 

Հոդված 2. Օրենսգրքի 38-րդ հոդվածի «ընդհանուր իրավասության դատարանները, քրեական» բառերը փոխարինել «առաջին ատյանի» բառերով:

 

Հոդված 3. Օրենսգրքի 39-րդ հոդվածում՝

 

1) 2-րդ մասի «Ընդհանուր իրավասության» բառերը փոխարինել «Առաջին ատյանի» բառերով.

2) 3-րդ մասը ճանաչել ուժը կորցրած:

 

Հոդված 4. Օրենսգրքի 44-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 44. Առաջին ատյանի դատարաններին ընդդատյա գործերը

 

Առաջին ատյանի դատարանները քննում են բոլոր քրեական գործերը, քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսված այլ գործեր (նյութեր), ինչպես նաև վերահսկողություն են իրականացնում քրեական գործի մինչդատական վարույթի նկատմամբ:»:

 

Հոդված 5. Օրենսգրքի 45-րդ հոդվածում՝

 

1) վերնագրից հանել «քրեական» բառը.

2) «ընդհանուր իրավասության և քրեական» բառերը փոխարինել «առաջին ատյանի» բառերով:

 

Հոդված 6. Օրենսգրքի 46-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 46. Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանին ընդդատյա գործերը

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատին ընդդատյա են վերաքննիչ դատարանի կայացրած և օրինական ուժի մեջ չմտած դատական ակտերի վերաբերյալ գործերը, իսկ քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսված բացառիկ դեպքերում` նաև օրինական ուժի մեջ մտած դատական ակտերին վերաբերող գործերը:»:

 

Հոդված 7. Օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«1. Առաջին ատյանի դատարանին ընդդատյա են այն հանցագործությունների վերաբերյալ գործերը, որոնք կատարվել են համապատասխան առաջին ատյանի դատարանի դատական տարածքում:»:

 

Հոդված 8. Օրենսգրքի 48-րդ հոդվածում՝

 

1) 1-ին մասը ճանաչել ուժը կորցրած.

2) 2-րդ մասի «ընդհանուր իրավասության կամ քրեական» բառերը փոխարինել «առաջին ատյանի» բառերով:

 

Հոդված 9. Օրենսգրքի 49-րդ հոդվածում՝

 

1) 2-րդ մասի «44 կամ 47» բառերը փոխարինել «44, 47 կամ 48» բառերով.

2) 2-րդ մասից հանել «առարկայական կամ տարածքային» բառերը.

3) 3-րդ մասը ճանաչել ուժը կորցրած:

 

Հոդված 10. Օրենսգրքի 69-րդ հոդվածում`

 

1) 1-ին մասի 10-րդ կետում վերջակետը փոխարինել միջակետով.

2) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 11-րդ կետով.

«11) դատարանը կիրառում է սույն օրենսգրքի 314.1-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ կետով նախատեսված սանկցիան:».

3) 2-րդ մասի 7-րդ կետում վերջակետը փոխարինել միջակետով.

4) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ կետով.

«8) սանկցիան կիրառելու պահից` սույն հոդվածի առաջին մասի 11-րդ կետով նախատեսված դեպքում:».

5) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով.

«5. Սույն հոդվածի առաջին մասի 11-րդ կետով նախատեսված դեպքում դատարանը չի ընդունում պաշտպանից ամբաստանյալի հրաժարումը և սույն օրենսգրքով սահմանված կարգով նշանակում է պաշտպան կամ պահպանում է նշանակված պաշտպանի լիազորությունները:»:

 

Հոդված 11. Օրենսգրքի 291-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ նախադասությունը հանել:

 

Հոդված 12. Օրենսգրքի 292-րդ հոդվածում «, իսկ քրեական դատարանում գործը կոլեգիալ կազմով քննելիս նաև դատական կազմի մյուս դատավորները հետազոտում են» բառերը փոխարինել «հետազոտում է» բառերով:

 

Հոդված 13. Օրենսգրքի 302-րդ հոդվածը «պարտադիր է» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենսգրքի 314.1-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքի» բառերով:

 

Հոդված 14. Օրենսգրքի 314.1-րդ հոդվածի 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«6. Ամբաստանյալի կողմից դատական նիստի կարգը խախտելու և նիստի բնականոն ընթացքին խոչընդոտելու կամ նախագահող դատավորի կարգադրությունները չկատարելու դեպքում դատարանը կիրառում է նախազգուշացում: Միաժամանակ, նախագահող դատավորն ամբաստանյալին բացատրում է, որ դատական նիստի կարգը կրկին խախտելու և նիստի բնականոն ընթացքին կրկին խոչընդոտելու կամ նախագահող դատավորի կարգադրությունները չկատարելու դեպքում նա կարող է հեռացվել նիստերի դահլիճից: Նույն դատական նիստում ամբաստանյալի կողմից դատական նիստի բնականոն ընթացքին կրկին խոչընդոտելը կամ նախագահող դատավորի կարգադրությունները չկատարելը հիմք է սույն հոդվածի առաջին մասի 2-րդ կետով նախատեսված սանկցիան կիրառելու համար, որի դեպքում գործի քննությունը շարունակվում է ամբաստանյալի բացակայությամբ, սակայն դատավճիռը հրապարակվում է ամբաստանյալի ներկայությամբ:

Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքում դատարանը ամբաստանյալի նկատմամբ սույն հոդվածի առաջին մասի 2-րդ կետով նախատեսված սանկցիան կիրառում է առանց նախազգուշացման, և գործի քննությունը շարունակվում է ամբաստանյալի բացակայությամբ, սակայն դատավճիռը հրապարակվում է ամբաստանյալի ներկայությամբ կամ հրապարակումից հետո անհապաղ հանձնվում է նրան:

Սույն մասով նախատեսված կարգով ամբաստանյալը նիստերի դահլիճից հեռացվում է մինչև 10 օր ժամկետով:»:

 

Հոդված 15. Օրենսգրքի 328-րդ հոդվածում «պարտականությունները» բառից հետո լրացնել «, ինչպես նաև նրա իրավունքները սույն օրենսգրքի 314.1-րդ հոդվածի վեցերորդ մասով նախատեսված կարգով դատական սանկցիա կիրառելու դեպքում» բառերով:

 

Հոդված 16. Օրենսգրքի 361.1-րդ հոդվածում`

 

1) վերնագրից «Քրեական» բառը հանել.

2) 1-ին մասից «Քրեական» բառը հանել:

 

Հոդված 17. Օրենսգրքի 376.1-րդ հոդվածի 5-րդ կետի «ընդհանուր իրավասության» բառերը փոխարինել «առաջին ատյանի» բառերով:

 

Հոդված 18. Օրենսգրքի 398-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետը «բացակայությամբ» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենսգրքի 314.1-րդ հոդվածի վեցերորդ մասով նախատեսված դեպքի» բառերով:

 

Հոդված 19. Օրենսգրքի 402-րդ հոդվածի 1-ին մասը «հրապարակման պահից» բառերից հետո լրացնել «մեկամսյա ժամկետում» բառերով:

 

Հոդված 20. Օրենսգրքի 412-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 412. Դատական ակտերի բողոքարկման ժամկետները

 

1. Վճռաբեկ բողոքը կարող է բերվել վերաքննիչ դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ հրապարակման պահից մեկամսյա ժամկետում, իսկ գործն ըստ էության չլուծող դատական ակտերի դեմ` այդ ակտը ստանալու պահից 15-օրյա ժամկետում, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

2. Սույն օրենսգրքի 21-րդ հոդվածի վեցերորդ մասով սահմանված դեպքերում անձի վիճակի բարելավման հիմքով վճռաբեկ բողոք կարող է բերվել առանց ժամկետի սահմանափակման, իսկ անձի վիճակի վատթարացման հիմքով` դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու պահից վեցամսյա ժամկետում:»:

 

Հոդված 21. Անցումային դրույթներ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2009 թվականի մարտի 1-ից:

2. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը սույն Օրենսգրքի 314.1-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված կիրառված սանկցիայի դեպքում կալանավորված անձանց համար հետաձգման ժամկետը հաշվվում է պատժի ժամկետի մեջ:

3. Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո քրեական դատարանների վարույթում գտնվող, սակայն դատաքննությունը չսկսված գործերը, տարածքային ընդդատությանը համապատասխան, փոխանցվում են առաջին ատյանի դատարան:

4. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը սկսված դատաքննություններն ավարտվում են դատավորի (դատավորների) նույն կազմով:

Նշված գործերով դատավճիռ կամ այլ վերջնական որոշում կայացվում է այն դատարանի անունից, որին, սույն օրենքին համապատասխան, ընդդատյա է քննվող գործը:

5. Սույն օրենքով սահմանված՝ դատական ակտերի ուժի մեջ մտնելու ժամկետների վերաբերյալ նորմերը կիրառվում են սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո կայացված դատական ակտերի նկատմամբ: Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը կայացված դատական ակտերը կարող են բողոքարկվել դրանց կայացման պահին գործող օրենքով սահմանված ժամկետներում:

6. Քրեական դատարանների քննած և ավարտած գործերով դատավճռի կատարման փուլում ծագող հարցերի լուծման համար իրավասու դատարան է համարվում այն առաջին ատյանի դատարանը, որին համապատասխան գործն ընդդատյա է սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2009 թ. փետրվարի 11

Երևան

ՀՕ-45-Ն

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան