Գլխավոր տեղեկություն
Համար
N 2017-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (08.03.2024-09.06.2024)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.11.13-2023.11.26 Պաշտոնական հրապարակման օրը 23.11.2023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.11.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.11.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.11.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 նոյեմբերի 2023 թվականի N 2017-Ն

 

ՈՉ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՄԻԱԿՈՂՄԱՆԻՈՐԵՆ ՍԱՀՄԱՆՎՈՂ ՈՉ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ, ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ և 338-րդ հոդվածի 6-րդ մասերին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել ոչ սակագնային կարգավորման միջոցների, այդ թվում՝ միակողմանիորեն սահմանվող ոչ սակագնային կարգավորման միջոցների, և տեխնիկական կարգավորման միջոցների պահպանումը հաստատելու կարգը՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

3. Սահմանել, որ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում համապատասխան ոլորտների լիազոր պետական մարմինները սույն որոշմամբ նախատեսված թույլատվական փաստաթղթերի տրամադրման կարգը սահմանող իրավական ակտերում իրականացնում են սույն որոշումից բխող փոփոխություններ։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

23.11.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2023 թվականի

նոյեմբերի 23-ի N 2017-Ն որոշման

 

ՈՉ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՄԻԱԿՈՂՄԱՆԻՈՐԵՆ ՍԱՀՄԱՆՎՈՂ ՈՉ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

1. Սույն կարգով կարգավորվում են ոչ սակագնային կարգավորման միջոցների, այդ թվում՝ միակողմանիորեն սահմանվող և տեխնիկական կարգավորման միջոցների պահպանումը հաստատելու հետ կապված հարաբերությունները։

2. Ոչ սակագնային կարգավորման միջոցների պահպանվածությունը հաստատվում է Եվրասիական տնտեսական միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված արգելքների ու սահմանափակումների և տեխնիկական կարգավորման միջոցների ապահովվածությունը հաստատող՝ պետական կառավարման լիազոր մարմնի կամ վերջինիս կողմից լիազորված մարմնի կողմից տրամադրվող՝ սույն որոշմամբ հիշատակված թույլատվական փաստաթղթերը (այսուհետ՝ թույլատվական փաստաթղթեր) մաքսային մարմիններին ներկայացնելու միջոցով։

3. Թույլատվական փաստաթղթերը մաքսային մարմիններին ներկայացվում են մաքսային գործառնությունների իրականացման ժամանակ՝ յուրաքանչյուրն ըստ համապատասխան օրենսդրությամբ սահմանված կարգավորումների՝ «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրի 1-ին հավելվածով հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 7-րդ և 12-րդ հոդվածներով սահմանված դրույթների պահպանմամբ։

4. Սույն կարգի իմաստով թույլատվական փաստաթղթերն են.

1) հետևյալ սերտիֆիկատները՝

ա․ անասնաբուժական սերտիֆիկատը, որը տրվում է անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա՝ հսկողության վերցված ապրանքների՝ Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման և տեղափոխման դեպքում՝ անասնաբուժության բնագավառում պետական վերահսկողություն իրականացնող լիազոր մարմնի կողմից,

բ. անվտանգության սերտիֆիկատը, որը տրվում է Հայաստանի Հանրապետություն ներմուծվող և Հայաստանի Հանրապետությունից արտահանվող սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների համար սննդամթերքի անվտանգության բնագավառում պետական վերահսկողություն իրականացնող լիազոր մարմնի կողմից,

գ. առողջության սերտիֆիկատը, որը տրվում է Եվրոպական միության երկրներ վայրի ջրային կենդանու արտահանման համար անասնաբուժության բնագավառում պետական վերահսկողություն իրականացնող լիազոր մարմնի կողմից,

դ. բուսասանիտարական սերտիֆիկատը, որը տրվում է կարանտինային բուսասանիտարական հսկողության (վերահսկողության) ենթակա՝ կարանտինային հսկողության վերցված արտադրանքի (կարանտինային հսկողության վերցված բեռների, կարանտինային հսկողության վերցված նյութերի, կարանտինային հսկողության վերցված ապրանքների)՝ Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանման, ինչպես նաև տեղափոխման դեպքում՝ բուսասանիտարիայի բնագավառում պետական վերահսկողություն իրականացնող լիազոր մարմնի կողմից,

ե. օրգանական գյուղատնտեսական սննդամթերքի փաստաթուղթը, որով սերտիֆիկացման մարմինը հավաստում է շրջանառության մեջ դրվող արտադրանքի համապատասխանությունը Եվրասիական տնտեսական միության (միության տեխնիկական կանոնակարգերի) կամ ՀՀ օրենսդրությամբ սահմանված տեխնիկական կանոնակարգի (տեխնիկական կանոնակարգերի) պահանջներին, որը տրվում է օրգանական գյուղատնտեսական սննդամթերքի արտահանման կամ ներմուծման համար սննդամթերքի անվտանգության բնագավառի պետական վերահսկողություն իրականացնող լիազոր մարմնի կողմից,

զ. փաստաթուղթ, որով սերտիֆիկացման մարմինը հավաստում է շրջանառության մեջ դրվող արտադրանքի համապատասխանությունը Եվրասիական տնտեսական միության (միության տեխնիկական կանոնակարգերի) կամ ՀՀ օրենսդրությամբ սահմանված տեխնիկական կանոնակարգի (տեխնիկական կանոնակարգերի) պահանջներին, որը տրվում է տեխնիկական կանոնակարգման ենթակա ապրանքների ներմուծման, արտահանման կամ Եվրասիական տնտեսական միության անդամ հանդիսացող պետությունների միջև փոխադրման համար համապատասխանության գնահատման մարմնի կողմից.

2) հետևյալ թույլտվությունները՝

ա. թույլտվություն, որը տրվում է անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքների միասնական ցանկում ներառված ապրանքների ներմուծման կամ տարանցիկ փոխադրման դեպքում՝ անասնաբուժության բնագավառում պետական վերահսկողություն իրականացնող լիազոր մարմնի կողմից,

բ. կարանտին օբյեկտների՝ գիտահետազոտական նպատակներով ներմուծման թույլտվություն, որը տրվում է Հայաստանի Հանրապետությունում բուսասանիտարիայի բնագավառում վերահսկողություն իրականացնող լիազոր մարմնի կողմից,

գ. թույլտվություն, որը տրվում է բուսաբանական հավաքածուներ և առանձին նմուշներ Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանելու կամ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելու դեպքում՝ շրջակա միջավայրի բնագավառի լիազոր մարմնի կողմից,

դ. թույլտվություն, որը տրվում է վայրի կենդանիներ և կենդանաբանական հավաքածուներ ու առանձին նմուշներ Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանելու կամ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելու դեպքում՝ շրջակա միջավայրի բնագավառի լիազոր մարմնի կողմից,

ե. թույլտվություն, որը տրվում է «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» կոնվենցիայով կարգավորման ենթակա վայրի կենդանիները և բույսերը, դրանց մասերն ու ածանցյալները Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանելու կամ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելու դեպքում՝ շրջակա միջավայրի բնագավառի լիազոր մարմնի կողմից,

զ. թույլտվություն, որը տրվում է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով տեղափոխման սահմանափակում ունեցող օզոնային շերտը քայքայող նյութերի և հիդրոֆտորածխածինների՝ Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանելու կամ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելու դեպքում՝ շրջակա միջավայրի բնագավառի լիազոր մարմնի կողմից,

է. թույլտվություն, որը տրվում է հանքագիտության և հնէաբանության հավաքածուներ և հավաքածուների առարկաներ, բրածո կենդանիների ոսկորներ Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանելու կամ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելու դեպքում՝ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի բնագավառի լիազոր մարմնի կողմից,

ը. թույլտվություն, որը տրվում է մշակութային արժեքների, ազգային արխիվային ֆոնդերի փաստաթղթերի, արխիվային փաստաթղթերի բնօրինակների՝ Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանելու դեպքում՝ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի բնագավառի լիազոր մարմնի կողմից,

թ. թույլտվություն, որը տրվում է հատուկ տեխնիկական միջոցների` նախատեսված գաղտնի տեղեկատվության ստացման համար, Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանելու կամ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելու դեպքում՝ ազգային անվտանգության բնագավառի լիազոր մարմնի կողմից,

ժ. թույլտվություն, որը տրվում է ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցների՝ Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանելու կամ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելու դեպքում՝ ազգային անվտանգության բնագավառի լիազոր մարմնի կողմից,

ժա. թույլտվություն, որը տրվում է մարդու օրգաններ և հյուսվածքներ (բացառությամբ՝ փոխպատվաստման նպատակով արտահանման), արյան և դրա բաղադրամասեր, մարդու կենսաբանական նյութերի նմուշներ Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանելու կամ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելու դեպքում՝ առողջապահության բնագավառի լիազոր մարմնի կողմից,

ժբ. թույլտվություն, որը տրվում է ծառայողական և քաղաքացիական զենքի, դրա հիմնական (բաղադրիչ) մասերի և փամփուշտների՝ Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանելու կամ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելու դեպքում՝ ոստիկանության բնագավառի լիազոր մարմնի կողմից.

3) հետևյալ լիցենզիաները՝

ա. թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի, չմշակված թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից ջարդոնի և թափոնների, թանկարժեք մետաղներից հանքանյութերի և խտանյութերի ու թանկարժեք մետաղներ պարունակող հումքային ապրանքների` Հայաստանի Հանրապետության տարածքից Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններ արտահանման լիցենզիա, որը տրամադրվում է էկոնոմիկայի բնագավառի լիազոր մարմնի կողմից,

բ. թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ դրանց պրեկուրսորների արտահանման կամ ներմուծման լիցենզիա, որը տրամադրվում է առողջապահության բնագավառի լիազոր մարմնի կողմից,

գ. ռազմական նշանակության արտադրանքի արտահանման կամ ներմուծման լիցենզիա, որը տրամադրվում է պաշտպանության բնագավառի լիազոր մարմնի կողմից,

դ. միջուկային նյութերի արտահանման կամ ներմուծման լիցենզիա, որը տրամադրվում է ատոմային էներգիայի օգտագործման բնագավառը կարգավորող մարմնի կողմից,

ե. ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի արտահանման կամ ներմուծման լիցենզիա, որը տրամադրվում է ատոմային էներգիայի օգտագործման բնագավառը կարգավորող մարմնի կողմից,

զ. ռադիոակտիվ թափոնների արտահանման կամ ներմուծման լիցենզիա, որը տրամադրվում է ատոմային էներգիայի օգտագործման բնագավառը կարգավորող մարմնի կողմից,

է. ռադիոէլեկտրոնային կամ քաղաքացիական օգտագործման բարձր հաճախականության սարքերի, այդ թվում՝ ներկառուցված կամ այլ ապրանքների կազմի մեջ մտնող սարքերի ներմուծման լիցենզիա, որը տրվում է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության բնագավառի լիազոր մարմնի կողմից,

ը. վայրի կենդանիներ և առանձին վայրի բույսեր և վայրի բույսերից դեղաբուսական հումքի արտահանման մեկանգամյա լիցենզիա, որը տրվում է շրջակա միջավայրի բնագավառի լիազոր մարմնի կողմից,

թ. Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների Կարմիր գրքերում ընդգրկված հազվագյուտ և անհետացող վայրի կենդանիների և բույսերի տեսակների արտահանման մեկանգամյա լիցենզիա, որը տրվում է շրջակա միջավայրի բնագավառի լիազոր մարմնի կողմից,

ժ. լիցենզիա, որը տրվում է հատուկ տեխնիկական միջոցների` նախատեսված գաղտնի տեղեկատվության ստացման համար, Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանելու կամ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելու դեպքում՝ ազգային անվտանգության բնագավառի լիազոր մարմնի կողմից,

ժա. լիցենզիա, որը տրվում է ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցների՝ Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանելու կամ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելու դեպքում՝ ազգային անվտանգության բնագավառի լիազոր մարմնի կողմից,

ժբ. լիցենզիա, որը տրվում է հանքային հումքի տեսակների արտահանման դեպքում՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների բնագավառի լիազոր մարմնի կողմից,

ժգ. լիցենզիա, որը տրվում է ընդերքի մասին տեղեկատվության արտահանման դեպքում՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների բնագավառի լիազոր մարմնի կողմից.

4) հետևյալ հավաստագրերը՝

ա. դեղագործական արտադրանքի ներմուծման (համապատասխանության) հավաստագիրը, որը տրվում է Հայաստանի Հանրապետության տարածք դեղեր, դեղանյութեր, դեղաբուսական հումք և հետազոտվող դեղագործական արտադրանք ներմուծելու, այդ թվում՝ զուգահեռ ներմուծման համար, առողջապահության բնագավառի լիազոր մարմնի կողմից,

բ. դեղագործական արտադրանքի արտահանման (համապատասխանության) հավաստագիրը, որը պարտադիր պահանջվող փաստաթուղթ չէ և տրամադրվում է հայտարարատուի ցանկությամբ՝ առողջապահության բնագավառի լիազոր մարմնի կողմից.

5) հետևյալ եզրակացությունները՝

ա. պեստիցիդների և ագրոքիմիկատների ներմուծման և արտահանման եզրակացություն, որը տրվում է բույսերի պաշտպանության միջոց հանդիսացող պեստիցիդների և պարարտանյութ հանդիսացող ագրոքիմիկատների ներմուծման, արտահանման և տեղափոխման դեպքում՝ Հայաստանի Հանրապետությունում բուսասանիտարիայի բնագավառում պետական վերահսկողություն իրականացնող լիազոր մարմնի կողմից,

բ. «Արտահանվող և ձեռք բերված փայտանյութի կամ դրանից պատրաստված ապրանքների համապատասխանության մասին» եզրակացությունը, որը տրվում է փայտանյութի և դրանից արտադրանքի, փայտածուխի արտահանման համար՝ շրջակա միջավայրի բնագավառի լիազոր մարմնի կողմից,

գ. այն երկակի նշանակության ապրանքների մասով եզրակացություն, որոնց տեղափոխման համար անհրաժեշտ է համապատասխան եզրակացությունը, որը տրվում է լիցենզավորված փորձագիտական ընկերության կողմից,

դ. ռազմական նշանակության ապրանքների տեղափոխման համար համապատասխան եզրակացություն, որը տրվում է լիցենզավորված փորձագիտական ընկերության կողմից.

6) հետևյալ վերահսկողության ակտերը՝

ա. կարանտինային բուսասանիտարական հսկողության (վերահսկողության) ակտ, որը տրվում է կարանտինային բուսասանիտարական հսկողության (վերահսկողության) ենթակա՝ կարանտինային հսկողության վերցված արտադրանքի (կարանտինային հսկողության վերցված բեռների, կարանտինային հսկողության վերցված նյութերի, կարանտինային հսկողության վերցված ապրանքների)՝ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման և տեղափոխման դեպքում՝ բուսասանիտարիայի բնագավառում վերահսկողություն իրականացնող լիազոր մարմնի կողմից,

բ. պետական վերահսկողության ակտը, որը տրվում է թանկարժեք քարերի, թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղների ջարդոնի և թափոնի՝ Հայաստանի Հանրապետության տարածքից Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններ արտահանման համար և Հայաստանի Հանրապետության տարածք Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններից ներմուծման դեպքում՝ էկոնոմիկայի բնագավառի լիազոր մարմնի կողմից։

5. Սույն կարգի իմաստով թույլատվական փաստաթղթեր են նաև հետևյալ փաստաթղթերը, որոնք տրամադրվում են սույն կարգին համապատասխան.

1) այն ապրանքների ներմուծման կամ արտահանման համար տրամադրվող փաստաթղթերը, որոնց ներմուծման կամ արտահանման համար նախատեսված են սահմանափակումներ (այդ թվում՝ քանակական) կամ

2) ներմուծման կամ արտահանման համար նախատեսված՝ բացառիկ իրավունքը հաստատող փաստաթղթերը կամ

3) այն գյուղատնտեսական ապրանքների առանձին տեսակների ներմուծման կամ արտահանման լիցենզիաները, թույլտվությունները կամ հավաստագրերը, որոնց նկատմամբ ընդունվել է սակագնային քվոտայի և թույլտվության տրամադրման սահմանման մասին որոշում։

6. Թույլատվական փաստաթղթեր տրամադրվում են, ինչպես նաև դրանց ստացման համար ներկայացվող հայտերը, ենթահայտերը, դիմումները և ուղեկցող փաստաթղթերը լրացվում և ներկայացվում են էլեկտրոնային եղանակով՝ «Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» էլեկտրոնային հարթակում հասանելի «Թույլատվական փաստաթղթեր» համակարգի միջոցով՝ բացառությամբ սույն կարգի 7-րդ կետով սահմանված դեպքերի:

7. Անհաղթահարելի ուժի առկայության դեպքերում, ինչպես նաև օտարերկրյա պետական մարմիններին, իրավաբանական և ֆիզիկական անձանց ներկայացնելու անհրաժեշտության դեպքում թույլատվական փաստաթղթերը կարող են տրամադրվել նաև թղթային տարբերակով։

8. Թույլատվական փաստաթղթերի տրամադրումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության համապատասխան բնագավառը կարգավորող օրենսդրությամբ սահմանված կարգով և սույն կարգով սահմանված ժամկետներում՝ բացառությամբ սույն կարգի 11-րդ կետի։

9. Թույլատվական փաստաթղթի տրամադրումը կամ այդ փաստաթղթի տրամադրման մերժումը պետական կառավարման լիազոր մարմնի կողմից իրականացվում է համապատասխան հայտը (ենթահայտը, դիմումը) գրանցելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում՝ բացառությամբ սույն կարգի 11-րդ կետի։

10. Անկախ սույն կարգի 9-րդ կետից՝ թույլատվական փաստաթղթի տրամադրումը փորձաքննության արդյունքների և (կամ) լրացուցիչ փաստաթղթերի և տեղեկությունների ներկայացման պահանջի հետ կապված լինելու դեպքում թույլատվական փաստաթուղթը լիազոր մարմնի կողմից տրամադրվում է կամ դրա տրամադրումը մերժվում է փորձաքննության արդյունքների կամ համապատասխան փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների ստացման պահից առավելագույնը մեկ աշխատանքային օրվա ընթացքում՝ բացառությամբ սույն կարգի 11-րդ կետի։

11․ Թանկարժեք քարերի, թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղների ջարդոնի և թափոնի մասով պետական վերահսկողության ակտի, սակագնային քվոտայի շրջանակներում գյուղատնտեսական ապրանքների առանձին տեսակների և միջուկային և ռադիոակտիվ նյութերի թույլատվական փաստաթղթերի տրամադրումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության համապատասխան բնագավառը կարգավորող օրենսդրությամբ սահմանված ժամկետներում։

(11-րդ կետը խմբ. 07.03.24 N 341-Ն)

(հավելվածը խմբ. 07.03.24 N 341-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

23.11.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 նոյեմբերի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
30.05.2024, N 773-Ն 09.06.2024, N 2017-Ն
07.03.2024, N 341-Ն 08.03.2024, N 2017-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան