Գլխավոր տեղեկություն
Համար
N 1985-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (01.03.2024-07.06.2024)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.11.29-2021.12.12 Պաշտոնական հրապարակման օրը 06.12.2021
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
02.12.2021
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.12.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.12.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 դեկտեմբերի 2021 թվականի N 1985-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 596-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 596-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը՝

1) որոշման 1-ին կետը 5-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 6-րդ ենթակետով.

«6) ճարտարապետահատակագծային առաջադրանքը, շինարարության թույլտվությունները, ճարտարապետաշինարարական նախագծերը, շինարարության ավարտի ակտերը և շահագործման թույլտվությունները տեղական ինքնակառավարման մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտե էլեկտրոնային եղանակով ներկայացման կարգը` համաձայն N 6 հավելվածի:».

2) որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով հաստատված N 3 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 1 հավելվածի.

3) որոշումը լրացնել նոր՝ N 6 հավելվածով՝ համաձայն N 2 հավելվածի:

2. Սահմանել, որ սույն որոշման N 1 հավելվածի 2-րդ կետի դրույթներն ուժի մեջ են մտնում՝

1) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Եղվարդ, Արմավիրի մարզի Էջմիածին, Արարատի մարզի Մասիս և Լոռու մարզի Վանաձոր համայնքներում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման N 1 հավելվածի V և VI գլուխներով սահմանված գործառույթների մասով 2022 թվականի հունվարի 1-ից.

1.1) Հայաստանի Հանրապետության Կոտայքի, Արմավիրի, Արարատի և Լոռու մարզերում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման N 1 հավելվածի V, VI, VII և VIII գլուխներով սահմանված գործառույթների մասով 2024 թվականի մայիսի 1-ից, բացառությամբ սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված դեպքերի.

2) Հայաստանի Հանրապետության մյուս համայնքներում՝ 2024 թվականի դեկտեմբերի 30-ից:

(2-րդ կետը լրաց. 29.02.24 N 273-Ն)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

     

06.12.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2021 թվականի

դեկտեմբերի 2-ի N 1985-Ն որոշման

 

«Հավելված N 3

ՀՀ կառավարության 2015 թվականի

մարտի 19-ի N 596-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

1. Քաղաքաշինական էլեկտրոնային թույլտվությունների տրամադրման համակարգը (այսուհետ` էլեկտրոնային համակարգ) գործում է քաղաքաշինական գործունեության իրականացման թույլտվությունների ստացման գործընթացը դյուրացնելու և փաստաթղթերի տրամադրման, ծանուցումերի և համաձայնեցումների ընթացակարգերը մասնակից մարմինների կողմից թվային եղանակով, կարճ ժամկետներում և համակարգված իրականացնելու նպատակով: Համակարգը հնարավորություն է տալիս իրականացնելու միաժամանակյա տեղեկացումներ, մի քանի մարմինների և կազմակերպությունների հետ առցանց փոխհամաձայնեցումներ, ինչպես նաև ապահովում է ամբողջ ընթացակարգի թափանցիկությունը և գործընթացների մշտադիտարկումը:

2. Էլեկտրոնային համակարգի ավտոմատացման միջոցառումներն իրականացվում են երեք հիմնական ուղղություններով՝

1) գործառույթների ներքին ավտոմատացում՝ ընթացակարգին մասնակից մարմինների և կազմակերպությունների կորպորատիվ ցանց.

2) քաղաքաշինական գործունեության իրականացման թույլտվությունների տրամադրման էլեկտրոնային մեկ պատուհանի գործառույթների իրականացում մեկ էլեկտրոնային միջավայրում (այսուհետ` ինստիտուցիոնալ ցանց), որտեղ գործում են ընթացակարգին մասնակից բոլոր այն մարմինները և կազմակերպությունները, որոնք Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման N 1 հավելվածի (այսուհետ՝ N 1 հավելված) պահանջների շրջանակում ունեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված անմիջական լիազորություն կամ գործառույթ համապատասխան վարչական վարույթի արդյունքում տրվող կամ ձևակերպվող էլեկտրոնային թույլտվության համար։ Կառուցապատողը նախագծման, շինարարության, շահագործման թույլտվություն ստանալու իրավասու մարմնին ուղղված իր հայտերը (դիմումները) ներկայացնում է բացառապես էլեկտրոնային համակարգի միջոցով՝ առցանց (օոliոe) անձամբ, կամ իրավասու մարմնի մեկ պատուհան ծառայության աշխատակցի միջոցով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման N 6 հավելվածի (այսուհետ՝ N 6 հավելված) 2-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերի պահանջներին համապատասխան.

3) արտաքին ցանցի միջոցով հայտատուներին առցանց ծառայությունների մատուցման ապահովում՝ օրենքով սահմանված տեղական տուրքերի և վճարների էլեկտրոնային վճարումներ կատարելու, կառուցապատողի կողմից մուտքագրվող տվյալները՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության, պետական ռեգիստրի գործակալության, Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի տվյալների շտեմարանների և այլ թվային շտեմարանների տվյալների հետ նույնականացնելու նպատակով:

3. Արտաքին փաստաթղթաշրջանառությունն իրականացվում է ինստիտուցիոնալ ցանցի միջոցով, որը համակարգվում է ինչպես նաև անխափան ու անվտանգ շահագործման սպասարկումն իրականացվում է քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմնի կողմից, իսկ ներքին փաստաթղթաշրջանառությունը՝ կորպորատիվ ցանցի միջոցով, որի անխափան ու անվտանգ շահագործման սպասարկումն իրականացվում է սույն կարգի 2-րդ կետի 2-րդ ենթակետում նշված յուրաքանչյուր մարմնի կամ կազմակերպության կողմից, որով կառուցապատողի կողմից ներկայացված ցանկացած հայտը (կամ դիմումը)՝ կից փաստաթղթերով, ուղարկվում է գործառույթի կատարման լիազորություն ունեցող իրավասու մարմնի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանմանը:

4. Էլեկտրոնային ընդունարանը (իրավասու մարմնի մեկ պատուհան ծառայության էլեկտրոնային համարժեքը) կառուցապատող-իրավասու մարմին շղթայի միջանկյալ օղակն է, որի գործառույթները ներառում են կառուցապատողից դիմումներ (կից փաստաթղթերով) ընդունելու (համակարգում գրանցման համար (N) տրամադրելու և անհրաժեշտ մասնագիտական խորհրդատվություն մատուցելու), իսկ գործընթացի ավարտից հետո` կառուցապատողին ծանուցելու և համապատասխան փաստաթղթերը նրան հանձնելու պարտականություններով:

5. Էլեկտրոնային համակարգի միջոցով քաղաքաշինական գործունեության իրականացման թույլտվությունների (այդ թվում` նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային, տեխնիկական պայմաններ և ելակետային տվյալներ), կառուցապատման սխեմա, էսքիզային նախագծի, ճարտարապետաշինարարական նախագծի համաձայնեցում, շինարարության կամ քանդման թույլտվություն, ավարտական ակտ կամ շահագործման թույլտվություն) տրամադրման ընթացակարգերն իրականացվում են N 1 հավելվածով սահմանված հաջորդականությամբ, պայմաններով և ժամկետներում:

6. Էլեկտրոնային համակարգի միջոցով քաղաքաշինական գործունեության իրականացման թույլտվություններ ստանալու համար կառուցապատողն իրավասու մարմնի էլեկտրոնային ընդունարանում կարող է գրանցվել սույն կարգի 5-րդ կետում նշված գործառույթների իրականացման առաջին կամ յուրաքանչյուր հաջորդական փուլում, ընդ որում, գրանցման համարը՝ կառուցապատողի համար իր կողմից ներկայացված հայտի (դիմումի) հետագա շարժի մասին, հավաստի տեղեկություններ ստանալու միջոց է` ապահովելով գործընթացի թափանցիկությունը դրա իրականացման ամբողջ ընթացքում:

7. Էլեկտրոնային համակարգի միջոցով քաղաքաշինական գործունեության իրականացման համապատասխան թույլտվություն (նախագծման թույլտվություն՝ ճարտարապետահատակագծային և տեխնիկական պայմաններ, կառուցապատման սխեմա, էսքիզային նախագծի, ճարտարապետաշինարարական նախագծի համաձայնեցում, շինարարության կամ քանդման թույլտվություն, ավարտական ակտ կամ շահագործման թույլտվություն) ստանալու համար կառուցապատողը գրանցվում է էլեկտրոնային համակարգ միասնական համակարգի էլեկտրոնային ընդունարանի վեբ կայքում՝ նշելով իր էլեկտրոնային հասցեն ու հեռախոսահամարը, ստեղծում է հաշիվ (account) համակարգում և լրացնում է ու իր էլեկտրոնային ստորագրությամբ վավերացնում է N 1 հավելվածով սահմանված համապատասխան էլեկտրոնային հայտը (դիմումը): Իրավասու մարմնի մեկ պատուհանի աշխատակցի միջոցով հայտ ներկայացնելու դեպքում տվյալներն էլեկտրոնային համակարգ են մուտքագրվում աշխատակցի կողմից՝ միաժամանակ ստեղծելով կառուցապատողի համար նոր օգտատիրոջ հաշիվ։ Նորաստեղծ հաշվի տվյալները (օգտատիրոջ անունը և գաղտնաբառը) ուղարկվում են դիմումատուի հայտում նշված էլեկտրոնային հասցեին։ Օգտագործելով իր հաշիվը՝ կառուցապատողը հնարավորություն է ստանում հետևելու իր դիմումի համապատասխան գործառույթի ընթացքին։ Հայտին կից պահանջվող փաստաթղթերն էլեկտրոնային համակարգի կարգավորումների շնորհիվ ավտոմատ եղանակով նույնականացվում են համապատասխան մարմինների տվյալների շտեմարանների միջոցով կամ դրա անհնարինության դեպքում՝ կառուցապատողի կողմից կցվում են փաստաթղթերի տեսաներածված պատճենները՝ N 6 հավելվածի 2-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերի պահանջներին համապատասխան ձևաչափով:

8. Իրավասու մարմնի կողմից մատակարար կազմակերպություններին, պետական լիազոր և այլ մարմիններին՝ N 1 հավելվածով սահմանված դեպքերում ու ժամկետներում ներկայացվող հարցումները, վերջիններիս հետ հետադարձ կապը, ինչպես նաև կառուցապատողներին իրավասու մարմնի ղեկավարի էլեկտրոնային ստորագրությամբ համապատասխան թույլտվությունների տրամադրումն ապահովվում է էլեկտրոնային հաղորդակցության ինստիտուցիոնալ ցանցի միջոցով:

9. Էլեկտրոնային համակարգի միջոցով՝ կառուցապատողներին իրավասու մարմնի ղեկավարի էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված համապատասխան թույլտվությունների (կամ թույլտվության տրամադրումը մերժելու մասին գրությունների) տրամադրման պահին, էլեկտրոնային համակարգի ավտոմատ կարգավորումների միջոցով կառուցապատողին ծանուցում է ուղարկվում նաև հայտում նշված էլեկտրոնային հասցեով, ընդ որում, հայտը (դիմումը) կարող է մերժվել միայն N 1 հավելվածով սահմանված հիմքերով:

10. Այն դեպքերում, երբ էլեկտրոնային համակարգ մուտքագրված փաստաթղթերի տվյալների ինքնաշխատ եղանակով նույնականացումը հնարավոր չէ իրականացնել առկա տվյալների շտեմարանների հիման վրա, N 1 հավելվածով սահմանված պահանջներով և սույն կարգով նախատեսված ընթացակարգով հարուցված ցանկացած վարչական վարույթի շրջանակում իրավասու մարմինը, ըստ անհրաժեշտության, կարող է էլեկտրոնային ծանուցմամբ առաջարկել կառուցապատողին, վերջինիս հայեցողությամբ, իրավասու մարմնին ներկայացնել նաև N 1 հավելվածով սահմանված կարգերի շրջանակներում նախատեսված հայտին (դիմումին) կցվող որոշ փաստաթղթերի (մասնավորապես, մասնագիտական եզրակացություններ, տեղական տուրքի կամ վճարի մուծումը հավաստող անդորրագրեր) բնօրինակները:

11. Կառուցապատողը կեղծ տվյալներ ներկայացնելու դեպքում կրում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:»:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

06.12.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2021 թվականի

դեկտեմբերի 2-ի N 1985-Ն որոշման

 

«Հավելված N 6

ՀՀ կառավարության 2015 թվականի

մարտի 19-ի N 596-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱՀԱՏԱԿԱԳԾԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔԸ, ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԵՐԸ, ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏԻ ԱԿՏԵՐԸ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱԴԱՍՏՐԻ ԿՈՄԻՏԵ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ

 

1. N 1 հավելվածով նախատեսված քաղաքաշինական գործունեության իրականացման թույլտվությունները տեղական ինքնակառավարման մարմինը Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտե է ներկայացնում բացառապես էլեկտրոնային եղանակով՝ էլեկտրոնային համակարգի ինստիտուցիոնալ ցանցի միջոցով։

2․ Էլեկտրոնային եղանակով ներկայացվող փաստաթղթերը ներկայացվում են դրանց բնօրինակների տեսաներածված պատճեններն էլեկտրոնային համակարգ վերբեռնելու միջոցով, ընդ որում`

1) փաստաթղթերի տեսաներածված պատճեններն պետք է ներկայացվեն PDF ֆորմատի ֆայլերով.

2) փաստաթղթերի բնօրինակները պետք է տեսաներածված լինեն գունավոր` առնվազն 300 ՀՏՎ (DPI) խտությամբ, այնպես, որպեսզի փաստաթղթի տեսաներածված պատճենի ֆայլը պարունակի բնօրինակ փաստաթուղթն ամբողջությամբ:»:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

06.12.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 դեկտեմբերի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
06.06.2024, N 837-Ն 07.06.2024, N 1985-Ն
29.02.2024, N 273-Ն 01.03.2024, N 1985-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան