Գլխավոր տեղեկություն
Համար
N 264-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.03.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.03.04-2024.03.17 Պաշտոնական հրապարակման օրը 23.02.2024
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.02.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.02.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.03.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 փետրվարի 2024 թվականի N 264-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 16-Ի N 173-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի փետրվարի 16-ի «Սուրհանդակային կապի օպերատորի գործունեության կանոնակարգը հաստատելու մասին» N 173-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«ՍՈՒՐՀԱՆԴԱԿԱՅԻՆ ԿԱՊԻ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻՆ ԵՎ ՄԵՔԵՆԱՅԱՑՄԱՆ, ԱՎՏՈՄԱՏԱՑՄԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱՅՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՄԻՋՈՑՈՎ ՍՈՒՐՀԱՆԴԱԿԱՅԻՆ ԿԱՊԻ ՕՊԵՐԱՏՈՐԻՑ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՍՈՒՐՀԱՆԴԱԿԱՅԻՆ ԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎՈՂՆԵՐԻՑ ՀԱՎԱՔԱԳՐՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ».

2) որոշման նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«Փոստային կապի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «թ» կետին և 10-րդ հոդվածի «ժգ» կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է․».

3) որոշման 1-ին կետը «կանոնակարգը» բառից հետո լրացնել «և տեխնոլոգիական սարքավորումներին և մեքենայացման, ավտոմատացման և տեղեկատվայնացման միջոցներին ներկայացվող նվազագույն պահանջները և դրանց միջոցով սուրհանդակային կապի օպերատորից, ինչպես նաև սուրհանդակային կապի ծառայություններից օգտվողներից հավաքագրվող փաստաթղթերի և տեղեկությունների ցանկը» բառերով.

4) որոշման հավելվածի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«ՍՈՒՐՀԱՆԴԱԿԱՅԻՆ ԿԱՊԻ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻՆ ԵՎ ՄԵՔԵՆԱՅԱՑՄԱՆ, ԱՎՏՈՄԱՏԱՑՄԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱՅՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՄԻՋՈՑՈՎ ՍՈՒՐՀԱՆԴԱԿԱՅԻՆ ԿԱՊԻ ՕՊԵՐԱՏՈՐԻՑ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՍՈՒՐՀԱՆԴԱԿԱՅԻՆ ԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎՈՂՆԵՐԻՑ ՀԱՎԱՔԱԳՐՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ»․

5) որոշման հավելվածի 1-ին կետը «ծառայությունների մատուցման սկզբունքները» բառերից հետո լրացնել «, սուրհանդակային կապի օպերատորից և սուրհանդակային կապի ծառայություններից օգտվողներից փաստաթղթերի և տեղեկությունների հավաքագրման հետ կապված հարաբերությունները» բառերով.

6) որոշման հավելվածի XIII գլխի վերնագիրը «ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅԱՆ» բառից հետո լրացնել «ԵՎ ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ» բառերով, իսկ «ՊԱՀԱՆՋՆԵՐԸ» բառից հետո լրացնել «ԵՎ ՍՈՒՐՀԱՆԴԱԿԱՅԻՆ ԿԱՊԻ ՕՊԵՐԱՏՈՐԻՑ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՍՈՒՐՀԱՆԴԱԿԱՅԻՆ ԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎՈՂՆԵՐԻՑ ՀԱՎԱՔԱԳՐՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ» բառերով.

7) որոշման հավելվածի 73-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ․

«Սուրհանդակային կապի օպերատորի տեխնոլոգիական սարքավորումները և մեքենայացման, ավտոմատացման և տեղեկատվայնացման միջոցները պետք է հնարավորություն ստեղծեն սուրհանդակային կապի օպերատորի ծառայություններից օգտվողների համար (բացառությամբ այն դեպքերի, երբ օպերատորները մատուցում են ներհանրապետական փոստային կապի ծառայություններ, ինչպես նաև բացառությամբ 1993 թվականի դեկտեմբերի 23-ին ԱՊՀ անդամ պետությունների կողմից ստորագրված՝ «Հատուկ կապի առաքումների միջպետական փոխանակման մասին» համաձայնագրի շրջանակներում իրականացվող փոխադրումների) սույն գլխով նախատեսված տեղեկությունները և փաստաթղթերը սուրհանդակային կապի օպերատորին ներկայացնելու համար։»․

8) որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 76-րդ, 77-րդ, 78-րդ և 79-րդ կետերով.

«76․ Սուրհանդակային կապի օպերատորի տեխնոլոգիական սարքավորումների և մեքենայացման, ավտոմատացման և տեղեկատվայնացման միջոցների (այսուհետ՝ համակարգ) օգտագործմամբ ապահովվում է մատակարարի (ուղարկողի) կողմից ստացված և (կամ) գնորդի (ստացողի) կողմից մուտքագրված՝ հետևյալ տեղեկությունների և փաստաթղթերի ներկայացումը մաքսային մարմիններին՝

1) ապրանքների մասով գործարքի իրականացումը հաստատող փաստաթղթերը, իսկ այդպիսի գործարքի բացակայության դեպքում՝ այլ փաստաթղթեր, որոնք հաստատում են ապրանքների տիրապետման, օգտագործման, տնօրինման իրավունքը, ինչպես նաև սուրհանդակային կապի օպերատորի ծառայություններից օգտվողների մոտ գտնվող այլ առևտրային փաստաթղթեր, որոնք պետք է պարունակեն ապրանքներն ուղարկողի, ստացողի կամ վաճառողի և գնորդի մասին տեղեկություններ.

2) տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերը.

3) ապրանքի ձեռքբերման դիմաց կատարված վճարման վերաբերյալ փաստաթղթերը (առկայության դեպքում)․

4) ապրանքներն ուղարկողի (վաճառողի) անվանումը․

5) ապրանքներն ստացողի (գնորդի) անվանումը․

6) ապրանքներն ստացողի (գնորդի) անձնագրային տվյալները․

7) ապրանքներն ստացողի (գնորդի) հասցեն, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն.

8) առաքանու համարը․

9) առաքանու քաշը․

10) ուղարկող երկրի և նշանակման երկրի անվանումը․

11) ապրանքների անվանումը (նկարագրությունը).

12) ապրանքների ԱՏԳ ԱԱ ծածկագիրը 6 նիշի մակարդակով․

13) ապրանքների արժեքը, արժույթը․

14) միջազգային փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների մասին տեղեկություններ (առկայության դեպքում)։

77․ Սույն հավելվածի 76-րդ կետի 1-4-րդ, 8-14-րդ ենթակետերով նախատեսված տեղեկություններն ապրանքներն ստացող հանդիսացող անձանց կողմից չներկայացման դեպքում, դրանց առկայությունը համակարգում ապահովում է սուրհանդակային կապի օպերատորը։

78․ Սույն հավելվածի 76-րդ կետով նախատեսված փաստաթղթերն ու տեղեկությունները մաքսային մարմնին են ներկայացվում մինչև «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրի առաջին հավելվածով հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 88-րդ հոդվածի 5-րդ կետով նախատեսված գործառնությունների իրականացումը։

79․ Սույն հավելվածի 76-րդ կետով սահմանված տվյալները մաքսային մարմիններին պետք է ներկայացվեն սուրհանդակային կապի օպերատորի կողմից կիրառվող համակարգով՝ «Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» (trade.gov.am) հարթակի միջոցով՝ փոստային կապի բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնի և մաքսային մարմնի համատեղ հրամանով սահմանված ձևաչափով։

Սույն որոշման 76-րդ կետով նախատեսված տվյալների հետ մեկտեղ սուրհանդակային կապի օպերատորը համակարգի միջոցով մաքսային մարմնին է տրամադրում առաքանու համարը, որը պետք է պարունակի նաև առաքանուն առնչվող փաստաթղթերի ներբեռնման համար ակտիվ էլեկտրոնային հղում, ինչպես նաև շտրիխ ծածկագիրը («Data Matrix» կամ այլ ձևաչափով), որի միջոցով մաքսային մարմինը նույնականացնում է տվյալ առաքանին փոխադրողի համակարգում։»։

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը՝ բացառությամբ սույն որոշման 3-րդ կետի։

3․ Սույն որոշման 1-ին կետի 8-րդ ենթակետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի փետրվարի 16-ի N 173-Ն որոշման հավելվածում լրացվող նոր՝ 79-րդ կետն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունիսի 1-ից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան


23.02.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 փետրվարի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան