Գլխավոր տեղեկություն
Համար
N 663-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.02.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ОВМИД РА 2014.12.17/69(1082) 23.02.2024
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
22.02.2024
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
22.02.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.02.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 663-Ա

«22» փետրվարի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԴԻՄՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Որոշմամբ լուծվող հարցի նկարագրությունը.

Երևանի քաղաքապետարան հասցեագրված Սմբատ Հակոբյանի 2024 հունվարի 25-ի թիվ Դ-11311-24 դիմումի հիման վրա «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի դրույթներին համապատասխան իրականացվել է վարչարարություն:

2024 հունվարի 25-ի թիվ Դ-11311-24 դիմումով ներկայացված՝ վնասի փոխհատուցման պահանջի քննության կապակցությամբ 2024 թվականի փետրվարի 9-ին, ժամը 10.00-ին հրավիրված լսումներին ներկայացել և մասնակցել է Սմբատ Հակոբյանը:

Ուսումնասիրելով 2024 հունվարի 25-ի թիվ Դ-11311-24 դիմումը, 2024 թվականի փետրվարի 12-ի թիվ Դ-19386-24 դիմումը, դրանց կից ներկայացված լուսանկարներն ու լիազորագիրը, 2024 թվականի փետրվարի 9-ին կազմված՝ վարչարարության շրջանակներում իրականացված լսումների վերաբերյալ արձանագրությունը, գնահատելով դիմումի առարկային առնչվող և լսումների ժամանակ ներկայացված բոլոր փաստական հանգամանքները, պարզվել է հետևյալը.

2. Որոշման կայացման համար հիմք հանդիսացող փաստերը.

Երևանի քաղաքապետարան հասցեագրված՝ 2024 հունվարի 25-ի թիվ Դ-11311-24 դիմումով, ինչպես նաև հրավիրված լսումների ժամանակ ներկայացված փաստարկներով Սմբատ Հակոբյանը, հիմք ընդունելով 2024 հունվարի 25-ի թիվ Դ-11311-24 դիմումով ներկայացված փաստական հանգամանքները, խնդրել է փոխհատուցել 2024 թվականի հունվարի 24-ին, առավոտյան ժամը 8:30-ի սահմաններում Երևան քաղաքի Աբովյան փողոցի և Սայաթ-Նովա պողոտայի խաչմերուկում, ծառը` «37RQ917» հաշվառման համարանիշի փոխադրամիջոցի վրա ընկնելու արդյունքում պատճառված վնասը:

2023 թվականի հունվարի 16-ին տրված տրանսպորտային միջոցի հաշվառման թիվ YB037978 վկայագրի համաձայն՝ «VAZ 11183-110-20» մակնիշի «37RQ917» հաշվառման համարանիշի փոխադրամիջոցը հանդիսանում է Աննա Հակոբյանի սեփականությունը:

2024 հունվարի 25-ի թիվ Դ-11311-24 և 2024 թվականի փետրվարի 12-ի թիվ Դ-19386-24 դիմումներին կից, ինչպես նաև 2024 թվականի փետրվարի 9-ին կայացած լսումների ժամանակ վնասի փոխհատուցման պահանջին առնչվող փաստական հանգամանքների ապացուցման նպատակով չեն ներկայացվել փոխադրամիջոցի վնասվածքներն առաջանալու պատճառների, վնասված փոխադրամիջոցի հետքաբանական և ապրանքագիտական փորձաքննության, պատահարի ու վնասի միջև պատճառահետևանքային կապը հիմնավորող՝ ոլորտում համապատասխան որակավորում ունեցող փորձագետի կողմից տրված փորձագիտական եզրակացություններ:

3. Որոշումն ընդունելու հիմնավորումները.

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անշարժ գույք են համարվում հողամասերը, ընդերքի մասերը, մեկուսի ջրային օբյեկտները, անտառները, բազմամյա տնկիները, ստորգետնյա և վերգետնյա շենքերը, շինությունները և հողին ամրակցված այլ գույքը, այսինքն՝ այն օբյեկտները, որոնք անհնար է հողից անջատել՝ առանց այդ գույքին կամ հողամասին վնաս պատճառելու կամ դրանց նշանակության փոփոխման, դադարման կամ նպատակային նշանակությամբ հետագա օգտագործման անհնարինության:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վնասներ են` իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), ինչպես նաև չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ):

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված իրավանորմերի բովանդակության վերլուծությունից հետևում է, որ գույքը վնասվելու հանգամանքով պայմանավորված՝ վնասի փոխհատուցման պահանջի իրավունքը պատկանում է վնասված գույքի սեփականատիրոջը, որպիսին քննարկվող պարագայում հանդիսանում է Աննա Հակոբյանը, մինչդեռ 2024 հունվարի 25-ի թիվ Դ-11311-24 դիմումը ներկայացվել է Սմբատ Հակոբյանի կողմից: Նշված հանգամանքը վնասի փոխհատուցման պահանջն իրավասու անձի կողմից ներկայացված լինելու հարցի պարզման շրջանակներում գնահատելու արդյունքում պարզվում է, որ 2024 հունվարի 25-ի թիվ Դ-11311-24 դիմումը ներկայացվել է դրա իրավունքը չունեցող անձի կողմից:

Ինչ վերաբերում է ի լրումն 2024 հունվարի 25-ի թիվ Դ-11311-24 դիմումի՝ 2024 թվականի փետրվարի 12-ի թիվ Դ-19386-24 դիմումին կից ներկայացված՝ Աննա Հակոբյանի կողմից Սմբատ Հակոբյանին տրված լիազորագրին, ապա դրա ուսումնասիրությամբ պարզվում է, որ այն տրվել է 2024 թվականի փետրվարի 12-ին, հետևաբար նշված լիազորագրով չի ապացուցվում 2024 թվականի հունվարի 25-ի դիմումը Աննա Հակոբյանի անունից, այն է՝ վերջինիս կողմից լիազորված անձի կողմից ներկայացված լինելու հանգամանքը, ուստի քննարկվող վարչարարության շրջանակներում վնասի փոխհատուցման պահանջ ներկայացրած անձ և դիմումատու հանդիսանում է Սմբատ Հակոբյանը:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1071.1-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անշարժ գույքի օգտագործման, տիրապետման, տնօրինման, շահագործման կամ կառուցապատման ընթացքում այլ անձանց կամ նրանց գույքին պատճառված վնասի հատուցման պատասխանատվությունը կրում է անշարժ գույքի սեփականատերը, եթե չի ապացուցում, որ վնասը ծագել է անհաղթահարելի ուժի կամ տուժողի դիտավորության հետևանքով:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ անձի և վարչական մարմնի փոխհարաբերություններում ապացուցման պարտականությունը կրում է` անձը` նրա համար բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում:

Ելնելով վերոգրյալից և նկատի ունենալով, որ վնասի փոխհատուցման պահանջը ներկայացվել է դրա իրավունքը չունեցող անձի կողմից, բացի այդ 2024 հունվարի 25-ի թիվ Դ-11311-24 և 2024 թվականի փետրվարի 12-ի թիվ Դ-19386-24 դիմումներին կից, ինչպես նաև վարույթի լսումների ժամանակ չեն ներկայացվել «VAZ 11183-110-20» մակնիշի «37RQ917» հաշվառման համարանիշի փոխադրամիջոցի վնասվածքներն առաջանալու պատճառների, վնասված փոխադրամիջոցի հետքաբանական և ապրանքագիտական փորձաքննության, պատահարի ու վնասի միջև պատճառահետևանքային կապը հիմնավորող՝ ոլորտում համապատասխան որակավորում ունեցող փորձագետի կողմից տրված փորձագիտական եզրակացություններ, որի պայմաններում իրականացված վարչարարությամբ չի ապացուցվել վնասի փոխհատուցման պահանջի հիմնավորվածությունը, ուստի հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ, 1058-րդ, 1071.1-րդ, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 43-րդ հոդվածների դրույթները՝

 

ՈՐՈՇԵՑԻ

 

1. Երևանի քաղաքապետարան հասցեագրված Սմբատ Հակոբյանի՝ վնասի փոխհատուցման պահանջի մասին 2024 թվականի հունվարի 25-ի թիվ Դ-11311-24 դիմումը մերժել:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:

3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

 

Տ. Ավինյան