ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 օգոստոսի 2019 թվականի N 1080-Ն
ԴԵՂԱՏՈՄՍԵՐ ԳՐԵԼՈՒ, ԴԵՂԵՐ ԲԱՑ ԹՈՂՆԵԼՈՒ (ՆԵՐԱՌՅԱԼ` ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ) ԿԱՐԳԸ, ԴԵՂԱՏՈՄՍԵՐԻ ՁԵՎԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԴԵՂԵՐԻ ԵՎ ԴԵՂԱՆՅՈՒԹԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-Ի N 1402-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 4-րդ մասը, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել`
1) դեղատոմսեր գրելու և դեղեր բաց թողնելու (ներառյալ` էլեկտրոնային եղանակով) կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) թղթային դեղատոմսերի ձևերը՝ համաձայն N 2 հավելվածի.
3) դեղերի և դեղանյութերի հաշվառման կարգը՝ համաձայն N 3 հավելվածի:
(1-ին կետը լրաց. 29.02.24 N 287-Ն)
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի նոյեմբերի 9-ի «Դեղատոմսերի ձևերը, դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու (ներառյալ էլեկտրոնային եղանակով) կարգը, ինչպես նաև դեղերի և դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու և Կառավարության 2001 թվականի օգոստոսի 14-ի N 759 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1402-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղերի, անվճար կամ արտոնյալ պայմաններով տրվող, ինչպես նաև համակարգային ազդեցությամբ հակավարակային (հակաբակտերիային, հակասնկային, հակամիկոբակտերիային, հակավիրուսային դեղերի, իմունային շիճուկների և իմունոգլոբուլինների, պատվաստանյութերի) և միզոպրոստոլ պարունակող դեղերի մասով, իսկ դեղատոմսով բաց թողնվող այլ դեղերի մասով` 2023 թվականի հունվարի 1-ից:
4. Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը տպագրված բոլոր ձևաթղթերի վրա կարող են դեղեր դուրս գրվել մինչև 2020 թվականի հունվարի 1-ը՝ պահպանելով սույն որոշմամբ հաստատված կարգի պահանջները:
5. Սույն որոշման 3-րդ կետի գործողությունը տարածվում է 2019 թվականի հուլիսի 1-ից ծագած իրավահարաբերությունների վրա:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. օգոստոսի 28 Երևան |
|
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2019 թվականիօգոստոսի 15-ի N 1080-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԴԵՂԱՏՈՄՍԵՐ ԳՐԵԼՈՒ ԵՎ ԴԵՂԵՐ ԲԱՑ ԹՈՂՆԵԼՈՒ (ՆԵՐԱՌՅԱԼ` ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ)
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են դեղատոմսեր գրելու, դեղատոմսային ձևաթղթերի տպագրության, բաշխման, հաշվառման, դեղատոմսային (դեղատնից դեղատոմսով բացթողման ենթակա) դեղերը բաց թողնելու (ներառյալ` էլեկտրոնային եղանակով), դեղատոմսերը դեղատանը հաշվառելու և պահելու հետ կապված հարաբերությունները:
2. «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ օրենք) 16-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դեղատոմսեր գրվում են Հայաստանի Հանրապետությունում դեղատոմսային գրանցված դեղերի համար՝ բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:
3. Դեղատոմսը կարող է գրվել էլեկտրոնային կամ թղթային տարբերակներով:
4. Էլեկտրոնային դեղատոմսերի համարակալումը, հաշվառումը, ինչպես նաև դրանց համապատասխան դեղերի դուրսգրումը և բացթողումն իրականացվում են էլեկտրոնային առողջապահության համակարգի (այսուհետ՝ համակարգ) միջոցով: Էլեկտրոնային դեղատոմսով դեղերի դուրսգրումը և բացթողումը, հաշվառումը համակարգի միջոցով իրականացվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2021 թվականի դեկտեմբերի 28-ի N 99-Ն հրամանի համաձայն։
(4-րդ կետը խմբ. 29.02.24 N 287-Ն)
5. Համակարգը պետք է ապահովի դեղի` ըստ համընդհանուր անվանման ընտրելու հնարավորություն՝ բացառելով որևէ դեղի գովազդը:
(5-րդ կետը փոփ. 29.02.24 N 287-Ն)
5.1. Դեղատոմսերը գրվում են միայն էլեկտրոնային տարբերակով, բացառությամբ սույն կարգի 6-րդ կետում նշված դեպքի, ինչպես նաև սույն կարգի 10-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված թմրամիջոց պարունակող դեղերի դեղատոմսերի, որոնք գրվում են միայն թղթային տարբերակով։
(5.1-ին կետը լրաց. 29.02.24 N 287-Ն)
(5.1-ին կետը դեղատոմսով բաց թողնվող՝ 29.02.24 N 287-Ն որոշման 3-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում չներառված այլ դեղերի, ինչպես նաև հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղերի դեղատոմսերի գրման մասով` ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից` համաձայն 29.02.24 N 287-Ն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետի «գ» պարբերության)
6. Դեղատոմսը թղթային տարբերակով գրվում է այն դեպքում, երբ համակարգը տեխնիկական խնդիրների պատճառով հասանելի չէ: Տեխնիկական խնդիրը կարգավորելուց հետո այն մուտքագրվում է համակարգ, վերջինիս հասանելիությունը վերականգնվելուց հետո՝ նույն օրվա ընթացքում։ Էլեկտրոնային դեղատոմսի առկայության պայմաններում թղթային տարբերակը տպագրվում է համակարգից և տրամադրվում է պացիենտին կամ նրա օրինական ներկայացուցչին՝ վերջիններիս պահանջի դեպքում:
(6-րդ կետը խմբ. 29.02.24 N 287-Ն)
II. ԴԵՂԱՏՈՄՍԵՐԻ ԳՐՈՒՄԸ
(վերնագիրը փոփ. 29.02.24 N 287-Ն)
7. Դեղատոմս գրելու իրավունք ունեն բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող լիցենզավորված իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ (այսուհետ՝ բժշկական հաստատություն) մոտ աշխատող բժիշկները:
8. Դեղատոմսը պետք է պարունակի հետևյալ տվյալները՝
1) բժշկական հաստատության անվանումը, լիցենզիայի համարը կամ հարկ վճարողի հաշվառման համարը, գտնվելու (անհատ ձեռնարկատիրոջ՝ բնակության) վայրը և հեռախոսահամարը.
2) պացիենտի անունը, ազգանունը, բնակության վայրը (ամբողջությամբ).
3) պացիենտի ծննդյան տարեթիվը կամ տարիքը, ընդ որում՝ մինչև 5 տարեկան երեխաների տարիքը գրվում է տարիներով և ամիսներով.
4) թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղերի դուրսգրման դեպքում պացիենտի անձը հաստատող փաստաթղթի տվյալները կամ հանրային ծառայությունների համարանիշը (այսուհետ՝ ՀԾՀ) կամ ՀԾՀ-ից հրաժարվելու դեպքում՝ ՀԾՀ չստանալու մասին տեղեկանքի համարը.
5) զեղչի չափը` ըստ անհրաժեշտության.
6) նույն դեղատոմսով, դեղատոմսում դուրս գրված նույն քանակով դեղի բացթողումների թիվը (մեկ անգամ, երկու անգամ, երեք անգամ)՝ ըստ անհրաժեշտության.
7) նշանակվող դեղի վերաբերյալ տվյալները՝ դեղի անվանումը, դեղաչափը, դեղաձևը, քանակը, բաղադրակազմը և պատրաստման ու բացթողման ցուցումները (դեղատանը պատրաստվող դեղերի համար), նշանակվող դեղի միանվագ կիրառման չափաբաժինը, կիրառման եղանակը, ժամանակը (ըստ անհրաժեշտության նշելով կապը սննդի ընդունման և օրվա ժամերի հետ), հաճախականությունը և տևողությունը (оրերով).
8) դեղատոմսը գրելու ամսաթիվը և ուժի մեջ գտնվելու ժամկետը.
9) բժշկի անունը, ազգանունը, աշխատանքային հեռախոսահամարը.
10) բժշկի ստորագրությունը` թղթային դեղատոմսի դեպքում:
(8-րդ կետը լրաց., խմբ. 29.02.24 N 287-Ն)
9. Էլեկտրոնային դեղատոմսը, սույն կարգի 8-րդ կետում նշված տվյալներից բացի, պետք է պարունակի նաև՝
1) ախտորոշման ծածկագիրը՝ հիվանդությունների դասակարգման համաձայն.
2) դեղի անատոմիական-բուժական-քիմիական ծածկագիրը՝ ըստ գրանցամատյանի.
3) պացիենտի ՀԾՀ-ն կամ ՀԾՀ-ից հրաժարվելու դեպքում՝ ՀԾՀ չստանալու մասին տեղեկանքի համարը, ծննդյան ամսաթիվը, սեռը.
4) բժշկի մասնագիտացումը.
5) արժեքի լրիվ կամ մասնակի փոխհատուցմամբ (այսուհետ՝ փոխհատուցվող) դեղերի տրամադրումը հիմնավորող փաստաթղթի համարը, տրման ամսաթիվը և ուժի մեջ գտնվելու ժամկետը.
6) լիազորված անձի դեպքում` անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները կամ ՀԾՀ-ն կամ ՀԾՀ-ից հրաժարվելու դեպքում՝ ՀԾՀ չստանալու մասին տեղեկանքի համարը.
7) էլեկտրոնային դեղատոմսը թղթային տարբերակով ներկայացնելու դեպքում փաստաթղթերի վավերականացման համար QR կոդը՝ Հայաստանի Հանրապետության պաշտոնական փաստաթղթերի վավերականության ստուգման միասնական համակարգում դեղատոմսի վավերականությունը ստուգելու նպատակով։
(9-րդ կետը խմբ. 29.02.24 N 287-Ն)
10. Հայաստանի Հանրապետությունում կիրառվում են սույն որոշման N 2 հավելվածով հաստատված դեղատոմսերի ձևաթղթերի հետևյալ ձևերը՝
1) N 1 դեղատոմսային ձև` թմրամիջոց պարունակող դեղերի համար` թղթային տարբերակով.
2) N 2 դեղատոմսային ձև` հոգեմետ (հոգեներգործուն) նյութ պարունակող դեղերի համար` էլեկտրոնային կամ թղթային տարբերակով.
3) N 3 դեղատոմսային ձև՝ փոխհատուցվող դեղերի համար` էլեկտրոնային կամ թղթային տարբերակով.
4) N 4 դեղատոմսային ձև՝ դեղերի և դեղանյութերի մեկանգամյա կամ բազմակի բացթողման համար` էլեկտրոնային կամ թղթային տարբերակով:
(10-րդ կետը խմբ. 29.02.24 N 287-Ն)
11. Դեղատոմսային ձևաթղթի վրա լրացվում են բժշկական հաստատության վերաբերյալ սույն կարգի 8-րդ կետի 1-ին ենթակետում սահմանված տվյալները կամ դրվում է այդ տվյալները պարունակող դրոշմակնիք: Էլեկտրոնային դեղատոմսի դեպքում սույն կարգի 8-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված տվյալները ներբեռնվում են համակարգից ինքնաշխատ եղանակով:
(11-րդ կետը լրաց. 29.02.24 N 287-Ն)
12. Դեղատոմսը լրացնում է անձամբ բժիշկը հայերենով, իսկ դեղի բաղադրակազմին, դեղաչափին, դեղաձևին և դեղատանը դեղի պատրաստմանն ու բացթողմանը վերաբերող մասում կարող են օգտագործվել նաև անգլերեն կամ լատիներեն գրառումներ՝ սույն կարգի 36-րդ կետով թույլատրված լատիներեն կրճատումներով:
13. Դեղատոմսը լրացնելիս չկիրառել կամայական կրճատումներ կամ «Հայտնի է», «Ներքին», «Արտաքին» և այլ ընդհանուր ցուցումներ:
14. Թղթային դեղատոմսերը գրվում են ընթեռնելի ձեռագրով, գրիչով` առանց ուղղումների կամ կարող են տպագրվել՝ պահպանելով սույն կարգով սահմանված պահանջները:
15. Բժշկի անունը, ազգանունը, հեռախոսահամարը լրացնելու փոխարեն թղթային դեղատոմսերի համար կարող է օգտագործվել բժշկի տվյալները պարունակող դրոշմակնիք:
16. Յուրաքանչյուր դեղատոմսային ձևաթղթի վրա դուրս է գրվում մեկ դեղ:
17. Դեղատոմսում անհրաժեշտ է՝
1) կիրառել միայն արաբական թվեր՝ թվից հետո նշելով չափման միավորը (օրինակ՝ 30 մգ).
2) ընդունման հաճախականությունը նկարագրել բառերով (օրինակ՝ օրը երկու անգամ).
3) բացթողման ընդհանուր քանակը նշել ըստ դեղաձևի միավորների (օրինակ՝ 90 դեղահատ, 5 սրվակ).
4) թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղի քանակը միաժամանակ նշել թվերով և տառերով (օրինակ՝ 20 (քսան) դեղահատ).
5) պատրաստվող դեղերի դեղագրություններում թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղերի անվանումները գրել սկզբում:
18. Դեղատոմսեր չեն գրվում բացառապես հիվանդանոցային պայմաններում կիրառվող հետևյալ դեղերի՝ կետամինի, ֆենտանիլի, թիոպենտալի, նատրիումի օքսիբուտիրատի, ալֆենտանիլի, սուֆենտանիլի և ռեմիֆենտանիլի ներարկման դեղաձևերի, ինչպես նաև բուպրենորֆինի ներքին ընդունման դեղաձևերի համար:
19. Հիվանդանոցային պայմաններում բուժում ստացող պացիենտներին դեղերը տրամադրվում են բժշկական փաստաթղթում բժշկի կողմից կատարված նշանակման հիման վրա:
20. Թույլատրվում է մեկ դեղատոմսում գրել թմրամիջոցներ պարունակող դեղ 10 օրացուցային օրվա ընթացքում բուժում ստանալու համար: Այն դեպքում, երբ մինչև 10-օրյա ժամկետի ավարտը, պացիենտի առողջական վիճակից կախված, անհրաժեշտ է կատարել դեղաչափի կամ դեղի փոփոխություն, դուրս է գրվում նոր դեղատոմս:
21. Բացի թմրամիջոցներ պարունակող դեղերից մնացած հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղերը մեկ դեղատոմսում թույլատրվում է դուրս գրել մեկ ամսվա համար անհրաժեշտ քանակով: Միայն էպիլեպսիայի դեպքում կարելի է նշանակել ֆենոբարբիտալ և կլոնազեպամ երկու ամսվա բուժման համար: Մնացած բոլոր դեղերի քանակը մեկ դեղատոմսում չպետք է գերազանցի բուժման համար անհրաժեշտ քանակը, իսկ քրոնիկական հիվանդությունների դեպքում առավելագույնը վեց ամսվա բուժման համար անհրաժեշտ քանակը, որը կարող է դուրս գրվել մեկ դեղատոմսային ձևաթղթի վրա կամ երկուսից երեք ձևաթղթերի վրա՝ յուրաքանչյուրն առավելագույնը երկու ամսվա համար նախատեսված քանակներով:
22. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ փոխհատուցվող դեղ ստանալու իրավունք ունեցող պացիենտներին փոխհատուցվող դեղերի դեղատոմսեր կարող են գրվել միայն համապատասխան լիցենզիա ունեցող բժշկական հաստատության բժշկի կողմից մեկ ամսվա համար: Պացիենտի գանգատների բացակայության դեպքում` երկրորդ և երրորդ ամիսների համար դեղատոմսերը համակարգի միջոցով կարող են առանց որևէ փոփոխության կրկնօրինակվել բուժող բժշկի բուժքրոջ կողմից և հաստատվել բժշկի կողմից: Թմրամիջոց պարունակող և միաժամանակ փոխհատուցվող դեղերը դուրս են գրվում N 1 դեղատոմսային ձևի վրա, հոգեմետ (հոգեներգործուն) նյութ պարունակող և միաժամանակ փոխհատուցվող դեղերը դուրս են գրվում N 2 դեղատոմսային ձևի վրա:
(22-րդ կետը խմբ. 29.02.24 N 287-Ն)
23. Փոխհատուցվող դեղեր դուրս գրելիս կատարվում է նշում զեղչի չափի մասին դեղատոմսի համապատասխան հատվածներում (100%, 50%, 30%):
24. Բազմակի բացթողման անհրաժեշտության դեպքում N 4 դեղատոմսային ձևաթղթի համապատասխան հատվածներում կատարվում է նշում նույն քանակով դեղի բացթողումների թվի մասին (երկու անգամ կամ երեք անգամ) կամ դեղատոմսը դուրս է գրվում երկու կամ երեք օրինակից՝ ստորագրելով բոլոր օրինակները:
25. Բազմակի բացթողման ենթակա չեն թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղերը, դեղանյութերը, համակարգային ազդեցությամբ հակավարակային դեղերը, իմունաբանական և ռադիոակտիվ դեղերը, ինչպես նաև փոխհատուցվող դեղերը:
26. Դեղատանը պատրաստվող դեղերի դեղագրություններում չեն կարող դուրս գրվել հետևյալ դեղանյութերը՝
1) համակարգային ազդեցությամբ հակաբակտերիային, հակամիկոբակտերիային և ուռոլոգիայում կիրառվող հակավարակային դեղանյութեր.
2) անաբոլիկներ և սեռական հորմոններ.
3) համակարգային ազդեցությամբ գլյուկոկորտիկոիդներ:
27. Դեղատոմսերում դեղերը գրվում են համընդհանուր անվանումներով՝ օրենքի 25-րդ հոդվածի 10-րդ մասին համապատասխան: Դեղի առևտրային անվանումով դեղատոմս գրելը հնարավոր է միայն բժշկի պատճառաբանված հիմնավորման դեպքում: Թղթային դեղատոմսի դեպքում հիմնավորումը նշվում է դեղատոմսի դարձերեսին, իսկ էլեկտրոնային դեղատոմսի դեպքում այդ նպատակի համար առանձնացված դաշտում:
(27-րդ կետը փոփ. 29.02.24 N 287-Ն)
28. Դեղատոմսային ձևաթղթի վրա գրված դեղի վերաբերյալ տվյալները նույնությամբ գրանցվում են բժշկական փաստաթղթերում, որոնք պահպանվում են բժշկական հաստատությունում: Փաստաթղթերում անհրաժեշտ է նշել նաև պացիենտին կամ նրա օրինական ներկայացուցչին կամ լիազորված անձին դեղատոմսը տրամադրելու, փոխհատուցման կամ բազմակի բացթողման մասին, ինչպես նաև ներառել դեղն առևտրային անվանմամբ բաց թողնելու հիմնավորումը:
29. Դեղատոմսային ձևաթղթի վրա թույլատրվում է լրացնել, տեղադրել կամ նշել միայն սույն կարգով սահմանված տեղեկությունները:
30. Թղթային դեղատոմսը հաստատվում է բժշկի ստորագրությամբ: Թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղի դեղատոմսն ստորագրությամբ հաստատվում է նաև բժշկական հաստատության տնօրենի, իսկ վերջինիս բացակայության դեպքում` տնօրենին փոխարինող անձի կողմից: Մի քանի օրինակից գրվող դեղատոմսերի առաջին օրինակի և պատճենի (պատճենների) վրա պետք է առկա լինի բժշկի բնօրինակ ստորագրությունը:
(30-րդ կետը փոփ. 29.02.24 N 287-Ն)
31. Դեղատոմս գրող բժիշկը հաշվառում է N 1 և N 2 ձևաթղթերի վրա գրված դեղատոմսերն ըստ տեսակների առանձնացված մատյաններում, որոնց էջերը համարակալվում, կարվում և հաստատվում են բժշկական հաստատության տնօրենի ստորագրությամբ: Մատյանում գրիչով նշվում են դուրսգրման ամիսը, ամսաթիվը, պացիենտի անունը, ազգանունը, բնակության վայրը, բժշկական փաստաթղթի համարը, զեղչի հիմքը և չափը (տոկոսով), դեղատոմսի համարը, բովանդակությունը և պացիենտի ստորագրությունը: N 2 և N 3 ձևաթղթերի վրա գրված էլեկտրոնային դեղատոմսերի գրանցամատյանը էլեկտրոնային համակարգում ձևավորվում է ինքնաշխատ եղանակով: N 4 ձևաթղթի վրա գրված էլեկտրոնային դեղատոմսերի գրանցամատյան չի վարվում:
(31-րդ կետը խմբ. 29.02.24 N 287-Ն)
32. Մատյանները պահպանվում են վերջին գրանցումը կատարելուց հետո 5 տարի ժամկետով:
33. Դեղատոմսերն ուժի մեջ են գրման օրվանից հետևյալ ժամկետներում՝
1) թմրամիջոց կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութ պարունակող դեղի դեղատոմսը՝ 10 օր.
2) փոխհատուցվող դեղի դեղատոմսը՝ 30 oր.
3) միանվագ բացթողման դեղի դեղատոմսը՝ 30 օր.
4) բազմակի բացթողման դեղի դեղատոմսը՝ 180 օր:
(33-րդ կետը փոփ. 29.02.24 N 287-Ն)
34. Դեղատոմսը տրամադրվում է պացիենտին կամ նրա օրինական ներկայացուցչին կամ լիազորված անձին՝ միաժամանակ տեղեկացնելով դեղատանը դեղը համարժեք դեղով փոխարինելու հնարավորության մասին և կամ հիմնավորելով տվյալ առևտրային անվանմամբ դեղն ընդունելու հանգամանքը:
35. Թղթային դեղատոմսը կորցնելու կամ ոչ պիտանի դառնալու դեպքում դուրս է գրվում նոր դեղատոմս «Կրկնօրինակ» հավելյալ գրառումով կամ դրոշմակնիքով՝ այդ մասին նշում կատարելով բժշկական փաստաթղթում (պացիենտի ամբուլատոր բժշկական քարտում կամ հիվանդության պատմագրում, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում, պացիենտի բուժմանը վերաբերող փաստաթղթերում՝ ամփոփաթերթում (էպիկրիզում), բժշկական հանձնաժողովի (կոնսիլիումի) որոշման մեջ):
36. Դեղատոմսը գրելու ժամանակ թույլատրվում է կիրառել հետևյալ լատիներեն կրճատումները.
Լատիներեն կրճատումը |
Ամբողջական բառը |
Հայերեն թարգմանությունը |
aa |
ana |
- ական, հավասար |
ac. acid. |
acidum |
թթու |
amp. |
ampulla |
ամպուլ |
aq. |
aqua |
ջուր |
aq. destill. |
aqua destillata |
թորած ջուր |
but. |
butyrum |
յուղ (կարծր) |
comp., cps., cp.| |
compositus (a,um) |
բարդ |
D. |
Da (Detur, Dentur) |
տուր |
D.S. |
Da, Signa |
տուր նշիր |
D.t.d. |
Da tales doses |
տուր այդպիսի դեղաչափեր |
Dil. |
dilutus |
նոսր |
extr. |
extractum |
հանուկ |
f. |
fiat (fiant) |
թող դառնա |
gtt. |
gutta, guttae |
կաթիլ (-ներ) |
inf. |
infusum |
ջրաթուրմ |
in amp. |
in ampullis |
ամպուլներում |
in tabl. |
in tab(u)lettis |
դեղահաբերով |
lin. |
linimentum |
հեղուկ քսուք |
liq. |
liquor |
հեղուկ |
M. |
Misce, Misceatur |
խառնիր |
N. |
Numero |
թվով |
Ol. |
oleum |
յուղ (հեղուկ) |
pulv. |
pulvis |
փոշի |
past. |
pasta |
մածուկ |
p.aeq |
partes aequales |
հավասար մասեր |
ppt., praec. |
praecipitatus |
նստեցված |
q.s. |
quantum satis |
որքան անհրաժեշտ է |
r., rad. |
radix |
արմատ |
Rp. |
Recipe |
վերցրու |
Rep. |
Repete, Repetatur |
կրկնիր |
rhiz. |
rhizoma |
կոճղարմատ |
S. |
Signa, Signetur |
նշիր |
sem. |
semen |
սերմ |
simpl. |
simplex |
պարզ |
sir. |
sirupus |
օշարակ |
sol. |
solutio |
լուծույթ |
sp. |
spiritus |
սպիրտ |
supp. |
suppositorium |
դեղամոմ |
tabl. |
tab(u)letta |
դեղահատ |
t-ra, tinct., tct |
tinctura |
ոգեթուրմ |
ung. |
unguentum |
քսուք |
vitr. |
vitrum |
սրվակ |
III. ԴԵՂԱՏՈՄՍԱՅԻՆ ՁԵՎԱԹՂԹԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ, ՏՊԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ, ԲԱՇԽՈՒՄԸ, ՊԱՀՊԱՆՈՒՄԸ, ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԴԵՂԱՏՈՄՍԵՐԻ ՀԱՄԱՐԱԿԱԼՈՒՄԸ
(վերնագիրը խմբ. 29.02.24 N 287-Ն)
37. Դեղատոմսային ձևաթղթերը տպագրվում են 148 մմ x 210 մմ չափսերով (A 5) թղթի վրա: Ձևաթղթի դիմերեսի վրա տպագրական դաշտը սահմանվում է թղթի եզրերից` վերևից և ներքևից 15 մմ, ձախից` 30 մմ, աջից` 10 մմ: Բոլոր ձևաթղթերի տառերը և գծերը սև են:
38. N 1 դեղատոմսային ձևաթուղթը տպագրվում է պաշտպանվածության աստիճան ունեցող (ջրային նշաններ) վարդագույն թղթի վրա: N 1 ձևաթուղթն ունի սերիա և համար, որը նշվում է վերին հատվածի կենտրոնում անմիջապես «Դեղատոմս թմրամիջոց պարունակող դեղի» գրառման տակ: Սերիան սկսվում է հայերեն այբուբենի «Ա» տառով, որից հետո գրվում է համարը: Ձևաթղթի համարը վեցանիշ թիվ է, համարակալումն սկսվում է աջից ձախ` 000001-ից: Մեկ սերիայում տպագրվում է 999999 ձևաթուղթ, որից հետո սերիան փոխվում է «Բ» տառի` համարակալումը կրկին սկսելով 000001-ից և այդպես շարունակ` ըստ անհրաժեշտության: N 1 ձևաթուղթը բաղկացած է առաջին էջից և դրան վերևի մասում միասնական հիմքով կպած մեկ սպիտակ պատճենից: Առաջին էջի և պատճենի սերիական համարները նույնն են:
