ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 փետրվարի 2024 թվականի N 306-Ա
«ՄՇԱԿՈՒՅԹԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հիմնադրամների մասին» օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հիմնադրել «Մշակույթի զարգացման» հիմնադրամ (այսուհետ՝ հիմնադրամ):
2. Սահմանել, որ հիմնադրամի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է, որի անունից հանդես եկող պետական կառավարման լիազորված մարմինը Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն է:
3. Հաստատել հիմնադրամի կանոնադրությունը՝ համաձայն հավելվածի:
4. Հիմնադրամի գործադիր մարմնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել Կարեն Ավետիսյանին (նույնականացման քարտ՝ 013958103, վավերական է մինչև 18․01․2032):
5. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել՝
1) հիմնադրամի պետական գրանցումը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
2) Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի հաստատմանը ներկայացնել հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը:
6. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել հիմնադրամին անհատույց և անժամկետ oգտագործման իրավունքով գույք տրամադրելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
01.03.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ կառավարության 2024 թվականի փետրվարի 29-ի N 306-Ա որոշման |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«ՄՇԱԿՈՒՅԹԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. «Մշակույթի զարգացման» հիմնադրամը (այսուհետ` հիմնադրամ) հիմնադրի կամավոր գույքային վճարների հիման վրա ստեղծված և անդամություն չունեցող ոչ առևտրային կազմակերպություն է, որը գործում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, միջազգային պայմանագրերի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, սույն կանոնադրության և այլ իրավական ակտերի համաձայն:
2. Հիմնադրամի անվանումն է՝
1) հայերեն լրիվ` «Մշակույթի զարգացման» հիմնադրամ.
2) հայերեն կրճատ` ՄԶՀ.
3) ռուսերեն լրիվ` ФОНД ՛՛РАЗВИТИЯ КУЛЬТУРЫ՛՛.
4) ռուսերեն կրճատ` ФРK.
5) անգլերեն լրիվ` FOUNDATION FOR DEVELOPMENT OF CULTURE.
6) անգլերեն կրճատ` FFDOC:
3. Հիմնադրամն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության տարածքում, ինչպես նաև օտարերկրյա պետություններում՝ այդ պետությունների օրենսդրությանը համապատասխան:
4. Հիմնադրամի գտնվելու վայրն է՝ Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան 0010, փ. Արամի 1:
5. Հիմնադրամի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է, որի անունից հանդես եկող պետական կառավարման լիազորված մարմինը Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն է:
6. Հիմնադրամի շահառուներ են մշակույթի բնագավառի աշխատողները, մշակույթի բնագավառներում գործունեություն իրականացնող միջազգային կազմակերպությունները, Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա առևտրային ու ոչ առևտրային կազմակերպությունները, ֆիզիկական անձինք, այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերը:
7. Հիմնադրամը կարող է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստեղծել առանձնացված ստորաբաժանումներ (մասնաճյուղեր, ներկայացուցչություններ) և հիմնարկներ, որոնք գործում են հիմնադրամի անունից` հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հաստատած կանոնադրությանը համապատասխան:
8. Հիմնադիրը պատասխանատվություն չի կրում իր ստեղծած հիմնադրամի պարտավորությունների համար: Հիմնադրամը պատասխանատվություն չի կրում իր հիմնադրի պարտավորությունների համար:
9. Հիմնադրամն իրավունք ունի բացելու հաշիվներ նաև պետական ֆինանսների կառավարման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմնի գանձապետարանում:
10. Հիմնադրամն իրավաբանական անձ է և ստեղծված է համարվում օրենքով սահմանված կարգով պետական գրանցման պահից: Հիմնադրամն ունի իր անվանմամբ կլոր կնիք (հայերեն, ռուսերեն և անգլերեն գրառումներով): Հիմնադրամը կարող է ունենալ խորհրդանիշ, դրոշմներ ու բլանկներ, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով գրանցված ապրանքային, առևտրային և այլ նշաններ ու անհատականացնող այլ ռեկվիզիտներ: Հիմնադրամն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով բացել բանկային հաշիվներ Հայաստանի Հանրապետության գանձապետական համակարգում և բանկերում՝ դրամով կամ արտարժույթով:
11. Հիմնադրամն ինքնուրույն է որոշում իր գործունեության ռազմավարական ծրագրերը:
12. Հիմնադրամը որպես սեփականություն ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով, կարող է իր անունից կնքել պայմանագրեր, ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
13. Հիմնադրամն իր պարտավորություններով պատասխանատվություն է կրում իր գույքով օրենքով սահմանված կարգով:
14. Հիմնադրամի իրավունքները կարող են սահմանափակվել միայն օրենքով նախատեսված դեպքում և կարգով:
15. Հիմնադրամն ունի օրենքով չարգելված բոլոր եղանակներով իր քաղաքացիական իրավունքների ինքնապաշտպանության իրավունք:
16. Հիմնադրամը շահույթ ստանալու նպատակ չի հետապնդում: Տարբեր աղբյուրներից, ինչպես նաև իր տնտեսական գործունեությունից ստացված միջոցներն օգտագործում է միայն սույն կանոնադրությամբ սահմանված նպատակներով:
17. Հիմնադրամն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով վարում և ներկայացնում է հաշվապահական ու վիճակագրական հաշվետվություն:
II. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
18. Հիմնադրամի նպատակներն են՝ օժանդակել մշակույթի կառավարման արդյունավետ գործիքակազմի ներդրմանը, աջակցել պետական մշակութային կազմակերպությունների ֆինանսական ինքնավարության խթանմանը, ենթակառուցվածքների զարգացմանն ու արդիականացմանը, իրականացնել մշակութային և ստեղծարար ոլորտների զարգացմանն ուղղված հեռանկարային ծրագրեր, նպաստել հայկական մշակույթի միջազգայնացմանը:
19. Հիմնադրամի գործունեության առարկան է`
1) Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և այլ պետական մարմինների հետ համատեղ հիմնադրամի կանոնադրական նպատակներին վերաբերող ծրագրերի նախապատրաստումը և իրականացումը.
2) մշակույթի ոլորտում առկա խնդիրների վերլուծությունը.
3) մշակույթի զարգացման վերաբերյալ առաջարկությունների մշակումը և տվյալ բնագավառի համար պատասխանատու մարմիններին ներկայացնելը.
4) մշակութային կազմակերպությունների գործունեության խթանման և արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացումը.
5) մշակույթի ոլորտում մասնագիտական կարողությունների զարգացումը և շահառուների հմտությունների ու կարողությունների հզորացմանն ուղղված ծրագրերի իրականացումը.
6) մշակութային հարթակների ուսումնասիրությունը․
7) թանգարանային գործունեություն իրականացնող կազմակերպությունների վարչատնտեսական գործառույթների իրականացումը.
8) թանգարանային գործունեություն իրականացնող կազմակերպությունների մարքետինգային գործունեության ապահովումը.
9) մշակութային միջոցառումների իրականացումը.
10) մշակույթի ոլորտում մասնագիտացված գույքի, ծառայությունների և աշխատանքների տեխնիկական բնութագրերի մշակումը․
11) ցուցահանդեսների, միջոցառումների կազմակերպումը, տաղավարների կառուցապատումը և ձևավորումը.
12) թանգարանների հուշանվերային տնտեսության կազմակերպումը․
13) թատերահամերգային գործունեություն իրականացնող կազմակերպությունների վարչատնտեսական գործառույթների իրականացումը և հանրահռչակումը.
14) Հայաստանի Հանրապետության օրենսդրության և իր կանոնադրական նպատակների շրջանակում այլ գործառույթների իրականացումը:
III. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՒՅՔԸ
20. Հիմնադրի կողմից հիմնադրամին սեփականության իրավունքով հանձնված գույքը հիմնադրամի սեփականությունն է: Հիմնադիրը կարող է անհատույց օգտագործման իրավունքով գույք հանձնել հիմնադրամին։
21. Հիմնադրամը տիրապետում, օգտագործում ու տնօրինում է իրեն պատկանող և իր կողմից ձեռք բերված գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները` սույն կանոնադրությամբ սահմանված նպատակներով:
22. Հիմնադրամը որպես սեփականություն կարող է ունենալ շարժական և անշարժ գույք, դրամական միջոցներ, բաժնետոմսեր, այլ արժեթղթեր ու օրենքով չարգելված այլ գույք:
23. Հիմնադրամի գույքի ձևավորման աղբյուրներ կարող են լինել`
1) հիմնադրի կամավոր ներդրումները.
2) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից դրամական մուտքերը.
3) ֆիզիկական ու իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի նվիրատվությունները և նվիրաբերությունները, այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիների, իրավաբանական անձանց, միջազգային կազմակերպությունների նվիրատվություններն ու նվիրաբերությունները.
4) հիմնադրամի և իր ստեղծած կամ իր մասնակցությամբ տնտեսական ընկերությունների ձեռնարկատիրական գործունեությունից ստացված միջոցները.
5) դրամաշնորհները.
6) Հայաստանի Հանրապետության օրենքով չարգելված այլ աղբյուրներ:
24. Հիմնադրամի սեփականությունը չի կարող օգտագործվել ի շահ իր հիմնադրի, հիմնադրամի մարմինների անդամների, ինչպես նաև հիմնադրամի աշխատողների՝ բացառությամբ աշխատողների աշխատավարձի և, հիմնադրամի մարմինների անդամների պարտականությունների կատարմամբ պայմանավորված, փոխհատուցման ենթակա ծախսերի, ինչպես նաև այն դեպքերի, երբ հիմնադրամի հիմնադիրը, հիմնադրամի մարմինների անդամները, ինչպես նաև հիմնադրամի աշխատողները սույն կանոնադրությամբ նախատեսված շահառուներ են:
IV. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
25. Հիմնադրամը, իր կանոնադրության նպատակներին համապատասխան, իրավունք ունի`
1) անարգել տարածելու տեղեկություններ իր գործունեության մասին.
2) հիմնադրելու մամուլի և զանգվածային լրատվության այլ միջոցներ.
3) պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններից օրենքով սահմանված կարգով ստանալու տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են իր կանոնադրական նպատակներն իրականացնելու համար.
4) ստեղծելու առանձնացված ստորաբաժանումներ (մասնաճյուղեր, ներկայացուցչություններ) և հիմնարկներ Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում.
5) ստեղծելու տնտեսական ընկերություններ կամ լինելու նրանց մասնակիցը.
6) ֆիզիկական և իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի հետ կնքելու պայմանագրեր.
7) իրականացնելու օրենքով չարգելված այլ գործունեություն:
26. Հիմնադրամը կարող է զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ միայն այն դեպքում, երբ դա ծառայում է այն նպատակների իրականացմանը, որոնց համար ստեղծվել է հիմնադրամը և համապատասխանում է այդ նպատակներին:
27. Հիմնադրամը կարող է անձամբ զբաղվել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակներով՝
1) գովազդի ստեղծում, տարածման հետ կապված գործունեություն.
2) կրթական գործունեություն մշակույթի բնագավառում.
3) մշակութային կազմակերպությունների ձեռնարկատիրական գործունեությանն աջակցող ծրագրերի մշակում և իրականացում.
4) հրատարակչական գործ.
5) հուշանվերային արտադրանքի ստեղծում.
6) դիզայներական ծառայությունների մատուցում.
7) վեհաժողովների, առևտրային ցուցահանդեսների կազմակերպում.
8) գիտական հետազոտություններ։
28. Իր առջև դրված նպատակների արդյունավետ կատարումն ապահովելու համար հիմնադրամը`
1) ներգրավում է միջոցներ՝ իր կանոնադրական նպատակների իրականացման համար.
2) համագործակցում է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, ֆիզիկական և իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի, Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա հասարակական կազմակերպությունների, միջազգային տնտեսական ու ֆինանսական կառույցների, գործակալությունների և հիմնադրամների հետ:
29. Հիմնադրամը պարտավոր է`
1) գործել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, օրենքներին և իրավական ակտերին, ինչպես նաև սույն կանոնադրությանը համապատասխան.
2) յուրաքանչյուր տարի օրենքով սահմանված կարգով և ժամկետներում հրապարակել՝
ա. հաշվետվություն իր գործունեության մասին: Հաշվետվությունը պետք է ներառի տեղեկություններ իրականացված ծրագրերի, ֆինանսավորման աղբյուրների, ֆինանսական տարում օգտագործված միջոցների ընդհանուր չափի և դրանցում կանոնադրական նպատակների իրականացմանն ուղղված ծախսերի չափի, հիմնադրի, հոգաբարձուների խորհրդի անդամների, գործադիր մարմնի ղեկավարի և հիմնադրամի աշխատակազմում ընդգրկված անձանց անուններն ու ազգանունները, եթե նրանք օգտվել են հիմնադրամի միջոցներից և ծառայություններից հաշվետու տարվա ընթացքում,
բ. ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտն իրականացնող անձի (աուդիտորի) եզրակացությունը, եթե հիմնադրամի ակտիվների արժեքը գերազանցում է 10 մլն դրամը.
3) օրենքով սահմանված կարգով վարել գործավարություն և հաշվապահական հաշվառում.
4) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով տեղեկատվություն ու հաշվետվություններ ներկայացնել պետական մարմիններ.
5) իրականացնել օրենքով սահմանված այլ պարտականություններ:
V. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ԵՎ ՆՐԱՆՑ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
30. Հիմնադրամի մարմիններն են`
1) հիմնադրամի կառավարման բարձրագույն և հսկողություն իրականացնող մարմինը` հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը (այսուհետ` խորհուրդ).
2) հիմնադրամի ընթացիկ գործունեությունը ղեկավարող կառավարիչը` հիմնադրամի տնօրենը:
31. Խորհուրդը բաղկացած է 6 անդամից: Խորհրդի անհատական կազմը հաստատվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի մայիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության փոխվարչապետերի կողմից համակարգվող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության ոլորտները սահմանելու և Հայաստանի Հանրապետության փոխվարչապետերին հանձնարարություններ տալու իրավասություն վերապահելու մասին» N 565-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 3-րդ կետով սահմանված ոլորտների համակարգումն իրականացնող Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի ներկայացմամբ։ Ի պաշտոնե խորհրդի նախագահն է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը: Խորհրդի 2 անդամները նշանակվում են Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի կողմից՝ մշակույթի գծով նախարարի տեղակալներ: Խորհրդի մեկական անդամ նշանակվում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից։
32. Խորհրդի առաջին կազմի անդամների լիազորություններն սկսվում են հիմնադրամի պետական գրանցումից հետո՝ եռամսյա ժամկետը լրանալու հաջորդ օրվանից, իսկ եթե նշանակվել են հիմնադրամի խորհրդի բոլոր անդամները, ապա դրա հաջորդ օրվանից:
33. Խորհրդի անդամի լիազորությունը դադարելու դեպքում նրա փոխարեն նոր անդամ նշանակվում է նախկին անդամի նշանակման կարգով՝ ոչ ուշ, քան խորհրդի անդամի թափուր տեղ առաջանալու մասին տնօրենի ծանուցումն ստանալու օրվանից հետո` 30 օրվա ընթացքում: Հիմնադրամի տնօրենը, խորհրդի անդամի թափուր տեղ առաջանալու մասին տեղեկացված լինելու օրվանից ոչ ուշ, քան 10 օրվա ընթացքում, դրա մասին տեղեկացնում է հիմնադրին, խորհրդի անդամներին ներկայացրած և նշանակած անձանց կամ մարմիններին, հիմնադրամի մարմիններին:
34. Խորհրդի իրավասությանն են պատկանում`
1) հիմնադրամի ռազմավարական և տարեկան ծրագրերի հաստատումը.
2) հիմնադրամի բյուջեի և դրա փոփոխությունների, տարեկան ֆինանսական հաշվետվությունների ու հիմնադրամի գործունեության տարեկան հաշվետվությունների հաստատումը.
3) վերապատրաստումների վերաբերյալ հայտարարվող և անցկացվող մրցույթների մասին կանոնակարգի մշակումն ու հաստատումը պահպանելով գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջները.
4) հիմնադրամի գույքի տնօրինման կարգի հաստատումը.
5) հիմնադրամի վերակազմակերպման մասին որոշման ընդունումը.
6) հիմնադրամի լուծարման հարցով դատարան դիմելու մասին որոշման ընդունումը.
7) հիմնադրամի լուծարման հանձնաժողովի (լուծարողի) նշանակումը, լուծարման կարգի ու ժամկետների սահմանումը, լուծարման միջանկյալ հաշվեկշռի հաստատումը, լուծարման հաշվեկշռի հաստատումը.
8) խորհրդի անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին որոշումների ընդունումը.
9) հիմնադրամի տնօրենի և սույն կանոնադրությամբ սահմանված այլ մարմինների ընտրության ու նրանց լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին որոշումների ընդունումը.
10) սույն կանոնադրությամբ նախատեսված հիմնադրամի այլ մարմինների ձևավորումը.
11) սույն կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, կանոնադրությունը փոփոխելու, կանոնադրությունը նոր խմբագրությամբ հաստատելու մասին որոշումների ընդունումը.
12) տնտեսական ընկերությունների ստեղծման կամ դրանցում մասնակցության, ինչպես նաև առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների ստեղծման ու դրանց կանոնադրությունների հաստատման մասին որոշումների ընդունումը.
13) հիմնադրամի ֆինանսատնտեսական գործունեության վերահսկումը.
14) տարեկան մեկ անգամ տնօրենի հաշվետվությունները լսելը.
15) իր որոշումների կատարման ընթացքի վերահսկումը.
16) հիմնադրամի աուդիտ իրականացնող անձի (աուդիտորի) ընտրությունը.
17) հիմնադրամի կառուցվածքի հաստատումը.
18) հիմնադրամի հաստիքացուցակի հաստատումը.
19) տնօրենի աշխատանքային պայմանների և տնօրենի թեկնածուի նկատմամբ պահանջների սահմանումը.
20) իր կազմից խորհրդի քարտուղարի ընտրությունը.
21) հիմնադրամի կողմից կնքվող ցանկացած գործարքի՝ ներառյալ փոխկապակցված գործարքների հաստատումը, որոնց գումարը գերազանցում է հիմնադրամին սեփականության իրավունքով պատկանող գույքի արժեքի 20 տոկոսը.
22) հիմնադրամի բյուջեի վերաբաշխում կատարելու մասին որոշումների ընդունումը.
23) «Հիմնադրամների մասին» օրենքով, սույն կանոնադրությամբ նախատեսված, ինչպես նաև հիմնադրամի այլ մարմիններին չվերապահված այլ լիազորությունների իրականացումը:
35. Խորհրդի նախագահը`
1) կազմակերպում է խորհրդի աշխատանքները, կարող է կազմավորել հոգաբարձուների խորհրդի ժամանակավոր հանձնախմբեր.
2) գումարում է խորհրդի նիստերը և նախագահում դրանք.
3) կազմակերպում է նիստերի արձանագրության վարումը.
4) տնօրենի հետ կնքում է աշխատանքային պայմանագիր.
5) օրենքով նախատեսված դեպքերում խորհրդի քննարկմանն է ներկայացնում խորհրդի անդամների լիազորությունների դադարեցման մասին որոշման նախագիծ:
36. Հիմնադրամի տնօրենի իրավասությանն են պատկանում հիմնադրամի ընթացիկ գործունեության ղեկավարման բոլոր հարցերը՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենքով և սույն կանոնադրությամբ խորհրդի իրավասությանը վերաբերող հարցերի:
37. Հիմնադրամի տնօրենը`
1) կազմակերպում է խորհրդի որոշումների կատարումը.
2) տնօրինում է հիմնադրամի գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները, գործարքներ է կնքում հիմնադրամի անունից.
3) ներկայացնում է հիմնադրամը Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում.
4) գործում է առանց լիազորագրի.
5) տալիս է լիազորագրեր.
6) սահմանված կարգով կնքում է պայմանագրեր, այդ թվում` աշխատանքային.
7) բանկերում բացում է հիմնադրամի հաշվարկային (այդ թվում` արտարժութային) և այլ հաշիվներ.
8) խորհրդի հաստատմանն է ներկայացնում հիմնադրամի աշխատանքային ներքին կանոնակարգը, առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և հիմնադրամի կողմից հիմնադրվող տնտեսական ընկերությունների կանոնադրությունները, հիմնադրամի վարչակազմակերպական կառուցվածքը, հաստիքացուցակը.
9) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս պարտադիր կատարման համար ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.
10) սահմանված կարգով աշխատանքի է ընդունում և աշխատանքից ազատում է հիմնադրամի աշխատողներին.
11) հիմնադրամի աշխատողների նկատմամբ կիրառում է խրախուսման և կարգապահական պատասխանատվության միջոցներ.
12) հաշվետու է խորհրդին.
13) ընդունում է որոշում հիմնադրամին սեփականության իրավունքով պատկանող գույքի արժեքի մինչև 20 տոկոսը կազմող արժեքով ուղղակիորեն կամ անուղղակիորեն գույք ձեռք բերելու, օտարելու կամ օտարելու հնարավորության հետ կապված գործարքներ կատարելու մասին, իսկ հիմնադրամին սեփականության իրավունքով պատկանող գույքի արժեքի 20 տոկոսը գերազանցող արժեքով գործարք կատարելու մասին որոշում ընդունում է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հաստատմամբ:
38. Հիմնադրամի տնօրենն այլ կազմակերպություններում կարող է զբաղեցնել վճարովի պաշտոններ միայն խորհրդի համաձայնությամբ:
VI. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԸ
39. Խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է տարեկան առնվազն երկու անգամ գումարվող հերթական նիստերի միջոցով: Խորհրդի արտահերթ նիստ գումարում է խորհրդի նախագահը` իր կամ խորհրդի անդամների առնվազն մեկ երրորդի նախաձեռնությամբ` նախաձեռնողի սահմանած օրակարգով: Խորհրդի քարտուղարը 3 աշխատանքային օրվա ընթացքում խորհրդի արտահերթ նիստի օրակարգի և ժամկետի մասին գրավոր տեղեկացնում է խորհրդի անդամներին:
40. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է խորհրդի անդամների կեսից ավելին: Քվեարկության ժամանակ խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայն: Խորհրդի որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող անդամների ձայների մեծամասնությամբ:
41. Եթե խորհրդի նիստում քննարկվում է հիմնադրամի խորհրդի որևէ անդամի կամ նրա հետ փոխկապակցված անձի (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, զավակ, եղբայր և քույր) գույքային կամ այլ շահերի վերաբերյալ հարց, ապա խորհրդի տվյալ անդամը քվեարկությանը չի մասնակցում:
42. Հիմնադրամի տնօրենի ընտրության և պաշտոնից ազատման, ինչպես նաև հիմնադրամի անվանման փոփոխության, լուծարման և կանոնադրության փոփոխության կամ նոր խմբագրությամբ հաստատման մասին որոշումներն ընդունվում են խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
43. Խորհրդի անդամները կարող են նիստերին մասնակցել նաև ուղիղ հեռակապի միջոցով:
44. Խորհրդի որոշմամբ նիստերը կարող են կազմակերպվել հարցումների միջոցով` օգտվելով համացանցի (ինտերնետ) հնարավորություններից: Այդ դեպքում խորհրդի որոշումներն ընդունվում են նիստի օրակարգի մասին համացանցի միջոցով 10 օր առաջ տեղեկացված և 7 օրվա ընթացքում իրենց դիրքորոշումը ներկայացրած անդամների քվեարկությամբ:
45. Խորհրդի նիստերին կարող է մասնակցել հիմնադրամի տնօրենը:
46. Հիմնադրամի տնօրենը որոշումներն ընդունում է ինքնուրույն` ելնելով խորհրդի որոշումներից և հիմնադրամի շահերից:
47. Խորհրդի նիստերին կարող են մասնակցել «Հիմնադրամների մասին» օրենքով նախատեսված անձինք։
48. Հիմնադրամի մարմինների նիստերն արձանագրվում են: Արձանագրությունն ստորագրում են տվյալ նիստին մասնակցող հիմնադրամի մարմնի բոլոր անդամները, ինչպես նաև հիմնադրամի մարմնի նախագահը և տվյալ նիստի քարտուղարը:
VII. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ
49. Հիմնադրամի վերակազմակերպումը կատարվում է հիմնադրի որոշմամբ կամ հոգաբարձուների խորհրդի որոշմամբ՝ խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների որակյալ (2/3) մեծամասնությամբ:
50. Հիմնադրամը լուծարելու մասին որոշում կարող է ընդունել միայն դատարանը՝ շահագրգիռ անձանց դիմումի հիման վրա:
51. Հիմնադրամը կարող է լուծարվել, եթե՝
1) հիմնադրամի գույքը բավարար չէ նրա գործունեության իրականացման համար, և անհրաժեշտ գույք ստանալու հնարավորությունն իրական չէ.
2) հիմնադրամն իր գործունեությամբ շեղվել է կանոնադրությամբ նախատեսված նպատակներից.
3) հնարավոր չէ հասնել հիմնադրամի նպատակներին և կատարել այդ նպատակների փոփոխություններ.
4) հիմնադրամի գործունեությունը վտանգում է պետական և հասարակական անվտանգությունը, հասարակական կարգը, հանրության առողջությունն ու բարքերը, այլոց իրավունքներն ու ազատությունները.
5) հիմնադրամը թույլ է տվել օրենքի բազմակի կամ կոպիտ խախտումներ կամ պարբերաբար իրականացրել է իր կանոնադրական նպատակներին հակասող գործունեություն.
6) հիմնադրամն ստեղծելիս հիմնադիրը թույլ է տվել օրենքի էական խախտումներ կամ կեղծիքներ.
7) «Հիմնադրամների մասին» օրենքով նախատեսված այլ դեպքերում:
52. Հիմնադրամի լուծարումն իրականացվում է օրենքով սահմանված կարգով:
53. Հիմնադրամի լուծարմամբ պայմանավորված՝ պարտատերերի պահանջների բավարարումից հետո, ինչպես նաև այն դեպքում, երբ լուծարման միջանկյալ հաշվեկշիռը հաստատելու պահին հիմնադրամը չունի պարտավորություններ պարտատերերի նկատմամբ, հիմնադրամի մնացած գույքն ուղղվում է սույն կանոնադրությամբ նախատեսված նպատակներին, իսկ դրա անհնարինության դեպքում փոխանցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
54. Հիմնադրամի լուծարումը համարվում է ավարտված, իսկ նրա գործունեությունը դադարած՝ պետական գրանցման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
01.03.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|