39. N 2 դեղատոմսային ձևաթուղթը տպագրվում է երկնագույն թղթի վրա: N 2 ձևաթուղթն ունի սերիա և համար, որը նշվում է վերին հատվածի կենտրոնում անմիջապես «Դեղատոմս հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղի» թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) գրառման տակ: Սերիան սկսվում է հայերեն այբուբենի «Ա» տառով, որից հետո գրվում է համարը: Ձևաթղթի համարը վեցանիշ թիվ է, համարակալումը սկսվում է աջից ձախ` 000001-ից: Մեկ սերիայում տպագրվում է 999999 ձևաթուղթ, որից հետո սերիան փոխվում է «Բ» տառի` համարակալումը կրկին սկսելով 000001-ից և այդպես շարունակ` ըստ անհրաժեշտության: N 2 ձևաթուղթը բաղկացած է առաջին էջից և դրան վերևի մասում միասնական հիմքով կպած մեկ սպիտակ պատճենից: Առաջին էջի և պատճենի սերիական համարները նույնն են: Դեղի դուրսգրումը և բացթողումը նույն առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպություններում (այսուհետ՝ ԱԱՊ կազմակերպություն) իրականացնելու դեպքում կիրառվում է N 2 դեղատոմսային ձևաթուղթը, որը համապատասխանում է սույն կետի նկարագրությանը, սակայն տպագրվում է սպիտակ թղթի վրա և չունի պատճեն:
40. N 3 դեղատոմսային ձևաթուղթը տպագրվում է բաց կանաչ գույնի թղթի վրա: N 3 դեղատոմսային ձևաթուղթն ունի համար, որը նշվում է վերին հատվածի կենտրոնում անմիջապես «Դեղատոմս փոխհատուցվող դեղի» գրառման տակ: Համարը յոթանիշ թիվ է, համարակալումն սկսվում է աջից ձախ` 0000001-ից: N 3 դեղատոմսային ձևաթուղթը բաղկացած է առաջին էջից և դրան վերևի մասում միասնական հիմքով կպած մեկ սպիտակ պատճենից, առաջին էջի և պատճենի սերիական համարները նույնն են: Դեղի դուրսգրումը և բացթողումը նույն ԱԱՊ կազմակերպություններում իրականացնելու դեպքում կիրառվում է N 3 դեղատոմսային ձևաթուղթը, որը համապատասխանում է սույն կետի նկարագրությանը, սակայն տպագրվում է սպիտակ թղթի վրա և չունի պատճեն:
41. N 4 դեղատոմսային ձևաթուղթը տպագրվում է սպիտակ թղթի վրա՝ առանց սերիայի և համարի:
42. Բազմակի բացթողման համար N 4 դեղատոմսային ձևաթղթի վրա առանձնացվում է դաշտ՝ համապատասխան նշում կատարելու համար:
43. N 1 դեղատոմսային ձևաթղթերը տպագրում և բժշկական հաստատությանը տրամադրում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը (այսուհետ՝ նախարարություն)` կենտրոնացված կարգով:
(43-րդ կետը փոփ. 29.02.24 N 287-Ն)
44. NN 2, 3 և 4 դեղատոմսային ձևաթղթերի տպագրությունը բժշկական հաստատությունն ապահովում է ինքնուրույն:
45. N 1 դեղատոմսային ձևաթղթերի պաշարը բժշկական հաստատությունում չպետք է գերազանցի երեք ամսվա պահանջարկը:
46. Յուրաքանչյուր բժշկական հաստատություն նշանակում է պատասխանատու անձ՝ NN 1, 2 և 3 դեղատոմսային ձևաթղթերի ստացման, պահպանման, պաշարների լրացման և հաշվառման համար:
47. Դեղատոմսային ձևաթղթերի համար պատասխանատու անձը ձևաթղթերն ու դրանց հաշվառման մատյանները պահում է փակվող (կողպվող) մետաղական (չհրկիզվող) պահարանում:
48. NN 1, 2 և 3 դեղատոմսային ձևաթղթերի հաշվառումն իրականացվում է ըստ տեսակների առանձնացված մատյաններում, որոնց էջերը պետք է համարակալվեն, կարվեն և հաստատվեն բժշկական հաստատության տնօրենի ստորագրությամբ: Մատյանում գրիչով նշվում են դեղատոմսային ձևաթղթի սերիան (NN 1 և 2 ձևաթղթերի), հերթական համարը, ստացման ամսաթիվը, ձևաթուղթը բժշկին հանձնելու ամսաթիվը, քանակը, ում է տրվել (բժշկի անունը, ազգանունը), ձևաթուղթն ստացող բժշկի ստորագրությունը: Մատյանները ենթակա են պահպանման 5 տարի՝ դրանցում վերջին գրանցումը կատարելուց հետո:
49. Տարին մեկ անգամ բժշկական հաստատությունն ստուգում է դեղատոմսային ձևաթղթերի փաստացի առկայությունը և ծախսը` ըստ հաշվառման գրքում պատասխանատու անձի կատարած գրանցումների: Գրքային մնացորդի և փաստացի առկայության անհամապատասխանություն հայտնաբերելու դեպքում կազմվում է ակտ: Կորստի դեպքում ակտի մի օրինակն ուղարկվում է Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին:
50. Ստացած դեղատոմսային ձևաթղթերը բուժաշխատողները պետք է պահեն դրանց պահպանվածությունն ապահովող պայմաններում:
50.1. Էլեկտրոնային դեղատոմսերի համարակալումն իրականացվում է համակարգի կողմից ինքնաշխատ եղանակով։ Անվավեր ճանաչված էլեկտրոնային դեղատոմսերի համարներն այլևս չեն օգտագործվում։ Յուրաքանչյուր հաշվետու տարվա սկզբում էլեկտրոնային դեղատոմսերի ձևերի համարակալումը սկսվում է սկզբից (զրոյից): Համարը ներառում է բժշկական հաստատության հարկ վճարողի հաշվառման համարը, տվյալ տարվա տարեթիվը, դեղատոմսին բնորոշող տառ, վեցանիշ թիվ, որի հաշվարկը սկսվում է 000001-ից:
(50.1-ին կետը լրաց. 29.02.24 N 287-Ն)
IV. ԴԵՂԱՏՈՄՍԱՅԻՆ ԴԵՂԵՐԻ ԲԱՑԹՈՂՈՒՄԸ ԴԵՂԱՏՆԻՑ
51. Բոլոր դեղատոմսային դեղերը դեղատնից բաց են թողնվում սույն որոշմամբ հաստատված ձևերի դեղատոմսերով, որոնք դուրս են գրվել սույն կարգին համապատասխան:
52. Դեղատոմսում սույն կարգով սահմանված տվյալների առկայության դեպքում թույլատրվում է դեղեր բաց թողնել նաև արտերկրում գրված դեղատոմսերով՝ բացառությամբ թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղերի և դեղանյութերի ու փոխհատուցվող դեղերի: Դեղագետը կարող է պահանջել դեղատոմսի թարգմանություն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
(52-րդ կետը փոփ. 29.02.24 N 287-Ն)
53. Սույն կարգով սահմանված որոշ տվյալների բացակայության և (կամ) սխալների և (կամ) ուղղումների և (կամ) անհամատեղելի բաղադրատարրերի առկայության դեպքում դեղատան աշխատակիցը դեղատոմսը գրող բժշկի հետ ճշտելուց հետո կարող է դեղը բաց թողնել: Բաց թողնվող դեղի քանակի սխալների և (կամ) քանակի ուղղումների դեպքում դեղատոմսը դեղատան աշխատակցի կողմից ճանաչվում է անվավեր, և բժշկին տեղեկացվում է նոր դեղատոմս գրելու անհրաժեշտության մասին: Էլեկտրոնային դեղատոմսն անվավեր ճանաչելու դեպքում այն պահպանվում է համակարգում, և դրա անվավեր ճանաչելու ժամկետը և անվավեր ճանաչողի վերաբերյալ տվյալները պահպանվում են համակարգի իրադարձությունների մատյանում:
(53-րդ կետը խմբ. 29.02.24 N 287-Ն)
54. Թղթային դեղատոմսով դուրս գրված դեղը բաց թողնելիս դեղատոմսի դարձերեսին նշվում են բաց թողնված դեղի անվանումը, դեղաչափը, դեղաձևը, քանակը, բացթողման ամսաթիվը, բաց թողնողի անունը, ազգանունը և ստորագրվում է բաց թողնողի կողմից: Էլեկտրոնային դեղատոմսի դեպքում՝ համակարգում ամրագրվում են դուրս գրված դեղի քանակները։
(54-րդ կետը խմբ. 29.02.24 N 287-Ն)
55. Դեղատանը պատրաստվող դեղի բաղադրակազմում թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղեր և դեղանյութեր դուրս գրելու դեպքում արգելվում է դրա առանձին բաց թողնելը:
56. Դեղատանը պատրաստվող դեղի բաղադրակազմում, թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղերի, դեղագրության մեջ միանվագ բարձրագույն դեղաչափը գերազանցող քանակով դուրս գրելու դեպքում, դեղը պատրաստվում և բաց է թողնվում միանվագ բարձրագույն դեղաչափի կեսի հաշվարկով:
57. Դեղատանը պատրաստվող դեղի դեղագրության մեջ էթիլ սպիրտի կոնցենտրացիայի բացակայության դեպքում անհրաժեշտ է օգտագործել դրա 70 տոկոսանոց լուծույթը:
58. Այն դեպքում, երբ դեղի դուրս գրված քանակը չի համապատասխանում գործարանային փաթեթում առկա միավորների թվին, ապա հնարավոր է խախտել գործարանային փաթեթը՝ լրացնելու համար պակաս միավորները կամ դեղը ձեռք բերողի համաձայնությամբ տրամադրել ավելի քիչ միավորներ պարունակող փաթեթ՝ դեղատոմսի դարձերեսին նշելով բաց թողնված քանակը:
59. 58-րդ կետում նշված և գործարանային փաթեթը խախտելու անհրաժեշտության այլ դեպքերում դեղատան աշխատակիցը բաց թողնվող քանակը փաթեթավորում է նոր տարայում՝ հաշվի առնելով դեղի պահման առանձնահատկությունները (պոլիէթիլենային տոպրակ, կիսահերմետիկ փաթեթ, սրվակ և այլն) և պիտակավորում` նշելով դեղի առևտրային անվանումը, դեղաձևը, դեղաչափը, բաց թողնված քանակը, սերիան, պահպանման հատուկ պայմանը (առկայության դեպքում), դեղատան անվանումը, հասցեն, հեռախոսահամարը, պիտանիության ժամկետը (բոլոր դեղերի համար առավելագույնը 6 ամիս, իսկ ավելի պակաս մնացորդային պիտանիության ժամկետի դեպքում` փաստացի ժամկետը), բաց թողնելու ամսաթիվը: Պահանջի դեպքում նոր փաթեթն ապահովվում է ներդիր թերթիկով:
60. Թղթային դեղատոմսով դուրս գրված դեղը ոչ ամբողջական սպառողական փաթեթով բաց թողնելու կամ բազմակի բացթողման դեպքում մնացած քանակները կարող են շարունակաբար տրամադրվել նույն դեղատնից՝ դեղատոմսի դարձերեսին նշելով դեղի անվանումը, դեղաչափը, բաց թողնված քանակը, ամսաթիվը, բաց թողնողի ու ստացողի անունները և նրանց ստորագրությունները: Էլեկտրոնային դեղատոմսի դեպքում՝ դեղատոմսը մնում է ակտիվ դեղատան աշխատողի համար, քանի դեռ դեղատոմսում առկա ամբողջ քանակը չի տրամադրվել և տրամադրման մասին տեղեկատվությունը չի ամրագրվել համակարգում, կամ չի լրացել սույն կարգի 33-րդ կետով սահմանված դեղատոմսի ժամկետը։
(60-րդ կետը խմբ. 29.02.24 N 287-Ն)
61. Դեղատունը, առևտրային անվանումով դեղի վերաբերյալ բժշկի պատճառաբանված հիմնավորման բացակայության դեպքում, դեղ ձեռք բերող անձին պարտավոր է ներկայացնել դեղատանն առկա նույն բաղադրատարրը (բաղադրատարրերը) պարունակող, նույն դեղաչափով և դեղաձևով փոխադարձաբար փոխարինելի բոլոր դեղերի վերաբերյալ սպառիչ տեղեկատվություն, այդ թվում` գների մասին, առանց ուղղորդման:
62. Փոխհատուցվող դեղերի բացթողումն իրականացվում է օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված փոխհատուցման և հատկացման կարգով:
63. Դեղատանը պատրաստված դեղը ենթակա է բացթողման օրենքի 20-րդ հոդվածի համաձայն` նախարարության կողմից սահմանված պահանջներին համապատասխան փաթեթավորվելուց, պիտակավորվելուց և մակնշվելուց հետո:
64. Պացիենտի դեղատուն այցելության անհնարինության դեպքում դեղերը ստանում է օրենքով սահմանված կարգով պացիենտի կողմից լիազորված անձը կամ օրինական ներկայացուցիչը` անձը հաստատող փաստաթղթով: Այդ դեպքում դեղատոմսի դարձերեսին նշվում են դեղի առևտրային անվանումը, դեղաչափը, դեղաձևը, բաց թողնված քանակը, բացթողման ամսաթիվը, բաց թողնողի անունը, ազգանունը, ստորագրությունը և լիազորված անձի կամ օրինական ներկայացուցչի անունը, ազգանունը, ստորագրությունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները կամ ՀԾՀ-ն կամ ՀԾՀ-ից հրաժարվելու դեպքում՝ ՀԾՀ չստանալու մասին տեղեկանքի համարը։
(64-րդ կետը խմբ. 29.02.24 N 287-Ն)
65. Այն դեպքում, երբ դեղատոմսում նշված դեղը Հայաստանի Հանրապետությունում գրանցված չլինելու պատճառով բացակայում է դեղատանը, դեղատան աշխատակիցը Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի N 202-Ն որոշմամբ սահմանված կարգով նախարարությունից նախնական թույլտվություն ստանալու դեպքում մատակարարների հետ պարզում է ներմուծման հնարավորությունները: Դեղը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ներմուծվելուց հետո տրամադրվում է պացիենտին կամ նրա օրինական ներկայացուցչին: Նախարարության կողմից նախնական թույլտվության կամ մատակարարից ներմուծում իրականացնելու վերաբերյալ մերժում ստանալու դեպքում դեղատան աշխատակիցը տեղեկացնում է բժշկին՝ բուժման հետագա ընթացքը որոշելու համար:
66. Դեղը բաց թողնելիս անհրաժեշտ է տրամադրել բանավոր տեղեկություններ՝ օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված դեղատնային գործունեությանը ներկայացվող պահանջներին համապատասխան:
67. Ապահովագրական ընկերությունների պահանջի դեպքում բաց թողնված դեղի վերաբերյալ դեղատունը տրամադրում է անհրաժեշտ տեղեկություններ:
V. ԴԵՂԱՏՈՄՍԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԴԵՂԱՏԱՆԸ
68. Բոլոր թղթային դեղատոմսերը, այդ թվում` անվավեր ճանաչված, պահվում են դեղը բաց թողած դեղատանը՝ ըստ բացթողման ամսաթվերի, սույն կարգի 69-րդ կետով սահմանված ժամկետներում, դրանց պահպանվածությունը ապահովող պայմաններում: Էլեկտրոնային դեղատոմսերն ինքնաշխատ եղանակով պահպանվում են համակարգում՝ անժամկետ։
(68-րդ կետը լրաց. 29.02.24 N 287-Ն)
69. Դեղատոմսերի պահպանման ժամկետներն են՝
1) NN 1 և 2 դեղատոմսային ձևաթղթերի վրա գրված դեղատոմսերը՝ 10 տարի.
2) N 3 դեղատոմսային ձևաթղթերի վրա գրված դեղատոմսերը՝ 5 տարի.
3) N 4 դեղատոմսային ձևաթղթերի վրա գրված դեղատոմսերը՝ 180 օր:
70. Պահման ժամկետը հաշվարկվում է դեղը բաց թողնելու օրվանից:
71. Պահման ժամկետը լրանալուց հետո դեղատոմսերը ենթակա են ոչնչացման` այրման կամ սարքի միջոցով մանրացման ճանապարհով, որը ձևակերպվում է համապատասխան ակտով:
(հավելվածը խմբ., փոփ., լրաց. 29.02.24 N 287-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Ծ. Սողոմոնյան |
|
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2019 թվականիօգոստոսի 15-ի N 1080-Ն որոշման |
Դեղատոմսային ձև N 1 | ||||||
ԴԵՂԱՏՈՄՍ | ||||||
Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ անվանումը, լիցենզիայի համարը, գտնվելու (բնակության) վայրը, հեռախոսահամարը | ||||||
Պացիենտի անունը, ազգանունը, ծննդյան տարեթիվը կամ տարիքը, բնակության վայրը, անձնագրի կամ նույնականացման քարտի տվյալները | ||||||
Զեղչի չափը |
100% □ |
50% □ |
30% □ |
0% □ | ||
Նշանակվող դեղի անվանումը կամ բաղադրակազմը, դեղաչափը, դեղաձևը, քանակը, միանվագ կիրառման չափաբաժինը, պատրաստման ու բացթողման ցուցումներ, կիրառման եղանակը, ժամանակը, հաճախականությունը, տևողությունը (оրերով) | ||||||
Դեղատոմսը գրելու ամսաթիվը |
Դեղատոմսն ուժի մեջ է 10 օր | |||||
Բժշկի անունը, ազգանունը, հեռախոսահամարը |
Բժշկի ստորագրությունը |
Դեղատոմսը հատուկ հաշվառման փաստաթուղթ է և պահվում է դեղատանը 10 տարի:
Դեղատոմսային ձև N 2 | ||||||
ԴԵՂԱՏՈՄՍ Ա 000001 | ||||||
Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ անվանումը, լիցենզիայի համարը, գտնվելու (բնակության) վայրը, հեռախոսահամարը | ||||||
Պացիենտի անունը, ազգանունը, ծննդյան տարեթիվը կամ տարիքը, բնակության վայրը, անձնագրի կամ նույնականացման քարտի տվյալները | ||||||
Զեղչի չափը |
100% □ |
50% □ |
30% □ |
0% □ | ||
Նշանակվող դեղի անվանումը կամ բաղադրակազմը, դեղաչափը, դեղաձևը, քանակը, միանվագ կիրառման չափաբաժինը, պատրաստման ու բացթողման ցուցումներ, կիրառման եղանակը, ժամանակը, հաճախականությունը, տևողությունը (оրերով) | ||||||
Դեղատոմսը գրելու ամսաթիվը |
Դեղատոմսն ուժի մեջ է 10 օր | |||||
Բժշկի անունը, ազգանունը, հեռախոսահամարը |
Բժշկի ստորագրությունը |
Դեղատոմսը հատուկ հաշվառման փաստաթուղթ է և պահվում է դեղատանը 10 տարի:
Դեղատոմսային ձև N 3 | ||||||
ԴԵՂԱՏՈՄՍ | ||||||
Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ անվանումը, լիցենզիայի համարը, գտնվելու (բնակության) վայրը, հեռախոսահամարը | ||||||
Պացիենտի անունը, ազգանունը, ծննդյան տարեթիվը կամ տարիքը, բնակության վայրը | ||||||
Զեղչի չափը |
100% □ |
50% □ |
30% □ |
0% □ | ||
Նշանակվող դեղի անվանումը կամ բաղադրակազմը, դեղաչափը, դեղաձևը, քանակը, միանվագ կիրառման չափաբաժինը, պատրաստման ու բացթողման ցուցումներ, կիրառման եղանակը, ժամանակը, հաճախականությունը, տևողությունը (оրերով) | ||||||
Դեղատոմսը գրելու ամսաթիվը |
Դեղատոմսն ուժի մեջ է 30 օր | |||||
Բժշկի անունը, ազգանունը, հեռախոսահամարը |
Բժշկի ստորագրությունը |
Դեղատոմսը հատուկ հաշվառման փաստաթուղթ է և պահվում է դեղատանը 5 տարի:
Դեղատոմսային ձև N 4 | |||
ԴԵՂԱՏՈՄՍ | |||
Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ անվանումը, լիցենզիայի համարը, գտնվելու (բնակության) վայրը, հեռախոսահամարը | |||
Պացիենտի անունը, ազգանունը, ծննդյան տարեթիվը կամ տարիքը, բնակության վայրը | |||
Դեղի բացթողումների թիվը |
մեկ անգամ □ |
երկու անգամ □ |
երեք անգամ □ |
Նշանակվող դեղի անվանումը կամ բաղադրակազմը, դեղաչափը, դեղաձևը, քանակը, միանվագ կիրառման չափաբաժինը, պատրաստման ու բացթողման ցուցումներ, կիրառման եղանակը, ժամանակը, հաճախականությունը, տևողությունը (оրերով) | |||
Դեղատոմսը գրելու ամսաթիվը |
Դեղատոմսն ուժի մեջ է | ||
Բժշկի անունը, ազգանունը, հեռախոսահամարը |
Բժշկի ստորագրությունը |
Դեղատոմսը հատուկ հաշվառման փաստաթուղթ է և պահվում է դեղատանը 6 ամիս:
Հայաստանի Հանրապետության |
Ծ. Սողոմոնյան |
|
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2019 թվականիօգոստոսի 15-ի N 1080-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԴԵՂԵՐԻ ԵՎ ԴԵՂԱՆՅՈՒԹԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ
1. Թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղերի շարժը ենթարկվում է փաստաթղթային հաշվառման` քանակային արտահայտությամբ (կգ, գ, մլ, տուփ, հատ)՝ ըստ անվանումների:
2. Թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղերի հաշվառման համար դեղատանը վարվում է անվանաքանակական հաշվառման կարված, համարակալված և բժշկական հաստատության տնօրենի ստորագրությամբ հաստատված գիրք (այսուհետ` հաշվառման գիրք), որը պահպանվում է տասը տարի` դրանում վերջին գրառումը կատարելուց հետո:
3. Յուրաքանչյուր դեղի յուրաքանչյուր դեղաձևի, դեղաչափի, թողարկման ձևի և յուրաքանչյուր դեղանյութի համար հաշվառման գրքում առանձին էջ է հատկացվում: Հաշվառման գրքի էջը կազմված է հետևյալ մասերից` «ամսվա սկզբի մնացորդ», «մուտք», «ծախս», «ամսվա վերջի մնացորդ», «փաստացի մնացորդ»:
4. «Մուտք» մասում գրիչով նշվում է ստացված քանակը` ըստ առանձին հաշիվ-ապրանքագիր նշելով փաստաթղթի համարն ու ամսաթիվը:
5. «Ծախս» մասում գրիչով գրանցվում է ամեն օրվա վերջում` տվյալ օրվա ընթացքում փաստացի իրացված դեղերի և անհատական դեղատոմսերի համաձայն դեղերի պատրաստման համար ծախսված դեղանյութերի քանակները:
6. «Ամսվա վերջին մնացորդը» որոշվում է հաշվարկային եղանակով` ապրանքային հաշվեկշռի բանաձևով` Մվ=Մսկ+Մա-Ծա, որտեղ` Մվ-ն մնացորդն է ամսվա վերջում, Մսկ-ն մնացորդն է ամսվա սկզբում, Մա-ն մուտքն է ամսվա ընթացքում, Ծա-ն ծախսն է ամսվա ընթացքում:
7. «Փաստացի մնացորդը» տվյալ ամսվա համար որոշվում է դեղատանը փաստացի առկա մնացորդների հիման վրա և գրանցվում հաշվառման գրքում:
8. Յուրաքանչյուր ամսվա առաջին օրը դեղատան նյութական պատասխանատու անձը համեմատում է փաստացի մնացորդը դրանց ամսվա վերջին հաշվառման գրքի մնացորդի հետ: Հաշվեկշռում տարբերությունների տվյալների կամ հաշվեկշռի տեղեկություններն անցկացված գույքագրման արդյունքներին չհամապատասխանելու մասին տեղեկությունները հայտնաբերելուց հետո 3-օրյա ժամկետում տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին:
9. Սույն կարգի 8-րդ կետով սահմանված դեպքերի համար կազմվում է արձանագրություն, որը պահպանվում է դեղատանը` 10 տարի ժամկետով:
10. Փոխհատուցվող դեղերի հաշվառումն իրականացվում է օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:
Հայաստանի Հանրապետության |
Ծ. Սողոմոնյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
29.02.2024, N 287-Ն | 01.03.2024, N 1080-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|